Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրականության գեղարվեստական և ճանաչողական արժեքը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գրականության գեղարվեստական և ճանաչողական արժեքը

    Գեղարվեստական գրականությունը և՛ իրականության պատկերում է, և՛ հոգի ու հոգեբանություն: Ունի գեղագիտական արժեք. արվեստ է, որ առնչում է մարդուն գեղեցիկի, վեհի, բարու և դրանց հակադիր բևեռների հետ: Սովորեցնում է սիրել ու արարել, ճանաչել ու արժևորել: Գրականությունն ու գրականության դասը ունեն այդ առաքելությունը: Այդ առաքելության մեջ առանձնահատուկ է ուսուցչի դերը: Եկեք որպես մայրենիի ուսուցիչներ գրական երկի ու նրա հեղինակի մեր ճանաչողությունն ու վերլուծությունը դարձնենք միմյանց սեփականությունը և այդպես՝ նաև մեր սաների:

  • #2
    Գրական երկերի ժամանակագրություն ու թեմաներ չսահմանենք: Պարզապես խոսենք գրական երկի տարբեր շերտերի մասին, բերենք միմյանց մտքերը հաստատող ու, ինչու՞ չէ, հերքող խոհեր ու զգացումներ: Նպատակը պիտի լինի գրողին, նրա երկն ու իրականությունը խորապես ընկալելն ու ներկայացնելը:
    Այսպես՝ սկսենք «Սասնա ծռեր» էպոսի առասպելացած հսկա Դավթից:

    Ժամանակը հոսում է որպես գետ, հերոսները մնում են նրա ափերին՝ որպես ամրակուռ ժայռեր: Ազգային հերոսները դիմագիծ են ու էություն, նրանք անմահ են ու իրենց ժողովրդի անմահության առհավատչյան: Այդպիսին է Դավիթը՝ «Սասնա ծռեր» էպոսի հեքիաթացած հերոսը, առասպելացած հսկան: Դյուցազուն, որով ամբողջանում, լիանում է մեր ազգային հերոսապատումը: Նա մեր ամենաիդեալ ու ամենամիամիտ հերոսն է, ամենասիրելի խենթը: Առասպելական սկզբնավորմամբ հերոսի շառավիղ է Սասնա քաջը՝ ծնված հայ հույսերից, սիրուց, հավատից, պայքարից, ազնվությունից: Ժողովրդի հոգու պտուղն է Դավիթը, նրա իղձերի ծնունդը, հայ հող ու ջրով զորացյալ դյուցազուն, որ շիտակ է՝ միամտության չափ, որ բարի է՝ անձնազոհության աստիճանի, և յուրաքանչյուրիս հարազատ այնքան, որ կարծես ապրել ենք նրա հետ, տեսել նրան, կարծես ոչինչ հորինված չէ նրա արարքներում, և ժողովրդական հերոսապատումը պատմության՝ մերը դարձած ասքն է, որ կրկնվել է ու կրկնվելու է և երբեք չի հնանալու: Չի հնանալու, որովհետև չեն հնանում ո՛չ սերը, ո՛չ հավատը, ո՛չ հայրենասիրությունը,ո՛չ բարությունը և ո՛չ էլ ազգային զարթոնքի ու շիտակության լուսավոր առկայծումները, որ դառնում են հավերժության ու հոգիների և ժողովրդի անխորտակ լույսը:

    https://www.armgeo.am/armenian-national-epos
    Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 10-05-22, 22:24.

    Comment


    • #3
      Բանաստեղծության լեզվով ներկայացնում եմ Անդրանիկ Ծառուկյանին

      Անդրանիկ Ծառուկյանին
      Մանկությունը լույս երազ է քո հոգում՝
      Տառապանքով ցրտահարված փերթ առ փերթ,
      Դու չունեցար, դու չունեցար մանկություն,
      Սակայն կուզես՝ մանկությունը դառնա հետ:

      Հորիզոնին ստվերներ են երբ իջնում,
      Ու նայում ես երջանկության ափերին,
      Մանկությունն է սպասումի ակունքում,
      Եվ ուզում ես մանուկ դառնալ դու կրկին:

      Մանկությունը, մանկությունը, ա՜խ, գար հետ,
      Տողերիդ մեջ բառն է ծաղկում որպես լույս,
      Անցյալիդ մեջ՝ երազային մի Հալեպ,
      Քո օրերում՝ հայի կարոտ թախծալույս:

      Հին երազներ միշտ ապրում են խնդությամբ
      Ճամփաներում հայակերոն հավատի,
      Հայրենիքը՝ սիրո թրթիռ, Երևան՝
      Ոսկևորված քարավանով կարոտի:

      Օրհնալեցուն քո բառերն են սփռված
      Գեղեցկության ու կարոտի բիլ ծովում,
      Թախիծներ կան խոհերիդ մեջ մամուռված,
      Իմաստության կայլակներն են ամրանում:

      https://grqaser.org/am/668/?c=22
      Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 10-05-22, 22:06.

      Comment


      • #4
        Հարգելի՛ մասնակիցներ, կուզեի կարդալ Ձեր արձագանքները, վերլուծությունները:
        Ուզում եմ անդրադառնալ արձակագիր ու հայրենասեր մի գրողի՝ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործական աշխարհին, ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները:

        Որ չլինի, չլինի ոգու սով
        Մարդը գնում է, և ի՞նչ է մնում:
        Հոգին՝ երկինքին, ոգին՝ մեզ, աշխարհին: Մնում է գործը, մնում է երազը, որ շարունակում է տագնապել և՛ չի ուզում, և՛ չի թողնում, որ գա ոգու սով, ահազանգում է, որ որ ոգու սովով հարուստ թվացյալ բարեհոգին չկլանի մամյանների անխաթար ու դժվար աշխարհը, աշխարհի հետ դժվար մտերմությունը:
        Ի՞նչ է ասում գրականության մասին Մամյանը. «Գրականությունն առարկա չէ: Գրականություն անհնար է սովորեցնել...
        Զգույշ, աննկատ՝ մենք պիտի օգնենք պատանուն, որ նա զգա բուն գրականությունը.... կարողանա իր սեփական աչքերով հայտնաբերել գրողին, հասկանալ նրա գիրքը: Գրականությունը բոլորին է պետք....»:
        Գրականությունը կյանքն է, կյանքի մասին հայացքները, և ուսուցիչը պիտի օգնի աշակերտին՝ ճակատագրով բանաստեղծ ծնվածների դժվար ու լուսավոր կյանքը սիրով ու թրթիռով մտնելու, ճանաչելու հազարանուն, հազարաձայն, հազարաբույր և հազարաթույր աշխարհը՝ թրթիռով ու կարոտով, տքնանքով ու ցավով, սիրով ու արարումով լեցուն: Եվ փառք Աստծո, որ Վարդգես Պետրոսյանն ստեղծել է գրականության ու կյանքի աշխարհը ճանաչել տվող մի նվիրյալի կերպար, որին այլ կերպ կոչելը թերի կլինի նաև այն պատճառով, որ նրան չեն հասկանում, համարում են Դոն Կիխոտ՝ չհասկանալով, որ այդ գովեստ է ազնիվ, արդարասեր մարդու համար:
        Վարդգես Պետրոսյանը ներկայացնում է գրականության իր աշխարհը, մարդկանց, աշխարհը: Ի՛ր գրականությամբ ի՛ր աշխարհը ճանաչել տալը գրողի խնդիրն ու հավատամքն է: Նա ուսուցիչ է բոլորի ու սերունդների համար:
        Մարդը գնում է, և ի՞նչ է մնում:
        Ի՛նքն է մնում: / շարունակելի/
        http://www.copypaste.am/2015/06/02/%...0%D5%AB%D6%81/

        https://lib.mskh.am/images/books/Ver....Petrosyan.pdf
        Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 10-05-22, 20:41.

        Comment


        • #5
          Դարձյալ Վարդգես Պետրոսյանի մասին
          Անկեղծ որոնում
          /Ակնարկ Վ. Պետրոսյանի «Ես արդեն մեծացել եմ, մայրի՛կ» վիպակին/

          Ինչու՞ են պատանիները շտապում մեծանալ, և ընդհանրապես ի՞նչ են ուզում մարդիկ: Անկեղծության մի պահի /իսկ պատանեկությունը անկեղծությունն է, որ կա/ Արամը հորն ասում է, որ մարդիկ չեն ծնվում, որ երկար ապրեն, այսինքն՝ կյանքի նպատակը երկար ապրելը չէ: Իսկ ո՞րն է: Հայրն էլ չգիտե, քանի որ նրա ճշմարտությունը բացարձակ չէ:
          Տքնել է, երազել, աշխատել, համառել ու հոգնել և իր հիշողությունից, կյանքից ու բնավորությունից շպրտել է գտածո պղնձի կտորի պես /երևի գեղեցիկ ու դժվար հիշողություններ արթնացնող/ համառությունը և «հարմարվել» է կյանքին: Նա առաստաղի ջրի հետքը համարում է վերևում ապրողների հոգու պատկերը, խոսում է շինարարության ժամանակ գողացվող միլիոնների մասին: Իսկ ինքը...
          Նա վատ մարդ չէ, ոչ ոք չի կարող նրա մասին մտածել, որ վատն է: Բայց... թռիչքի փորձերից հոգնած այս մարդը շատ բանի է հարմարվել՝ պետք է, ընդունված է, նույնիսկ՝ դրա համար փող են վճարում՝ ասելով: Չէ՛, ոչ այնքան շահը, որքան իր տեղը /դժվար/ կյանքում ունենալն է նրա համար կարևոր: Կադրերի բաժնի վարիչ է, լեռները գնացող երիտասարդ երկրաբաններին պիտի հոգեկան ի՜նչ հատկանիշներ ցանկանա, սակայն մտածելով, որ ճիշտը հեշտն է, թե՞ համարելով լոկ, որ հեշտը հեշտ է, հենց համարելու՛ պատճառով մաղթի՝ այդ պահին անկեղծ լինելով եթե ոչ իր, գոնե իր նախկին երազների հետ: Եվ մարդը խրախուսում է որդու՝ Արամի ընկերությունը քաղկոմում աշխատողի որդու՝ Վահեի հետ: Իսկ երբ գործից հանում են այդ մարդուն, որդուն խորհուրդ է տալիս նրա տղայից հեռու մնալ: Դպրոց-ուսուցիչ-դաս-կինոնկար խոսակցությունը նա շուռ է տալիս «հայրդ ինչպե՞ս է» /Վահեի/, «որտե՞ղ ես սովորելու» /«հայրդ ի՞նչ է որոշել»/ խեղճ, զրույցի հավակնող հարցերին: Սա նահանջ է մարդուց, ինքն իրենից, և այդ լավ է ընկալում հենց ինքըէ նախկին ... լավ ընկերը, որ հոգնել է ոչ միայն թռիչքից, այլև ուրիշներին սատար կանգնելուց: Միայն հոգնե՞լ է... /շարունակելի/

          Հարգելինե՛րս, եկեք միասին մտորենք այս հարցերի շուրջ և դրանք քննարկենք մեր աշակերտների հետ՝ նրանց մտածողությունն ու ազատ միտքը խթանելով, մղելով կարդալու, այս դեպքում, իհարկե, ներկայացվող վիպակը:
          https://www.youtube.com/watch?v=4lZInm82XJE
          https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E...B5%D5%A1%D5%B6
          Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 10-05-22, 22:02.

          Comment


          • #6
            Շարունակեմ խոսքս Պետրոսյանի վերոնշյալ վիպակի մասին

            Նախկին ընկերոջը նա որակում է բանաստեղծ, և միայն այդքանը: Բանաստեղծ, որի սիրտն իրոք լեռներում է, քանզի մարդն այդ ուզում է որոնում ու հայտնություն, տքնանք ու գուցե ժպիտ՝ թեկուզ հանքից ժպտացող հանքատեսակի...
            Սուրենին, որ հեղինակի և մեզ համար ընդամենը Արամի հայր է, հուզում է ոչ թե մարդու իզուր տքնանքը կամ «քամուն տրվող» հազարները, այլ՝
            «_Գլխացավանք է:
            _Ասում ես՝ հազարներ են ծախսվելու:
            _Դատարկ բան է: Հետո էլ՝ իմը հո չեն: Թող ծախսվեն: Սիրտ խառնելու չափ համառ մարդ է: Ինքդ տեսար»:
            Եվ համառությունից էր խոսում նաև գրականության ուսուցիչը: Տեսնես՝ ինչպիսին է նրա ճշմարտությունը /ճշմարտությունը մի դեմք ունի, բայց հազար հայացք/: Ձրիակեր՝ այսպես է դիմում դաս պատասխանելուց խուսափող, խոսքը կինոնկարին դարձնող աշակերտներին: Դասը այլ սերնդի մասին է՝ «Երիտասարդ գվարդիա», սխրանքի ու անձնազոհության մասին, այլ կերպ են նայում կյանքին Արամն ու նրա սերնդակիցները՝ 60-ական թվականների սկզբի պատանիները: Նրանց գրավում է, ինչպես նկատում է գրականության ուսուցիչը, կինոնկարի հերոսի խոսքը. կյնաքը տրվում է ապրելու համար, և նույնիսկ այսպիսի ծայրահեղ կարծիք՝ նույնիսկ տիեզերքը փրկելու համար չարժե այն զոհել: Ու անհեթեթ է թվում Հունան Ավետիսյանի սխրանքը: Անձնազոհությունը թվում է բացառիկ պահի ծնված անմիտ արարք, որից մի պահ հետո հերոսը կխուսափեր: Դպրոցն ավարտող պատանիներին անհասկանալի ու օտար է «Ինչպես է կոփվում պողպատը» վեպի հերոսի՝ Պավել Կորչագինի անձնազոհ նվիրումը:

            Comment


            • #7
              Նորից խոսենք վիպակի մասին /«Ես արդեն մեծացել եմ, մայրի՛կ»/
              Այլ է արդեն կյանքի նկատմամբ հայացքը. հեղափոխությունից /որ սովետական տարիներին եթե ոչ ոսկի /շատերի համար/, գոնե ոսկու տեղ անցնող արժեք էր/ և Հայրենական պատերազմից, որոնք իրոք հերոսներ են ծնել /նվիրումն ու հավատը կար/, շատ տարիներ են անցել: Այլ է պատմություն դարձած ճշմարտությունը, այլ՝ 60-ականների ճշմարտությունը, և հեղինակը ներկայացնում, ու կյանք մտնող սերունդը պաշտպանում է նոր ճշմարտությունը՝ իհարկե, որոնելով, ինքն իրեն գտնելով, խարխափելով, սիրելով ու հուսահատվելով: Բայց ամենից շատ իր առօրյայով, որ թեև հեռու է հերոսականությունից, բայց թռիչք ու երազ ունի: Արամի ու Արփիկի, Վահեի ու Բելայի համար կյանքը լի է սիրով, նրանց համար երազ ու հրաշք է երկնքում լինելը /ուղղակի իմաստով/:
              Իսկ Արամի հա՞յրը...
              «Հայրը պատշգամբում նստած լրագիր է կարդում: Արամը անմիջապես հարցրեց.
              _Կա՞ արդեն:
              _Ի՞նչը:
              Պատանին ապշած նայեց հորը. ինչպե՞ս թե ի՞նչը: Հետո հանկարծ հասկացավ. չէ՞ որ միայն վաղվա թերթերում կարող է լինել:
              _Դու ռադիո չե՞ս լսել:
              _Լսել եմ, ամբողջ օրը նույն է հաղորդում. չլսելու հնար կա՞...
              _Ինչ մեծ բան է, չէ՞:
              _Իհարկե, իսկ դու որտեղի՞ց ես գալիս այդպես փոշոտ, թափթփված:
              Աշխատում էինք մեր դպրոցի շենքի վրա: Այնտեղ էլ լսեցինք:
              _Ի՞նչը լսեցիք,_ հետո հանկարծ երևի հիշեց,_ ա՜խ, դու դեռ երկնքից չե՞ս իջել...»:
              Իսկ խոսքը Գագարինի թռիչքի մասին էր՝ նոր սխրանքի:
              /շարունակելի/
              Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 12-05-22, 21:57.

              Comment


              • #8
                Շարունակենք մտորել Վարդգես Պետրոսյանի հետ
                Եվ սա բոլորովին էլ սերունդների՝ իրար չհասկանալու հարց չէ. չէ՞ որ Պավել Կորչագինն իր սերնդով ավելի մոտ էր հոր սերնդին; Կային քիմիայի ուսուցչի, հոր ընկերոջ նման մարդիկ, որոնք, անկախ տարիքից և գուցե հենց տարիքի բերումով, փորձառու ընկեր են՝ մաքուր ձգտումներով, թեկուզև նաև չիրականացած երազներով: /Դժվար կյանքը և ժամանակը շատ բանի հնարավորություն չեն տվել/: Իսկ սերունդը, որին համեմատաբար շատ բան է տրված, մտածու՞մ է արդյոք այդ ամենից մարդավարի օգտվել: Ընդհանրապես ինչպե՞ս է ապրում յուրաքանչյուր մարդ:
                Եթե Արամի համար ցավալի է ուրիշի բացած ճանապարհով ընթանալը /թեև մի պահ փորձում է հաշտվել այն մտքի հետ, որ ուրիշի բացած դռնով մտնելով՝ իր ուղին ինքը կհարթի/, ապա շատերի համար հեշտն ու հաճելին են դառնում նպատակ ու երազ: Այդպես է մտածում դեկանին տուն հրավիրած հայրը՝ մտերմիկ բաժակի ուղեկցությամբ փորձելով հարթել որդու ճանապարհը՝ դարձնել ուսանող: Վ. Պետրոսյանը ցավով խոսք է բացում հասարակական այդ չարիքի մասին, որով խաթարվում են մարդկային և ազգային շատ գծեր. արժանիքներ չունենալով՝ առանձնանալ ուրիշներից, գրավել ուրիշի տեղը, դիմել կեղծիքի, կաշառքով «մութ տեղը լույս տալ»:
                Պատճառները ամեն տեսակ կեղծիքի:
                Այլ բան են ասում մարդիկ, այլ բան անում: Արամի հայրը դպրոցում ելույթի ժամանակ ամենալավ ուղին համարում է աշխատանքը, արտադրությունը: Իսկ ինքը... Արտադրություն գնացած Վահեին չեն ընդունում, չեն ընդառաջում, չեն տեսնում նրա ձգտումը, որոնումը; Ակնոցի տակից է նայում ղեկավարը նրան՝ հագուստով «ճանաչելով» ու չընդունելով նոր սերնդին:
                Այսօրվա հայացքով խիստ ու անհեթեթ /եթե ոչ անհնարին/ է թվում, որ Բելայի գրած «Սիրելի Վահե»-ով սկսվող նամակի համար Վահեն պախարակվում է, որոշում թողնել դպրոցը: Իհարկե, սերը պիտի ապրելու իրավունք ունենա, լինի գեղեցիկ ու ազատ, բայց սիրո մեջ պիտի ամոթխածություն լինի:
                Ահա Վահեի աշխարհի՝ գրողի ներկայացրածի միջոցով մեզ տեսանելի մասը. սիրում է Բելլային, աշխատանքի ժամանակ հոգ է տանում՝ թեթևացնելու նրա բեռը, դատում է աշխարհի ու մարդու մասին, և նրան անհեթեթ է թվում, որ ինքը չի լինելու, և առավել ևս, որ չի եղել: Սա մարդկային և հատկապես պատանեկան հագու անբռնանալի պոռթկումն է այն շրջապատի /հասարակության/ հանդեպ, որտեղ երկնքից ԱՍտված «չի նայում»: Այդ դատարկությունը սերը կարող է մեղմել, բայց ոչ լցնել:
                Անհաջողության մատնված և չհասկացված, երազող ու կյանքով լեցուն պատանու համար ոգևորությունն ու երազը դառնում են ցավալի ու անիմաստ: Պատանիների համար գիրքն ու կյանքը դառնում են հակադրություն, ինչպես երազն ու իրականությունը: Վահեին թվում է, որ ինքն արդեն ճանաչում է կյանքը, իսկ Արամը դեռ հավատում է գրքերին. «Այդ ամենը դարձավ հոգնած մի նախադասություն.
                _Ե՞րբ պիտի իջնես երկնքից»:
                Բայց Արամն էլ, նա էլ /Վահեն/ տեսնում են, որ երկնքից ոչ թե իջնել է պետք, այլ բարձրանալ, և բարձրանում են; Վահեի համար ամեն ինչ է հոր փաղաքուշ հայացքն ու լուռ իրեն հասկանալը, իրեն որպես ոչ միայն որդու, այլև ընկերոջ /հավասարի/ նայելը: Արամի համար հոր ընկերոջ՝ գրքային թվացող հերոսականությունը և անհասկանալի ու հեռավոր թվացող բանաստեղծական խոսքերը /«Մարդի՛կ, այս շենքերը, որ կառուցել եք, հերոսություն է»/ դառնում են զարմանալի սիրելի ու իրենը: Նրան օգնում է տարեց պատշարը. Արամը դնում է իր առաջին քարը:
                /շարունակելի/

                Comment


                • #9
                  Որպես հայ ուսուցիչ, գրականության ուսուցիչ՝ շարունակեմ իմ դասը՝ խոհերը՝ սպասելով Ձեր արձագանքին: Առայժմ թողնեմ իմ «շարունակելի» գրառումը, և միասին գնանք ուրիշ հեղինակների մտքերն ու զգացումները ընկալելու, ճանաչելու և արժևորելու:
                  Այս անգամ մեր հայացքն ուղղենք Ստեփան Զորյանի հուշերին:
                  Ինչպես է նա բանաստեղծական սեր ու խառնվածքով կանչում իր հուշերին, լուսավոր մաքրությամբ վերստեղծում հոգու ու սրտի խաղաղության բերկրալույս անկյուն, որտեղ կարոտն է տանտեր:

                  Ահա զորյանական մի նշխար.

                  «Ձեզ ո՞վ կանչեց, իմ հեռավո՛ր, իմ մոռացվա՛ծ հուշեր: Արդյոք ձյու՞նը բերեց ձեզ, այս երեկո՞ն խաղաղ, թե՞ օջախիս կրակը տարավ ինձ ետ՝ դեպ այն օրերը, երբ աշխարհը թվում էր մի գյուղ հասարակ, արևը՝ անտառի մեջ քնող մի մանուկ, իսկ կյանքը, կյանքը՝ պարզ ու մթին հանելուկ:
                  Է՜, բարի՛ գալուստ, չեմ վանի ես ձեզ: Սիրտս հոժար է նորից ու նորից ձեզ հետ լինելու, ձեր ուրախությունն ու տխրությունը ապրելու»:
                  Ստեփան Զորյան

                  https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D...80%D5%B8%D5%B2)

                  Comment


                  • #10
                    Ալիսիա Կիրակոսյան՝ բանաստեղծուհի, որի «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը սիրո, կարոտի ու հայրենաբաղձության հոգեղեն պոռթկում է, որի հայապատում շունչը հայերեն բառի է թարգմանել Վահագն Դավթյանը: Այս բանաստեղծության սահիկաշարով փորձել եմ առավել հարազատ, ընկալելի և բանաստեղծորեն տեսանելի դարձնել բանաստեղծուհու հոգու հայաշխարհը.
                    Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 22-05-22, 21:59.

                    Comment


                    • #11
                      Գրականությունը, ժողովրդի ոգին և ճշմարտությունը անբաժան են իրարից:
                      Վահագն Դավթյան բանաստեղծի հավատամքում ևս դրանք միասնական են ու հարատև, ինչպես ժողովրդիս ոգին:


                      «....Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների տեսքով:
                      Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպ մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:
                      Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է երևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրս:
                      Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու և խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը....
                      Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը.... առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է՝ լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին....»:
                      Վահագն Դավթյան

                      Comment


                      • #12
                        Մեզ ու մեր պոեզիան փորձենք տեսնել մեր ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովի գունաշող հայացքով: Զարմանալիորեն խոր ու հարազատ է նա ընկալում մեր ոգու տիեզերական թրթիռները:

                        «Հայաստանի պոեզիայի մեջ ես տեսա գեղեցկության մի այնպիսի ուրույն աշխարհ, նոր, մինչ այդ ինձ անհայտ, տիեզերական գեղեցկություն, որտեղ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր կերտվածքներ.... Հայ ժողովրդական պոեզիան պատկանում է ամենահիանալիների թվին այն բոլորի մեջ, որոնք ծանոջ են ինձ.... Միջնադարյան հայ քնարերգությունը մարդկային ոգու ամենահիանալի հաղթանակներից մեկն է, որպիսիք երբևէ ճանաչել է համայն աշխարհի տարեգրությունը.... Ծիածանի յոթ գույներով էլ շողշողացող բոլոր թանկարժեք քարերի փայլով վետվետացող, դաշտային ծաղիկների պես հոտավետ, որպես նրբագույն բույրեր, քնքուշ սիրո քաղցրահամ բառերը և հաղթանակող կրքի կիզիչ խոսքերն իմացող, միշտ համարձակ, ներդաշնակ....»:
                        Վալերի Բրյուսով

                        Comment


                        • #13
                          Գրականությունը, գրական վերլուծությունները , ցավոք, մեր օրերում մղվել են հետին պլան: Համենայնդեպս, ես կփորձեմ գնալ ու ձեզ էլ ինձ հետ տանել խոսքի ու լույսի այդ ոգեղեն աշխարհը:

                          Անդրադառնամ ժողովրդական բանահյուսությանը: Այն ժողովրդի ոգու անխորտակ լույսն է, ինքնության և արարումի առհավատչյան: Հավաքական իմաստության ու սիրո հավատավոր կնիքը, ինքնահաստատման ու կենսասիրության անխաբ վկան ու հոգու պատմությունը:
                          ժողովրդական բանահյուսությունը ունի ճանաչողական և գեղարվեստական արժեք: Այն ժողովրդի հոգեբանությունն է, աշխարհի, բնության, պատմական իրադարձությունների մասին խտացված, բյուրեղացած հայացք: Հեքիաթներում տեսլանում ենմեր երազանքները, ցանկություններն ու վեհագույն գաղափարները, առաքինությունները: Նրանց հատուկ են սեղմությունն ու պատկերավորությունը, խորհրդանիշներն ու չափազանցությունը, իմաստուն մտքերը:

                          Մեծ երախտավոր բանահավաք Արամ Ղանալանյանը գրում է.
                          «Ժողովրդական բանահյուսությունը գեղարվեստական յուրօրինակ մտածողություն է: Առասպելների, հեքիաթների, վեպերի, երգերի, առածների մեջ պատկերավորված է ժողովրդի ստեղծագործական վառ երևակայությունը, նրա խոսքի արվեստի անսպառ գանձերն իրենց գունագեղ արտահայտչականությամբ»:

                          http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1007
                          https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B8%D6%82%D5%B6
                          Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 13-05-22, 21:42.

                          Comment


                          • #14
                            Հեքիաթներում ամփոփված են ժողովրդի լավագույն իղձերը, հոգու և երազանքի անսպառ շտեմարան են նրանք: Մեր բանահավաքները գրի են առել ժողովրդական շատ ու շատ հեքիաթներ: Դրանց մի մասը դեռ ապրում է ժողովրդի հիշողության մեջ: Սակայն, ցավոք, գնալով մարում է այդ ինքնաբուխ դրսևորումը, և տատիկները կարդացած հեքիաթներ են միայն պատմում:

                            https://www.youtube.com/watch?v=-DKftsNQlWE
                            Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 14-05-22, 10:33.

                            Comment


                            • #15
                              Գրականությունը կյանքի ու մարդու խոր ճանաչողություն է, գեղարվեստական ճշմարտություն: Գրողները հոգու արդարության և ճշմարտության կրողներն են ու մունետիկը:
                              Ընթերցենք ու մեր սաներին փոխանցենք լեհ գրող Բրունո Յասենսկու խրատը.

                              «Չվախենաս թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ սպանել:
                              Չվախենաս բարեկամներից, ծայրահեղ դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել:
                              Վախեցի՛ր անտարբերներից. նրանք ո՛չ սպանում են, ո՛չ դավաճանում, սակայն միայն նրանց լուռ համաձայնության պայմաններում է, որ երկրի վրա դեռևս գոյություն ունեն և՛ դավաճանություն, և՛ սպանություն»:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information