Էջ 55 55-ից ԱռաջինԱռաջին ... 545535455
Ցույց են տրվում 541 համարից մինչև 546 համարի արդյունքները՝ ընդհանուր 546 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #541
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    380
    Հեղինակության աստիճան
    8370
    Մոտ կես դար առաջ Լևոն Ադյան արձակագիրն այցելեց Դսեղ, նրա տպավորություններն ամբողջացան «Էն Լոռու ձորն է» էսսեում, որի վերլուծությունը տեղ գտավ իմ հեղիանկությամբ հրատարակված գրքում՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին»:

    ԱՍՔ ԷՆ ԼՈՌՈՒ ՁՈՐՎԱ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՍԻՆ

    Արձակագիր Լևոն Ադյանի «Էն Լոռու ձորն է» էսսեն իր գրականագիտական ժանրով տարբերվում է նրա մյուս ստեղծագործություններից: Անկեղծ մի հիացմունք է պատում հոգուդ, երբ իմանում ես, որ այդ ճանապարհորդության մասին գրվել է ուղիղ քառասունհինգ տարի առաջ, երբ երիտասարդ գրող Լևոն Ադյանը Բաքվից գնացել էր իր հայրենի Արցախ ու այնտեղից` Դսեղ, որ տեսնի այն վայրերը, որտեղ ծնվել ու մեծացել էր բոլորիս համար պաշտելի Հանճարեղ լոռեցին: «Քառասունհինգ տարի է անցել այդ օրվանից,-պատմում է հեղինակը,-ինչքան բան է փոխվել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, լավը՝ քիչ, վատը՝ շատ, ինչքան ջրեր են հոսել։ Պարզ է, ավաղ, չկան այլևս բոլոր նրանք, ովքեր տեսել էին Թումանյանին, և որոնց հետ մենք բախտ ունեցանք ծանոթանալու այն ժամանակ, լսելու նրանց սրտառուչ պատմությունները մեծ բանաստեղծի մասին։ Այդ հին, անրջական օրերից այս գրառումներն են մնացել սոսկ՝ դեղնած, խունացած թղթերի վրա»։
    Այո՛, Թումանյանը նա է, ով բոլորին ձգում է, ինչպես այն կածանը, որ նրանց «քաշելով տանում է։ Իսկ ամենուր սև մութ է, անտառները լուռ են, ձորերը ամպերի տակ խոր քնած են ու էլի լուռ են, արդեն հալվում, ցրտում է տաք գիշերը, և այս շուրջբոլոր լռության, այս մութ խավարի մեջ Դեբեդն է միայն վշշում»: Մեծ բանաստեղծը սիրում էր իր կուսական Լոռին, տարված էր նրա գեղեցկությամբ, իսկ գուցե երիտասարդ արձակագրին լոռեցու երազների լու՞յսն էր ձգել այդտեղ, որը նմանվում էր Արցախի իր հարազատ բնաշխարհին. «Քայլում էինք մթան մեջ սպիտակին տվող կածանով և լավ էր, որ հատուկենտ աստղեր կային դեռ, լավ էր, որ կիսալուսինը կողքի ընկած գնում էր երկնքով, թե չէ ճանապարհը չէր երևա, իսկ այդ ճանապարհը ժայռերի վրայով էր անցնում, ներքևում ձորեր են՝ անդնդախոր, մթին: Մենք չգիտեինք ճանապարհը, կածանի տուտը բռնած գնում էինք, և մեզ ուղեկցողը աստղերն էին, կիսատ լուսինն էր, և Թումանյանը, որովհետև անհնարին է, որ լինես այս ձորերում ու հոգուդ չիշխի մեծ բանաստեղծը, քեզ հետ չլինի նա, չլցվես նրանով, չմտածես, որ այս կածանով հազար անգամ անցել է նա»։
    Իր ստեղծագործությունների հերոսների նման Թումանյանն էլ միշտ իր սփոփանքը փնտրել է հարազատ բնաշխարհում, որտեղ լսել է Դեբեդի միալար վշշոցը, դարավանդին նստած` երևի նայել է Լոռու ձորերին, իր սիրտն էլ ցավել է, երբ տեսել է` քանդում են ձորերը, որ երկաթուղի կառուցեն. «Այստեղ, այս աստվածանիստ բարձունքին նստած տեսել է, թե ինչպես են «ամպերը դանդաղ ուղտերի նման» ձորից ջուր խմած բարձրանում։ Ամպերը անցել են, և երկնի կապույտի մեջ խրված երևացել են լեռները»: Այդտեղ ապրող մարդիկ էլ պարզ են, հասարակ, հայ մարդուն վայել ճշմարիտ նկարագրով, որի լավագույն օրինակն ծերունին, բարոյական պահվածքով այն գյուղացին, որ սիրով պատմում է Օհաննես աղայի մասին: « «Օհաննեսն ասում էր` մարդ պիտի էնպես ապրի, որ մեռնելուց հետո անունը հիշեն։ Ինքն էդպես ապրեց»: - Օհաննե՜ս աղա։ Ամբողջ կյանքում մի լավ օր չտեսած, հազար ու մի պարտքերի մեջ խրված, ամբողջ կյանքը կողմնակի հոգսերով ծանրաբեռ, ժողովուրդների ճակատագրի ու ազգի տառապանքի ստրուկը ,- եզրակացնում է Ադյանը»: Իմաստուն այդ Հայի հետ հանդիպումը նրանց պիտի տաներ բանաստեղծի տուն-թանգարանը, որ այդ օրերին նորոգվում էր, որտեղ Թումանյանի Վահան եղբոր աղջիկը` Արմենուհին, «սիրալիր, թումանյանական ժպիտը դեմքին», նրանց դիմավորում է: Խոնարհ մի երկյուղածությամբ շուտով նրանք մտնում են այն տունը, որտեղ անցել էր բանաստեղծի մանկութունը: «Սա այն տունն է, ուր ծնվել է Հովհաննես Թումանյանը, սա ձեթի ճրագն է, սա շապիկն է, ահա թիկնոցը, ահա կոշիկները, ահա փողկապը, սա խնոցին, սա ամբարը, սա Թումանյանի մոր ճախարակն է։ Տունը եղել է հողե կտուրով: ...Բանաստեղծի տունը… գետնափոր, հողե հատակ, լույսը ընկնում է երդիկից, թոնիրը՝ տան կենտրոնում, բերանը տախտակով ծածկած, խնոցին առաստաղից կախ, օրորոցը…»։ Մի՞թե զարմանալի չէ, որ այդ խոնավ ու փոքրիկ տան մեջ էր ծնվել մեծ բանաստեղծը` ընտանիքի անդրանիկ զավակը ութ երեխաների մեջ: Հիշենք նաև, որ Թումանյանի մայրը հարս է եղել նահապետական մեծ ընտանիքում` քառասուն-հիսուն հոգուց բաղկացած մեծ գերդաստանում: Ընտանիքն ավելի բազմանդամ է եղել նրա սկեսրոջ ժամանակ: Երբ Թումանյանի տատը հարս էր եկել այդ տուն, տանը վաթսուն մարդ է եղել, ութը` ծեր, ու չի իմացել, թե որն է մեծը, որ առաջ նրան ծառայի: Այդ տանն էր ապրել գրողի Օհաննես պապը։ Նրա ու իր նախնիների քաջագործությունների մասին Թումանյանը լսել էր տատից ու տան մեծերից: Եկվորներ են եղել Թումանյանի նախնիները, բայց նաև հզոր. «Նրանք պարսից Հասան խանի ասպատակության ժամանակ ժողովրդի գլուխ են անցել, պաշտպանել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին։ Անվանի զինվորական է եղել Թումանյանի Օհաննես պապը ու հայտնի զրուցասեր: Նա իր տան պատի տակ, ճանապարհի վրա, տասներկու քար է տաշել տվել, դրել, որ գյուղացիները գան ու զրույց անեն։ Այդ նա, Թումանյանի պապ Օհաննեսն էր, որ Հասան խանի ժամանակ գնաց ուղտերով հաց բերեց, բաժանեց ժողովրդին, փրկեց նրանց: ...Եվ, վերջապես, նա էր, որ իր հետ առաջին անգամ այս ձորերը մոմ բերեց, հայելի բերեց, նկարներ բերեց ու մի ռուս ջրաղացպան»։ Բանաստեղծի նախնիների կերպարների մեջ մի պահ ընթերցողին երևում են <<Հին օրհնության>> մեջ պատկերված գյուղի անբախտ հայրերն ու պապերը, որ օրհնում են իրենց զավակներին և երազում նրանց համար մի ուրիշ լավ կյանք: Մեր ժողովրդի վշտի ու ձգտումների հարազատ խտացումը լինելով` այս ստեղծագործությունը վաղուց համարվում է աշխատավոր մարդու մշտական օրհներգը սերունդներին: Բայց այն որքա~ն ափսոսանքի հնչերանգով է հնչում այս օրերին, երբ մենք էլ` պատերազմի թոհուբոհում գտնվողներս, չնայած տարիներ են անցել, նույն վիշտն ենք ապրում, որ մեր անբախտ պապերին տանջող ցավը մեզ էլ է պատել, նույնիսկ անցել մեր սերնդին: Իր նախնիներից եկած լույսն է երևի բանաստեղծին տարել դեպի պայծառ երազներ, այդ հավատով էլ նա նայել է հայության գալիքին: «Ավելի անվանի ու հայտնի է եղել Օհաննեսի հայրը՝ Ավագիմ յուզբաշին՝ քաջ ու հաղթանդամ, Լոռու իգիթներից մեկը։ Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանիում» այդ նրա մասին է գրում. «Էս Օվագիմը, էս Լոռվա ձորերի աստվածը, էս սարերի արծիվը… էն սևացած, արևի, անձրևի տակ մուր դառած ունքերի տակից, որ աչքը չէր ընկնում մարդի երեսին, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած» »։ Մանկության օրերի ամենագեղեցիկ շրջանը Թումանյանի համար եղել է Դսեղը, այդ հանդ ու ձորերում է իր կյանքն անցկացրել նաև «Օվագիմի հայրը՝ Մեհրաբը, Լոռու ձորերի նահապետը։ Նրանից սարսափում էր թշնամին: Մեհրաբը 108 տարեկանում վախճանվեց։ Մեռնելիս ցավով բացականչել է. «Այ փուչ աշխարհ, արժե՞ր երկու օրվա համար ծնվել» »:
    Ադյան գրողի հիշողության մեջ պիտի մնար Դսեղի իր այդ այցելությունը, և զարմանալի չէ, թե ինչպիսի երկյուղածությամբ պիտի մոտենային Թումանյանի տան մոտ, եկեղեցու բակոմ գտնվող մամռապատ հին քարերին, որոնց տակ հանգչում էին բանաստեղծի նախնիները: Գյուղի մեծերի հիշողություններում ամբողջանում էր Թումանյան բանաստեղծի ու մարդու կերպարը, ով նույնպես իր նախնիների նման անվախ էր ու համարձակ:
    Կյանքի մայրամուտ ապրող մեկ ուրիշ ծերունու` Աբրամ բիձայի խոսքերում ափսոսանք կա կյանքից հեռացած մարդկանց մասին. «...Հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։ «Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…»։ Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան»: Մինչ ծերունուն բացատրվում էր, որ տուն-թանգարանը շուտով պիտի նշի Թումանյանի ծննդյան 100 տարին, նա նորից ընկնում է հիշողությունների մեջ: Պարզվում է` նա աշխատել է տարիներ առաջ Բաքվի նավթահանքերում և «այնտեղ մի ղարաբաղցու թատրոնում մեր Անուշին շանց տվին։ Որ տեհա, լացս եկավ։ Դե գեղացիս ա, բեմ ելած խալխին հավասար լացացնում ա… գեղի կարոտը, հողի կարոտը առա… Օհանեսը ասում էր, որ Թիֆլիսից Դսեղ եմ գալի, ամեն անգամ, գիշեր ըլի, թե ցերեկ, որ պոեզդը մտնում ա Լոռվա ձորերը, ծմակներից փչող օդը խուտուտ ա տալի, լցնում թոքերս, զարթնեցնում։ Վեր թռչելով նա ասում էր. «Օրհնվես, հող…»։ Էդպիսի բան ա հողը…»:
    Գյուղի ծերերի հետ զրույցը պետք է գրող Ադյանին պատկերանար Թումանյանի աշխարհը, և նրան թվում էր, թե նրանց տեսել էր ինչ-որ տեղ. «...ահա այս մեկը գյուղացի Համբոն է, մյուսը՝ «Հառաչանքի» ծերունին, երրորդը անպայման Սուտլիկ որսկանն է, չորրորդը՝ Գաբո բիձան...»: Ու այդ ծերունիների պատմություններում, նրանց յուրաքանչյուրի հիշողության մեջ երևում էր Թումանյան մարդու հրաշալի կերպարը. «Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. «Պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։ Մաքուր մարդս,-կասեր Օհաննեսը,- միշտ էլ մաքուր տեղից ջուր կխմի»։ Պախրի պես մաքուր մարդ էր Օհաննեսը…»:
    Բոլորս էլ գիտենք, որ նա ամենաշատ կարդացվող և թարգմանվող հեղինակներից է, վստահորեն կարող ենք ասել նաև, որ ոչ ոք այնպես չի սիրվել իր ժողովրդի կողմից, ինչպես Թումանյանը: Եվ այդ ծերունիների պատմության մեջ Օհաննեսը նրանց երևում էր որպես կենդանի մարդ: «Որ գեղ գար, կհետաքրքրվեր մարդկանց ապրուստով, երեխաներին կամփետ կտար, հանաք բան կաներ բոլորի հետ, ծերերին կնստեցներ, պատմություն անել կտար, ինքը կգրեր»: Մենք գիտենք, որ նահապետական Լոռին` իր շքեղ բնությամբ, սովորույթներով, ինչպես նաև այնտեղ ապրող հինավուրց ժողովուրդը` իր ցավերով և ուրախություններով, միշտ էլ եղել է Թումանյանի ներշնչանքի աղբյուրը: Եվ այդ օրը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր այցելած երիտասարդ գրողը պետք է արձանագրեր, որ «իր հայրենի սարերից, աղբյուրներից, լեռներից գնացել է Թումանյանը, բայց հոգով ու սրտով իր սարերում ու լեռներում է եղել, աղբյուրների մոտ։ Ուր էլ եղել է, կարոտ-աչքի առաջ Դսեղն է եղել, Դսեղի հերանց գնացող արտերը»: Ծեր գյուղացիները հիշում էին Թումանյանին և խորին հարգանքով էին վերաբերվում նրան, հենց այդ էր պատճառը, որ նրա մասին այդ օրը սիրով պատմում էին գյուղ այցելած հյուրերին. «Նստում-վեր են կենում՝ նրանից են խոսում, նրանից մեջբերումներ են անում, Թումանյանն այստեղ երեխանների հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ», և ցույց են տալիս անտառի մեջ գտնվող լճակը, որին դսեղցիները անվանում էին «Ծովեր», այդտեղ Թումանյանը շատ էր եղել, նույնիսկ ուզում էր, որ այդ տեղամասում գրողների հանգստյան տուն կառուցեին: Արմենուհի Թումանյանը պետք է ուղեկցեր նրանց այդտեղ, և ահա ճանապարհին նրանք պետք է հանդիպեին այն «հարս» ու «փեսային», որոնց հարսանքի քավորն էր եղել Թումանյանը: Ու այս տարեց լոռեցիների հիշողություններում նորից երևում է Օհաննեսը` իր բարի, նուրբ հոգով, գթառատ, շատ մեծ սրտով. «Օհաննեսը շատ լավ մարդ էր։ Էջմիածնա որբերը բերել տանը պահում էր։ Մի օր էդ որբերին շատ հեքիաթներ ա պատմել, ծիծաղացրել ա, հետո, որ որբերը քնել են, ինքը գնացել, պարտեզում նստած լաց ա եղել… ախպերն ա տեսել…»: Ուսման հարգն իմացող բանաստեղծը երբեմն ուներ իր հիմնավոր պատճառը, թե ինչու է դպրոցն անավարտ թողել, դա թերևս նյութական աննախանձելի վիճակն էր, բայց ահա Թումանյանի մասին հիշողությունը լոռեցի ծերունուն` Արտեմ բիձային, տանում է անցյալի գիրկը: «Մի անգամ, էլի որ գեղ էր եկել, գնացինք գանգատ արինք։ Առաջ դպրոց չկար, ասացինք, հիմա էլ դպրոց կա, ամա շատերը իրենց երեխեքին դպրոց չեն տալի։ Ասաց՝ օրինակ, ո՞վ։ Ասացինք՝ Ալեքսին։ Կանչել տվեց։ Ալեքսին եկավ, թե՝ բարով ես եկել, Օհաննես ջան։ Օհաննեսն էլ թե՝ բարիդ եմ եկել։ Էս ոնց ա, քեզնից բողոքում են։ Երեխեքին խի՞ չես դպրոց տալիս, որ աշխարհքի լիսն ու մութը ջոկեն, գրաճանաչ դառնան, խավարումը չմնան։ Ալեքսին էլ թե՝ Օհաննես ջան, չկա, բա որ ըլի, ղարգիլ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ: «...Ամեն ինչ անցողական ա, - ասաց Օհաննեսը ,- ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում» »: Ծերունու մոռացված հիշողությանը պիտի ավելանար նրա ծեր կնոջ պատմությունը, թե ինչպես է Թումանյանի Համլիկ տղան հոր պատվերով նկարել աղբյուրից տուն վերադարձող նորահարսին. «Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ ա, կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ տեսնեմ Թումանյանը։ Ծանդր մարդ էր, խելոք։ Մեծ տղի հետ կանգնած էր։ Կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ Թումանյանը տղին ասում ա. «Համլիկ, մեր էս թազա հարսին նկարի՛ր»: Մանչում եմ, ոնց եմ մանչում, էրեսս էրվում ա։ Կարացի ոչ փախչեմ, մնացի շշկլած, կանգնած։ Թումանյանի տղեն նկարեց, ամա ես տանը ասեցի ոչ. սկեսուրս ձեռիցս կբռներ, դուրս կաներ։ Էդպես էլ ոչ մեկին ասացի ոչ։ Էդպես էլ անցավ գնաց ու շատ բաների հետ էդ էլ եմ հիշում» ։ Ծեր ամուսնու հիշողության մեջ երևում են նահապետական սովորություններին զոհ գնացած հերոսների կենդանի կերպարները. «Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը»։ Ապա նրա պատմած զրույցում երևում է նորից Օհաննեսսը, նա այնտեղ էր, որտեղ իր կարիքը կար, միշտ էլ աղետի մատնված իր ժողովրդի հետ էր. «Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղա ուղարկել»:
    Եվ այսպես ամբողջանում էր Թումանյան մեծության դիմանկարը… Իր էությամբ նա միշտ էլ մնաց հայկական, եղավ իր ժողովրդի տառապանքին կարեկից, դարձավ իր հայրենիքի նվիրյալ զավակը և իր կարճատև կյանքում կարողացավ ապրել բոլորի հոգսերով, և բոլորի համար էլ դարձավ հանուր ու մարդկային. «Մի անգամ էլ գնացի Թիֆլիս, մի տեղով անցնելիս, տեհա մեր գեղացի երկու մարդ գինի են խմում։ Ասացին Օհաննեսը հիվանդ ա, գնանք մոտը։ Գնացինք։ Ծանդր հիվանդ էր։ Դուռը բաց արինք, տեսանք սեղանը մոտեցրել ա, որ բռնի վեր կենա. Բռնել ա սեղանից, մի քիչ բարձրացել ա ու չի կարողանում շարժվել։ Մեզ որ տեսավ, շատ ուրախացավ։ «Էդ ոնց ա եղել, որ Ռոստոմի խոտը էրվել ա»,- տխուր ասաց նա։ Միշտ էդպես կհետաքրքրվեր գեղացիների դարդովը»: Ադյան գրողի հիշողություններում պիտի մնային Ծովերը, որտեղ նստեցին ստվերախիտ ծառերի տակ, այն ծառերի, որտեղ նստել էր Թումանյանը, նրա հետ նաև` մեր մյուս մեծերը: Հետո գնացին նայելու Դիդը, որի մեջ մի ժամանակ Թումանյանն էր լողացել, ապա բարձրացան նրա բարձունքը, որի մասին ծանր հիվանդ բանաստեղծը կարոտով հիշել էր դեռ Մոսկվայում: Բայց չկատարվեց Թումանյանի երազանքը. «Չկարողացավ վերջին անգամ տեսնել Դիդը... Նա Ղարաբաղն անգամ չկարողացավ տեսնել:
    Լեոյին խոստացել էր, իր բժիշկը ղարաբաղցի էր՝ «մի շատ լավ, ազիզ տղա»՝ Գրիգոր Սուղյան, նրան էլ էր խոստացել ու չկարողացավ կատարել խոստումը, չկարողացավ անգամ Ալեքսանդրապոլ մեկնել՝ «Անուշ» օպերայի առաջին ներկայացմանը… Ժամանակ չուներ»։

    Վերջում մի քանի խոսքով ուզում եմ ասել, որ «Էն Լոռու ձորը» էսսեն հեղինակի խորհրդածություններով հագեցած մոտ կես դար առաջվա իրական փաստագրություն է: Թումանյանական ընթերցումներն առայսօր էլ լրացվում են հետաքրքրական նյութերով ու դիտարկումներով, այս նույն տուն-թանգարանը, կարծում եմ, ամեն տարի կազմակերպում է հայ մեծ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովներ, միշտ էլ ուշագրավ տեղեկությունները Թումանյանի մասին լուսաբանվում են, հետևաբար Լևոն Ադյանի այս ստեղծագործությունն իր արժանվույն տեղը պետք է ունենա թումանյանագիտության հարստացման գործում: /Նատաշա Պողոսյան/
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 19.02.2019, 09:34:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #542
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,383
    Հեղինակության աստիճան
    29255
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավո՜ր ծնունդդ, ով մեծ լոռեցի, հավերժի մեջ միշտ կենդանի, սիրված ու գնահատված մեծագույն հայ՝ ամենայն հայոց հայ։

    Հին աշխարհը ամեն օր
    Հազար մարդ է մտնում նոր։
    Հազար տարվան փորձն ու գործ
    Սկսվում է ամեն օր։
    c987601f-65d0-407e-b4ef-f3f9d245561a.jpgcd536905-b655-4a74-a2a0-9632d6b71856.jpg

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (Երեկ), Էմմա Խաչատրյան (Երեկ), Մինասյան Նորա (19.02.2019)

  5. #543
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    832
    Հեղինակության աստիճան
    17891
    Հարգելիՙ Նաիրա, հրաշալի միջոցառում եք կազմակերպել նվիրված Հ. Թումանյանի 150- ամյակին:Շնորհակալություն:

    Այսօր մեր դպրոցում էլ բազմաթիվ միջոցառումների հետ ընթերցանության մրցույթ էր կազմակերպվել : Իմ երեխաները գրավեցին 1-ին տեղը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (Երեկ), Մարգարյան Նաիրա (Երեկ), star1 (Երեկ)

  7. #544
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    869
    Հեղինակության աստիճան
    12239
    Ծնունդդ շնորհավո՜ր, Ամենայն հայո՛ց բանաստեղծ: Դու մեր մեջ ես, մեզ հետ է քո լույսը, սերն ու նվիրումը:

    Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
    Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #545
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,383
    Հեղինակության աստիճան
    29255
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիՙ Նաիրա, հրաշալի միջոցառում եք կազմակերպել նվիրված Հ. Թումանյանի 150- ամյակին:Շնորհակալություն:

    Այսօր մեր դպրոցում էլ բազմաթիվ միջոցառումների հետ ընթերցանության մրցույթ էր կազմակերպվել : Իմ երեխաները գրավեցին 1-ին տեղը:
    Շնորհավորուՙմ եմ Ձեզ և Ձեր սաներին ընթերցանության մրցույթում առաջին պատվավոր տեղը գրավելու համար, Նորա ջան:Կեցցեք:

  10. #546
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    832
    Հեղինակության աստիճան
    17891
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորուՙմ եմ Ձեզ և Ձեր սաներին ընթերցանության մրցույթում առաջին պատվավոր տեղը գրավելու համար, Նորա ջան:Կեցցեք:
    Շնորհակալ եմ, սիրելիՙս:

Էջ 55 55-ից ԱռաջինԱռաջին ... 545535455

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •