Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դանիել Վարուժանի կյանքի արտացոլումը նամակներում

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դանիել Վարուժանի կյանքի արտացոլումը նամակներում

    Որևէ գրողին լավ ճանաչելու համար շատ կարևոր է նրա նամակների ուսումնա-սիրությունը: Ըստ գրողի կենսագրության շրջանների՝ կարելի է կատարել խմբային աշխատանք՝ աշակերտներին հանձնարարելով ուսումնասիրել նրա նամակները: Ուսումնասիրությունից հետո, գրողի կենսագրական նյութի վերարտադրմանը զուգահեռ, ընթերցվում են հատվածներ նամակներից: Վերջում կատավում է ամփոփում՝ առաջարկելով բնութագրել գրողին որպես մարդու, քաղաքացու, արվեստագետի: Նամակներն ընթերցելով` ավելի է մեծանում համակրանքը գրողի նկատմամբ, ավելի դյուրին է դառնում նրա ստեղծագործություններին հաղորդա-կցվելն ու նրա գործերը մեկնաբանելը:
    Վարուժանի նամակները շատ են. գրել է ընկերներին, ուսուցիչներին, հարա-զատներին: Լինելով բնավորությամբ պարզ ու շիտակ անձնավորություն` նա անկեղծորեն արտահայտում է իր մտքերը իր կյանքի դրվագների, ստեղծա-գործական հղացումների, ինքնահաստատվելու ճանապարհին ունեցած բազում դժվարությունների, հայ ժողովրդի ճակատագրի, անձնական ապրումների մասին: Դրանք այսօր թանկագին մասունքներ են, որոնք կարդալով` վերապրում ենք մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործական ուղու ուրախ և տխուր պահերը:

  • #2
    1884 թվականի ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Բրգնիք գյուղում Գրիգոր Չպուգքյարյանի և Թագուհի Պաղտիկյանի ընտանիքում ծնվեց անդրանիկ զավակը, որին ծնողները, ի հիշատակ մոր պապի, անվանեցին Դանիել: 20 տարի հետո Դանիելը իր ՙԵվկիտ Տոնել՚ դյուցազնավեպում կերտեց իր Դանիել պապի կերպարը:
    Դանիելի մանկությունն անցավ գյուղում: Բրգնիքն էր, որ կաթիլ առ կաթիլ ձևավորեց պատանու բնավորությունը և բանաստեղծական երևակայությունը:
    ՙԱնիկա թաղերուն ճիշտ մեջտեղը կբարձրանա գեղեցկորեն: Գյուղին պալատն է. իր գահին վրա գիրքը կիշխե, որուն մեջ սիրո օրենքը գրված է՚, - գրում է հետագայում Վարուժանն իր խոհերում:
    Գյուղը տվեց նշանավոր մարդիկ` հոգևոր հայրեր, ուսուցիչներ, գրողներ: Հետագայում Գենտ քաղաքից գրված նամակի տողերը վկայում են, թե որքան է սիրել Վարուժանն իր հայրենի գյեւղը. ՙՏարիներով կերազեմ վերապրել մանկական հասակիս սրտին մեջ` երկնահուպ ժայռի մը վրա` Ալիսի եզերքը վայրկյա՛ն մը, վայրկյա՛ն մը միայն և հետո թող անդունդը զիս կըլլե՚:
    Սիրում էր լսել պապի պատմությունները հայրենի բնության, հեքիաթային քաջերի մասին: ՙԿը լսեի ես զանոնք սևեռած խորն աչքերուն, և սիրտս իր խոսքը կ'ըմպեր, բոցն ինչպես ձեթը ճրագին՚:
    Վարուժանը հետագայում պատմում էր, որ ՙորպես գեղջուկ տղա, եղել է անհամարձակ, մելամաղձիկ՚: Երևի դա այն պատճառով, որ մանկական տարիներին հայրը պանդխտության մեջ էր, և ինքը մեցանում էր անհայր: ՙՄայրս միջահասակ, շնորհալի և ժպտերես, ճերմակ մորթով, երկար մազերով մի կին էր՚: Թագուհին իր մայրական գորովով փորձում էր մոռացնել տալ որդուն հայրական գգվանքի պակասը: Փոքրիկ Դանիելի համար աստիճանաբար հայրը դառնում էր հեռավոր, անհաս կարոտ: Այդ կարոտը նա առնում էր հորեղբորից, որին ուղղված նամակում հետագայում գրում է. ՙՄի՞թե կարելի է մանավանդ ինձի չհիշել Ձեզ` որուն շուքին տակ ժամանակ մը մանկությունս անցավ, որուն աչքերուն մեջ ժամանակ մը հայրս հաշտեցի՚:
    Դանիելը ուշ հաճախեց դպրոց` տասը տարեկան հասակում: ՙԳյուղին դպրոցը հազիվ սկսած եմ ժամգիրքը կարդալ սորվիլ` զիս տարած են Պոլիս,1896-ի կոտորածի օրերուն՚:
    Նրա հայրը գրագետ և կրթված մարդ է եղել, նույնիսկ թղթակցում էր Պոլսի մամուլին: Բայց երբ Դանիելը և նրա մայրը հասնում են Պոլիս, հայրը բանտում է լինում: Պոլսում Թագուհին ծանր հիվանդանում է: Բարեբախտաբար, շուտով պարզվում է Գրիգորի անմեղությունը, և նա ազատվում է բանտից: Նույն տարին Դանիելը դառնում է Բերայի Սագըզ-աղաճի թաղի Մխիթարյան նախակրթարանի աշակերտ: Մի օր աշակերտները վարժարանի պատուհանից տեսնում են հայերի ջարդերի պատկերներ և սարսափում: ՙԱյդ շրջանին կը հիշեմ ցույց տված ըլլալ մերթ տրտում և մերթ ջղագրգիռ խառնվածք մը՚,- գրում է Վարուժանը:
    1898-ին ավարտում է վարժարանը և ընդունվում Գատը գյուղի Մխիթարյան գիշերօթիկ վարժարանը , որն ավարտում է 1902 թվականին: Այդ վարժարանում նրա հայոց լեզվի ուսուցիչն էր Արիստակես Քասգանտիլյանը, որը կարևոր և վճռորոշ դեր է խաղացել Վարուժանի կյանքում: Նրան հղած նամակներից մեկում գրում է. ՙՈչ մեկ հայերենի վարժապետ իմ վրա այնքան ազդած չէ, որքան Դուք: Մյուսներուն դասերը ինձի սովրեցուցին գիտնալ, Ձերիններն ՝ ստեղծել: Մյուսները ես միշտ պիտի հարգեմ, բայց զՁեզ պիտի սիրեմ՚: Մինչև իր կյանքի վերջը միշտ նամակագրական կապի մեջ է եղել Քասգանտիլյանի հետ, իսկ 1913 թ. խնդրում է նրանից որևէ գործ ՙՆավասարդ՚ տարեգրքի առաջին համարում զետեղելու համար:
    Այս վարժարանում էլ Վարուժանը կատարում է իր գրական առաջին փորձերը: ՙԱռաջին երգերս սեր եղած են՚, - գրում է Վարուժանը: Վարժարանի տնօրեն Ա. Քասգանտիլյանը սրբագրում է բանաստեղծությունների առաջին տետրակը և ներկայացնում տպագրության:
    Դա ՙԾաղկեփունջ կամ Բրգնիքցիի մը նվագները՚բանաստեղծությունների գրքույկն էր, որի մասին Վարուժանը գրում է. ՙԱյս փնջիս ծաղիկներուն մեջ հոգիս ու սիրտս խառնած եմ, զի ծաղիկը շատ կը սիրեմ՚: Ընդհանրապես, Վարուժանը շատ է կարևորել Քասգանտիլյանի կարծիքը, իսկ վերջինս էլ հատուկ ուշադրություն է դարձրել Վարուժանին: Ուսուցչին ուղղված նամակների մեծ մասն սկսվում է այսպես.ՙԳիտնալով,որ ինձի հանդեպ Դուք մասնավոր սեր մը ունիք,կը դիմեմ Ձեզի…՚:
    Ավարտելով Քաղկեդոնի վարժարանի քերականական կարգը՝ Ա.Քաստանգիլյանի միջնորդությամբ ընդունվում է Վենետիկի Մուրադ - Ռաֆայելյան վարժարանը: Ուսուցչի հանձնարարական- նամակում՝ ուղղված միաբանության հայրերին,գրված էր. ՙՆոր Մկրտիչ Պեշիկթաշլյան կը ղրկեմ, լավ նայեցեք՚:
    Վարժարանում նրա ընկերները հիմնականում Պոլսից և Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից եկած պատանիներ էին, որոնց հետ Վարուժանը սիրում էր ժամանակ անցկանցնել: Ինքը մի նամակում գրում է.ՙԿը խոսեինք շատ մը նյութերու շուրջ, կարոտով կը հիշեինք մեր հայրենիքը:Երիտասարդական խանդավառությամբ և վառ գույներով կը պատկերացնեինք մեր անցյալի փառքերը և երազներով կը սպասեինք մեր հայրենիքի հրաշալի հարության…Մենք տեսած էինք 95-ի ջարդերը: Այդ արյունոտ օրերը մեր հիշողության մեջ դրոշմված էին, չէինք կրնալ մոռնալ՚: Վարժարանում նա մտերմանում է Դերենիկ Ճիզմեճյանի հետ, որի հետ մտերմությունը շարունակվում է մինչև իր կյանքի վերջը: Վարուժանը նրան համարել է իր սրտակից եղբայրը, որի հետ կիսել է իր բոլոր ուրախություններն ու դառնությունները: Վարժարանը շատ բան տվեց Վարուժանին, չնայած խաղաղ չեն անցել վարժարանի ուսումնառության չորս տարիները. եղան վեճեր, ուսանողական ըմբոստացումներ: Աշխատանքից ազատվեց հայերենի ուսուցիչ Հովհաննես Ավգերյանը: Վարուժանը այսպես է հիշում վարժարանական տարիները. ՙԱյդ չորս տարիները ինձի համար եղած են նաև ըմբոստացումներու տարիներ ընդդեմ վարժարանական անմիտ վարչության մը՚: Վարժարանն ուներ մեծ գրադարան, և Վարուժանը դառնում է այդ գրադարանի մոլի ընթերցող:
    Ընդհանրապես, Վենետիկը բանաստեղծի ձևավորման գործում մեծ նշանակություն ունեցավ: Վարուժանն իր բանաստեղծական կյանքում կարևոր է համարում երեք կարևոր գործոն՝ Ղ.Ալիշանի շունչը, իտալական գրականությունն ու արվեստը, Վենետիկ քաղաքը: 1909 թ., երբ ավարտեց Գենտի համալսարանը և տուն էր վերադառնում, ճանապարհին Վենետիկում այցելում է Ալիշանի շիրիմին: Ինքը այդ մասին գրում է. ՙԿարդացած եմ Ալիշանը և տեսած եմ իր գերեզմանը:Ալիշանի շիրիմին վրա իբրև երախտագիտություն կը զետեղիմ պսակ մը՝ ջուրի և հողի ծաղիկներով հյուսված և լուսնի ու մատաղ քերթողին արտոսրներով օծված՚: Վենետիկը մեծ նշանակություն ունեցավ Վարուժանի ձևավորման գործում:

    Comment


    • #3
      Բայց Գենտում սովորելու տարիներին Վարուժանը կրում է ծանր ապրումներ նյութական և բարոյական առումով: Մուրադ- Ռաֆայելյան վարժարանից ուղարկվող թոշակի պատճառով խիստ վեճեր է ունեցել Ս.Ղազարի վանահայրերի հետ և շատ վրդովված էր նրանց գծուծության պատճառով: Վարուժանի կարծիքով՝ ՙՔահանաներուն խոսքը քաղցր է իրենց աղոթքին պես, բայց իրենց սիրտը սև է իրենց գդակին պես՚:Նա ամեն ամիս Միաբանության տեսուչ հայր Ստեփան Սարյանին նամակով ուղարկում էր տվյալ ամսվա կատարած ծախսերի հաշիվը ամենայն մանրամասնությամբ: Սարյանին ուղղված նամակում ասում է. ՙՓոխարե՞նը: Ամեն ջանք կ'ընեմ ըլլալ պարծանք դաստիարակներուս, և օգտակար ազգին. Ահա պարտքս՚:
      Գենտում Վարուժանը ունեցավ նաև սիրային մի արկած, որն իր հետ բերեց հիասթափություն, դառնություն ու թախիծ: Նա սիրահարվում է մի կնոջ: Բանաստեղծի սերն ուժգին էր, սակայն այդ կինը կանացի թեթև քմահաճույքով հեռանում է: ՙԵս օրըստօրե տխուր հոռետես մը կդառնամ, ասոր վրա ավելացուր զգայնական քայաքայումս ալ ու ահա սրտիս ավերակը պիտի չափես՚,- սրտի դառնությունը կիսում էր մտերիմ ընկերոջ՝ Դերենիկ Ճիզմեճյանի հետ, որն էլ փորձում էր փարատել նրա վիշտը: Շուտով փոթորկվող անձնական վիշտը տեղի է տալիս ավելի հզոր ցավի առաջ: Բանաստեղծը գրում է. ՙ1904-1907-ի շրջանն էր, երբ հայությունը կը խեղդվեր սուրի ու սովի մղձավանջի մեջ, ու ես չուզեցի տեղի տալ իմ անհատական ցավերուս, լռեցուցի իմ սիրտս ու նախընտրեցի երգել ցեղի սիրտը՚: Ազգի ցավերին անդրադառնալու գործում կարևոր դեր են խաղում Սիամանթոյի ՙՀայորդիներ՚ գիրքը, Վարուժանի հանդիպումը Սիամանթոյի հետ, Ռ. Զարդարյանի ու Ա.Չոպանյանի գաղափարները, հայրենիքից ստացվող ծանր լուրերը: Սիամանթոյի հետ ծանոթությունը վերածվեց մտերմության մինչև նրանց եղերական վախճանը: Սիամանթոն իր գեղատես արտաքինով և մտքի թռիչքներով հմայում էր Վարուժանին:
      Գենտում ուսանելու տարիներին հայրենիքի ճակատագրով տագնապող բանաստեղծը զայրույթով ու կսկսիծով է ընդունում հայրենիքից եկած տխուր լուրերը: Ընկերոջը գրում է.ՙՀորմես նամակ կ'առնեմ,կը վախեմ, որ Պոլիսը դարձյալ արյան քաոս պիտի դառնա. Զայս առաջադեմ երիտասարդության հետ շփումը ենթադրելու բավական փաստ ունիմ մտքիս մեջ՚: Շփումը բելգիական առաջադեմ երիտասարդության հետ Վարուժանին ավելի ու ավելի էր մղում դեպի ազգային տառապանքի ու պայքարի երգը: 1906 թվականից սկսած՝ նա զեկուցումներ է կարդում Հայաստանի և հայ ժողովրդի մասին:Նա ավելի ու ավելի է սևեռվում այն գաղափարին, որ ինքը կոչված է լինելու իր տառապած երկրի վերածննդի երգիչը: ՙՀայությունը կուլար ու կը մռնչեր մեջս՚,- գրում Վարուժանը: Բանաստեղծի հոգեկան մեծ տառապանքի մեջ գերիշխողը հույսի, պայքարի, գոյատևելու, հավատի մոտիվն էր. ՙՀայը պիտի ապրի հակառակ իր դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին:Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ օղակը ըլլալու համար:Այս է մեր բոլորիս հույսը՚:
      Գենտում Վարուժանը մնաց մինչև 1909 թվականի հուլիսը: Բայց դրանից մեկ տարի առաջ Թուրքիայում արդեն հաստատվել էր սահմանադրությունը, և Վարուժանի անունը տարածվել էր նաև Պոլսում և գավառներում:Նա արդեն կայացած բանաստեղծ էր: Գրական ո՞ր ուղղությանն է հետևել Վարուժանը, ո՞րն է նրա ստեղծագործական մեթոդը: Քննադատությունը Վարուժանին անվանել է և՜ ռեալիստ, և՜ սիմվոլիստ և՜ ռոմանտիկ: Իսկ Վարուժանի կարծիքով՝ ՙԱնտրամաբանական գտած եմ գրական դպրոցներու բաժանումը. Ըստ իս գեղեցիկը դպրոց չունի՚: Իսկական արվեստագետը, Վարուժանի կարծիքով, նա է, ով ամբողջ էությամբ նվիրաբերվում է գաղափարին, ով անմնացորդ տրվում է արվեստին, ով սրտով ու արյունով ստեղծում է իր երգը: 1908թ. կազմում է հայրենասիրական բանաստեղծությունների ժողովածու, բայց չի կարողանում հովանավոր գտնել գիրքը հրատարակելու համար: Վարուժանը հիասթափված գրում է. ՙՀիմա կը հասկնամ, թե որքան անիծված են գրագետները. Մոր մը աղեգալար երկունքովը կը ծնանին իրենց երկը, իրենց զավակը և տունը զգեստ չունին, որ զայն պճնեն, արևի լույսին, դեպի դաշտերն հանեն այդ դաշտերու որդին՚:

      Comment


      • #4
        Ընդհանրապես, իր գրական բոլոր մտահղացումներն ու ծրագրերը Վարուժանը նամակներով կիսել է Արշակ Չոպանյանի հետ: Վերջիս ոչ միայն օգնել է խորհուրդներով, այլև աջակցել է գրքերի վաճառքին: Նամակներով նրանք կիսվել են միմյանց հետ, քննարկել տարբեր հարցեր: Չոպանյանը պարբերաբար Վարուժանին էր ուղարկում իր խմբագրած ՙԱնահիտ՚ հանդեսը, որտեղ հաճախ զետեղում էր Վարուժանի բանստեղծություն-ները:
        Անցնում են ամիսներ, գալիս է 1909 թվականը, սակայն մեկենաս չի գտնվում: Վարուժանը հույսը կապել էր Պոլսի հետ, սակայն այնտեղ էլ տեղի էին ունենում նոր իրադարձություններ:
        Վարուժանը ավարտում է համալսարանը և գալիս Պոլիս: Աշնանը նա արդեն Սեբաստիայի Արամյան վարժարանի ուսուցիչ էր: Իսկ 1910թվականի գարնանը լույս է տեսնում ՙՑեղին սիրտը՚ ժողովածուն: Գրքում տեղ է գտնում նաև ՙՋարդը՚ պոեմը: Գիրքը չտեսնված մեծ ու ջերմ ընդունելություն գտավ: Վարուժանն այդ գրքում պատկերել էր իրական հայրենիքի, տառապող ու երազող ժողովրդի ոգին: ՙՋարդ՚-ի մասին ինքը գրում է. ՙԸնդունեցե՜ք. Արցուքիս,ցասումիս և հեգնությանս մեկ խմորումն է՚: Այս գրքում Վարուժանն ընդգրկում է հայ կյանքի գրեթե բոլոր կողմերը, նկարագրում հայերի ազգային ճնշումները: Բայց այդ ամենը պատկերում է ո՜չ լաց լինելու, ո՜չ էլ կարեկցանք հայցելու համար: Նա համոզված ասում է.ՙՀայը պիտի ապրի հակառակ իր դահիճներուն..Ժանիքի դեմ ժանիք, թաթի դեմ թաթ վրիժառու՚:
        Բանաստեղծի աշխատանքային կյանքն սկսվեց Արամյան վարժարանից: Եվ կյանքի հետագա բոլոր տարիներին, որոնք, ավա՜ղ, շատ կարճատև եղան, Վարուժանը նվիրվում է մանկավարժությանը: Արամյան վարժարանում դասավանդում է հայերեն և ֆրանսերեն, հայ գրականություն,սահմանադրության և տնտեսագիտության հիմունքներ:Երկու տարի աշխատում է Սեբաստիայում՝ բնակվելով հայրենի գյուղում:

        Comment


        • #5
          1911 թ. աշնանը Վարուժանը տեղափոխվում է Թոքատ և աշխատանքի անցնում Ազգային ճեմարանում որպես ավագ ուսուցիչ: Գավառում անցկացրած երեք տարիների մասին Վարուժանը գրում է. ՙԳավառին երեք տարվա կյանքս ջղայնացնող պայաքարում մը եղավ ընդդեմ նախապաշարումներու, ժողովրդական տգիտության և կուսակցական խոլություններու՚: Դերենիկին գրում է. ՙԱմառը հավանական է Պոլիս երթամ: Հոս ասպարեզ չկա, մինչդեռ տանը ամբողջ հոգսը վրաս ծանրացած է՚: Չնայած դժգոհությանը՝ Վարուժանը այդ տարիներին եռանդուն գործունեություն է ծավալում գավառում՝ ներդնելով իր գիտելիքներն ու տաղանդը:Նա ասում էր,որ ժողովուրդը ծարավ է, և ՙլույսի կուժը պետք է մոտեցնել իր շրթունքներին՚: Վարուժանի շնորհիվ Թոքատի հասարակական կյանքում աշխուժություն մտավ: Իր ընկեր Թեոդիկին ուղղված նամակում գրում է. ՙԱվելի ժողովուրդին հետ կը կենակցիմ, քան թե Մուսային և ավելի հռետորություն կ'ընեմ, քան թե տաղերգություն՚: Այդ տարիներին ձգտում էր ժողովրդի մեջ արթնացնել ազգային ոգին, լուսավորել նրան: Ըստ Վարուժանի՝ ՙԱյստեղի կենցաղս մինչև ցարդ խիստ հուզումնալից եղավ. քանդել մեկ ձեռքով և սերմանել մյուսով, ու տառապիլ միշտ…՚: Բայց բանաստեղծը հավատում է հայի կենսունակությանը, նրա ապագային: ՙՀայը մի մարտիրոս է, մի վկա: Ժանտ ձեռքերը ջախջախեցին իր գանգը, բայց նա կրցավ ստեղծագործել: Կոտրեցին իր բազուկները, բայց նա ակռաներով բացեց իր սրտին ակոսները, նիզակներու և յաթաղանի հարվածներով պատռեցին իր կուրծքը և ծակծկեցին ամբողջ իրանը և սակայն չի կրցին մեռցունել զինքը, որովհոտև սիրտը կը բաբախեր տակավին այնքան ուժգին, որքան մի առույգ երիտասարդի սիրտը՚: Հայրենասեր բանաստեղծին շատ է հուզել նաև ժողովրդի ծանր սոցիալական դրությունը: Դասավանդելով տնտեսագիտություն՝ նա առաջարկություններ է անում ժողովրդի ծանր վիճակը թեթևացնելու համար:

          Comment


          • #6
            Երեք տարիների գավառական կյանքը Վարուժանին տվեց նոր ներշնչումներ, կյանքի ավելի լայն ճանաչողություն և ,իհարկե, կյանքի ընկեր: Այդ մասին ընկերոջը՝ Նշան Տեր-Ստեփանյանին, նամակով գրում է. ՙԱմուսնությունս եղավ հանկարծակի, սիրային ողբերգությունե մը վերջ , որ գրեթե տարի մը տևեց: Կատարյալ վեպ մըն է, զոր ապրեցա Սվազի մեջ, անցնելով ես և նե, խիստ վտանգալից, դռամատիկ՚:
            Վարուժանի աշակերտուհիներից մեկը` մեծահարուստ ընտանիքի զավակ Արաքսի Թաշճյանը, որն ինքն էլ գրական փորձեր էր անում և հիացած էր Վարուժանի տաղանդով,
            խնդրում է ծնողներին, որ իրեն ուղարկեն Վարուժանի մոտ` մասնավոր պարապմունքների: Եվ դասերի ընթացքում նրանց միջև ծնվում է փոխադարձ սեր: Արաքսիի ծնողները, սակայն, արդեն մի հարուստ պարոնի տվել էին իրենց համաձայնությունը աղջկան ամուսնացնելու:
            Արաքսիի հայրը իմանում է աղջկա և Վարուժանի սիրո մասին և աղջկան արգելում է տնից դուս գալ: Վարուժանը հոգեկան ծանր պահեր է ապրում: Մի պահ հոր ազդեցության տակ Արաքսին նամակ է գրում Վարուժանին և հորդորում հրաժարվել իրենից: Սակայն Վարուժանը ետ չի կանգնում՝ հասկանալով, որ Արաքսիին պարտադրել են: Արաքսին զղջում է և հաջորդ նամակն է գրում Վարուժանին. ՙԴու գիտցիր, որ քեզ մոռանալ անկարելի է, մահս նույնիսկ քեզ համար աչքս առած կը պտըտիմ խևի պես, միշտ նայելով նկարիդ վրա, հազիվ կրնամ զսպել արցունքս և մերթ ընդ մերթ ալ արցունքներովս և համբույրներովս կը ողողեմ զայն՚: Գրում է նաև, որ պատրաստ է պայքարելու իր սիրո համար: Վարուժանն այդ նամակից թևեր է առնում և ուղարկում պատասխան նամակը. ՙԻմ հզոր և քաղցր Արաքսի, ես համոզվեցա, որ դուն չես փոխված և այդպես հեղհեղուկ մտքի տեր մեկը չես: Այս քանի մը օրը դժոխային տառապանքներ կրած եմ: Նամակդ եկավ վերջ դնելու այն վերքերին, որ սրտիս մեջ կը լայննար՚: Նրանք խորհում են և որոշում են փախչել, սակայն Արաքսիի ծնողները, տեղեկանալով այդ մասին, տալիս են իրենց համաձայնությունը: Հաղթում է մաքուր և ազնիվ զգացմունքը, և Վարուժանն ու Արաքսին ամուսնանում են: Վարուժանը երջանիկ էր ընտանիքում: Ծնվեցին Վերոնիկ-Վարուժնակ աղջիկը և Արմեն տղան:Նամակով Պիեռ Մաեսի հետ կիսում է իր երջանկությունը. ՙՍիրելի՜ Պիեռ,արդեն երկու տարի է, ինչ ամուսնացել եմ: Կինս կոչվում է Արաքսյա, մի գեղանի խարտիշուհի, որին սիրում եմ ռոմանտիկ սիրով: Ավելին, ես ունեմ մեկ տարեկան մի աղջնակ: Նա արդեն գիտե ՙպապա՚ ասել, և այդ բառն ինձ լցնում է անհատնում հրճվանքով: Ես նրան ձոնել եմ մի բանաստեղծություն ՙՎարուժնակիս՚ վերնագրով. դա անունն է այդ փոքրիկ հրեշտակին, որին խանդաղատում եմ ամբողջ սրտով՚:
            Ընտանիքից դուրս նա ուներ երկրորդ ընտանիքը՝ դպրոցը, իր սիրելի աշակերտները: 1912թ. Վարուժանը ընտանիքով տեղափոխվում է Պոլիս: Պոլիսը նրան ձգում էր երկու պատճառով՝ նյութական դժվարությունները և արևմտահայ գրական կյանքին մոտ լինելու, իր հետագա ծրագրերը իրագործելու բուռն ցանկությունը: 1912թ. աշնանից ստանձնում է Լուսավորչյան վարժարանի տնօրենի պաշտոնը:
            Մոտ երեք տարի ապրեց Վարուժանը Պոլսում, սակայն դարձավ պոլսահայ գրական և հասարակական կյանքի ճանաչված դեմքերից մեկը: Վարուժանն առաջին հերթին կարևորում էր մայրենի լեզվով ազգային կրթությունը: Նա ասում էր. ՙԶանազան սպառնալիքներու տակ ինկած ազգ մըն ենք, որ պետք ունինք մեր բոլոր տոհմային հատկությունները կեդրոնացնելու և զարգացնելու՚: Իր տնօրինության առաջին իսկ օրից Վարուժանը ձեռնամուխ է լինում վարժարանի հայրենասիրական ավանդույթների զարգացմանը: Այդ նպատակով ավելացնում է ազգային դաստիարակության ժամերը՝ կրճատելով կրոնի դասերը: Այս երևույթի դեմ է դուրս գալիս համայնքի պատրիարք Թերզյանը: Նա և նրա կողմնակիցները բազմաթիվ հերյուրանքներ են տարածում Վարուժանի մասին: Բայց Վարուժանն արհամարհում է բամբասանքները՝ շարունակելով իր մանկավարժական գործունությունը:
            Այդ հերյուրանքների դեմ նա մի բաց նամակ է գրում ՙՀողդար՚-ի խմբագրություն. ՙԻնչու՞ ցավիմ անոնց վրա, որոնք քերթողի մը հոգին ըմբռնելու կարողություն իսկ չունին:Մենք կ'երգենք կյանքի բոլոր երևույթները. Այսօր կը ծիծաղինք, վաղը կուլանք, այսօր քահանա ենք, վաղը` քուրմ, օր մը թափառական, օր մը արքա, օր մը սիրահար, օր մը ատեցող, բայց իսկապես ո՜չ մեկն ենք,մենք մենք ենք: Աստված մեր սիրտը հայելի մը դրած է` որ հավատարմորեն կը ցոլացնե ամեն ինչ`առանց ամեն ինչ ըլլալու: Այդ իսկ պատճառով է, որ երբ քերթողը ծնանի , իր հետ կը ծնանի նաև աշխարհը իր գաղտնիքներով: Շուները կը հաչին, բայց քարավանը կ'անցնի՚: Եվ, իրոք, նրա քարավանը անխոտոր շարունակում էր իր ճանապարհը` հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

            Comment


            • #7
              1913թ. շրջանավարտներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Վարուժանը հանդես է եկել ճառով, որը կոչվել է ՙՀուսկ բանք՚: Այն մեծ տպավորություն է թողել ներկաների վրա: Վարժարանի սաներին ասում է. ՙՀաջողությունը դուք անձամբ այսուհետ պիտի գտնեք: Մենք անոր ճամփան սորվեցուցինք: Ձեզի տվինք երեք ոսկեղեն բանալիներ հաջողության երեք դռներ բանալու համար: Առաջինը Երազի և Սրբության դուռն է` ուրկե կը մտնեք ընտանեկան օջախը:Երկրորդ դուռը Կյանքն է,ուր մարդիկ օրն ի բուն կը գոտեմարտին հացին համար հավիտենական կռիվ կը մղեն: Երրորդ դուռը հայրենիքի արյունլվա ու լալաճռինչ դուռն է, հայրենի երկիրը` փշաստան և բուրաստան՚: Վարուժանի կարծիքով՝ մեծ նվիրում ու սեր է անհրաժեշտ , որ երիտասարդները մտնեն այդ լալաճռինչ դռնից ներս ու մաքրեն բուրաստանը փշերից:
              Օր օրի մեծանում էր Վարուժանի հեղինակությունը: Այդ տարիներին ուսուցիչ էր միաժամանակ երեք վարժարաններում: Նա վայելում էր թե՜ աշակերտների, թե՜ ծնողների սերն ու հարգանքը: Նրա դպրոցի աշակերտների թիվը գնալով ավելանում էր: Նա իր սաներին ոչ միայն դասավանդում էր գրականություն, մանկավարժություն, այլև մեծ ուշադրություն էր դարձնում նրանց գեղարվեստական դաստիարակության վրա: Վարուժանն ինքը կաթոլիկ էր, բայց նրա համար դավանանքը երկրորդական նշանակություն ուներ, կարևորը ազգային կրթության գործն էր: Նա շատ սուր խոսքեր է գրել վանքի և վանահայրերի մասին: Նրան հարցրել են. ՙՈւրեմն եկեղեցին վերացնե՞նք՚: Նա պատասխանել է. ՙՉէ, հայ եկեղեցին պահպանելու ենք, որովհետև ան արժեք ունի իբրև հանավանդ հաստատություն՚:

              Comment


              • #8
                Վարուժանը այդ տարիներին նաև հրապարակային ելույթներ էր ունենում տարբեր թեմաներով, հավաքույթների, հանդեսների ժամանակ: 1913 թ. հայոց գրերի գյուտի 1500-ամյակին նվիրված հանդիսություններին բազմաթիվ կրակոտ ելույթներ է ունենում: ՙՈ՞վ պիտի կրնա գրել այդ տառերուն պատմությունը, անոնք հրաշեկ գամերու նման Ցեղին գոյությունը հաստատեցին մագաղաթներու հավերժական հաստատության վրա՚,- ասում է Վարուժանը:
                Իհարկե, այդ տարիներին նրա էության անբաժանելի մասն էր մնում բանաստեղծական ներշնչանքը: Այդ տարիներին նա շարունակեց դեռևս Գենտում հղացած ծրագրերի իրականացումը, ավարտեց ՙՀեթանոս երգեր՚ շարքը, որում նա փորձեց ներկայացնել մարդկային հոգին իր բոլոր կողմերով: Այդ տարիներին արևմտահայ գրականության մեջ սկսվեց մի շարժում, որը կոչվեց ՙհեթանոսական՚, որի գլխավոր դեմքը դարձավ Վարուժանը իր ՙՀեթանոս երգեր՚ ժողովածուով և ՙՆավասարդ՚ տարեգրքով, որը նա հրատարակեց իր ընկեր բանասեր և խմբագիր Հակոբ Սիրունու հետ: Դեռևս 1908թ. Վարուժանը գրում է. ՙՀեթանոս կյանքը օրեօր զիս կը գրավե. եթե այսօր կարելի ըլլար, կրոնքս կը փոխեի և սիրով կ'ընդգրկեի բանաստեղծական հեթանոսությունը՚: 1912թ. լույս է տեսնում ժողովածուն, որի ծախսերն իր վրա է վերցնում ռոստովցի մեծահարուստ Հովհաննես Պալյանը:Գիրքն արժանացավ հակասական գնահատականների: Վարուժանն ստեղծեց զարմանալի ներդաշնակության հասնող մի գիրք՝ ընդգրկման մեծ ծավալով, կյանքի խորունկ ընկալմամբ, արվեստի հզոր ուժով: Գրքի երկու մասերը՝ ՙՀեթանոս երգեր՚ և ՙԳողգոթայի ծաղիկներ՚ խորագրերով, գեղեցկության և ցավի միասնություն են:
                ՙՀեթանոս երգեր՚-ում մեծ բանաստեղծի գրչի տակ ծնվել էին կնոջ ու սիրո զգացմունքի, բնության արգասավորության ու կյանքի բեղունության պատկերներ, իսկ ՙԳողգոթայի ծաղիկներ՚-ում՝ ժողովրդի ընչազրկության ու թշվառության պատկերներ:

                Comment


                • #9
                  Վարուժանը դեռևս մեծ ծրագրեր ուներ: Նա առաջարկեց ստեղծել գրողների ու արվեստագետների միություն` ՙԱստեղատուն՚ անունով, բայց այդպիսի միություն մեկ ուրիշն արդեն ստեղծել էր, և այդ գործը գլուխ չեկավ:
                  Շուտով Հակոբ Սիրունու հետ լույս ընծայեցին ՙՆավասարդ՚ տարեգիրքը: 1914 թ. հունվարին լույս տեսավ ՙՆավասարդ՚-ի առաջին հատորը, որը բացվում էր Վարուժանի ՙՆավասարդյան՚ բանաստեղծությամբ: Գիրքը մեծ ընդունելություն գտավ և բարձր գնահատվեց արևելահայ և արևմտահայ մտավորականների կողմից: 1914թ աշնանը արդեն պատրաստ էր գրքի երկրորդ հատորը, սակայն սկսվեց պատերազմը, և այն լույս չտեսավ:
                  1912-1914 թվականներին մամուլում Վարուժանի ստորագրությամբ հայտնվում են նոր բնույթի բանաստեղծություններ:Բանաստեղծը հայտնաբերում է մի նոր աշխարհ` գյուղը, հողը, աշխատանքը: Շատերը զարմացան այս հանկարծական անցումից, բայց Վարուժանը այս թեմայի մասին նախօրոք էր մտածել և արդեն ընտրել էր վերնագիրը` ՙՀացին երգը՚:
                  Այս շարքը գրվել է 1913-1915 թվականներին: Ինքն այդ մասին մի նամակում գրում է. ՙԱյժմ կգրեմ ՙՀացին երգը՚, որ հուսամ տարիե մը լույս կտեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները: Հաճելի է ինձի միշտ լարերս փոխել և վերանորոգվիլ արվեստիս մեջ, և եթե մուսաները չլքեն զիս, դեռ պիտի կրնամ շվարեցնել՚:1915 թվականին ապրիլին, երբ Վարուժանին աքսոր են տանում, ոստիկանությունը բռնագրավում է նրա ձեռագրերը, որոնց մեջ էր նաև ՙՀացին երգը՚ անավարտ շարքը: 1919 թ. Վարուժանի այրին` Արաքսի Թաշճյանը, կաշառելով գրաքննության աշխատողին, մտնում է այն ներքնահարկը, որտեղ պահվում էին գրողների բռնագրավված ձեռագրերը, և որոշակի գումարի դիմաց կարողանում է ձեռք բերել Վարուժանի գործերը:
                  ՙՀացին երգի՚ տպագրությունը ստանձնեց ՙՆավասարդ՚ նորաստեղծ միությունը: Միությունը դրքի հրատարակության առթիվ կազմակերպեց ցերեկույթ, որի ժամանակ բանախոսությամբ հանդես եկան Վահան Թեքեյանն ու Շահան Պերպերյանը:
                  Ցերեկույթի ամենահուզիչ պահն այն էր, երբ Վարուժանի դուստրը` Վերոնիկ Վարուժանը, արտասանեց ՙՎարուժնակիս՚ բանաստեղծությունը: Գիրքը լույս տեսավ 1921թվականին:

                  Comment


                  • #10
                    ՙՀացին երգը՚ շարքին հաջորդելու էր ՙԳինիին երգը՚ շարքը: Ինքը գրում է, որ շարքը ձոնելու է ՙփրփրադեզ, կենսաժպիտ գինիին, որ արբեցնում և հրճվանքներ է պատճառում մարդուն, գինիին, որ ընդունակ է զոհաբերվելով հաճույք պատճառել մարդուն, աստվածային ներշնչումներ տալ՚:
                    Բայց վրա հասավ անսպասելին. Շատ ծրագրեր մնացին իբրև ծրագիր, բազում նոր հղացումներ չծնվեցին:
                    1915թ ապրիլի 24-ից սկսվեցին մտավորականների ձերբակալություններն ու աքսորը: Ձերբակալվեց 200-ից ավելի մարդ: Ձերբակալում են նաև Վարուժանին: Մի քանի օր առաջ արդեն լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը կազմել է աքսորվող մտավորականների ցուցակը, և այդ ցուցակում Վարուժանի անունը չկա: Ամեն դեպքում Վարուժանի ընկերները առաջարկում են հեռանալ Պոլսից: Բայց նա հրաժարվում է` ասելով, որ ճի կարող թողնել ո՜չ հայրենիքը, ո՜չ ընտանիքը. կինը երրորդ երեխային էր սպասում: Գիշերը նրան տարան: Սկզբում աքսորյալներին պահում էին զորանոցներում, հետո թույլատրվեց ապրել քաղաքում: Վարուժանը վարձակալում է մի հայ ընտանիքի: Արաքսին պատմում է. ՙԱքսորի շրջանեն Վարուժանեն ստացած եմ թուրքերեն գրված բացիկներ: Ուզած էր Հոմերոսի ՙԻլիական՚-ը, որ ղրկած էի իրեն: Գիտեմ, որ հոն իսկ կաշխատեր ու կը գրեր՚:
                    Ընկերներրը ևս վկայում են, որ շատ էր գրում այդ օրերին: Բայց թե ինչեր է գրել, ի՞նչ նոր երգեր են ծնվել այդ փոթորկուն պահերին, ի՞նչ հուզումներ են տողեր դարձել, ցավոք, անհայտ է մնացել: Այդ օրերին նա ընդամենը մի քանի թուքերեն երկտողեր է գրել կնոջը և ընկերներին` ընտանիքից տեղեկություն ստանալու համար: Իսկ երբ Վարուժանին, Ռ.Սևակին և ուրիշ երեք ընկերների կառք են նստեցրել ուրիշ քաղաք տեղափոխելու պատրվակով, նրանք հասկացել են, որ դա մահ է նշանակում: Վերջին պահին Վարուժանը պատվիրել է կնոջն ասել, որ ծնվելիք զավակի անունը Վարուժան դնի, ապա ընկերներին ասել է. ՙՊիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ՚: Ճանապարհին` Թունեյի ձորում, քրդերը հարձակվում են նրանց կառքի վրա, բոլորին կապում ծառերից և գազանաբար սպանում: Դա 1915թվականի օգոստոսի 26-ն էր: Իսկ 1915թ. աշնանը Միջագետքի անապատում բնաջնջվում է Բրգնիք գյուղի ողջ բնակչությունը:
                    Նահատակվեց Վարուժանը, բայց նրա կյանքը շարունակվեց հետմահու: Վերապրեց նրա ոգին իր բանաստեղծություններով: Նրա անունը հնչեց Հայաստանում, Սփյուռքում, ամենուր: 1958 թ. բելգիական Գենտ քաղաքի հայ ուսանողների նախաձեռնությամբ համալսարանի մատենադարանի սրահում ամրացվեց հուշատախտակ` Վարուժանի դիմաքանդակով և երեքլեզվյան արձանագրությամբ: Նրա անունը դասվեց հայոց մեծերի կողքին` Թումանյան, Իսահակյան, Չարենց, Սիամանթո: Ժամանակին նրանք բոլորն էլ հիացմունքով են խոսել Վարուժանի մասին: Ե. Չարենցը գրել է.
                    Արծաթե ափսեի վրա նա տանում էր մի բոցավառ սիրտ,
                    Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ կեղեքող,
                    Եվ զուլալ արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
                    Իր գյուղի արևի մասին,որ մորթել էին օրը ցերեկով…

                    Comment


                    • #11
                      Մի նամակում Վարուժանը գրում է. ՙԲաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած ծնած ըլլալու գոնե չզղջա՚:
                      Իսկ Հայրենիքը ոչ միայն չզղջաց, այլև հպարտացավ իր տաղանդավոր և հայրենասեր զավակով, որի կյանքը վկայությունը եղավ արվեստին ու իր ժողովրդին անմնացորդ նվիրումի: Հետագա տարիները եղան մեծ բանաստեղծի գնահատանքի ու մեծարման տարիներ: Նրա մասին գրվեցին բազմաթիվ հուշագրություններ, մենագրություններ, լույս տեսան բազմաթիվ ժողովածուներ, աշխարհի բոլոր ծայրերից հավաքվեցին նրա անտիպ գործերն ու նամակները: Վարուժանի ՙՆամականի՚-ն հրատարակվեց 1965թ. և լայն արձագանք գտավ, նպաստեց նոր նամակների երևան գալուն մեծ բանստեղծին ավելի մոտիկից ճանաչելուն:

                      Comment


                      • #12
                        1940թ. Վարուժանի մտերիմ ընկերն ու գրչակիցը` Հակոբ Սիրունին, հրատարակեց գիրք Վարուժանի մասին: Նա իր գրքում հիացմունքով գրում է. ՙԱնզուգական Դանիելը, որ ակոսը բացավ չմեռնող գեղեցկություններուն ու նոր սերունդը ծունկի իջեցուց անոնց շքեղության առջև՚: Եվ վերածվում է Վարուժանը ամեն օր ու իր հրաշք արվեստով ծունկի իջեցնում եկող սերունդներին: Իրավ, իսկական բանաստեղծները չեն մեռնում . նրանք շարունակում են ապրել սերունդների մեջ:Իսկ Վարուժանը իր ժողովիրդի իսկական բանաստեղծն է, նրա երազի ու տառապանքի երգիչը:

                        Comment


                        • #13
                          Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։

                          Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

                          Comment


                          • #14
                            Պիտի ապրի հայը, ցորչափ փարած է նա իր գրչին՝ որ կարտահայտե սրբագործող միտքը, իր բահին՝ որ աշխատությունը կը հատկանշի, և իր զենքին, որ գործիքն է զորավորության:


                            Արվեստի գործ մը հեղինակի սրտեն փրթամն է, թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն:



                            Իսկ բաղձանքս, եթե կուզեք, բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջար:

                            Comment


                            • #15
                              Ես կկարծեմ, թե բնության և հոգվույն գեղեցկությունները մեկ կերպով ճշմարտորեն կարտահայտվին, զանոնք նկատել ինչպես որ են:

                              Իրապաշտությունը գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծն է:

                              Դանիել Վարուժան
                              Վերջին խմբագրողը՝ Զարինե Ամիրյան; 10-02-19, 19:52.

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X