+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հովարդ Գարդների բազմաբնույթ մտածողության տեսության դրույթների կիրառումը ձայնավորների

  1. #1
    Սկսնակ մասնակից ar8-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.12.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0

    Հովարդ Գարդների բազմաբնույթ մտածողության տեսության դրույթների կիրառումը ձայնավորների

    Ցանկություն ունեմ մանկավարժական իմ փորձով հաղորդակցվել ուսուցիչների հետ Հովարդ Գարդների բազմաբնույթ մտածողության տեսության դրույթների կիրառումը ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության ուսուցման գործընթացում ա(Է -Ե) Հ. Գարդների բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադրւյթն այն է, որ բոլոր մարդիկ ի ծնե օժտված են, և, որ մարդկանց հատուկ են ընկալման, մտածողության բոլոր ձևերը, սակայն տարբեր մարդկանց մոտ դրանցից մեկը կամ մի քանիսը լինում են առավել ընդգծված: Մարդուն հատուկ մտածողության այս տեսակների վրա հիմնվելը ուսուցումը դարձնում է ավելի արդյունավետ, քանի որ ոչ թե աշակերտն է հարմարվում ուսուցման այս կամ այն ձևին, այլ ուսուցման ձևն է հարմարեցվում աշակերտի ընկալմանը: Գարդներն առանձնացնում է մարդու մտածողության-ընկալման յոթ հիմնական տեսակներ. 1. լեզվական –խոսքային մտածողությունը ենթադրում է խոսքը, լեզուն՝ որպես մտածողության և հաղորդակցության միջոց օգտագործելու կարողություն, 2. տեսողական-տարածական մտածողությունը ենթադրում է տրամաբանական, վերլուծական մտածողության, իրերի և գաղափարների միջև կապերն ու օրինաչափություններն ընկալելու կարողություն, 3. երաժշտական մտածողությունը ենթադրում է երաժշտության, ռիթմի, մեղեդու, հարմոնիայի, չափի, ինչպես նաև շրջակա միջավայրի ձայներն ընկալելու և գաղափարներն ու երևույթները դրանց միջոցով արտահայտելու կարողություն, 4. մարմնաշարժողական մտածողությունը ենթադրում է մարմնի, շարժումների միջոցով գաղափարներն ու երևույթներն ընկալելու և արտահայտելու կարողություն, 5. միջանձնային մտածողությունը ենթադրում է ուրիշ մարդկանց հետ արդյունավետ շփման ու համագործակցության, ինչպես նաև փաստերը, գաղափարներն ու երևույթները ուրիշների հետ քննարկելու ճանապարհով ընկալելու և արտահայտելու կարողություն, 6. ներանձնային մտածողությունը ենթադրում է ինքնաճանաչման կարողություններ՝ ներառյալ սեփական մտորումները, վարքի դրդապատճառները, նպատակները, զգացմուքներն ու գաղափարները և դրանց հիման վրա նոր մտքեր կառուցելու, նոր գաղափարներ զարգացնելու կարողություն: Այսպիսով՝ բազմաբնույթ մտածողության /ԲՄ/ տեսությունը կարելի է ընկալել որպես մարդու հնարավորություններն ի մի բերող. նրա անհատականությունն ամբողջացնող և ակտիվացնող մի տեսություն, որի կիրառումը ուսուցման գործընթացում նպաստում է սովորողների բոլոր հանարավորությունների բացահայտմանն ու զարգացմանը: Բոլոր տարիքի սովորողները ուսման և տեղեկությունների մշակման ընթացքում ուսման եղանակների տարբեր համադրություններ են օգտագործում: Այս եղանակները /լսողությունը, տեսողությունը, շոշափումը, գործողությունը/ օգնում են մեզ անծանոթ առաջադրանքները կատարելու հարցում: Լսողությամբ սովորողները սովորում են ուրիշներից բանավոր ցուցումներ ստանալու, մտքում կամ բարձրաձայն ընթերցելու, դասախոսությունների, քննարկումների, բանավոր զեկույցների, ելույթների, երաժշտության, արտասանության միջոցով: Նրանք կարողանում են մտապահել լսածի միջոցով և սովորաբար հակված են բանավոր արտահայտմանը, կարողանում են հեշտությամբ անգիր անել: Տեսողությամբ սովորողները սովորում են տեսնելով, դիտելով, զննելով և լավ են հիշում տեսողական մանրամասները: Նկարները, պատկերները, գույները օգնում են այս աշակերտներին մտապահել տեղեկությունները: Շոշափելու և շարժումների միջոցով սովորող աշակերտները սովորում են գործողությունների, շոշափելու և անմիջական ներգրավման միջոցով: Նրանք գործնական սովորող են, որոնք պետք է ֆիզիկապես ներգրավվեն նախագծերի և գործողությունների մեջ: Բարդ գործողություններ կատարելու ձեռքի շարժումներն ու շոշափելի առարկաները ուսման միայն մի մասն են կազմում: Սովորողներին անհրաժեշտ է մասնակցել ուսումնական գործողությունների, փորձառությունների և բեմադրությունների մեջ: Տեղյակ լինելով այս եղանակներին, կփորձենք է-ե ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության ուսուցումը ներկայացնել Հովարդ Գարդների բազմաբնույթ մտածողության տեսության դրույթների կիրառմամբ: Դասը` է-ե ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության ուսուցումը. Դասի տեսակը` հաղորդման, հարցման ու ամրակայման դաս (երկու դասաժամ). Դասի նպատակները` ա) աշակերտին հասկացություն տալ ուղղագրության վերաբերյալ. բ) ստեղծել ուղղագրական գիտելիքների հիմնավոր պաշար. գ) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույն մտածելու և եզրահանգումներ անելու կարողություններ. դ) հարստացնել բառապաշարը և զարգացնել գրավոր ու բանավոր խոսք կառուցելու կարողություններ. Դասին անհրաժեշտ է օգտագործել զննական պարագաներ` է-ե ձայնավորների ուղղագրությանը վերաբերող աղյուսակներ, պաստառներ, ցուցանակներ՝ խմբերին անվանումներ տալու համար, վահանակներ, գծապատկերներ, հնարավորության դեպքում՝ պրոյեկտոր . Դասը կազմակերպում ենք ԽԻԿ համակարգի սկզբունքով: 1. Խթանում (կամ նախապատրաստական զրույց): Սա մտածողության խթանման այնպիսի ընթացք է, որի ժամանակ աշակերտները ներգրավված են ուսումնական գործունեության մեջ դեռևս ուսումնական նյութի սովորելուց առաջ: 2. Իմաստի ընկալում (կամ նոր դասի հաղորդում): Մտածողության ընթացք է, որտեղ աշակերտները ներգրավված են սովորելու գործընթացի մեջ: 3. Կշռադատում (կամ ամփոփում): Այս փուլում իրականացվող մտածողության ընթացքին աշակերտները ներգրավվում են նյութը սովորելուց` յուրացնելուց հետո: Խթանման փուլում կարելի է սովորողներին առաջարկել, որ տեսակետներ հայտնեն, թե ինչի մասին է, կամ ինչ է պատմվելու տվյալ վերնագրի տակ: Քանի որ կրտսեր դպրոցից սովորողներն արդեն գիտեն հնչյունի բնորոշումը, դասակարգումը, մանավանդ՝ ձայնավորներն՝ ըստ իրենց արտասանության. ա,՜ օ՜, է՜, ը՜, ի՜, ու՜ /երաժշտական մտածողություն/, ուստի դասն սկսում ենք զրույցի մեթոդով: Ուզում ենք պարզել, թե սովորողներն ինչ են հիշում է-ե ձայնավորների ուղղագրության վերաբերյալ: Աշակերտները գրատախտակին գրում են է-ե ձայնավորների ուղղագրությանը վերաբերող մի շարք բառեր`օգտվելով կրտսեր դասարանում իրենց ունեցած բառատետրերից և բացատրում են դրանց ուղղագրությունն ու ուղղախոսությունը: Այնուհետև ամրակայում և խորացնում են նախկինում ստացած գիտելիքները և խնդիր ենք դնում սովորեցնել աշակերտի բառապաշարը հարստացնող նորանոր բառեր: Իմաստի ընկալման փուլում հաղորդում ենք նոր նյութը: Դասի սկզբին գրատախտակին գրում ենք հետևյալ շարքերը. /հնարավորության դեպքում ցույց ենք տալիս պրոյեկտորով/ 1 2 3 4 5 6 Էջ ելակ եմ-ենք շերամ վայրէջք բազմերանգ Էջմիածին եղրևանի ես-եք հեծել այգեէտ վերելք Էտել Երևան է-են ձեղուն մանրէ հովեկ Էմմա եղջյուր էի-էինք սենյակ դողէրոցք վրաերթ Էշ Եղիա էիր-էիք բերք անէանալ ինքնաեռ էջանշան եղյամ էր-էին կեղծիք որևէ-որևիցե ամենաերկար էներգիա եզր գետ երբևէ-երբևիցե նրբերանգ Էկրան երգ գոմեշ ինչևէ-ինչևիցե նրբերշիկ Էական երես գրեթե ովևէ-որևիցե կիսաեփ Ըստ խմբային հետազոտության մեթոդի` դասարանը բաժանվում է 6 խմբի : Ուսուցչի հանձնարարությամբ յուրանքանչյուր խումբ տետրում գրում է շարքերից մեկի բառերը, քննարկում և կատարում եզրահանգումներ է-ե ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ /միջանձնային մտածողություն/: Մինչ ընդհանուր եզրակացություններ կատարելը աշակերտներին հիշեցնում եմ, որ է հնչյունը գրվում է երկու տառով` է-ե: Այնուհետև ամեն մի խմբից մեկ աշակերտ հրավիրվում է գրատախտակի մոտ և ներկայացնում իր խմբի եզրակացությունը /ներանձնային մտածողություն/, /լեզվական –խոսքային մտածողություն /, /տեսողական-տարածական մտածողություն/ : 1. Հայերենում բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով: /<<Հայերենում բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով>> պատրաստի ցուցանակը որպես խմբի անվանում տրվում է այդ եզրահանգումը կատարող խմբին/ : 2. Հայերենում բառասկզբում լսվող ե-ն գրվում է ե տառով: /<< Հայերենում բառասկզբում լսվող ե-ն գրվում է ե տառով >> պատրաստի ցուցանակը որպես խմբի անվանում տրվում է այդ եզրահանգումը կատարող խմբին/ : 3. Հայերենում օժանդակ բայի ներկա ժամանակի եզակի թվի երրորդ դեմքն է միայն գրվում է-ով, ինչպես որ լսվում է, իսկ մյուս ձևերում լսվող է-ն գրվում է ե տառով: Անցյալ ժամանակի բոլոր ձևերում լսվում է և գրվում է է: /<< Հայերենում օժանդակ բայի ներկա ժամանակի եզակի թվի երրորդ դեմքն է միայն գրվում է-ով, ինչպես որ լսվում է, իսկ մյուս ձևերում լսվող է-ն գրվում է ե տառով: Անցյալ ժամանակի բոլոր ձևերում լսվում է և գրվում է է >> պատրաստի ցուցանակը որպես խմբի անվանում տրվում է այդ եզրահանգումը կատարող խմբին/ : 4. Հայերենում բառամիջում գրվող ե-ն կարդացվում է է: /<< Հայերենում բառամիջում գրվող ե-ն կարդացվում է է >> պատրաստի ցուցանակը որպես խմբի անվանում տրվում է այդ եզրահանգումը կատարող խմբին/ : 5. Բառամիջում և բառավերջում է գրվում է միայն այն դեպքում, երբ առանձին արմատի սկզբնատառ է: /<< Բառամիջում և բառավերջում է գրվում է միայն այն դեպքում, երբ առանձին արմատի սկզբնատառ է >> պատրաստի ցուցանակը որպես խմբի անվանում տրվում է այդ եզրահանգումը կատարող խմբին/ : 6. Բաղադրյալ բառերի մեջ, երբ ե-ով սկսվող արմատին նախորդում է ձայնավոր հնչյուն, ե-ն արտասանվում է յէ, իսկ երբ նախորդում է բաղաձայն հնչյուն, ե-ն արտասանվում է է: /<< Բաղադրյալ բառերի մեջ, երբ ե-ով սկսվող արմատին նախորդում է ձայնավոր հնչյուն, ե-ն արտասանվում է յէ, իսկ երբ նախորդում է բաղաձայն հնչյուն, ե-ն արտասանվում է է >> պատրաստի ցուցանակը որպես խմբի անվանում տրվում է այդ եզրահանգումը կատարող խմբին/ : Վերջին շարքի բառերի վերաբերյալ կատարում ենք հետևյալ հավելումը. Յէ արտասանվում է նաև ե-ով սկսվող որոշ բառերում ու արմատներում, որոնց նախորդում են կ-, չ- մասնիկները: Նրանք կարող են արտասանվել կը, չը, այսինքն ե-ին կրկին նախորդում է ձայնավոր հնչյուն`կերգեմ -կ(ը)երգեմ, չերգեմ - չ(ը)երգեցի: Այս շարքի եզրահանգումը կատարվում է ուսուցչի օգնությամբ: Որպեսզի սովորողները այս շարքերի բառերը միայն տեսողական հիշողությամբ չմտապահեն, առանձնացնում ենք բարդ բառերը, բաժանում բաղադրիչների և սովորեցնում օրինակ`5-րդ շարքի բառախմբի բառերի (որևէ-որևիցե) վերջին բաղադրիչը է օժանդակ բայն է, իսկ երկրորդ բառախմբի բառերն ավարտվում են գրաբարյան իցե վերջավորությամբ: Արդյունքում յուրանքանչյուր խումբ իր հետազոտած բառաշարքը ներկայացնում է ամբողջ դասարանին: Վերջում ամփոփում ենք դասը. ներկայացնում ենք կատարված բոլոր եզրահանգումներին համապատասսխան բառերի խումբ և յուրաքանչյուր բառի հնչման ժամանակ պետք է կանգնի այն խումբը, որի եզրահանգմանն է պատկանում այդ բառը /մարմնաշարժողական մտածողություն/, /ներանձնային մտածողություն/: Հանձնարարում ենք տնային աշխատանք Է-ե ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության շուրջ: Որպես լավագույն ուսումնական ձեռնարկ դասագործընթացում օգտագործում ենք Ռուբինա Նազարյանի <<Մայրենին բոլորի համար>> գիրքը: Հաջորդ դասաժամին ստուգում ենք նյութի յուրացումը և ամփոփում տարաբնույթ վարժությունների և լեզվական խաղերի միջոցով: Նորից դասարանը բաժանվում է վեց խմբի /միջանձնային մտածողություն/: Խմբերը հիշում են նախորդ դասին կատարած եզրակացությունները և հաստատում դրանք տնային առաջադրանքից բերված համապատասխան օրինակներով: Խմբերին տրվում են քարտեր՝ զանազան առաջադրանքներով: Քարտ առաջին Լրացնել սյունակները առնվազն չորսական բառով: բառասկզբում լսվում և գրվում է է բառամիջում և բառավերջում լսվում և գրվում է է բառամիջում գրվում է ե, լսվում է է Քարտ երկրորդ Լրացնել սյունակները: է-ով սկսվող անձնանուններ ե-ով սկսվող կենդանիներ և թռչուններ ե-ով սկսվող բուսանուններ Քարտ երրորդ Տրված բառերը բաժանել բաղադրիչների`ընդգծելով է-ե ձայնավորներով սկսվող արմատները. ելևէջ, ամենաերկար և այլն: Քարտ չորրորդ Կազմել բաղադրյալ (բարդ,ածանցավոր) բառեր տրված արմատներով և բառերով. Էական, էաբան և այլն: Քարտ հինգերորդ Տրված նախադասությունում լրացնել բաց թողնված օժանդակ բայերը. Գարունը նոր… լցվում նրա երեկոների մեջ, և նա անրջում ….` աչքերը տամկությամբ: Քարտ վեցերորդ Տրված բառաշարքի ո՞ր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է, որոնցում`ե: հորեղբայր, ամենաեկամտաբեր և այլն : Քարտային առաջադրանքների ստուգումից հետո անցնում եմ լեզվական խաղերին: Խմբերին բաժանում եմ քարտեր, որոնցում կան էջ և է արմատներով բառեր: Գրատախտակին գրելով էջ և է բառերը, աշակերտները փորձում են նրանցով կազմել նոր բառեր, և ստացվում է մտքի քարտեզ: Լեզվական այս խաղերը սովորողներին մղում են ինքնուրույն մտածողության, և, որ ամենակարևորն է, նրանք կարողանում են բառը բաժանել բաղադրիչների, ճանաչել արմատն ու ամրակայել նրա ուղղագրությունն ու ուղղախոսությունը: Այս խաղի մյուս առանձնահատկությունն այն է, որ ամբողջ դասարանը բաժանված քարտերի միջոցով մեկ անգամ ես հանգամանորեն կարդում է նախորդ դասին սովորած բառերը ու տեսողական հիշողությամբ ամրակայում: Հանձնարարում ենք խմբերին՝ ստեղծել է-ե ձայնավորների ուղղագրության և ուղղախոսության կանոնների մտքի քարտեզը: Այս փուլում ևս դասարանը բաժանվում է 4 խմբի /միջանձնային մտածողություն/: Ամեն խմբի ներսում յուրաքանչյուր աշակերտ դասագրքի վարժություններից ընտրում է որևէ կետի ուսումնասիրությունը: Խմբերը ձևավորվում են ըստ աշակերտների ընտրած ուսումնասիրության կետերի: Խմբերը պետք է աշխատեն իրենց ընտրած կետերի շուրջ: Պետք է ուշադիր կարդան այդ կետում գրվածը, ապա գտնեն բառեր, որոնք սկսվում են է հնչյունով: Աշխատում են նոր բառեր գտնել, որոնք դասագրքում գրված չեն: Այս աշխատանքը ուսուցիչը կարող է մի քիչ բարդացնել` առաջարկելով այդ բառերից մի քանիսը գործածել բառակապակցությունների և նախադասությունների մեջ, ինչպես նաև նյութը ավելի մատչելի դարձնելու համար գունային տարբերակումներ մտցնել, նոր հնարներ փնտրել, աղյուսակներ գծել և այլն /մարմնաշարժողական մտածողություն/: Խումբն իր կատարած աշխատանքը գրառում է մեծ թղթերի վրա, գունավորում և փակցնում է դասասենյակի պատին: Երբ բոլոր խմբերն ավարտում են իրենց առաջադրանքի կատարումը, վերադառնում են նախկին խմբերը, հետո սկսում են շրջել դասասենյակով և դիտել փակցված թերթերը /<< Շրջագայություն պատկերասրահում>> մեթոդը/: Իսկ այն սովորողը, որը մասնակցել է այդ պաստառի ստեղծման և լրացման աշխատանքներին, բացատրություններ է տալիս տվյալ կանոնի և բերված օրինակների՝ բառերի, բառակապակցությունների, նախադասությունների վերաբերյալ /ներանձնային մտածողություն/, /լեզվական –խոսքային մտածողություն /, /տեսողական-տարածական մտածողություն/ : Այսինքն՝ նոր նյութը սովորում են անմիջապես դասարանւմ՝ միմյանց բացատրելով իրենց սովորածը: Վարժությունների բաժնից, ինչպես նաև աշխատանքային տետրերից որոշ առաջադրանքներ՝ իբրև ինքնուրույն աշխատանք, դասարանում կարելի է կատարել տալ: Այսպիսի հանձնարարությունները թեմայի յուրացումն ամրապնդելու և ստուգելու նպատակ ունեն: Որոշ առաջադրանքներ էլ կարելի է հանձնարարել, որ տանը կատարեն: Բայց լավ կլինի, որ տնային առաջադրանքները տարբեր լինեն, ասենք, յոթ հոգի կատարում են առաջին վարժությունը, մյուս տասը՝ երրորդը և այլն: Անհրաժեշտ է հիշել տարբեր կարողություններ ունեցող սովորողների մասին և հանձնարարությունները տալ՝ հաշվի առնելով այդ հանգամանքը: Ուստի ուսուցիչը տանը նախապես պիտի ուսումնասիրի թե՛ դասագրքում, թե՛ աշխատանքային տետրում տրված առաջադրանքները, դրանցից ընտրի, թե ո՛ր առաջադրանքը որ աշակերտին կամ սովորողների ո՛ր խմբին հանձնարարի: Դասի վերջին փուլում անհրաժեշտ է ամփոփել, հնարավորություն տալ սովորողներին արժևորելու, օգտագործելու, կիրառելու իրենց սովորածն ու հնարավորություն տալ դրանք կիրառելու դասագործընթացում: Ուղղագրության յուրացումն ստուգելու կարևոր միջոց է նաև թելադրությունը, որը միջին դասարաններում գրավոր աշխատանքի հիմնական տեսակներից է: Ողղագրական տեսակետից դժվարություն ներկայացնող բառերի գրությունը յուրացնելուն առավելապես օգնում են ուսուցողական թելադրությունները (բացատրական, դիտողական և այլն): Օրինակ` մենք ավելի ենք խտացնում բնագրերի բառապաշարը և դրանք թելադրում ենք յուրաքանչյուր դասի՝ տաս րոպե տևողությամբ և՛ որպես թելադրություն, և՛ որպես թելադրություն-առաջադրանք՝ որոշակի պահանջներով: Թելադրության բնագիրը թելադրելուց հետո տալիս ենք բազմազան առաջադրանքներ: Կարևոր է նաև բառային թելադրությունը, որը նույնպես կարող է ուղեկցվել տարբեր առաջադրանքներով: Այս տիպի թելադրության ընթացքում աշակերտները սովորում են դժվար գրություն ունեցող բառերը, ճանաչում դրանց բառակազմական և ձևաբանական օրինաչափությունները: Այս մեթոդը կարելի է կիրառել դասի տարբեր փուլերում: Թելադրությունը տևում է 5-7 րոպե: Այնուհետև ստուգվում են այդ բառերի ուղղագրությունը, իմաստի ըմբռնումը, յուրացման մակարդակը: Բառային թելադրություն-առաջադրանքը կարող է ունենալ տարբեր նպատակներ: 1. Առ.1. Թելադրում ենք բարդ կամ ածանցավոր բառեր, որոնց վերջին բաղադրիչն սկսվում է ե-ով, և պահանջում եմ ուշադիր լսել, գրել, որոշել, թե որ դեպքում է արտասանվում է, որ դեպքում ե, և բացատրել, թե ինչու՞: 2. Առ.2. Թելադրել արմատական բառեր՝ է և ե ձայնավորներով սկսվող, և առաջադրել դրանք գործածել բարդություններում որպես երկրորդ բաղադրիչ: Ուղղագրության և ուղղախոսության ուսուցումն ավելի մատչելի և հեշտ է դառնում, երբ սովորողներին տալիս ենք թեմային համապատասխան առաջադրանքներ: Թեման առավել հետաքրքիր և նպատակային է դառնում, երբ կիրառում ենք ուսուցման խնդրահարույց եղանակնեը: Օրինակ`1. Գտնել տրված բառերի ուղղագրական սխալները և պատճառաբանել, թե ինչ չիմանալու հետևանքով են թույլ տրված դրանք: 2. Գծիկներով անջատել տրված բաղադրյալ բառերի բաղադրիչները, գտնել արմատները և հիմնավորել, թե ինչո՞ւ է արմատների մի մասը գրվում է-ով, մյուսը`ե-ով. Մանրէաբան, կիսաեզրափակիչ և այլն: Նմանատիպ շատ առաջադրանքներ կարելի է ներկայացնել աշակերտներին: /Նրանց գիտելիքների իմացության մակարդակը գրանցված է հավելվածում/ Ուղղագրության ուսուցման ընթացքում աշակերտները սովորած բոլոր բառերը պետք է գրանցեն բառատետրերի ուղղագրական մասում, իսկ իմաստային տեսակետից դժվարություն ներկայացողները` բացատրական մասում: Խիստ կարևորվում է այն, որ սովորողները նյութը յուրացնեն ոչ միայն լսելով, դիտելով, մտապահելով, այլև մասնակցելով, բանավիճելով, ինքնուրույն մտքեր արտահայտելով: Անհրաժեշտ է, ինքնուրույն մտքեր հայտնելով, խուսափել այն իրավիճակից, երբ սովորողը պասիվ լսողի իրավիճակում է: Հիշենք հայտնի ասացվածքը և միշտ հետևենք դրան. -Ես լսում եմ և մոռանում, ես տեսնում եմ և մտապահում, ես կատարում եմ և սովորում: * * * * * * * * * * Դասի որևէ պլանավորում պարտադրող բնույթ չի կարող կրել, այն կարող է կառուցվել որպես նմուշօրինակ, մեթոդական խորհուրդ և ուղղորդելու, աջակցելու նպատակ: Կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ենթադրում են նաև փոփոխություններ դպրոցական համակարգում: Դպրոցը ուսուցչակենտրոնից դարձել է աշակերտակենտրոն: Աշակերտը պետք է վարժվի համագործակցության, որը կօգնի , որ նա սովորի մասնակցել հասարակական կյանքում կատարվող տեղաշարժերին: Աշակերտը չպետք է լինի գնահատականամոլ, նա պետք է ձգտի շարունակական ինքնակրթության և ինքնակատարելագործման: Ծանոթություն Խմբային բոլոր աշխատանքները պետք է նպաստեն անձի սոցիալականացման խնդրի իրականացմանը: Միևնույն խմբի աշակերտները, լավ ճանաչելով միմյանց թույլ և ուժեղ կողմերը, իրենք պետք է հրահանգավորեն միմյանց ու կատարեն <<դերաբաշխում>>: Ուսուցիչը պետք է միայն հարցի պատասխանը պահանջի նրանցից: ԱՐՄԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան հ. 8 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (07.10.2018), Սուսան Շառաջյան (29.12.2017), Էմմա Խաչատրյան (27.12.2017), Ռուզաննա Ներսիսյան (01.10.2018), Եսայան (02.01.2018)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    933
    Բազմաբնույթ մտածողության տեսությունը կարելի է աշակերտներին բացատրել շատ հեշտ եղանակով։ Այս աշակերտներին ներկայացնելիս կարելի է հարց տալ․ <<Ո՞վ է ձեզանից խելացի>>։ Անկախ բարձրացրած ձեռքերից՝ պետք է նշել, որ նրանք բոլորն էլ ունակ են, պարզապես ընդունակ են տարբեր ոլորտներում։ Կարելի է շարունակել հարցադրումը․ <<Քանի՞սդ կարող եք խոսել>>։ Բնականաբար բոլորն էլ ձեռք կբարձրացնեն։ <<Ովքե՞ր կարող են գրել>>/ բնականաբար նորից ձեռքերը կբարձրանան/։ Պետք է խուսափել այնպիսի հարցեր տալ, որոնք կենթադրեն 2-3 աշակերտի դրական պատասխան։ Կարելի է առաջադրել <<Ո՞վ է սիրում երաժշտություն>>, <<Ո՞վ ընկեր ունի, թեկուզ մեկը>> և այլն։ Մտածողության յուրաքանչյուր տեսակը ներկայացնելիս ամեն ուսուցիչ կարող է կազմել իր սեփական հարցերը։ Կարևորն այն է , որ երեխային հնարավորություն տրվի տեսնել սեփական ընդունակությունները։ Ելնելով այս ամենից՝ Գարդները առաջարկում է ուսուցումն համապատասխանեցնել մարդու մտածողության հնարավորություններին։ Դրանով մենք ուսումնառությունը կդարձնենք ավելի դյուրին, հարմար իր ընկալմանը։

  4. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    933
    Շատ հետաքրքիր դաս է :

  5. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    933
    Բազմաբնույթ մտածողությունը պետք է սկսել ուսուցման վաղ շրջանից, քանի որ , ինչպես Գարդներն է նշում,մտածողությունը եզակի չէ, այն բազմաբնույթ է։ Յուրաքանչյուր անձ մտածողության յուրահատուկ և բացառիկ կառույց ունի։ Դրանք բոլորն էլ շարժուն են։ Յուրաքանչյուր ոք կարող է հայտնաբերել և զարգացնել իր մտածողության բազմազանությունը։ Այդ զարգացմանը պետ է նպաստեն ծնողները, ուսուցիչները։ Որքան ավելի խորն ենք ճանաչում բազմաբնույթ մտածողությունը, այնքան ավելի փոփոխելի է դառնում մտածողության տեսակների ցանկը։

  6. #5
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    962
    Հեղինակության աստիճան
    8342
    Հովարդ Գարդների բազմաբնույթ ինտելեկտի տեսությունը ենթադրում է, որ մարդիկ ունեն 7 տարբեր տեսակի մտավոր կարողություններ կամ ինտելեկտ, որոնք հետևյալն են`

    1. Լեզվական
    2. Մաթեմատիկա- տրամաբանական
    3. Ռիթմիկ- Երաժշտական
    4. Տարածական
    5. Շարժական (Կինեէսթետիկ)
    6. Միջանձնային
    7. Ներանձնային
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  8. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    933
    Ուզում եմ ներկայացնել հայոց լեզվից մի դաս, որտեղ մտածողության բոլոր ձևերը դրսևորվում են։
    Թեմա - Ածական
    Նպատակը՝ հասնել նրան, որ սովորողները տարբերեն հատկանիշ ցույց տվող բառերը։
    Լեզվական մտածողություն - Ուսուցիչը աշակերտներին պատմում է <<Երեք արջերի հեքիաթը>>։ Երեխաների ուշադրությունը հրավիրել մեծ, միջին, փոքր, բրդոտ, գեղեցիկ և այլ բառերի վրա, որոնք հատկանիշ են ցույց տալիս։
    Տարածական մտածողություն - Երեխաներին բաժանել պատկերներ, խաղալիքներ և հանձնարարել դրանք խմբավորել ըստ չափերի, գույների ևայլ հատկանիշների հիման վրա։
    Մաթեմատիկական - տրամաբանական մտածողություն - պատկերների մեջ ներառել նաև երկրաչափական պատկերներ և հանձնարարել դրանք ևս խմբավորել։
    Միջանձնային մտածողություն - Վերոնշյալ պատկերները մեկ-մեկ բաժանել աշակերտներին։ Հանձնարարել շրջան կազմել և փոխանցել պատկերները միմյանց՝ նորից խմբավորելով դրանք։
    Երաժշտական մտածողություն - Հանձնարարել կարդալու ընթացքում ուսուցչի ինտոնացիայից կռահել, թե որ արջի մասին է խոսքը։
    Ներանձնային մտածողություն - հանձնարարել երեխաներին սեփական գույներով նկարել հեքիաթը։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    933
    Կիրառելով քառաբաժան՝ միաժամանակ կիրառում ենք տարածական, լեզվական, ներանձնային, մտածողություն։

  11. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    933
    Ինչպես սովորեցնել երեխաներին պլանավորել տեղեկատվությունը։
    Լեզվական մտածողություն - կարևոր է զրույցը աղբյուրի մասին։

    Տարածական մտածողություն - Դասարանում ստեղծել տեղեկատվական անկյուն։

    Միջանձնային մտածողություն - Ստեղծել հարց ու պատասխանի արկղիկ։
    Տրամաբանական մտածողություն - Սովորեցնել բաժանել նյութը տրամաբանական մասերի։
    Երաժշտական մտածողություն - Նշել, որ երաժշտությունը նույնպես կարող է լինել տեղեկատվական աղբյուր։ Ունկնդրել երաժշտություն և գրել, թե ինչ ինֆորմացիա կարելի է ստանալ այդ երաժշտությունից։
    Մարմնաշարժողական մտածողություն - Առաջարկել դպրոցից տուն գնալիս հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել։
    Ներանձնային մտածողություն - Առաջարկեք երեխաներին գրել իրենց ինքնակենսագրությունը՝ կազմելով ժամանակային սխեմա։

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •