Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Թատրոնի հայ անվանի ներկայացուցիչներ

  1. #21
    Մոդերատոր Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    3031
    Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։

    1867-1869 թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»[1]: Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։

    1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը[2]: Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։

    Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։Petrosadamian.jpg

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    546
    Հեղինակության աստիճան
    21363
    Կենսագրություն
    Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։

    Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։

    Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։

    Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ՝ Սիմա՝ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդություն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա՝ («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։

    Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

    Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։

    Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ. Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։ Սվետլանա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2014 մայիսի 12-ին։

    Պարգևներ, մրցանակներ
    ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
    ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
    Երևանի պատվավոր քաղաքացի
    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
    Մովսես Խորենացու մեդալ
    «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշան
    Խաղացած դերերը
    Սիմա՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
    Մարիետա՝ «Բայադերա»
    Կոլոմբինա՝ «Վենետիկյան երկվորյակներ»
    Լիքսենա՝ «Պարերի ուսուցիչը»
    Նունուֆար՝ «Հին հիվանդություն»
    Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
    Ժաննա՝ «Ռոզ Մարի»
    Նատա՝ «Սոֆիկի սխալը»
    Դիաննա՝ «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
    Ռոզալյա՝ «Չանիտայի համբույրը»
    Ժիկվան՝ «Տիկին Միսիստրուին»
    Ռոզը՝ «Տաքսի-տաքսի»
    Սվետլանա_Գրիգորյան.jpg

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (16.10.2018), Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (21.06.2019), Ջուլիետա Այվազյան (16.10.2018), Հռիփսիմե Հարությունյան (15.01.2019)

  5. #23
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    Իսկական մի հրաշք էր կարծես: Հրաշքի մի տեսիլք: Թիֆլիսյան խարխուլ պատշգամբով դեպի մեր փոքրիկ սենյակն են ուղղվում երկու աստված: Դավիթ Մալյանը՝ իմ հորեղբայրը, և իր ավագ ընկերը՝ Հրաչյա Ներսիսյանը: Դավթի դարչնագույն խալը կարծես գոհունակ շողում էր նրա թարմ վարդագույն դեմքին: Հրաչի այտերին՝ մոգական կնճիռներ, իսկ աչքերի տեղ՝ մի զույգ կապույտ ճրագ: Ես հաճույքից ծղրտում եմ և կապիկի ճարպկությամբ սողոսկում սենյակին կպած զուգարանը... Մերոնք ինձ չեն մատնում... Իսկ ես լսում եմ մինչև իմ անսովոր թաքստոցը հասնող երկու արտիստների բասն ու բարիտոնը, հատուկենտ բառեր, ծիծաղի դուետ...
    Հրաչը պատմում է մերոնց իր ընտանիքի մասին, թե ինչպես է սարսափել, երբ առաջին անգամ «երես երեսի» հանդիպել է նորածին իր դստերը, նույնիսկ մտքովն անցել է խեղդել նրան, պատմում էր Բոսֆորի ջրերի զարմանալի կապույտի մասին... Դավիթը հարցնում էր հորս գործերից, Հենոյի մասին (այդ ես էի). ես հպարտորեն մի պահ ձգվում եմ իմ թաքստոցում... Քիչ անց հրաժեշտի ձևականություններ...ու մեր պատշգամբով դանդաղորեն հեռանում են երկու կոստյումավոր հայ արտիստներ՝ ճերմակահեր, ճաղատացող Հրաչյա Ներսիսյանը և գանգուր, հպարտ քայլվածքով իմ հորեղբայրը: 1934թ. ամռանը Թիֆլիսում այսքան ծիծաղելի և յուրօրինակ էր իմ առաջին հանդիպումը հետագա բոլոր տարիների իմ կուռքի՝ Հրաչյա Ներսիսյանի հետ:
    Ֆիլմերում հաճախ տեսնում էի նրան: Երևանում ուսանողական տարիներից սկսած հաճախ էի հանդիպում նրան, իսկ հանդիպելուց հետո արդեն անհնար էր հայացքը կտրել նրանից: Ձեռքը գոտկատեղի ետևը դրած, հայացքը՝ մերթ երկնքին, մերթ գետնին, հպարտ քայլում էր նա, քայլում դեպի տուն, թատրոն, ստուդիա, սրճարան, բայց, թվում է, ավելի հաճախ դեպի իր հուշը, դեպի երեկը, խորհրդավորը, անհայտը, անորոշը... Երբեմն տեսնում էի նաև մտերիմների շրջանում, բայց նրան ավելի «սազում» էր միայնակ լինելը, միայնակ քայլելը, խորհելը և թվում է՝ փորձում էր քայլքով սպանել, միայնակությամբ հաղթահարել ինչ-որ մեծ վիշտ, ողբ, աղետ... Գուցե...
    Տեսնում էի բեմի վրա: Առաջին ակնթարթներին՝ հիասթափեցնելու չափ սովորական, անշուք, անհրապույր... Խռպոտ ձսյն: Նեղլիկ ուսեր: Հետն էլ՝ մի հավերժական անորոշություն: Բայց հետո՞... Հետո արդեն թնդում էր ամեն բան: Հազար ու մի կրակ էր բոցավառվում բեմի վրա: Հեղեղ էր, կիրք, պոռթկում, վիշտ, աղերսանք, բողոք՝ մոլեգին, անսանձ: Եվ ի՞նչ եղան ուսերը վտիտ, ու՞ր է ձայնի խռպոտությունը, կնճիռները դեմքի... Հիմա արդեն տոն էր բեմի վրա՝ բոցավառություն և հիպնոսացում... Այդպիսին էին նրա Օթելլոն, Էլիզբարովը, Լիրը, Պրոտասովը, Անհայտը, Մեք Գրեգորը... Եվ հետո՝ ներկայացման ֆինալում, Հրաչը, հավերժական Հրաչը, հավերժական արտիստը, շփոթված ու ամոթխած՝ փորձում էր, ճգնում էր թաքնվել իր խաղընկերների ուսերի հետևում, թաքնվում էր հանդիսատեսների հուժկու ծափահարություններից՝ իրեն արժանի չհամարելով հանդիսատեսի նման վերաբերմունքին:
    Ամաչկոտ էր: Այսօր հիմնականում անամոթ են: Հիշում եմ. «Ամպրոպի արահետով» ֆիլմի հանձնումն էր. ստուդիայի դահլիճը լեփ-լեցուն էր: Դիտման ընթացքում ես մի քանի րոպեով դուրս եկա բակ: Դատարկ բակում, ծխախոտը դողդողացող ձեռքերի մեջ հուզված ետուառաջ էր անում Հրաչյա Ներսիսյանը՝ խելագար Սեմի հիանալի դերակատարը: «Ինչու՞ եք այստեղ, ինչու՞ ներս չեք մտնում»,_ հարցնում եմ: «Վախենում եմ... ամաչում եմ...»,_ մրմնջում է նրա հաճելի բարիտոնը, իսկ կապույտ աչքերը փայլում են, հուզվում...
    1955 թվական: «Պատվի համար» ֆիլմի ռեժիսորի ասիստենտն եմ: Ինձ հանձնարարվում է հուշարարի պարտականությունը: Բայց ինչպե՞ս հուշես, երբ գործում է Հրաչյա-Էլիզբարովը: Ես հրապուրված հետևում եմ նրա վարքին. ռեժիսորն ինչ-որ դիտողություններ ու առաջարկներ է անում, Հրաչը կրկնում է, կատարում նրա կամքը, մի փոքր էլ «փչացնում է» արածը: Հետո դրվագը փորձում են նորից ու նորից... գնալով այն անհրապույր է դառնում, արհեստական: Ես անտանելի հուշարար եմ. ախր նայել եմ ուզում, տեսնել, հասկանալ, ուշացնում եմ տեքստը, ռեժիսորը վիրավորում է ինձ, ես դուրս եմ վազում տաղավարից՝ զզվելով բոլորից ու նաև ինձանից...
    Նկարահանվում է դրվագը, հոգնած Հրաչն անցնում է իմ կողքով, մի պահ կանգ է առնում ու մեղա գալով իմ առաջ՝ մրմնջում է. «Ներիր, սիրելիս, ես եմ մեղավոր»... Հենց նույն պահին էլ ես իմ աչքում «մեղավորից» վերածվում եմ «հանցավորի»...

    ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (21.06.2019), Անժելա Ալավերդյան (08.12.2018)

  7. #24
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16319
    Շնորհակալություն, հարգելի ընկերներ մեր հրաշալի դերասաններին անդրադառնալու համար, նրանք արժանի են գովասանքի....
    Դերասանի մասնագիտությունն իրենց երեխաների համար անցանկալի է գրեթե բոլոր ծնողների համար: Վահրամ Փափազյանին ընտանիքում բավականին ուշ ներեցին իր մասնագիտության ընտրության համար, Պետրոս Ադամյանի հայրն այդպես էլ չհաշտվեց այդ մտքի հետ….Հետաքրքիր է, որ իրենց երեխաներին անվանի, հայտնի տեսնելու հեռանկարը չի ոգևորում ծնողներին: Գրեթե բոլորի մեկնաբանությունը նույնն է. դա մասնագիտություն չի...: Այսօր էլ մեր շրջապատում կան մարդիկ, ում ընտանիքները դժվարությամբ են հաշտվում դերասանի մասնագիտության ձեռք բերման հետ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (21.06.2019), Անժելա Ալավերդյան (16.01.2019)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2843
    Կարպ Խաչվանքյան

    (հունվարի 23, 1923, Ախալցխա, Վրաստան - նոյեմբերի 23, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957): Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ:
    Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

    Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
    Դերերը
    Բոնի՝ «Սիլվա»
    Վալի՝ «Աշուղ Մուրադ»
    Գուրգեն - «Աղբյուրի մոտ»
    Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »
    Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
    Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »
    Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
    Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»
    Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»
    Միշա՝ «Սիրո հովիտ»
    Սկապեն՝ «Սկապենի արարքները»
    Սիրական՝ «Սոֆիկի սխալը»
    Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»
    Ղարա՝ «Կապկազ թամաշա»
    Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»
    Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»
    Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»
    Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»
    Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»
    Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»
    Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»
    Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»
    Պետիկ՝ «Երազիկ»
    Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»
    Բապս՝ «Չառլեի մորաքույրը»
    Ֆիլմագրություն
    1983 - Տաքսի-տաքսի (ֆիլմ-բեմադրություն) - Կնյազ
    1981 - Ատամնաբույժն արևելյան - Նիկո
    1963 - Ճանապարհ դեպի կրկես - Աշոտ
    1956 - Պատվի համար - Սուրեն Էլիզբարով
    1949 - Արարատյան դաշտի աղջիկը - Գրիգոր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (21.06.2019)

  11. #26
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668

    ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ «ԻՄ ՋՈՆԻՆ

    «Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին համակ լույս է, մի պայծառություն, որ անդրադառնում է հանդիսատեսի հոգում: Ոչ մի ավելորդ դիմախաղ, ոչ մի անհարկի շարժում, ոչ մի անտեղի ելևէջ: Վ. Վարդերեսյանն այնպես է վերամարմնավորվել Ջոնիի մեջ, որ հեշտ չէ երևակայել մեկ ուրիշ Ջոնիի, մինչև իսկ մեկ այլ ձայնով ու շարժուձևով»:
    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    Չգիտեմ ինչու, մարդու կյանքի կորագիծը միշտ նմանեցրել եմ արևի ընթացքին՝ արշալույս, միջօրե, մայրամուտ:
    1960-1961թթ. ես ընդհուպ մոտեցել էի իմ ստեղծագործ կյանքի միջօրեին: Երբ արևը հասնում է զենիթին, ավելի կիզիչ են լինում ճառագայթները: Անսովոր մի բան պիտի լիներ իմ ստեղծագործության մեջ և եղավ, ինչպես հավատացնում էին հանդիսատեսները, պարզ հոգիներից մինչև գիտության կորիֆեյները:
    Չգիտեմ՝ որտեղից և ինչ պարագաներում էր Վ. Աճեմյանին հասել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» իմաստուն թատերախաղը: Կարծեմ գրողն ինքն էր տվել Աճեմյանին երևանյան իր հերթական այցելության ժամանակ: Կարդացել էր Աճեմյանը թատերախաղը, ոգևորվել, բոցավառվել էր երևակայությունը, տեսել էր ներկայացումը բեմի վրա ու ասել Սարոյանին.
    _ Մանչուկի դերը դերասանուհի պիտի խաղա:
    Իսկ թե որ դերասանուհուն է նկատի ունեցել Վ. Աճեմյանը, ինձ հայտնի լինել չէր կարող:
    1959-ի հոկտեմբերին էր. քարտուղարուհին հայտնեց, թե Աճեմյանը ուզում է ինձ տեսնել: Ներկայացա: Սովորական աշխույժն աչքերում՝ դիմեց ինձ.
    _ Վարդուհի, քեզ համար մի սքանչելի դեր կա:
    Այդ ժամանակ պատրաստվում էի լույս աշխարհ բերել երկրորդ զավակիս:
    _ Բայց պետք է հրաժարվես զավակիցդ:
    Աճեմյանի առաջարկը անսպասելի անակնկալ էր ինձ համար: Նույն առաջարկն արել էր ինձ Աբարյանը 1952թ. ինչ-որ դերի առնչությամբ: Ես մերժել էի: Մերժեցի և Աճեմյանին, քանի որ դա հակառակ էր հայ ընտանիքի իմ պատկերացումին:
    Վ. Աճեմյանը այդպես էլ չորոնեց նոր դերակատար: Ծալեց պիեսը մի ամբողջ տարի, մինչև կհասներ ժամանակը: 1960թ. նոյեմբերի վերջերին սկսվեցին Վ. Սարոյանի թատերախաղի փորձերը:
    Ջոնիի կերպարը առաջին իսկ պահից հրապուրեց, կլանեց ինձ, վերադարձրեց ինձ իմ տխրադալուկ մանկությունը, այն հոգեհարազատ մարդկանց դեմքերը, որոնց շրջանում հասակ էի առել ես: Փորձերի ընթացքում աստիճանաբար տեսա ու ըմբռնեցի, որ Մեք Գրեգորը ամենևին էլ շոտլանդացի չէ, Սասնա կոտորածներից երջանիկ պատահականությամբ փրկված մի մարդ է, որը ծնվել էր շեքսպիրյան ամենամեծ դերասանը դառնալու համար, և կդառնար, եթե հայ ծնված չլիներ: Հասկացա, որ Ջոնիի հայրը՝ Բեն Ալեքսանդրը, անվանափոխ հայ բանաստեղծ է, որը կարող էր դառնալ Վ. Սարոյանի նման աշխարհահռչակ գրող, եթե... Ըմբռնեցի, որ Մարեն հայ ընտանիքն իր ուսերին պահող փխրուն, բայց և դյուցազնական ուժն ունեցող այն առեղծվածային կինն է, որ կարող էր ոսկու փոխարեն Մշո Ճառընտիրը շալակած հայրենիք բերել:
    Հաջող, լավ, գերազանց կերպարներ կերտելու բերկրանքը շատ անգամներ եմ ճաշակել, բայց այն հրճվանքը, որ ապրեցի Ջոնիի կերպարի շնորհիվ, բացառիկ էր, շատ քիչ դերերում եմ ճաշակել: Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին: Ինձ համար Ջոնիի ամեն մի խոսքը , ամեն բառը սոսկ բառ չէր, մի ամբողջ աշխարհ էր, մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը, իմաստությունը:
    Ջոնին հաճախ գլուխկոնծի էր տալիս:
    _ Վարդուհի, տես, հա՜, չգիրանաս,_ ասում էր Աճեմյանը:
    Ու ես տանը մարզվում էի, գլուխկոնծի էի տալիս մինչ ուժասպառ լինելս: Հանգստանում էի ու նորից անում մարզանքս:
    Ջոնիի կերպարի լավագույն հատվածն, իմ ընկալմամբ, խանութպան Կոզակի հետ ունեցածս տեսարանն էր, նրա հետ ունեցածս զրույցը: Այստեղ իմ Ջոնին իսկական դիվանագետ էր: Հիմա՝ տարիներ անց, դժվարանում եմ մտաբերել իմ ստեղծած կերպարի բոլոր մանրամասները, դժվարանում եմ ասել, թե որ խոսքը ինչ գունավորումով էի արտաբերում, բայց մի նախադասություն արտաբերում էի սարսուռով: Այդ նախադասությունն ավարտական վարագույրն իջեցնող խոսքն էր, այն ոսկեզօծ շրջանակը, որն իր մեջ ամփոփում էր ներկայացման ոգին, իմաստը.
    _ Ես ոչ ոքի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է...
    Երեսուներեք տարեկան էի, երբ առաջին անգամ Ջոնիի կերպարանքով հայտնվեցի բեմում: Տասնյոթ տարի ապրեցի Ջոնիի հետ կամ նա ինձ հետ հաշտ ու խաղաղ: Երբ հասա հիսունին, զգացի, որ ինչ-որ բան է կատարվում իմ Ջոնիի հետ: Այդ ինչ-որ բանը իմ մեջ չէր, առնչված չէր կենսական ուժերիս նվազման հետ: Սակայն ինչ-որ մի բան անհանգստացնում էր ինձ: Ի՞նչը: Ծերացել էր ներկայացումը, մաշվել: Ու որքան էլ կայտառ լիներ իմ Ջոնին, մաշված ներկայացման մեջ չէր կարող պահել իր նախկին փայլը:
    Ու մի օր էլ՝ 1978-ի ամառնամուտին... հրաժեշտ տվի իմ հոգու զավակին, իմ խելոք, փիլիսոփա մանչուկին և ճիշտ վարվեցի:
    ... Իմ Ջոնին իմ կյանքի հեքիաթի մեջ իրոք հեքիաթ էր և կամ հեքիաթի թերևս ամենագեղեցիկ դրվագը, որի հետ անջնջելի շատ հուշեր են կապված, և որի հասցեին թատերական քննադատական միտքը, հանդիսատեսի հավաքական սիրտը հասցեագրեցին հիացմունքի, գնահատանքի վարար խոսքեր, որ շոյել ու դեռ շոյում են արվեստագետիս ինքնասիրությունը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (21.06.2019)

  13. #27
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668
    «ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» (հատված)


    https://www.youtube.com/watch?v=GD4m...9NvysK&index=1

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (21.06.2019)

  15. #28
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668
    ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

    Ես կարող էի չծնվել. ծնվեցի: Իմ աշխարհ գալը լա՞վ էր, թե՞ վատ: Այդ հարցի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Գիտեմ միայն, որ ժողովուրդը ծնունդներով է գոյատևում. ծնունդն է ժողովրդի հավերժության առհավատչյան: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք...
    Ծնողներս արևմտահայեր էին: Հայրս՝ Կարապետ Վարդերեսյանը, Ռոդոստոյից էր, մայրս՝ Աղավնի Մոմջյանը, բնիկ պոլսեցի: Անցյալ դարի սկզբներին հայրս հեռանում է իր ծննդավայրից, մեկնում Ռումինիա, բնակություն հաստատում Ֆոքշան քաղաքում: Այստեղ բացում մի համեստ կոշկակարանոց և հաջողությամբ վարում իր ձեռնարկը: Քառասունին հասած՝ վճռում է ըստ օրինաց աշխարհի ամուսնանալ: Հայ կին ունենալու ցանկությամբ վերադառնում է Պոլիս և հանդիպում է մորս՝ օրիորդ Աղավնիին: Ամուսնական դաշն են կնքում և մի փրկարար հեռատեսությամբ նախաեղեռնյան օրերին հեռանում են Թուրքիայից, մեկնում Ռումինիա:
    1915-ին ծնվում է եղբայրս՝ Վարդերեսը, գեղեցիկ մի տղա, որին, ավա՜ղ, տեսնել չէի կարող, որի նկարը՝ մեդալիոնի մեջ ամփոփված, այսօր էլ կրում եմ կրծքիս վրա: 1917-ին ծնվում է քույրս՝ Արմենուհին: Ծնողներս՝ արդեն բավական առաջացած տարիքում, բավ են համարում եղածը՝ աղջիկ , տղա, և ապրում են հանգիստ, անխռով կյանքով՝ բախտավոր իրենց զավակներով:
    Սակայն ոչ բոլորին է վիճակված երջանիկ լինել ամբողջ կյանքում: Վրա է հասնում մեծ ողբերգությունը մեր ընտանիքին: Եղբայրս հիվանդանում է ոսկրախտով: Ծնողներս վաճառում են իրենց համեստ ունեցվածքը՝ փրկելու եղբորս մահվան ճիրաններից: Անօգուտ: Եղբայրս մահանում է 12 տարեկան հասակում: Եղբորս մահը ցնցում է մորս, խաթարում հոգեկան աշխարհը, բանականությունը, ինչը տարիների հետ մեղմացավ, բայց չանցավ իսպառ: Այնքան մեծ է լինում մորս վիշտը, որ վճռում է լույս աշխարհ բերել մի նոր զավակ, որի փոխարինի կորած զավակին: Մորս մտադրությանն ընդդիմանում է հայրս.
    _ Աղավնի՛, մենք ծեր ենք արդեն, այդ նոր երեխան որբ պիտի մնա, արի վազն եկուր ադ մտքեն:
    Մայրս համառում է, և ծնվում եմ ես, ոչ մորս երազած մանչը, այլ աղջիկ զավակ: Մայրս, իմանալով իմ աղջիկ զավակ լինելը, ապրում է մի նոր վիշտ, և, ինչպես պատմում էին, երկու օր չի նայել երեսիս, հրաժարվել է կրծքով կերակրելուց՝ անիծելով իր բախտը: Ի՞նչ իմանար մայրս, որ հետագայում նրա միակ նեցուկը ես պիտի լինեի:
    Ի հիշատակ եղբորս՝ ինձ անվանակոչում են Վարդուհի:
    Հորս չեմ տեսել: Ես վեց ամսական եմ եղել, երբ նա վախճանվել է 58 տարեկան հասակում: Այդ օրվանից որբության խարանը դաջվում է ճակատիս, ինչպես հայրս էր գուշակել: Տղայի կարոտը այնքան է լեռնանում մորս սրտում, որ ինձ մինչև վեց տարեկան լինելս՝ մինչ դպրոցական հասակս, տղայի շորերով է մեծացրել, մխիթարվել տղա ունենալու պատրանքով:
    Հորս վախճանից հետո մեր ընտանիքը հայտնվում է ծայր թշվառության գրկում... Բուխարեստի ծայրամաս թաղերից մեկում պատսպարված հայ գաղթական մի ընտանիք: Թե ինչպես ենք գոյատևել, աստծուն է հայտնի:
    ... Մարդը վաղ մանկության օրերի իր կերպարանքը հիշել չի կարող, թերևս հիշել կարող է լուսանկարների օգնությամբ: Իմ անարև մանկության օրերին լուսանկար ունենալը մեր ընտանիքի համար թանկ բավականություն է եղել: Եվ, այսուհանդերձ, այդ օրերից մի մասունք մնացել է: Մայրս նստած է աթոռին. ձախ կողմում տղայի շորերով կանգնած եմ ես, աջ կողմում ՝ քույրս: Լուսանկարում աչքերիցս թախիծ է ծորում: Այդ թախիծը միշտ ուղեկցել է ինձ, գրեթե իմ բոլոր դրամատիկ-ողբերգական կերպարներին: Կարծես հիմա եմ ամբողջ խորությամբ ըմբռնում Վարդան Աճեմյանի հաճախակի կրկնվող խոսքը.
    _ Աչքե՜րդ, Վարդուհի, աչքե՜րդ...

  16. #29
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    15482
    Հովհաննես Աբելյան
    Ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4)-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880)։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882 թվականին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում՝ որպես բեմահարդար, նաև դերասան՝ դրամատիկ, և օպերետային ներկայացումներում։ 1886 թվականին Աբելյանը ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887-1891 թվականներին խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում։ 1891 թվականից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895 թվականին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն»-ը։ 1901-1905 թվականներին Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905 թվականից՝ նաև ռեժիսոր)։ 1908 թվականին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը։ 1912 թվականին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913 թվականին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։ 1917 թվականին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920 թվականի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921-1925 թվականներին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում, Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ 1925 թվականին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն)։ 1926 թվականից վեր սկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927-1928 թվականներին աշխատել է Բաքվում՝ հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» և այլն)։

    Ադամյանի մահից հետո, տասնամյակներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։

  17. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    15482
    Սոս Սարգսյան
    Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թվականին նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն։ 1997-2006 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թվականին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

    Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

    Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •