+ Կատարել գրառում
Էջ 11 13-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՐՄԱՐՎԵԼ ԱՇԱԿԵՐՏԻՆ

  1. #101
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Մանկուց երազել եմ գրքում հայտնվել

    1819c74261.jpg

    Նա սիրում է հարցեր տալ իր ուսուցչուհուն, իսկ ես պատրաստակամ պատասխանում եմ նրան, նաև սիրում եմ նրա համարձակությունը, որ գալիս է իր ակտիվ կենսադիրքից: Պատահում է՝ դասերի հետ կապված՝ դիտողություն եմ անում նրան, բայց նա միշտ ժպտերես է, ու երբեմն մեղմ ժպիտների բույլով եմ տեսնում նրան, որ դառնում է իմ դիտողությունների արձագանքը: Որքան զարմանալի են նրա հարցումները, նույնքան էլ անակնկալ դարձան նրա այս տողերը, որ ուղարկեց ինձ 11-րդ ա դասարանի աշակերտ Գոռ Ավագիմյանը:

    «Լինել ուսուցչի ուշադրության ներքո, հայտնվել նրա հեղինակային գրքում, և նույնիսկ՝ Լոս-Անջելեսի հայկական կայքերից մեկում... Կարծում եմ, այսքանից հետո մարդիկ ունենում են հաճելի ապրումներ։ Սակայն նրանք, ովքեր չեն արժանանում այդպիսի ուշադրության, կա՛մ երազում են և անում են հնարավորինս՝ այնտեղ հայտնվելու համար, կա՛մ էլ այդ հարցը երևի նրանց, ընդհանրապես, չի հուզում։

    Ուրախալի է, երբ սոցկայքում նյութ է տեղադրված, և այդ նյութի «հերոսը» կամ «հերոսուհին» հենց քո համադասարանցին է։ Իհարկե, մի պահ փոքր-ինչ «նախանձում ես», սակայն հասկանում ես, որ որոշ ժամանակ անց դու էլ կլինես նյութերից մեկում։ Ես ամենևին էլ չեմ շտապում, բայց կարծես շատ եմ ուզում հայտնվել այնտեղ, որտեղ արդեն հայտնվել են դասնկերներիցս շատերը։

    Մինչ տիկին Պողոսյանի մեզ դասավանդելը՝ այնքան էլ չէի հետաքրքրվում նրա նյութերով, որքան հիմա: Ցանկանում էի մոտենալ նրան, և հարցնել. «Ինչու՞ Ձեր ուշադրության կենտրոնում չեն հայտնվում այն աշակերտները, որոնց Դուք չեք դասավանդում», սակայն համարձակություն չունեի կամ էլ ամաչում էի։ Օրեր առաջ այդ հարցն ուղղեցի ուսուցչուհուս և ստացա դիպուկ ու, միաժամանակ, հետաքրքիր պատասխան։ Իրոք, եթե չի դասավանդում ու չի շփվում, ինչպե՞ս կարող էր գրել նրանց մասին:

    Դեռ անցյալ տարիներին ես հայտնվել էի նյութերից մեկում, սակայն պատճառներն ուրախալի չէին: Այդ նյութից ստացածը միայն զղջման ու մեղքի զգացում էր. անունս չկար, բայց հասկացա, որ իմ մասին էր: Ափսոս, որ դեռ չեմ զգացել այն հաճելի զգացումը, որ զգացել են դասընկերներս։ Նույնիսկ, չգիտեմ՝ դրանք աննկարագրելի՞ են, թե՛ ոչ:
    Ես համամիտ եմ այդ նյութերը գիրք դարձնելուն։ Գիրքը պահպանվելու է։ Իսկ նյութերը ժամանակի ընթացքում փոխարինվելու են նորերով։ Մեր ապագա սերունդը, թեկուզ և իմ երեխան, կկարողանա հեշտությամբ բացել գիրքն ու ընթերցել։ Մանկուց երազել եմ լինել գրքի հերոսներից մեկը, թեկուզ այդ գիրքը մեկ էջանոց լինի:

    Տարիներ անց միգուցե իմ երեխային կպատմեմ անցկացրած տարիների մասին։ Կպատմեմ իմ ուսուցչուհու մասին, ով ի կատար ածեց մանկության երազանքս։ Ցույց կտամ գիրքը և այն տողերը, որտեղ նշվում է իմ անունը։ Կպատմեմ նաև ուրիշներին, ցույց կտամ նրանց և ինձ լավ կզգամ։ Ես դեռ չկամ այդ գրքում, բայց ինձ պատկերացնում եմ այնտեղ։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ տասնյակ տարիներ անց թերթում հնացած էջերն ու կարդում այն տողերը, որոնք գրվել են իմ կողմից։ Կկարդամ և, միառժամանակ, կհիշեմ ուսուցչուհուս, դասընկերներիս։ Պատկերացնում եմ նաև, թե ինչպես ենք տարիներ հետո հավաքվել դասընկերներով, և մեր կողքին դրված է «Մանկավարժի օրագիրը»: Կնայենք գրքին, վերապրենք այն օրերը, որ ունեցել ենք տարիներ առաջ»:

    Գոռի երազանքը ցանկացա կատարել: Այն հրապարակային դարձրի, շատ-շատերին տեսանելի՝ ուղարկելով ինձ հարազատ դարձած կայքին: Չնայած հրատարակվելիք նոր գիրքը մեկ էջանոց չի լինի, բայց այս նյութը իր տեղը կունենա այդ գրքում, որ տարիներ հետո նա հնարավորություն ունենա թերթելու այդ օրագիրը՝ իր անցած դպրոցական օրերի հիշողություններով:

    http://www.usarmenianews.com/am-n-10000.html

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hasmik.Vardanyan (11.02.2019)

  3. #102
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՐՄԱՐՎԵԼ ԱՇԱԿԵՐՏԻՆ

    Ես ուրախ եմ, որ այսօրվա մանկավարժությունն աշակերտին չի հարմարեցնում դասանյութին կամ ուսումնական ծրագրով նախատեսված նյութերին: Հենց դա է ինձ օգնել, որ ունենամ իմ սեփականը, և իմ մանկավարժությունն ինձ ասում է, որ ես` որպես մանկավարժ, իմ գործունեությամբ երբեմն ինքս պետք է հարմարվեմ աշակերտներին` նրանց համար ինքնաարտահայտման արդյունավետ պայմաններ ստեղծելով:

    Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի միտքն եմ ընթերցում մանկավարժության մասին. «Մանկավարժությունը խորամանկ և դատարկ գիտություն է, որը երբեք իր նպատակին չի հասնում»:

    Որքան էլ անսովոր են հնչում տողերը, փորձում եմ հասկանալ, թե նա ինչ է ցանկացել ասել իր այս արտահայտությամբ: Նրա հաջորդ միտքը ավելի պարզ է ու հասկանալի. «Մանկավարժությունը գիտություն է այն մասին, թե ինչպես վատ ապրելով` երեխաների վրա լավ ազդեցություն ունենալ: Սա նույնն է, թե բնության օրենքներին հակառակ ապրելով` փորձես առողջ օրգանիզմ ունենալ»:

    Հաջորդ տողերն արդեն ինձ տանում են ճշմարտության, որ երբեմն ականատես ենք լինում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում: «Դաստիարակության դժվարությունները կայանում են նրանում, որ ծնողները չշտկելով սեփական թերությունները, փորձում են այդ նույն թերություններն արմատախիլ անել երեխայի ներսից»:

    Պարզվում է` գրողը երբևէ դաստիարակության մասին չի գրել, բայց նրա կարծիքով. «Դաստիարակության էությունը լավը սեփական պահվածքով, շարժուձևով ցույց տալն է: Միայն սեփական օրինակով մարդիկ կարող են ազդել այլոց վրա և կրթել նրանց. առավել ևս` եթե խոսքը երեխաների մասին է: Երեխաների հետ ուղիղ և անկեղծ լինել, չթաքցնել հոգում եղած իրական հույզերը, սա է դաստիարակության միակ ճիշտ ձևը»:

    Այս վերջին տողերն ինձ չափազանց հոգեհարազատ են հնչում, բայց մանկավարժության «խորամանկ և դատարկ գիտության» մասին արտահայտությունն ինձ տանում է նաև դեպի իմ սեփական մանկավարժական փորձը, որտեղ երբեմն սահմանումներից ու օրենքներից դուրս հարաբերություններ կան, որ մոռացության եմ տալիս, ձգտում ապրել իրական կյանքով, մեր օրերի` իմ աշակերտներին անհանգստացնող հույզերով ու նրանց ապրումներով...

  4. #103
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԱՆԳՐԱԳԵՏ ԵՄ

    551.jpg
    Իմ աշակերտի պատասխանն ինձ անակնկալի բերեց: 6-րդ դասարանում բոլորիս կողմից սիրված, բայց երբեմն դասերին անպատրաստ ներկայացող իմ սանիկին հարցրի, թե ինչն է պատճառը, որ տնային առաջադրանքը չի կատարել: Երբ լսեցի նրան, մի պահ ինձ կորցրի. «Որովհետև ես անգրագետ եմ»: Հարցնում եմ. «Բայց ինչու՞ այդքան խիստ քո նկատմամբ»:
    Նա լուռ էր, ինձ չպատասխանեց, իսկ ես շարունակում եմ. «Հոգուս վրա նստվածք տվեց ասածդ, ինձ թվաց` ես մեղավոր եմ այդ հարցում»:
    Այստեղ արդեն նա ինձ արձագանքում է. «Այդ ես եմ մեղավորը, որ ոչինչ չեմ ուզում անել»:

    Մի անսովոր թեթևություն զգացի, երբ հաջորդ օրը նա ներկայացավ տնային առաջադրանքը կատարած, նույնիսկ նախորդ օրվա առաջադրանքն էլ էր կատարել` ավելի գեղեցիկ, ընթեռնելի ձեռագրով գրված: Չնայած գովում եմ նրան, բայց նորից հոգումս արձագանք է տալիս նրա խոսքը` որովհետև ես անգրագետ եմ...

    Այդ օր աշակերտներին առաջարկեցի մայրենի լեզվի մասին յուրաքանչյուրը մի լավ ձևավորված միտք արտահայտի: Համարյա բոլորին լսում եմ, իսկ նա լուռ է, կողքի աշակերտուհին բարձրաձայնում է, որ նա գրել է, բայց չի ուզում ասել: Եվ ես ընթերցում եմ այդ տողը, ընդամենը երեք բառ, ու ես հիացած սկսում եմ սիրել այդ բառերը... Իմ աշակերտի գրչի շարժումներով այն միտք էր դարձել, ու ես չնկատելու եմ տալիս նույնիսկ բառերից մեկի սխալ գրությունը: Իրար կողքի եմ դնում միմյանց հակասող այն երկու միտքը, որ իմ սանիկն է ասել, և հանկարծ գլուխ է բարձրացնում այս մեկը. «Հայոց լեզուն սխրանքիս բույնն է»:
    Եվ ես ուզում եմ նրան նորից լսել, ու դրա կողքին մի նոր միտք է ծնվում, որ նա ավելացնում է այդ տողին. «Հայոց լեզուն իմ հոգու ճիչն է, նա կյանքն է ամեն մի հայի...»:

    Մի ամբողջ դասարան հիացած է, ու ես ուզում եմ ասել, որ իմ հոգին էլ ճչում է ուրախությունից, երբ ինքդ հաստատեցիր, որ դու անգրագետ չես:

    Հետաքրքիրը վերջաբանն էր...Արարատ լեռան մասին տրված նոր դասանյութին զուգահեռ` կամաց լսվում է նրա երգեցիկ ձայնը, ու միանգամից ամբողջ դասարանը ձայնակցում է նրան. «Արարատը մեր լեռնա, Եղեռնը թուրքի բեռնա, Պիտ ճանաչեն աշխարհով, երդվենք անմեղ զոհերով...»:

    Հիացմունքս հազիվ եմ զսպում, զգում եմ, որ իմ աշակերտներն իմ ձեռքից այս դասաժամը վերցրել են, իրենց երգով իրենք են առաջ տանում այն, իսկ ես ուրախ եմ, նայում եմ իմ երգող սանիկին և մտածում` երևի Գևորգն այսուհետ իրեն անգրագետ չի համարի:

  5. #104
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    ԱՆՇԱ՛Հ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

    64.jpg

    Օրեր առաջ էր: Աշակերտների հետ վերջին օրերի միջոցառումներից էինք խոսում, նորից նրանց ուշադրությունը սևեռվեց մեր համերկրացի արձակագիր Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի քննարկմանը: Մի տեսակ լարված և շատ ուշադիր լսում էին:

    Իմ զրույցից հետո անխոս հայացքներ եմ նկատում, կարծես ուզում են նորից լսել: Լռությունը խախտում եմ ես. «Ինչ եք զգում այս պահին»: Անհասկանալի շարժ նկատվեց դասարանում, յուրաքանչյուրը յուրովի մտքերի մեջ ընկավ, բայց ուշադրությանս արժանացավ այս մեկը, որ ասված էր հոգով, սրտի անկեղծ թելադրանքով. «Շնորհակալ եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, որ այս օրերին պատմեցիք մեզ մի մարդու մասին, ում նկատմամբ կյանքը դաժան է եղել և իր ստեղծագործություններով սիրված է բոլորի կողմից: Ես չեմ տեսել գրողին, բայց ընդունում եմ նրան իմ պապիկի պես»:

    Ընդհատում եմ ընթերցումս, ուշադիր նայում աշակերտիս, հոգիս բերկրանքով է լցվում, բայց նաև անհանգիստ մտորում եմ, իսկ գուցե նա կյանքից նոր հեռացած իր պապիկի՞ն է կարոտում: Այդ պահին աշակերտների այս ու այն կողմից լսվող ձայներն եմ լսում...Իմ սաստող հայացքը նրանց լռեցնում է, բայց րոպե առաջ ուզում եմ կարդալ մյուս տողերը. «Ես ինձ հանգիստ եմ զգում Ձեր դասերին, զգում եմ հոգու հանգստություն, անսահման պարզություն եմ տեսնում: Անշա՛հ ուսուցչուհի, Ձեր նման երկուսը կան իմ կյանքում` Աստծված և մայրս: Ես սիրում եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան»:

    Անսահման սիրով նայում եմ նրան, ուզում եմ ինչ-որ խոսքեր մրմնջալ, կարծես չի ստացվում, բայց լռության մեջ գրկում եմ նրան անխոս, անշշուկ...
    Հաջորդ օրը 7-րդ դասարանում հայացքս ուղղում եմ դեպի իմ աշակերտ Արեգ Ստեփանյանը, ուշադիր նայում է ինձ, իսկ ես, գուցե և զարմանալի դասարանի մյուս աշակերտների համար, նրան շնորհակալություն եմ հայտնում: Բոլորն ուշադիր նայում են մեզ, իսկ նա` ձեռքերը դրած նստարանին, ուղիղ կեցվածքով նստած, հանկարծ բարձրաձայնում է. «Ես երեկ ճիշտ եմ ասել, տիկի՛ն Պողոսյան, շատ անկեղծ, իրոք, սիրում եմ Ձեզ...»:

    «Ինչքա~ն լավ է, որ ես ուսուցչուհի եմ, և նա սիրում է ինձ»,-ներքուստ մտորում եմ... Նույնքան լավ է, որ ես 5-րդ դասարանում արտասվել եմ, երբ «Գիքոր» եմ ընթերցել: Այո՛, շատ լավ է, որ այդ օրվանից էլ որոշել եմ ուսուցչուհի դառնալ, և ինչքան շատ բաներ կան, որ ինձ ուսուցչուհի են դարձրել ու շարունակում են ուսուցչուհի պահել...

    http://usarmenianews.com/am-n-1905.html

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hasmik.Vardanyan (13.02.2019)

  7. #105
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում

    05f08436a.jpg

    Առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլում հայոց լեզվից և գրականությունից բարձր միավոր վաստակած 11-րդ գ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի շարադրության տողերը դպրոցի ստուգող հանձնաժողովի անդամ ուսուցիչներիս ուշադրությանն արժանացան: Հարցաշարի վերջին առաջադրանքը՝ շարադրություն գրել «Երբ սահմանի մոտ եմ ապրում» վերնագրով, նա հասցրել էր գրել րոպեների ընթացքում՝ դրանով իսկ արտահայտելով իր հասակակիցների ու բոլորիս անհանգիստ ապրումները, երբ սահմանի մոտ ենք ապրում:

    «Ամեն նոր բացվող արևածագի հետ հոգիս ցնծում է, երկնքից ճառագող լույսը կենդանություն է պարգևում իմ աննշույլ հույսին, շուրջս տիրող խաղաղությունն հանգստություն է բերում ալեկոծվող հոգուս, մինչ գիտակցում եմ, որ դա կարող է տևել վայրկյաններ, որ, հիրավի, երանելի է այդ խաղաղ առավոտը։ Երբ ապրում ես սահմանի մոտ, անհնար է չուրախանալ անգամ նոր բացվող այգով, բայց միևնույն պահին՝ այդ խաղաղության շղարշի տակ սահմանն է, սահմանում կանգնած զինվորը։ Լոկ ըմբոշխնել չէ պետք այդ խաղաղ վայրկյանները, պետք է դառնալ դրանց ջատագովը, գնահատել և աչքի առջև միշտ ունենալ այն «համազգեստով» մարդուն, ով կերտում է այդ խաղաղությունը:

    Երբեմն մտածում եմ՝ ես իրավունք ունե՞մ տխրելու, իրավունք ունե՞մ տրտնջալու իմ անձնական ապրումների համար, երբ սահմանում անայլայլ վիճակ է, երբ հայրենիքի ճակատագիրը դեռ անորոշ է:

    Սահմանում ապրելով՝ երբեմն պետք է մեր մեջ անողոքաբար խեղդենք անձնական հույզերը և ապրենք սահմանում ապրող զինվորի ցավով, նրա ճակատագիրը դարձնենք մերը և ապրենք անանձնական ուրախությամբ։ Բայց մի՞թե ես մսից ու արյունից չեմ, մի՞թե քարից եմ, չեմ կարող բռնկվել, երբ խոցել են, արտասվել, երբ մտքերս խեղդում են ինձ, երբ ինձ մենակ և անօգնական եմ զգում։ Ներքին ձայնս սաստում է ինձ, որ իրավունք չունեմ, և շղթայում է ձեռքերս ու հոգիս, մինչ սիրտս ուզում է ապրել բոլորի նման խաղաղության օվկիանոսում։ Պետք է սփոփվել միայն նրանով, որ խաղաղությու՞ն է, բայց ինչու՞ մենք պետք է աշխարհից աղերսենք խաղաղություն, եթե ունենք խաղաղ ապրելու իրավունք։

    Աշխա՜րհ, դու ինձ լսու՞մ ես, բայց ուզում եմ, որ խուլի պես չլռես, այլ՝ ինձ հասկանաս։ Ես ապրում եմ սահմանում, այնտեղ, որի կողքին քո խաղաղ երկրների պես ծովեր կամ նեղուցներ չեն...Սա «սահմանն» է անորոշության, «սահմանը»՝ անողոքության ու անմարդկայնության։ Ես ուզում եմ հատել այդ «սահմանը», մի մեծ անջրպետ դնել և հայրենիքս դարձնել «ան-սահման»: Կգա՞ այն օրը, երբ գիշերը՝ քնելուց առաջ, կնայեմ երկնի լուսատու ջահերին, չեմ հիշի, որ կա մի չարիք, որից անգամ այդ ջահերը կարող են կուչ գալ...Կգա՞ այն երանելի օրը, երբ կաղոթեմ ոչ թե սահմանի, այլ՝ հայրենակիցներիս հոգիների ներքին խաղաղության համար։ Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում»:

    Վերջին տողը կրկնում եմ հուզված ու մի քանի անգամ, որ Սպասումը բոլորիս հոգում ծվարած ցավ է դարձել, ապրելու հույս, բայց անվերջ սպասում ենք ու՞մ, ինչի՞ն, որքա՞ն...Մի կյա՞նք, թե՞ մի քանի կյանքեր, որ խաղաղությունը մեր սեփականը դառնա, ու հայն իր հողում ապրի խաղաղ, մի նոր բարեկեցիկ կյանքով, որ բոլորիս երազանքն է դարձել:

    http://www.usarmenianews.com/am-n-10153.html

  8. #106
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605
    Տարիների իմ փորձը ցույց է տվել, որ պետք է պահել «ոսկե միջինը», հարաբերությունների այն անհրաժեշտ հեռավորությունը, որով ոչ թե ստատուսային շփումներ ենք հաստատում աշակերտների հետ, այլ պահպանում ենք մանկավարժական հաղորդակցման կանոնները: Մանկավարժական հաղորդակցումը չպետք է ունենա սխալ բացատներ, որոնցում կարող է ծնվել ուսուցչի կերպարային ազդեցության կորստի վտանգը:

    Չգիտեմ` առայսօր ինձ որքանով է հաջողվել այս տարածքում ներկայացնել մեր դպրոցն ու այնտեղ սովորող աշակերտներին, բայց միշտ էլ զերծ եմ մնացել թերությունների վերհանումից, որ ամենուր էլ առկա են, և որոնց երբեմն մենք էլ առնչվում ենք: Նպատակ չեմ ունեցել ներկայացնելու իդեալական ուսուցչի կամ դպրոցականի կերպար, բայց փորձել եմ իմ գրառումներում կերտած իրական կերպարներով տեսնել յուրաքանչյուրի մոտ լույսի այն շողը, որը կարող էր ավելի մեծանալ ու նոր տարածքներ ընդգրկել:

  9. #107
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Մանկավարժի բարդ ու դժվարին մասնագիտությունը

    Ամեն ուստարի իր հետքն է թողնում մեր հիշողություններում, ամեն անգամ ի մի ենք բերում մեր արածն ու թողածը, սակայն միշտ կանգնում ենք մի ճշմարտության առջև, որ ուսուցչի աշխատանքը դժվար է, բայց նուրբ, աշխատատար է, երևի թե՝ ոմանց կողմից էլ չհասկացված, թե ինչերի միջով ենք անցնում տարբեր ընտանիքների նույնքան տարբեր դաստիարակություն ունեցող երեխաների հետ: Տարիներ շարունակ հղկում ենք կերպարներ, ուսման ու դաստիարակության բարդ գործընթացում ձգտում հաշտ ու համերաշխ լինել դպրոցականի ու նրա ծնողների հետ ունեցած հարաբերություններում: Բայց այդ ո՞ր մի մասնագիտությունն է պահանջում այսպիսի զգոնություն մաքրամաքուր հոգիների կերտման համար, կամ ո՞վ է ամեն անգամ դասարան մտնող ուսուցչի տրամադրությունը հարցնում, որ զսպում, թաքցնում ենք, երբեմն մեր դեմքի արտահայտությունից մեզ հասկացող դպրոցականի հարցումին մեղմ ժպիտով արձագանքում:


    Ուսուցչի կեցվածքն ուշադրության կենտրոնում է, բայց երբեմն ամաչում ենք, որ պատահական հայտնված կավճի հետքը սրբում ենք մեր հագուստից՝ դեռահասի «դիտողությամբ»: Լինում է նաև դասի ավարտի զանգը հնչել է, շտապ դուրս ենք գալիս դասարանից, մեր հետևից կանչում են, ինչ-որ իր, գուցե գիրք կամ տետր մոռացել ենք, թողել սեղանին, վերցնում, բայց նաև ամաչում ենք մեր մոռացկոտության համար: Մեզանից անկախ մեր ձայնը բարձր է հնչում, գուցե անհանգիստ ապրած օրվա հոգու պոռթկում է, բայց մեզ ուղղված զարմացական հայացքները, թվում է, սաստում են մանկավարժներիս, ու նորից «ուշքի ենք գալիս», մեր զգոնությունը պահում:

    Արդյո՞ք միշտ է, որ դպրոցականը կարողանում է իրեն դրսևորել կարգապահական վայել կեցվածքով: Երբեմն երկընտրանքի մեջ ենք հայտնվում. որտե՞ղ է ծնողի կամ ուսուցչի սխալը, որ պետք է կարողանալ ժամանակին շտկել: Մեր առջև նստած դեռահասին կենսուրախ ենք տեսել միշտ ու հանկարծ նրա աչքերում ադամանդի պես շողացող արցունքի կաթիլ ենք տեսնում, մեր հոգին տխրում է ցավից, ու փորձում ենք կարեկից լինել նրա անհանգիստ ապրումներին, որ հնարավոր է նույնիսկ ծնողն էլ տեղյակ չլինի նրա անձնական հույզերին: Ամիսներով աշակերտը դաս չի սովորում, պատահում է՝ ծնողն էլ չի կարողանում ազդել իր երեխայի վրա ու «անարգանքի սյունին է գամվում» ուսուցիչը, որ հանկարծ անբավարար է գնահատել նրան բոլոր նրանց կողքին, ովքեր հասցնում են թույլ կարողություններով հանդերձ՝ իրենց նվազագույն դրական գնահատականն ապահովել:

    Ուսուցիչը երբեմն բարդ ու խրթին հանգույցներում հայտնվող անհատականություն է, ով պետք է յուրաքանչյուր իրավիճակից պատվով դուրս գա, որ երբեմն ստեղծվում են աշակերտների և նրանց ծնողների հետ հարաբերություններում: Ուսուցիչը հանդուրժող է, ներողամիտ, բայց ոչ միշտ է այդպիսին ընկալվում շրջապատի կողմից: Համոզված ենք, որ մեր նկատմամբ հարգանքն ու պատիվը ձեռք ենք բերում մեր իսկ մանկավարժական ճիշտ գործունեությամբ, դժվարությունների հաղթահարման մեր ընտրած ճիշտ ճանապարհով, դեռահասների հետ ունեցած փոխադարձ հասկացվածությամբ, ծնողների հետ հարաբերությունների անհատական մոտեցմամբ, որ նկատելի է մեր շրջապատում:

    http://www.usarmenianews.com/am-n-9057.html

  10. #108
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Հոգետանջ մի ինքնաբացահայտում…Այդ որտե՞ղ ենք սխալ թույլ տվել

    Որտե՞ղ ենք սխալ թույլ տվել, որ երբեմն բացառիկ դեպքերի ենք առնչվում, մնում զարմացած: Սերնդի մոտ ինչու՞ են լինում նման հարցումներ:

    Չարենցի «Դանթեական առասպել» պոեմն ենք ուսումնասիրում 11-րդ դասարանում: 18-ամյա բանաստեղծի քնարական վերապրումն է` անցած դարասկզբի հայրենիքի, ազգային ցավի մասին: Ականատես գրողը վերարտադրում է Վանի ողբերգությունը, որ ուղեկցվում է դժոխային պատկերների նկարագրությամբ: Աշակերտուհիներից մեկը բարձրաձայնում է, թե որքանով է ճիշտ, որ իրենք անցնում են այդ պոեմը, որտեղ ահասարսուռ պատկերներ են` կամավորական զորքերին անդամագրված գրողի տպավորություններով:

    Հակադարձում եմ նրան, որ պետք է անցյալը միշտ էլ վերհիշել, այդ նույնն է, որ մոռացության տանք 92-ի զոհերին, մեր անցած ճանապարհը: Մեկ ուրիշ աշակերտուհու արձագանք ուսուցչուհուս մի նոր զարմանք է պատճառում, թե ինչ կարևոր է, որ իրենք հիշեն նաև նրանց մասին:

    Մենք չե՞նք կարողանում դաստիարակության ճիշտ ճանապարհով տանել սերնդին, թե ժամանակներն են փոխվել, ու կանգնած ենք նոր բացահայտումների առջև: Տարիներ շարունակ այն համոզմունքին եմ մնացել, որ Արցախի կրթության համակարգը հագեցած է լավագույն ուսուցիչներով, ովքեր արժանապատվորեն են կատարում իրենց վերապահված առաքելությունը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում` ի նպաստ մեր երկրի հզորացմանն ու բարգավաճմանը: Իսկ այսօրվա սերունդը լի է հետաքրքրություններով, սեփական կարծիքներով, ազատամիտ գաղափարներով, բարոյական բարձր արժեքներով, նա վաղը այս երկրի արժանի տերն է դառնալու, նաև համոզված եմ, որ ազատություն սիրող այսօրվա սերունդն է կերտելու ազատ ու անկախ Արցախը:

    Բոլորս էլ գիտենք, որ այսօրվա դպրոցը հայրենիքի պաշտպանի ձևավորման բարդ և պատասխանատու աշխատանքն է կատարում, իսկ այսօրվա սերունդն Արցախյան ազատամարտում հաղթանակած ժողովրդի սերունդն է, որ այսօր սահմանի մոտ նոր հաղթանակներ է արձանագրում իր անմահությամբ` սերտած լինելով բարոյական այն բոլոր բարձր արժեքները, որ սերմանել ենք դպրոցում: Իսկ մանկավարժի աշխատանքը մարդ կերտելու արվեստ է, և մարդակերտման գործում այսօրվա դպրոցը բավարար հիմքեր ունի բարձրաձայնելու, քանի որ դպրոցական նստարանից է սկսում ձևավորվել հայրենիքի պաշտպանության գաղափարը:

    Այսօր մեր առջև նստած են նաև բազմակողմանիորեն զարգացած աշակերտներ` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, այսօրվա ուսուցիչը այդ տեսանկյունով նույնիսկ, կարելի է ասել, մի քանի քայլ հետ է մնում աշակերտներից: Չմոռանալով նաև ավանդական կրթության որոշ առավելություններ` հաստատակամորեն կարող եմ ասել, որ ժամանակները փոխվել են, մենք չենք կարող նախկին ստրկամիտ գաղափարներով դաստիարակել մեր աշակերտներին, որ հատուկ է եղել խորհրդային տարիների կրթությանը: Չեմ ուզում զերծ մնալ նաև այն բոլոր թերություններից, որ առկա են այսօրվա կրթության ոլորտում` կապված բուհական ընդունելության և այլ երևույթների հետ, բայց բարձրաձայն կարող եմ ասել, որ մենք ձևավորում ենք ապագա արհեստավորին, շինարարին, բժշկին, ուսուցչին, գիտնականին և շա~տ- շատերին` շարունակելով մեր նախորդների առաքելությունը:

    Այսօր կանգնած եմ երկընտրանքի առջև: Պատանի հանճարը ազգային ողբերգությունն է նկարագրել, նա ազգին փրկելու ուղիներ է որոնել, որը տեսավ մեր ժողովրդի հավաքական ուժի մեջ, և այսօր էլ այն արդիական հնչողություն ունի, բայց երբեմն այս սերնդի մեջ տեղատվության անորոշությանն են հակադրվում, որ հայրենիքի անցած տագնապալից ճանապարհը ներկա օրերում չեն ուզում տեսնել, երբ այսօր էլ գտնվում ենք այդ տագնապահարույց վիճակում: Հոգետանջ մի ինքնաբացահայտում ուսուցչուհուս դատապարտում է ներքին ընդվզումների: Երբեմն սերունդը փորձում է խուսափել անցյալի ցավալի տրամադրություններից… Բայց որտե՞ղ ենք սխալ թույլ տվել…

    http://www.usarmenianews.com/am-n-8341.html

  11. #109
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Արդյո՞ք շենքային անմխիթար պայմանները խանգարում են մեր դաս սովորելուն

    47fee36f59ee3.jpg

    Արդյո՞ք շենքային անմխիթար պայմանները խանգարում են դաս սովորելուն:

    Սա Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցն է, երկու պատերազմ տեսած, արտաքուստ անշուք մեր հարազատ կրթօջախը: Տխուր հետքեր կան այստեղ, անցյալի հուշեր, զանգի «քարացած» ղողանջների հիշողություն կա այստեղ, երկնքում թառած ամպի քուլաներ…Արկերի հարվածներից դողացող սրտեր կան այստեղ, առ երկինք հառած հայացքներ, հառաչանքներ կան շատ, բայց դրանց հակադարձված ժպիտների անսահմանություն, կենսուրախ մի կյանք, ջերմությամբ լեցուն մաքուր հոգիներ:

    Այս անշուք դպրոցի պատերի ներսում երբևէ չէի լսել, որ մեր աշակերտները դժգոհեին, թե այս անմխիթար պայմանների պատճառով դաս չեն սովորել: Տարբեր արդարացումների կողքին անտեսվում էր այդ հանգամանքը, և իմ հիշողության մեջ այն աշակերտներն են, որոնց հիմա չեմ դասավանդում:

    Տնային աշխատանքը, որ հանձնարարել էի 7-րդ դասարանում. «Արդյո՞ք շենքային անմխիթար պայմանները խանգարում են մեր դաս սովորելուն», այդ օրը զուգահեռվեց հայոց լեզվի «Ածական» թեմային: Աշակերտները չնայած առատ ածականներ էին օգտագործել իրենց ձևավորած նախադասություններում, բայց մի կողմից ինձ հետաքրքրեց այդ առաջադրանքի իմաստային կողմը, թե ինչպիսի զգացողություն ունեն մեր դպրոցականները, երբ այսպիսի պայմաններում են սովորում:

    «Ես նույնպես կցանկանայի սովորել հարմարավետ, կահավորված դպրոցում, լավ կլիներ ունենայինք նորմալ մարզադահլիճ... Կարծում եմ` լավ, կայուն գիտելիքներ ստանալու համար դպրոցի շքեղ տեսքը այդքան էլ էական չէ, բայց ցանկալի է»/Ստեփանյան Արեգ/: «Ճիշտ է, մենք ձգտում ենք ուշադրություն չդարձնել մեր դպրոցի վատթարագույն պայմաններին, բայց երբ հիշում ենք, որ արդեն 21-րդ դարն է, զարմանում ենք, նաև զգում, որ մենք անզոր ենք դիմակայելու այս ճնշող պայմաններին, առանձնապես մեր խղճուկ պատերին» /Հակոբջանյան Մերի/:

    «Դպրոցի կիսաքանդ պատերն ու ճաք տված հատակներն ամեն օր «վերանորոգում» են աղերսում, այդ պահանջն առավելապես ցայտուն երևում է աշնան ու ձմռան ցուրտ ամիսներին: Դեռ տարիներ առաջ էի լսել, որ պիտի վերանորոգվի, բայց այն մնաց մեզ համար ցանկալի երազանք» /Պետրոսյան Կարինե/: «Սովորող երեխան ամեն վիճակի էլ հարմարվում է, բայց բոլորս էլ ցանկանում ենք սովորել հարմարավետ դպրոցում: Ճիշտն ասած, հույս չունեմ, որ ես կտեսնեմ, թեկուզ ամաչելով եմ ասում, կուզեի տարիներ հետո գոնե իմ երեխաները լավ պայմաններում սովորեին» /Մակյան Դավիթ/: «Այս ամիսներին ծխապատ դասարանում դաս վարելը մեզ համար սովորական երևույթ է դարձել, դրան էլ ենք հարմարվել, միայն զոհեր չլինեն: Իմ դաս սովորելն ամենևին կապ չունի ոչ հարմարավետ պայմանների հետ, միշտ էլ սիրով եմ դպրոց հաճախում» /Մարտիրոսյան Արմո/: «Ես էլ եմ ուզում մեր դպրոցը տեսնել վերանորոգված, դասասենյակները` կահավորված ու ջեռուցված: Մայրիկիս պատմելով` այս դպրոցը մինչև պատերազմը բարեկարգ էր, այն Արցախի լավագույն կրթօջախներից մեկն էր» /Հարությունյան Հարություն/: «Թեև դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, բայց դա մեզ համար դաս չսովորելու պատճառ չի հանդիսանում, միայն թե պատերազմ չլինի» /Այվազյան Դարիկո/:

    Հիշողությանս մեջ այս երեխաների ճշմարտացի խոսքերն են, և իմ անհանգիստ մտորումները... Երանի թե խաղաղ երկնքի տակ կարողանայինք վերանորոգված դպրոցի մասին երազել, բայց նաև դժգոհ չեմ, որ անշուք, բայց ջերմությամբ լեցուն` ինձ շատ հարազատ դպրոցում եմ դասավանդում:

    http://usarmenianews.com/am-n-7828.html

  12. #110
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Նատաշա, կարդացի ձեր թեմայի վերնագիրը և անմիջապես հիշեցի այն դպրոցը, որտեղ տարիներ առաջ սովորում էին մեր աշակերտները`սառը դասասենյակներ,նավթի վառարաններ:Իհարկե շենքային պայմանները ունեին իրենց ազդեցությունը:Որքան էլ խանդավառված դասավանդեր ուսուցիչը ,որքան էլ աշակերտը ցանկանար ներգրավվել դասապրոցեսին,բավական էր քամու պատճառով ծխով լցվեր դասասենյակը և խաթարեր աշխատանքը:Դասը շարունակվում էր միջանցքում ,ուսուցչանոցում...

+ Կատարել գրառում
Էջ 11 13-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 03.02.2019, 22:08
  2. ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 49
    Վերջինը: 19.04.2018, 00:18
  3. ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 22.10.2017, 16:49
  4. «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է...»
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.03.2017, 00:06
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 06.03.2017, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •