<<ՎԵՐԱՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:
ՕՐԳԱՆԻԶՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ>>
թեմայի ուսուցման յուրահատկությունները

Երևանի հ. 156 հիմնական դպրոց
Է. Մելքոնյան

Այս թեման ուսուցանելիս տարիների ընթացքում հանդիպել եմ որոշակի խնդիրների:
Դրանցից են.
• բարդույթավորված սովորողների կողմից թեմայի ընկալումը որպես ամոթալի, ոչ պարկեշտ նյութի,
• ոմանց կողմից որոշ առանցքային հարցերի աղավաղված թյուրըմբռնումը,
• անառողջ ու վտանգավոր լրացուցիչ տեղեկատվության բացասական ազդեցությունը սովորողների վրա, ինչը կարող է հանգեցնել ոչ ճիշտ սեռական վարքագծի ձևավորմանը:
Թեման անցնելիս կենտրոնանում եմ հետևյալ հարցերի վրա.
• սովորողների մոտ անկաշկանդ վերաբերմունքի ձևավորում,
• լրացուցիչ տեղեկատվությունների քննարկում, անհրաժեշտ հատվածների համադրում ծրագրային նյութին,
• անվտանգ սեռական վարքագծի ձևավորում,
• թեմայի իմացության կարևորությունը ամուր և առողջ ընտանիքի ձևավորման համար:
Հարցերը քննարկելիս սովորողների ուշադրությունը կենտրոնացնում եմ այն բանի վրա, որ չկա որևէ անպարկեշտ կամ ամոթալի բան այս թեմայում, որ ամոթալի է չիմանալը կամ սխալ ու աղավաղված իմանալը: Այստեղ շատ կարևոր է ուսուցչի խոսքը, նպատակային ու ճիշտ մեկնաբանությունները: Պետք է խոսեցնել նաև բարդույթավորված դեռահասներին (իհարկե, առանց պարտադրանքի) և նրանց ենթագիտակցության մեջ սաղմնավորել այն ճշմարտությունը, որ ամոթալի և վտանգավոր է չիմանալը: Ձգտում եմ սովորողների մեջ արմատավորել այն ճշմարտությունը, որ առողջ և ամուր ընտանիքի հիմնավորման համար շատ կարևոր է առողջ սեռական վարքագիծը, սեռավարակներին ծանոթ լինելը, դրանցից զերծ մնալու կանոններին տիրապետելը:
Թեմայի վերջին դասի եզրափակիչ փուլում սովորողներին առաջարկում եմ հանդես գալ սիրային ստեղծագործություններով (երգ, ասմունք), որպեսզի նրանք ընկալեն այն փոխկապվածությունը, որն առկա է մարդու վերարտադրության հիմքում ընկած սեռական կյանքի, երջանիկ սիրո և ամուր ընտանիքի միջև:
Թեման անցնելիս առաջնորդվում եմ Բ պրակի դասապլաններով: Առաջարկում եմ նաև այլընտրանքային դասապլան ծրագրով նախատեսված 3 դասաժամերի համար.
I դասաժամ — խթանման փուլում վերհիշում ենք կենդանիների բազմացման առանձնահատկությունները և լրացնում<<ԳՈւՍ>>-ի Գ սյունակը:
Իմաստի ընկալման փուլում ընթերցում են §42-ը և լրացնում <<ԳՈւՍ>> աղյուսակի <<Ու և Ս>> սյունակները:
Կշռադատման փուլում քննարկում ենք հարցերը:
Որպես տնային հանձնարարություն սովորողները համացանցից պետք է որոնեն <<Ու>> սյունակի հարցերի պատասխանները: 2-րդ դասաժամի I հատվածում քննարկում ենք այդ հարցերը, ուսումնասիրում §43 և լրացնում էջ 195-ի համր տեքստը:
3-րդ դասաժամի I հատվածում քննարկում ենք <<Անվտանգ սեռական վարքագիծ>> (§44, §45) նյութը, II հատվածում գրում թեմատիկ ամփոփիչ թեստ <<Վերարտադրողական համակարգ>>: