Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՝ ԲԱԿՈՒՆՑԸ ԵՎ ՉԱՐԵՆՑԸ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՝ ԲԱԿՈՒՆՑԸ ԵՎ ՉԱՐԵՆՑԸ

    Մեծ բարեկամներ էին Ակսել Բակունցն ու Եղիշե Չարենցը: Նրանց բարեկամությունը շատ էր հիշեցնում Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի բարեկամությունը: Նրանց բարեկամությունն սկսվեց ծանոթության րոպեից և տևեց մինչև վերջ, որն ունեցավ տասը-տասնմեկ տարվա կյանք, բովանդակալից, լեցուն, վճռական տարիներ, տարիներ բեղմնավոր տքնության և ստեղծագործակն վերելքի:
    _ Որտեղի՞ց եկավ մեր Ակսելը,_ ասում էրՉարենցը,_ դու տես՝ կարճ ժամանակվա ընթացքում ինչ դառավ: Եկավ ոնց որ գարնանային որոտ: Այսպես գալիս են միայն իսկական գրողները՝ անսպաելի ու հանկարծական... Ակսելը մեծ երևույթ է:
    Իր հերթին Բակունցը բարձր էր գնահատում Չարենցի տաղանդը, նրա գիրն ու գրականությունը, երբ կարդում էր պարբերական մամուլում ժամանակակից բանաստեղծների «ստիխները», ուսերը վեր էր քաշում.
    _ Չարենցից հետո ի՞նչ բանաստեղծություն:
    Ես չեմ հիշում, որ նրանք մեկմեկու ներկայությամբ իրար գովեին: Բակունցն առհասարակ սովորություն չուներ կարդալ իր ձեռագիր գործերը, հակառակ Չարենցի: Երբ Չարենցը կարդում էր իր անտիպները, Ակսելը կեպին քաշում աչքերին և ուշադրությամբ լսում էր: Երբ վերջանում էր ընթերցումը, Բակունցը բարձրացնում էր կեպին, մի ծխախոտ էր վառում ու դժվար չէր նրա աչքերում նկատել հիացմունք ու ուրախություն: Չարենցը կարդում էր «Դեպի լյառն Մասիս» անտիպ գործը: Երբ վերջացրեց, Բակունցը խնդրեց:
    _ Տուր, մի անգամ էլ ես կարդամ:
    Կարդաց մտքում և վերջացրեց խորը հառաչանքով:
    _ Դա՜..._ այս եղավ նրա ամենաբարձր գնահատականը:
    Տարբեր խառնվածքի մարդիկ էին Չարենցն ու Բակունցը: Չարենցը հախուռն էր, անմիջական, Բակունցը՝ զուսպ ու ներհուն: Չարենցի մոտ ուժեղ էին անողոք հումորն ու կտրուկ եզրակացությունները, Բակունցն ավելի ռոմանտիկ էր և հարուստ կախման կետերով: Չնայած դրան՝ նրանք մի մեծ ներդաշնակություն էին և իրար հասկանում էին կես խոսքից: Ինչպես Չարենցն էր ընդունում Բակունցի հեղինակությունը, այնպես էլ Բակունցը՝ Չարենցի:
    _Գնանք Եղիշի մոտ, տեսնենք՝ ի՞նչ կասի այս մասին,_ ասում էր Բակունցը, երբ մի հարց թվում էր դժվար լուծելի.
    _ Մեր Ակսելն էլ ժամանակ գտավ գյուղ գնալու: Տեսնես՝ ի՞նչ է նրա կարծիքը:
    Թե՛ Ակսել Բակունցը, և թե՛ Եղիշե Չարենցը բարեկամներ էին երիտասարդ գրողների: Նրանք ուրախանում էին, երբ լույս էր տեսնում մի լավ գիրք, կամ պարբերական մամուլում հանդես էր գալիս մի հուսատու ստորագրություն: Խստաբարո սիրով նրանք հովանավորում էին ինձ ու Մկրտիչ Արմենին, լավի համար ուրախանում էին, վատը ձաղկում անողոք ու անխնա:
    _ Գրականության հետ հանաք անել չի կարելի, մենք պատասխանու ենք գալիք սերունդների առաջ,_ թվում էր, թե այս նրանց ամենօրյա մտահոգությունն էր, և այս խոհերով ապրում էին նրանք ոչ միայն գրելիս, այլև խոսելիս, վիճելիս, մի դրույթ հաստատելիս կամ ժխտելիս: Նրանք սիրում էին նաև ժամանակակից գրական երևույթներին նայել իրենց նախնիների աչքերով. «Տեսնես՝ ինչպե՞ս կվարվեր Վահան Տերյանը, եթե ապրեր մինչև մեր օրերը»:
    Երկուսն էլ ջերմ սիրով սիրում էին Ավետիք Իսահակյանին և Շիրվանզադեին, վարվում նրանց հետ մեծ ակնածանքով և վայելում նրանց փոխադարձ սերը: Ներդաշնակ էին նրանք իրենց համակրությունների ու հակակրությունների մեջ, դժվար էր գտնել մի մարդ, որին Բակունցը սիրեր ու հավատար, իսկ Չարենցը՝ ոչ, և ընդհակառակը: Սիրում էին երկուսն էլ Արարատյան դաշտի պեյզաժը: Ապագա Երևանի պատկերը հանգիստ չէր տալիս նրանց. ժամերով նստում էին մեծ ճարտարապետ Թամանյանի արվեստանոցում և զննում նոր Երևանի նոր հատակագիծը:
    Չկան այսօր երկու մեծ բարեկամները, բայց նրանց պայծառ կերպարները կապրեն և կանցնեն սրտից սիրտ, սերունդից սերունդ:

    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻԻ ՀՈՒՇԵՐԻՑ

  • #2
    Եղիշե Չարենցի նորահայտ անտիպ էջերից

    Սիրելի՛ Ակսելին

    Այդ գունատ սուբյեկտը
    Այդ գունատ սուբյեկտը, որ նստած է դեմդ,-
    Դու նրան ճանաչո՛ւմ ես, դու նրան գիտես:-
    Նա այդպես միշտ գունատ է, և այդպես միշտ հե՛տդ է`
    Թե շրջում ես կյանքո՛ւմ դու, երազում ես թե:
    Այդ գունատ սուբյեկտը:- Առաջին անգամ նա
    Երևաց կյանքում քո, երբ առար գրիչ:
    Եվ այդպես` այդ օրը սկսվեց անկումդ —
    Նա ցնցեց հոգին քո ու հանձնեց հրի: —
    Այդ հիմար սուբյեկտը: — Քո ձեռքից բռնած նա
    Քեզ տարավ բուլվարը և ասաց` նայի՛ր –
    Քեզ թովում է գիշերը ու գունատ լուսաբացը,
    Քեզ թովում է ալլեյը` այսքա՛ն ամայի:
    Նա ասաց. – Տեսնո՞ւմ ես ոսկեգույն տերևները,
    Որ այդպես ընկնում են ու ուղիդ...
    Աշխարհում օրե՛նք է իր ժամին մեռնելը…
    Եվ այսպես` քեզ խաբե՛ց նա ու տվեց օղի:
    Նա ասաց` ամբո՛ղջը, ինչ որ կա, չնչի՛ն է.
    Ինչ որ կա — երա՛զ է, ու երազը` ծուխ, —
    Դու սիրիր միայն երգը, տխրությունն ու կինը,
    Որ քեզ պես անցողիկ է ու քեզ պես մահացո՛ւ:
    Եվ այսպես – նա խաբե՛ց քեզ ու մնաց նա մոտդ
    Ամենուր հետևե՛ց նա ու հսկեց նա քեզ:
    Եվ անգամ չկորավ նա այն խնդուն առավոտը,
    Երբ ցնդեց մառախուղը և արևը ծագեց…
    Այդ գունատ սուբյեկտը:- Նա մի խեղճ կրետի՛ն է,
    Նա հիվանդ երազող է, նա մելանխոլի՛կ,-
    Բայց նրա հայացքի տակ, տե՛ս, ցնդում է գետինը
    Եվ փոխվում է աշխարհը մանկական հոլի…
    Թե չգար այդ սուբյեկտը, չբռներ թե վզիցդ`
    Ախ, գուցե դառնայի՛ր դու հանճարեղ Իկար, —
    Բայց նայի՛ր` քաշել է իր մթին շրջագիծը
    Եվ ցմահ քեզ գերե՛լ է այդ սրիկա՛ն…
    Կքամի նա ուղեղդ, կծծի եռանդդ,
    Կխմե արյունդ` քեզ գերի դեռ թե —
    Օ, խեղդի՛ր, քանի շուտ է, օ, խեղդի՛ր նրան դու
    Քանի ինքը, քանի ինքը դեռ քեզ չի խեղդել…

    1927թ. 29. 03. Արմավիր

    Comment


    • #3
      Պատմում է Խորեն Աճեմյանը. (Խորեն Ռադիո 1907 - 1968), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը:


      Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, որոնք, ասես, մրցում էին իրենց բարեմասնություններով:
      Նրանք սրտակից, գաղափարական ընկերներ էին, որոնց կապում էր ամենից ավելի ազգային նիհիլիզմի դեմ ունեցած ատելությունը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ տարբեր էին իրարից և հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով: Վեճը սուր բնույթ էր ստանում, թվում էր, թե նրանք ինչ-որ տարբեր հայացքների մարդիկ են և ոչինչ չի կարող նրանց հաշտեցնել:
      - Դե՛, թող մարդը իր խոսքն ավարտի,- մռլտում էր Բակունցը, այդ քչախոս, ինքնամփոփ մարդը, տեսնելով, որ անհամբեր խոսակիցը կտրում է իր խոսքը:
      - Լա՛վ, խոսի, եթե ասելիք ունես: Ախր ասելիք չունես:
      Երբեմն էլ դերերը փոխվում էին:
      - Ախր չես թողնում, որ մարդ իր ասածը ասի և մեջ ես ընկնում, ոնց որ
      Քսպեն.-
      - Ну, дуй, дуй, сколько угодно, и так все время ты говоришь.
      Դժվարանում եմ ասել, թե ինչ կապակցությամբ հայերենից անցնում էին ռուսերենի, բայց պիտի ասեմ, որ հաճախ էր լինում: Չարենցը, անշուշտ, վելի լավ էր տգիրապետում բանավեճի արվեստին և ռուսերենին, բայց սակավախոս Բակունցն իր հակիրճ, լակոնիկ պատասխաններով հաճախ նեղն էր գցում ճարտասան ընդդիմախոսին: Վեճերի նյութը և տարաձայնությունների բնույթը զանազան հարցեր էին լինում:

      Comment


      • #4
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Պատմում է Խորեն Աճեմյանը. (Խորեն Ռադիո 1907 - 1968), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը:


        Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, որոնք, ասես, մրցում էին իրենց բարեմասնություններով:
        Նրանք սրտակից, գաղափարական ընկերներ էին, որոնց կապում էր ամենից ավելի ազգային նիհիլիզմի դեմ ունեցած ատելությունը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ տարբեր էին իրարից և հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով: Վեճը սուր բնույթ էր ստանում, թվում էր, թե նրանք ինչ-որ տարբեր հայացքների մարդիկ են և ոչինչ չի կարող նրանց հաշտեցնել:
        - Դե՛, թող մարդը իր խոսքն ավարտի,- մռլտում էր Բակունցը, այդ քչախոս, ինքնամփոփ մարդը, տեսնելով, որ անհամբեր խոսակիցը կտրում է իր խոսքը:
        - Լա՛վ, խոսի, եթե ասելիք ունես: Ախր ասելիք չունես:
        Երբեմն էլ դերերը փոխվում էին:
        - Ախր չես թողնում, որ մարդ իր ասածը ասի և մեջ ես ընկնում, ոնց որ
        Քսպեն.-
        - Ну, дуй, дуй, сколько угодно, и так все время ты говоришь.
        Դժվարանում եմ ասել, թե ինչ կապակցությամբ հայերենից անցնում էին ռուսերենի, բայց պիտի ասեմ, որ հաճախ էր լինում: Չարենցը, անշուշտ, վելի լավ էր տգիրապետում բանավեճի արվեստին և ռուսերենին, բայց սակավախոս Բակունցն իր հակիրճ, լակոնիկ պատասխաններով հաճախ նեղն էր գցում ճարտասան ընդդիմախոսին: Վեճերի նյութը և տարաձայնությունների բնույթը զանազան հարցեր էին լինում:
        Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:

        Comment


        • #5
          Մի օր ամուսինս եկավ, թե՝ գիտե՞ս՝ ինչ երիտասարդի հետ եմ ծանոթացել. զարգացած, խելոք, չտեսնված մի տղա: Բերելու եմ մեր տուն: Եվ իսկապես, հաջորդ օրը բերեց: Միջահասակից մի փոքր բարձր էր: Հագին մի շինել էր, գլխին՝ հնամաշ մի կեպկա, իսկ ոտքերին... ոտքերին պատառոտված կալոշներ: Հետո, երբ նա սկսեց աշխատել, կատակով բոլորս նշեցինք նրա նոր կոշիկներ հագնելը: Նա մնաց մեր տանը 1920 թվից մինչև 1923 թիվը: Մոր պես, քրոջ պես կապված էի նրա հետ: Շատ չանցած՝ Բակունցը դուրս եկավ այն հացավաճառի խանութից, ուր իբրև հաշիվ պահող էր աշխատում, և սկսեց արդեն աշխատել իր մասնագիտությամբ: Հետո կազմակերպեց հայկական ակումբը, որ գտնվում էր հայկական եկեղեցու մոտ: Բակունցը մեզ պատմում էր թուրքերի բարբարոսություններից: Նա մի հուշատետր ուներ, մի իրիկուն կարդաց մեր տանը: Մի անգամ հիվանդացավ. ընկել էինք հիվանդանոցները:
          Մի գլխարկ ուներ՝ կեպի, հովարը միշտ քաշոմ էր աչքերին: Մի օր հարցրի.
          _ Բակունց, այդպիսի գեղեցիկ կապույտ աչքեր ունես:
          Զարմանալի գեղեցիկ աչքեր ուներ, երբ նա ծիծաղում էր, աչքերն էլ հետն էին ծիծաղում: Հարցրի, թե ինչու է իր գեղեցիկ աչքերը ծածկում: Ասում է՝ այնքան շատ մարդիկ են ինձ բարևում, որ շատերին ես չեմ ճանաչում, որ անհարմար բան է ստացվում: Դրա համար գլխարկը քաշում եմ աչքերիս, որ չճանաչեն:
          Վարվառա Չիվիջյան կար, հետո նրա հետ ամուսնացավ: Հիշում եմ, Բակունցը ամբողջ քաղաքը տակնուվա արեց, հայկական տառեր ճարեց, սկսեցին թերթ տպել: «Խոպկա» էր, կարծեմ, անունը: Դերասանական խումբ կար. շաբաթը մի քանի անգամ ներկայացում էին տալիս:
          1923թ., երբ Թումանյանի դիակը Խարկովով էր անցնում, Խարկովի կայարանում սգո միտինգ կազմակերպեց Բակունցը: Այսօրվա պես հիշում եմ, ցուրտ, անձրևոտ օր էր: Ամբողջ հայերը, նրանց հետ նաև տեղացիները, թափվել էին կայարան: Հետո Բակունցը սկսեց խոսել. ինչպե՜ս էր խոսում, մի քանի խոսք ասաց, չկարողացավ վերջացնել, լաց եղավ: Այդ օրը առաջին անգամ տեսա Բակունցին հեկեկալիս: Իսկ երեկոյան նա իր խոսքը շարունակեց հայկական ակումբում:
          Երբ Բակունցը 1923-ին եկավ Հայաստան, ամուսինս նրան ուղարկեց իր մի քանի գործերը: Բակունցը խոստացել էր տպագրել: Հետո եկավ 1937-ը. Բակունցին տարան, ամուսնուս տարան. ասել էին՝ դու ի՞նչ գործ ունեիր Բակունցի հետ, ինչու՞ էիր նրա հետ այդքան մոտ: Այդպես ամեն ինչ խառնվեց իրար:
          Բայց թեկուզ մահվանս օրը լինի, օրերի աղմուկը երբեք չի խլացնի իմ ականջներում Բակունցի ձայնը:

          (Սիրանույշ Լեբլեբիջյանի հուշերը)

          Comment


          • #6
            ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

            Ժամանակի ընթացքում շատ բան է մոռացվում, տարիների փոշու տակ
            շատ բան է ծածկվում, սակայն մանկական ժամանակաշրջանի հետ կապված ամենափոքր դեպքն անգամ մնում է անմոռաց, հավերժ վառ ու կենդանի:
            1905թ. ընդունվել եմ Գորիս քաղաքի հայկական ծխական դպրոցի առաջին դասարանը: Ինձ մոտ նստեցրին խարտյաշ մազերով ու կապույտ աչքերով յոթ տարեկան մի տղայի, որի անունը Ալեքսանդր էր, ազգանունը՝ Բակունց: Հինգ տարի մենք միասին ենք նստել մի նստարանի վրա, այդ տեղից էլ մեր անմեղ աչքերը հառել վարժապետի խոժոռ դեմքին կամ անգույն ու անշուք գրատախտակին: Մեր դասարանցիները մի առանձին հարգանքով էին լցված Ալեքսանդրի նկատամբ: Իսկ դա այն պատճառով, որ նա առաջադեմ էր, ուշիմ և ետ մնացողներին օգնելու ցանկությամբ լի:
            Ալեքսանդրը չափազանց անհանգիստ բնավորություն ուներ, և դա նկատելի էր հատկապես այն պահերին, երբ ուսուցիչը դաս էր պատմում: Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ մեր ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանը ժպտալով մոտեցավ Ալեքսանդրին, շոյեց նրա խարտյաշ մազերը և ասաց.
            _ Ալեքսա՛նդր, դու միշտ նոր դասը հուշում ես, որտեղի՞ց գիտես:
            _ Ես նախօրոք կարդացել եմ իմ բոլոր դասագրքերը,_ պատասխանեց Ալեքսանդրը ոտքի կանգնելով:
            Ուսուցիչը ժպտաց սիրալիր, նորից շոյեց Ալեքսանդրի մազերը և շարունակեց պատմել կիսատ մնացած դասը:
            Ալեքսանդրը զարմանալի ընդունակ և ընկերասեր էր: Դասամիջոցներին հավաքում էր դասարանի տղաներին ու աղջիկներին և պատմում, բացատրում դասերը:
            Մեր դպրոցում էր սովորում Մարիամ Տեր-Մովսիսյան անունով մի աղջիկ: Նա ականջներին ականջօղեր ուներ: Կրոնի դասատու տեր Խորենը նրան կարգադրեց հանել ականջօղերը: Մարիամը չլսեց, լուռ կախեց գլուխը և նայեց դասագրքին: Տերտերը բարկացավ, մոտեցավ աղջկան, ուժ գործադրելով՝ պոկեց ականջօղերից մեկը: Մարիամի ականջը պատռվեց, և նա, ուշքը կորցրած, ընկավ հատակին: Երեխաների աղաղակի վրա հավաքվեցին ուսուցիչները: Մարիամին տարան ուսուցչանոց, այդտեղից էլ՝ իրենց տուն:
            Այս դեպքից հետո բոլորի համար ատելի էր դարձել տեր Խորենը: Ալեքսանդրը ասաց, որ տերտերի գլխին օյին է խաղալու: Մի անգամ նախաճաշի համար հաց ու մեղր էի տարել դպրոց: Ալեքսանդրը առիթը բաց չթողեց: Մեղրը գցում է մի սպիտակ ու հաստ թղթի վրա, դնում աթոռին, ուր պիտի նստեր տերտերը: Տերտերը ներս մտավ, կանգնեց սեղանի մոտ և պահանջեց ասել «Հայր մեր» աղոթքը: Աղոթքը վերջացնելուց հետո ետ քաշեց աթոռը և նստեց: Բոլորս միանգամից փռթկացինք: Տերտերը բարկացավ, կանգնեց և պահանջեց ասել, թե ինչի համար ենք ծիծաղում: Մեղրով պատած թուղթը կպել էր տերտերի փարաջայի ետևի մասին և կարծես սպիտակ կարկատան լիներ: Չհետևելով տերտերի բարկությանը՝ մենք ծիծաղում էինք լիաթոք: Դասից հետո, երբ տերտերը մտնում է ուսուցչանոց, պարզվում է ամեն ինչ...
            Ուսումնական տարվա վերջն էր, որոշել էինք խմբովին նկարվել: Նախաձեռնողը Ալեքսանդրն էր: Նա առաջարկեց նկարվել՝ մայրենի լեզվի դասագրքերը կրծքներիս բռնած: Մենք չհամաձայնեցինք, իսկ Ալեքսանդրը նկարվեց գիրքը կրծքին: Այդ նկարն այժմ էլ կա և գտնվում է Բակունցի տուն-թանգարանում:

            Վարդանուշ Մինասյան

            Comment


            • #7
              ՉԱՐԵՆՑՆ ԷՐ...
              (Հիշում է Գուրգեն Մահարին)

              Նրա վրա ցնցող տպավորություն էր թողնում լավ գիրքը, լավ բանաստեղծությունը, լավ տողը: Երբ հանդիպում էր մի լավ պատկերի, աչքերը փայլում էին, և զարմանում էր. «Այ տղա, էս ո՞նց է սարքել»: Ռոմանոս Մելիքյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և նրանց, որոնց գնահատում էր, անվանում էր «զարմանալի տաղանդ»: Չէր սիրում խաղալ «հանճար» ածականի հետ: «Զարմանալի տաղանդից» բարձր «ուդիվիտելնի» քանքարն էր: Մարտիրոս Սարյանը և՛ «զարմանալի տաղանդ» էր, և՛ «ուդիվիտելնի քանքար»: Սիրում և հասկանում էր նկարչությունը, հասկանում էր ավելին, քան բազում նկարիչներ:
              _ Հիանալի ինտելիգենցիա ունենք. մի տես՝ Շիրվան, Ավետիք, Մարտիրոս, Ռոմանոս... զարմանալի տաղանդներ...
              Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արևելյան երաժշտությունը: Սիրում էր Կոմիտասին, Ալ. Սպենդիարյանին, Ռ. Մելիքյանին: Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով: Չարենցը շատ էր սիրում այդ երգերը. «Մի Կոմիտաս երգիր, Ակսել»: Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա և երեխայի նման խնդրում.
              _Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք:
              Ինչպես ամեն իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը, բայց ամենից ավելի երևի՝ ջրի խշշոցը: Շատ էր սիրում Զանգվի ձորը: Իր սերը և Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձևակերպում էր այսպես.
              _ Գնանք ջուր լսենք:
              Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին և... ջուր կլսեր:
              Նա հռետոր էր և փայլուն հռետոր: Ոչինչ չուներ նա բեմական՝ ո՛չ ձայն, ո՛չ բոյ-բուսաթ, ո՛չ միմիկա: Բայց նա հռետոր էր: Գիտելիքների մեծ պաշար և հումոր՝ ահա նրա հռետորական զենքերը: Կանգնել ամբիոնի մոտ և ամբիոն ծեծել չէր սիրում նա: Բեմի վրա պահում էր իրեն, ինչպես իր սենյակում: Գնում-գալիս էր և խոսում, երբեմն կանգնում էր մի կարևոր ֆրազ ընդգծելու համար, մի ծխախոտ էր վառում և շարունակում խոսել, համոզել, ձեռք առնել, եզրակացնել: Ինչպես կյանքում, այնպես էլ բեմի վրա սիրում էր գործածել ռուսերեն բառեր: Գիտեր օգտվել առիթից՝ «ոչնչացնելու համար» հակառակորդին:
              Բանաստեղծությամբ էր զարթնում՝ Եսենինի կամ Մեծարենցի, Թումանյանի կամ ժամանակակից մի թեկուզ ոչ բարեկամ բանաստեղծի երկու տողը կամ քառատողը շրթունքին, իսկ ամենից շատ՝ Տերյան:
              1924 թիվ: Թիֆլիսյան պայծառ աշուն: Կառք վարձեց. «Քշի Հավլաբար, Խոջիվանք»:
              _ Երևանում հայկական պանթեոն պիտի սարքել, նշանավոր հայերի աճյունները տեղափոխել այնտեղ: Տերյանին էլ հարկավոր է Օրենբուրգից հանել: Ի՞նչ է անում էնտեղ մենակ... Ոչ մի տեղ ես էնպես ինձ հանգիստ չեմ զգում, որքան գերեզմանոցում: Մի վերին իմաստություն է իջնում վրաս: Մտածում եմ, որ վերջը է՛ս է, ու մի տեսակ խաղաղվում եմ... Ինչու՞ համար գերեզմանատանը չես կարող բարձր խոսել, ա՛յ, ես ու դու համարյա շշուկով ենք խոսում: Թումանյանի՞ց ենք վախենում, թե՞ Րաֆֆուց: Փորձիր մի գոռալ: Հազար թուման տան, ես չեմ կարա գոռալ: Այ տղա, ո՞վ հնարեց էս մահը:
              Շրջեց ամբողջ ժամանակ գլխաբաց:

              Comment


              • #8
                Եղիշե Չարենց
                Ե՛վ բառերի համար քո մարմարյա


                …Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
                Հնամենի, բուրյան, որպես մեր հին
                Քարաքանդակ անդուռ մատուռների
                Անջընջելի գրերն հնադարյան, —
                Եվ մյուռոնի նման սրբազնագույն
                Քո երկերի մաքուր սկիհներում պահված
                Խորհուրդների համար մշտահըմա,
                Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու, —
                Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
                Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
                «Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
                Որ բուրելու է հար աննյութեղեն, —
                Եվ վերջապես քո վեհ, հերոսական
                «Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
                Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
                Շաղում է շողք ու սերմ անանձնական, —
                Այս ամենի համար, — և «Ծիրանի»
                Հազարամյա փողի՛ համար քո այն,
                Որ դարերո՛վ տենչած խաղաղության
                Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
                Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
                Հնչելու է երգեր եղբայրական, —
                Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
                Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
                Այս ամենի համար, — և քո եղերական
                Տառապանքի համար, որ արդ կրկին
                Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
                Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
                Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ
                Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
                Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
                Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…

                1936թ.

                Comment


                • #9
                  1930-ական թթ կեսերին Ստալինի պաշտամունքը հասավ գագաթնակետին: ԽՍՀՄ-ում իրականացվեցին հարյուր հազարավոր մարդկանց անհիմն բռնաճնշումները:Մոսկվայից Հայաստանի իշխանություններին կարգադրություն էր իջեցվել` շարունակել «ժողովրդի թշնամիների» «արդյունավետ» որոնումները:Շատ անմեղ մարդիկ ստացան «ազգային թեքման» մեղադրանք. Աղասի Խանջյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ներսիկ Ստեփանյանը, Ռուբեն Դաշտոյանը, գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Ալազանը, Ազատ Վշտունին, Զաբել Եսայանը... և ուրիշներ:
                  1937թ հուլիսի 8-ին միաժամանակ գնդակահարվեցին Ակսել Բակունցը, Ներսիկ Ստեփանյանը, գրականագետ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, և էլի ու էլի լուսավոր մարդիկ` հանիրավի ամբաստանված հայ ժողովրդի պանծալի զավակները:

                  Comment


                  • #10
                    ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

                    Ես ուզում եմ պատմել իմ մի քանի հանդիպումների մասին այդ հսկա բանաստեղծի հետ: Դրանք հանդիպումներ են, որոնք չեն կրել ոչ գրական և ոչ էլ պաշտոնական բնույթ: Ինքը՝ Չարենցը, խուսափում էր հաճախակի հանդիպումներից այն մարդկանց հետ, որոնց չէր համակրում: Նա չէր քաշվում այդ մարդկանց երեսին իր կարծիքն ասելուց և իսկույն կտրում էր նրանց խոսքը, եթե, օրինակ, փորձում էին ասել. «Ընկեր Չարենց, այսօր կարդացի ձեր պոեմը, ես հիացած եմ»:
                    Մեծ հետաքրքրությամբ կլսեր գրականության, արվեստի հետ կապ չունեցող որևէ զրույց կամ պատմություն: Հիշում եմ՝ «Ինտուրիստ» հյուրանոցում փոքրիկ սրճարան կար: Հավաքվում էին մեծ մասամբ գրողներ, դերասաններ: Օրվա որոշ ժամերին երևում էր Չարենցը՝ հոգնած, գունատ: Կկանգներ սենյակի շեմին, աչքի կանցկացներ բոլորին և դանդաղ քայլերով կմոտենար սեղաններից մեկին, որտեղ ոչ ոք չկար կամ մի երկու հոգի կային: Զրուցողները, որ մինչ այդ աղմկում էին, անցնում էին շշուկի: Հայացքով կանչում էր ինձ, հետո բարձր.
                    _ Դու թիթեռների կյանքից որևէ բան գիտե՞ս, կարո՞ղ ես պատմել:
                    Դադար:
                    _ Հոգնել եմ: Հոգնել եմ:_ Եվ այնպես էր ասում, որ զգում էիր՝ դա միայն ֆիզիկական հոգնածություն չէ: Նրա խնդիրքը՝ մի բան պատմել միջատների, կենդանիների կյանքից, կարծես շրջապատից ու մարդկանցից կտրվելու, մի պահ վերանալու փափագ էր: Կամ գուցե ուզում էր ցրվել, մոռանալ ամեն ինչ, որպեսզի նոր ավյունով, նոր ոգևորությամբ նստի իր սեղանի առջև:
                    Մի օր ցերեկը փողոցում բռնեց ինձ. «Գնանք մեր տուն»:
                    Մոտեցա սեղանին:
                    _ Ոչ մի բանի ձեռք չտաս, կխառնես: Այսօր հոնորար ստացա, դրի սեղանին: Չգիտեմ՝ ինչո՞վ էի զբաղված, գալիս է աղջիկս, մեկ էլ ի՞նչ եմ տեսնում. պատշգամբում կանգնած քրքջում է, ուրախությանը չափ ու սահման չկա: Դուրս եմ գալիս պատշգամբ, ներքևում ահագին քանակությամբ երեխաներ: Իմ փոքրիկը վերցրել է սեղանի վրայի դրամը և մեկիկ-մեկիկ երեքռուբլիանոցները նետել փողոց, իսկ ներքևում երեխաները հավաքում են:_ Սկսկում է ծիծաղել: Հետո մտածկոտ աչքերը հառում է մի կետի:_ Լսիր, կարո՞ղ ես երևակայել, եթե հանկարծ իմ ոտանավորները այդպես նետեին փողոց: Ոտանավորներս, որոնք դեռ լույս չեն տեսել,_ նորից ծիծաղում է և նորից մտախոհ ավելացնում,_ նետեին փողոց:
                    1936թ. Մոսկվայում պրոֆեսոր Հարությունյանը իր տանը հրավեր էր կազմակերպել: Հավաքվել էինք մի քանի տասնյակ մարդ: Սպասում էինք Չարենցին: Ժամը 10-ին եկավ կնոջ հետ: Ուրախ, ոգևորված բացականչություններից հետո հյուրերն սկսեցին տեղավորվել: Հանկարծ
                    Չարենցը դարձավ կնոջը:
                    _ Վեր կաց, պարիր:
                    _ Ի՞նչ պար, ես պարել չգիտեմ:
                    _ Պարիր, ասում եմ, ինչ կուզես, միայն պարիր: Երաժշտություն:
                    Դաշնամուրը հնչեցրեց «Նազ պարը»: Չարենցի կինը անորոշ շարժումներով պարեց, բայց կարճ: Փորձեց նստել, Չարենցը գոռաց:
                    _ Պարիր, երկար պարիր:
                    Տպավորությունն այն էր, որ եթե չպարեր, կարծես աղետ էր լինելու: Տեսարանը հույժ տպավորիչ էր, դրամատիզմով հագեցած: Մեկ էլ հանկարծ Չարենցը ելավ տեղից ու փակ աչքերով դարձավ ինձ:
                    _ Լսիր, դու մի երգ գիտես, հիշու՞մ ես:
                    _ «Խնուս գե՞ղը»:
                    _ Այս, երգիր:
                    _ Եղիշե, ես երգելու տրամադրություն չունեմ:
                    _ Երգիր, երգիր, խնդրում եմ: Շուտ, շուտ սկսիր:_ Այնպես էր աղերսում, կարծես ուզում էր ասել՝ կխելագարվեմ:
                    Երգեցի, և կարծես, վերջ:
                    _ Տասը անգամ երգիր, մեկը մյուսի ետևից տասը անգամ: Սկսիր: Եթե ինը երգես, կբարկանամ: Ուղիղ տասը անգամ:
                    Իմ դրությունը տրագիկոմիկական էր: Ինչպե՞ս թե՝ տասը անգամ: Մեկ անգամ երգեցի առանց ցանկության ու տրամադրության: Եվ վերջապես, հրամաններով ես չեմ կարող երգել միևնույն երգն այդքան անգամ: Հյուրերը նույնպես:
                    _ Երգեք, երգեք:
                    Նորից սկսում եմ երգել: Չարենցը աչքերը փակ, սկսեց հաշվել:
                    _ Էդ մեկ, շարունակիր:
                    Տեր աստված, այս ինչ տանջանք է: Իսկ այդ ժամին ի՞նչ էր կատարվում մեծ բանաստեղծի սրտում, ո՞վ կարող էր գուշակել: Իմ երգին, իմ ձայնին կարոտ չէր Եղիշեն, և մի առանձին բան էլ չկար իմ կատարման մեջ: Երևի այդ երգի պահին իրեն ապահով էր զգում մարդկանց խոսակցություններից: Կամ գուցե այդ վայրկյանները նրան ստիպում էին ոչնչի մասին չմտածել: Մարդու հոգին խոր է ու դժվար հասկանալի: Իսկ բանաստեղծի հոգին՝ բոլորովին անըմբռնելի:

                    Comment


                    • #11
                      1914թվական: Համաշխարհային պատերազմ: Մարդկությունը մեծ դեպքերի և հզոր, արյունաթաթավ աղետների հորձանուտում: Ձևավորվում էին կամավորական բանակներ: Տասնութամյա Չարենցը այդ բանակի զինվորներից մեկն էր:
                      Հայրենասեր բանաստեղծը հայկական կամավորական բանակի հետ անցնում է ահարկու «դանթեական ճանապարհով»: Կամավորական բանակի զինվորները ի տես իրենց հոշոտված հայրենիքի` լալիս էին: Բանաստեղծ-զինվորը` նույնպես:
                      Այդ նույն թվականին էր, որ նա գրեց նախ իր «Կապուտաչյա հայրենիքը», ապա իր` զինվորի բանաստեղծական օրագիրը` «Դանթեական առասպել» պոեմը:
                      Առանց սարսռալու չի կարելի կարդալ այն:
                      Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 24-06-19, 21:09.

                      Comment


                      • #12
                        Եղիշե Չարենց

                        Ո՞վ էր նա, որ եկավ, ապրեց, տառապեց, ոգևորվեց, հիասթափվեց, խնդաց ու լացեց, ապա հեռացավ` թողնելով աշխարհին իր շիկացած մտքից, իր զարմանահրաշ ապրումներից ծնված քերթությունը: Իր տողերի մեջ պիտի փնտրենք նրա ճշմարիտ կենսագրությունը:
                        Կան հանճարներ, որոնք, անկախ ամեն ինչից լուսափայլել են որպես ճշմարտության անմարելի փարոս, որը ճառագայթելով իր ժամանակի ընդերքից դեպի գալիք ժամանակները` օգնում է մեզ` մահկանացուներիս, խուսանավել բարոյականը կործանող խութերից: Սակայն հանճարը նրա մեջէ, նրա կյանքի լավ ու վատ օրերի հետ, նրա ցավի ու տառապանքի հետ: Մի տարբերությամբ միայն: Ամեն մեկն ապրում է նախախնամությամբ իրեն բաժին ընկած կյանքի վայրիվերումները` հանճարը իր սեփականի հետ, ապրում է նաև բոլորին բաժին ընկած խինդն ու լացը, սերն ու ատելությունը, որով և դառնում է հավերժության ճամփորդ:
                        Չարենց բանաստեղծը նույնպես հավերժության ճանապարհորդ է հայի գոյության մշտնջենական ժամանակի ներսում:

                        Comment


                        • #13
                          Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:

                          Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
                          Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
                          _ Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
                          Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
                          Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
                          Մի օր ասաց.
                          _ Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
                          Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
                          Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

                          Ռուբեն Զարյան «Հուշապատում»

                          Comment


                          • #14
                            Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին:

                            Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
                            Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
                            _ Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
                            Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
                            Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
                            Մի օր ասաց.
                            _ Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
                            Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
                            Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

                            Ռուբեն Զարյան «Հուշապատում»
                            Հարգելի Քրիստինե, շնորհակալոթյուն թեմային արձագանքելու և Զարյանի գեղեցիկ հուշը տեղադրելու համար:

                            Comment


                            • #15
                              Բանասեր, պատմաբան, լեզվագետ Ռաֆայել Իշխանյանը Ակսել Բակունցի մասին
                              «Գեղարվեստական գրականության նյութական ատաղձը, առանց որի չի կարող ստեղծվել այդ գրականությունը, լեզուն է...
                              ...Ակսել Բակունցը իր ստեղծագործության գեղարվեստական բարձր արժանիքներով, գրավիչ ինքնատիպությամբ հաստատուն տեղ ունի հայ գրականության մեջ: Հայ գեղարվեստական գրականության լեզվի զարգացման խնդրում նույնպես Բակունցը ամենաառաջատար ստեղծագործողներից է... Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը:
                              Լեռնային աղբյուր է Բակունցի ստեղծագործությունը և այդ աղբյուրի անուշ խոխոջը` բակունցյան սքանչելի խոսքը, իր մեջ առել է այն ամենը, ինչ հրաշալի է ժողովրդական լեզվում»:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X