Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հեռավար ուսուցում. դրական կողմերը, դժվարությունները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հեռավար ուսուցում. դրական կողմերը, դժվարությունները

    Ողջունում եմ բոլորին.
    Արդեն ավարտվել է ուսումնական տարին։ Գրառումներս անում եմ հիմա, փոքր ինչ ուշ՝ անցած ճանապարհը վերլուծելուց, վերագնահատելուց հետո։
    Ինչպես եւ ձեզանից շատերը, ես նույնպես անցա հեռավար ուսուցմամբ դասավանդման՝ չունենալով անհրաժեշտ փորձ։
    Փորձում եմ կանգ առնել ուսուցման այս ձեւաչափի դրական եւ բացասական կողմերի վրա։ Բոլորիս օգնության հասավ zoom հարթակը, որը բավականաչափ մատչելի էր օգտագործելու, կիրառելու առումով։ Քիմիայի դասաժամերի համար կարեւոր էր գրատախտակի առկայությունը, որը ոչ միայն կար եւ հարմար էր օգտվել տարբեր գունային նշիչներից (ինչպես ես, այնպես էլ աշակերտները), այլեւ գրատախտակին կարելի էր copy/pastes-ով դնել խնդիրների, վարժությունների, թեստերի նմուշներ, ստանալ սովորողներից անհատական պատասխաններ (արագ ավարտողները անմիջապես ճշտում էին պատասխանները, ստանում նոր առաջադրանք, իսկ սխալի դեպքում հնարավորություն ստանում շտկել դրանք) ապա դրանք քննարկել, տալ արագ հետադարձ կապ։ Սա նաեւ տարբերակված ուսուցման լայն հնարավորություն էր տալիս։
    Հետաքրքիր էր նաեւ այն, որ ընթացքում սովորեցի կիրառել համագործակցային ուսուցում՝ կազմակերպելով զույգով կամ խմբերով աշխատանք՝ օգտվելով սեսիոն դահլիճների հնարավորությունից։ Սա կարեւորում եմ, քանի որ դեմառդեմ ուսուցման ժամանակ համագործակցային ուսուցման տարրերը դարձել են մեր դասավանդման ամենօրյա ուղեկիցները։
    Հարթակը հնարավորություն էր տալիս կիսվել էկրանով, ցուցադրել տեսափորձեր, շնորհանդեսներ, որոնք կազմված էին իմ, աշակերտների կողմից, ինչպես նաեւ շատ արագ օգտվել համացանցում տեղադրված հետաքրքիր նյութերից, կիրառել ktak.am տեղադրված ինտերակտիվ ուսուցման գործիքներ՝ տեսական նյութի բացատրություն, վիրտուալ լաբորատորիա, թեստային աշխատանքի կազմակերպում։ Միգուցե հարց առաջանա. չկա՞ր այս ամենը դեմառդեմ ուսուցման ժամանակ։ Իհարկե կար, եւ կիրառվում էր, բայց պետք է նշեմ, որ հեռավար ուսուցման ընթացքում այս ամենի կիրառումը շատ ավելի արագ ու արդյունավետ էր ստացվում. ամեն ինչ ավելի ճկուն էր, մեծ հնարավորություն կար արագորեն կողմնորոշվել եւ օգտվել նյութերի բազմազանությունից եւ տեխնիկական հարցերի լուծման համար ժամանակի կորուստը նվազագույն էր։ Այս ամենը հնարավորություն էր տալիս աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը կենտրոնացած, լարված պահել ամբողջ դասաժամին։ Պետք է նշել, որ այս ամենը գերազանց էր ստացվում խորացված ուսուցմամբ հոսքային դասարաններում։ Դա բացատրելի է, քանի որ աշակերտները խիստ մոտիվացված են, անգամ րոպե կորցնել չէին ուզում։ Ոչ հոսքային դասարաններում պատկերն այլ էր. սովորողներն ավելի շատ պասիվ դիտորդների դերում էին, դժվար էին ընդգրկվում ակտիվ ուսումնառության գործընթացում։
    Հեռավար ընթացքում կիրառում էի նաեւ quizzes գործիքը, որը՝ կարդալով գործընկերներիս բազմաթիվ գրառումները, շատերի կողմից կիրառվեց եւ կարծես հիմնականում գոհ են դրա արդյունավետությունից։
    Այս ժամանակահատվածը կառանձնացնեմ նաեւ որպես անհատական
    զարգացման, ինքնուրույն ուսումնառության, ՏՀՏ միջոցներից օգտվելո հմտությունների կատարելագործվելու շրջան։ Հենց այս ընթացքում սովորեցի google forms հարթակի միջոցով կազմել տարբեր բնույթի հայտորոշիչ, ստուգողական ամփոփիչ թեստեր, դրանք իրագործել դասերի, թեմաների տարբեր փուլերում։ Սա դարձավ ինձ համար անփոխարինելի գործիք, որը հնարավորություն էր տալիս աղյուսակների, դիագրամների միջոցով վերլուծել սովորողների աշխատանքների արդյունքները եւ' անհատական, եւ' ամբողջ դասարանի մակարդակով։
    Գիտեմ, որ բազմաթիվ են նման գործիքները, հնարավորությունները։ Կարելի է ասել, գրեթե ամեն օր որեւէ նոր գործիքի, հարթակի մասին տեղեկատվություն ենք ստանում։ Փորձելու եմ սովորել նաեւ այլ հարթակներից եւ գործիքներից օգտվել։ Շատ կցանկանայի, որ իմ գործընկերները նույնպես կիսվեն իրենց մտքերով այս թեմայի շուրջ. ի՞նչ հաջողություններ ունեիք հեռավար ուսուցման ժամանակահատվածում, ի՞նչպես կարելի է հաղթահարել ստեղծված դժվարությունները։ Ընդհանուր քննարկումները, գործընկերների համագործակցությունը, հավանաբար, կտան շատ հարցերի պատասխաններ։ Կարեւորում եմ այս հարցերը, քանի որ ենթադրում եմ, որ ապագայում հեռավար ուսուցումը իր կայուն, ուրույն տեղն ունենալու է կրթության բնագավառում։

    Ալիսա Հարությունյան, քիմիայի ուսուցիչ
    Կապանի N2 ավագ դպրոց

Working...
X

Debug Information