Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հանճարս, այսօրը քոնն է

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմում է Համեյի քույրը՝Հասմիկը
    Շուտանց էր, Համոն եկել էր գյուղ: Հլա էս երկիրը չէր քանդվել, մի 5-10 տարի առաջ էր:



    Մի հարց ունեի ամուսնուս առաջին կնգա երեխու հետ կապված : Համոյին խնդրեցի էդ հարցով զբաղվել, գործը գլուխ բերել՝ հենց Երևան գնա:



    Համոս միանգամից պայթեց, կարծեցի ախպերս գժվել ա: Ինչքան կատաղություն ուներ՝ դուրս թափեց: Ասեցի՝ Համո, ես մեղա, մի հատ էլ խփիր /խփելու մասին մի բան էլ կպատմեմ…/, բալքիմ դինջանաս:



    Ասաց՝ Հասմիկ, ստեղս ես հասցրել…
    Ասաց ու կոկորդը ցույց տվեց: Քոռանամ ես:



    -Դու չգիտե՞ս, որ ես չեմ սիրում սրան-նրան հարցերով դիմել, բոլ ա էլի, հերիք ա…Հոգիս բերանիցս բերեցիք…



    Ձենս կտրեցի, ասի՝ թող դինջանա, նոր կասեմ…Բայց Համոն չէր հանգստանում, վերջում էլ ասաց.



    -Հասմիկ, քեզ մոր տեղ եմ ընդունում, բայց դու արդեն պուլերը /հացի գնդեր/ կոխ ես տալիս…
    Խչիպապուն արևը վկա, էս անգամ թողնելու եմ, գլուխս առնեմ ձեզանից փախչեմ…Որ ոչ մեռնելս իմանաք, ոչ էլ՝ ապրելս…
    Սիրտս կանգ առավ: Կարծեցի՝ հենց հիմա գնալու է…Մոտեցա Համոյիս գլուխը գրկեցի, ասացի՝ ուր էլ գնաս, հետիցդ գալու եմ… Քու քվոր աչքերը քեզ համար քոռանան, առանց քեզ ես ո՞նց կարամ ապրեմ…Հենա հոգիս առ էլի…Առանց Համո ախպոր ես էն աղբահորի շունն եմ…



    Աչքերը լցվեցին, բայց տեսնում եմ՝ նեղացել է և հետս չէր խոսում: Առանց հաց ու ջուր կտրել, գնաց Լոր:



    Ետ գալուց՝ Դարբասում կանգ առավ, երեսս պաչեց ու աչքերը ինձանից փախ-փախ անելով՝ գնաց: Արդեն նեղացած չէր, տեսա, բայց մեջքը դեռ գետնով չէր տալիս, խռով էր ցույց տալիս:



    Սիրտս շատ ցավաց. ախր եղբայրս բաժանված էր, մենակ էր ապրում…ես էլ մի կողմից եմ դարդ տալիս…Խիղճս տանջեց, ասեցի՝ Համո, քվորդ իրեսը քու վետիդ տակ, ինչ ասել եմ՝ մոռացիր…



    Էդ մասին էլ չխոսեցի: Երկու-երեք օր չանցած՝ էդ հարցը Համոս լուծեց, բայց զանգեց, ասեց՝ Մոսկվայում եմ: Ձմեռ էր, ցուրտ: Հազում էր արդեն:



    Աչքերս մթնեցին, աշխարհը գլխիս փուլ եկավ. ասեցի՝ էս ա որ կա, Համոն մեզանից փախել ա: Համոն եթե Խչիպապի արևով երդում ա ուտում, պրծավ…Լացս դրի գլխիս.



    -Համո, վետիդ /ոտք/ տակի վեղը /հող/ տառնամ, տեղ թող՝ արի…Խըչիպապի արևն եմ ասում՝ էլ քեզ բան չեմ ասի…Քուրդ մեռնի էլ՝ էն Աստուծը, քեզ նեղություն չի տա էլ…



    Ե՞րբ ես գալու,- հարցրի: Լուրջ-լուրջ՝ թե՝ էլ չեմ գալու, Հասմիկ, ստեղից էլ դենն եմ գնալու…որ տեսնամ երևում եք՝ էլի եմ գնալու…



    Բա ո՞նց կլինի, Համո, ասեցի՝ դու էդպես հիվանդ, ասթմադ բռնած, խզխզալի…
    Ինձ կորցրի…Լեզուս լալկված, ոնց եղավ՝ լեզվիցս թռավ, ասեցի՝ Համո, մի բան կլինի, այ քըրամեռ, քեզ ասում եմ վեր կաց, տեղ թող եկ վաթանդ…



    Լսեցի՝ Համոն քահ-քահ ծիծաղում է…Հասկացա, որ շուլուղ է արել:



    Հիմա էլ լաց եղա՝ ուրախությունից…Համոս ծիծաղեց պրծավ, հետն էլ թե՝ այ իմ միամիտ քեր /քույր/, բա ես կարա՞մ առանց ձեզ ապրել…առանց ձեր տանջանքների…



    Միշտ պատմում էր, ծիծաղում, ինձ էլ ասում ՝ Հասմիկ, մի ընկերներիս պատմիր՝ թե էն ոնց եղավ, որ ինձ հրավիրեցիր՝ հայրենիքում մեռնելու…
    Շնորհակալություն, հարգելի' Քրիստինե: Ժպտում եմ:

    Comment


    • #17
      ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Նինա Հովսեփյանի հուշերից

      Խփում է ցուրտը ձմռան,
      Մտնում ես քո ներսը դու...
      Տեսնու՞մ ես, թե ես ու դու
      Որքան ենք իրար նման...
      Թեև բոլորովին այլ և մեծ գաղափար է դրված այս բանաստեղծության հիմքում, բայց այս տողերը հիշեցրին ինձ մի տխուր իրողություն: Գորիսի <<Տաթև>> համալսարանում նախապատրաստվում էին <<Տաթև>> անունով թերթ հրատարակելու: Իմանալով, որ Համո Սահյանը իր գյուղում է (Սիսիանի շրջանի Լոր գյուղ), մեր դասախոսներից մեկը՝ Կարեն Սահակյանը, համալսարանի տնօրեն Անդրանիկ Կարապետյանի խնդրանքով գնաց Լոր՝ թերթի առաջին համարի համար շնորհավորանքի խոսք բերելու:
      1992 թվականի ցուրտ և անլույս տարիներն էին, ձմեռ: Կ.Սահակյանը վերադարձավ այնքան հուզված, որ անընդհատ կրկնում էր՝ երանի գնացած չլինեի: Նա Համո Սահյանին տեսել էր իր սառած բնակարանում, մթության մեջ, փաթաթված՝ ինչով կարող էր: Լսելով հյուրի խնդրանքը՝ Սահյանը սառած մատներով բռնել էր գրիչը, գրել շնորհավորանքի խոսքը: Իսկ բանաստեղծին տված Կ.Սահակյանի այն հարցին, թե հիմա ինքը ինչո՞վ է զբաղված, ինչպե՞ս է ապրում, Սահյանը պատասխանել էր. <<Ապրում եմ մանկությանս փշրանքներով>>: Եվ հենց այդ վերնագրով էլ տպագրվեց նրա խոսքը:
      Ճիշտ է, այդ տարիներին բոլորն էին այդ պայմաններում, բայց իր պոեզիայով հազարավոր սրտեր ջերմացնող մեծ բանաստեղծին այդ վիճակում տեսնելը ցնցել էր նրա երկրպագուին:
      Երբ Կ.Սահակյանը պատմում էր, ես աշխատում էի վերանալ պատմածի թողած տխուր տպավորությունից և հիշել բանաստեղծին հեռվից... Որքա՜ն լավ հուշեր կան կապված մեծ բանաստեղծի հետ, բայց պատմեմ մի փոքրիկ միջադեպ:
      Գորիսում պետք է նշեին մեր անվանի հայրենակից Ս.Խանզադյանի ծննդյան հոբելյանը: Երևանից մի քանի գրողներ ու գրականագետներ էին եկել, նրանց հետ նաև Սերոյի մշտական ընկերը՝ Համո Սահյանը: Մինչև հանդիպումը սկսելը նրանք բարձր տրամադրությամբ մտան գրադարան: Սահյանը կռացավ թերթերով ու ամսագրերով ծանրաբեռ սեղանի վրա, ինչ-որ ամսագիր վերցրեց ու սկսեց թերթել: Սերոն նայեց նրան ու ծիծաղելով ասաց.
      -Ինչու՞ ես այդքան կռացել, առանց այն էլ կախգլուխ ես:
      -Չգիտե՞ս, որ բերքով ծանրաբեռ ծառը խոնարհված է լինում,-պատասխանեց Համոն:
      -Ծա՛ռը, բայց ո՛չ գրողը:
      -Քթիցդ հանելու եմ, Սերո՛,- նույնպես ծիծաղելով պատասխանեց Սահյանը:
      Երեկոյան հոբելյանական միջոցառումն էր՝ հիանալի նախապատրաստված: Խոսեցին շատերը, նաև՝ Համո Սահյանը: Նա շատ լավ խոսքեր ասաց Սերոյի մասին և, մոտենալով նրան, մեկնեց բարձրախոսն ու ասաց.
      -Խմում եմ կենա՛ցդ, Սերո՛ ջան, ախպե՛ր ջան...
      Դահլիճը պոռթկաց ծիծաղից և ամենից բարձր հնչում էր Սերոյի ծիծաղը: Արդյոք դա՞ էր <<քթից հանելը>>, թե դեռ պետք է հետո հաներ, չիմացանք:


      Ն.Հովսեփյանի <<Հոդվածներ, հուշեր, հրապարակումներ>>(Ե., 2007) ։

      Comment


      • #18
        Եթե մինչև անգամ
        Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
        Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
        Ուր էլ լինեմ, կգամ:
        Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
        Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
        Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
        Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
        Մենության մեջ լացող երգիդ վրա:

        Comment


        • #19
          Երերուն, բայց անշեղ ընթացք
          Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգեւում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ». և հավելել արդար խղճով՝ «Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց»: Կարող էի ասել. արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ` «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։
          Բայց որովհետև փլուզումը մեր իսկ փլուզումն է, որը թվում է այլևս ի զորու չենք դիմագրավել- մերային ավագների ու անցածների հետ պարտքուպահանջի մեջ ենք մտնում և, մեզ հավասար, պարտքուպահանջի մեջ ենք մտնում առաջինը հենց ամենաարժանավորների հետ։ «Ինչո՞ւ ինձ այս նյութից շինեցիր եւ ինչո՞ւ ինձ ստեղծեցիր այս աշխարհում»։ Նախնուն այդպես է գանգատվել Արտավազդ արքան, մյուս վիպերգի Մհերը, նախնու ուժով զորացել կամ անեծքով այդպես են ծանրացել բոլորը։
          Բայց խոսքս ինչպես կառուցեմ, որ կարողանամ շրջանցել այդ անխուսափելի «չնայածը». «չնայած անասելի դժվար պայմաններին, այնուհանդերձ…», «չնայած հայ մարդու իր ստուգապես ազգային մի խոշոր թուլության, նա, այնուամենայնիվ, հարաբերվել կարողացավ աշխարհի ազատների այն համայնքին, որ իրեն բանաստեղծների համայնք է անվանում», «չնայած իր ժամանակը կենդանի պահեր այնքան քիչ ունեցավ, որ կարելի է անժամանակություն կոչել, և իր տարածությունը կենդանի թրթիռներ այնքան հազվադեպ բացահայտեց, որ կարելի է անապատ ասել, բայցևայնպես…»։ «Չնայածը» իսկապես չպետք է շրջանցվի, որովհետև…
          Որովհետև ի վերջո ընթերցողի հոգսը չի, թե իր տունը ուրախ ճլվլոցով լցնելուց առաջ խոսքը, ասենք Փավստոսի, քանի թակարդի է խաբել, որքան կրակների վրայով է ճախրել. գանձարանի հոգսը չի, թե այսինչ զմրուխտը ինչ մոլոր բավիղներով է եկել. վերոհիշյալ ազատ համայնքի գործը չի, թե մի ամբողջ շահագրգիռ թիկնազոր էր առաջնորդում, ասենք, ուրիշ մի Ս-ի դեպի այդ նույն ազատ համայնք, իսկ Սահյանը ներկայացավ մեն ու մենակ։ Ներկա ես՝ ներկա ես, ներկա չես՝ ներկա չես, այդպես է, կաս կամ չկաս։
          Ազատ բառը շատ գործածվեց. հիշենք, որ Ազատը Աստծու հետ և Խոսքի հոմանիշն է. Բանը և Աստված հոմանիշ են, Ազատը երկուսի հոմանիշն է։ Ուրեմն՝ Գրականություն-Ազատություն։ Ազատություն անբանության անասնական կապանքից։ Բանը այստեղ խոսքն էր՝ ի սկզբանե էր բանը. բան հնչեցրիր՝ քեզ զատեցիր անբանության լուռ զանգվածից։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է մարդուն ետ անկենդանության կապանք մղել։ Բանը մեզանում նաև գործն է։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է խեղված երկիր բացարձակել։ Ասացի և ահա լայն դարբաս բացվեց խոտանումի ու ինքնադատափետման ասպարեզի վրա. խուժիր թեկուզ ամբողջ զորագնդերով և խոտանիր ու ոչնչացրու խեղված այս ողջ գործն ու բանը՝ երկիրդ երկիր չէր, կուռքերդ կուռքեր չէին, ծեսերդ ծես ու երգդ էլ երգ չէր։
          Բայց Սահյանը եղել է, Սահյան է եղել:

          Comment


          • #20
            Էտյուդ` Սիսական աշխարհի եւ Համո Սահյանի մեծ քրոջ` 91-ամյա Հասմիկ մայրիկի եւ նրա ընտանիքի…

            Ամեն անգամ նույն զարմանալի զգացումն է համակում ինձ. հենց մտնում եմ Սիսական լեռնաշխարհ, նրա ամեն քար ու թուփ հիշեցնում են Համո Սահյանին:

            Փորձում եմ բանաստեղծի աչքերով նայել ձգվող լեռնաշղթաներին, ծառերին ու նրանց վերջին տերեւներին, իրենց գույներով հորիզոնին խառնված մարգագետիններին, աջ ու ձախ փռված թփերին, փախչող բլուրներին ու ու սարերին...

            Ամեն ինչում ասես զգում ես Սահյանի շունչը, նրա սերը վարակում է քեզ, պարզ հասկանում ես, թե ինչ է զգացել նա` իր ողջ կյանքում այս գեղանկար-ճանապարհներով անցնելիս...

            …Իսկ աշնանային քամու մեջ կարմիր-վառվող պտուղներով դեռ ծանրաբեռ մասրենուն ուղղակի տխուր-ուրախ, անանց կարոտով ու ցավով բարեւում ես եւ հայացքով մինչեւ վերջ ուղեկցում նրա հեռացող պատկերը, ինչպես կբարեւեիր ու հայացքով կհետեւեիր Սահյանին...

            Նախքան Լոր հասնելը Դարբասն է` Սիսիանի շրջանի հեքիաթային գյուղերից մեկը: Հայկական գյուղին բնորոշ` հարթություններով, վերուվար ձորափեշերով, սարալանջերով, իրենց բնականությամբ ու գեղեցկությամբ անմրցելի տներ ու աշնանաքաղ, արդեն ձմեռող այգիներ, տեղ-տեղ, տոնածառի պես գույնզգույն խնձորներով ամբողջովին զարդարված, բայց արդեն անտերեւ ծառեր...

            Համո Սահյանի մեծ քույրը` Հասմիկ մայրիկը, 16 տարեկանում Լորից հարս է եկել Դարբաս` իրենց գյուղից 10-15 րոպեի ճանապարհ, ամուսնացել աշխատասեր ու բարի, մի շատ օրինավոր եւ օրինապահ մարդու` Բուրթելի հետ, եւ հյուրասեր օջախում ծնվել են նրանց զավակները:
            16-ամյա գեղեցկուհին` երիտասարդ մանկաբարձուհին, գալով Բուրթելի բազմանդամ օջախ հարսնության, արդեն գիտեր, թե ինչպիսի դժվարություն եւ հոգս է առնում իր դեռատի ուսերին. Բուրթելի առաջին կնոջ մահից հետո որբ էին մնացել նրա հինգ զավակները` դուստրը եւ չորս տղան:

            Դա 1939 թվականն էր: Լոր եւ Դարբաս գյուղերի բնակիչները երկար ժամանակ ցնցված էին այդ արտառոց իրադարձությունից: Հասմիկի հայր Սահակն ուղիղ տաս տարի խռով է մնացել աղջկանից, չի կարողացել ներել աղջկան` իրենից 15 տարով մեծ, արդեն հինգ որբատեր Բուրթելի հետ կյանքը կապելու համար: Բայց արդեն ոչինչ հնարավոր չէր փոխել. Հասմիկի եւ Բուրթելի սերը հաղթանակել է, եւ այսօր էլ նրանց աննման ու մեծ սիրո մասին գյուղում առասպելներ են պատմում… Տասնյոթ տարեկանում ծնվել է Հասմիկի առաջնեկը` Հրանտը, այնուհետ` Գեղամը եւ` երեք դուստրը: Արդեն 25 տարեկանում Հասմիկը սկսել է խնամել իր եւ Բուրթելի տասը երեխային` առանց խտրության ու խորթության…

            Այսօր բոլորն էլ տնավորված-ընտանիքավորված, ապրում են Դարբասում, հարեւան գյուղերում, Սիսիանում եւ Երեւանում: Իսկ Հասմիկ մայրիկն իր վաստակած ծերությունն է վայելում կրտսեր որդու` գյուղատնտես-մեխանիզատոր Գեղամի ու նրա ընտանիքի ջերմ հոգածությամբ ու գուրգուրանքով շրջապատված: Ամուսնուն 25 տարի առաջ է կորցրել: Կորցրել է նաեւ իր տասը երեխայից երկուսին` երիտասարդ, իր հարազատ աղջկան եւ մեկ էլ` Բուրթելի որդիներից մեկին: Երկուսի համար էլ հավասար սրտից արյուն է կաթացել, եւ մինչեւ հիմա վերքը դեռ բաց է, չի՜ սպիացել…

            Հին, գյուղական տունը` իր գրավչությամբ ու մարդկային սիրով, անմիջապես աչք ու սիրտ է շոյում: Գյուղի ճանապարհից աջ թեքվող սարալանջի նեղլիկ կածանը միանգամից տանում է ուղիղ Հասմիկ մայրիկի տան դիմահայաց, աշնան արեւով ողողված նախասրահ-բակը: Որքա՜ն է Համո Սահյանն այս կածանով բարձրացել քրոջ տուն, - ակամա մտորում եւ գորովանքով նայում եմ ոտքերիս տակ չոր խշրտող քարերին ու հողին,ճանապարհին եզրերին բուսած եղինջին ու մերկացած, մազ ու փեշ քաշող մարդաբոյ թփերի գալարուն ճյուղերին…

            …Դեռ տան մուտքից` մեծ գերդաստանի կարգ ու կանոնի եւ օրինապահության ազնիվ շուքը բարության ալիքներով մեզ ընդառաջ է գալիս. փայտե, ներկը տեղ-տեղ թափած եւ արդար վաստակից ազնվորեն ճաքճքած դռան կողքին հերթով կանգնած էին տան բոլոր անդամները` մեծից` փոքր: Իմանալով հյուրերի մասին, մեզ դիմավորելու էր դուրս եկել «մի պարզ գերդաստան»` Հասմիկ մայրիկի գերդաստանը: Տան ավագը` 91-ամյա Հասմիկ մայրիկը` տիպիկ սահյանական դատող-բանող աչքերով ու դիմագծերով, կանգնել էր տան գլխավորի` Գեղամ որդու թևի տակ: Պարզ երեւում էր. տան առաջնությունն արդեն նրան էր հանձնել, բայց ինքը թիկունքն ամուր պահում էր…

            Այնուհետ` Գեղամի կինը` Անահիտը, Շամբից մորը տեսակցության եկած դուստրը` Անուշը, Գեղամի որդի Արթուրը, նրա կինը եւ ամենավերջում` ծոռնիկը` հնգամյա Գեղամիկը` սեւուկ, պլստան աչքունքով, ընդգծված զսպությամբ ու միանգամայն հարգանքի արժանի լրջությամբ…
            Գրկում եմ Հասմիկ մայրիկին, համբուրում. արդեն շատ բան գիտեմ նրա մասին եւ շատ-շատ բաներ էլ հետո իմացա…

            Գեղամի եւ Հասմիկ մայրիկի առաջնորդությամբ` մտանք հյուրասենյակ: Իսկը մեր ուզածով էր` ընդարձակ, հին կահույք ու աթոռներ եւ պատի կողքին` ամեն ինչ տեղը տեղին, հաստ թիթեղով ձեռքի աշխատանք-վառարան: Փայտերն արդեն խնամքով շարված էին վառարանի շուրթին, մնում էր Հասմիկ մայրիկի կարգադրությունը…Սկզբի պահերին Հասմիկ մայրիկը դեռ լռում էր, չգիտեր ի՞նչ ասեր, ո՞ր մեկը եւ որտեղի՞ց սկսեր: Բայց նախ եւ առաջ նա պետք է իր համար բացահայտեր մեր ով, որտեղից լինելը: Հավանաբար մտածեց, որ Երեւանի լրագրողներ ենք, իր հող ու ջրին խորթ, իր լեզվին ու կենցաղին օտար եւ արժանապատվորեն, ինձ թվաց, մի քիչ էլ խռոված` զննում էր, ուսումնասիրում` ի՞նչ պտուղ ենք…

            Բայց երբ միանգամից ես սկսեցի իր հարազատ Լորի ու Դարբասի, Գորիսի բարբառներով ուրախ խոսել, հալում-հարցում անել` իր առողջությունից, եղանակից ու բերքից, վառարանից, ցրտից, հարսից-տղուց եւ ամենակարեւորը` Սահյանի՜ց…Տեսնել էր պետք` ինչպե՜ս հանկարծակի Հասմիկ մայրիկը վերածնվեց, գույնն ու շունչը տեղը եկան, միտքն ակնթարթի մեջ պարզվեց եւ, առանց չափազանցության, դարձավ նույն 16-ամյան, երբ առաջին անգամ Դարբաս հարս էր եկել…
            Անկեղծությունը դուրս հորդաց. հարազատ լեզվով խոսող, իր հողի ու ջրի պես պարզ, սովորական մարդու էր հանդիպել, որը հեչ միտք չունի նրանից ջանքեր ու բարձր նոտաներ պահանջելու: Այս անգամ ինքը գրկեց ինձ, մազերս ու երեսս պաչպչեց եւ ձեռքերս ափերի մեջ առած` պինդ պահում էր: Ասելու բան ուներ Հասմիկ մայրիկը. նախ եւ առաջ:

            Եվ սկսեց խոսել` համարյա Գորիսի բարբառով, նույնիսկ մի պահ մտածեցի` Սահյանի արմատները հո Գորիսից չե՞ն…

            Ի դեպ, ընդմիջելով, ասեմ, որ Լորի, Դարբասի եւ Գորիսի բարբառները շատ մոտիկ եւ նման են իրար, եւ ես դա հենց սկզբից իմացա, երբ ուրախ զարմանքով բացահայտեցի, թե ինչ հիանալի էին բոլորը հասկանում իմ գորիսյան սքանչելի բարբառը եւ ես էլ՝ իրենցը…

            Սկսվեց մեր տաք ու մտերիմ զրույցը: Հուշեր եւ պատմություններ պատմեց Հասմիկ մայրիկը`լրիվ երիտասարդացած ու պայծառացած, ես մոռանում էի մի վայրկյան առաջ նրա ասածը` նա հիշում էր, մտքի թելը հարցով կտրում` նա նորից դառնում-տուտը բռնում էր…

            Երկու-երեք ժամից մեքենա եկավ. ես Լոր էի մեկնում` Հասմիկ մայրիկի` վերադարձնելու պայմանով ինձ տված մասունք-գրքերով ու իր հուշերով ծանրաբեռ: Մուտքի մոտ, ցավ տեսած մոր անվրեպ զգայարանով, Հասմիկ մայրիկը գրկել էր ինձ եւ բաց չէր թողնում:

            Ուզում էի կատակել.

            - Հասմիկ մամա, ճի՞շտ է, որ Սահյանը խռովկան էր:

            Անմիջապես զգացի` ինքը խռովեց եւ ունքերը կիտելով ասաց.

            - Համոն խռովկան չէր, նեղացկոտ էր, բայց` տեղին, մուռտառ բանն արյունը չէր ընդունում:

            Շտապ համաձայնեցի, համբուրեցի Հասմիկ մայրիկի թորշոմ-գունատ այտը, ամուր գրկեցի եւ ամբողջովին սպիտակած գլուխը պահեցի կրծքիս` շոյելով այդ մեծ մոր ձյունի պես ճերմակ մազերը:

            Մայրս էր ասես: Մեր բոլորի մայրը:

            «Կգաս, սպասելու եմ», - լսեցի հետեւիցս նրա ձայնը եւ անբացատրելի հուզված, մի մեծ կտոր սիրտ թողնելով այնտեղ, կածանով ցած իջա…

            Comment


            • #21
              Հասմիկ մայրիկի հուշապատումները եղբոր ` Համո Սահյանի մասին
              Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս` պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը` ճշմարտություն եւ սրբություն: 1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչեւ Լոր հասնելը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում...Ամեն անգամ Դարբասից Երեւան գնալիս` իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում...Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին... Իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում` վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ, թե` մեռնեմ...

              Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազում էր, անընդհատ ծխում...

              Վերջին անգամ, որ Լորից գալուց` ճամփեցի, ասաց` Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի /Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես...

              Ոտերիս, կռներիս զարկեցի, լացս դրի, ասի` Համո, հաշվի` ինձ արդեն թաղեցիր, Խչըբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ գլուխը մի կտրիր...

              Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ, դուրս եկավ` ես էլ մինչեւ մեքենան շարժվելը` ծնկներիս տալով` հետեւից ընկած ...

              ...Համոյից հետո հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը եւ ամեն անգամ լաց լինելով` դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթեւանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում...

              Ասում եմ, Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում...Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչըբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից...Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա...

              Համոն ասում էր, Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79 եմ...Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի` 12 տարի: Ասում էր` Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ` մեր հորը, ումբուրդ երկար է լինելու...

              Ավել չեմ ուզում, գոնե մինչեւ Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ` գիշերը, մեռնեմ:
              Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր` հարյուրամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերեւ կանգնես, մեր տան շունչը զգամ...

              Comment


              • #22
                Հրաշալի էր ասված:
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Ապրիլի 14֊ը Համո Սահյանի ծննդյան օրն է . Շնորհավոր հանճարեղ ծնունդդ, Վարպետ։

                100 և 5 տարեկան է աշխարհի իմաստությունն իր մեջ կրող պապիկն ու Սյունյաց աշխարհի պարզության խորհուրդն ու մաքրության ոգին կրող երեխան...

                Comment


                • #23
                  Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա

                  Oվկիանոսները ելնում են ափից
                  Եվ պատառոտում իրենց անխնա…
                  Խելագարվել է կյանքը տագնապից,
                  Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
                  Խաղաղ օրերը գնում են ձեռից,
                  Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
                  Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
                  Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
                  Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
                  Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
                  Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
                  Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
                  Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
                  Աչքերը չռել իմ հոգու վրա…
                  Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
                  Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
                  Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
                  Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
                  Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
                  Որ հնար չունեմ խելագարվելու:

                  Comment


                  • #24
                    Անտառում ամպի ծվեններ կային,
                    Կապույտ մշուշներ կային անտառում,
                    Օրոր էր ասում աշունն անտառին,
                    Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
                    Շշուկներ կային անտառում այնքան,
                    Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
                    Իրար փաթաթված ստվեր ու կածան
                    Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
                    Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
                    Մրսում էր կարծես վայրի նշենին,
                    Հանգստանում էր հողմը բացատում՝
                    Ականջն ամպրոպի ազդանշանին։
                    Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
                    Թռչում էր իր մոր բառաչի վրա,
                    Եվ որսկանը թաց խոտերի միջին
                    Կորած հետքերն էր որոնում նրա։
                    Փայտահատը հին երգն էր կրկնում
                    Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
                    Թեղին անտարբեր ականջ էր դնում
                    Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
                    Անտառապահի տնակի առաջ
                    Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
                    Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
                    Սոճու հետ սիրով զրույց էր անում...
                    Անտառում խորին խորհուրդներ կային,
                    Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
                    Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
                    Սակայն անտառի քունը չէր տանում

                    Comment


                    • #25
                      1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
                      Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
                      Մայրս ու հայրս լաց եղան:
                      Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...

                      Comment

                      Sorry, you are not authorized to view this page
                      Working...
                      X