Էջ 2 21-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

  1. #11
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    Հնարավոր չէ ջնջել այն հիշողությունը, որ պատերազմի հետքեր ունի՝ ծանր կորուստների, ավերածությունների, բռնագաղթի տեսքով, ու հաղթանակներ՝ ազատամարտի նվիրյալների մարտական ուղու հավերժացմամբ, ամահության հերոսական դրվագներով...

    Մեկ տարվա գերությունից հետո ազատագրվեց Մարտակերտը, վերադարձանք մեր օջախը, որ ապրեցնենք այս փոքրիկ քաղաքը, որ արտաքուստ քաղաքի նման չէ, բայց հոգի կա այստեղ, սեր անմնացորդ, նվիրում, արյան հետքեր կան, հող կա սրբացված, հին ավերակներ՝ անցած պատերազմական օրերի դրոշմով:

    Ակնածանքով ենք այցելում հուշահամալիր, այնտեղ անբաժան ցավի ու տառապանքի հիշողություններ կան, ծաղիկների խոնարհում, զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք, պատերազմի փորձություններ տեսած և կենդանի լեգենդներ դարձած ազատամարտիկների անցած ճանապարհի արթնացում ու պատկառանք:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

    216.jpg217.jpg215.jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 22.03.2019, 22:58:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    ՄԻ՛ ԹՈՂԵՔ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ՄԻ ԿՏՈՐ ԱՐԵՎ ՈՒՆԵՔ

    Թվում է՝ ոչինչ չի եղել, արկերն այստեղ չեն թափվել ահեղագոչ…

    Արևածագին իմ բնակարանի պատուհանից ներս մտնող շողերի հետ մտովի հոգիս պար է բռնում, կարոտներս թևին տալով թռչում են ամենուր, օրս շնչավորվում է, իմաստավորվում մի նոր կյանք: Միտքս դայլայլում է թռչունների ճռվողյունի հետ՝ ծաղիկների ավանդական սիրավեպին ու ապրելու հրճվանքին ունկնդիր:

    Հոգիս հողի ու հայրենիքի երգն է երգում՝ անցած օրերի տխուր մեղեդայնությամբ ու հավերժական սիրով օծված: Ներկայի ու գալիքի մասին խոհերս հուզական մի նոր աշխարհ են բացում: Ու ես մտորում եմ՝ այո՛, հայրենիքը միայն տարածքը չէ, այն գոյություն ունի նաև մարդու ներսում, ու ես այս մի կտոր հայրենիքը տեսնում եմ իմ մեջ:

    Մեր ժպիտն է դառնում մեր հայրենիքը, մեր անհանգիստ ապրումները, ճաք տված սիրտը մեր, որ իր ներսում ցավ ունի դառնացած: Մեր հայրենիքն արյունով հեղված ու արկերի հարվածից գունատված հողն է մեր, մեր հայրենիքը դառնում է այն տունը, որտեղ ապրում ենք, այն ճամփան, որով անցնում ենք ամեն օր, այն բակը, որտեղ անհոգ մանկություն կա՝ աշխարհի դավերին անտեղյակ:
    Մի՛ թողեք մեր հայրենիքը, որտեղ մի կտոր արև ունեք, ուր էլ լինեք, կարոտը թևին է տալու, բայց չի մեռնելու երբեք, մի՛ թողեք այն հայրենիքը, որտեղ ցավատանջ հառաչանքներ կան՝ մեր տագնապած հողին պահ տված:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    150.jpg

    Սահմանի մոտ մանկավարժիս աշխարհը լրացնում են ոչ միայն աշակերտները, այլ նաև իմ գործընկերները` տարբեր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր տեղ գտան իմ գրքում: Աշխատանքային օրս նաև նրանց հետ է` երբեմն` հասկացված, երբեմն` գուցե չհասկացված, երբեմն` սրտաբուխ խոսքերով, ժպիտներով առատ, երբեմն` մտքերի մեջ, հուզական խռովքով…

    Սա մի ուրիշ աշխարհ է, որտեղ համարյա բոլորս էլ Արցախյան պատերազմ ենք տեսել, բռնագաղթի ճանապարհ անցել, վերադարձել ենք հայրենիք, նոր աշխատանքի կցվել, սերունդներ դաստիարակել, նորից ապրիլյան ահուսարսափ ապրել, մի նոր տարհանում տեսել, բայց նորից մնացել այս հողին կառչած: Եվ հենց այս հողի նկատմամբ ունեցած սիրուց էլ ծնվել են իմ խոսքերը յուրաքանչյուրի մասին, ովքեր նաև կորուստներ ունեն իրենց հոգում, հարազատների անմահ հիշատակ:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 23.03.2019, 11:10:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Անշուք, բայց ջերմությամբ լեցուն մեր հարազատ դպրոցը

