Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բառագիտություն

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Բառակազմությունն ուսումնասիրվում է նաև օտար լեզուների դասաժամերին: Ձեր առաջարկած մեթոդները կիրառում ենք նաև Ռուսաց լեզվի դասաժամերին: Աշակերտները մեծ ոգևորությամբ և սիրով կատարում են նմանատիպ վարժությունները:

    Comment


    • #32
      Հարգելի՛ Քնարիկ, համամիտ եմ Ձեզ հետ։ Կցանկանայի ավելացնել, որ հապավումների ուսումնասիրության դասաժամերին խիստ անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել նաև համառոտագրության վրա և բացատրել դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները, որպեսզի հետագայում շփոթմունք չառաջանա։

      Comment


      • #33
        Շնորհակալ եմ, սիրելի Քրիստինե, կարծում եմ արդյունավետ դասի օրինակ կլինի: Սակայն դասի կազմակերպման ժամանակ չպետք է մոռանալ ուսուցման եռամակարդակ համակարգի մասին:

        Comment


        • #34
          Լիլիթ Վարդանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Բառակազմությունն ուսումնասիրվում է նաև օտար լեզուների դասաժամերին: Ձեր առաջարկած մեթոդները կիրառում ենք նաև Ռուսաց լեզվի դասաժամերին: Աշակերտները մեծ ոգևորությամբ և սիրով կատարում են նմանատիպ վարժությունները:
          Համամիտ եմ Ձեզ հետ: Բառակազմությունը ուսումնասիրվում է բոլոր լեզուների կողմից, և աշխատանքի սկզբունքները հասկանալու դեպքում բոլոր աշակերտներն էլ հաճույքով կատարում են վարժությունները:

          Comment


          • #35
            Բառերի հիմնական հատկությունները

            Լեզվի մեջ բառը իր հնչյունական կազմով փոխանցում է հասկացության, առարկայի, գործողության, իրականության երևույթների, նրանց կառուցվածքի կամ փոխհարաբերությունների իմաստը։ Բառի մեջ զուգորդվում են հնչյունական, բառիմաստային, և քերականական հատկանիշներ՝ իմաստի որոշակիություն, ձևի կայունություն, արտասանության ամբողջականություն, բաղադրիչների համադրություն կամ հարադրություն։ Բառը այս հատկանիշներով տարբերվում է լեզվական այլ միավորներից, օրինակ ի տարբերություն լեզվի բառակապակցության և նախադասության, բառն ինքնուրույն կարող է արտահայտել առանձին ամբողջական իմաստ կամ հասկացություն, բառակապակցությունը նույնպես կարող է արտահայտել ամբողջական իմաստ սակայն երկու կամ ավելի կապակցված բառերի միջոցով, իսկ նախադասությունը՝ արտահայտում է ամբողջական միտք։ Բառերի ճնշող մեծամասնությունը արտահայտում է հասկացություններ (տուն, ծառ, քար, սեր, համբերություն, քաջարի, վազելով, գեղեցկություն, մահ, պատերազմ, մեծ, բարձր, վերևից, նկարել, ուտել, աշխատել, հարյուր, երկրորդ, պետություն)։ Որոշ բառեր հասկացությունները նշում են ո՛չ ուղղակիորեն, այլ ըստ իրադրության կամ հարաբերության (ես, դու, սա, այսպիսի), որոշ բառեր էլ արտահայտում են դատողական (թերևս, իհարկե, արդյոք և այլն), կամ զգացմունքային անմիջական վերաբերմունք (ա՛խ, ավա՛ղ, վա՛յ և այլն), կամ քերականական հարաբերություններ (մասին, համար, դեպի, բացի, որովհետև, որպեսզի, և այլն)[2]:

            Բառերն այդպիսով գործում են որպես բնական լեզուների հիմնական նշանակալի միավորներ։ Մյուս բոլոր բնական լեզուների նման հայերենը բառերի լեզվով շփման միջոց է։ Քերականական կանոնների օգնությամբ առանձին բառերից կամ բառակապակցությունների մեջ միավորված բառերից կազմավորվում են նախադասություններ։ Նախադասություններն իրենց հերթին կառուցում են բովանդակություն կամ տեքստ՝ դառնալով կառուցվածքային ամբողջականությամբ բնորոշված հաղորդակցման ավելի մեծ միավորներ։

            Comment


            • #36
              Ըստ իմաստի

              Բառերն ունեն և՛ քերականական. և՛ իմաստաբանական նշանակություն։ Բառիմաստները մարդու գիտակցության մեջ իրականության ճանաչման արդյունքում արմատացած նշանակություններ են։

              Իմաստաբանական նշանակությունը կարող է լինել բառի միակ նշանակությունը (մեկ իմաստ պարունակող բառերը կոչվում են մենիմաստ)։ Բառերը կարող են ունենալ նաև մի քանի նշանակություն և նման բառերը կոչվում են բազմիմաստ։ Գոյություն ունի իմաստաբանական նշանակությունների երեք հիմնական տեսակ։

              ուղիղ (անվանական),
              բառակապակցության մեջ կապված,
              շարահյուսությամբ պայմանավորված։

              Բազմիմաստությունը լինում է պատմական զարգացումների ընթացքում մեկ առարկայի կամ հասկացության անվանումը մեկ այլ առարկայի կամ հասկացության փոխանցվելու արդյունքում։ Նման փոխանցումները տեղի են ունենում .

              հասկացությունների կամ առարկաների նմանության պատճառով.
              դրանց հարադրման կամ հարաբերման պատճառով,
              կիրառության կամ գործառնության մեջ կատարված փոփոխությունների պատճառով։

              Լեզվաբանության մեջ զանազանում են իմաստային փոխանցման հետևյալ հիմնական տեսակները.

              Փոխաբերություն կամ մետաֆորա (երբ բառերը օգտագործվում է փոխաբերական իմաստով որևէ երկու առարկաների կամ երևույթների միջև եղած նմանության շնորհիվ դրանց իմաստային փոխանցման արդյունքում),
              Փոխանունություն կամ մետոնիմիա (երբ որևէ առարկայի անվանումն օգտագործվում է մեկ այլ առարկայի համար դրանց միջև որևէ արտաքին կամ ներքին որոշակի կապի առկայության շնորհիվ),
              Մասնամբողջություն կամ սինեկդոխա (երբ ամբողջի անվանումը կիրառվում է մասի նկատմամբ, երբ ընդհանուրի անվանումը փոխանցվում է մասնավորին կամ ընդհակառակը)։

              Ըստ կազմության

              Սովորաբար բառը կազմված է լինում արմատից (կամ մեկից ավելի արմատներից) և զրո ու ավելի թվով ածանցներից (նախածանցներ, վերջածանցներ)։ Ըստ կազմության բառերը կարող են լինել պարզ և բաղադրյալ (զանազան ենթատեսակներով)։
              Ըստ արտասանության

              Ըստ արտասանության բառերը կարող են լինել շեշտավոր և անշեշտ (նախահար անշեշտ, վերջահար անշեշտ և այլն)։
              Ըստ շարահյուսական կիրառության

              Ըստ շարահյուսական կիրառության բառերը լինում են.

              անկախ, կամ ինքնուրույն, որոնք կրում են որոշակի իմաստաբանական նշանակություն, և
              սպասարկող, կամ օժանդակ, որոնք կապակցող դեր են կատարում այլ բառերի միջև։

              Ըստ խոսքի մասերի

              Գրեթե բոլոր բնական լեզուների բառապաշարը քերականական սկզբունքներով բաղդատվում է մի քանի բառային խմբերի կամ խոսքի մասերի։ Գրեթե բոլոր Բնական լեզուներում բառերը դասակարգվում են գոյականների և բայերի։

              Այդ դասակարգման ավանդույթը սկսվել է դեռևս հին դարերի քերականագետ Դիոնիսիոս Թրակացուց (170-90 թթ. մ.թ.ա.), որը հին հունարենի խոսքի մասերը բաժանել է ութ կատեգորիաների՝ գոյական, բայ, ածական, դերանուն, նախդիր, մակբայ, քերականական կապ և ձայնարկություն։

              Հնդկական քերականական ավանդույթով, սանսկրիտի քերականագետ Փանյինին բառերի նմանատեսակ հիմնարար դասակարգում է կատարել՝ բաժանելով դրանք անվանական և բայական կատեգորիաների[3]։
              Ըստ ծագման

              Ըստ ծագման բառերը լինում են.

              Բնիկ բառեր, այսինքն, այնպիսի բառեր, որոնք այս կամ այն տեսքով գոյություն են ունեցել տվյալ լեզվակիրների նախնիների լեզվի մեջ,
              Փոխառյալ բառեր, որոնք փոխառվել են որևէ օտար լեզվից։
              Միջազգային բառեր, որոնք միջազգային ճանաչում ունեն և առանց փոփոխության ընդունված են բազմաթիվ լեզուների բառապաշարներում։

              Ըստ ոճական կիրառության

              Պատմական բառեր, որոնք մոռացվել են տվյալ առարկայի կամ հասկացության վերանալու պատճառով, օրինակ հայերեն՝ «բդեշխ» կամ «սակր» ։
              Հնաբանություններ կամ արխաիզմներ, որոնք հնացել ու փոխարինվել են այլ արդիական բառերով.
              Նորաբանություններ կամ նեոլոգիզմներ, որոնք նույնպես քիչ են օգտագործվում զուտ նորության պատճառով
              Եզրեր, որոնք հատուկ բառեր են, , որոնք օգտագործվում են որոշակի մասնագիտության տեր մարդկանց կողմից զուտ մասնագիտական հասկացությունների նշանակման համար
              Արգո, Ժարգոն, Սլենգ, որոնք օգտագործվում են մարդկանց ոչ պաշտոնական շփման ժամանակ, որոշակի սոցիալական, մասնագիտական և տարիքային խմբերի կողմից։
              Նախատական, հայհոյական բառեր, կամ տաբուացված, արգելված բառեր
              Մեղմախոսություններ կամ Էվֆեմիզմներ, որոնք օգտագործվում են տաբուացված բառերի փոխարեն, և այլն։

              Ըստ գրական լեզվի հանդեպ ունեցած դիրքի

              Բառերը լինում են.

              Գրական բառեր, որոնք ընդունված են գեղարվեստական, պաշտոնական, ուսումնական, տեղեկատվական և լրատվական գրականության մեջ և օգտագործվում են ընդհանրապես կրթված հասարակության կողմից։
              Խոսակցական բառեր, որոնք ընդունված չէ օգտագործել պաշտոնական, ուսումնական, տեղեկատվական և լրատվական գրականության մեջ և գեղարվեստական գրականության մեջ օգտագործվում են միայն հերոսների սոցիալական դիրքի կամ կերպարների մասին լրացուցիչ անուղղակի տեղեկություններ փոխանցելու համար և առօրյա կյանքում օգտագործվում են քիչ կրթված մարդկանց կողմից անկախ նրանց սոցիալական պատկանելության։
              Բարբառային, բառեր, որոնք բնութագրական են որոշակի գավառի կամ տարածաշրջանի առօրյա խոսակցական բառապաշարին և սովորաբար օգտագործվում են միայն ծնունդով այդ գավառից, կամ շրջանից սերող քիչ կրթված մարդկանց կողմից, երբեմն կարող են օգտագործվել նաև գեղարվեստական գրականության մեջ զուտ դրանք օգտագործող մարդու ծագման կամ ակունքների մասին անուղղակի տեղեկություն տալու նպատակով։

              Բառերի եզրաբանությունը

              Բոլոր բառերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հիմնական տեսակների.

              Հոմանիշ բառեր Հոմանիշները կամ համանիշները կամ սինոնիմները բառեր են, որոնք մոտ են իմաստով՝ անվանելով նույն առարկան, իրականության երևույթը կամ գործողությունը իմաստային, ոճական և կիրառական փոքր տարբերություններով.

              Oրինակ՝ վախենալ — սարսափել — երկնչել — սահմռկել, թափառել — դեգերել — շրջել — քարշ գալ — զբոսնել — քայլել, տաք — թեժ — այրող, գործ — աշխատանք; անտարբեր — անհաղորդ — անուշադիր — անկարեկից, և այլն։

              Հայերենում ընդունված է տարբերակել հոմանիշների մի քանի տարատեսակներ

              Ոճական հոմանիշներ, երբ հոմանիշները պատկանում են կիրառական տարբեր ոճերի, և այդ դեպքում տարբերակվում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ.

              Օրինակ՝ զբոսնել (ընդհանուր գրական) – ճեմել (գրքային վերամբարձ), կատարել (ոճականորեն չեզոք) – ի կատար ածել (պաշտոնական, վարչական), ձի (ոճականորեն չեզոք) – նժույգ (հնացած, բանաստեղծական), մազ (ոճականորեն չեզոք) – վարս (գրքային) – հեր (բանաստեղծական), այտ (գրական) – թուշ (խոսակցական), և այլն։

              Իմաստային հոմանիշներ, երբ մոտ իմաստ պարունակող բառերն արտահայտում են երևույթի կամ հատկության դրսևորման տարբեր չափեր։

              Օրինակ՝ հով, քամի, փոթորիկ, մրրիկ, երկնչել — վախենալ — սարսափել — սահմռկել, և այլն։

              Հուզարտահայտչական հոմանիշներ, երբ բառերի արտահայտած առանձնահատկությունը տարբերվում է դրանց մեջ դրված անձնական վերաբերմունքով և ունի հուզարտահայտչական տարբեր երանգներ։

              Օրինակ՝ ուտել – խժռել, խմել – լակել, մահանալ – սատկել, թափառել – քարշ գալ, գոռալ — ոռնալ, և այլն։

              Բացարձակ հոմանիշները լեզվում շատ քիչ են.

              Օրինակ՝ տուն – շենք, խփել – հարվածել, ուտելիք - կերակուր, սարեր - լեռներ և այլն։

              Կեղծ հոմանիշները կամ կվազի-սինոնիմները թվացյալ հոմանիշներն են կամ մասնակի հոմանիշներ, որոնք մոտ են իմաստով, բայց միմյանց չեն փոխարինում բոլոր ենթատեքստերում ի տարբերություն հոմանիշների, որոնք պետք է փոխադարձաբար փոխարինելի լինեն ցանկացած ենթատեքստում.

              Օրինակ՝ ուղի — արահետ, շենք — տուն, տաղանդ — հանճար, և այլն։

              Հականիշ բառեր. Հականիշները կամ անտոնիմները բառեր են, որոնք տարբեր հնչողություն կամ ձև ունեն, և արտահայտում են միմյանց հակադիր իմաստներ (օրինակ՝ սև - սպիտակ, մեծ — փոքր, հաստ — բարակ և այլն)։

              Հականիշները կարող են լինել ինքնուրույն բառեր.

              օրինակ՝ բարձր – ցածր, հեռու — մոտիկ, վերև - ներքև, թշնամի – բարեկամ և այլն,

              կամ ածանցավոր կազմություններ.

              օրինակ՝ խելոք – անխելք, գեղեցիկ – տգեղ, գոհ – դժգոհ, բախտավոր – դժբախտ և այլն;

              Նույնանուն բառեր'. Նույնանուններ կամ համանուններըկամ հոմոնիմները այն բառերն են, որոնք համընկնում են հնչողությամբ և գրությամբ, բայց տարբեր եմ իմաստով.

              Oրինակ՝ հոտ — բուրմունք և հոտ — ոչխարի հոտ, տոն — իրադարձություն և տոն — խոսքի զգացմունքային կամ ոճական երանգ, փող — դրամ, փող — խողովակ և այլն։

              Նույնանունները լինում են.

              Բացարձակ կամ լրիվ նույնանուններ կամ համանուններ են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ։

              Օրինակ՝ կետ (ծովային կենդանի) – կետ (կետադրական նշան), հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ), փող (խողովակ) – փող (դրամ)։

              Մասնակի նույնանուններ կամ համանունները տարբերակվում են երեք տեսակի.

              Համաձևեր (հոմոմորֆներ)' կամ համաձև նույնանուններ, այսինքն՝ արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը.

              Օրինակ՝ արի (քաջ) – արի (եկ), հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի, ծառատեսակ), կրի (շաղախանյութ, սեռական հոլով) – թող կրի (կրել բայի ձև), գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից), անարգել (առանց արգելքի) — անարգել (ստորացնել, անպատվել) և այլն,

              Համագիրներ (հոմոգրաֆներ) կամ համագիր նույնանուններ, որոնք գրվում են միատեսակ, բայց տարբեր են արտասանվում.

              Օրինակ՝ բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ), որդի ( որդի բառի ուղղական հոլով արտասանվում է որթի) — որդի (որդ բառի սեռական հոլով),

              Համահունչներ (հոմոֆոններ) կամ համահունչ նույնանուններ, որոնք տարբեր են գրվում, բայց միատեսակ են արտասանվում.

              Օրինակ՝ աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն), ուղտ – ուխտ, հսկա ցանկ (մեծ ցանկ) — հսկացանկ (հսկման ենթակա ցանկ) և այլն։

              Հարանուն բառեր. Հարանունները կամ պառոնիմները բառեր են, որոնք գրվում են տարբեր, ունեն տարբեր իմաստ, ու թեև բացարձակապես նույնահունչ չեն, բայց ունեն մոտ հնչող արտասանություն։ Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով։

              Օրինակ՝ ծաղիկ — ցողիկ, հառաչել — շառաչել, աղեղ — ահեղ, և լուրթ – շուրթ, շշուկ – շրշույն, ճչալ շաչել, վայել – բայել – մայել և այլն)։

              Հարանունները կարող են լինել պատահական բնույթի. օրինակ՝ մարդ – մարտ, հարդ – հարթ,
              կամ նույնարմատ բառերից. օրինակ՝ քարոտ - քարքարոտ, կոտրել - կոտրատել, մորթել – մորթոտել

              Իմաստաոճաբանական տեսակետից հայերենում բառերը տարբերակվում են նաև որպես ընդհանուր անուններ և մասնավոր անուններ։

              Մասնավոր անունները կամ հիպոնիմները բառեր են, որոնք ավելի նեղ իմաստով են անվանում առարկաները, դրանց հատկությունները կամ հատկանիշները որպես դասի (բազմության կամ ամբողջության) մի տարրի կամ մի մասի։ Օրինակ «բուլդոգ» բառը մասնավոր անուն կամ հիպոնիմ է «շուն» բառի համար, իսկ «շուն» բառն իր հերթին հիպոնիմ է «գազան» բառի համար։

              Ընդհանուր անունները կամ հիպերնիմները բառեր են, որոնք ավելի լայն իմաստով են անվանում առարկաները, կամ ավելի լայն իմաստ արտահայտելու համար օգտագործում են բառի նեղ իմաստները։ Օրինակ «գազան» բառը ընդհանուր անուն կամ հիպերնիմ է «շուն» բառի համար, իսկ «շուն» բառն իր հերթին ընդհանուր անուն կամ հիպերնիմ է «բուլդոգ» եզրի համար։

              Ընդհանուր լեզվաբանության տեսության մեջ ընդունված է տարբերել բառերն ըստ ամբողջության և մասի իմաստային արտահայտման, և կա նաև բառերի հետևյալ իմաստաբանական դասակարգումը՝ հոլոնիմների և մերոնիմների։

              Հոլոնիմները կամ ամբողջ անունները բառեր են, որոնք անվանում են որևէ հավաքական առարկայի, կամ առարկաների հավաքականության ամբողջությունը կամ ամբողջը։

              Մերոնիմները կամ մաս անունները բառեր են, որոնք անվանում են որևէ հավաքական առարկայի, կամ առարկաների հավաքականության մասի անունը։ Օրինակ «մատ» բառը մերոնիմ, է «ձեռք» բառի համար, իսկ «դար» բառը հոլոնիմ է «տարի» բառի համար, որն իր հերթին հոլոնիմ է «ամիս» բառի համար, որն էլ իր հերթին հոլոնիմ է «շաբաթ» և «օր» բառերի համար և այլն։

              Բառակազմություն

              Սինթետիկ լեզուներում մեկ բառարմատը (օրինակ սեր) կարող է ունենալ մի շարք տարբեր ձևեր (օրինակ, սիրեցի, սիրով, սիրած, սիրող, սիրուց, սիրեց և այլն)։ Սակայն դրանք սովորաբար տարբեր բառեր չեն համարվում, այլ միևնույն բառի տարբեր ձևերը։ Ուստի ըստ կառուցվածքի «սինթետիկ» դասակարգվող լեզուներում բառերը բաղդատվում են մի շարք ձևույթների։ Մասնավորապես Հնդեվրոպական լեզուներում առանձնացվող ձևույթներն են.

              արմատը
              տարբեր ածանցները, նախածանցները և վերջածանցները
              ձայնակապը

              Բառերի փիլիսոփայությունը
              Փիլիսոփաների համար բառերը ներքին հմայք պարունակող խորհրդածության առարկա են եղել սկսած մ.թ.ա. առնվազն 5-րդ դարից՝ լեզվի փիլիսոփայության տեսության հաստատումից ի վեր։ Պլատոնը վերլուծում էր բառերի ծագումնաբանությունը և հնչյունաբանությունը, եզրակացնելով, որ որոշակի կապ պետք է լինի բառերի հնչողության և դրանց իմաստի միջև, թեև ժամանակի ընթացքում բառերը փոխվում են և ի վերջո կորցնում իրենց անդրենածին հնչողությունը։ Ջոն Լոքը գրել է, որ բառերն օգտագործվում են որպես «գաղափարների իմաստալից խորհրդանշաններ», թեև դրանց ընտրությունը կատարվում է «ոչ այն բնական կապի շնորհիվ, որը կա արտասանվող հնչյունների և որոշակի գաղափարների միջև, այլապես բոլոր մարդիկ ընդամենը մեկ լեզու կունենային, այլ կամայական ընտրությամբ, ինչը նշանակում է, որ հնչյունները պայմանականորեն են վերագրվում դրանք փոխանցող գաղափարներին»։[4] Վիթգենշտայնը բառերի մասին ասել է, որ «ոչ թե բառերն են ներկայացնում իմաստ, այլ բառի իմաստը բնորոշվում է լեզվի մեջ դրա օգտագործումով»

              Comment


              • #37
                Բառերի տեսակներն ըստ կազմության

                ՏԵՍԱԿ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԿՆԵՐ
                1.

                Պարզ
                Մեկ արմատից կազմված բառերը կոչվում են պարզ բառեր: տուն ժամ
                քաղաք քար
                ուղի շուն
                գիր մայր
                նկար ջուր
                2.

                Բարդ
                Այն բառերը, որոնք կազմված են երկու և ավելի արմատից, կոչվում են բարդ բառեր: տնետուն շնաձուկ
                մայրաքաղաք քարեքար
                ուղեգիր ժամհար
                լուսանկար ջրառատ

                3.

                Ածանցավոր
                Մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցից կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր: տնական քարե
                քաղաքային անջուր
                ուղենիշ ժամանակ
                գրային վերջավոր
                նկարիչ գիրք

                4.

                Բարդածանցավոր
                Երկու կամ ավելի արմատից և մեկ կամ մի քանի ածանցից կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր: անտնտեսվարություն
                մայրաքաղաքային
                ուղեգծային
                լրագրություն
                ջրանկարիչ
                ժամագործություն
                վերջածանցավոր

                ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ

                Comment


                • #38
                  Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ, բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր:
                  Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…
                  Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
                  Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն…
                  Բարդ ածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…

                  Առաջադրանքներ՝

                  1.Ըստ կազմության՝ խմբավորիր տրված բառերը՝ գրադարան, ամառային, վերգետնյա, հուշանվեր, ակնոց, կարիճ, արկղ, տարեկան, ամսական, ձեռագիր, հնչյունաբանական, մայրաքաղաքային, ձկնորս, վախկոտ, ժողով, տնային, ամառանոց, անվաչմուշկ, դահուկավազք, բարձր, կառապան, որսորդ, պատուհան:

                  Պարզ բառեր —

                  Ածանցավոր—

                  Բարդ բառեր —

                  Բարդ ածանցավոր բառեր-

                  2.Գրի՛ր 5-ական պարզ, ածանցավոր և բարդ բառեր:

                  3.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

                  Օրինակ՝ գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
                  Պահարան — պահ + արան:
                  Դուռ — չի բաժանվում:

                  Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

                  4.Բառերը բաժանիր բաղադրիչների՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բառի տեսակը ըստ կազմության՝ այսօր, աշխույժ, մայրաքաղաքային, ականջօղ, հառաչանք, անտուն, աղբ, կարգապահություն:

                  Comment


                  • #39
                    Հականիշ

                    Հականիշները հակառակ իմաստ արտահայտող բառերն են։

                    Օրինակ՝ աղջիկ-տղա

                    մոտիկ-հեռու

                    Հականիշները լինում են նույնարմատ և տարարմատ։

                    Նույնարմատ Տարարմատ

                    գեղեցիկ-տգեղ աղջիկ-տղա

                    բախտավոր-դժբախտ մեծ-փոքր



                    Տվայալ բառի հականիշների ամբողջությունը կոչվում է հականշային շարք։

                    Օրինակ՝ հարուստ-աղքատ,չքավոր,չունևոր, անտուն․․․



                    Համանուն

                    Ձևով նույն իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ։

                    Օրինակ՝ սեր-զգացմունք

                    սեր-կաթի սեր

                    Այս բառերը պատահական են համընկել։



                    Հարանուն

                    Ձևով մոտ բառերը, որ արտահայտում են տարբեր իմաստներոչվոււմ են հարանուններ։

                    Օրինակ՝ պատրաստականություն-պատրաստ լինել

                    պատրաստակամություն-ցանկություն հայտնել

                    սովորույթ-ադաթ

                    սովորություն-բնավորություն

                    Comment


                    • #40
                      Հարգելի Սյուզ, շնորհակալ եմ: Բավականին հանգամանալից ներկայացրել եք բառակազմությունը իր բոլոր բաժիններով:

                      Comment


                      • #41
                        Ցանկանում եմ անդրադառնալ նաև բառակազմության ամենահետաքրքիր բաժիններից մեկին' դարձվածքներին։ Ինչպես ավագ, այնպես էլ միջին և ցածր դատարանների աշակերտները դրանց հետ կապված առաջադրանքները հետաքրքրությամբ ու սիրով են կատարում։

                        Comment


                        • #42
                          Համամիտ եմ, հարգելի գործընկեր։ Գերմաներենի դասերին ևս դարձվածքներ ենք անցնում, որոնք հետաքրքիր են սովորողների համար։ Սովորաբար 2 սյունակով տրվում են դարձվածքներ և դրանց բացատրությունները, և աշակերտները համապատասխանեցնում են, ապա սովորում անծանոթ դարձվածքները։

                          Comment


                          • #43
                            Դարձվածքները որպես առանձին թեմա ուսումնասիրվում են 6-րդ դասարանում։ Սակայն Դրանց անդրադառնում ենք գրեթե բոլոր դասերին(ինչպես հայոց լեզվի, այնպես էլ գրականության) : Գրական ստեղծագործություններում միշտ էլ հանդիպում են դարձվածքներ, թևավոր խոսքեր, որոնք բացատրվում են, հնարավորության դեպքում բերվում են նաև հոմանիշ դարձվածքների օրինակներ։

                            Comment


                            • #44
                              Իրականում հետաքրքիր է։Ես մտածեցի ,որ կարելի է օգտագործել անգլերենի դասերին ևս։

                              Comment


                              • #45
                                Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                                Իրականում հետաքրքիր է։Ես մտածեցի ,որ կարելի է օգտագործել անգլերենի դասերին ևս։
                                Շնորհակալ եմ կարծիքի համար։

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X