Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական կոնֆերանսը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական կոնֆերանսը

    1920 թվականի ապրիլին տեղի ունեցավ Սան-Ռեմոյի կոնֆերանսը, որի ժամանակ դաշնակիցները մշակեցին Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը։ 1920 թվականի օգոստոսի 10-ին սուլթանական կառավարությունն ստիպված էր Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և մյուս տերությունների հետ ստորագրել Սևրի դաշնագիրը, որով «Արևելյան Թրակիան Ադրիանապոլսի հետ միասին, ինչպես նաև Իզմիրի շրջանը անցնում էին Հունաստանին, Մոսուլը՝ Ֆրանսիային և այլն։ Նեղուցները տրվում էին միջազգային հանձնաժողովի կառավարմանը՝ համարվելով բաց բոլոր երկրների առևտրական և ռազմական նավերի համար, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ» ։
    Նման պայմաններում Թուրքիայի համար միջազգային ասպարեզում լրիվ մեկուսանալը ձեռնտու չէր, ուստի Խորհրդային Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատաումը ժամանակի հրամայականն էր նրա համար։ Թուրքական պատմագիտության մեջ այս հարցի լուսաբանման հետ կապված մեկնաբանություն ունի Ռ․ Սահակյանը․ «Սովետները տեսան, թե ինչպիսի օգուտ կարող են ստանալ Թուրքիայի հետ համագործակցելուց։ Հարավում բարեկամական Թուրքիայի առկայությունը կուժեղացներ սովետների հարավային թևը» ։
    1921 թվականի սկզբներին Խորհրդային Ռուսաստանը հիմնականում ավարտել էր հակահեղափոխականների ջախջախումը և քաղաքացիական պատերազմները։ Ռուսաստանը դուրս էր եկել միջազգային ասպարեզ, իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս նշյալ ժամանակաշրջանում, ինչպես վերևում նշվեց, գրեթե միջազգային մեկուսացման մեջ էր, ուստի Խոհրդային Ռուսաստանի հետ մերձեցումը բարենպաստ էր նրա համար։
    Մոսկվայի կոնֆերանսի գումարումը ոչ միայն սովետա-թուրքական հարաբերությունների, այլև ժամանակի միջազգային կյանքի առավել նշանակալից իրադարձություններից մեկն էր։ Արդեն 1920 թվականի դեկտեմբերին, երբ կողմերի միջև ձեռք բերվեց սկզբունքային համաձայնություն, պարզվեց, որ կոնֆերանսի գումարման ճանապարհին դեռևս դժվարություններ կան։ Նախ դա կապված էր քեմալականների՝ Հայաստանից կատարված տարածքային նվաճումների օրինականացման հետ (դրա ձգտման), ապա նաև նրանց՝ դեպի Անտանտ հակվելու, որը տեղի կունենար միայն Թուրքիային հակախորհրդային բլոկի մեջ ներքաշելու հաշվին։ Այն բանից հետո, երբ Գ․ Վ․ Չիչերինը Անկարայի կառավարությանը հայտնում է, որ անհրաժեշտ է համարում Հայկական և Ադրբեջանական սովետական կառավարությունների մասնակցությունը կոնֆերանսին, որովհետև պիտի լուծվեին տարածքային և մի շարք այլ խնդիրներ Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, թուրքական կառավարությանն անմիջապես հետաքրքրեց Ռուսաստանի դիրքորոշումը ապագա կոնֆերանսում հայկական հարցի հետ կապված։ Այս մասին հարցումը կատարվում է 1920 թվականի դեկտեմբերի 15-ին Գ․ Չիչերինին հղած հեռագրում, որի մեջ՝ վերջին մասերում, ինչպես նշում է Է․ Զոհրաբյանը, թուրքական կողմը հայտնում է, թե իրենց լուրեր են հասել, որ Հայաստանում կարգերի փոփոխման հետևանքով Ռուսաստանը ցանկանում է վերանայել Ալեքսանդրապոլի պայմանագիրն ու հայկական կողմին վերադարձնել «թուրքական բնակչություն ունեցող տարածքները» ։ Գ․ Չիչերինի պատասխանը, սակայն, նրանց չի բավարարում։
    1920 թվականի դեկտեմբերի 14-ին Անկարայից դուրս է գալիս թուրքական պատվիրակությունն ու արագ երթով Մոսկվա ուղևորվելու փոխարեն 1921 թվականի հունվարի 15-ին հասնում է Կարս և բանակցություններ սկսում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բուդո Մդիվանու հետ։ Ալի Ֆուադ փաշայի վկայությամբ՝ թուրքական կողմին երկու հարց էր հետաքրքրում․
    1․Հայաստանի խորհրդայնացումից հետո արևելյան սահմանների որոշման հարցում կճանաչվի՞ արդյոք «Ազգային ուխտով» գծված սահմանները։
    2․Համաձայնության դեպքում պայմանագիր կկնքվի՞ ։
    Նշվածից պարզ է, որ առաձին պլանում հայկական հողերի հարցն է, որը թուրքերին անհանգստացնող հիմնական հարցն էր։ Այս մասին հաստատվում է Ա․ Մուհթարի՝ Գ․ Չիչերինին 1921 թվականի հունվարի 30-ի նոտայում կապված Բ․ Մդիվանու հետ ձեռք բերված նախնական համաձայնության հաջողության հետ։ Սրանում նշվում էր, որ Հայաստանին տարածքային զիջումներ կատարելու մասին խոսք անգամ լինել չի կարող, և որ մոսկովյան բանակցություններին այլևս ոչինչ չի «խանգարում», այսինքն՝ ասվածը հայկական սահմանների մասին էր։ Սակայն այս անգամ ևս թուրքական դիվանագիտությունը երկու լարի վրա էր խաղում։ Խորհրդային Ռուսաստանին տրված «բարեկամության», «եղբայրության», «ընդհանուր թշնամու դեմ պայքարի» կոչերը չէին խանգարում Թուրքիային միաժամանակ խաղ սկսել Անտանտի բանակին անդամագրվելուբ համար՝ նրա կողմից իր պահանջների բավարարման պարագայում, և «հաջողության ասպարեզը Լոնդոն տանող ուղու վրա էր» ։ «Երկու լարի վրա ցատկելը թուրքական դիվանագիտության ավանդական տակտիկան էր» ։ Ասվածի ապացույցն այն էր, որ 1921 թվականի հունվարի 23-ին, երբ Կարսում բանակցություններ էին ընթանում Բ․ Մդիվանու հետ, Ալի Ֆուադ փաշան զրույցի ժամանակ իտալացի Բոդրերոին հայտնում է, որ ինքը կգերադասեր համաձայնության գալ ոչ թե Մոսկվայի, այլ Անտանտի հետ, քանի որ վերջինս կպաշտպանի Թուրքիայի պահանջները Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ։Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Բեքիր Սամի Բեյը։ Կարելի է ասել՝ այդ նպատակով թուրքական կողմը փորձեց օգտագործել նաև Մոսկվայի բանակցությունները, քանի որ մարտի 10-ին խորհրդա-թուրքական սահմաններ շուրջ համաձայնության գալուց հետո թուրքական պատվիրակությունը Չիչերինին խնդրում է այդ մասին առայժմ չհայտնել Անկարային, այլ հայտնել Եվրոպա։ Սա արվում էր Լոնդոնի կոնֆերանսի վրա ներազդելու համար։ Նշենք, որ քեմալական կառավարող շրջանների համաձայնողական տրամադրություններին մեծապես նպաստեց Անտանտի երկրների կողմից քեմալական շարժումը բոլշևիկների դեմ ուղղելու քաղաքականության ձգտումը։ Նպաստավոր էր նաև մեկ այլ հանգամանք․ «կեղծ կոմկուսի միջոցով քեմալականները քայքայում էին Թուրքիայի նորաստեղծ մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության բջիջները, հետապնդում դրանցում ներգրավված անձանց, զրպարտում Մուստաֆա Սուբհիին և նրա զինակիցներին՝ ձգտելով աշխատավոր մասսաների մոտ վարկաբեկել բոլշևիզմի գաղափարները, շարժումը լիովին ենթարկել իրենց վերահսկողությանը» ։ Այդ ուղղությամբ թուրքերի առաջին փորձը ձախողվեց, բայց դա չխանգարեց Անտանտին որի համար նպաստավոր էր Թուրքիայի՝ օրեցօր աճող ձգտումները։ Անկասկած է, որ իրենց հակախորհրդային քաղաքականության մեջ Անգլիան և Ֆրանսիան միասնական էին, սակայն սրանով հանդերձ յուրաքանչյուրը փորձում էր իրագործել սեփական նպատակները և հատկապես ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Սակայն ժամանակը սկսեց աշխատել հակառակ ուղղությամբ։ Մոսկովյան կոնֆերանսի հեռանկարը անհանգստություն առաջացրեց բրիտանական կառավարող շրջանակներում։ Այժմ արդեն Լ․ Ջորջը, որ ամենուրեք հայտարարում էր, թե «ռուս-թուրքական դաշինքի խզումը ժամանակի հարց է», տեղի տվեց Սևրի պայմանագիրը վերանայելու Ֆրանսիայի և Իտալիայի համառ պահանջներին։ 1921 թվականի հունվարի 24-29ը Փարիզի կոնֆերանսում լորդ Քերզոնը Բրիանին և Սֆորցային տեղեկացրեց, որ Անգլիան համաձայն է փետրվարին կոնֆերանս գումարել Լոնդոնում՝ հրավիրելով նաև Հունաստանի և թուրքական երկու կառավարությունների ներկայացուցիչներին։ «Հենց այս կապակցությամբ 1921 թվականի փետրվար-մարտին տեղիունեցավ Լոնդոնի կոնֆերանսը, որին մասնակցում էին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Գերմանիայի և Թուրքիայի ներկայացուցիչները» ։ Չնայած սովետա-թուրքական դաշինքի կանխան համար հրավիրված կոնֆերանսին՝ այնուամենայնիվ անգլիական կառավարությունը մտադիր չէր «խռովարար գեներալին» (խոսքը Մուստաֆա Քեմալի մասին է) էական զիջումներ կատարել։ 1921 թվականի փետրվարի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարության՝ անգլիական կառավարությանն ուղղված նոտայում նշվում է․«Մեծ Բրիտանիան ձգտում է, թեև առանց հաջողության, խանգարել բարեկամական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև և թուրքական ազգային շարժումն ուղղել սովետական հանրապետություններին թշնամական ուղու վրա» ։
    Ինչպես նշում է Վ․ Արզումանյանը, Թուրքիան Լոնդոնի կոնֆերանս ուղարկեց երկու պատվիրակություն (իհարկե Անտանտի գերագույն խորհրդի համաձայնությամբ)․առաջինը՝ Կոստանդնուպոլսի սուլթանական կառավարությունից, երկրորդը՝ Անկարայի կառավարությունից, որը գլխավորում էր արտաքին գործերի մինիստր Բեքիր Սամի Բեյը։ Առաջին պատվիրակության ղեկավարն էր մեծ վեզիր Թևֆիկ փաշան, որն էլ շուտով ճանաչեց, որ Անկարայի պատվիրակությունը հանդես գա ամբողջ Թուրքիայի անունից ։ Լ․Ջորջը զրույց է ունենումն թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամի Բեյի հետ, որը նախքան դա եղել էր Մոսկվայում։ Տալով նրան մի քանի հարց Խորհրդային Ռուսաստանի մասին՝ Լ․ Ջորջը զրույցի վերջում ուղղակի նրան առաջարկում է Թուրքիայի հովանավորության տակ վերցնել Անդրկովկասը՝ Բաքվի նավթաղբյուրների հետ միասին ։ Ու թեև քեմալականների և իմպերիալիստների կողմից քիչ ջանքեր չգործադրվեցին, այնուամենայնիվ Լոնդոնի կոնֆերանսը ավարտվեց անհաջողությամբ։ Որքան էլ տարօրինակ է, Թուրքիան հակախորհրդային բլոկի մեջ ներքաշելու ուղղությամբ առանձնապես մեծ աշխատանք կատարեց քեմալական պատվիրակությունը և հատկապես՝ Բեքիր Սամի Բեյը, որը նախ անդկուլիսյան բանակցությունների արդյունքում համաձայնության գալով Ֆրանսիայի և Իտալիայի հետ՝ պայմանագրեր կնքեց նրանց հետ՝ անելով մի շարք տնտեսական զիջումներ։ Բեքիր Սամի Բեյը նաև ծրագիր ուներ բոլշևիզմի դեմ պայքարելու համար Թուրքիայի գլխավորությամբ ստեղծել կովկասյան ֆեդերացիա, որը, սակայն, ձախողվեց ։
    Ինչպես արդեն նշվեց, Կարսում Մոսկվայի բանակցությունների շուրջ ձեռք բերվեց համաձայնություն ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ․ Մդիվանու հետ բանակցությունների ժամանակ, և թվում էր, թե այլևս որևէ խանգարող հանգամանք չկա։ Հայ կոմունիստները մտածում էին, թե հասել է ժամանակը թուրք-հայկական հարաբերությունները վերջնականապես կարգավորելու համար, ուստի, պատրաստվելով մասնակցել կոնֆերանսի աշխատանքներին, «Հայհեղկոմը և ՀԿԿ Կենտկոմը 1920 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում քննում են այդ հարցը և որոշում պատվիրակության կազմը» ։ Պատվիրակությունը պիտի մեկներ Մոսկվա երկու վագոնով, որոնցից մեկը մարդատար, մյուսը՝ բեռնատար։ Պատվիրակությունը ղեկավարելու էր Ալեքսանդր Բեկզադյանը, անդամներն էին Գաբրիել Տեր-Օհանովը, Պետրոս Բեկզադյանը, Արամ Տեր-Մկրտչյանը, ևս յոթ հոգի, պատվիրակության քարտուղարն էր Վահագ Մուրադյանը։ Թուրքական պատվիրակությունը ղեկավարում էր Յուսուֆ Քեմալը, անդամները՝ Ռիզա Նուրին և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադ փաշան։ Խորհրդային Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարում էր Բեհբութ Շահթահթինսկին։ Բայց ինչպես հայտնի է, ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությունը Թուրքիայի շահերից չէր բխում, ուստի նախատեսված քառակողմ՝ ռուս-թուրք-հայ-ադրբեջանական կոնֆերանսը վերածվեց երկկողմ՝ ռուս-թուրքական կոնֆերանսի, հետևաբար Անդրկովկասյան հանրապետությունները չմասնակցեցին կոնֆերանսին։ Ճիշտ է՝ այդ հարցը քննարկվել է Չիչերինի և թուրք պատվիրակության միջև փետրվարի 21-26ը տեղի ունեցած ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ, ուստի դրա մասին որևէ պաշտոնական փաստաթուղթ չի պահպանվել, այնուամենայնիվ այդ մասին քննարկման ժամանակ թուրքական կողմը պատճառաբանել է, թե միացյալ կոնֆերանսին մասնակցելու համար լիազորություններ չկան։
    1921 թվականի մարտի 12-ի նիստում Չիչերինը կշտամբել է թուրքական կողմին միացյալ կոնֆերանսը ձախողելու համար։ Թուրքական կողմը իր քայլը բացատրել է, թե ինքը նշյալ հանրապետությունների հետ բոլոր հարցերի շուրջ համաձայնության կգա որպես անկախ պետություններ։ Թուրքական կողմը նաև ձգտում էր սահմանափակել Խորհրդային Ռուսաստանի կողմից Անդրկովկասյան հանրապետություններին տրվելիք օգնությունը՝ «հետագա բանակցություններում» թելադրողի դերում հանդես գալու նպատակով։ Բացի այն փաստը, որ թուրքական կառավարությունը դեմ դուրս եկավ խորհրդաժողովին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանն, այլև պահանջեց, որ «Ռուսաստանի արտգործժողկոմատի անդամ, հայազգի Լևոն Կարախանը չմասնակցի խորհրդաժողովի աշխատանքներին» ։ 1921 թվականի ռուս-թուրքական բանակցություններում, ինչպես նշում է Վ․ Պարսամյանը, թուրքական պատվիրակությունը հայտարարում է, թե ինքը Հայաստանի ներկայացուցիչ ճանաչում է ոչ թե Հեղկոմի, այլ «Հայրենիքի փրկության կոմիտեի» ներկայացուցչին ։ Սա հասկանալի է, քանի որ փետրվարի 18-ին դաշնակցականներն իրականացրել էին ապստամբություն՝ ուղղված Հեղկոմի ազգակործան քաղաքականության, մասսայական ռեպրեսիաների դեմ, որոնք, սակայն, դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով Հեղկոմն իրավունք չուներ իրականացելու, քանի որ պարտավորություն էր ստանձնել ռեպրեսիաներ չիրականացնել դաշնակցական քաղաքական և ռազմական վերնախավի նկատմամբ ։ Իսկ «Փրկության կոմիտեն», քանի որ չէր դնում Ալեքսանդրապոլի պայմանագրի վերացման հարցը (չնայած այդ պայմանագիրն իրավական ուժ չուներ, քանի որ կնքվել էր լիազորություններից զրկված կառավարության կողմից, բայց ձեռնտու էր թուրքերին), հավանաբար թուրքերի կողմից նման հայտարարության ակունքը հենց դա է։ Թուրքական կողմի քաղաքականությունն Անդրկովկասի նկատմամբ Է․ Զոհրաբյանի մոտ բնութագրվում է որպես սեպարատ պայմանագրերի քաղաքականություն, քանի որ, ինչպես նշում էհեղինակը, միացյալ կոնֆերանսը Թուրքիային ոչ մի լավ բան չէր խոստանում, ուստի պետք էր կանխել միացյալ կոնֆերանսի գումարումը ։ Նույն հեղինակի հաղորդմամբ՝ Մոսկվա ուղևորվող Յ․ Քեմալի պատվիրակությունը փորձեց դրա համար օգտագործել կրոնակից Ադրբեջանը՝ Բաքվում փորձելով սեպարատ բանակցություններ սկսել, սակայն նրա հաշվարկները սխալ դուրս եկան, քանի որ Ադրբեջանն այլևս նախկին Ադրբեջանը չէր և ոչ էլ Անդրկովկասն էր նախկին Անդրկովկասը ։ Սրան գումարվեց նաև այն, որ «Անդրկովկովկասի հանրապետություններում արդեն հաղթանակել էին սովետական կարգերը և նրանց թիկունքում կանգնած էր Ռուսաստանի Սովետական Հանրապետությունը» ։
    Անդրադառնալով բուն բանակցություններին և Մոսկվայի կոնֆերանսին՝ նշենք, որ «թուրքական պատվիրակությունը Մոսկվա ժամանեց 1921 թվականի փետրվարի 18-ին» ։ Ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն իր աշխատանքներն սկսեց 1921 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայում։ «1921 թվականի փետրվարի 26-ին սկսված ռուս-թուրքական կոնֆերանսում Խորհրդային Ռուսաստանը ներկայացնում էին Գեորգի Չիչերինն ու Ջելալ-Էդդին Կորկմասովը, իսկ Թուրքիան՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուրի Բեյը և Ալի Ֆուադը» ։ Կոնֆերանսը քննարկեց մի շարք հարցեր, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի շահերը շոշափող, որին և անդրադարձ կկատարենք կուրսային աշխատանքի մեջ։
    Սահմանային հարցերի լուծմանը հանձնաժողովն անդրադարձավ մարտի 10-ի լիակազմ նիստում, որը նախագահում էր Յուսուֆ Քեմալ Բեյը ։
    «Հայաստանի սահմանների վերաբերյալ Գ․ Չիչերինը հայտարարեց, թե Հայաստանին մնում են Աղբաբայի և Ղըզլ-Դաղի լեռները, ինչպես նաև Ալեքսանդրապոլի հաշտությամբ Հայաստանին թողնված տարածքը։ Չիչերինը խոստացել էր թուրքերին, որ ռուսական կառավարությունը չի պնդի, որպեսզի Հայաստանի սահմաններն անցնեն Արփաչայից արևելք և Արաքսից հարավ։
    Ալեքսանդրապոլ-Նախիջևան երկաթգծի պաշտպանությունն ապահովելու նպատակով ռուսական կողմը «խնդրում» էր Թուրքիային հայ-թուրքական սահմանի երկայնքով 8 կիլոմետրանոց լայնության շերտով զորքեր չպահել և ամրություններ չկառուցել։ Յուսուֆ Քեմալը համաձայնեց դրան՝ համարելով մեծ զիջում, քանի որ այդ շերտը ձգվում էր 80-100 կմ երկարությամբ։
    Թուրքերի համար հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում Նախիջևանի հարցը։ Նրանք առաջարկեցին քննարկել Նախիջևանի ինքնավարության հարցը՝ Ադրբեջանի հովանավորության տակ։
    Խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքական փաստաթղթերում միանշանակ ընդունվում էր, որ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն է։ Սակայն վիճակը բարդանում էր նրանով, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով այն զիջվել էր Թուրքիային։
    Կոնֆերանսում քննարկվեց նաև Ախալքալաքի և Ախալցխայի հարցը։ Խորհրդային կառավարության պահանջով Վրաստանի խորհրդայնացումից հետո (1921 թվականի փետրվարի 25) թուրքական զորքերը դուրս բերվեցին այնտեղից» ։ «Թուրքական կառավարությունը ցանկանում էր իր ձեռքում պահել Բաթումի և Կարսի մարզերը, Ախալքալաքի և Ախալցխայի շրջանները, Սուրմալուի գավառը, պահանջում էր մեծ քանակությամբ ոսկի և այլն» ։
    Բանակցությունների ավարտից և պայմանագրի կնքումից հետո, սակայն, թուրքական զորքերը չէին շտապում դուրս գալ Ալեքսանդրապոլի գավառից, և «Ռուսաստանը մի քանի անգամ պահանջեց ազատել այդ տարածքը, զգուշացնելով, որ եթե նոր պատերազմ ծագի Թուրքիայի և Խորհրդային Հայաստանի միջև, ապա այդ պատերազմը «կնշանակի պատերազմ Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի»» ։ Այստեղից թուրքական զորքերը դուրս եկան միայն 1921 թվականի ապրիլի 22-ին։
    Ընդհանրացնելով ասվածը՝ նշենք, որ նախապես ծրագրված քառակողմ բանակցությունները վերածվեցին երկկողմ՝ ռուս-թուրքական բանակցությունների, և կոնֆերանսի հիմնական հարցերը վերաբերում էին հայ ժողովրդի և Հայաստանի արմատական շահերին:

  • #2
    Բարև Ձեզ խնդրում եմ արձագանքեք

    Comment


    • #3
      1921թ. մարտի 16-ին Խորհրդային Ռւոսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, ըստ որի հայ-թուրքական սահմանն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերի հունով: Թուրքիային անցան Կարսի մարզը և Սուրմալուի գավառը: Նախիջևանը հայտարարվեց ինքնավար հանրապետություն ադրբեջանի հովանավորությա ներքո, որը չէր զիջվելու որևէ երրորդ պետության, այսինքն` Հայաստանին: Ինչպես Մոսկվայի և Կարսի, նմանապես նաև Լեռնային Ղարաբաղի հարցում երևաց Խորհրդային իշխանության կողմից Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը, որը ճակատագրական եղավ մեզ համար...

      Comment


      • #4
        Բավականին ակտուալ և հետաքրքիր թեմա է, որը հիմա , ներկայիս ժամանակներում շատ է քննարկվում:

        Comment


        • #5
          Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ մեր աշակերտները հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները երբեք լուծում չստացան, քանի որ հայ ժողովրդի համար Ռուսաստանը հուսալի դաշնակից չի եղել, իսկ Թուրքիան երբեք Ադրբեջանին մենակ չի թողել:

          Comment


          • #6
            Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ մեր աշակերտները հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները երբեք լուծում չստացան, քանի որ հայ ժողովրդի համար Ռուսաստանը հուսալի դաշնակից չի եղել, իսկ Թուրքիան երբեք Ադրբեջանին մենակ չի թողել:
            Ռուս-թուրքական պայմանագրով մասնատվում էր Հայաստանը: Թուրքիան իր նպատակին հասավ, քանի որ Ստալինը և Մոսկվայի իշխանավորները համոզված էին, որ պետք է գոհացում տալ Թուրքիայի պահանջներին, կարևոր էր շահել Թուրքիայի բարեկամությունը և պատահական չի, որ պայմանագրը կոչվում է ռուս-թուրքական բարեկամության դաշինք:

            Comment

            Sorry, you are not authorized to view this page
            Working...
            X