+ Կատարել գրառում
Էջ 1 22-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 217 հատից

Թեմա: ՝ «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԹԱԽԾԻ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԵՐԳԵՐԸ »

  1. #1
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356

    ՝ «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԹԱԽԾԻ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԵՐԳԵՐԸ »

    Վահան Տերյան, ինչպես երգեմ հիշատակը քո,
    Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո...
    Ե. Չարենց


    Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20 – րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք, պատկերային նոր համակարգ , նոր գրական լեզու, չափածո խոսքի ներդաշնակության միանգամայն նոր արվեստ: Նա անսահման նրբությաուն և երաժշտականություն հաղորդեց բանաստեղծությանը և նոր կյանք պարգևեց գրականությանը:

    Կան բանաստեղծներ, որոնք մարդկային կյանքում մեծ դեր են կատարում, ազդում են մարդու ներաշխարհի ու հոգեբանության վրա, կատարելագործում ու ավելի են ազնվացնում զգացմունքները, մեզ մղում են դեպի գեղեցիկն ու ներդաշնակը: Առանց բանաստեղծների մարդկային գեղեցկագույն զգացմունքները՝ սերը, տառապանքը, կարոտն ու սպասումը կլինեին սոսկ յուրաքանչյուր մարդու ներքին, հոգեկան աշխարհին մատչելի, յուրաքանչյուրի համար յուրովի, անկրկնելի զգացմունքներ: Վ. Տերյանը մեր պոեզիայի ամենից ջերմորեն սիրված ու նվիրական բանաստեղծներից է: Նրա ստեղծագործությունը մեզ կատարելագործող, դեպի վեհը, վսեմն ու գեղեցիկը մղող, կարոտն ու սպասումը, սերն ու տառապանքը, թախիծն ու հույսը իրենց ամբողջ խորքով զգացնել տվող, մեզ մարդացնող և մարդկայնացնող հրաշք աշխարհ է:

    Ջավախքը՝ Տերյանի ծննդավայրը, մի բանաստեղծական աշխարհ է, որտեղից էլ սնունդ ու լիցքեր է ստացել գրողը: Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն, որ հայրենի բնությունը իր կնիքն է դնում ամեն մի զգայուն հոգու վրա: Բանաստեղծը վաղ մանկության ու պատանեկության տարիներին ապրել է հեռավոր լեռների առանձնության մեջ: Եվ այդ բնության հմայքներն են նրա սիրտը լցրել ջերմ հույզերով, քնքուշ անուրջներով ու հետագայում բանաստեղծական մեծ լիցքեր են հաղորդել նրան:
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 18:10:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անժելա Ալավերդյան (24.01.2019), Արևիկ Ոսկանյան (17.02.2019), Մարգարյան Նաիրա (26.01.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019), Մինասյան Նորա (09.02.2019), Tsov (17.02.2019)

  3. #2
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

    Ն. Թումանյանին ուղղված նամակներից մեկում (1914 թ.) նա գրել է.
    <<Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո, ես այդպես եմ կարծում… Ահա մեր սարերը՝ լայն ու բաց, տեսնում ես որքան ծաղիկ կա այստեղ- ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը, և այնտեղ ավելի շատ ծաղիկ կա, քան այս սարերում բարձր ու դաշտերում լայն, որովհետև ես այդ սարերի զավակն եմ և այդ դաշտերի մանուկը…>> : Բանաստեղծության մեծ հանճարը հարյուր տարին մեկ անգամ է այցելում մարդկանց և ահա գտավ Վահանին: Ինչ իմանար Գանձա գյուղի քահանան, որ իր որդին տարիներ հետո դառնալու է մեծ բանաստեղծ ու իր «քնքուշ» ձեռքերի մեջ է պահելու հազարավոր մարդկանց, ինչ իմանար, որ բնույթով այնքան հուզառատ իր որդին դառնալու էր մարդկային հոգու ամենամեծ թարգմանը, որ կարդալով նրան՝ մարդիկ կգտնեին իրենց հույզերն ու զգացմունքները՝ այնքան բանաստեղծականացված ու վսեմացած: Ինչ իմանար, որ կարդալով նրան՝ մարդիկ երազային աչքերով կնայեին հեռուն՝ գտնելու իրենց կարոտն ու սերը, կհասկանային իրենց «անառիթ ու քնքշագին » թախիծը:

    Թեև Տերյանը շատ քիչ է ապրել իր հայրենի եզերքում, բայց միշտ էլ իր հետ ինչպես սրբազան մասունք ունեցել է իր երկրի սերն ու կարոտը: Այդ կարճ ժամանակում Տերյանի հիշողության մեջ աեն հավերժորեն մնացել է իր զմրուխտյա մարգագետիններով, կարկաչուն առվակներով, ցորենի ծփծփուն արտերով, լռիկ ձորակներով ու գունագեղ քարերով: Ահա այս երկիրն է, որ ձևավորել է Տերյան բանաստեղծի ներաշխարհը՝ նուրբ ու քնարական: Մի կոպիտ հպում և ամեն ինչ կարող է իրար խառնվել:
    Նվարդ Թումանյանին գրած նամակներից մեկում բանաստեղծը խոսում է մարդկային հոգիների նրբության մասին՝ այն համեմատելով ինչ-որ ծաղիկների հետ: «Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են, երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում են կեղծիքից ու բռնությունից»:
    Տերյանը դարձավ այդ հոգիների երգիչը և ասես իր պաշտպանության տակ առավ այդ ցաված հոգիների սերն ու երազը, եղավ այդ հոգիների մթնշաղի ու կարոտի երգիչը:

    Կարոտ՝ առանց որի հոգին կլինի դատարկ ու անուժ:
    Իր ունեցած կյանքի բազում ճանապարհներին կարոտով է տվայտել Տերյանի հոգին: Կարոտով է հիշել իրենց սարերը, որտեղ հովիվները հեռու սարերում կրակ են վառել, կարոտով է հիշել մոմե մատներով աշխարհի բարությունը իր մեջ անթեղած մորը: Այս կարոտն է, որ Տերյանի պոեզիային տվել է բազում հոգեբանական երանգներ: Կարոտն է, որ մեկ դարձել է տխրություն, մերթ երազ, մերթ ցաված սրտի բողոք աշխարհից ու «պաղ մարդկանցից», մերթ «անառիթ ու լուսավոր թախիծ», մերթ հաշտություն, մերթ ափսոսանք՝ անցած ու անցյալ դարձած օրերի համար, երիտասարդ մարդկանց հատուկ անփութությամբ կորցրած ու այլևս չկրկնվող սերերի համար: Հոգեվիճակներ ու տրամադրություններ, որոնք ամբողջ կյանքում ուղեկցում են մարդկանց: Տերյանը դարձավ մեծ հոգեբան, հասկանալ տվեց մարդկանց իրենց հոգու թաքուն ծալքերը, ու ինքն էլ մեծ շնորհով հայ պոեզիան բարձրացրեց համամարդկային աստիճանի՝ մնալով իր երկրի հարազատ զավակը: Տերյանի պոեզիան մեզ բոլորիս այնքան մոտ, այնքան հարազատ այն հրաշք աշխարհն է իր մեջ ներառում, որում մենք մեր տխրություններն ենք գտնում, ապրում ենք մեր սերն ու տառապանքը: Տերյանական աշխարհում յուրաքանչյուրս մեր սեփական կարոտն ենք զգում, թախծում ենք ու հավատում: Բանաստեղծը մեծ է հենց նրանով, որ նրա աշխարհը յուրաքանչյուրին իր ներքին հնարավորությունների չափով, հնարավորություններ, որոնք իրենց համապատասխան նաև պահանջներ են առաջադրում, կարողանում է բավարարում տալ: Այդ աշխարհում յուրաքանչյուրը կարող է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն հոգեկան խռովքի, կյանքի ծանր ու դժվարին պահերին, իր ներքին աշխարհի մատչելիության սահմաններում:

    Ծննդավայրի, հայրենի տան ու մանկության կարոտը թափանցել են նրա գրած յուրաքանչյուր տողի մեջ: Իսկ երբ հոգնել է «անհամար գրքերից» ու «անծայր մտքերից» , տենչացել է.

    Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,
    Մեր սարերն անառիկ, վեհանիստ,
    Մեր արտերն արևոտ ու հանգիստ:
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:15:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Սյուզ (09.03.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անժելա Ալավերդյան (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019), star1 (09.02.2019)

  5. #3
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Հոգնած բանաստեղծը երազում է դառնալ անհոգ ու մանուկ իրենց սարերի լանջին: Թախծոտ տրամադրությունը մեղմորեն ողողել է նրա էությունը: Այդ տխրությանը նա անդրադարձել է 1908 թ. գրված նամակում. «Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախալի թախիծ է»:

    …Այնպես տխուր ու լավ է: Ուզում ես լալ այդ թախծալի ուրախությունից»: Այս թախիծը ոչ միայն տրամադրություն է Տերյանի երգերում ու նամակներում, այլև հոգեվիճակ, որ իշխում է ողջ «Մթնշաղի անուրջներ» շարքում: Ժողովածուն նոր դարագլուխ է բացում հայ գրականության մեջ և մի գիշերվա մեջ հայտնի դարձնում մեծ բանաստեղծին: Վահան Տերյանի գրական մուտքը շռնդալից էր:
    << Մթնշաղի անուրջներ >> ժողովածուն իր մեջ ամփոփում է անսահման նրբություն, քնքշություն և լուսավոր թախիծ: Մթնշաղը այստեղ իրիկնաժամ է , իրիկնաժամի թեթև աղջամուղջը, ավարտվող լույսի և սկսվող մութի պահը, երբ երազներով տարված հաճելի է զբոսնել: Անուրջը երազանքն է, տեսիլքը, երևակայության մեջ ընկնելու պահը, երանելի զգացողությունների շուրջ լուռ մտորելը:

    Ժողովածուն բացվում է << Տխրություն >> բանաստեղծությամբ, որին հեղինակը մեծ կարևորություն է տվել: Վերնագիրը խորհրդանշական է ամբողջ ժողովածուի համար: Տխրությունը՝ թախծի, մենության, օտարվածության, անհուսության ապրումներով առկա է գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ: Տխրության ու թախծի ապրումները Տերյանը դարձնում է իր քնարական հերոսի գլխավոր հոգեբանական վիճակ:
    << Տխրություն >> բանաստեղծության մեջ Տերյանի օգտագործած բոլոր արտահայտությունները, ճերմակ աղջկան բնորոշ բոլոր հատկանիշները մեղմ տխրության, տերյանական տևական թախծի խորհրդանշաններն են: Ամեն ինչ ներկայացված է նուրբ երանգով, մեղմ անցումներով: << Շշուկ >> բառը կրկնվում է երեք անգամ, որ ինքնին հուշում է << Մթնշաղի անուրջների >> և Տերյանի ամբողջ պոեզիայի էությունը: Այստեղից պիտի ծնվեին « Աշնան մեղեդի », « Շշուկ ու շրշյուն » բանաստեղծությունները:
    Վերջին խմբագրող՝ manush: 16.04.2019, 15:59: Պատճառ: Գրառումների միացում

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (28.01.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անահիտ Բարխուդարյան (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019)

  7. #4
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Տերյանի հերոսուհուն մենք տեսնում ենք բնության գրկում. Նա անցնում է « ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով » , նրա անցնելը բանաստեղծը նմանեցնում է « թփերն օրորող » թեթև հովի, նա շշնջում է « արձակ դաշտերի ամայության մեջ » , նա սիրո խոսք է ասում « նիրհող դաշտերին » , նրա շշուկը փոխանցվում է ծաղիկներին, որոնք էլ այդ « սուրբ շշուկով» լցնում են բանաստեղծի սիրտը : Աղջիկը ինքը ևս բնության մաս էր, որ ձուլվում էր բնությանը (ծաղիկներին) և վերապրում բանաստեղծի էության մեջ:
    Տխրությամբ սկսված անուրջները մեկը մյուսի ետևից ներկայացնում են այն հոգեվիճակները, որոնք առաջացրել են այդ տխրությունը: Դա մե'կ հեռացած սերն է , մե'կ մահվան շունչը, որ հայտնվում է աշնան բազմապիսի պատկերներով, մե'կ լքված սրտի անծայր կարոտը… Մարդու էությունը տարրալուծված է հավերժության մեջ, և բանաստեղծությունից բանաստեղծություն ինքնագտնումի և ինքնաամբողջացման հնարավորություն է :

    « Մթնշաղի անուրջների » բոլոր բանաստեղծությունները եղերերգեր են ( էլեգիա), որոնք այս դեպքում ունեն խորապես անձնական բովանդակություն:
    Հատկանշական է «Էլեգիա» բանաստեղծությունը: Նրա քնարական հերոսի տխրությունը ոչ թե սիրտ մաշող, հոգին կեղեքող, հուսահատության կամ կյանքի նկատմամբ թշնամանք ծնող տրամադրություն է, այլ կյանքի կարոտով համակող հոգեվիճակ:
    … Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
    Թախիծս խաղաղ անուրջի նման.
    Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
    Էլ չեմ տրտնջում վիճակիցս ունայն …


    Փոխվում են բանաստեղծի տրամադրությունները: Հաջորդում է կեղեքող, սիրտ մաշող մի տրամադրություն, երբ ոչինչ չես ուզում, ոչ մեկի մասին չես մտածում: «Է~հ, Անտյա, ճշմարիտ, ինքս էլ չգիտեմ՝ այս ինչ է կատարվում ինձ հետ, միայն մի բան եմ ուզում՝ պառկել, պառկել, անվերջ պառկել ու նայել առաստաղին: Մոռանալ ամեն ինչ, ամեն ինչ մոռանալ և ոչնչի ու ոչ ոքի մասին չմտածել: Իմ մասին էլ չմտածել, հանգստանալ»:
    Այս տրամադրության ծնունդն է «Մոռանալ, մոռանալ ամեն ինչ» բանաստեղծությունը: Ընդհանուր թախծի այս մթնոլորտում այնքան սիրառատ բանաստեղծը ոչնչի և ոչ մեկի մասին չի ուզում մտածել: Գոնե մի վայրկյան թող կորչեն այդ սիրտ մաշող ու կեղեքող խոհերը, սերերը, հուշերը, ամեն ինչ: Կարծես թե զգում ես ընդհանուր քարացման պահը, երբ ամեն ինչ պետք է կանգ առնի այդ ոչ սովորական թախիծից:



    Մոռանա՜լ,մոռանա՜լ ամեն ինչ,
    Ամենքին մոռանալ,
    Չսիրել, չխորհել, չափսոսալ,
    Հեռանալ …


    Տերյանի թախիծն այն սովորական «ուրախություն պատճառող» թախիծը չէ: Այստեղ ամեն տողի մեջ զգացվում է անսահման տանջանք, ճնշող ու ցավ պատճառող թախիծ, երբ շուրջդ արդեն ամեն ինչ ճնշում է քեզ, նույնիսկ «օդ» չկա շնչելու: «Դուք հասկանում եք՝ ինչ բան է թախիծը: Անառիթ, անել, խոր, ծանր թախիծը: Դուք հասկանում եք: Դա գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում: Ամենուր նա է, նա ամենուր է՝ իմ մեջ, իմ շուրջը, իմ վերևը,ամենուր»: Այսպիսի պահերին բանաստեղծը փախչում էր իր մենությունից, փախչում էր դեպի փողոց, ընկերների ու բարեկամների մոտ: Փախչում էր ծովածավալ, սիրտ կեղեքող թախիծից, որը այնքան հաճախակի հետապնդում էր նրան: Տերյանը փորձում է բացատրել իր այդ տրամադրությունների պատճառը և գտնում է, որ դա միայնությունից է:

    «… Երբեմն ինձ վրա էլ է իջնում սարսափելի թախիծ: Ինձ թվում է, թե դա մենակությունից է: Թեև չգիտեմ: Երբեմն ես սոսկալի մենակ եմ լինում»: Միայնության մեջ նա համակվում է անցյալի հուշերով: Տաղտկահնչյուն ու միօրինակ օրերը բանաստեղծի հոգում արթնացնում են անցյալի խաբեական ցնորքները, որոնք անցել են անդարձ, դարձել հեռավոր հուշ ու մտապատրանք:

    Անցեք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ
    մոռացված էջ,
    Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ
    հոգու մեջ…
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:16:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019)

  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Անթվակիր նամակներից մեկում Տերյանը խոսում է իրեն պարուրած տրամադրությունների մասին: Այստեղ է նա իր այնքա՜ն հարուստ հոգով, կյանքի, աշխարհի, մարդկանց նկատմամբ ունեցած «հիվանդագին սիրով»: Այս նամակը կարծես մի քնքուշ թախիծով ողողված բանաստեղծություն լինի. «Այսօր անընդհատ անձրև է թափվում: Այսպիսի եղանակը միշտ թախիծ է բերում, ցավ է պատճառում:…Ասես քո սեփական հոգու ձայնը լինի, այլ կերպ չի էլ կարող լինել, ասես պատմում է քո մասին, քո անօգուտ ու տխուր կյանքի մասին, որը չգիտես՝ ով է լցրել մի տեսակ քնքուշ թախիծով և մի տեսակ աղոտ գեղեցկությամբ, որը ցավ է պատճառում և որից լավ ես զգում»:

    Թախծոտ աշունը ու բանաստեղծի հոգին միաձուլվել են իրար: Աշնան անձրևը Տերյանի հոգում փոխվում է «սրտակտուր հեկեկանքի»: Հիշողությունները ավելի ուժգին են իրենց զգացնել տալիս: Մի՞թե այս ամենից փրկություն չկա, մի՞թե չկա վերադարձի ճանապարհ: Բայց ոչինչ, թող արթնանան հիշողությունները: Տերյանն ամեն ինչում ընդունակ է գեղացկություն ու բարություն գտնել: Թող հիշողությունները խառնվեն իրար, միևնույն է, նա այդ ամենը սիրով է հիշելու:

    … «Ավելի լավ չէ օրհնել, և ընդունել, և չափսոսալ, և հոգիդ նվիրաբերել այն ամենին, ինչը գեղեցկությամբ է լցնում կյանքը: Կգա օրը և կհիշես, և այն, որ մեղք էր թվում, կերևա սրբություն ու գեղեցկություն և այն, որ ահ ու սարսափ էր , կդառնա քաղցր թրթիռ ու սեր, ու կյանք»:

    Ուժեղագույն զգացմունքներն ու ապրումներն էլ հզոր ժամանակի ազդեցության տակ փոխում են իրենց որակները, և այնքան հաճախ մեղք թվացող երևույթը դառնում է «սուրբ հուր», անցած սերերը՝ հուշ, իսկ չարածներիդ համար ափսոսանքն է գլուխ բարձրացնում:
    Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,
    Չարածներիդ համար պիտի ասես ափսոս, հազար ափսոս…
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:16:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019)

  11. #6
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    «Ամբողջ կյանքում անրջելը ճղճիմ բան է, բայց թախծի ու տրտմության պահին առանձնանալ և մենության հովանու ներքո լալ ու անրջել՝ դա հոգու պահանջ է:
    …Մենության անապատից դառնալ մարդկանց մեջ նորոգված ու լուսավոր, սերը սրտում և կյանքի ու աշխարհի ծարավով: Ես այս ամենը գրում եմ իմ մասին»: Կարճ ժամանակ անց այս տողերը պետք է չափածո դառնային.
    Եվ ահա կրկին զվարթ ու ջահել
    Դուրս ելա տխուր մենության բանտից…

    Տերյանը այստեղ արդեն մենությունը համարել է «բանտ», որտեղից դուրս է եկել «սերը սրտում և կյանքի ծարավով»: Աշնան հմայքով տարված, անձրևներից հոգեկան բավականություն ստացող բանաստեղծին այժմ կանչում է գարունը: «Մարդ դուրս գա լուսավոր դաշտ, աննպատակ թափառի… Շուտ պիտի գա գարունը, սիրելի, գեղեցիկ գարունը՝ արևոտ, լուսավոր, պայծառ…»:

    Փոխվել են տրամադրությունները: Տերյանը գնում է դեպի բնություն՝ ներանձնանալու նրա գրկում: Գարունը նրա մեջ վառել է կյանքի սեր, ծաղիկները ուրիշ են դարձել, ու անհայտ մի ձեռք կանչում է աշնան մշուշից: Տրամադրությունների փոփոխման հետ շրջապատը փոխել է իր գույները:

    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Իմ բացված սրտում հնչում է մի երգ,
    Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք:


    Տերյանին չի կարող բավարարարել միայն գարունը, նա գարնան հետ միասին ուզում է արև, լույս, երաժշտություն ու ջերմություն: <<Հիմա արև եմ ուզում, ավելի շատ լույս: Երաժշտություն եմ ուզում ու գուրգուրանք…>>: Բանաստեղծի հոգին <<պռնկեպռունկ>> լցված է անորոշ, երբեմն չհասկացվող թախիծով: Ըստ բանաստեղծի՝ այդ հոգեվիճակներից մարդ կարող է դուրս գալ միայն <<արտասուք թափելով>>: <<Աստված մարդուն կյանք է պարգևում, և ամեն ինչ տեսիլքի պես է, միայն աչք ու ականջ ունեցիր, որ տեսնես ու լաս… և լաս անվերջ, չէ՞ որ դա էլ երկնային պարգև է>>: Անծիր աշխարհի լաբիրինթոսները կորցրած բանաստեղծը գնում է դեպի միայնություն՝ հեկեկալու իր կորուստները, քանի որ նա հոգնել է մարդկանց ժխորից:


    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:17:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարգարյան Նաիրա (26.01.2019)

  13. #7
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տերյանին չի կարող բավարարարել միայն գարունը, նա գարնան հետ միասին ուզում է արև, լույս, երաժշտություն ու ջերմություն: <<Հիմա արև եմ ուզում, ավելի շատ լույս: Երաժշտություն եմ ուզում ու գուրգուրանք…>>: Բանաստեղծի հոգին <<պռնկեպռունկ>> լցված է անորոշ, երբեմն չհասկացվող թախիծով: Ըստ բանաստեղծի՝ այդ հոգեվիճակներից մարդ կարող է դուրս գալ միայն <<արտասուք թափելով>>: <<Աստված մարդուն կյանք է պարգևում, և ամեն ինչ տեսիլքի պես է, միայն աչք ու ականջ ունեցիր, որ տեսնես ու լաս… և լաս անվերջ, չէ՞ որ դա էլ երկնային պարգև է>>: Անծիր աշխարհի լաբիրինթոսները կորցրած բանաստեղծը գնում է դեպի միայնություն՝ հեկեկալու իր կորուստները, քանի որ նա հոգնել է մարդկանց ժխորից:


    Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
    Ուղիների մեջ իմ սերը կորած Էլ չորոնեմ:
    Մթնում մոլորված
    Դառը խոհերս գրկեմ, հեկեկամ,
    Անվերջ հեկեկամ…

    Միայնությունը Տերյանի համար եղել է հոգու պահանջ. <<Ես ինձ վատ չեմ զգում իմ միայնությունից և ոչնչից ու ոչ ոքից չեմ գանգատվում: Ուզում եմ երկար-երկար նստել ու խորհել: Ուզում եմ եղածը հանրագումարի բերել>>: Խոհերը նրան տանում էին տարբեր ուղիներով: Խորհում էր երաժշտության, մեր արքայական լեզվի, մարդու, այս <<պաղ լուսնի ներքո>> տեղի ունեցող երևույթների մասին:

    Իզուր չի խոսվել Տերյանի պոեզիայի երաժշտականության մասին, որպես բարձրագույն արժանիքի: Տերյանը շատ խորն է զգացել երաժշտությունը: Եթե բառերով նա արտահայտել է բոլորիս զգացումները՝ այն դարձնելով հավերժ մնայուն, ապա երաժշտության մեջ նրա զգացածը մնաց չնոտագրված, մնաց միայն իրենը: <<Ես սարսափելի հոգնել եմ… Վերջին ժամանակնես հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչ երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան>>:

    Այս տրամադրությունների ծնունդն են <<Փողոցի երգը>> և <<Աշնան գիշեր>> բանաստեղծությունները: Տերյան մարդուն շատ է հուզել թափառիկ երգչի երգը: Այնքան հարազատ է այդ երգը, որ թվում է, թե ինքն է հյուսել որպես մի արթնացած կարոտի կանչ:

    … Կարծես թե ես եմ այդ երգը հյուսել,
    Կարծես թե ես եմ լալիս այդ երգում,
    Կարծես թե քեզ եմ կարոտով երգում…


    Տերյանը քնքուշ սիրով է սիրել փողոցային երաժշտությունը. <<Անասելի սիրում եմ փողոցային երաժշտությունը: … Իմ մեջ այնքան հաճախ է հայտնվում թափառաշրջիկ, լյումպեն պրոլետար լինելու, առանց որոշակի մասնագիտության ամբողջ աշխարհում քարշ գալու, առանց տան, առանց կապերի, ազատ, շրջմոլիկ լինելու ցանկությունը>>:
    Այս կարծես «Առավոտ» բանաստեղծության արձակ շարադրումը լինի: Պատահական չէ, որ այս տրամադրությունները բանաստեղծի հոգում արթնացել են արշալույսին, երբ ամենուր փռվել է նրա «դյութական,զով համբույրը», և «հոգին գինով է մի նոր երազով»: Իսկ ինչ է ներշնչում այս ամենը.



    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տերյանը քնքուշ սիրով է սիրել փողոցային երաժշտությունը. <<Անասելի սիրում եմ փողոցային երաժշտությունը: … Իմ մեջ այնքան հաճախ է հայտնվում թափառաշրջիկ, լյումպեն պրոլետար լինելու, առանց որոշակի մասնագիտության ամբողջ աշխարհում քարշ գալու, առանց տան, առանց կապերի, ազատ, շրջմոլիկ լինելու ցանկությունը>>:
    Այս կարծես «Առավոտ» բանաստեղծության արձակ շարադրումը լինի: Պատահական չէ, որ այս տրամադրությունները բանաստեղծի հոգում արթնացել են արշալույսին, երբ ամենուր փռվել է նրա «դյութական,զով համբույրը», և «հոգին գինով է մի նոր երազով»: Իսկ ինչ է ներշնչում այս ամենը.

    Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
    Զվարթ ու թեթև թափառել ազատ,
    Եվ ոչ հայրենիք,ոչ տուն ունենալ,
    Ոչ անուն, ոչ զենք, ոչ փառք, ոչ արծաթ:


    Շարքից շարք փոխվում է Տերյան բանաստեղծի տրամադրությունը: Կարդալով «Մթնշաղի անուրջները»՝ մտածում ես, թե ինչ լավ է,որ աշխարհում կա սերը՝ տանջանքի, բեկումի ու թախծի դեմ հավասարազոր, և ավելին, նրանց հաղթած մարդու ապավենը: Այս բանաստեղծությունները մի-մի անրջանք են, բյուրեղացած երազանքի պահեր, մարդկային հոգու ամենանուրբ, ամենախոր պահերի բանաստեղծականացված պատկերներ:

    «Գիշեր և հուշեր» շարքի բանաստեղծությունները ընթերցելիս հոգիդ մի տեսակ անհասկանալի թախիծ է թափանցում, ափսոսանք ես զգում չիրականացած երազներիդ համար, որ ճնշում է սիրտդ: «Մթնշաղի անուրջների» երազային ու քնքուշ պահերից հետո մի տեսակ ցավ ես ապրում, տառապում, հասկանում ես բանաստեղծի տանջանքները, բեկված երազները, ասես դու էլ ես գիշերի ու խավարի մեջ մոլորված և ճանապարհների լաբիրինթոսում դուրս գալու ուղին չես գտնում, բայց զգում ես վեհ, սիրտը մաքրող, ազնվացնող տառապանքը, հոգումդ զգում ես աշնան ու անձրևի լացը, հասկանում ես բառերի չփոխարկված զգացումներն ու «անիծված կյանքի հեքիաթները», որոնք ամոքում են որոնում: Ու հիշում ես բանաստեղծի խոսքերը.

    Ես տառապանքս բախտ եմ համարում
    Եվ ծիծաղում եմ ձեր բախտի վրա:


    Հակասական են բանաստեղծն ու մարդը իր հոգու բարդ շարժումներով: Եթե «Մթնշաղի անուրջներում» լուսավոր,երազային թախիծն է իշխում, «Գիշեր և հուշերում»՝ սիրտը տանջող, ցավ պատճառող թախիծը, ապա «Ոսկի հեքիաթ» շարքում այս տրամադրություններն երբեմն-երբեմն միախառնվում ու հաջորդում են իրար: Քնարական հերոսի հոգին մերթ լուսավոր է, մերթ խավար, մերթ մահն է օրհներգում, մերթ կյանքը. տանջալից տխրությունը դարձել է անուշ մի զգացում և այլևս ցավ չի պատճառում: Առօրյա հոգսերը մոռացած բանաստեղծի հոգին ճնշում են չիրականացած ցանկությունները: Տերյանը հաղթահարում է նաև այս հոգեվիճակը, նա գտնում է իր վիշտն ու երազները հասկացող մի հարազատ հոգի, որին տենչացել էր ու իր տառապնքի ուղիներում չէր գտել:



    Աղբյուր՝

    1. Էդվարդ Ջրբաշյան. «Չորս գագաթ», «Սովետական գրող», Երևան, 1982
    2. Հրանտ Թամրազյան. «Վահան Տերյան», «Սովետական գրող», Երևան, 1985
    3. Վահան Տերյան. «Երկեր», «Սովետական գրող», Երևան, 1989
    4. Վաչե Պարտիզունի. «Տերյանը ժամանակակիցների հուշերում», «Սովետական գրող», Երևան, 1960
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 18:13:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Ալոյան Գոհար (24.01.2019)

  15. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Եվ որքան էլ Տերյանը մթնշաղ ու մշուշ երգի, որքան էլ նրա «հիվանդ» հոգին չուզենա հիշել անցած հույզերն ու տառապանքները, որքան էլ չհավատա ու կասկածի, որ իր հոգու համար «արշալույսներ» չկան, այնուամենայնիվ Տերյանը իր մեջ այնքան լուսավոր թախիծ է ներառել, որ կարդալով՝ ավելի շուտ լուսավորվում, նորովի ու գեղեցիկ ապրելու ցանկություն ենք ունենում, մեր զգացմունքներն ու երազանքները հղկելու, ազնվացնելու անհրաժեշտություն զգում: Սրտմաշուկ տխրությունը մեր հոգում մի կարճատև ընթացք է ունենում, այն ի վերջո նստվածք է տալիս մեր մեջ որպես գեղեցկություն, մաքուր սիրո ձգտում ու անրջանք:

    Տերյանի ստեղծագործությունը մարդկային հոգին է իր բոլոր կողմերով՝ ելևէջումներով ու մակընթացություններով: Այն կհուզի մարդկանց՝ բերելով նրանց հոգուն անդորր, կսովորեցնի ու նույնիսկ կստիպի առօրյայից դուրս գալ դեպի բարձր երազի ոլորտները: Առանց մարդկային լուսավոր հոգու չէին ծնվի ժամանակի քննությունը բռնած այս բանաստեղծությունները:

    Տերյանի պոեզիան խոր հետք է թողել իր ժամանակի և հետագա շրջանի հայ բանաստեղծության վրա ու ընթերցողների սրտում: Տերյանի՝ մարդկանց առջև փռած
    << լուսավոր գանձերը >>, նրանց սրտում վառած անմար կրակները և կարոտի լուսավոր կանթեղը, ինչպես Չարենցն էր ասում՝ երբեք չի աղոտանալու, հավերժ լուսավորելու է հայ մարդու հոգևոր ուղիները:
    is.jpg

    Տերյանը միշտ կմնա բոլոր ժամանակների համար որպես լուսավոր ու մեծ երազող:is (1).jpg

    «…Եվ նորից կզգանք, որ
    Մեր սրտին դու մո՛տես
    Մորմոքող հրի պես մեր
    Հիվանդ արյան,
    Որ լուսե երգին քո մեր
    Հոգին կարոտ է,
    Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
    Վահան Տերյան…»:
    Եղիշե Չարենց

    «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:19:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (24.01.2019)

  17. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:

    Պարույր Սևակ

    «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

    Ավետիք Իսահակյան

    «Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

    Վալերի Բրյուսով

    Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
    Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

    Հովհաննես Թումանյան
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:20:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
    Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
    Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
    Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...

    Եղիշե Չարենց

    Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։ Եվ այժմ էլ նա մշտապես այցելում է մեզ՝ շռայլորեն պարգևելով կաոտանք ու սեր, անմար երազներ ու ցնորքներ։
    Սա է բանաստեղծի իսկական անմահությունը:

    Էդվարդ Ջրբաշյան

    Բանաստեղծի մեծությունը նրա հոգու խորության մեջ է, նրա ժողովրդի խորության մեջ է, նրա ժողովրդի էության մեջ, և դա պայմանավորում է նրա համամարդկայնությունը...
    Վահան Տերյանը անմահ է...

    Հովհաննես Շիրազ

    Ով մի անգամ խմել է Վ. Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք ու երբեք չի մոռանա նրա երգերի մեղմությունը, նրա հուզիչ աշխարհի ջերմությունը, նրա բանաստեղծությունների հմայիչ նվագակցությունը;
    Գեղամ Սարյան


    ...Նա բանաստեղծ էր, խոշոր բանաստեղծ, ուստի և հարազատ ոչ միայն արյունակից սրտին։ Բանաստեղծ մնում է այստեղ մեզ հետ նաև փոքրածավալ այս «արևի կտոր» Ռուսթավելի Շոթայի կերտվածքի մասնակի թարգմանության մեջ։
    Նիկողայոս Մառ


    Նա փորձեց հայ պոեզիայի սեփականութունը դարձնել այն ամենը, ինչ ձեռք էր բերել եվրոպական պոեզիան վերջին տասնամյակի ընթացքում։

    Վալերի Բրյուսով

    Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները... Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում... կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում... Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով... Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել...
    -Օ՜, հեռու ընկե՛ր իմ... Վահա՛ն Տերյան...

    Եղիշե Չարենց
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 00:24:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 22-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ / ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ…/
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 10.03.2019, 11:32
  2. Հովհաննես Շիրազը և Գյումրին
    Հեղինակ՝ Zhanneta, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 01.03.2019, 15:34
  3. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Բնագիտություն
    Գրառումներ: 203
    Վերջինը: 28.04.2018, 19:16
  4. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 14.03.2018, 18:35
  5. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •