+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Եկեղեցական տոներ

  1. #1
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034

    Ուշադրություն Եկեղեցական տոներ

    Հարգելի՚ գործընկերներ , սիրով Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Եկեղեցական տոներ» թեման և նրա ուսուցումը հիմնական դպրոցում։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034
    Զատիկ

    Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

    «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց (տե՜ս Ելք ԼԲ 19-20), փորձության ջրից (տե՜ս Ելք ԺԷ 6-7), օձերի խայթոցներից (տե՜ս Թվեր ԻԱ 6), Կորխի ապստամբությունից (տե՜ս Թվեր ԺԶ 33-35), և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը (տե՜ս Հեսու Ե 2) և մանանայի պակասելը (տե՜ս Հեսու Ե 12), քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների (տե՜ս Բ Օրենք ԺԶ 3):

    Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

    Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

    Հարություն

    Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:

    Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:

    Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը: Այսօր Հարսին՝ Եկեղեցուն, որ նստել էր սգի մեջ, լուսեղենների լուսազգեստ հույլերը ավետիս են տալիս, որ նրա Փեսան հարություն է առել և գալիս է Եկեղեցուն Իր փառքին պսակելու:

    Այսօր զվարթունների դասերը խնդությամբ երևում են տրտմազգեստներին՝ առաքելով նրանց քարոզելու աշխարհին, որ հարություն առավ միշտ Կենդանի Եղողը, ըստ Իր անսուտ խոսքի:

    Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Քանզի այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց: Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը, իսկ այս միաշաբաթին հալածվեց անգիտության աղջամուղջը, որ ծավալվել էր երկրի վրա, և ամենուր սփռվեց ճշմարիտ աստվածգիտության լույսը: Քանզի Ճշմարիտ լույսը ծագեց խավար գերեզմանում և լուսավորեց խավարում նստածներիս:

    Եթե ուրբաթ օրը միջօրեն նսեմացավ և զգալի խավարն ամենուր սփռվեց, ապա այսօր՝ գիշերամիջին, Արդարության Արեգակը գերեզմանից ծագելով՝ անգիտության խավարը հալածեց և աստվածգիտության ճառագայթներն ամենուր ծավալեց:

    Անցյալ օրը Հարսը, տխրելով իր Փեսայի մահվան պատճառով, նստել էր անմխիթար, և նրան սգակից էին բոլոր արարածները. լուսատուները՝ խավարումով, երկիրը՝ շարժվելով, վեմերը՝ պատռվելով, վարագույրը՝ կիսվելով, օդը՝ խավարելով: Իսկ այսօր Հարսը զարդարված պայծառ վայելչությամբ՝ զվարճալի դեմքով դիմավորում է գերեզմանից ելնող Փեսային, Նրա հետ ուրախությամբ նստելով հարսանեկան առագաստում՝ օրիորդներով հանդերձ, ինչպես հարսնության օրը (տե՜ս Երգ Ա 1-3): Եվ բոլոր նրանք, ովքեր կցորդ եղան տխրությանը, այսօր հաղորդվում են ուրախությանն ու ցնծում: Քանզի այժմ երկինքն ավելի պայծառ է, արեգակը՝ ավելի բարձր, օդը՝ ավելի մաքուր, հրեշտակներն ու կանայք՝ ավետաբեր, գերեզմանները բացված են, մեռելները՝ հարություն առած, իսկ առաքյալները՝ լցված հանդիպման անասանելի խնդությամբ, և գրեթե բոլորը՝ երկրավորներն ու երկնավորները, բանականներն ու անբանները, իմանալիներն ու զգալիները, զվարճանում են և ուրախության տոն են տոնում, ինչին և մենք ենք հանդիսակից՝ վայելելով անճառելի շնորհները: Եվ փառքերի Տերը՝ անժամանակն Աստված, մահը ոտնատակ տալով, դժոխքն ավերելով և նախաստեղծներին էլ ավելի հրաշափառ լույսերով զարդարելով՝ կատարեց աշխարհակեցուցիչ տնօրինության խորհուրդը, ինչի համար առաքվել էր Հոր ծոցից:

    Հանդիպում Հարուցյալ Տիրոջ հետ

    Աշակերտները գնում են Գալիլիա, դեպի այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Գալիլիա ասելով պետք է հասկանալ ոչ թե այն գավառը, որը հեռու էր Երուսաղեմից երկու-երեք օրվա ճանապարհով, այլ՝ Ձիթենյաց լեռան վրա գտնվող այն վայրը, որտեղից Տերը երկինք համբարձվեց: Իսկ «ժամադրվել» ասելով այն է հայտնում, ինչ հինգշաբթի երեկոյան Տերն ասաց աշակերտներին. «Բայց Իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ» (Մարկ. ԺԴ 28): Այդ մասին նաև հրեշտակները յուղաբերների միջոցով հայտնեցին առաքյալներին, որպեսզի այնտեղ գնան և տեսնեն Տիրոջը: Աշակերտների հանդիպումը Տիրոջ հետ եղավ նույն կիրակի օրը՝ երեկոյան, երբ Տերը հարություն առավ:

    Նույն օրը աշակերտներից երկուսը գնացին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր (տե՜ս Ղուկ. ԻԴ 13), և ճանապարհին նրանց հանդիպեց Հիսուս ու շատ բան պատմեց նրանց Իր չարչարանքների մասին: Եվ երբ սեղան նստեցին, Տերը վերցրեց հացը, օրհնեց, բեկանեց և տվեց նրանց, և նրանք կարծես քնից արթնանալով՝ ճանաչեցին Նրան, իսկ Նա աներևութացավ: Եվ նրանք անմիջապես վերադարձան Երուսաղեմ և տասնմեկ աշակերտներին գտան «Գալիլիայում»: Նրանք եկան պատմելու տասնմեկին, որ Տերը հարություն է առել, և իրենք տեսել են Նրան, և Նա շատ բաներ է խոսել իրենց հետ, և հացը բեկանելու ժամանակ ճանաչել են Տիրոջը: Իսկ աշակերտները հաստատեցին, որ Տերը ճշմարտապես հարություն է առել և երևացել Պետրոսին:

    Հարց. -Իսկ երբ և որտե՞ղ է Տերը երևաց Պետրոսին:

    Պատասխան. -Երբ Պետրոսն ու Հովհաննեսը վերադառնում էին գերեզմանից: Ինչպես գերեզման գնալիս Հովհաննեսն առաջ էր անցնել Պետրոսից, այդպես էլ վերադարձի ճանապարհին եղավ: Եվ Տերը ճանապարհին երևալով Պետրոսին, սիրով ողջույն տվեց նրան, որպեսզի վերացնի այն տրտմությունը, որը նրան պատել էր ուրացության պատճառով:

    Քրիստոսի Հարության մասին

    Մարմնավոր հարությունը երկու կերպ է լինում՝ անկատար և կատարյալ: Անկատար է, երբ հարությունից հետո դարձյալ մահանում են, ինչպես այն վեց հոգին, ովքեր հարություն առան մինչև Քրիստոսի հարությունը: Եղիան մի հոգու հարություն տվեց, Եղիսեեն երկու հոգու, և երեք հոգու էլ Քրիստոս հարություն տվեց, բայց դրանք բոլորն էլ մահացան:

    Իսկ եթե մեկը մի անգամ հարություն առնի և այլևս չմահանա, ապա դա կատարյալ հարություն է: Այդպիսին է Քրիստոսի հարությունը, և այդպիսին է լինելու համընդհանուր հարությունը: Հարությունն այն է, երբ մեկը մահանում է մարմնով և ապա վերստին անմահություն է ստանում հավիտենական կյանքում:

    Քրիստոսի հարությունը հաստատվում է վկայություններով:

    Նախ մարգարեներն են վկայում. «Երկրի վրա վերջ տվին Նրա կյանքին. Տերը կամենում է մաքրել Նրան վերքերից, ցույց տալ Նրան լույս» (Եսայի ԾԳ 9-11), սա հարության մասին է ասում: Նաև Դավիթն է ասում. «Մարմինն Իմ կհանգստանա հույսով. քանզի դժոխքում չես թողնի Դու Ինձ, և Քո Սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմ. ԺԵ 9-10):

    Երկրորդ՝ օրինակներով է հաստատվում. ինչպես Հովնանը կետի փորում երեք օր ու գիշեր մնաց և դուրս եկավ, այդպես էլ Քրիստոս մեռավ և երեք օր հետո հարություն առավ: Դարձյալ՝ Մովսեսը տեսավ, որ մորենին այրվում է և չի սպառվում, և դա խորհրդանշում է Քրիստոսի Մարմինը, որը մեռած էր գերեզմանում, սակայն կենդանի էր, ինչը ցույց տվեցին Նրա կողից բխած երկու վտակները՝ ջուրը և արյունը:

    Երրորդ՝ Տերն Ինքը վկայեց Իր մասին ասելով. «Պետք է, որ Ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետերից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մատթ. ԺԶ 21):

    Չորրորդ՝ հաստատվում է հրեշտակների խոսքերով, երբ նրանք յուղաբեր կանանց ասացին. «Դուք Հիսուսին ե՞ք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. Նա հարություն առավ, այստեղ չէ» (Մարկ. ԺԶ 6):

    Հինգերորդ՝ հաստատվում է կանանց վկայությամբ, ովքեր միաբան հարության լուրը տվեցին առաքյալներին:

    Վեցերորդ՝ հաստատվում է գերեզմանը պահպանող զինվորների վկայությամբ: Քահանաները զինվորներին արծաթ տալով՝ իրենք էլ հաստատեցին հարությունը:

    Յոթերորդ՝ հաստատվում է այն սուրբ մեռելների կողմից, ովքեր Քրիստոսի հետ հարություն առան գերեզմաններից և մտան սուրբ քաղաքը (տե՜ս Մատթ. ԻԷ 52-53):

    Ութերորդ՝ հաստատվում է կնքված գերեզմանով և պատանքներով:

    Իններորդ՝ հաստատվում է ականատեսների վկայությամբ, ովքեր տեսան հարուցյալ Քրիստոսին մարմնավոր աչքերով:

    Տերը հարության օրը հինգ անգամ երևաց յուրայիններին: Նախ երևաց կանանց, երբ նրանք վերադառնում էին գերեզմանից: Երկրորդ՝ Մարիամ Մագդաղենացուն: Տերը նախ կանանց երևաց, քանի որ մահաբեր գույժը կնոջ ձեռքով մտավ բնության մեջ, դրա համար էլ պետք էր, որ մարդկանց կյանքի փրկության ավետիսը նրանցով լիներ: Երրորդ՝ երևաց Պետրոսին, ինչպես Ղուկասն է պատմում: Եվ այս եղավ երկու պատճառով, մեկը՝ որպեսզի Պետրոսը չհուսահատվի ուրացության պատճառով, և երկրորդ՝ հայտնելու համար Աստվածային ողորմությունը մեղավորներին: Չորրորդ՝ երևաց երկու աշակերտներին, ովքեր գնում էին Էմմավուս, ինչպես պատմում է Ղուկասը (տե՜ս Ղուկ. ԻԴ 13): Հինգերորդ՝ նույն երեկոյան փակ դռներով անցնելով՝ երևաց բոլոր աշակերտներին, բացի Թովմասից, և դա կատարվեց կամ «Գալիլիայում»՝ իրենց հավաքատեղիում, կամ Վերնատանը:

    Տասներորդ՝ հաստատում է հենց Ինքը՝ Քրիստոս, քանի որ հարությունից հետո Նա կերավ ու խմեց աշակերտների հետ, խոսեց նրանց հետ, առաքեց նրանց մկրտելու, օրհնեց նրանց ու նրանց առջև երկինք համբարձվեց:

    Հարց. -Ո՞ր ժամին հարություն առավ Քրիստոս:
    Պատասխան. -Քրիստոս հարություն առավ կիրակի օրը գիշերամիջին, որը հաստատվում է բազում վկայություններով: Նախ Մատթեոսն է ասում. «Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր» (տե՜ս Մատթ. ԻԸ 1), այսինքն՝ գիշերվա սկզբի ու վախճանի միջնամասում:

    Երկրորդ՝ Դավիթը Տիրոջ անունից ասում է. «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ» (Սաղմ. ՃԺԸ 62):

    Երրորդ՝ Տերը գիշերամիջին ծնվեց կուսական արգանդից և նույն ժամին էլ հարություն առավ կույս գերեզմանից:

    Չորրորդ՝ Տերը գիշերամիջին ձերբակալվեց ու կապվեց և նույն ժամին էլ արձակվեց մահվան կապանքներից ու հարություն առավ:

    Հինգերորդ՝ Քրիստոսի հարությունը պատճառն է մեր հարության:

    Քրիստոսի հարությունից հետո օրվա սկիզբը համարվեց կեսգիշերը, քանի որ հարությունից հետո խավարից դեպի լույս ենք գնում:

    Հարց. -Քանի՞ ժամ մեռած մնաց Քրիստոս:

    Պատասխան. -Վարդապետներն ասում են, որ Տերը երեսուներեք ու կես ժամ մնաց դժոխքում: Քանի որ ուրբաթ օրն իններորդ ժամին մեռավ և հոգով իջավ դժոխք, իսկ երեկոյան՝ արևամուտին, Մարմինն իջավ գերեզման: Արդ՝ շաբաթ գիշերը ցերեկվա հետ լինում է քսանչորս ժամ, վեց ժամ էլ կիրակի օրը՝ մինչև գիշերվա կեսը, ստացվում է երեսուն ժամ, և երեք ու կես ժամ էլ ուրբաթ օրը՝ ստացվում է երեսուներեք ու կես: Այսինքն՝ երեսուներեք ու կես տարի Տերը Մարմնով քարոզեց մարմնավորներին և նույնքան ժամ էլ հոգով քարոզեց հոգիներին:

    Իսկ Մարմինը երեսուն ժամ մնաց գերեզմանում: Քանի որ ինչպես երեսուն տարեկանում մկրտվեց և դուրս ելավ ջրից, նույնպես և Մարմինը՝ թաղումից երեսուն ժամ հետո հարություն առավ և դուրս ելավ գերեզմանից: Եվ ինչպես Ադամը երեսուն տարեկան ստեղծվեց, այդպես էլ մենք համընդհանուր հարության ժամանակ երեսնամյա ենք հարություն առնելու:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    12244
    Մեջբերում Աննա Սողոմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՚ գործընկերներ , սիրով Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Եկեղեցական տոներ» թեման և նրա ուսուցումը հիմնական դպրոցում։
    Խաչվերաց
    Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։

    Խորհուրդը

    Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
    Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։


    Խաչի գերեվարումը

    614 թ. Պարսկաստանի Խոսրով Բ Ափարվեզ պարսից արքա 591 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։ Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա։ Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։

    Խաչի վերադարձը Երուսաղեմ

    628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը։ Որպես պատմական վկայություն՝ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։

    Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով։ Թափորն անցնում է Կարին(Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին։ Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    12244
    Հունվարի 13-ին Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է

    Anvanakochutyun-880x660.jpg

    Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չեր հղացվել մոր որովայնում: (Ղուկ.2-21)

    Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:
    Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս: Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ Նոր Կտակարանում մկրտությանխորհուրդն ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքրիկ հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին, եւ անվանակոչենք անարատ անուններով:

    Մարդու անունը մեծ դեր է ունենում նրա ողջ կյանքի ընթացքում: Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենը արտացոլված էր, սակայն Տիրոջ Անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը: Եւ այսօր էլ ժամանակն է, որպեսզի մենք էլ, հետեւելով Աստվածաշնչյան ավանդույթներին,՝ սուրբերի աստվածադիր անունների, մեր Փրկչի անվանակոչության եւ Տիրոջ կողմից առաքյալներին նոր անուններով օժտելու փաստին, մեր զավակների անունները դնենք հենց այդ խորհրդով: Անունը մեծ ազդեցություն է ունենում մարդու ողջ կյանքի վրա: Նախակոմունիստական շրջանում մեր պապերը հենց այդպես էլ վարվում էին, սակայն կտրվեց այս սուրբ խորհրդի իսկությունը: Եթե մենք մեր զավակներին կոչենք սուրբերի անուններով, նրանք մշտապես բարեխոս կլինեն նրանց համար, եւ մեր հույսը չի կտրվի: Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ունենում է իր էությունը, իր մատնահետքերը, իր կյանքը եւ վերջապես՝ իր հոգեբանական կառուցվածքն ու անհատականությունը: Այս ամենից երեւում է, որ յուրաքանչյուր ծնունդ խորքում աստվածային ուղղակի միջնորդության արդյունք է: Տիրոջ անվանակոչությունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, նամանավանդ նրանց համար, ովքեր հավատարիմ են Աստծո խոսքին: Մաղթում ենք, որ այս սուրբ տոնի առթիվ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ձեզ իմաստության ու հավատքի հոգով պարուրի, որպեսզի հստակորեն զգաք Նրա ներգործող Աջի զորությունը եւ հաստատուն նվիրումով առաջնորդվեք դեպի հավիտենական կյանքի հանգրվանները:
    Ամեն

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2018
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    53
    Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման հաջորդող առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը(35օր) ժամանակահատվածի վրա:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,075
    Հեղինակության աստիճան
    26693
    Այս թեմային համահունչ հարմար գտա իմ նախորդ օրերի այս հրապարակումը տեղադրել, որ գրել էի Սուրբ Զատիկի օրվան նվիրված:

    Ս. Հարության տոնին միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
    Այդ սուրբ տոնին ցորեն ենք աճեցնում, որը խորհրդանշում է գարնանամուտը, նաև ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես`մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Ս. Հարության տոնին նաև ձու ենք ներկում: Ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

    Բոլորս էլ գիտենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, կանայք գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Հիսուսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:

    Ամեն տարի հավուր պատշաճի նախապատրաստվում և լիարժեք նշում ենք այս տոնը, որը շարժական է: Կարծես սա այն է, որ երբևէ տարբերություն չի դրվել, թե որքանով է տվյալ մարդը հավատում Աստծուն, այնպես, ինչպես «Աստված իմ» արտահայտությունն է, որ կարող է հնչել ուրախության թե տխրության ցանկացած պահի, կարող է ասել Աստծուն հավատացող կամ գուցե և չհավատացող որևէ մեկը: Պատահում է` թերանում ենք հոգևոր կյանքում, լինում են նաև Աստվածաշնչից շատ քիչ բան իմացող մարդիկ, բայց հաստատուն իրենց հավատքի մեջ, և բոլորս էլ նշում ենք այս տոնը:

    Տարիներ առաջ ինձ էլ շատերի նման թվում էր, թե առերես պետք է հանդիպեմ Աստծուն, բայց օրեօր համոզվում և փորձում եմ հոգուս մեջ փնտրել նրան ու տեսնում եմ, որ Աստված ամենուր է` մեր ներսում, մեր հոգու անհունության մեջ, նա մեր մտքի սլացքի հետ է, մեր թևերի ազատ ճախրանքում, մեր սրտի տրոփյունի հետ, ամե~ն -ամենուր...Եվ զգում եմ, որ նա մեր միակ ճշմարիտ ճանապարհն է, մեր իսկական անցած ու անցնելիք կյանքը:

    Զատկի տոնին միմյանց ողջունենք «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանենք՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» օրհնաբանությամբ:

    http://www.usarmenianews.com/am-n-8652.html

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Զատկական սեղանի զարդն է համարվում նաև տոնիկը ` հացը, որի մեջ դրվում են հուշադրամներ, ի սրտե ուրախանում են նրանք, ում բաժին են ընկնում մետաղադրամները, բրնձով, չամչով փլավը, ձուկը: Նախկինում Զատկի ՏՈՆԻՆ մատաղ են արել ու բաժանել աղքատներին :
    Պատրաստվում եմ միջոցառման ` նվիրված Հարության տոնին: Միջոցառումը մեր դպրոցում դարձել է գեղեցիկ ավանդույթ, աշակերտներս անհամբերությամբ են սպասում , որովհետև այն և' բովանդակությամբ, և' ձևով տարբերվում է իրենց մյուս միջոցառումներից նրանով, որ նախ ` զատկական ուտեստներով սեղաններ են լինելու/ 7 սեղան, որոնք խորհրդանշում են Մեծ պահքի 7 կիրակիները/, անպայման ուղեկցվելու է խաղերով:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    6122
    Մեջբերում Աննա Սողոմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՚ գործընկերներ , սիրով Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Եկեղեցական տոներ» թեման և նրա ուսուցումը հիմնական դպրոցում։
    Սուրբ Աստվսծածնի ավետման տոն « Ուրախացիր, ով շնորհակալ, Տերը քեզ հետ է:Եւ ահա կհղանաս` և որդի կծնես. և նրա անունը Հիսուս կդնես:Նա մեծ կլինի, և Բարձրյալի Որդի կկոչվի...»( Ղուկ. 1:31-32): Շնորհավոր, հայ ՄԱՅՐԵՐ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,075
    Հեղինակության աստիճան
    26693
    Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության և գեղեցկության տոն օր է, այլև որպես Ավետման տոն, որը մի քանի խորհուրդներ ունի: Այդ տոնական օրը մեզ նաև հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկված են մայրական խնամքից և մեծանում են` փայփայելով ընտանիք ունենալու միակ երազանքը:

    Հիշվում են այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհ գալուց` կախված իրենց ծնողների նախընտրություններից: Այդ տոն օրն առանձնահատուկ մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան մայրերի մասին, ովքեր լռությամբ կրում են կյանքի դժվարությունները, նույնիսկ ենթարկվում բռնությունների: Հիշվում են նաև բոլոր նրանք, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին:

    Ավետման օրվա խորհրդով ցանկանանք բոլոր երեխաներին հանգիստ և ապահով կյանք իրենց մայրիկների գրկում և ձգտենք Աստվածամոր նման մեր մեջ կրել ամենայն աստվածայինը` բարություն, ազնվություն, սեր, անսահման զորություն և առաքինի ամեն-ամեն ինչ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •