Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրության հարցեր

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրության հարցեր

    Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունը նպատակ ունի աշակերտներին ոչ միայն կրոնական գիտելիքներ տալու, այլ նաև արժևորելու քրիստոնեության դերը մարդու կյանքում, բարոյական արժեքներով ապրելու մղելու նրանց: Չափազանց մեծ է նրա դերը մարդկային հասարակությունը կրթելու, ճիշտ ուղղորդելու գործում:Իր ազգային և քրիստոնեական արժեքներին ծանոթ և դրանցով ապրող պատանին՝ վաղվա քաղաքացին, կլինի ավելի բարի, հանդուրժող, խորամիտ, կդավանի դրական արժեքների: Հարգելի՛ ուսուցիչներ /և ոչ միայն/ սիրով կկարդամ ձեր կարծիքները, նկատառումները: Կցանկանայի, որ այս էջում միասին խոսեինք այն աշխատանքի և ուղիների մասին, որոնք առավել կօգնեն աշակերտին: Մեր օրերում առավել կարևորվում են այն բոլոր ուղիները, որոնք միտված են մարդկայինը պահելու և արժևորելու:

  • #2
    Ուզում եմ մեկ անգամ ևս կարևորել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ անդրադառնալով նրա և «Հայոց պատմություն» առարկայի հարաբերակցությանը:
    «Հայոց պատմություն» առարկային ամենամոտը «Հայոց պատմություն» առարկան է: Առնչությունները շատ են հատկապես 7-9-րդ դասարաններում: Առաջինում կարևորվում է եկեղեցու գործունեությունը, երկրորդում՝ պետության և ժողովրդի: Տարբեր են հայացքները, սակայն շատ առնչակից են հայեցակետն ու նյութը. չէ՞ որ հայոց եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, իսկ ժողովուրդը ապրել ու ապրում է որպես քրիստոնյա, որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկրի ժողովուրդ: Որևէ բնակավայրի մասին խոսելիս ասում ենք համայնք, համայնք է կազմում նույն ազգաբնակչությունը եկեղեցու համար. այս դեպքում նա ներկայանում է որպես քրիստոնյա համայնք: Կամ՝ մարզերը ՀՀ վարչական միավորներ են, երկրում գործող թեմերը՝ Հայ Առաքելական եկեղեցու: Այն բոլոր իրադարձությունները, որ կատարվել ու կատարվում են նաև այսօր /վերջիններս էլ են պատմություն դառնալու/, և՛ պատմական իրողություն են, և՛ հոգևոր կյանքի պատմությանն են այս կամ այն կերպ առնչվում:

    Ակնկալում եմ առարկայի կարևորության մասին Ձեր նկատառումները:

    Comment


    • #3
      Շարունակեմ նկատառումներս:
      «Հայ ժողովրդի պատմություն» առարկան ավանդում է՝ տվյալ իրողությունը կատարվեց տվյալ արքայի, իշխանի, պետական ու քաղաքական գործչի կողմից կամ օրոք, և հարակից նշվում է կաթողիկոսի, հոգևոր գործիչների, ժողովրդի եկեղեցաշեն, բարեպաշտ կամ երբեմն ոչ խելամիտ լինելը: Իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը» կարևորում է հայ առաքելական եկեղեցու, հոգևոր գործիչների, քրիստոնյա հայ ժողովրդի գրեթե երկհազարամյա գործունեությունը, հավատը, դավանաբանական դիրքորոշումը, եկեղեցաշեն ու բարեսիրական գործերը պատմության ընթացքում /տվյալ արքայի, պետական գործչի, պատմական իրողության ու վայրիվերումների ժամանակ/:
      Նույնն է ժամանակը, և ժամանակն իրենով իմաստավորում է նաև հայ եկեղեցին իր պատմությամբ: Եկեղեցի-պետություն, համայնք-ժողովուրդ միասնությունը մեզ օգնել են ապրելու, արարելու, ստեղծելու ու պահպանելու պետականություն, ժողովրդի ոգի, ճշմարիտ հավատ-ուղենիշ ու անխոտոր քրիստոնյա ուղի: Մեր ժողովրդի ուղին է քրիստոնեությունը դարձել, որով պատմության հունով առաջին հազարամյակի սկզբից հասել ենք երրորդ հազարամյակի սկիզբ:

      Comment


      • #4
        Եկեղեցի-ժողովուրդ միասնությունը

        Սարդարապատ. եկեղեցին ժողովրդի կողքին է, եկեղեցին ժողովուրդն է: 20-րդ դարի 30-ական թվականների բռնություն-հալածանք. ժողովրդի դեմ է, դեմ է եկեղեցու: «Սասունցի Դավիթ» շարասյուն. պատմության հեղեղից հալածված հայը, ի դեմս եկեղեցու, ձեռք է մեկնում իր վիրավոր ժողովրդին, իր պայքարող ժողովրդին: Պիտի վերականգնվեր հայոց պետականությունը հեռավոր իններորդ դարում. եկեղեցին ու եկեղեցու հայրապետները ակունքների մոտ են, ակունքներ են վերաբացում: Հակադրվում են արքաների ու իշխանների շահերը, հայրաբար հայրապետն է հաշտեցնում: Պատմության բավիղներում եկել են օտարներ, լուծ դրել հայ հողին, եկեղեցին է պահել ժողովրդի հոգևոր և մտավոր ազատությունը: Եկել են բռնակալներ. եկեղեցին է իր վեհությամբ, իր հեղինակությամբ, իր խելամտությամբ ժողովրդին հնարավորինս հեռու պահել նրանց տիղմ ու շարավից: Ժողովրդին ոգի է տվել ոչ միայն հավատալու, ոչ միայն արարելու, այլ նաև պայքարելու՝ դարձյալ եկեղեցին:
        Մեր ժողովուրդն ու եկեղեցին մեկ են ու պիտի պահեն միասնությունը, որ մենք ընթանանք խաղաղության, պատմության ու ճշմարտության լուսավոր ճամփաներով:

        Comment


        • #5
          Որոմների առակի ուսուցումը

          Այս առակով Հիսուսը մարդկանց սովորեցնում է երկնքի արքայության, հավիտենական կյանքի մասին և ցույց տալիս այն ճանապարհը, որով մարդիկ կարող են ունենալ հավիտենական երջանիկ կյանք:
          Առակը հնարավորություն է տալիս ցանկացած մակարդակի մարդու պատկերացնելու և հասկանալու, թե ինչպես կարելի է հասնել երջանիկ հավերժության: «Որոմների առակը» երեխաների ամենասիրելի ու հեշտ ընկալվող դասերից մեկն է: Ուսուցիչը, ներկայացնելով առակը, հընթացս հարցեր է ուղղում աշակերտներին, և նրանք իրենք էլ են կարծես քայլ առ քայլ աստեղծում պատմությունը, տարբերում են ճիշտն ու սխալը, լավն ու վատը:
          Այսպես՝
          Տերը մշակներին պատվեր է տալիս սերմ ցանելու: Ինչպիսի՞ն պիտի լիներ այդ սերմը: Հնչում են պատասխաններ՝ լավ սերմ, բարի սերմ, որ լավ բերք ստանար, պիտանի սերմ: Քննարկում և հասկանում ենք միասին, որ լավ արդյունք ակնկալելու համար հարկավոր է բարի գործ անել՝ բարի սերմ սերմանե: Շարունակում ենք նույն կերպ: Աշակերտները ընկալում և վերաստեղծում են նյութը:
          Վերջում դարձյալ հարցեր: Ինչու՞ տերը չթողեց, որ մոլախոտերը քաղհանեն: Ի՞նչ կլինի վերջում: Այնուհետև անցում բարի և չար գործերի հատուցմանը: Խոսում ենք նաև ուղղվելու մասին՝ ասելով, որ բոլոր մարդիկ Աստծո լավ, բարի սերմ են եղել, ովքեր չար են դարձել, կարող են ուղղվել, փոխվել:
          Այստեղ կա երկու կարևոր միտք՝ հատուցում ըստ գործերի ու հավատքի և ներողամտություն բարի դարձողի հանդեպ:
          Պատմությունը փոքր է, բայց շատ սիրելի, ընկալելի ու տարողունակ:
          Այսպես դասը կարելի է դարձնել աշակերտակենտրոն, բայց ուսուցրի գործը այս դեպքում ավելին է. նա պիտի կարողանա վեր հանել աշակերտների գիտելիքներն ու կարողությունները, ուղղորդել և օգնել, որ նրանք կարողանան հասնել պահանջվող եզրահանգումների:

          https://www.youtube.com/watch?v=4aaXdcMhpqg

          Comment


          • #6
            Այս էջում շարունակենք խոսել հավատի ու քրիստոնեության մասին; Ակնկալում եմ, հարգելի՛ գործընկերներ, որ դուք էլ կներկայացնեք ուսանելի բանաստեղծություններ, ասույթներ, դասերի դրվագներ, դաստիարակության առնչվող մտքեր:

            Այս անգամ ձեր ընթերցմանն եմ ներկայացնում Անդրանիկ Տերտերյանի գողտրիկ բանաստեղծությունը , որից մանկություն, մաքրություն ու աղոթք է բուրում;

            Տատս գնաց ժամերգության

            Լույսը բացվեց. դաշտերն հագան
            Մի թափանցիկ կաթնափրփուր,
            Առավոտը խունկն իր վառեց,
            Ցնցուղեց գոլ անձրևաջուր:

            Եկեղեցու զանգերն ահա
            Ղողանջեցին պղնձաձայն,
            Տատս դեմքը խաչակնքեց
            Ու շտապեց ժամերգության:

            Տատս գնաց, որ Աստծու հետ
            Զրույց անի, խորհուրդ լսի,
            Ու զորացնի հավատն իր
            Շողերի հետ արշալույսի;

            Տատս գնաց, որ աղոթքով
            Ուղղի չարին, անհավատին,
            Որ միշտ Տիրոջ ճանապարհով
            Գնան բոլորն ու իր որդին:

            Տատս գնաց հույսի նման,
            Լույսի նման կգա նա տուն,
            Մեզ կբերի անուշ նշխար,
            Աստվածամոր տաք օրհնություն:

            Comment


            • #7
              Եկեղեցին մեր քրիստոնյա միությունն է, մեր հավատի տունը: Լևոն Միրիջանյանի «Ձոն հայ եկեղեցուն» բանաստեղծությամբ կարելի է աշակերտին առավել ընկալելի ու սիրելի դարձնել հայոց եկեղեցու արժեքն ու վեհությունը:

              Ձոն հայ եկեղեցուն

              Դու պահեցիր, օրհնեցիր դարերի մեջ խև
              Մեր պարծանքը գերագույն՝ զԱթոռն Հայկազնեայց.
              Անառ մնաց հայ ոգին, մնաց հարատև
              Եվ զորացավ ամեն մի նոր հողմի դիմաց:

              Խաչիդ խորհուրդը խորին՝ ավիշ կենարար,
              Եվ երգերդ՝ մեր հոգու Լու՜յսը երկնառաք,
              Կերոններդ՝ ուղենիշ աստղեր մշտավառ,
              Եվ հարությու՜ն է Հույսի ամեն Պատարագ:

              Երեկ, այսօր ու հավետ՝ դու մեր հոգու սյուն,
              Մեր վեհության վե՛մը սուրբ, ընծա երկնային...
              Թող հայ աղոթքը դառնա փառաբանությու՛ն
              Հայոց բոլոր դարերի լու՜յս ճանապարհին:
              Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 16-05-22, 17:04.

              Comment


              • #8
                Բազմաթիվ են Հիսուսի բերած առակները: Ղուկասի Ավետարանից /ԺԸ 1-8/ ահա մի առակ, որի մեկնությունը հենց Հիսուսն է տալիս:

                Այրի կնոջ և դատավորի առակը
                «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում, դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:

                Comment


                • #9
                  Աստված սովորեցնում է թերահավատ չլինել: Ահա առաքյալներից Թովմասի հետ կապված մի պատմություն:

                  Հարությունից հետո Զատիկի առաջին օրը Հիսուսը երևում է աշակերտներին: Թովմասը նրանց հետ չէր: Մյուս աշակերտները նրան ասում են. «Տիրոջը տեսանք»: Թովմասը ասում է. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»: Ութ օր հետո, երբ աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասը նրանց հետ էր: Հիսուսը փակ դռներով մտնում է, կանգնում մեջտեղում և ասում. «Խաղաղություն ձեզ»: Ապա Թովմասին ասում է. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրու՛ իմ կողի մեջ, մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»: Թովմասն ասում է՝ Տեր՛ իմ և Աստվա՛ծ իմ: Հիսուսը ասում է. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ, երանի՛ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»:

                  Comment


                  • #10
                    Հայոց եկեղեցու պատմության և քրիստոնեության ուսումնասիրությունը մեզ նաև հավատարմության դասեր է տալիս: Այդպիսի՝ բարություն ու ազնվություն սերմանող պատում է Հին Կտակարանով ավանդված Հռութի պատմությունը:

                    Երբ Հուդայում /հրեաների երկիր/ սով է լինում, հրեա մի մարդ կնոջ և երկու որդիների հետ գնում է այլ երկիր՝ Մովաբ: Նրա որդիներն ամուսնանում են մովաբացի աղջիկների հետ. մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ: Տարիներ անց մահանում են այդ մարդն ու նրա որդիները, և կինը՝ Նոոմինը, որոշում է վերադառնալ Բեթղեհեմ: Նա հարսներին ասում է, որ վերադառնան իրենց հարազատների մոտ. Օրփան կատարում է սկեսրոջ պատվեր-խնդրանքը, իսկ Հռութը ծեր կնոջը մենակ չի թողնում: Բեթղեհեմում հաց վաստակելու համար նա հասկաքաղ է անում Նոոմինի հարուստ ազգական Բոոսի արտում: Բոոսը Հռութի հետ շատ լավ է վարվում, որովհետև նա բարի ու հոգատար էր Նոոմինի հանդեպ: Բոոսը ամուսնանում է Հռութի հետ: Նրանց որդին՝ Օբեդը, Դավիթ թագավորի պապն էր:

                    Անհրաժեշտ է աշակերներին հասու դարձնել, որ բարությունը հատուցվում է, և որ Հիսուսը որպես մարդ Դավթի ցեղից է. կոչվում է Դավթի որդի:

                    Comment


                    • #11
                      Ավետարանների խորհրդաբանությունը
                      Մինչև Ավետարանների խորհրդաբանությանը անդրադառնալը հարկավոր է հիմնվել աշակերտների իմացածի վրա՝ ուսուցումը դարձնելով առավել հետաքրքրող, աշակերտակենտրոն, նրանց գիտելիքի վրա ոչ միայն գիտելիք հավելել, այլև հնարավորություն ստեղծել, որ նրանք ուսումնասիրելով, համեմատելով ընդհանրությունների հանգեն:

                      Հիմա ներկայացնեմ այն նյութը, որ աշակերտները ուսուցչի հարցադրումներով ներկայացնում են, հանգում նոր մտքերի և սովորում այն, ինչին ուղղորդում է ուսուցիչը: Կարելի է նաև հատվածներ ընթերցել:

                      «Ավետարան» բառը նշանակում է բարի լուր բերող մտքերի, իրողությունների հավաքածու, գիրք: Ավետիսը բարի լուրն է, ավետելը՝ բարի լուր տալը, ավետողը՝ բարի լուր բերողը, իսկ ավետարանիչը՝ Բարի լուրը տվողը: Անհրաժեշտ է դարձյալ ու դարձյալ կարևորել այդ Բարի լուրը: ԱՎետիսը, որ տրվել է մարդկությանը, Աստծո Միածին Որդու զոհաբերմամբ իրագործված փրկագործության բարի լուրն էր, Արարչի ու մարդու միջև կնքվող հաշտությունը, որով մարդ արարածը ժառանգելու է հավիտենական կյանք՝ երկնային արքայություն: Համբարձվելուց առաջ Քրիստոս պատվիրում է առաքյալներին ավետարանել Տիրոջ Խոսքը. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց» /Մարկոս 16:15/:
                      Քրիստոնեական Ընդհանրական Սուրբ Եկեղեցին կանոնական /վավերական և բոլորի համար ընդունելի/ է համարել չորս Ավետարաններ՝ Ավետարան ըստ Մատթեոսի, Ավետարան ըստ Մարկոսի, Ավետարան ըստ Ղուկասի և Ավետարան ըստ Հովհաննեսի: Այս գրքերում ներկայացված են Հիսուսի ծնունդը, մկրտութունը, կյանքը, հրաշքները, վարդապետությունը, չարչարանքները, խաչելությունն ու հարությունը: Չորս Ավետարաններն էլ ունեն իրենց խորհրդանշայն իմաստները, որոնք արտացոլված են մանրանկարչության, որմնանկարչության և քանդակագործության մեջ:
                      Մատթեոսի Ավետարանի խորհրդանիշը հրեշտակակերպ մարդն է: Այս Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ. հեղինակը նույնացվում է մարդու հետ:
                      Մարկոսի Ավետարանի խորհրդանիշը առյուծն է: Այս ավետարանիչը առյուծի քաջությամբ առաջինն է ազդարարում, որ Քրիստոսը Աստծո Որդին է:
                      Ղուկասի Ավետարանի խորհրդանիշը եզն է: Ղուկասը նույնացվում է ղոհի՝ եզի հետ, քանի որ սկսվում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ:
                      Հովհաննեսի Ավետարանի խորհրդանիշը արծիվն է. Հովհաննեսը իր Ավետարանի սկզբում արծվի պես սավառնելով իմաստությամբ ազդարարում է Հիսուսի աստվածությունը:

                      Առավել տեսանելի և արդյունավետ է, երբ ՏՀՏ միջոցներով ներկայացվում է այս խորհրդաբանությունը հայ հնագույն ձեռագրերում և որմնանկարչության մեջ:
                      https://www.google.com/search?tbm=vi...h=755&dpr=1.25

                      Comment


                      • #12
                        «Հայեց եկեղեցու պատմության» դասերին համագործակցումը աշակերտների հետ հաճախ տալիս է շատ դրական արդյունք: Ուսուցանող աշխատանքների ժամանակ աշակերտները լրացնում են միմյանց պատասխանները, ուղղում սխալները, փոխադարձ գնահատում կատարում: Համագործակցումը առավել արդյունավետ է զույգերով կամ խմբերով աշխատանքի դեպքում: Այս դեպքում յուրաքանչյուրը պիտի անի այն, ինչ կարող է, կամ իրեն է հանձնարարված: Պակաս գիտելիքներ, հմտություններ և ունակություններ ունեցողները ևս պիտի ընդգրկվեն աշխատանքներում և կարող ուժերի կողմից ստանան անհրաժեշտ օգնություն: Երբ նյութը ընկալած և առավել խելացի աշակերտը սովորեցնում է, շահում են և՛ նա, և՛ սովորողը: Սովորողը հնարավորություն է ունենում կարդացած կամ ուսուցչի բացատրած նյութը նորից լսելու, հարցեր տալու և կարողանում է ընկալել ու ապահովել իմացության պահանջվող մակարդակ: Կարող են միասին աշխատել նաև հավասար ուժեր. սա ևս արդյունավետ է: Ուսուցիչը ուղղորդում է, որ աշխատանքի ժամանակ չլինեն միակողմանի մոտեցումներ, որևէ աշխատանք չբացառվի, չանտեսվի, չթերագնահատվի: Համագործակցային աշխատանքը դրսևորվում է նաև դերային խաղի, ողջ դասարանով կատարվող առաջադրանքների, վարժությունների, մեթոդական հնարների կիրառման ժամանակ: Դասերի վերջում տրված քննարկման թեմաները այս ձևով ուսումնասիրելը բավականին արդյունավետ է:
                        Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 19-05-22, 18:59.

                        Comment


                        • #13
                          Աշակերտներին կարելի է հետաքրքիր բանալի բառերով աշխատեցնել և ոգևորել:

                          Այսպիսի մի աշխատանք:
                          Ուսուցիչը գրատախտակին գրում է՝

                          Սինա
                          Թաբոր
                          Ձիթենյաց լեռ
                          Գողգոթա

                          Դասարանը բաժանում է չորս խմբի, յուրաքանչյուր խումբ հանձնարարություն է ստանում խոսելու ներկայացված լեռներից մեկի մասին: Աշակերտները միասին որոշում են իրենց ասելիքը, կարող են նկարել, ներկայացնելու յուրահատուկ ձևեր մտածել:

                          Comment


                          • #14
                            Ինչպես համագործակցել աշակերտների հետ

                            Համագործակցային ուսուցման վերաբերյալ կա երկու մոտեցում. մի դեպքում այն խրախուսվում է, մյուս դեպքում խոսվում է նրանից բխող խնդիրների մասին: Այս ուսուցման թերությունը այն է /հատկապես խմբային աշխատանքի կազմակերպման դեպքում/, որ աշակերտները ինքնուրույն չեն կարող ամեն ինչ ընկալել: Ըստ այս՝ երկրորդ կարծիքի՝ քանի որ աշակերտը ավելի քիչ գիտե, պարտավոր է սովորել ուսուցչից: Մյուս կողմից՝ խմբում աշխատանքը կարող է որոշ աշակերտների ծուլությունը, չիմացությունը, սխալները քողարկել, և խմբի գնահատականը ճիշտ գաղափար տալ չի կարող խմբի յուրաքանչյուր անդամի աշխատանքի և գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մասին:
                            Համագործակցային աշխատանքը ոչ պետք է բացառել և ոչ էլ դարձնել դասվանդման հիմնական ձև: Կիրառել, երբ հնարավոր է, անհրաժեշտ է և արդյունավետ: Երբեմն էլ պետք է կիրառել համագործակցային աշխատանքի միայն տարրեր:

                            Համագործակցային աշխատանքի կազմակերպումը կախված է թեմայից, ուսուցչի վարպետությունից, իրավիճակից, աշակերտների մակարդակից: Ուսուցիչը պիտի կարոցանա այնպես կազմակերպել համագործակցումը, որ այն ծառայի աշակերտի շահերին, խթանի նրա հետաքրքրությունը, ըստ հնարավորինս պակասեցնի ծուլությունը, ուսուցումը դարձնի արդյունավետ: Ապահովի ակնկալվող վերջնարդյունք:

                            Comment


                            • #15
                              Ի՞նչ է ուսումնական թղթապանակը

                              Այն նյութերի փաթեթը, որը առնչվում է աշակերտի՝ տվյալ առարկայից ունեցած աշխատանքների և ձեռքբերումներըի հետ: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հնարավորություն է ընձեռում՝ աստվածաշնչյան պատմություններով, տարաբնույթ փոքրիկ գրքույկներով, թերթոններով, լուսանկարներով/ եկեղեցիների պատկերներ, եկեղեցական գործիչների նկարներ և այլն/, ձեռքի աշխատանքներով /մեծ մասամբ նկարներ/ հարստացնելու թղթապանակը: Ուսուցիչը, բնականաբար, ևս թղթապանակ, ավելի ճիշտ, նյութերի փաթեթ է ունենում, որում ներառված են լինում ոչ միայն փաստացի նյութեր, այլ նաև տեղեկատվություն /այդ թվում՝ ՏՏՀ/ դասերի, հարակից նյութերի վերաբերյալ: Թղթապանակ վարողը հավաքում, դասակարգում է իր աշխատանքի արդյունքները, որպեսզի դրանցից օգտվի, վերլուծի, գնահատի և շտկումներ անի, հետագա աշխատանքը պլանավորի: Թղթապանակի նյութերը հավաքագրվում են, կատարվում է ընտրություն: Ընտրված նյութերը պետք է արտացոլեն առաջադրված խնդիրը: Թղթապանակ վարողը պիտի անընդհատ տեսնի ու պահպանի առաջադրանքների կապը նրանց հետապնդած նպատակի հետ: Աշակերտի ուսումնական թղթապանակը ներկայացնում է նրա կատարած աշխատանքները ողջ ուսումնական տարվա ընթացքում: Այն տեսանելի է դարձնում աշակերտի գործունեությունը, առաջընթացը: Նրա միջոցով ուսուցիչները և ծնողները կարող են ամբողջական գաղափար կազմել տվյալ առարկայից երեխայի գիտելիքների, աշխատանքի, ակտիվության, կարողությունների և հմտությունների որակի մասին:
                              Թղթապանակը օգնում է նաև ինքնագնահատման, ինքնահաստատման և ինքնակառավարման հմտությունների զարգացմանը: Այն ընդգրկում է աշակերտի աշխատանքի նմուշները: Ուսուցիչը պիտի պարբերաբար աշակերտի թղթապանակում նշումներ անի /գնահատի, ուղղորդի/: Ուսուցիչն իր թղթապանակում ներառում է նաև աշակերտների հետ կապված աշխատանքի պատմությունը, նրանց հանձնարարած թղթապանակային նյութերի նմուշներ, գրառումներ, առարկայական և մեթոդական անհրաժեշտ տեղեկույթ, աշակերտների արդյունքների ամփոփ տեղեկագիր
                              : Ուսուցիչը մշտադիտարկելով գնահատում է աշակերտների աշխատանքը, որոշում նրանց ուսումնառության ուժեղ և թույլ կողմերը, որոշում իր և աշակերտների հետագա քայլերը, ընտրելիք մեթոդներն ու մեթոդական հնարները, առաջադրանքներն ու պահանջները:
                              Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 19-05-22, 20:26.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information