Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դիդակտիկ խաղերը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դիդակտիկ խաղերը մաթեմատիկայի դասերին

    Դիդակտիկ խաղերը և դրանց կիրառման արդյունավետությունը մաթեմատիկայի դասերին

    Կրթական գործընթացում ուսուցման մեթոդների բազմազանությունը նպատակ է հետապնդում սովորողներին առավելագույնս հասանելի դարձնել մատուցվող նյութը: Ներկայացվող թեման մաթեմատիկայի դասաժամերին կիրառվող դիդակտիկ խաղերի մասին է, որոնցում հաշվի են առնված նաև սովորողների տարիքային առանձնահատկությունները: Ֆորումում կներկայացվի «դիդակտիկ խաղ» հասկացությունը, դիդակտիկ խաղերի դասակարգումը և դրանց կիրառման անհրաժեշտությունը մաթեմատիկայի դասավանդման գործընթացում:

    Ակնկալում են ակտիվ քննարկում:
    Վերջին խմբագրողը՝ Գոհար Բոդոյան; 19-11-18, 13:39.

  • #2
    մաթեմատիկայի դասերին դիդակտիկ խաղերի դերն ու նշանակությունը

    Այսօր, ցավոք, սովորողների մեծ մասի մոտ նկատվում է մաթեմատիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության բավականին ցածր մակարդակ կամ իսպառ բացակայություն: Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք, ուսուցիչներս, միշտ չէ, որ կարողանում ենք սովորողների մոտ հետաքրքրություն առաջացնել առարկայի ու դրա ուսուցման նկատմամբ: Մյուս կողմից էլ, սովորելու առումով խնդիր կա մաթեմատիկան հասկանալու, իսկ բացասական վերաբերմունքն առարկայի նկատմամբ սկսվում է հենց չհասկանալուց: Նման իրավիճակում մաթեմատիկական խաղերն օգնում են ամրապնդել և ընդլայնել դպրոցական ծրագրով նախատեսված գիտելիքները, կարողությունները և հմտությունները: Խորհուրդ է տրվում դրանք կիրառել արտադասարանական պարապմունքների և միջոցառումների ժամանակ: Դիդակտիկ խաղերը հաջողությամբ միմյանց են կապում խաղային և ճանաչողական հետաքրքրությունները, և այդպիսի խաղային գործունեության ընթացքում աստիճանաբար տեղի է ունենում խաղի նկատմամբ հետաքրքրությունից անցում ուսման նկատմամբ հետաքրքրության: Այս անցումն ապահովելու համար ուսուցիչը դասավանդման ընթացքում պետք է փորձի լուծել սովորողի մոտ առավել շատ հանդիպող հետևյալ հիմնախնդիրներ.
    • թվային հաշվարկների դանդաղ կատարումը (գրավոր և բանավոր).
    • հաշվարկներում պարզագույն սխալներ թույլ տալը.
    • բանաձևերից օգտվել չկարողանալը.
    • արտահայտությունների արժեքները չգտնելը.
    • հաշվարկման ռացիոնալ մեթոդներ չկիրառելը.
    • ձեռք բերած գիտելիքները, հմտությունները գործնականում և առօրյա կյանքում կիրառել չկարողանալը.
    • խնդրի լուծման ընթացքը բացատրել չկարողանալը և այլն:

    Comment


    • #3
      Ինչպես հաղթահարել նշված դժվարությունները:

      Որպեսզի հաղթահարվեն նշված դժվարությունները, անհրաժեշտ է օգտագործել ճանաչողական գործունեության տարբեր ձևեր և մեթոդներ՝ դիդակտիկ խաղեր, խաղ իրավիճակներ, մաթեմատիկական խաղեր, որոնք շատ լավ համադրվում են ուսուցման գործընթացի հետ՝ միաժամանակ իրականացնելով մի շարք գործառույթներ.
      1. Մաթեմատիկական խաղերի ընթացքում միաժամանակ տեղի է ունենում խաղային, ուսուցանող և աշխատանքային գործունեություն: Իրոք, խաղը մոտեցնում է այն, ինչը կյանքում համադրելի չէ և տրոհում է այն, ինչ միասնական է:
      2. Մաթեմատիկական խաղը սովորողից պահանջում է առարկայի իմացություն, քանի որ, չկարողանալով խնդիր լուծել, կռահել կամ բացատրել այն, նա չի կարող մասնակցել խաղին:
      3. Խաղի մասնակիցը սովորում է՝
      • պլանավորել իր աշխատանքը.
      • գնահատել արդյունքները.
      • ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի.
      • ընտրել և օգտագործել անհրաժեշտ նյութը:
      4. Խաղի ընթացքում ի հայտ են գալիս սովորողի պատրաստվածության աստիճանը և իմացությունը: Այն նպաստում է սովորողի ինքնակատարելագործմանը, արթնացնում է գիտակցական ակտիվություն և հետաքրքրություն առարկայի նկատմամբ:
      5. Խաղի ընթացքում նրանք ոչ միայն տեղեկատվություն են ստանում, այլև կարողանում են ճիշտ օգտագործել ձեռք բերված տեղեկատվությունը:
      6. Խաղերը ամրապնդում են ուսուցման գործընթացը և ստեղծում բարենպաստ մթնոլորտ:
      Այսպիսով, կարող ենք նշել, որ տարաբնույթ խաղերի կիրառման հիմնական նպատակներն են՝
      • մտածողության զարգացումը.
      • տեսական գիտելիքների խորացումը.
      • հետաքրքրությունների խթանումը.
      • հասակակիցների հետ շփումը.
      • համագործակցությունը.
      • համատեղ աշխատանքը.
      • նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը.
      • համապատասխան ինքնագնահատականի ձևավորումը.
      • կամքի ուժի մշակումը.
      • գիտելիքների կառավարումը.
      • մտահորիզոնի ընդլայնումը.
      • սովորողների ներգրավվածությունն ուսուցման գործընթացում.
      • սովորողների ուշադրության կենտրոնացում,
      • կրթության նկատմամբ մոտիվացիան և այլն:

      Comment


      • #4
        Ի՞նչ խնդիրներ կարող են լուծել դիդակտիկ խաղերի կիրառումը:

        Դիդակտիկ խաղերի կիրառումն ի զորու է լուծելու հետևյալ խնդիրները.
        1. Կրթական՝
        • օգնում են սովորողների կողմից ուսումնական նյութի ամրապնդմանը.
        • օգնում են ընդլայնել սովորողների մտահորիզոնը:
        2. Զարգացնող՝
        • զարգացնում են ստեղծագործական մտածողությունը.
        • նպաստում են կարողությունների և հմտությունների գործնական կիրառմանը.
        • զարգացնում են երևակայությունը, ստեղծագործական կարողությունները և այլն:
        3. Դաստիարակչական՝
        • նպաստում են ինքնակառավարմանն ու ինքնազարգացմանը.
        • դաստիարակում են բարոյական հայացքներ և համոզմունքներ.
        • նպաստում են ինքնուրույնության և կամքի դաստիարակությանը:

        Comment


        • #5
          Ինչպիսի՞ն պետք է լինեն դիդակտիկ խաղերը:

          Խաղերի կիրառման վերաբերյալ ժամանակակից մանկավարժական գրականության ուսումնասիրությունը թույլ է տալիս ձևակերպել հետևյալ պահանջները, որոնք ուսուցիչը պետք է հաշվի առնի մաթեմատիկայի դասերին դիդակտիկ խաղեր կազմակերպելիս.
          1. խաղը չպետք է սովորողին շեղի ուսուցանվող թեմայից: Խաղի ձևն ընտրելիս պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր է ուզում լուծել ուսուցիչը՝ կիրառելով այն: Խաղի բովանդակության մաթեմատիկական կողմը միշտ պետք է լինի առաջին տեղում: Միայն այդ դեպքում խաղը կկատարի իր դերը.
          2. խաղը պետք է մասնակիցների մոտ դրական ազդեցություն թողնի, անկախ հաղթելու կամ պարտվելու հանգամանքից.
          3. խաղը պետք է կազմակերպել և ուղղորդել՝ ապահովելով յուրաքանչյուր մասնակցի նախաձեռնությունը.
          4. խաղի կանոնները պետք է լինեն պարզ, հստակ ձևակերպված, իսկ մատուցվող նյութի բովանդակությունը՝ մատչելի: Հակառակ դեպքում խաղը հետաքրքրություն չի առաջացնի և կկրի ձևական բնույթ.
          5. խաղը պետք է ավարտել տվյալ դասին և ստանալ արդյունք, քանի որ միայն այս դեպքում այն դրական դեր կկատարի.
          6. մաթեմատիկական խաղի մասնակիցները պետք է հստակ գիտակցեն այն սկզբունքը, համաձայն որի՝ <<որպեսզի խաղաս, պետք է իմանաս>>: Այս պահանջը խաղին տալիս է ճանաչողական բնույթ.
          7. խաղի կանոնները պետք է մշակել՝ հաշվի առնելով մասնակիցների տարիքային և անհատական առանձնահատկությունները (թույլ, ուժեղ, ակտիվ, պասիվ):

          Comment


          • #6
            Դիդակտիկ խաղերի դասակարգումը:

            Ըստ վարման կարգի՝ մաթեմատիկայի դասերին կիրառվող խաղերը կարելի է դասակարգել՝
            • սեղանի խաղեր.
            • մաթեմատիկական մինի-խաղեր.
            • վիկտորինաներ.
            • մաթեմատիկական խաղ- մրցույթ.
            • հնարամիտների ակումբ.
            • խաղ-ճամփորդություն.
            • մաթեմատիկական լաբիրինթոս.
            • մաթեմատիկական կարուսել և այլն:
            Վերը նշված խաղատեսակները կարող են ընդգրկվել մեկ այլ՝ ավելի ծավալուն խաղի փուլերում:

            Comment


            • #7
              Խաղի ձևերը

              Ներկայացնենք խաղի մի քանի ձևեր:
              Սեղանի խաղեր
              Սեղանի խաղերի թվին են պատկանում մաթեմատիկական լոտոն, խաղ շախմատային տախտակի վրա, լուցկիներով խաղը, տարբեր գլուխկոտրուկներ և այլն: Նման խաղերի նախապատրաստական փուլը հիմնականում կատարվում է անմիջապես խաղից առաջ, և այստեղ էլ պարզաբանվում են խաղի կանոնները: Սեղանի մաթեմատիկական խաղերը չեն դիտվում որպես առանձին ձևեր, այլ սովորաբար օգտագործվում են որպես պարապմունքի մաս և կարող են ընդգրկվել այլ դիդակտիկ խաղերում:
              Մաթեմատիկական լոտո: Խաղի կանոնները նույնն են, ինչպես որ սովորական լոտոյի ժամանակ: Խաղի յուրաքանչյուր մասնակից ստանում է քարտ, որտեղ գրված է պատասխան, և քարտերի տուփ, որոնց վրա գրված են առաջադրանքները, և հանում է դրանցից մեկը: Յուրաքանչուր մասնակից կարդում է առաջադրանքը, լուծում է գրավոր կամ բանավոր, ստանում է պատասխանը, գտնում է պատասխանը իր խաղաքարտի վրա և քարտով փակում է խաղաքարտը, որով էլ ստուգվում է սովորողի գիտելիքը: Խաղից առաջ կարելի է անցկացնել ուղեղի մարզում, որի ժամանակ մասնակիցները կվերհիշեն բանաձևերը, կանոնները, գիտելիքները, որոնք անհրաժեշտ են խաղի անցկացման համար:

              Comment


              • #8
                Մաթեմատիկական լոտո

                Խաղ՝ «Լոտո»
                Անհրաժեշտ պարագաներ`
                1. վանդակների բաժանված մեծ քարտեր.
                2. առաջադրանքներով թերթիկներ.
                3. փոքր քարտեր՝ պատասխաններով:
                Խաղի ընթացքը.
                Դասարանի աշակերտները բաժանվում են 3 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խումբ ստանում է մեծ լոտո քարտ, որը բաժանված է համարակալված վանդակների (ընդամենը՝ 24 վանդակ), և փոքր քարտեր՝ մեծ քարտի վանդակի չափով (ընդամենը 34 փոքր քարտ): Փոքր քարտերի մի կողմում առաջադրանքների պատասխաններն են, մյուս կողմում՝ որևէ նկար: Փոքր քարտերից 24-ը ճիշտ պատասխաններով են, իսկ 10-ը՝ սխալ: Յուրաքանչյուր խումբ ստանում է տարբեր բարդության խնդիրներով 24 թերթիկ: Յուրաքանչյուր մասնակից ընտրում է ցանկացած խնդիր և, լուծելով այն, փոքր քարտերի վրա գտնում է պատասխանը, այնուհետև շրջելով, այդ քարտով ծածկում մեծ քարտի վրայի համապատասխան վանդակը: Ուսանողները կարող են խորհրդակցել միմյանց և ուսուցչի հետ: Դասի վերջում ուսուցիչը տրված սխեմայով որոշում է ճիշտ լուծված խնդիրների քանակը և ամփոփում արդյունքները:

                Comment


                • #9
                  Խաղ «Լուսամփոփ»

                  Երեխաները կազմում են շրջան, ձեռքերին երկու գույնի քարտեր` կարմիր և կանաչ (լուսամփոփի երկու լույսերը): Բանավոր հարցման ժամանակ աշակերտները գույնի միջոցով պատասխանում են հարցին` կանաչ գույնը նշանակում է «այո՛» (առաջ գնա), կարմիր գույնը` «ո'չ» (կանգնիր): Այդ ձևով յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի արտահայտվելու, իսկ ուսուցիչը տեղեկանում է յուրաքանչյուր աշակերտի գիտելիքների յուրացման մակարդակի մասին: Պահանջի միատեսակությունն ապահովում է աշակերտների կարգապահությունը:

                  Comment


                  • #10
                    Խաղ «Աստիճան»

                    Այս խաղը կարելի է օգտագործել «գործողություններ տասնորդական թվերի հետ» թեմայի կրկնության ժամանակ:
                    Յուրաքանչյուր աստիճանին նշված է մեկ գործողություն: Աշակերտների խումբը (խումբն ունի աստիճանների քանակով աշակերտներ) բարձրանում է աստիճաններով: Յուրաքանչյուր աշակերտ կատարում է այն գործողությունը, որը նշված է իր աստիճանին: Եթե աշակերտը սխալվում է, իջնում է աստիճանից և նրան կարող է փոխարինել իր խմբի մեկ ուրիշ աշակերտ: Նույն ժամանակահատվածում մյուս խումբը ևս շարունակում է աստիճանով վեր բարձրանալ: Հաղթում է այն խումբը, որը հասնում է վերջին աստիճանին: Կարելի է նաև աստիճանները բարձրանալ երկու կողմից: Կհաղթի այն խումբը, որն առաջինը կհասնի վերջին աստիճանին:

                    Comment


                    • #11
                      Խաղ՝ «Ո՞վ ավելի արագ կհասնի աստղիկին»

                      Մրցում են երկու թիմ: Գրատախտակին ներկայացվում են ամբողջ թվերով չորս գործողությունների օրինակները և պատասխանների աղյուսակը: Յուրաքանչյուր թիմից գրատախտակի մոտ է հրավիրվում մեկական աշակերտ, որոնք կատարում են բանավոր հաշվարկ՝ սկսած ներքևի աստիճանից: Լուծելով մեկ օրինակ՝ աշակերտը պատասխանը նշում է աղյուսակում: Այնուհետև նրան փոխարինում է թիմի մեկ այլ անդամ: Տեղի է ունենում շարժում վերև՝ դեպի նվիրական աստղիկը: Աշակերտները տեղերում բանավոր ստուգում են իրենց խաղացողների արդյունքները: Եթե պատասխանը սխալ է, ապա խնդրի լուծումը շարունակելու համար գրատախտակին է մոտենում թիմի մեկ այլ անդամ: Գրատախտակի մոտ աշխատելու համար աշակերտներին կանչում են թիմերի ավագները: Հաղթում է այն թիմը, որն աշակերտների նվազագույն թվով առաջինն է հասնում է աստղիկին:

                      Comment


                      • #12
                        Էվրիստիկ խաղ

                        Խաղի ընթացքը.
                        Խաղային իրավիճակի տեսքով աշակերտներին առաջարկվում է գործնական խնդիր, որի լուծման ժամանակ նոր բանաձև ներմուծելու անհրաժեշտություն է ծագում:
                        Դասարանը բաժանվում է երկու թիմի: Յուրաքանչյուր թիմ ընտրում է կապիտան (առավել ուժեղ աշակերտին) և դիտորդ: Գրատախտակին ամրացված պաստառի վրա նշվում է առաջադրանքը:
                        Կապիտանների ղեկավարությամբ թիմերը կատարում են առաջադրանքները: Յուրաքանչյուր թիմի աշխատանքին հետևում է մյուս թիմի դիտորդը: Նա գնահատում է նրանց աշխատանքը, նշում է սխալները: Կատարելով առաջադրանքները՝ աշակերտները եզրակացություններ են անում նոր բանաձև դուրս բերելու անհրաժեշտության վերաբերյալ:

                        Comment


                        • #13
                          Ուսուցանող խաղ՝ «Բրեյն-ռինգ»

                          Անհրաժեշտ պարագաներ
                          1. համարներով ցուցանշաններ
                          2. վեց (չորս) սեկտորներով քարտեզ՝ առաջադրանքի համար.
                          3. թվերով քարտեր.
                          4. դեղին (գնահատական «3»), կանաչ (գնահատական «4»), կապույտ (գնահատական «5») գույներով խաղանիշներ /ֆիշկաներ/ և կապույտ գույնի կիսախաղանիշներ՝ լրացումների համար.
                          5. ցուցանշաններ սեղանների վրա.
                          6. ընդհանուր գնահատման ձևաթուղթ.
                          7. եռամակարդակ բարդության առաջադրանքներով քարտեր. խաղի երկրորդ տարբերակի համար այդպիսի քարտերը պատրաստվում են կապույտ, կանաչ, կարմիր և դեղին գույներով գունավոր ստվարաթղթից:
                          8. պատասխանների նմուշներով քարտեր:
                          Խաղի ընթացքը.
                          Դասարանը բաժանվում է 7 (5) հոգանոց խմբերի՝ 6 (4) խաղացող և 1 վարող:
                          Մասնակիցներին տրվում են համարներով քարտեր: Յուրաքանչյուր խումբ նստում է առանձին սեղանի շուրջ: Սեղանի վրա նշացույցներ են և 6 (4) սեկտորներով քարտեզը, որի վրա խնդիրներով քարտերը դասավորված են հետևյալ հերթականությամբ. Ներքևում առաջին մակարդակի հարցերն են (3), դրանց վրա՝ երկրորդ մակարդակի հարցերը (2), իսկ վերևում՝ երրորդ մակարդի հարցերը (1): Յուրաքանչյուր սեկտորում ՝ երեք հարց: Վերևի հարցերին պատասխանում են առանց նախապատրաստման («բլից մրցաշար»), երկրորդ հարցերի համար տրվում է նախապատրաստման ժամանակ`3-5 րոպե: Ներքևի հարցերն ամենաբարդն են, և նրանց պատասխանների համար տրվում է 7-10 րոպե ժամանակ: Վարողը հանում է քարտը. ենթադրենք, դուրս եկավ «2» թիվը, դա նշանակում է, որ 2-րդ համարի խաղացողն է հարցին պատասխանում: Եթե պատասխանն ամբողջական է, ապա խաղացողին տրվում է խաղանիշ: Եթե պատասխանը թերի է, ապա ցանկացած խաղացող կարող է նրան լրացնել և ստանալ կիսախաղանիշ: Յուրաքանչյուր խմբի համար պատրաստվում են միանման խնդիրներ:

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X