    231.jpg

    Սա մեր դպրոցն է, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցը, երկու պատերազմ տեսած, արտաքուստ անշուք մեր հարազատ կրթօջախը: Տխուր հետքեր կան այստեղ, անցյալի հուշեր, լռված զանգի հիշողություն կա այստեղ, երկնքում թառած ամպի քուլաներ…Արկերի հարվածներից դողացող սրտեր կան այստեղ, առ երկինք հառած հայացքներ, հառաչանքներ կան շատ, բայց դրանց հակադարձված ժպիտների անսահմանություն, կենսուրախ մի կյանք, ջերմությամբ լեցուն մաքուր հոգիներ:

    Այս անշուք դպրոցի պատերի ներսում երբևէ չէի լսել, որ մեր աշակերտները դժգոհեին, թե այս անմխիթար պայմանների պատճառով դաս չեն սովորել: Տարբեր արդարացումների կողքին անտեսվում էր այդ հանգամանքը, և իմ հիշողության մեջ այն աշակերտներն են, որոնց հիմա չեմ դասավանդում:

    Տնային աշխատանքը, որ հանձնարարել էի 7-րդ դասարանում. «Արդյո՞ք շենքային անմխիթար պայմանները խանգարում են մեր դաս սովորելուն», այդ օրը զուգահեռվեց հայոց լեզվի «Ածական» թեմային: Աշակերտները չնայած առատ ածականներ էին օգտագործել իրենց ձևավորած նախադասություններում, բայց մի կողմից ինձ հետաքրքրեց այդ առաջադրանքի իմաստային կողմը, թե ինչպիսի զգացողություն ունեն մեր դպրոցականները, երբ այսպիսի պայմաններում են սովորում:

    «Ես նույնպես կցանկանայի սովորել հարմարավետ, կահավորված դպրոցում, լավ կլիներ ունենայինք նորմալ մարզադահլիճ... Կարծում եմ` լավ, կայուն գիտելիքներ ստանալու համար դպրոցի շքեղ տեսքը այդքան էլ էական չէ, բայց ցանկալի է»/Ստեփանյան Արեգ/: «Ճիշտ է, մենք ձգտում ենք ուշադրություն չդարձնել մեր դպրոցի վատթարագույն պայմաններին, բայց երբ հիշում ենք, որ դրսում արդեն 21-րդ դարն է թևակոխել, զարմանում ենք, նաև զգում, որ մենք անզոր ենք դիմակայելու այս ճնշող պայմաններին, առանձնապես մեր խղճուկ պատերին» /Հակոբջանյան Մերի/:

    «Դպրոցի կիսաքանդ պատերն ու ճաք տված հատակներն ամեն օր «վերանորոգում» են կանչում, այդ պահանջն առավելապես ցայտուն երևում է աշնան ու ձմռան ցուրտ ամիսներին: Դեռ տարիներ առաջ էի լսել, որ պիտի վերանորոգվի, բայց այն մնաց մեզ համար ցանկալի երազանք» /Պետրոսյան Կարինե/: «Սովորող երեխան ամեն վիճակի էլ հարմարվում է, բայց բոլորս էլ ցանկանում ենք սովորել հարմարավետ դպրոցում: Ճիշտն ասած, հույս չունեմ, որ ես կտեսնեմ, թեկուզ ամաչելով եմ ասում, կուզեի տարիներ հետո գոնե իմ երեխաները լավ պայմաններում սովորեին» /Մակյան Դավիթ/:

    «Այս ամիսներին ծխապատ դասարանում դաս վարելը մեզ համար սովորական երևույթ է դարձել, դրան էլ ենք հարմարվել, միայն զոհեր չլինեն: Իմ դաս սովորելն ամենևին կապ չունի ոչ հարմարավետ պայմանների հետ, միշտ էլ սիրով եմ դպրոց հաճախում» /Մարտիրոսյան Արմո/: «Ես էլ եմ ուզում մեր դպրոցը տեսնել վերանորոգված, դասասենյակները` կահավորված ու ջեռուցված: Մայրիկիս պատմելով` այս դպրոցը մինչև պատերազմը բարեկարգ էր, այն Արցախի լավագույն կրթօջախներից մեկն էր» /Հարությունյան Հարություն/: «Թեև դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, բայց դա մեզ համար դաս չսովորելու պատճառ չի հանդիսանում, միայն թե պատերազմ չլինի» /Այվազյան Դարիկո/:

    Հիշողությանս մեջ այս երեխաների ճշմարտացի խոսքերն են, և իմ անհանգիստ մտորումները... Երանի թե խաղաղ երկնքի տակ կարողանայինք վերանորոգված դպրոցի մասին երազել, բայց նաև դժգոհ չեմ, որ անշուք, բայց ջերմությամբ լեցուն` ինձ շատ հարազատ դպրոցում եմ դասավանդում:

    http://usarmenianews.com/am-n-7828.html
    232.jpg

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Նրա լեգենդ դարձած հայրը ապրում է մեր հուշերում

    235.jpg

    Ամեն օր Վլադիմիր Բալայանի անվան դպրոցն եմ մտնում, ամեն անգամ դպրոցում ես անցնում եմ նրա քարե հուշարձանի կողքով, ամեն օր ես տեսնում եմ նրա ավագ դստերը` Նաիրուհի Բալայանին, մի հմայիչ ու գեղեցիկ անձնավորություն, ով իր մասնագիտության հմուտ գիտակն է և իմ կողքին ամեն օր դասարան է մտնում, դասավանդում անգլերեն: Նա իր ընտանիքով ապրում է իմ հարևանությամբ, ես ամեն օր տեսնում եմ իմ կողքին ապրող Վլադիմիրի երկու թոռնիկներին, ովքեր նույնպես դպրոց մտնելիս անցնում են իրենց երիտասարդ պապիկի` քար դարձած հուշարձանի կողքով:

    Եվ իմ ամեն օրերը կրկնվում են այսպես, ու ես ամեն օր մտովի խոնարհվում եմ նրա հուշարձանի առջև, ես ամեն օր մտովի բարևում եմ նրան, ով իմ հասակակիցն է, և նա այսօր չկա, բայց ապրում է բոլորիս սրտերում ու այդպես էլ կապրի հավերժ:Ես ամեն օր այդ հուշարձանին նայելիս մեր ապրած օրերն եմ հիշում, տարիներ առաջվա մեր նկուղային կյանքը, այն մեծ հավատի մասին եմ հիշում, որ մարտակերտցիներիս ապրելու կամքն այն պատերազմական տարիներին նրանից էր կախված, մեր շնչելու օդը լցված էր Վլադիմիրով, մենք բոլորս ապրում էինք նրանով` անկախ նրանից, մեր կողքով քայլող ազատամարտիկին ճանաչում էինք, թե չէ...

    Եվ մենք` նկուղներում ամիսներ շարունակ պատսպարվածներս, դեռևս 92-ին, չնայած վախից կծկված` ամեն օր լուրերի էինք սպասում, երբևէ չէինք մտածում, որ թշնամու գնդակը հասու կլիներ նաև մեր ազատամարտիկ նվիրյալին, ում անունը տալիս էինք ու հանգիստ շնչում: 


    Ես նրան երկու անգամ եմ տեսել, երբ քաղաքս հրետակոծվում էր, հուսահատված փրկության ճանապարհ էի փնտրում, նա կողքովս համարյա վազելով անցավ, կողքիս ձայներ լսեցի, նրա անունն էին տալիս, հետ նայեցի, որ կենդանի լեգենդին տեսնեմ, նա արդեն չէր երևում: Նրան չտեսա, բայց մի նոր հավատ ծնվեց հոգումս, որ մենք կապրենք դեռ, քանի մեր կողքին քայլող վլադիմիրներ կան: Նրա հետ իմ երկրորդ հանդիպումն արտասվախառն էր, Աղաբեկալինջ գյուղում մասնակցում էի նրա հուղարկավորությանը...

    Այդ օրը քաղաքս սգի մեջ ընկավ, չէինք հավատում, այդ բոթաբեր լուրը ալիք-ալիք տարածվեց, հորձանք տվեց ու բոլորիս հանեց նկուղներից: Մոռացանք ահ ու սարսափ, համատարած սուգը բոլորիս տարավ դեպի Վլադիմիրի հարազատ գյուղը: Հրամանատարը չկար, սև գլխաշորերով նրա զինակից ընկերներն էին խրոխտ կանգնած, Լեոնիդ Ազգալդյանի ելույթը արձագանք տվեց ու տարածվեց ամենուր` ձուլված բազմության հեկեկոցին: Այդ ոգեղեն ելույթը մի նոր հավատ ներշնչեց մեզ, հոգու խորքում համոզվեցինք` մենք պիտի ապրենք, որ Վլադիմիրի և բոլոր մյուս ազատամարտիկների անցած մարտական ճանապարհը հավերժացնենք: Բայց երբ սգո թափորը շարժվեց դեպի գերեզմանոց, նրա հետ թվաց` հողին հանձնեցինք մեր հավատն ու հույսը:

    Օրեր հետո կորցրինք Մարտակերտը, բայց տարի անցավ, վերագտանք այն նորից, վերածնվեցինք, նորից փլատակներից վեր հառանք, օջախ ստեղծեցինք, նորից դպրոցի զանգը հնչեց, այդ ղողանջները հասան ամենուր, որ նրա կանչից մեր զավակները վերադառնան տուն:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

    287.jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 23.03.2019, 17:03:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    320.jpg

    Դպրոցի «Նշանակետ-ՄՄ» վարժասարքային դասասենյակն իր կյանքը հող հայրենիին ընծայաբերած հայորդի Զորիկ Գևորգյանի անունն է կրում:

    Դարերի պատմության ընթացքում ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրվեց մեր հայրենին, ուր ամեն ոք անցավ ընծայաբերման իր ճամփան և արժանացավ երկնային անդաստաններին: Եվ այդ դարերի ընթացքում հայրենի ոստանի նվիրյալ զինվորներին բաժին հասավ իրենց նվիրաբերելու երդումը:

    Այդ նրանք են, որ Արցախյան ազատամարտի բովով անցան, հասան ապրիլյան պատերազմ ու դարձան իրենց կյանքերն ընծայաբերողներ:

    Այդ նրանք են, որ այսօր էլ, սահմանին կանգնած, գիտակցում են, որ հայրենիքի պաշտպանության վեհ գործին իրենց պետք է զոհաբերեն, որ կանգուն մնա հող հայրենին:

    Նրանք են, որ հավատարիմ իրենց երդմանն ու առաքելությանը` գալիս են դարերից ու այսպես գնում հավերժացած անուններով:

    http://usarmenianews.com/am-n-7884.html

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Երկու նահատակ եղբայրների մանկավարժ քույրը

    744.jpg
    Հոգուս մեջ մի անհաշտ լռություն աղաղակում է, երբ նայում եմ նրանց նկարներին, և այդ խռովքը երբեմն ինձ հետ դպրոցի ճանապարհին է, երբ մենք միասին ենք` երբեմն հանգիստ զրուցելով, երբեմն շտապ քայլելով, երբեմն էլ` պատահական մեր կողքին կանգնած մեքենայի ուղևորուհիները դառնալով: Պատահում է, երբ մտնում եմ ուսուցչանոց, հայացքս հառում եմ դեպ այն կողմը, որտեղ սովորաբար նստում է նա` մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի Լյուդմիլա Ավագիմյանը` երկու նահատակ եղբայրների քույրը: Նա միշտ էլ լուրջ է, հավասարակշիռ, չափի զգացումով, զուսպ կեցվածքով, մանկավարժին հարիր պահվածքով, այս մեծագույն ցավը անթեղած հոգում:

    Ես զրուցում եմ նրա հետ, մի պահ քարանում է հայացքը, մեծագույն վիշտը նրան տանում է դեպի այն հեռավոր օրերը, այն սեպտեմբերի սկիզբը, որ դպրոցի զանգի ղողանջներին փոխարինել էր սարսափելի գույժը` կրսեր եղբոր` Սամվելի` Չլդրանի պաշտպանական մարտերում զոհվելու մասին: Դիրքերում մենակ մնացած ազատամարտիկը վերջին փամփուշտն իր համար պիտի օգտագործեր` թշնամու ձեռքը չընկնելու համար:

    539.jpg

    Մի պահ լռում է, խոսքերն այն չեն, որ կարողանան սփոփել նրան, լռում է, ու այդ լռությունն ինձ տանում է այն նույն 92 թվականի նոյեմբերի 22-ը, ընդամենը 82 օր անց, նորից բոթաբեր լուր` ավագ եղբոր` Վաչագանի զոհվելու մասին Բաշ-Գյունեփայայի համար մղվող մարտերում: Եվ տարիներ անց մտերիմ ընկերը, վիշտը սփոփելու համար, իր նորածին մանկանը Վաչե պիտի կոչեր նրա անունով:

    Նորից խոսքերը կորցնում են իրենց արժեքը, բառերը խուլ հառաչում են` իրենց տեղը չգտնելով, քարանում է սիրտդ, այդ ինչպես է մարդը դիմանում, երբ աղաղակելն էլ անօգուտ է, Աստված կանչելն էլ` անիմաստ, ահեղադղորդ գոռալն էլ քիչ է, ուզում ես հանդարտեցնել հոգիդ, փրկության ճանապարհը դառնում է այն խուլ լռությունը, որ երկուսիս համրացնում է:

    Նոր օրերում ես տեսնում եմ մեր դպրոցի շրջանավարտին` Լյուդմիլայի կրտսեր եղբոր անունով կնքված Սամվել որդուն, որ զինվորական պարտադիր ծառայությունից հետո մնաց հայոց բանակում: Այն ծանր ապրիլյան օրերին մայրական մղկտացող սիրտը ձայն չհանեց, նա լուռ էր, ինչպես միշտ, իսկ այդ լռությունն ամեն ինչ ասում էր:

    Իմ հիշողության մեջ, դեռ կենդանության օրոք, այս երկու եղբայրների մայրն է…96-ին օտար ափերից վերադառնալուց հետո չճանաչեցի, միանգամից ծերացած տեսա նրան, բայց իմ մտապատկերում մնաց այն երիտասարդ տարիների ժպտադեմ կինը:

    Հարցերս կցկտուր են դառնում… Արցախյան պատերազմից հետո հեռուներում ապաստան գտած մեր ուսուցչուհու ընտանիքի վերադարձը հայրենիք ամենահուսալին էր: Նորից տուն եկան, իրենց հարազատ տունը, նա եկավ, որ նորից դպրոց մտնի և մոտիկ լինի Ստեփանակերտի հուշահամալիրում հանգչող հարազատների շիրիմներին:

    http://www.usarmenianews.com/am-n-7772.html

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 24.03.2019, 11:01:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    53714824_105469330630474_6125477830659670016_n.jpg

    Շփման գծին ամենամոտ քաղաքն է Մարտակերտը, որ զրկված է ամեն տեսակի պետական արտոնություններից, ապրում է խաղաղ` հոգում անթեղած ցավը ազգիս, հավատացած հույսով ապրելու պատգամին: Իսկ մենք` մարտակերտցիներս, ապրում եք այստեղ, որովհետև ոգի կա, հայի հավատ, սեր... Սեր կա հողի, օջախի, անգամ փոշու, իսկ ավերակների հանդեպ տածած մեր մեծ սիրո մեջ սարսուռ կա, որ երբեմն մեզ վեր է թռցնում կրակոցների ձայներից, և ամեն անգամ մենք էլ ենք մեռնում ու նորից հարություն առնում սահմանում զոհված զինվորի հետ մեկտեղ:

    Այս հակասական կյանքի ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն այստեղ կերտում է մի-մի կենսագրություն: Այստեղ ազնվացնող և ջերմացնող հոգիներ կան, շատերը` խառնվածքների բազմազանությամբ, մարդկային խորունկ և հմայիչ մտորումներով, որ լուսավոր ու պայծառ հայացքներով իրենց անցնելիք ճանապարհին կարողանում են կերտել փայլուն ու գեղեցիկ կերպարներ` համոզված, որ Տեր Աստվածը հենց դրա համար է մարդուն կյանք պարգևել:

    Հպարտության զգացում ունեմ քաղաքիս ու այստեղ ապրողների նկատմամբ, առավել ևս, երբ գիտեմ, որ ուշադրության և հոգատարության կարիք ունենք մենք, որ համառ կամքով ընդունել ենք այստեղ ապրելու պատգամը: Ասում են` լավատեսությունը մեծ մարդկանց շքեղությունն է, ահա այդպես էլ ապրում ենք մենք ոչ իրական, բայց հոգու շքեղության մեջ, որտեղ հավերժահույզ մեղեդիներ կան, անմահների հիշատակ, որ կամաց-կամաց սուզվում են հույզերիդ աշխարհը, լուսավորում միտքդ և տանում քեզ դեպի երազների մի նոր աշխարհ, որտեղ խաղաղությունն է թևածում իր մոգական հնչյունների ներքո:

    Ն.Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Քյարքիի «օպերացիան» 1990 թ. հունվարին մի քանի օր տեւած իրադարձություն էր, որը պատերազմի փուլ մտած մեր Արցախյան շարժման լուրջ հաջողություններից էր։ Սրա մասին պատմելը հեշտ չէ, քանի որ մինչ օրս էլ քաղաքական գաղտնիության պահեր կան, որոնք գուցե եւ արժե չտարածել, սակայն մյուս կողմից՝ անցել է 26 տարի, եւ գաղտնիությունն այն աստիճանի պարտադիր չէ, որքան առաջ։

    Քյարքին, այսօր՝ Տիգրանաշենը, Արարատի նախկին շրջանի տարածքի մեջ է՝ Երասխ գյուղից վեր, Վայոց Ձոր եւ Սյունիք տանող ճանապարհին, Պարույր Սեւակ գյուղից հետո եւ լուսահոգի Պարույր Սեւակի ծննդավայր Զանգակատուն (նախկին Սովետաշեն) գյուղ չհասած։ Հենց ճանապարհին ընկած մի փոքրիկ կղզյակ հողատարածք է, որը նախկինում պատկանում էր Ադրբեջանին. Նախիջեւանի Նորաշենի շրջանի (ժամանակին՝ Իլյիչեւսկ, ներկայումս՝ Շարուր) մի կտորն էր, որը խորհրդային վերջնական քարտեզները գծելուց հետո մինչեւ 1927 թ. մոտ 6 տարի տեւած վեճերի արդյունքում, այնուամենայնիվ, թողնվեց Ադրբեջանին։

    Միակ կղզյակը չէր Քյարքին. Հայաստանում անկլավ-կղզյակներ կային նաեւ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում։ Հայաստանն էլ մի կտոր ուներ Ադրբեջանում՝ Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին խորհրդային զորքի օգնությամբ գրավեցին ու մինչ օրս պահում են։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #20
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Քյարքիի «օպերացիան» 1990 թ. հունվարին մի քանի օր տեւած իրադարձություն էր, որը պատերազմի փուլ մտած մեր Արցախյան շարժման լուրջ հաջողություններից էր։ Սրա մասին պատմելը հեշտ չէ, քանի որ մինչ օրս էլ քաղաքական գաղտնիության պահեր կան, որոնք գուցե եւ արժե չտարածել, սակայն մյուս կողմից՝ անցել է 26 տարի, եւ գաղտնիությունն այն աստիճանի պարտադիր չէ, որքան առաջ։

    Քյարքին, այսօր՝ Տիգրանաշենը, Արարատի նախկին շրջանի տարածքի մեջ է՝ Երասխ գյուղից վեր, Վայոց Ձոր եւ Սյունիք տանող ճանապարհին, Պարույր Սեւակ գյուղից հետո եւ լուսահոգի Պարույր Սեւակի ծննդավայր Զանգակատուն (նախկին Սովետաշեն) գյուղ չհասած։ Հենց ճանապարհին ընկած մի փոքրիկ կղզյակ հողատարածք է, որը նախկինում պատկանում էր Ադրբեջանին. Նախիջեւանի Նորաշենի շրջանի (ժամանակին՝ Իլյիչեւսկ, ներկայումս՝ Շարուր) մի կտորն էր, որը խորհրդային վերջնական քարտեզները գծելուց հետո մինչեւ 1927 թ. մոտ 6 տարի տեւած վեճերի արդյունքում, այնուամենայնիվ, թողնվեց Ադրբեջանին։

    Միակ կղզյակը չէր Քյարքին. Հայաստանում անկլավ-կղզյակներ կային նաեւ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում։ Հայաստանն էլ մի կտոր ուներ Ադրբեջանում՝ Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին խորհրդային զորքի օգնությամբ գրավեցին ու մինչ օրս պահում են։
    Մեր կողքին և ամենուր բազմաթիվ ականատեսներ կան, որ հավատարմորեն մասնակցել են տարբեր ռազմական գործողությունների, այդ թվում նաև՝ Ալեքսան Հակոբյանը, ով բավականին մանրամասներ է պատմում Քյարքի գյուղի հայացման պատմության մասին(1990 թ.): Բաքվում հայերի հալածանքներին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին հետագայում անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից։

    https://www.aniarc.am/2017/08/06/ale...i-tigranashen/

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 21-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •