Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Դանիել Վարուժանի կյանքը

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0

    Դանիել Վարուժանի կյանքը

    Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը:
    Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում:
    Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում: Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը: Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ: Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝
    «Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
    Մութ զընդանիդ մեջ այցի,
    Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
    Մեջտեղը բանտի և մահճի:»
    Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը:
    Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում: Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին: «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը:
    1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը: Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով: Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով:
    Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով:
    1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը: Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ: Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճիում, (Ghent University Library) Rozier 9, B-9000 Ghent: Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևեալ խոսքերը`
    «ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
    երբոր երազը կ՛ապրի,
    երբոր երազն անմահ է:»
    Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով:
    Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր: Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով:
    Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում: Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին: Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»: Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ:
    1915 թվականն էր: Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը: Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։
    1914-ին հինգ հիմնադիրներէն է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարեանի, Յակոբ Քիւֆէճեանի (Օշական), Գեղամ Բարսեղեանի և Ահարոն Տատուրեանի հետ։ Մինչև Յուլիս լոյս տեսած թերթի գրական և մշակութեան մտածողութեան գլխաւոր մղիչ ուժն է՝ Կոստան Զարեանի հետ, մինչև իր բաժանումը։ Խմբագրած է նաև «Նաւասարդ» գրական պարբերականը։
    Բայց վրա հասավ արյունալի աղետը: Արտերը ներկվում էին արյունով: Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը: Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։((

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A N U S H I K (20.11.2013), Արեգ (01.12.2012), Հակինթ (03.12.2012)

  3. #2
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Գուցե շարունակես այս թեման, ներկայացնես քո մտորումները ցեղի սիրտը կրող, ցեղի սրտում տրոփող պայծառ ու արդարամիտ այս հանճարի մասին: Վարուժանի ազնիվ քնարը ոգեշնչող է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •