Րաֆֆու մանկավարժական հայացքները
Կրթության ամբողջ նպատակը
հայելիները պատուհաններ դարձնելն է։
Սիդնեյ Ջ.Հարիս
Րաֆֆին հայ ժողովրդի ազգային հպարտությունն է: Իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրաբերել է ժողովրդին, կերտել հայրենասիրական վեհ գաղափարներ, պայքարել ազգային և սոցիալական ազատագրության համար, փայփայել լուսավոր ապագայի իդեաները: Նրա գրականության հարուստ և համամարդկային բովանդակությունը բարձրաձրել է ընթերցանության ճաշակը:
Կենսագրականից հայտնի է, որ Րաֆֆին գրաճանաչ է դարձել գյուղական միակ դպրոցում, ուր տիրապետում էին կրոնական քարացած մեթոդները, և գործում էին ապտակն ու ֆալախկան: Հետագայում Րաֆիին «Կայծեր» վեպում մանկական հուշերը պատկերել է անչափ գունեղ. «Մեր դպրոցը Տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ: Այդ նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծածկված պատուհանները բաց էինք անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Որքա~ն ուրախանում էինք մենք…»:
Մտավոր և հոգևոր բովանդակությունից զուրկ այդ դպրոցը ուսումնատենչ պատանու համար դառնում է ձանձրալի և անիմաստ:
Թիֆլիս… Թիֆլիսյան գիմնազիայի գիտելիքներով հարստացած և զինված, լավ տիրապետելով գրաբարին` կարդում է հայ և համաշխարհային գրականությունը և ձեռնարկում է լուսավորական գործունեություն` առաջադրելով դպրոցական-կրթական նոր մեթոդներ:
Միջնադարյան խավարամտությունը կաշկանդում էր պատանու լուսավոր գաղափարները, նա ամենուր հակադրվում էր ֆեոդալական հետամնաց բարքերին: Դպրոցական և հասարակական համարձակ ծրագրերը ապարդյուն էին անցնում, որովհետև նա միայնակ էր:
Րաֆֆին ցավ էր ապրում, որ Պոլսում ամերիկացի միսիոներներների (քարոզիչներ) բացած վարժարաններում սովորող հայազգի պատանիներին մոլորեցնում էին և որսում` օտար ազգին ծառայելու համար: Նա ցանկանում էր հայ ազգին հեռու պահել արևմտյան քայքայիչ ազդեցություններից:
Րաֆֆին մեծ նշանակություն էր տալիս ազգային լուսավորությանը և ինքնագիտակցության զարգացմանը: Անլուր հալածանքները և անգրագետ կղերը չէին ընկճում կրթությանը, գրականությանը այդքան մեծ նշանակություն տվող գրողին: Նա երազում էր սեփական տպարան, փոքրիկ լրագիր ունենալ, բայց տնտեսական սննկացումը թույլ չտվեց:
«Հյուսիսափայլը» ինչ-որ չափով ոգևորում է նրան, որտեղ էլ տպագրում է «Ախթամարա վանքը» ակնարկը, ուր առաջադրում է կրթության և գիտության պահանջը: Դպրոցը, մանկավարժությունը, ընտանիքը և հասարակությունը ենթարկվում էին կրոնին: «Կրթության խնդիրը հայոց մեջ» հոդվածում Րաֆֆին քննադատում է ընտանիքը, եկեղեցին և դպրոցը, որոնք շեղվել էին մանուկ սերնդի դաստիարակության ճիշտ ճանապարհից: Իբրև մանկավարժ` նա կռվում էր դպրոցի և կրթության աշխարհականացման համար, բայց չէր ժխտում կրոնի դերը: «Մանկավարժության ժամանակակից խնդիրն արդեն զարդել է մեր մեջ, և մենք խիստ հաճախ լսում ենք` նոր մեթոդ, նոր եղանակ պետք է մտցնել դպրոցների մեջ. հին, փտած դրությունը պետք է ոչնչացնել և նոր համակարգությամբ կազմակերպել ուսումնարանների ձևը»: Բայց այդ վերանորոգությունների համար, ըստ Րաֆֆու, հարկավոր էին դասագրքեր: Ուսումը, դաստիարակությունը ընթերցանության տարածումը, գիտությունների հետ ծանոթացումը կտար առողջ և ազատ դատող սերունդ: «Ժողովրդական վարժապետներ» հոդվածում Րաֆֆին նշում է, որ գնալով դպրոցները աճում են, հներն էլ կանոնավոր կերպարանք են ստանում: Բայց խնդիրն այն էր, որ դպրոցն ուներ խանգարող և քայքայիչ գործիչներ` հոգևեր իշխանության ներկայացուցիչներ, աղաներ, խռովարար քահանաներ, հոգաբարձուներ, տեսուչ և անընդհատ ու արագորեն փոփոխվող վարժապետներ, որոնց անհաշտ և կռվարար գործունեությունը ազդում էր դպրոցի բուն խնդրի` ուսման արդյունավետության վրա, և հայ մանուկը մտավոր սննունդը որոնում էր օտար աղբյուրներում: Վարժապետները ընտրվում էին «աղանների» կողմից, տեսուչը հավաքում էր իր ծանոթներին, հայտնվում էր մեկը, որը կարող էր միանգամից մի քանի առարկա պարապել, և դպրոցը դառնում էր զանազան շահախնդիրների համար հացի գործարան: Անընդհատ փոփոխվող վարժապետները իրենց հետ բերում էին իրար հետ կապ չունեցող, ոչ շարունակական ուսումնական ծրագրեր. ոչ մեկը մյուսին չէր շարունակում, եկողը սկսում էր իր նոր բերած ծրագիրը և երեխան կիսատ-պռատ, ոչ հիմնավոր ուսում էր ստանում: Դպրոցներում համակարգված, ներդաշնակ ուսուցումը բացակայում էր, ինչպես գրողն էր նշում` «…ուսանելի առարկաները խառնիխուռն կերպով ածված կլինեն ողորմելի աշակերտների գլխում, որպես անկապ մթերք»:
Րաֆֆին տարբերակում է վարժապետների երկու տեսակ` ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ և ԹԵՐՈՒՍՆԵՐ:
• Մասնագետները նրանք են, որոնք խոսում, դատում, վճռում են օտարի խելքով, ինքնուրույնություն չունեն: Նրանց խոսքը կցկտուր, անկապ և մթին է: Նրանք տեսակետ չունեն, անվստահ են, ստեղծող չեն: Նրանց գլուխը մի պարկ է` լցրած նույն մթերքով, եթե թափ տան պարկը, դատարկ կմնա: Բացառություններ հանդիպում են. բարձր ուսում ստացած, գիտությունը մարսած, իրենց ինքնուրույնությունն ու տեսակետը հիմնավորող, իրենց խելքով դատող վարժապետներ, որոնց մեծամասնությունը ժողովրդի ստորին դասի մարդիկ են: Նրանց գաղափարները անմշակ սաղմնային վիճակում են գտնվում, բայց աստիճանաբար գիտության լույսի տակ աճում ու խորանում են: Այդ մարդիկ ունենում են բազմակողմանի հմտություններ և ընդարձակ հայացքներ:
• Թերուսը նման է բարձր ուսում ստացած ժողովրդական մարդուն: Թերուսի մեջ ժողովրդական հմտությունը գերազանցում է գիտությանը: Նրանց մոտ սեփական խելքը միացած է գիտությունից ստացած ճշմարտությունների հետ: Բնության օրենք է, երբ մարդու որևէ անդամը, կամ զգայարանը խանգարված է լինում, մնացաժները ավելի են զարգանում: Այդ ամենին նման են նաև մարդու մտավոր կարողությունները. Անգրագետ վաճառականը կարողանում է իր բոլոր հաշիվները մտքում պահել, կամ ռամիկ երկրագործը ավելի լավ է գուշակում եղանակի փոփոխությունը, քանի մի հմուտ օդերևութաբան: Այդպես էլ զարգանում է թերուսը: Թերուսը պատրաստի հող ունի, որի մեջ ընկած ամեն մի փոքր գիտության շող անպտող չի մնում, նա սկսում է ինքնուրույն կերպով զարգանալ: Թերուսը հաճախ է սայթակում, բայց և այդ սխալներից դասեր է քաղում: Նա հետազոտում, ճանաչում է մարդկությանը, ուսումնասիրում է նրա պետքերը, որտահայտում է մտքեր, որոնք մարդկության մտածողության եզրկացություններն են և բխում են ժողովրդի ձայնից: Թերուսը ամեն բան մարսում է, դարձնում է սեփականը: Դա է պատճառը, որ նրանք ամեն բանի մասին դատում է և ամեն բանի մեջ խրվում է; Թերուսն ու մասնագետը միմյանցից տարբերվում են նրանով, որ առաջինը բանեցնում է իր խելքը, իսկ երկրորդը` օտարի: Եվ Րաֆֆին գտնում էր, որ թերուսներից են ծնվում տաղանդները:
Էջանիշներ