Մարգարյան Նաիրա-ի խոսքերից
Թումանյան-Պուշկին զուգահեռի մասին խոսվել է միշտ՝ սկսած նրա ժամանակակիցներից՝ իշխանուհի Մարիամ Թումանյանից ու Վ. Տերյանից մինչև մեր օրերը և վաղուց գիտականորեն ամրագրվել է Թումանյանի՝ Պուշկինի հոգևոր երկվորյակը լինելու իրողությունը: Ապոլոն Գրիգորևը 1859 թ. ասել է. «Պուշկինը մեր ամեն ինչն է». արտահայտություն, որն այդ օրից դարձավ թևավոր և անառարկելիորեն բնորոշում է նաև Թումանյանին: Եթե այդ խոսքը բնութագրում է Պուշկինին, ով հիմնականում արվեստում դարձավ ռուսական հոգու և ռուս մարդու բնավորության կրողն ու ներկայացուցիչը, ապա որքա՛ն այն սազում է Թումանյանին, ով հասարակական կյանքի անհամեմատ շատ, գրեթե բոլոր ոլորտներում դարձավ ազգայինի լավագույն ներկայացուցիչը, և ոչ թե որևէ գրող կամ քննադատ, այլ հենց ինքն իրեն անվանեց ամենայն հայոց, ու ժողովուրդը նույն վայրկյանից կառչեց այդ բնորոշումից՝ նրան հռչակելով «Ամենայն հայոց» բոլոր ասպարեզներում՝ բանաստեղծ, թամադա, որբերի հայրիկ և այլն: Երբ նրանից հետո եկան Տերյանն ու Չարենցը, նրանց կողքին էր Թումանյանը: Նա նաև այսօրվա գրողների կողքին է, բոլորի, անխտիր, անգամ նրանց, ովքեր կարող են մերժել ու չխոստովանել նրա մեծությունը: Նա կլինի նաև գալիք սերունդների հայ հանճարի կողքին և կսովորեցնի ապրելու և արարելու արիություն:
Ս. Հովհաննիսյան
Էջանիշներ