+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Հովհաննես Թումանյան

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Հովհաննես Թումանյան

    Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Լոռու մարզ, Հայաստան - մարտի 23, 1923, Մոսկվա, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

    Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

    Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։
    Տոհմը
    Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936), ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):
    Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

    1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[9]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերություններում:

    1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.:

    1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

    1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
    Tumanyan@_knoj_het.jpg

    Թումանյանը կնոջ հետ:
    1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Թումանյանի ընտանիքը

    1888 թվականին տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցել են 10 երեխա՝
    800px-Tumanyan_Family.jpg

    Մուշեղ (1889-1938),
    Աշխեն (1891-1968),
    Նվարդ (1892-1957),
    Արտավազդ (1894-1918),
    Համլիկ (1896-1938),
    Անուշ (1898-1927),
    Արփենիկ (1899-1981),
    Արեգ (1900-1939),
    Սեդա (1905-1988),
    Թամար (1907-1989):

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Թումանյանի քաղաքական- հանրային գործունեությունը

    20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

    Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

    Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

    Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
    Հեռու աստղերին
    Երկնքի ծերին,
    Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
    Հայոց լեռներում,
    Կանաչ լեռներում:


    «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։


    Թիֆլիսի տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը:
    Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

    «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

    Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.


    Տիեզերքում աստվածային
    մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին
    անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել
    մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար
    արդեն խորթ է իմ հոգին:


    Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

    Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

    Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։


    Թումանյանի տուն-թանգարանը գտնվում է Դսեղում:
    Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի
    Հայաստանում.
    Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թվականներին կոչվում էր Թումանյան
    1951 թվականին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
    Վանաձորի պետական համալսարանը,
    Երևանի տիկնիկային թատրոնը,
    Երևանի Թումանյան փողոցը,
    Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին
    Հայաստանից դուրս.
    Թումանյանի հրապարակ - Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։
    Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում: Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին:

    2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի գրողների միությունում: Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

    ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Օպերա
    Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան (1912) հիմնված է Թումանյանի Անուշ (1902) պոեմի վրա
    Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերան (1930) հիմնված է Թումանյանի Թմկաբերդի առումը(1902) ստեղծագործության վրա
    Հետևյալ ֆիլմերը Թումանյանի ստեղծագործությունների ադապտացիաներն են՝

    Ֆիլմեր

    Հովհաննես Թումանյան. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»

    Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա։

    Անուշ, Ի. Պերեստիանի, համր կինո (1930)
    Գիքոր, Ա. Մարտիրոսյան, համր կինո (1934)
    Տերն ու ծառան, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1962)
    Ախթամար, Ե. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1969)
    Աղքատի պատիվը, Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան, Հայֆիլմ (1969)
    Չախչախ թագավորը, Դ. Քեոսեյան, Հայֆիլմ (1969)
    Սուտլիկ որսկանը. Արամայիս Սարգսյան, Հայֆիլմ (1969)
    Սովի ժամանակից, Է. Մարտիրոսյան, Հայֆիլմ (1974)
    Գիքոր. Ս. Իսրաելյան, Հայֆիլմ (1982)
    Մի կաթիլ մեղրը, Հենրիկ Մալյան, ռուսերեն, Հայֆիլմ (1982)
    Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա

    Շունն ու կատուն, Լև Ատամանով (1938)
    Մի կաթիլ մեղրը, Վ. Պոդպոմոգով (1968)
    Փարվանա, Վ. Պոդպոմոգով (1968)
    Սուտլիկ որսկանը, Է. Բադալյան (1969)
    Ձախորդ Փանոսը, Ս. Գալստյան (1980)
    Կիկոսի մահը, Ռոբերտ Սահակյանց (1986)
    Քաջ Նազարը, Ռոբերտ Սահակյանց (1986)

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Թումանյանի այգին

    Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո, 100 տարի վարձակալման ժամկետով։

    Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

    Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումայանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը: 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

    1990-ական թվականներին երկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։ 2009-2010 թվականներին այն վերակառուցվել է. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արարատ» լքված կինոթատրոնի տեղում (որ տեղակայված էր այգուն հարող տարածքում) կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151

    Թումանյանի քառյակները

    Անց կացա՜ն…
    Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
    Ախ ու վախով, դարդերով
    Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

    * * *
    Վերջացա՜վ…
    Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
    Ինչ հույս արի` փուչ էլավ,
    Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

    1890
    —————————————————-

    * * *
    Հիմա բացե՜լ են հանդես
    Երգիչները իմ անտես.
    Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
    Ո՞վ է լսում հիմի ձեզ:

    * * *

    Ե՛տ չեկա՜վ…
    Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
    Անկուշտ մահին, սև հողին
    Գերի մնաց, ե՜տ չեկավ:

    * * *
    Ու՞ր կորա՜ն…
    Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
    Ինչքան լացի, ձեն ածի`
    Ձեն չտվին, լու՜ռ կորան:

    1916
    ————————————————————————-

    * * *
    Երկու դարի արանքում,
    Երկու քարի արանքում,
    Հոգնել եմ նոր ընկերի
    Ու հին ցարի արանքում:

    * * *

    Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
    Լիքն ակունքով հազարավոր.
    Իմ զայրույթը լիքն է սիրով,
    Իմ գիշերը` լիքն աստղերով:

    * * *

    Քանի՜ մահ կա իմ սրտում,
    Թափուր գահ կա իմ սրտում.
    Չէ՞ դու էլ ես մահացու.-
    Մահի ահ կա իմ սրտում:

    * * *

    Կյանքից հարբած անցավոր,
    Ահա դարձյալ անցավ օր,
    Դու վազում ես դեպի մահ-
    Մահը բռնում հանցավոր:

    * * *

    Ե՛տ եկե՜ք…
    Գարնան վարար գետ եկե՜ք,
    Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
    Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

    * * *

    Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Սկսվում է ամեն օր:

    * * *

    Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:

    * * *
    Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
    Քանի օրվա հյուր ընկանք.
    Սերն ու սիրտն էլ երբ չկա`
    Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

    * * *

    Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել, լույս տվել,
    Լույս տալով եմ սպառվել:

    * * *

    Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,
    Վատը` լավ եմ տեսել ես:

    * * *

    Երազումս մի մաքի
    Մոտս եկավ հարցմունքի.
    -Աստված պահի քո որդին,
    Ոն՞ց էր համը իմ ձագի…

    * * *

    Մնացել է բերդը մեզ,
    Հաղթանակի երթը մեզ.
    Անց են կացել` ով կային.
    Հիմի կգա հերթը մեզ:

    * * *

    Հոգիս` տանը հաստատվել,
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նկատել:

    1917
    ————————————————————————-

    * * *

    Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն, ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին:

    * * *
    Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թե՛թև սիրտ:

    * * *

    Լինե՜ր հեռու մի անկյուն,
    Լինե՜ր մանկան արդար քուն,
    Երազի մեջ երջանիկ,
    Հաշտ ու խաղաղ մարդկություն:

    * * *

    Մի հավք զարկի ես մի օր.
    Թռա՜վ, գնաց վիրավոր:
    Թռչում է միշտ իմ մտքում
    Թևը արնոտ ու մոլոր:

    * * *

    Երկու շիրիմ իրար կից,
    Հավերժական լուռ գրկից,
    Թախծում են պաղ ու խորհում
    Թե` ի՜նչ տարան աշխարհքից:

    * * *

    Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
    Հեռվից անթիվ ձեռքերով.
    -Ջա՜ն, հայրենի անտառներ,
    Դուք եք կանչում ինձ ձեր քով:

    * * *

    Աշնան ամպին ու զամպին,
    Մոլոր նստած իմ ճմբին,
    Լոռու հանդում մի արտույտ
    Նայում է միշտ իմ ճամփին:

    * * *

    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

    1918
    ————————————————————————-

    * * *

    Մեռա՜ն, մեռա՜ն.. Եվ ահա,
    Խառնվել են կյանք ու մահ.
    Չեմ հասկանում աշխարհքի
    “Կան ու չկան” ես հիմա:

    * * *

    Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
    Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
    Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

    * * *

    Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
    Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
    Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
    Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

    * * *

    Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

    * * *

    Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
    Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

    * * *

    Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
    Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
    Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
    Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

    * * *

    Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
    Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
    Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
    Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:


    1919
    ————————————————————————-

    * * *

    Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
    Տեղդ իմաց տուր` գտնեմ,
    Ման եմ գալիս էս մթնում
    Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:

    * * *

    Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
    Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
    Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
    Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

    * * *

    Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
    Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
    Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
    Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

    * * *

    Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
    Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
    Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
    Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

    * * *

    Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
    Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
    Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
    Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

    1920
    ————————————————————————-

    * * *

    Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
    Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
    Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
    Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

    * * *

    Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
    Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

    * * *

    Արյունալի աղետներով, աղմուկներով ահարակու,
    Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու,
    Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
    Դեպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու…

    * * *

    Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
    Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

    * * *

    Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
    Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

    * * *

    Ասի. “Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…”
    Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.
    -Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
    Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես…

    * * *

    Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
    Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
    Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
    Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

    * * *

    Բարձր է հնոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ,
    Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ-
    Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
    Մինչև վախճանն անվախճանի քննում է դարե դար:

    * * *

    Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
    Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
    Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
    Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ` Քեզ են երգում Քո ձենով…

    * * *

    Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
    Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
    Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
    Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

    * * *

    Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
    Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:
    Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
    Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

    * * *

    Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
    Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
    Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

    * * *

    Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում,
    Ցավոտ սրտով աշխարհ լցվեց մեր դարում.
    Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց բովանդակ
    Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

    1921
    ————————————————————————-

    * * *

    Աղբյուրները հնչում են ու անց կենում,
    Ծարավները տենչում են ու անց կենում,
    Ու երջանիկ ակունքներին երազուն`
    Պոետները կանչում են ու անց կենում:

    * * *

    Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

    * * *

    Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում,
    Էնքան տրտում կորած լավերն իմ սրտում…
    Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին`
    Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում:

    * * *

    -Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
    Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

    * * *

    Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
    Անդարձ ու հին ճամփաներ,
    Ովքե՞ր անցան ձեզանով,
    Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:

    * * *

    Հանգել են,
    Կրակներս հանգել են,
    Ցուրտ ու խավար էս գիշեր
    Ճրագներս հանգել են:

    * * *

    Չի գալիս,
    Ականջ եմ դրել չի գալիս,
    Ձեն եմ լսել էս ձորում,
    Կտրել է, էլ չի գալիս:

    * * *

    Մինչև էսօր իմ օրում
    Մարդ չեմ տեսել ես շորում.
    Մարդը մերկ է ու անինչ,
    Սիրտ ունի լոկ իր փորում:

    * * *

    Առատ կլնի կինը արդ,
    Կընկնի էգի կինը արդ,
    Կբարձրանա նրա տեղ
    Ազատ, անկախ կինը մարդ:

    * * *

    Ափսոս որ չես տեսնում բնավ
    Տագնապն հոգուս խոր ու վեհ…
    Հազար անգամ ափսոս ու ցավ,
    Որ պիտ տեսնես երբևէ:

    * * *

    Իմ ծիտիկը դու հերվան,
    Իմ եղնիկը էսօրվան,
    Վաղը ի՞նչ ես լինելու…
    Ես չեմ գտնում էնպես բան…

    * * *

    Նա մի առյուծ, ես մի գառ.
    Իմ սրտի հետ խելագար
    Անհավասար կռվի մեջ,
    Քարշ եմ գալիս ես տկար:

    * * *

    Կյանքն ահա.-
    Սնունդ, ծնունդ մինչև մահ.
    Մնացածը ողջ նրանց
    Կամ հաճույքն են և կամ ահ:

    * * *

    Մեր գանձերը միշտ կան առատ,
    Մեր հաճույքներն անվե՜րջ, անհատ,
    Չի հասկանում` ոնց վայելի,
    Դժգոհ է զուր ամեն մի մարդ:

    * * *

    Էնքան եկան, անցկացան,
    Ընկան, հանգան, անցկացան
    Երգ ու տաղս էլ ու՞ր տարան,
    Չկան, չքվան, անցկացան:

    * * *

    Թվում է հար, թե անցյալս ու ապագաս տեսած կամ,
    Առաջ ու ետ անհունությունն ողջ անպակաս տեսած կամ.
    Բայց ո՞նց հիշեմ ամեն տեսած, կամ եղածը հասկանամ,
    Եվ ……. անհուն, անհաս տեսած կամ:

    * * *

    Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր,
    Աշխատանքի, հանգիստ օրին ես մնացի մոտ ընկեր,
    Հեռու ու մոտ սարի վրի եղբայրներիս ձեն տվի
    Ու էն ձենում մեզ բոլորիս ճանաչեցին մի ընկեր:

    * * *

    ՍԻ՛ՐՏ
    Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
    Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
    Դու գիտես ամենն ամենից առաջ,
    Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:

    * * *

    Մեր կյանքը կարճ մի վերելք,
    Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
    Ապրել անախտ, անցնել անհաղթ, հոգիանալ ու նորեն
    Նյութից զատված, անմեկ աստված վերադառնալ դեպ իրեն:

    * * *

    Ահա շիրիմն… իմ ընկերն էր…մի սովորութք ուներ նա,
    Գիշերն արթնում, լույս էր վառում, նստում` ժամը իմանա…
    Հե՜յ, ի՛նչ անմիտ խոսք է էսօր ժամը կողքին էս շիրմի…
    Հե՜յ, անուշ ջա՜ն, ի՜նչ ես հարցնում` ժամի քանիսն է հիմի…

    * * *

    Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ ես ձևանում.
    Ու չես ասում` մեզնից քեզ հետ ինչ գանձեր ես դուրս տանում:
    Ինչ սիրող սիրտ, մարգրիտ վշտեր ու ինչ գոհար երազներ…
    Թե իմանան` քեզ կբռնեն մեր աշխարհքի սահմանում:

    * * *

    Ատում եմ քաղաքը` դատարկ ու շքեղ,
    Ծանր է գալիս ինձ` երկիրը ավեր,
    Տխուր ու դժար` բնությունը մեծ,
    Էլ ու՞ր մնամ ես սիրտս էլ ավեր…

    * * *

    Հե՜յ, Գրիշա՛, ի՛մ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես,
    Ու նավաբեկ, ու ցավաբեկ հեռվից իրար բերավ մեզ.
    Ե՛կ վայելենք էս բախտն անկարծ աղետալի մեր կյանքում,
    Քանի դեռ չենք պոկվել, բեկվել նոր հեռավոր հորձանքում:

    * * *

    Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սգավոր դու էսօր,
    Բայց ողջ ու վեհ քան երբևէ, թովիչ ու խոր դու էսօր,
    Եղբորդ մոտ եկած վշտոտ` տանջում ես նոր դու էսօր,
    Տանջանք անվերջ իմ սրտի մեջ ու սեր հզոր, դու էսօր:

    1922

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Ստեղծումից գրեթե մեկ դար անց էլ Հովհաննես Թումանյանի քառյակները շարունակում են մնալ ամենապահանջված հայերեն գրական ստեղծագործություններից մեկը: Դրա մասին են վկայում փնտրողական համակարգերով քառյակները որոնղ ընթերցողների մեծ թիվն ու նրանց օգտագործած փնտրաբառերի բազմազանությունը` թումանյան – քառյակներ, թումանյան քառյակներ, հ. թումանյան քառյակներ, հազար տարով թումանյան, հովաննես թումանյան քառյակներ, հովհաննես թումանյան քառյակներ, hovhanes tumanyan qaryakner, hovhannes tumanyan qaryakner, hovhannes tumanyan qaryakner@, hovhannes tumanyani qaryakner, hovhannes tumanyan-qaryakner: Այստեղ ներկայացված է քառյակների լիակատար հավաքածուն:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •