+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՝ ԲԱԿՈՒՆՑԸ ԵՎ ՉԱՐԵՆՑԸ

  1. #31
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    (Վարուժան Բակունցի հուշերից)

    1935 թվականի օգոստոս: Ակսելը եկել է՝ մեզ մոտ անցկացնելու ողջ ամառը: Գալու հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նա այգի գնաց և տեղավորվեց բարձր ընկուզենու տակ դրված սեղանի մոտ, որը 20-ական թվականներին, երբ դեռ գյուղատնտես էր, հայկական այգում խնձորի նոր տեսակներ տնկելիս շինել էր Վահանի հետ: Ալեքսանդրը գրում էր: Գիտեինք, որ Գորիս է եկել սովետական կարգերի հաստատման համար մղված մարտերի մասին սցենար գրելու: Ես հետևում էի, թե ինչպես է նա աշխատում սեղանին հակված՝ ձախ ձեռքի մատները շագանակագույն մազերի մեջ, ճակատը՝ ափին հենած: Իրանը թեքված էր ձախ, իսկ աջ ձեռքը արագորեն սահում էր մաքուր թղթի վրայով՝ թողնելով թանաքի մանր ուլունքաշար: Մայրիկն ինձ պատվիրել էր չմոտենալ ու չխանգարել, բայց մի անգամ Ալեքսանդրը հեռու էր, և ես խախտեցի այդ պատվերը: Սեղանին գրոտած թղթեր էին, սովորական գրիչ: Որպեսզի քամին չքշի թղթերը, վրան խնձորներ էին դրված: Խնձորներից մեկը գետնին ընկնելիս վնասվել էր և, թղթի վրա ծորացող հյութը դեղին շրջանակ էր գծել: Հաճախ աշխատելն ընդհատում և զրուցում էր մարդկանց հետ: Գալիս էին բոլշևիկներ, պարտիզպաններ ու զինվորներ, նրանք իրենց հետ բերում էին խունացած լուսանկարներ, թղթեր, տեղանքի գծագրեր:
    Մի օր մեր դարպասի մոտ մի մեքենա արգելակեց:
    _ Մայրիկ, ձեր տուն հյուր է եկել,_ դարպասից կախվեց հարևանի տղան՝ ճանապարհը զիջելով ճերմակել սկսող մազերով, թավ, սև հոնքերով, ճերմակ կտավե վերնաշապիկով անծանոթին: Նա, գլուխը կռացնելով, ներս մտավ և հարցրեց.
    _ Կարո՞ղ եմ տեսնել Ակսել Բակունցին:
    Ալեքսանդրը հյուրին ներկայացրեց մեր ծնողներին:
    _ Մեր նկարիչներից մեծագույնը, համաշխարհային հռչակ ունեցող Մարտիրոս Սարյանը, Վարպետ Սարյանը:
    _ Ինձ ուղղակի Մարտիրոս եղբայր անվանեք,_ կամացուկ, ամաչելով, Ալեքսանդրին ընդհատեց նկարիչը և ձեռքը մեկնեց հայրիկին:
    ... Ալեքսանդրը գնաց, իսկ Վարպետը մնաց մեզ մոտ: Նա վեր կացավ առավոտյան, պատշգամբից երկար դիտեց լեռները: Հաջորդ օրը նա հարցրեց հայրիկին:
    _ Ստեփան եղբայր, չե՞ք ասի՝ ու՞ր գնամ, որ քաղաքը շրջապատող բնության առավել գեղեցիկ տեսարժան վայրերում լինեմ: Պետք է «Զանգեզուրյան բնանկարներ» թեմայով մի տասը աշխատանք կատարեմ:
    Այդ երեկո Մարտիրոս հորեղբայրը (մայրիկն ինձ պատվիրեց այդպես դիմել) տնտղում էր ներկերը, ստուգում՝ լա՞վ են արդյոք ձգված կտավները: Հաջորդ առավոտյան մայրիկն արթնացրեց ինձ.
    _ Վեր կաց, որդի, արագ հագնվիր, Մարտիրոս հորեղբայրը պատրաստվում է հին Գորիս գնալ, ճանապարհը չգիտի: Անհարմար է, որ այդպիսի պատվական մարդը շալակի շրջանակները: Նրա հետ կգնաս: Տեղ հասնելուն պես վերադարձիր նախաճաշի ետևից:
    ... Շուրջը լույս էր ու բուրում էր թարմությամբ: Մինչ մենք կտեղավորվեինք, ես ետ վազեցի նախաճաշի ետևից: Երբ ետ վերադարձա, Վարպետի կտավի վրա արթնացող գյուղի ոսկե առավոտն էր, մեր լեռներն ու երկինքը, նույն խրձերը, կովերի նախիրը: Մեր գորիսյան բնաշխարհն էր անմահացրել մեծ վարպետը վրձնով:
    Օրերն անցնում էին, նկարները հերթով շարվում էին տանը, որպեսզի չորանան, և սենյակում միշտ յուղաներկի հոտ էր կանգնած: Վերջին օրը Վարպետը երեք վերջին կտավներից վերցրեց միայն երկուսը, մեկը թողեց տանը: Առավոտյան նախաճաշի ժամանակ հորս ասաց:
    _ Ես պետք է նկարեմ տանտիրուհուն: Դա քիչ ժամանակ կխլի և տան գործերից գրեթե չի կտրի: Ես ամեն ինչ պատրաստել եմ և ձեզ եմ սպասում, քույրիկ:
    _ եթե նա սերունդներին հայտնի դառնա ձեր նկարով, կարծում եմ՝ նրանք ինձ էլ չեն մոռանա,_ կեսկատակ ասաց հայրիկը:
    Վարպետը ցույց տվեց, թե ինչպես նստի մայրիկը, և որոշ ժամանակ խնդրեց չշարժվել: Վարպետի թիկունքում կանգնած՝ ես հետևում էի նրա ձեռքերի շարժմանը: Թեկուզ արդեն շատ էի տեսել,թե ինչպես են նրա վրձնի տակից դուրս գալիս շրջակա բնությունն ու մարդկանց դեմքերը, չէի կարողանում չզարմանալ, թե ինչ արագությամբ ու ճշտությամբ են գծագրվում մայրիկի աչքերը, հոնքերը, բերանը: Երբեմն նա թույլ էր տալիս հանգստանալ, իսկ շուտով լրիվ ազատ թողեց: Հագուստը, շալը և գլխաշորը նկարեց հիշողությամբ: Երբ ամեն ինչ գրեթե պատրաստ էր, նկարիչը մի քանի րոպեով խնդրեց մայրիկին գալ և նստեցնելով նախկին դիրքում, սկսեց ուշադրությամբ համեմատել:
    Անցավ մոտ տասը օր: Ուր որ է, Երևանից վերադառնալու էր Ալեքսանդրը: Առավոտյան իմացա, որ Ալեքսանդրն արդեն այգումն է, քեռի Մարտիրոսի մոտ: Քեռի Մարտիրոսը գնալու էր երկու օր հետո, իսկ այդ օրը Ալեքսանդրի պատվերով ճաշկերույթ էր լինելու գինիով և հյուրերով: Մեծ վարպետը սենյակից բերեց մայրիկի արդեն չորացած դիմանկարը: Հավանաբար ուզում էր անակնկալ անել Ալեքսանդրին:
    _Որպես շնորհակալության և սիրո նշան:
    Վերցնելով դիմակարը՝ մայրիկը հարազատի նման համբուրեց նրան:
    _ Ես սա նվիրում եմ Ալեքսանդրին:
    Երեկոյան եկան մեր բարեկամներն ու հարազատները՝ հիանալու Վարպետի գործերով...
    Առավոտյան ամուր կապկպելով նկարները՝ Մարտիրոս Սարյանը ճանապարհվեց Երևան:

    բակ մայրը.jpg Բակունցի մայրը.jpg

    (Առաջին կարում՝ Ա. Բակունցի մայրը, գործ՝ Մարտիրոս Սարյանի:
    Երկրորդ նկարում Բակունցի մայրը)
    Վերջին խմբագրող՝ Կարինե Զիլֆիմյան: 18.07.2019, 20:57:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.07.2019), Nelli Antonyan (21.07.2019), Լաուրա Աթանեսյան (18.07.2019), Լիա Մ (21.07.2019)

  3. #32
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    Շատ մոտ էր կանգնած մեր թատրոնին, խորապես սիրում էր բեմարվեստը, դերասաններին, թեպետ իր բանավոր կամ գրավոր խոսքում կոմպլիմենտներ չէր շռայլում թատրոնի մարդկանց: Հարցերի հարց էր համարում խաղացանկի ճիշտ ընտրությունը: Թատրոնի պատվերով թարգմանել էր Մերեժկովսկու «Պավել Առաջինը», Ֆուրմանովի «Խռովությունը», Մ. Գորկու «Դոստիգաևը և ուրիշներ», Շիլլերի «Վիլհելմ Տելլը», որ 1924-ին բեմադրվեց Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնում: Չարենցը շատ էր կարևորում թատերական արվեստի հասարակական լայն ներգործությունը և ջանում էր նպաստել դրա էլ ավելի խորացմանը: Նա իր «Կապկազ Թամաշան» հենց այդ մղումով էլ գրեց, թեպետ, իհարկե, գործն իր բնույթով ոչ միայն թատերական կոթող էր, այլև բանաստեղծական: Չարենցն իր «Կապկազում» ոչ միայն ձաղկում է, խարազանում, այլ նաև ներբողում, հրովարտակում, հպարտանում...
    Նա ժամանակակից թատրոնի ջատագով էր, ժամանակակից՝ ոգով ու ասելիքով, ոչ միայն բեմադրվող գործերի մեջ արտացոլված ժամանակով: Թատրոնի բեմադրությունների առթիվ ծագած բանավեճերին նա մասնակցում էր հետևյալ ստույգ ելակետով՝ պիտի մարմնավորել բեմում հեղափոխության թեման, հեղափոխականի տեսանկյունից զննելով անգամ դասական թատերագրությունների արդիական արժողությունն ու ասելիքը:
    Սովորաբար մռայլ դեմքով էր մտնում թատրոն և այնտեղ պայծառանում, եթե հանդիպում էր արվեստի արժեքների: Իսկ երբ անբավարար էր մնում, տեղնուտեղն արտահայտվում էր, չէր քաշվում անգամ չասվելիք բաները բարձրաձայն ասելուց: Բայց և աչքի պոչով հետևում էր, թե ով ինչպես էր ընդունում խոսքը: Եվ դրանով էր հաճախ կարծիք կազմում մարդկանց մասին: Հիշում եմ նրա վեճը Բուրջալյանի* հետ Մերեժկովսկու «Պավել Առաջինի» բեմադրության առթիվ: Պիեսը ինքն էր թարգմանել և ներկայացման մասին էլ գրախոսականով հանդես եկել Կարո Դարձյան ծածկանունով: Նա գտնում էր, որ բեմադրողին չէր հաջողվել սրել պատմական սյուժեի արդիական պաթոսը: Դերակատարումներից նա հատկապես ընդգծում էր Վաղարշյանի խաղը Պավել Առաջինի դերում: Մյուսներին, այդ թվում և ինձ, մեծամասամբ քննադատում էր: Իր գրած թատերախոսականից ես բողոք չունեի, քանի որ ճշմարիտ էր նրա բացասական որակումը:
    Երբ մի քանի օր անց հանդիպեցինք թատրոնում, նա քննախույզ նայեց ինձ.
    _ Բարև Գուրգեն...
    _ Բարև Եղիշե ջան,_ շատ հարգալից պատասխանեցի ես:
    _ Յա... ջան ես ասո՞ւմ...
    _ Իսկ ինչո՞ւ չպիտի ասեմ...
    _ Այ տղա... Բա որ թերթում քեզ խայտառակ եմ արե՞լ...
    _ Դե, որ ես էլ խայտառակ եմ խաղացել...
    _ Ուրեմն ընդունո՞ւմ ես...
    _ Այո,... Մեղքն իմն է:
    _ Աֆֆարիմ, առաջին անգամն եմ տեսնում, որ դերասանը իրեն չհավանի... Եվ՝ համաձայնվի քննադատի հետ...
    Քիչ հետո հանկարծ հարցրեց.
    _ Լսիր, դու ինձ հո ձեռ չե՞ս առնում:
    Ես ծիծաղեցի.
    _ Չէ, Եղիշե... Այդքան երես առած չեմ դեռևս...
    Նա բարեկամաբար խփեց ուսիս.
    _ Չէ, քեզանից դերասան դուրս կգա...
    Թատրոնը Չարենցի համար հոգու պահանջ էր: Նա հաճախ էր լինում մեզ մոտ փորձերի ժամանակ, թե ներկայացումներին: Գալիս էր և մտնում կուլիսներն ու այնտեղից դիտում ներկայացումը: Տիգրան Հախումյանի հետ էր լինում հաճախ: «Ջրասույզ զանգ» բեմադրությունը շատ էր սիրում:
    Մի օր այդ ներկայացման վերջին գործողությանը, երբ Ռաուտլայնդեն-Արուսը պատրաստվում էր ջրհոր մտնել Նիկելմանի մոտ, Չարենցը պոկվեց ու մտավ բեմ, որսաց Արուսի ձեռքը և համբուրեց: Ապա կրակոտ մի ճառով դիմեց հանդիսասրահին, փառաբանելով Արուս Ոսկանյանի բեմարվեստը: Հախումյանն էլ հետևեց նրա օրինակին: Դահլիճն ու բեմը միախառնվել էին:

    Գուրգեն ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.07.2019), Kristine Charchyan (21.07.2019), Nelli Antonyan (21.07.2019), Լիա Մ (21.07.2019)

  5. #33
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    459
    Հեղինակության աստիճան
    15760
    Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, որոնք, ասես, մրցում էին իրենց բարեմասնություններով:

    Նրանք սրտակից, գաղափարական ընկերներ էին, որոնց կապում էր ամենից ավելի ազգային նիհիլիզմի դեմ ունեցած ատելությունը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ տարբեր էին իրարից և հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով: Վեճը սուր բնույթ էր ստանում, թվում էր, թե նրանք ինչ-որ տարբեր հայացքների մարդիկ են և ոչինչ չի կարող նրանց հաշտեցնել:

    - Դե՛, թող մարդը իր խոսքն ավարտի,- մռլտում էր Բակունցը, այդ քչախոս, ինքնամփոփ մարդը, տեսնելով, որ անհամբեր խոսակիցը կտրում է իր խոսքը:

    - Լա՛վ, խոսի, եթե ասելիք ունես: Ախր ասելիք չունես:

    Երբեմն էլ դերերը փոխվում էին:

    - Ախր չես թողնում, որ մարդ իր ասածը ասի և մեջ ես ընկնում, ոնց որ

    Քսպեն.-

    - Ну, дуй, дуй, сколько угодно, и так все время ты говоришь.

    Դժվարանում եմ ասել, թե ինչ կապակցությամբ հայերենից անցնում էին ռուսերենի, բայց պիտի ասեմ, որ հաճախ էր լինում: Չարենցը, անշուշտ, վելի լավ էր տգիրապետում բանավեճի արվեստին և ռուսերենին, բայց սակավախոս Բակունցն իր հակիրճ, լակոնիկ պատասխաններով հաճախ նեղն էր գցում ճարտասան ընդդիմախոսին: Վեճերի նյութը և տարաձայնությունների բնույթը զանազան հարցեր էին լինում: Բերեմ մի օրինակ, որպեսզի ընթերցողը պարզ պատկերացում ունենա, թե ինչպես էր սկսվում բախումը և վերածվում երկարատև բանավեճի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (21.07.2019), Կարինե Զիլֆիմյան (Երեկ)

  7. #34
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    459
    Հեղինակության աստիճան
    15760
    Զբոսնում ենք Աբովյանով, ապա զբոսայգով անցնում Նալբանդյան փողոց. զրույցը` շատ խաղաղ և ակադեմիկ ոգով, ուղեկցում է երթի ընթացքին: Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե` «Habent sus fata libelli» և ապա թարգմանում է, դառնալով Բակունցին.

    - Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:

    - Կարող էիր չթարգմանել, - ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի հգիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:

    - Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզ, այլ ափորիզմ... Հ.Մ.-յա՞ն դարձար գլխիս...

    - Գուցե կասես` «աթոռիզմ», - ասում է Բակունցը:

    - Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), - ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք... Եվ հետո...

    - Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, - հարցնում է Բակունցը` շատ անմեղ հետաքրքրությամբ:

    - Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:

    - Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:

    - Տեսնո՞ւմ ես, - հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ: - Ապա շարունակում է.

    - Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:

    Տիրում է կարճ լռություն , և հանկարծ`

    - Դատարկ, - բացականչում է Ակսելը, - պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձի է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:

    - Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:

    Վեճը տաքանում է: Չարենցը գտնում է, որ գիրքն ավելի բարձր է, քան գրողը, իսկ Բակունցը` հակառակը:

    - Ախր, տրամաբանությոն չկա ասածիդ մեջ, - գոչում է Ակսելը:

    - Լավ է չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու, նախ` չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանություն քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ...

    Հետո «փոթորիկն» անցնում է, և նրանք արդեն բարեկամորեն ծիծաղում են ոչ միայն իրար վրա, այլև ամեն մեկն ինքն իր վրա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (21.07.2019), Կարինե Զիլֆիմյան (Երեկ)

  9. #35
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿ
    ՉԱՐԵՆՑԻ ՆՎԵՐԸ

    Էջմիածնի վանքապատկան շենքը եղեռնից որբացած շուրջ 300 հայ մանուկների որբանոցն էր: Ունեինք ակտիվ գործող թատերական, գրական և ուրիշ խմբակներ:
    Գրական խմբակը ղեկավարում էր որբերի հետ սերտ կապված, մեր սիրելի Եղիշե Չարենցը:
    Բակում խաղի պահին ընկերներիցս մեկը վազքով եկավ, ասաց.
    _Չարենցը եկել է, ուզում է քեզ տեսնել:
    Չարենցի անունը լսելով՝ անմիջապես վազեցի որբանոց:
    _Տղաս, Աբգար Ասլանյանը դո՞ւ ես:
    _Այո,_ պատասխանեցի:
    _Ձեր պատի թերթի ճակատի այս վառվռուն գույներով նկարը դո՞ւ ես նկարել:
    _Այո,_ կարմրելով պատասխանեցի ես:
    _Տղաս, դու նկարել ես Արարատ լեռը, և նրա հետևի կողմից ծագում է արևը իր շքեղ ճառագայթներով. չէ՞ որ Արարատի այն կողմից արև չի ծագում:
    _Այդպես եմ նկարել, որովհետև Այրարատի այն կողմում Վասպուրական ծննդավայրս է:
    Չարենցը ծնողական սիրով ինձ գրկեց ամուր, սեղմեց իր կրծքին, գուրգուրելով ասաց.
    _Շատ ապրես, տղաս:
    Հետո ինձ տվեց հինգ ռուբլի, ասաց.
    _Վերցրու, տղա՛ս, քեզ համար կոշիկ կգնես:
    Հաջորդ օրը այդ գումարով գնեցի մի զույգ կոշիկ: Անցել են երկար ու ձիգ տարիներ, 82 տարեկան եմ: Իմ հագած ամենալավ կոշիկները Չարենցի նվիրածներն էին:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիա Մ (Այսօր)

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.02.2019, 18:11
  2. ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԾ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 30.08.2018, 18:31
  3. ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԾ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 13.03.2018, 23:17
  4. Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 11.03.2018, 17:31
  5. ՄԵԾ մարդկանց հոբելյաններ
    Հեղինակ՝ Ռուզանկա, բաժին` Հետաքրքրաշարժ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.04.2011, 21:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •