Խամասը ուսուցչուհի էր: Չնչին աշխատավարձով աշխատում էր
աղջիկների վարժարանում, սակայն իրականում երդվյալ հեղափոխական գործիչ էր: Հանդուգն էր և կորովի, անվրդով և վճռական, նվիրված էր հեղափոխական գաղտնի ձեռնարկներին: Հայ ժողովրդի ազատագրումը նրա համար սուրբ նպատակ էր, որի համար պատրաստ էր
նույնիսկ զոհել իր կյանքը:
Հեղափոխական գործիչ Վարդգեսի բանտարկությունից հետո
Կոմսը նշանակվել էր նրան փոխարինող Վանում, և Խամասը դարձել
էր նրա աջ ձեռքը: Կոմսի հրամանով կազմվել էր կանանց և օրիորդների մի խումբ, որը պիտի օգներ ֆիդայիներին՝ գաղտնի աշխատանքների և զենքեր փոխադրելու հարցում: Արդարամիտ և սուր հոտառություն ունեցող Խամասը հատ-հատ ընտրել էր իր ընկերուհիներին և
նրանց համար դարձել սիրված և հարգված խմբապետուհի: Որպես ղեկավար՝ ուներ մի կարևոր հատկություն շրջապատին խանդավառելու
և գործի դնելու առումով: Կարճ ժամանակ անց Խամասի խումբը դարձել էր նշանավոր՝ իր կատարած հետախուզական, սուրհանդակային և
խնամատարական աշխատանքների շնորհիվ: