+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Գրիգոր Զոհրապի կյանքն ու գործը

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Գրիգոր Զոհրապի կյանքն ու գործը

    Zohrap.jpg



    «Գրիգոր Զոհրապի կյանքն ու գործը» թեմայում հավաքված են հեղինակի մասին պատմող բազմաթիվ տեղեկություններ, 11-րդ դասարանում հայ գրականության ծրագրով նախատեսված բոլոր ստեղծագործությունների բնագրերը, տեսանյութեր, որոնք կօգնեն ուսուցիչներին և սովորողներին մանրաման տեղեկություններ ստանալ և կիրառել դասի ընթացքում։

    Գրիգոր Զոհրապ

    Ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

    Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։

    1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

    1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։

    1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

    Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։

    1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

    1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։

    1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։

    1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

    1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։

    Krikor_Zohrab_on_the_balcony_of_his_Constantinople_home.jpg

    Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում
    Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։

    Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականին շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։

    Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

    Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

    1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։

    Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։

    Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։

    1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

    Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

    Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

    Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

    Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։
    Վերջին խմբագրող՝ Ներսեսյան: 27.01.2019, 22:26:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՒՈՆԸ

    Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը (ռեալիզմ)։

    1909 և 1911 թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։

    Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարքիների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ու հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։

    Գյուղը տնքում է հարկերի ծանրության տակ։ Կարիքը, թուրքական տերունական պարտքերը և վաշխառուների կամայականությունները գյուղացիներին ստիպում են բռնել Պոլսի ճանապարհը։ Ամուսնամալուց մեկ-երկու ամիս հետո, երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորը («Այրին»)։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ փրկելու իրենց ընտանիքները, բարոյազուրկ Մարտիրոսը ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ, մոռանում է պատիվ ու սրբություն, դառնում է անպեք մարդ, դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում՝ ընտանիքը լքած ամուսնու մեղքը։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Ալոյան Գոհար (16.01.2019), Անժելա Ալավերդյան (31.10.2018), Զարինե Ամիրյան (15.01.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Կենդանության օրոք լույս տեսած գրքեր

    Անհետացած սերունդ մը (1885-86, վեպ)
    Խճմտանքի ձայներ (1909, նովելների ժողովածու)
    Փոստալ
    Թեֆարիկ
    Այրին
    Կյանքը ինչպես որ է (1911, նովելների ժողովածու)
    Ճիտին պարտքը
    Այինկա
    Երջանիկ մահը
    Լուռ ցավեր (1911, նովելների ժողովածու)
    Զաբուղոն
    Առջի սեր առջի բարի
    Ռեհան
    Զմարաղտա
    Գրիգոր Զոհրապը գրել է բազմաթիվ այլ նովելներ, ինչպես նաև բանաստեղծություններ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ և այլն։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Դէպ ի մահ։ Զօհրապ եւ Վարդգէս Երվանդ Օտյան

    Ա
    Պոլիսէն մինչեւ Ուրֆա, իրենց ցաւատանջ ուղեւորութեան միջոցին, երկու նահատակները, Զօհրապ եւ Վարդգէս, գուրգուրոտ ակնածանքով մը ողջունուած են Հայերուն կողմէ։ Երբ իրենց աքսորումէն երկու ամիս ետքը ես ալ նոյն ճամբով մինչեւ Հալէպ գացի, տեսայ, որ իրենց յիշատակը ամենուն մտքին մէջ դեռ վառ մնացած էր։ Գոնիա, Ատանա, Հալէպ, ամեն տեղ այդ անդրանիկ զոհերուն վրայ կը խօսէին։ Հակառակ ոստիկանական հսկողութեան` շատ Հայեր, վտանգը աչք առնելով, գացած տեսնուած էին իրենց հետ ու հիմա երկիւղածութեամբ կը վերյիշէին անոնց վերջին խօսքերը։

    Ամէնուն վրայ խորին տպաւորութիւն թողած էր Զօհրապի ընկճուած վիճակը. մինչ Վարդգէս զուարթ անտարբերութեամբ եւ ծիծաղկոտ դէմքով մը կը շատախօսէր իրենց մօտեցողներուն` Զօհրապ հազիւ լռութիւնը կը խզէր քանի մը խօսք արտասանելու համար։ Ամբողջ ժամեր անընդհատ կը ծխէր, մտածմունքի մէջ ընկղմած։

    Վարդգէս, միշտ լաւատես, կը ջանայ եղեր մխիթարել ու սրտապնդել իր բարեկամը, բայց ի զո՜ւր։

    - Մեզի մեռցնել կը տանին,- կը կրկնէ եղեր Զօհրապ։

    Հալէպի մէջ, Պառօն Օթելի տէրը` Պ.Մազլըմեան, քանիցս ճաշի կը հրաւիրէ երկու տարագիրները, որովհետեւ հոն գտնուած ատեննին բաւական լայն ազատութիւն տրուած է եղեր իրենց։ Տիկին Մազլըմեան պատմած է ինծի, թէ սեղանին վրայ ախորժակով կուտէր Վարդգէս, մինչդեռ Զօհրապ հազիւ քանի մը պատառ կառնէր, ան ալ ստիպումներով։ Յաճախ լալով կը յիշէր իր կինն ու զաւակները։

    Զօհրապ իր ձերբակալման պարագաները պատմած է Պ.Մազլըմեանի։ Կարժէ, որ յիշենք զանոնք։

    Ձերբակալման գիշերը Զօհրապ Սէրքլը տրիանի մէջ մինչեւ կէս գիշեր թուղթ խաղացեր է Թալէաթ փաշայի եւ Խալիլ պէյի հետ։ Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։ Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։

    Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։

    -Ինչո՞ւ համար այս համբոյրը,- կը հարցնէ։

    -Սրտէս բխաւ,- կը պատասխանէ միւսը։

    Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։ Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է։

    Դուրսը տաք ու գեղեցիկ գիշեր մըն էր։ Կորոշէ հետիոտն երթալ մինչեւ իր` Այազ Փաշայի բնակարանը։

    Հազիւ ճամբա ելած` կը նշմարէ, որ մէկը կը հետապնդէ զինքը։ Պահ մը կը խորհի, որ թերեւս սխալ ենթադրութիւն մըն է ըրածը եւ փողոցին միւս կողմը կ անցնի։ Մարդն ալ կը հետեւի իրեն։ Զօհրապ քայլերը կ արագէ, նոյնը կ ընէ զինքը հետապնդողը, վերջապէս` անհամբեր ետին կը դառնայ եւ կըսէ.

    -Արդեօք զի՞ս կը հետապնդէք։

    -Այո,-կը պատասխանէ միւսը, որ ոստիկանութեան քօմիսէր մըն է եղեր։

    -Ինչո՞ւ համար...

    -Այնպէս հրաման եղած է ինծի։

    -Գիտէ՞ք, թէ ես ով եմ։

    -Այո, Զօհրապ էֆէնտին։

    -Բայց սխալմունք մը ըլլալու է,- կը գոչէ խեղճը,- ես հիմա Ներքին Գործոց նախարարին հետ էի...

    -Կրնայ ըլլալ, բայց ինծի տրուած հրամանը բացարձակ է եւ ստիպուած եմ հպատակելու։

    Զօհրապ, ճարահատ, ճամբան կը շարունակէ ու կը հասնի բնակարանը, որուն դրան առջեւ ոստիկան մը կը սպասէր։ Քօմիսէր եւ ոստիկան ափարթըմանին սանդուխներէն վեր, կը հետեւին իրեն։

    -Ի՞նչ է ձեզի տրուած հրամանը,- կը հարցնէ Զօհրապ։

    -Ձեզ ոստիկանատուն տանիլ։

    -Հիմա՞, անմիջապէ՞ս...

    -Այո, անմիջապէս։

    -Եւ եթէ երթալ չուզիմ։

    -Այն ատեն բռնի պիտի տանինք։

    -Չէ՞ք գիտեր, որ ես մէպուս եմ։

    -Գիտենք, բայց մեզի տրուած հրամանը բացարձակ է։

    Քօմիսէրը կը յայտնէ նաեւ, որ հետեւեալ առտու իսկ, այսինքն քանի մը ժամէն, ճամբայ պիտի ելլէ, հետեւաբար անհրաժեշտ գոյքերը կրնայ հետը առնել։

    Զօհրապ կը մտնէ իր բնակարանը, ձայն կուտայ իրեններուն, եւ ափյափոյ պայուսակ մը պատրաստելէ ետքը կուգայ կը յանձնուի երկու ոստիկաններուն, իր կնոջ ու աղջկան ողբ ու կոծին միջեւ։

    Նոյն միջոցին եւ քիչ մը տարբեր պայմաններու մէջ կը ձերբակալուի նաեւ Վարդգէս, եւ առտուն կանուխ երկուքը միասին կը բերուին Հայտար Փաշայի կայարանը։ Իրենց կընկերանան եղեր ոստիկան մը եւ սիվիլ հագնուած լրտես մը։

    Ոստիկանը կ ուզէ երրորդ կարգի վակօնի մը մէջ մտցնել երկու աքսորականները, Վարդգէս եւ Զօհրապ կ ընդդիմանան։ Ոստիկանը կը պնդէ, առարկելով, թէ վակօնը յատկապէս պատրաստուած է իրենց հաամար։ Երկու տարագիրները ձայն կը բարձրացնեն ու կը պահանջեն, որ առաջին վակօնով մը տարուին։

    Երկու կողմէն ձայները հետզհետէ կը բարձրանան։ Ի վերջոյ Զօհրապ գրպանէն 25 ոսկինոց թուղթ մը կը հանէ, ոստիկանին կուտաայ եւ կ ըսէ, որ առաջին կարգի չորս տոմսակ առնէ իրենց համար։

    -Եթէ ոչ,- կ ըսէ,- տեղ մըն ալ չեմ երթար։

    Ոստիկանը կը ստիպուի տեղի տալ, անշուշտ 25 ոսկիէն աւելցած գումարն ալ գրպանելու յոյսով։

    Ու այսպէս ճամբորդութիւնը կը կատարուի առաջին կարգով։

    Հայտար Փաշայի կայարանին Հայ պաշտօնեաները ճանչնալով Զօհրապը, կ երթան իմաց տալու Պ. Անտօն Թարաքի, որ կը փութայ վար իջնել, առանց գիտնալու, թէ Զօհրապ ինչ պարագաներու տակ կը ճամբորդէ։ Այս վերջինը, երբ կը նշմարէ Պ. Թարաքը, որ դէպի իրեն կուգայ, ձեռքովը նշան կ ընէ, որ չմօտենայ։ Պ. Թարաք, որ վերադարձիս այս մանրամասնութիւնը պատմեց, աւելցուց.

    -Խեղճ Զօհրապը չափազանց յուզուած, տժգոյն եւ ընկճուած տեսայ։

    Վակօնին անկիւնը քաշուած, լուռ ու մունջ, անընդհատ կը ծխէր, մինչեւ կառախումբին ճամբայ ելլելը։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Անժելա Ալավերդյան (31.10.2018), Զարինե Ամիրյան (30.01.2019), Կարինե Զիլֆիմյան (03.02.2019)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Դէպ ի մահ։ Զօհրապ եւ Վարդգէս Երվանդ Օտյան

    Բ
    Գոնիա հասնելնուն` երկու տարագիրները ընդունուած են մէկ քանի Հայերու կողմէ, որոնք փութացած են իրենց ձեռքէն եկած օգնութիւնը ընելու, հակառակ սպառնացող վտանգին։

    Ոստիկանները թոյլ տուած են տեսակցիլ պայմանաւ, որ թուրքերէն խօսին։ Այդ պայմանին տակ բնականաբար խօսակցութիւնը շատ աննշան եղած է։

    Ատանա նոյնպէս հայրենակիցներ, իմանալուն երկու ծանօթ Հայերուն ժամանումը, փութացած են կայարան։ Իրենցմէ մէկը, Միհրան Պօյաճեան, ծանօթ վաճառական մը, մօտակայ կայարանի մը համաար տոմսակ առնելով, յաջողած է Զօհրապի ու Վարդգէսի հետ տեսակցիլ հայերէն լեզուով, եւ հարցնել, թէ ի՜նչ ծառաայութիւն կրնայ մատուցանել իրենց։

    -Մեր ընտանիքներուն լուր տուէք ասկէ անցնելնիս, ըսած է Զօհրապ,- ուրիշ ծառայութիւն չենք սպասեր ձենէ։

    -Դրամի եթէ պէտք ունիք, յայտնեցէք։

    -Չէ, շնորհակալ ենք, դրամի պէտք չունինք առ այժմ։

    -Ո՞ւր կը տանին ձեզ։

    -Տիարպէքիր, դատուելու համար, բայց չեմ կարծեր, որ մինչեւ այնտեղ հասնինք։

    Եւ Վարդգէս զուարթ ձայնով աւելցուցած է.

    -Տիարպէքիրի բանտը արդէն ծանօթ է ինծի, աղէկ բանտ մը չէ, բայց աւելի գէշերը կան։ Կը տեսնաք սա գորգը, Տիարպէքիրի բանտին մէջ իմ ընկերս եղած է, հիմակ ալ միասին կերթանք կոր։ Հին բանտակիցներ ենք։

    Հալէպի մէջ, ինչպէս լսի, Զօհրապ եւ Վարդգէս բաղդատաբար բաւական ազատութիւն վայելած են, շնորհիւ կուսակալին, որ Զօհրապի հին ծանօթ մըն է եղեր։

    Այդ ազատութենէն օգտուելով` տեղացի մէկ քանի հայեր ծրագիրը կը յղանան փախցնելու երկու տարագիրները։

    Յանդուգն ծրագիր մը թէեւ, բայց ոչ անգործադրելի։ Արաբ ուղտապաններու միջոցաւ երկու աքսորականները Պէյրութ կամ Տրիպոլիս փոխադրել կառաջարկեն ու հոնկէ նաւով Կիպրոս անցնիլ։ Այդ միջոցին Սուրիական ծովեզերքներու վրայ հսկողութիւնը շատ խստացած չէր ու այդպիսի փախուստ մը կրնար յաջողիլ։ Վարդգէս հաւանութիւն կը յայտնէ, սակայն Զօհրապ կընդդիմանայ ու բացարձակապէս կը մերժէ, առարկելով, թէ իր առողջութիւնը չի ներեր այդպիսի արկածախնդրութեան մը մէջ նետուիլ։

    -Եթէ կ ուզես` դուն փախիր,- կ ըսէ Վարդգէսին։

    Բայց Վարդգէս չհաւանիր երբեք իր բարեկամը լքանելու։

    -Ինչ որ ալ ըլլայ, քենէ չեմ բաժնուիր,- կը պատասխանէ։

    Զօհրապ ան ատեն կը մտածէ դիմում ընել Ճէմալ փաշայի եւ անոր աջակցութիւնը խնդրել եւ այս մտքով գիր մը կ ուղղէ Սուրիոյ դիկտատորին։ Զօհրապի այդ վերջին գրութիւնը, պերճախօս թուրքերէնով մը գրուած, ինչպէս ինծի հաւաստեց Պ.Մազլըմեան, անպատասխանի եւ ապարդիւն կը մնայ եւ վերջապէս երկու աքսորականները Հալէպէն ճամբայ կ ելլեն դէպի Ուրֆա։

    Չեմ գիտեր, թէ որչափ կը մնան Ուրֆա, թերեւս մէկ երկու օր միայն ու հոնկէ կառքով կը մեկնին դէպ ի Տիարպէքիր, միշտ ոստիկանական հսկողութեամբ։

    Ահռելի եղեռնը տեղի կունենայ Ուրֆայէն քանի մը ժամ անդին։ Թուրք չէթէներու խումբ մը կը պաշարէ կառքը։ Չէթէներու պետը, ինչպէս լսեցի Հալէպի մէջ, Խալիլ պէյը եղած է, Էնվէրի մէկ ազգականը, որ յետոյ Պաղտատի թրքական բանակին հրամանատար կարգուեցաւ, անշուշտ Զօհրապն ու Վարդգէսը սպաննելու քաջագործութեանը իբրեւ վարձատրութիւն։

    Ոճրագործները կառքը կը կեցնեն եւ կը հրամայեն երկու աքսորաականներուն կառքէն վար իջնել։ Զօհրապ կ իջնէ, մինչ Վարդգէս կը պօռայ.

    -Ոչ, վար չեմ իջներ, կառքին մէջ մեռցուցէք զիս։

    Այսպէս կը նահատակուին Զօհրապ եւ Վարդգէս, հայ ազգին երկու ազնուական զաւակները։

    Կառապաանը, որ ինքզինք թուրք կեղծող հայ մըն է եղեր, կը վերադառնայ Հալէպ եւ ինք է, որ պատմած է եղելութիւնը իր մանրամասնութիւններով։

    Չէթէները` բնականաբար` կը կողոպտեն իրենց զոհերը։

    Զօհրապի նշանտուքի մատանին ու ժամացոյցը ծախուած են Հալէպի մէջ։ Իր ֆէսը, կը գտնուի եղեր, չեմ գիտեր ինչպէս, միսիօնարուհիի մը քով։

    Վարդգէսէն որեւէ հետք չէ մնացած։

    Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ։


    1918

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Զարինե Ամիրյան (30.01.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Ճիտին պարտքը


    Ա
    Սև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջևեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը:

    Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, և անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

    Բ
    Հիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ'ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:

    Ո՞վ ըսեր էր որ սա երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն իբուն իր հաշտարարի դերը կկատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին՝ թե իր վաճառքը պահանջած գինեն շատ պակաս կ'ըներ. ո՛չ. երկուքն ալ կհամառեին և Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ'ըլլար ա՛լ. առևտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ'իշխեր ու փճացնել կսպառնար ինքը:

    Ո՜հ, թե որ մինակ ըլլար. ի՜նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:

    Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ'երևար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջև, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երևույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:

    Գ
    Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ'ապրի և օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ'ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:

    Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կհատնի քիչ-քիչ: Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքի մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կդառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով՝ որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կսլքտա, երբեմն կհամարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը: Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետևեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի, որ առևտուրի մեջ մեկ մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կզայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կկոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շփոթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաններուն ՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կզվարճացներ, կխնդացներ զանոնք, հետևյալ օրվա համար պզտիկ գործ մը շնորհելու սպասումով:

    Ու վաճառականները կսիրեիր այս պապա մարդը որ ուրիշներուն պես աներես չէր ու իր միջնորդչեքը իրավունք մը պահանջելու եղանակով չէր ուզեր և առաջակված ամեն զեղջի գլուխ կծռեր:

    Դ
    Պասմաի ջոջերը կքալեին տոտիկ-տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մացած ա՛լ, և վաճառականները խնայողության նոր միջոցներ կխորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնուհետև, ուրիշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես և ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ և ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետևնուն կուգար, իր սևցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա:

    -Հուսեփ աղա, քեզի համար չենք,- կ'ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես:

    Շունչ կ'առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ'ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը:

    Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջև, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքն այսուհետև:

    Հետո՝ ճարահատած՝ այն վաճառականեն որուն արբանյակն էր, երկու ոսկի փող ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լեցվիլ նորեն:

    Ե
    Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ'ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին:

    -Գործերը ինչպե՞ս են, հայրիկ,- կ'ըսեր անդրանիկը:

    Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր.

    -Այսչափ ուշ մի մնար:

    Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին:

    -Վաղը կանուխ եկու, և մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ'անցնեին. երևակայեցեք ուղևորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, և որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:

    Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ'երթար Պոլիս, իր ուժաթափ թևին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թևին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ'ուզեր:

    Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթևեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետևեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետևեն երթալն ալ ծախքով է - պիտի հատներ:

    Այն ատե՞ն. այս հարցումը զոր միտքը կ'ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնա խուսափիլ, իր դեմը կ'ելլեր, խոշոր, հսկա տառերով կգրվեր օդին մեջ, ու իր առջևեն կքալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:

    Զ
    Ինչպե՞ս կ'ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ:

    Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կհարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, և փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, և պահ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի՜նչ դյուրին ու ի՜նչ դժվար երջանկություն:

    Եվ ձեռքին տակ՝ պայուսակը իր կաշիի կոպիտ ու ծակոտկեն երեսովը կդողդողար, կ'արթնացներ զինքը, իրականության քով կքաշեր կբերեր, անոթի առնելիքավորի մը պես:

    Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի. մանր ու արհավրալից բաներ. նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գնով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի, անգիտակից շարժումով:

    Է
    Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը,- «Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ»:

    Ու փախստական հորը ետևեն որ կ'աճապարեր հեռանալու, կշարունակեր իր չնչին խնդրանքներու անհատնում շարքը:

    Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ'երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կհաներ:

    Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կսեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կզղջար, ո՜րքան կզղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար:

    Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվզի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց. այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանակին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կձևանար. փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ... փոֆ. մտքեն այս տարօրինակ նվագին կհետևեր, հաճույք մը կզգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կփնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրա՛վ որ չէր գիտեր:

    Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն. ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՛չ, չկրցավ ըսել:

    Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծ սրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա՜նք. ինքը որ այնքան շատ մարդ կճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր: Սա դեմի կողմեն քալողը կճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարևը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր և հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կ'անցներ: Ծերուկ մը, մինակ, բարևեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը:

    Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պահուն զգաց որ բան մը կպակսեր: Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:

    Ը
    Ծովուն վրա կծփար, կ'օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր:

    Ու մարդուն վզին սերտիվ կապած սև կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ'ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն:

    Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թևին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հո՛ն ուր հաստատված էր հիմա:

    Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ'ուրախանա, քեյֆ կ'ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր:

    <1892>

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Երջանիկ մահը

    Ա.
    Տօքթօռ Վահանեան սովորական բժիշկ մը չէ․ մարմնի հիւանդութիւններուն չափ ու, թերեւս անոնցմէ աւելի, հոգիի ցաւերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկն է անիկա։ Իր ըմբռնումին ու դատողութեան չափ՝ իր ներողութեան սահմանը ընդարձակ է։ Գիտութեան ֆօրմիւլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մէջ տափակցած ու չքացած միտք մը չէ։

    Իր հմտութեան մեծութիւնը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգուածին չի նմանիր բնաւ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երեւոյթը ունի։

    Վաթսունի մօտ, մազը մօրուքը ճերմկած, տկարակազմ, բայց զուարթախոհ մէկն է Տօքթօռը։

    Մահուան դէմ՝ իր քառասուն տարուան բժիշկի մղած պայքարովը, մտերմութիւն մը հաստատած է կարծես անոր հետ․ անոր ամէն դաւերը ու խաղերը գիտէ․ անոր զարհուրելի, երբեմն յանկարծահաս ու երբեմն յամեցող հարուածներուն բոլոր գաղտնիքները ուսումնասիրած է։

    Իր խօսակցութիւնը օգտաւէտ դասերով, ուղիղ դիտողութիւններով ու իմաստուն խորհրդածութիւններով կը վխտայ։ Անձնական փորձառութենէն ու յիշատակներէն ընդելուզուած պատմութիւնները հետաքրքրութեամբ մտիկ կ՚ըլլուին։

    Գատըգիւղի իր տանը մէջ իրիկուն մը ժողվուեր էինք, եւ մարդոց համար ամենէն հետաքրքական հարցումը մէջտեղ նետուեցաւ յանկարծ։ Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենէն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակէտով։

    Յայտնուած կարծիքներուն մէջ համաձայնութիւն չկար․ առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայէլ կարդացեր էր եւ դալուկ ու նիհար կազմուածքի մը կը տենչար, թոքախտի հիւծումն

    է, ըսաւ, էն գեղեցիկ մահը․ երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռէվոլվէրի գնդակն էր ուղեղին մէջ․ ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենէն քիչ տանջանք տուող վախճան մը ըլլալուն վրայ պնդեց․ քլորոֆորմը երկու կուսակից գտաւ։
    Բնութեան ու գիտութեան հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննուեցան ու քննադատուեցան․ ամէնքն ալ իրենց աղէկ ու գէշ կողմերը ունեին։

    Տօքթօռը ինքը, մտիկ կ՚ընէր ամենուս, առանց բառ մը արտասանելու․ վէճը կ՚երկարեր ու համաձայնութեան մը գալէ հեռու էինք։

    — Ես,— ըսաւ Տօքթօռը, խոսքերնիս կտրելով, ամենէն քաղցր մահը տեսայ, բայց չեմ կրնար պնդել որ ամէն անգամ մարդս կրնայ զայն իր ձեռքին տակ ունենալ․ մէկ հատիկ մահն էր ասիկա, զոր իմ տեսած հազարաւորներուս մէջէն, ոչ միայն ամենէն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրօք քաղցրն ու երջանիկն էր։

    Պատմութիւն մը ունէր լեզուին ծայրը․ խելօք կեցած տղոց պէս մտիկ ըրինք զինքը։

    Բ.
    Տասը տարի կայ անկէ ի վեր․ Բարեկենդանի գիշեր մը իմ դրացիներէս մէկուն տանը մէջ երեկոյթ մը կար․ տիկին… անունը պէտք չէ ձեզի, այնպէս չէ՞, քառասունը հազիւ թեւակոխեր էր, բայց երեսունը հինգ տարու չէր ցուցներ վրայէն․ այն շատ հաւնուած ու շատ սիրուած կնիկներէն մէկն էր, որոնց սերունդը հետզհետէ պակսելու, անհետանալու վրայ է մեր մէջ․ իր մասին պատմուած առասպելներու վրայ ամենէն առաջ եւ ամենէն շատ խնդացողը ինքն էր։ Սուտ պարկեշտութիւններու, կեղծաւոր կարմրութիւններու կինը չէր այն կինը․ գլխէն մինչեւ ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան։

    — Աղվոր կուրծք մը չունեցողները միայն decollete-ին թշնամի են, - կ՚ըսեր խնդալով, եւ յօժարակամ կը պարզէր իր լանջքին կոհակները քոռսէին բացուածքէն։

    Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթէ տարիքով, հօր մը թոյլտւութիւնները, ազատութիւնները թողած էր անոր։ Էն աղուոր երիտասարդները, էն շնորհքով մարդիկը իր շուրջն էին,

    թիթեռնիկներու պէս դառնալով, երբեմն էրելով մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մէջ։
    Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կը նախանձէին, կը չարախօսէին իր վրայ․ անոր համարձակ վարմունքը իրենց պարտկուած մեղքերուն, իրենց շինծու ամօթխածութեանը դեմ պայծառ արեւի մը հալածիչ լոյսին կը նմանէր՝ խպնոտ ստվերներու վրայ սփռուած։

    Ասոր հետ մէկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունէն, անոր երեկոյթներէն, ուր էն աղուոր, էն զուարթ, էն նրբամիտ ընկերութիւնը գտնելուն ապահով էին։

    Ատեն ատեն կը կանչէին զիս այս տունէն, տիկնոջ համար որ մարելիքի պէս տագնապներ կ՚ունենար երբեմն։ Առջի քննութենէս՝ սրտի հիւանդութեան մը հաստատ նշանները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բաւականացեր էի ըսելով․

    — Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստութիւններ։

    Գլխաւոր բանը քիչ մը հանդարտ կեանք վարելու պէտքն էր․ այս եղաւ իմ պատուէերս ալ․ բայց ո՞վ մտիկ կ՚ըներ ինծի։

    Օր մը նեղացայ։

    — Տիկին,- ըսի,- պարապ տեղը երթալ գալէն չեմ ախորժիր․ քանի որ իմ պատուիրած բանս չէք ըներ, պէտք չկայ որ զիս կանչէք ուրիշ անգամ․ աւելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցէք, խնդրեմ։ Հիւանդս հասկցաւ, եւ որովհետեւ մտքի ու սրտի տէր կին մըն էր, իսկոյն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը, որուն դէմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր։

    — Ձեր աղէկութեան համար է իմ պահանջումս․ չեմ կրնար առողջութեան բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին աւերումները տեսնել եւ լուռ կենալ, չեմ կրնար ձեզ չարգիլել այս կեանքը շարունակելէ։

    — Օր մը աւելի՞ ապրելու համար, Տօքթօռս,- պատասխանեց ինծի ժպտալով,- օր մը աւելի՞ տառապելու համար․ եւ բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կը պատրաստվեի արդէն, շարունակեց․

    — Դուք, բժիշկներ, կեանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հէգ էակներուն կեանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չէք կրնար այդ կեանքը իր թարմութեան,

    իր գեղեցկութեան մէջ անայլայլ ու հաստատ պահել․ ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած միսի մը աւելի կամ նուազ տեւողութիւնը նշանակութիւն չունի․ կինը իր երիտասարդութեան, իր հրապոյրներուն մէջ կրնա՞ք վար դնել, կեցնել։ Չէ՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթայ հոսկէ․ իր պաշտօնը, իր կոչումը աւարտած է ան․ ի՜նչ, կը պահանջես ձայնը մարած երգիչէն՝ որ սրահին վրա՞յ կենայ, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը․ կինը ծիծաղ մըն է, պէտք չէ որ լացի փոխուի։
    Հիւանդութիւնը կը սաստկանար, հեղձումները կը յաճախէին ու միշտ խուլ կը մնար անիկա իմ խրատներուս, եւ իր զբօսանքի, հաճոյքի կեանքը անխափան կը շարունակէր։ Տարօրինակ, բայց թերեւս ամենէն ուղիղ ըմբռնումն էր իրենը՝ աշխարհիս մէջ կնոջ մը դերին եւ կոչումին վրայ։ Յոյսը եւ Ուրախութիւնն էր ինքը եւ անձնուրաց արիութեամբ մը կը բաշխէր իր կենդանութիւնը, իր շնորհը, իր հրապոյրը, երբոր ինքը պէտք ունէր ատոնց, Քօբէի մանիշակ ծախող աղջիկին պէս,



    Գ.

    Երեկոյթը իր ամենէն ցնծայոյզ վայրկեանին մէջն էր։ Շատ մը աղուոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ․ լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մէջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղութեամբը ամենէն զմայլելին կը հանդիսանայ։

    Քովես՝ պզտիկ ձայն մը․ ասանկ երեկոյթներու սովորական չարախոսութիւնները, որոնց ամենէն թունաւորները տանտիրուհւոյն դեմ կ՚արձակուէին։

    — Տեսէք, իր սիրած երիտասարդէն վայրկեան մը չի բաժնուիր․ մարդ չի սեպեր աս կնիկը։

    Երիտասարդը՝ տժգոյն ու նիհար մէկն էր, զոր կիները իրարու ձեռքէ կը խլէին։ Իր վրդոված կեանքին կը պարտէր այս ձգողութիւնը։ Ուրոյնութիւն մը ունէր անիկա, եւ իրեն յատուկ դրոշմ մը կար իրեն պատկանող ամէն բանի մէջ։ Արհամարհոտ

    պզտիկ ժպիտ մը նուրբ ու սեւ պեխերուն ծայրը. կոպերը կտրած աչքեր, որոնք իր գիշերամոլ մարդու յոգնութիւնները կը պատմէին․ վէս խրոխտութիւն մը, որ վաղաթարշամ երիտասարդութեանը վրայ ծաւալած ծանրութեան պէս բանի կը նմանէր, կարծես ուսումներու եւ հսկումներու մէջ խորասուզուող մարդու ծանրութիւնը։
    Մտքի ու ճաշակի տէր մէկն էր։ Իրաւագիտութիւն սորվելու համար Եւրոպա կեցած տարիներէն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացակնութեամբը վերադարձած էր հոս։ Համալսարանին սրահներէն աւելի՝ գեղեցիկ կիներու քով, միանգամայն՝ տաղանդաւոր մարդոց եւ լաւագոյն ընկերութեանց մէջ մտած ու ապրած էր, մսխելով, փճացնելով ունեցածը եւ չունեցածը։ Հոս ոչ փաստաբան եղեր էր եւ ոչ դատաւոր․ անկեղծութեամբ, քաջութեամբ խոստովանած էր իր ապիկարութիւնը։

    Ամէն ինչ չափաւոր, գրեթէ մեղմ էր իր վրայ, իր ձայնը, իր շարժումները․ բայց ատոր խորը կը տեսնայիր անձնավստահ մարդու, կամ՝ աւելի ճիշդը ըսելու համար՝ իր գերազանցութիւնը գիտցող մարդու մը անխռով հանդարտութիւնը։

    Աղջիկներու ետեւեն չէր վազեր․ երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթէ հայրական աչքին։ Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կոյսի մը մաքուր հոգին․ այս կենցաղասէր մարդուն մէջ՝ ահա այս կերպ իր կեանքին հակասող ազնուութիւններ ալ կային։ Իր ասպետական, կռիւով, հարձակումով բերդ առնող մարդու համբաւին եւ սովորութեանցը հակառակ էր տեսլական սիրոյ մը հեռանկարովը աղջկան մը սրտէն ներս սպրդիլ․ այս Ոդիսեւսի միջոցները իրեն չէին պատշաճեր։

    Զրուցուածին նայելով՝ տարիէ մը ի վեր տիկին ….-ի մտերիմն էր, ու ամէնքը, իրենց բոլոր չարախօսութեանց մէջ անգամ, այս երկուքին միջեւ ճշմարիտ ներդաշնակութիւն մը գտեր էին որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալէն առաջ կուգար անշուշտ։

    Դ.
    Հիմա կը պարէին․ այրերը իրենց պահանջումներուն անհամբերութիւնը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատոյց մեղկութիւնը․ խօլական գիրկընդխառնումներու, վէտվէտումներու անընդհատ շարք մըն էր այս ամէնը։

    Վալսին՝ Տիկինն ալ եկաւ այն երիտասարդին հետ, որ իր խօսակիցը եղած էր գրեթէ շարունակ, եւ պարողներուն մէջ այս եղաւ էն շնորհալի զոյգը։ Զմայլած կը դիտէինք զիրենք․ պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը, եթերային ու ցնորական սլացում մը, յափշտակութիւն մը, քերթուած մը ամբողջ։

    Միւս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զոյգին շուրջը հիացած, հիացում, որուն մէջ նախանձը իր արդար բաժինը ունէր։

    Յանկարծ, սայթակումի պէս բան մը պատահեցաւ, կինը իր բոլոր ծանրութեամբ վայր իյնալու պէս եղաւ․ երիտասարդը մեծ ճիգով հաջողեցաւ իր գիրկին մէջ բռնէլ զայն։

    — Ոտքը սահեցաւ,- կ՚ըսէին։

    Ոչ, աւելի բան մըն էր, նուաղում մը ունեցեր էր։

    — Հասե՛ք, Տօքթօռ,- պոռաց երիտասարդը։

    Իսկոյն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրայ տեղաւորեցինք զինքը․ հազիւ կրցաւ աչքերը բանալ․ անմիջապէս տեսայ սրտի կաթուածի բոլոր նշանները։

    Ընդհանուր տակնուվրայութեան մէջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կը դառնար․ օտարականները հեռացուցինք. հիւրերը մէկիկ մէկիկ մեկնեցան․ բայց դեռ սանդուխներուն վրայ անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին աւանդեց, գլուխը իր սիրած տղուն գիրկին մէջ, նոյնիսկ իր բոյնին մէջ նետահար սպաննուած թռչունի մը պէս, ժամանակ չձգելով, որ դեղ կամ դարման մը ընեմ։

    Այս եղաւ ահա իր վախճանը․ կեանքին բոլոր երանութիւնները միացած խտացած էին այն երկվայրկեանին մէջ, ուր կեանքը կը թողուր․ ասկէ աւելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար։

    Հիւանդութիւններու, ցաւերու մէջ չտառապեցաւ․

    ծերութիւնը չփճացուց իր շնորհները․ պաշտելի ու պաշտուած կինը մնաց մինչեւ վերջի վայրկեանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունուած, իր սիրած տղուն թեւին վրայէն գնաց հեռացաւ անիկա։ Բաժակի մը պէս, որ կոչունքի մը սեղանի վրայ, ցնծութեան մաղթանքներու, բախումներու մէջ կը փշրուի, փոխանակ դուրսը սպասաւորներու ձեռքով, լուացքի աղտոտ ջուրին մէջ օր մը կոտրելու անհետանալու, այս կինն ալ էն շնորհագեղ պատկերի մը մէջ գերագոյն երջանկութիւնը զգացած ու պարգեւած ժամուն անհետացաւ։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Զաբուղոն

    Ա
    Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

    Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

    Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

    Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր - ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր - թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

    Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

    Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։


    Բ
    Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

    Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

    Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

    Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։

    Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

    Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

    Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

    Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

    Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։

    Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։


    Գ
    Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։

    Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։

    Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։

    Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։

    Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

    - Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։

    Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։

    Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։


    Դ
    Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

    Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

    Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։

    Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

    Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

    Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

    Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

    Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

    Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

    Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

    1893

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

  18. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Զարինե Ամիրյան (30.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •