Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քրիստոնեության հռչակումը Հայաստանում որպես պետական կրոն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քրիստոնեության հռչակումը Հայաստանում որպես պետական կրոն

    Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է: Մեծ խորհուրդ ունի այս իրողությունը, և՛ պարգև է այն հայոց ազգին, և՛ պատասխանատվության կոչող թանկ պատգամ: Լինենք արժանի: Ճանաչենք մեր հավատի պատմությունն ու զուլալ ակունքները: Կուզեի, որ այս թեմայի իմ գրառումներին ակտիվ արձագանքեիք և հավելեիք Ձեր կարծիքները, դատողությունները, հայոց դարձի հետ կապված նյութեր, հիշատակություններ:

  • #2
    Հավերժությունից ԱՍՏՎԱԾ ստեղծեց մեր ժամանակը, սահմանեց մեր ժամանակը ու այդ ժամանակների մեջ մեզ՝ մարդկանց, սահմանեց ու հռչակեց ժամանակը իրենով լցնող, իմաստավորող արարածներ: Տիրապարգև արարչագործությամբ Էությունից ստեղծվեց ամեն ինչի տեր ու ծառա, թագավոր ու հոգածու՝ մարդը: Աստծո լույսը լցվեց, լցվեց մարդու աչքերում ու հոգու մեջ, և մարդը կամոքն Աստծո դարձավ բանականության հավերժական թրթիռ ու ճամփորդ, արարչակից արարած և պարգև ստացավ Աստծո պատկերով ապրելու սիրո մեջ ու վեր լինելու ժամանակից, ժամանակների հոլովույթն ապրելու որպես երջանկություն ու հեքիաթ:

    Comment


    • #3
      Մշտագո Սուրբ Երրորդության անձերից Որդի Աստված՝ Հիսուս Քրիստոս, պիտի գար ու ծնվեր որպես մարդ, պիտի մարդանար, որ մարդն աստվածանար: Աստվածային անսահման սիրո վկայությամբ մարդը պիտի գտներ հավերժությամբ լիանալու աստվածառաք ճանապարհ: Գտներ, քանզի կորցրել էր անհավատությամբ, մեղանչելով, դրժելով Աստծո պատվիրանը, որը մերժում էր չարը, մեղքը /իսկ մեղքի պատիժը մահն էր/:
      Ու ծնվեց փրկիչը, դարձավ մեկը մեզանից, իր անմեղ ուսերին առավ մեր անսահման մեղքը, իր մահով մեռցրեց մահը:
      Եվ աշխարհը լուսավորվեց անսահման սիրով, որի անունն է Քրիստոս, ու ճառագեց երկնային դժվարամատույց ու պարզ մի ուղի, որ կոչվում է քրիստոնեություն: Եվ քրիստոնեությունը՝ որպես մեղքից ազատվելու աստվածային պարգև, դարձավ մեղավոր-ապաշխարող մարդկության մանանան, եկեղեցին դարձավ փրկության տապան, երկինքը երկրի վրա: Կանչել ու կանչում է Հիսուս բոլորին, կանչել է նաև իմ ժողովրդին, որ եդեմական հողի ու Արարատի ժառանգն է, արարումի ու նոյյան տապանի տուն-ոստանի, հայրենական տան, հոր տանը մնացած, օջախը ծխացնող զավակը:

      Comment


      • #4
        Առաքյալները առաքելությամբ երկիրը Հայկա՝ տունը Թորգոմա՝ ազգին հաբեթածին, ավետեցին լույսը Քրիստոսի, հավատացրին փրկագործությանն ու հավերժությանը, նրանցով քրիստոնեություն հավատի անմահական հունդերը թաղվեցին հայ հողում, հայ հոգում, և քրիստոնեության լույսով լցվեց երկիրս: Եվ կոչվեց մեր եկեղեցին առաքելական:

        Comment


        • #5
          Արարատի շուրջը կային հաբեթածին մարդիկ, որ խոսում էին Աստծո լեզվով, որ պիտի կոչվեր հայերեն: Վերադարձավ Հայկը իր տոհմով, եկավ ու այս նախա....նախահայրենիքը դարձրեց ու կոչեց հայրենիք: Ասում են՝ եկավ երեք հարյուր մարդկանցով, եկան երեք հարյուր մեկ մարդիկ, որ բարին հաղթի չարին, լույսը հաղթի խավարին, ու Հայկը հաղթեց Բելին: 301՝ թիվը հայկյանների, 301՝ թվականը հայոց դարձի: Տիրապարգև այս հողում ապրում էին Նոյի սերունդներից, մինչ կգար Հայկը, որ վերադարձավ՝ ամբողջացնելու մի հին խոստում, որ Աստված տվել էր Ադամին: Աստվածապարգև այս հողում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները ճառագեցրին լույսը Հիսուսի, ստեղծեցին եկեղեցին հայոց, մինչ կգար Գրիգորը, որ զգոն լինի ազգը հայոց, որ փրկությամբ լիանա եդեմապահ ու տապանապահ այս հողը: Հիսուս ուղարկեց իր առաքյալներին, որ մարդկանց նվիրի փրկության ճանապարհ, հույս և սրբագործվելու ձգտում, մինչ Ինքը իջնի և Իրենով անմահության դուռ նվիրի ազգիս հայոց: Միածնաէջ, սրբագործված այս հողը մեր տունն է, դուռը հույսի, լույսը հավատի, երկիր ու հող, որ Աստծո անսահման սիրո վկայարանն է: Արարատի դիմահայաց բլրից Նոյը իր երախտապարտության ողջակեզը մատուցեց առ Աստված, Աստված ծիածան նվիրեց մարդուն: Արարատի դիմահայաց լրից տեսլացավ ժողովրդիս փրկության խորվիրապյան խոնարհ ճանապարհը, Աստված հրեշտակաբառ խոսք ու խոհով Գրիգոր-Զգոնին հռչակեց իմ ու քո Լուսավորիչ:

          Comment


          • #6
            Հայ ժողովրդի կյանքի մեծագույն իրողությունը՝ քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն, կներկայացնեմ հետևյալ ձևակերպում-հայեցակետերով.

            Ա. Հայ ժողովրդի՝ քրիստոնյա դառնալու նախադրյալները, պատմական ժամանակաշրջանը
            Բ. Ագաթանգեղոս՝ հայոց դարձի վավերագրող
            Գ. Այլ պատմիչների վկայություններ
            Դ. Բախվող-միացող ուղիներ. Տրդատ և Գրիգոր
            Ե. Աստվածային սիրո ուժը. Հռիփսիմյան և Գայանյան կույսեր
            Զ. Եվ սկսվում է հայոց դարձը
            Է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց հայրապետ
            Ը. Քրիստոնեությունը՝ ապրելակերպ, կյանք
            Թ. Լուսավորչի կանթեղ, Տրդատի հավլունի սուր. խորհրդանիշ և հավատ
            Ժ. Լուսավորչի ժառանգները
            ԺԱ. Պատմության իրեղեն վկայությունները այսօր
            ԺԲ. Գրիգոր Լուսավորիչը՝ համաքրիստոնեական սուրբ
            ԺԳ. Քրիստոնեության ընդունման անանց նշանակությունը

            Comment


            • #7
              Քրիստոնեությունը՝ բաբախուն երակ

              Քրիստոնեությունը մարդու, ազգիս, մարդկության բաբախուն երակն է, կենարար հեղուկ արյուն-ավիշը, ապրելու աստվածառաք կերպ ու ճանապարհ: Եվ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի այդ ճանապարհի ստեղծում-հարթումն է 301 թվագրված աստվածային պարգևը, որ իրենով նշանավորում է ժողովրդիս ազգովին, պետականորեն, հոգևին և մարմնավոր դարձը դեպի լույս հավատ, դեպի քրիստոնեություն: Վերադարձ հայոց Մովսեսի՝ Հայոց մարգարեի՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատով, կամքով, ճգնությամբ, վկայությամբ, պայքարով, սիրով, կենդանի նահատակությամբ, անլուռ վկայությամբ, Լուսավորչի, որ մեր պատմության ու հավատի երկինքը լուսավորեց քրիստոսակոչ առաքելական հավատի մերան-ճրագով վառված սրբասուն, աստվածընծա կանթեղով:

              https://www.dasaran.net/apps/wiki/view/id/18

              Comment


              • #8
                Խոսենք հայ ժողովրդի՝ քրիստոնյա դառնալու նախադրյալների մասին, ներկայացնենք պատմական ժամանակաշրջանը:

                Արարատների հովանու ներքո այս երկիրը, որ հայկյան նետ ու հավատով կոչվեց Հայք, դարձավ աշխարհում առաջին երկիրը, որում քրիստոնեությունը հռչակվեց պետական, համազգային կրոն: Քրիստոնյա դարձավ մի ողջ երկիր, որ ձգվում էր ծովից ծով, հազարամյակներից հազարամյակ, լեռնակղզին այս ծովացավ, վեհացավ որպես փրկության տապան հնամյա, հնաբույր, հնավանդ ժողովրդիս համար:
                Հիսուսի ծնունդից երեք դար անց Հայաստանը դարձավ քրիստոնյա: Քրիստոնեության ընդունումը պետության ու ժողովրդի կողմից կոչվեց և է հայոց դարձ: Դարձ, այսինքն՝ վերադարձ դեպի ճշմարտություն, դեպի այն հավատը, որ ունեին մեր պապերը Հայկից առաջ, Հայկի ժամանակ, Հայկից հետո: Վերադարձ դեպի միաստվածություն, ճշմարիտ աստվածապաշտություն, դեպի Ադամի ու Աբելի, Սեթի ու Ղամեքի, Նոյի ու Հաբեթի, Գամերի ու Թիրասի, Թորգոմի ու Հայկի, Արայի ու Կադմոսի, Գեղամի ու Հարմայի, Արամանյակի ու Սիսակի... հավատ-դավանանքը, երբ հաշտ էին երկինք ու երկիր, երբ մաքուր հավատի, քրիստոսահույս սպասման խունկն էր բուրվառվում հայի հոգու սկիհում:

                Comment


                • #9
                  Քրիստոնեությունը Աստծուն և փրկությանը վերադառնալու աստվածապարգև ուսմունք և հավատ է՝ հայ ժողովրդին պարգևված հենց առաքյալներից Քրիստոսի առաջին դարից: Հիշատակությունը Խորենացունն է: Խորենացին Հերովդեսին /Հրեաստանի թագավոր/ և Արշամին /մեր թագավոր/ համարում է ժամանակակից: Արշամից հետո թագավորում է նրա որդի Աբգարը: Նա հակառակվում է Հերովդեսին, որովհետև վերջինս հրամայել էր հայոց մեհյաններում իր պատկերն էլ դնել կայսեր պատկերի կողքին: Աբգարը հիմնում է Եդեսիան, Պարսից վրա թագավորեցնում Արշավիրի որդի Արտաշեսին, խաղաղեցնում նրա եղբայրներին՝ Կորեն և Սուրեն, քրոջը՝ նրանց Պահլավ կոչելով և թագավորական սերունդ հռչակելով: Մովսես Խորենացին խոսում է Գրիգոր Լուսավորչի ծագման մասին. «Ասում են, թե Գրիգոր Լուսավորիչը Սուրենյան Պահլավից է» /«Հայոց պատմություն», էջ 146/: Քրիստոնեության ընդունման հիմքերի մոտ կանգնած է Աբգար թագավորը: Նա իր գլխավորներից Աղձնիքի բդեշխին, Ապահունիների տոհմի նահապետին և իր հավատարիմ Անանին ուղարկում է կայսեր հազարապետի մոտ: Սրանք վերադառնալիս մտնում են Երուսաղեմ՝ Քրիստոսին տեսնելու, հետո նրա սքանչելագործությունների մասին պատմում Աբգարին: «Աբգարը զարմանալով ստուգիվ հավատաց, որ նա արդարև Աստծո որդի է. նա ասաց. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ միայն Աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված»: ....Քրիստոսին աղաչանքի գիր ուղարկեց, որ գա և իր ցավերը բժշկե» / էջ 147/:

                  Comment


                  • #10
                    Աբգարի նամակը

                    Պատմությունը ավանդում է, Խորենացին գրում-ներկայացնում Աբգարի նամակը Փրկչին. «....Դու կույրերին տեսնել ես տալիս, կաղերին քայլեցնում ես, բորոտներին մաքրում ես, չար ոգիները և դևերը հանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, նաև մեռածներին կենդանացնում ես.... Դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես և այս բաներն անում ես, կամ Աստծու որդի կլինես, որ այդ անում ես: Այդ պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունները: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից տրտնջում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է» /«Հայոց պատմություն», էջ 147-148/:
                    Հիսուսը պատասխան թուղթ է ուղարկում Աբգարին՝ խոստանալով ուղարկել իր աշակերտներից մեկին, որը կբժշկի և կյանք կշնորհի նրան ու բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն: Գալիս է Թադեոս առաքյալը, իրականացնում Աստծո խոստումը, հետո Եդեսիայից անցնում Մեծ Հայք: Խորենացին ներկայացնում է Աբգարի հինգ նամակները, որոնցով նա հավաստում է Հիսուսի աստվածության մասին և աղաչում-հորդորում հավատալ Նրան, բժշկվել, երկրպագել Նրան որպես ճշմարիտ Աստծո:

                    Comment


                    • #11
                      Թադեոս և Բարդուղիմեոս առաքյաներ

                      Թադեոսը Եդեսիայում եպիսկոպոս է ձեռնադրում Ագգային: Աբգարից հետո հայոց թագավորությունը երկու մասի է բաժանվում: Աբգարի որդին թագավորում է Եդեսիայում, քրոջ որդին՝ Սանատրուկը՝ Հայաստանում: Աբգարի որդին հեթանոսական պաշտամունքն է ընդունում, սպանել է տալիս եպիսկոպոսին: Իր արարքների պատճառով նա մահ է գտնում՝ ճզմվելով սյան տակ: Եդեսիայի բնակիչները Սանատրուկին խնդրում են ուխտով պայման դնել, որ եթե իրենց քրիստոնեական հավատքին չդիպչի, քաղաքը կհանձնեն նրան: Սանատրուկը համաձայնվում է, բայց հետո դրժում խոստումը: Աբգարի կինը գնում է Երուսաղեմ, իսկ ունեցվածքը նվիրում է կարոտյալներին: Ըստ Խորենացու՝ Սանատրուկը հավատացել է Հիսուսին, բայց հետո նախարարների երկյուղից թողել է իր ճշմարիտ հավատը: Թադեոս առաքյալը քարոզում է Շավարշան գավառում /Արտազ/: Նա քրիստոնյա է դարձնում շատերին, այդ թվում՝ արքայադուստր Սանդուխտին: Թագավորի հրամանով նահատակվում են առաքյալը, բազմաթիվ քրիստոնյաներ, այդ թվում՝ Սանդուխտ կույսը՝ հայ ազգի առաջին սրբուհին: Թադեոս առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Արտազի Սուրբ Թադե վանքը: Թադեոսը հայոց եկեղեցու հիմնադիրն է: Նա ընդհարնական եկեղեցու սուրբ է: Պատկերվել է՝ մի ձեռքին դաշույն,մյուսին՝ Հիսուսի կողը խոցած գեղարդը:
                      Հայոց մյուս առաքյալը Բարդուղիմեոսն է, որ Հայաստանում քրիստոնեություն է տարածել 60-66 թվականներին: Նա Գողթն գավառում եպիսկոպոս է ձեռնադրում Կումսիին: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Հայաստանի տարբեր գավառներում շրջելիս Արտաշատի մոտ առաքյալները միմյանց են հանդիպում: Օթյաց խաչ վայրում գիշերելուց հետո բաժանվում են: Սանատրուկի հրամանով մահապատժի են ենթարկվում Բարդուղիմեոս առաքյալը և իր քույրը՝ քրիստոնյա դարձած Ոգուհին: Բարդուղիմեոս առաքյալը ևս ընդհանրական եկեղեցու սուրբ է:
                      Հայոց եկեղեցին, որ գրեթե երկուհազարամյա պատմություն ունի, կոչվում է առաքելական, առաքյալները՝ առաջին լուսավորիչներ, հայոց հայրապետական աթոռը կոչվում է նաև Աթոռ Թադեի:

                      Comment


                      • #12
                        Քրիստոնեությունը արմատներ է ձգում

                        Առաջինից երրորդ դարերում քրիստոնեությունը Հայաստանում խոր արմատներ է գցում: Բազմաթիվ քրիստոնյաներ նահատակվում են՝ վկայելով Հիսուսի աստվածությունը, մերժելով կռապաշտությունը: Պատմությունը ավանդում է, որ Ա դարի վերջին և Բ դարի սկզբին Հայաստանում նահատակվել են քրիստոնյաներ Ոսկյանք և Սուքիասյանք: Մեր երկրում Ա-Գ դարերում քրիստոնեության տարածման մասին է վկայում Արտազի աթոռի հնագույն գավազանագիրքը: Բ-Գ դարերում Հայաստանում քրիստոնեության գոյությունը հաստատվում է տերտուղիանոսի, Օգոստինոսի, Եվսեբիոս Կեսարացու և այլոց վկայություններով:
                        Դարերի խորքից պատմությունը մեզ է նայում իր լուսավոր ու խոժոռ հայացքով:
                        226 թվականին Պարսկաստանում տեղի են ունենում քաղաքական փոփոխություններ: Սասանյան Արտաշիրը գահընկեց է անում /սպանում է/ Արտավան Արշակունուն, և զրադաշտականությունը հռչակվում է պետական կրոն: Հայաստանում իշխում էր Արշակունիների հայկական ճյուղը:
                        Եվ այստեղից սկսվում է նաև Հայաստանում քրիստոնեության՝ պետական կրոն դառնալու և Գրիգոր Լուսավորչի ու Տրդատի պատմության նախասկիզբը: Տրդատ գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ՝ երկու մեծ այրեր, որ ի լուր աշխարհի ավետեցին հայոց դարձի, փրկության ճանապարհ ու հավիտենության ուղի գտնելու մասին:
                        Չորրորդ դարի արշալույսն էր:


                        https://akunq.net/am/?p=19885

                        Comment


                        • #13
                          Հայոց դարձի վավերագրողը՝ Ագաթանգեղոս

                          Պատմական հիշողություններ, վկայություններ, «Պարսից պատերազմ» կոչված ժողովրդական իրական վեպը և նրա անդրադարձները հայոց պատմագրության մեջ: Գլխավոր վավերագրողը Ագաթանգեղոսն է: Իսկ ո՞վ է նա. ավետաբեր հրեշտակ, ով ավետում է հայոց դարձի՝ հայերի՝ ազգովին քրիստոնյա դառնալու ավետիսը: Ագաթանգեղոսի պատմությունը համարվում է 5-րդ դարի ստեղծագործություն: Սակայն ինչու՞ չհավատանք իրեն, որ դեպքերը նկարագրում է որպես ականատես ու ժամանակակից:4-րդ դար տեղափոխելը ոչինչ չի պակասեցնի նրա գործի և իր արժեքից և ոչ էլ մեր պատմիչին կդարձնի հույն: Նա կարող էր գրել հունարեն, կարող էր գրել ասորերեն կամ այդ լեզուներից մեկի տառերով հայաբառ, կամ, որ ավելի հավանական է, նախամաշտոցյան գրով: Եթե անգամ ոչ հայերեն գրած լինի, 5-րդ դարում թարգմանված լինելը չի նսեմացնում նրա արժեքը: Մենք հիմք և իրավունք չունենք չհավատալու Ագաթանգեղոսին, չհավատալու ճշմարտությանը:
                          Եվ այսպես. «....Թագավորական հրամանը հարկ դրեց մեր մտավոր աղքատ գանձարանի վրա՝ պահանջելով մեզանից անցած դեպքերի նկարագրությունը տալ և մատենագրել մեզանում կատարված հայտնի պատմությունները: Սակայն չափազանց ջանք ենք թափել մեր հետնորդներին թողնելու դեպքերի շարքի դար-դար հիշատակումը /Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, էջ 24/: Ագաթանգեղոսը դրվատում է հոգևոր արժեքները, որոնք նման են թանկագին մարգարտի: Նրանք մխիթարում են, բժշկում, չարչարվածներին հանգիստ են բերում, ցույց տալիս երկնային ճանապարհները առ Աստված բարձրանալու համար: «Կյանք են ու փրկություն նրանց համար, որոնք մեղքերով են աղքատացած» /էջ 26/: Պատմիչը գեղեցկախոս և հոգեթրթիռ խոսքերով պատգամում է. 1Միայն խոնարհի՛ր գլուխդ, և հոգևոր պսակը անմիջապես կդրվի գլխիդ, ու դա կզարդարի քեզ առավել, քան թանկագին քարերը: Միայն համաձայնվի՛ր արքայական կոչունքին, և այն ժամանակ խորտիկների քաղցր անուշությունը քո քիմքը կպարուրի: Միայն ծարավ ողի՛ր սիրո, և իսկույն կենդանության աղբյուրը կհագեցնի քո տոչորուն ծարավի երաշտը: Միայն մաքրի՛ր քեզ աղտից, և իսկույն անթառամ ու լուսավոր զգեստը կզարդարի քեզ, առավել քան անուշահոտ շուշան ծաղիկը» /էջ 27/:

                          Comment


                          • #14
                            Վիպում է Ագաթանգեղոսը

                            Եվ նշանագրերի արվեստին հասու Ագաթանգեղոսը վիպում և ոգում է հայոց հավատի ու ճշմարտության ասքը, հավատ, որը քրիստոնեություն անվամբ դեպի երկինք տանող, երկինք ու երկիր հաշտեցնող ումունք է ու պաշտամունք: Եվ արցունքից ծնված մարգարիտի պես ցոլանում է աստվածընծա լույսը:
                            Ագաթանգեղոսի «Պատմության» առաջաբանում բանաձևվում է Տրդատի, պատմիչի, հայ ժողովրդի ավանդվելիք կարևորագույն պատմության հիմքը. «Կարդալով Ավետարանի աստվածապարգև ավետիսները և կենաց խոսքը մեր Թորգոմյան ազգին և մեր Հայաստան աշխարհում քարոզելու /գրվածքը/, թե ինչպես կամ ինչպիսի մարդու կողմից ընդունվեց այն և կամ ով էր նա, որ այս նորոգարար առաքելական շնորհները իր վրա վերցնելով երևան եկավ այսպիսի աստվածեղեն շնորհքով, /կպատմենք/ նրա լուսավոր վարդապետության և հրեշտակակրոն առաքինի վարքի, ազնվական համբերության մասին այն շնորհալի մեծազոր նահատակի, որը Քրիստոսի խոստովանողը եղավ և ճշմարտության վկան: Թե դրանից հետո նրա աղոթքներով շենություն և խաղաղություն, լիություն, պտղաբերություն ու բժշկություն շնորհեց Աստված: Եվ թե ինչպես նրա աստվածասիրության և ՔՐԻՍՏՈՍԻ պարգևած զորության շնորհիվ ընկավ փշրվեց ունայնության պաշտամունքը, և աստվածապաշտությունը տարածվեց ամբողջ մեր Հայոց երկրում» /էջ 30/:
                            այնուհետև բուն պատմությունն է: Ագաթանգեղոսը դրվագներ է պատմում «Պարսից պատերազմ» ավանդավեպի «Խոսրով և Տրդատ» ճյուղից: Այնուհետև շարադրում է Գրիգոր Լուսավորչի վարքը, քրիստոնեական հավատի համար նրա կրած չարչարանքների ու Խոր վիրապում բանտարկվելու պատմությունը: «Պատմության» երկրորդ մասը Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունն է, երրորդը՝ Գրիգոր Լուսավորչի վարդապետությունը, չորրորդ մասում պատկերվում է Հայաստանում քրիստոնեության տարածումը, համազգային կրոն դառնալը: Վստահենք Խորենացուն, որ Ագաթանգեղոսին համարում է Տրդատ Մեծի քարտուղարը:


                            https://www.youtube.com/watch?v=wa7dXq2uZSk

                            Comment


                            • #15
                              Հայոց դարձի մասին այլ վկայություններ

                              Հայոց դարձի պատմիչը Ագաթանգեղոսն է, Հայաստանում քրիստոնեության ընդունման սկզբնաղբյուր է նրա «Հայոց պատմությունը»: Կան բազմաթիվ այլ վկայություններ և անդրադարձներ հայոց դարձին և Գրիգոր Լուսավորչին: Սկզբնաղբյուր է նաև Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը», որի առաջին մասի հեղինակ-ականատես կամ թարգմանիչ-ներկայացնող է համարվում /և է/ Զենոբ Գլակը՝ Լուսավորչի ժամանակակիցը, գործակիցը, Սուրբ Կարապետ վանքի սպասավորը: Զենոբ Գլակը ասորերեն է թարգմանում Գրիգոր Լուսավորչի թուղոը /նամակը/ և ուղարկում Կեսարիա: Նա ներկայացնում է Գրիգորի վարքը, հանուն քրիստոնեական հավատի նրա սուրբ պայքարը: Խոսում է որպես գործակից. «....Ես աղաչեցի սբ. Գրիգորին՝ թույլատրել գնալ իմ վանքը, որ սբ. Կարապետի անվամբ հիմնադրվեց, որին թագավորն անձամբ ցանկացավ գնալ տեսության, թե ինչպիսի տեղում է կառուցված» /Տարոնի պատմություն», էջ 50-51/: «Տարոնի պատմության» նախաբանում Վ. Վարդանյանը գրում է. «....Այս արժեքավոր գործի առաջին մասի ստեղծման շարժառիթ են հանդիսացել Հայաստանում /հատկապես Տարոնում և նրա մերձակա գավառներում/ նորածագ քրիստոնեական կրոնի տարածման, նրա հաստատման հանգամանքների հետ կապված պատմությունները, ինչպես նաև ցույց տալու համար նոր կրոնի տարածման և պրոպագանդման ճանապարհին հանդիպած խոչընդոտները, հեթանոսական կռապաշտության և նրան սպասարկող քրմերի դեմ մղված դաժան պատերազմը, քրիստոնյա առաջին նվիրակների կյանքն ու գործը, նրանց անձերի և աշխատության պանծացումը, սրբացումն ու հավերժացումը» /գրքի նախաբան, էջ 3/:
                              Զենոբ Գլակը ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի, Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետի և ասորի չորս եպիսկոպոսների նամակները: Ահա մի հատված սուրբ Գրիգորի՝ Կեսարիա ուղարկած նամակից.«Հայոց աշխարհին շնորհեցիք կենաց գանձըէ սուրբ Հովհաննես Մկրտչին իբրև միջնորդ Աստծու և մարդկանց.... Հաստատեցի սբ. Կարապետի և Աթանագինես վկայի նշխարները.... Այժմ նույն Իննակնյան վայրում Աստծուն են պաշտում երկրպագելով.... Աղաչում եմ քեզ, որպեսզի դուրս բերես մշակներիդ Տիրոջ հունձն անելու» /«Տարոնի պատմություն», էջ 19-21/: Կեսարիայի հայրապետը Գրիգորին համեմատում է Մովսեսի հետ. «Քո շնորհիվ նրանց համար ծագեց արեգակն արդարության՝ Քրիստոսը, և դու ընտրվեցիր սուրբ առաքյալներ Բարդուղիմեոսի և Թադեոսի փոխարեն, ուստի և միտքդ բե՛ր նրանց նահատակությունը և երբեք մի՛ խոտորվիր նրանց բաց արած շավղից»/էջ 22/: Կեսարիայի եպիսկոպոսը խորհուրդ է տալիս Իննակնյան վայրերում ստեղծել հոգևոր միաբանություն, վանքերի կարիքները հոգալու համար հատկացնել մեծ գյուղեր, ստեղծել տնտեսություն, աղքատանոցներ շինել տալ, իշխանավորներին խրատել, որ լինեն աղքատասեր, կրոնավորասեր և երկյուղած:


                              http://armenianhouse.org/mamikonyan/...ron-zenob.html

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information