Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Եղիշե Չարենցի «Էպիքական լուսաբաց» շարքը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Եղիշե Չարենցի «Էպիքական լուսաբաց» շարքը

    «Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու, հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը» Հրանտ Մաթևոսյան

    Այո, Եղիշե Չարենցը 20-րդ դարի ամենամեծ հայ ձիրքերից էր, խիզախ քաղաքացին և բանաստեղծության ասպետը, որն ամեն անգամ մարտ էր մղում ժողովրդի, մարդու, գեղեցկության և ճշմարտության համար։
    Հպարտ ու խիզախ բանաստեղծը ապրեց կարճ և դժվարագույն մի կյանք, չօրորվեց դարի աշխարհասասան հողմերից, իր վրա ընդունեց շա˜տ անարդար հարվածներ`հայացքը հեռուն, «ապագայի նժույգը հեծած»։
    Չարենցը մշտապես ստեղծագործական որոնումների մեջ էր։ Բազմաշերտ, բազմաբովանդակ, իրարից երբեմն այնքա˜ն տարբեր, բայց և այնքան խորը և տաղանդավոր երկերի հեղինակը գեղագիտական իդեալների որոնումների ճանապարհին երկնեց «Էպիքական լուսաբաց» ժողովածուն (1930թ․)։Այս ժողովածուի բնորոշ գիծը դասականությունն է։ Այդ մասին Անահիտ Չարենցը գրում է․««Գիրք ճանապարհին» Չարենցի ամենադասական ոճով գրված գործն է։ Ամենադասական, որովհետև ձևի և բովանդակության իմաստով իր ամենանորարարական երկերում անգամ բանաստեղծը պահեց դասականության այն հատիկը, որն ավելի խորացավ «Էպիքական լուսաբացի» մեջ և կատարելության հասավ նրա վերջին գրքում»։
    Տարբեր կարծիքներ կան դասականություն և նոր դասականություն կոչվող գրական ուղղությունների և Չարենցի ստեղծագործության առնչությունների մասին։ Ամեն դեպքում, անկասկած է, որ «Էպիքական լուսաբացի» ժողովածուն բանաստեղծի նոր գեղագիտության արտահայտությունն է, որում Պուշկինի և Թումանյանի խոր ու դրամատիկ փիլիսոփայությանն շունչն է զգացվում։


  • #2
    Դժվարին ճանապարհ

    Բոլորին է հայտնի, որ Չարենցի անձնական կյանքը նույնպես եղել է շատ բուռն և բազմաթիվ սիրային արկածներով լի։ Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական վախճանը։ Այդ կինը Արփենիկ Տեր- Աստվածատրյանն է՝ Չարենցի առաջին կինը։ «Էպիքական լուսաբաց» շարքը նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին։ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամին՝ Արփենիկ Չարենցին»։
    Շարքը ունի բնաբան ․
    И Музе возвращу я голос
    И виовь блаженные часы
    Ты обретешь , сбирая колос
    С своей несжатой полосы .
    Н. Некрасов

    Առաջին բնաստեղծությունը՝ «Մուսայիս» վերնագրով, կարծես բանալին է ժողովածուի։ Այն նաև բանաստեղծի անցած ճանապարհի, ստեղծագործական ուղու տարեգրությունն է։ Ճանապարհի սկզբին մուսան հասարակ մի աղջիկ է՝ լուսնահար, գունատ, մահամերձ, անկյանք, բայց նոր օրերի փոթորիկն իր կենսատու հրով խանդավառում է նրա ջինջ դեմքը․

    Հառնեցիր հանկարծ վիթխարի թափով
    Դու շռնդալից այգին ընդառաջ․
    Լցված հողմային օրերի տապով՝
    Կանգնեցիր՝ ձեռքիդ պայքարի շեփոր,
    ԵՎ դարձար այնքան նոր ու անճանաչ։
    Աստիճանաբար նրա երգը դառնում է մաքառումի («Երգ մաքառումի»)։ Ահռելի բարձրություններ է հաղթահարում բանաստեղծության քնարական հերոսը, «մի ուղի դժվար ու անչափ վեհ», հաճախ ցասման թույնով ու ատելությամբ է լցվում, բայց շարունակում է քայլել դեպի առաջ, դեպի անհաս ուղին։
    ․․․ ՈՒ քայլի´ր անդուլ, քայլի´ր կրկին,
    Թող նորի˜ց հոգիդ արյունոտի,
    Բայց ճահիճների ճղճիմ երգին
    Թող երբեք, երբեք չկարոտի։

    Այո, ժամանակի դաժան ու ճղճիմ ոգին միշտ հետապնդում է հանճարին։ Բայց Չարենցը անկոտրում կամքով ու անմար հավատով հաղթահարում է ժամանակի խորդուբորդ, երբեմն արյունոտ ու անհավատ, երբեմն սառն ու նենգադավ ընթացքը և մնում է պայծառ, մնում է իր քնարին հավատարիմ․
    Թե ուզում ես երգդ լսեն՝
    Ժամանակիդ շունչը դարձի ։ —
    Կապվի´ր նյարդով յուրաքանչյուր
    Քո օրերին ու քո դարին,
    Կյանքը սիրի´ր լիահնչյուն
    Ու մի´ դավիր քո քնարին։
    «Թուղթ բանաստեղծ բարեկամիս N․N –ին, գրված Երևանից»։
    Այդ քնարը ավելի ու ավելի հզոր է դառնում փոթորկի պահին, անսահման ու անեզերական՝ ինչպես օվկիանոսը։
    ․․․ Երգի´ր, պոե´տ, երգի´ր,երգի´րերգը քամու,
    Երգի´ր երգը սիրո ու պայքարի․․․
    «Օվկիանի երգը»

    Comment


    • #3
      «Էպիքական լուսաբաց» շարքում նկատելի են ստեղծագործական ծրագրի հետաքրքիր զարգացումներ։ Դրանցից մեկն էլ այն է , որ երգ – ին զուգահեռ շատ են քնար –ի կիրառությունները։ «Քնարը, այս դեպքում՝ նվագելը կամ նվագելով երգելը, անպայման վարպետության որոշակի մակարդակ է ենթադրում» Արքեմնիկ Նիկողոսյան: «Ընթեցող պոետին» բանաստեղծության մեջ դա առավել քան պարզ է ակնարկված․
      Զարմանքո´վ գուցե նայես դու իմ այս
      Գրքի էջերին՝ թ´ե անշուք, թե´ պարզ,
      Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես,
      Թե պոետը մեր այս ու՞ր է հասել․․․
      Բայց հասել է նա մի ջինջ պարզությամբ,
      Որ ձեռք է բերվում «Դժվար վարժությամբ»։ —

      Comment


      • #4

        Ճշմարիտ երգի և քնարի տարբերությունների մասին Չարենցի առաջին անգամ խոսում է Բակունցին ուղղված բանաստեղծության մեջ («Թուղթ ԱԲ–ին, գրված Լենինգրադից»)։

        Տրված է մեզ երգի անեզրական շնորհք,
        Տրված է թափ, թռիչք, մտքի խոյանք ու թեւ,-
        Իսկ մենք սահում ենք դեռ, զարմանալի թեթեւ,
        Այն փոշապատ, մաշված ուղիների հունով,
        Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի, սերտած
        Երկու խղճուկ հանգի, երկու կռտած
        Դատողության,- (թեկուզ հիմնականում
        Դատողությունն այդ վեհ է, սակայն հաճախ
        Բզկտում են նրան, փետրահանում
        Ու կմախքը նրա խեղճ ու կրակ
        Թրջում ճղճիմ, հիմար հիացմունքի թուքով:-
        Այդպես կարող է լոկ ստրո՛ւկն հոգով
        Անմտության, անշունչ հնչնախաղի փոխել
        Հանճարեղ խոհն անգամ:- Այդպես ահա՛
        Արծիվների թեւե՛րն են մարդիկ կտրում մեկ-մեկ
        Եվ վանդակում պահում նրանց կմախքը լոկ
        Փետրահանած ու մերկ):-
        Հիմա խոհե՛ր կան՝ այդ արծիվների նման:-
        Ու պոետներ բազում, որոնց համար
        Հիմնականը փետո՛ւրն է - մի ամեհի խանդով
        Փետրաթափ են անում նրանց անդուլ:-
        Այդ խոհերից վսեմը - աշխատա՛նքն է գուցե.-
        Կարդա՝ նրանց երգերը՝ աշխատանքին ձոնած,
        Կարդա՛ սրտով մաքուր,- եւ ինձ ասա՛ հիմա՝
        Աշխատե՞լ են նրանք երբեւիցե...
        Գիտե՞ն նրանք արդյոք, որ խոսքը - թո՛ւջն է նույն,
        Որ պահանջում է ջանք ու քրտնաջան լարում,
        Մաքառման շունչ ջերմին, հոգնության տենդ ու թույն,
        Պահանջում է խոնջենք . . . . . . .

        . . . . . . . . . . . . . . . . . . .

        . . . . . . . . . . . . . . . . . . .

        Մենք շա՜տ էինք անփույթ մեր հանճարի հանդեպ,
        Մեր օրերի, գրչի, մեր խոհերի բազում:-
        Վայե՞լ է մեզ լինել անինքնուրույն, անդեմ,
        Եվ օրերում վատնել մեզ տրված գանձը զուր,
        Ինչպես վատնել է այն ճորտը լեգենդական:-
        Մենք երգեր ենք գրել:- Իմացե՞լ ենք, սակայն,
        Որ խոսքը, շեշտը մեր յուրաքանչյուր,
        Բաժանվելով մտքի՛ց մեր, մեր խոհերից -
        Դառնում է ո՛չ թե լոկ դատարկ հնչյուն,
        Այլ բարձրացող, ելնող սերունդների
        Սրտին, մտքին, ոգուն ու տենչանքին նետած
        Մի դրոշակ, կամ սեւ նշավանքի նշան:-
        Որ խոսքը, երգը մեր՝ մեր խոհերով նշած՝
        Կամ կարող է լինել հուրհուր դրոշ,
        Կամ անկումի ժամին մեր խոհերից պոկած
        Ողորմելի մի լաթ, մի սեւ ծվեն, որով
        Ցանկացել ենք մենք մեր եղկությունը ծածկել,
        Մերկությունը ոգու ու անճարակ մտքի,
        Որպեսզի սուր մի սեւ մեզ չծակե,
        Որպեսզի միտքը մեր չբարձրանա ոտքի:-
        Որ խոսքը - նյո՛ւթն է նույն, որ կոփում են սրանք,
        Այս մկանուտ մարդիկ,- ու մեզանից
        Պահանջում է նա սեր, ու տքնություն, ու ջանք,
        Ու գերագույն լարում:- Եվ մենք քանի
        Չենք սովորել դեռ մեր յուրաքանչյուր բառին
        Նայել սիրով այս վեհ, այս խստությամբ ազնիվ,-
        Դժվար թե խոսքը մեր հորիզոններ վառե
        Եվ բարձրացող, ելնող սերունդներին հասնի...

        . . . . . . . . . . . . . . . . . . .

        Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
        Սկսվում է մի նոր ու դժվարին վերելք:-
        Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք
        Ու ճանապարհ ընկնենք, մե՜ծ ճանապարհ, նորից:-
        Ես տեսնում եմ հիմա տարիների հեռվում
        Հորիզոններ՝ բազում փորձությունով հղի,
        Հերոսություն, պայքար եւ աննահանջ ուղի,
        Որ մի՛ անգամ է լոկ մեզ աշխարհում տրվում:-
        Ճանապարհին այս մեծ, այս վերելքին ահեղ
        Մենք չե՛նք հոգնի երբեք, չե՛նք կորցընի ուղին,
        Չկտրվենք եթե սերունդների հողից,
        Սերունդների՛ աչքով թե մեր երթին նայենք...

        . . . . . . . . . . . . . . . . . . . .

        Հիմա խոհերն են այս իմ ճակատին նստել:-
        Ինձ այսպիսի՛ խոհեր ներշնչեցին նրանք,
        Այն խստադեմ մարդիկ, որ կոփում են այստեղ,
        Այս ցրտաշունչ հեռվում, չտեսնված մի կյանք:-
        Այն մկանուտ մարդիկ, որ պահանջկոտ են, լուրջ են,
        Ինչպես այս գորշ Նեւան, այս աղջամուղջը,
        Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
        Իմպերատիվը սերունդների...

        Comment


        • #5
          Բանաստեղծի խորին համոզմամբ երգը պետք է լինի մարդու մասին, ով «ունի կրքեր բազմաշունչ, Սրտում հազար հույզեր ունի»։ Ահա թե ինչու «Թուղթ բանաստեղծ
          բարեկամիս՝ N․N –ին, գրված Երևանից» բանաստեղծության մեջ մեծ պոետը խոր ափսոսանք է ապրում, որովհետև իր դարի երգերը հատու ու խոր չեն, ինքնագոհ պոետները՝ իրենց երգով հմայված,ոչինչ չարժեցող ներբողներ են ասում իրար, ափսոսում է, որովհետև «Մեր երգերում, սակայն, չկա այսօր ո´չ սեր, ո´չ խոհ, ո´չ կյանք»։
          Բայց բանաստեղծը հավատում է, որ կգա մի մեծ պոետ, ով Ալեքսանդրի ( Պուշկինի) ազնիվ քնարը կունենա ու կերգի այնպես, որ «Կայրի սրտերը սուրբ հրով ու չի դավի իր քնարին»։
          Քնարն է պետք Ալեքսանդրի,
          ՈՒ քնարի հետ միասին՝
          Այդքան անհուն ու ահագին,
          Այդքան պայծառ ու վեհ մի սիրտ։ —
          Իր միտքն է պետք պայծառատես,
          Որ օրերի վեճի միջից
          Հիմնականը մանրից զատե
          ԵՎ կարկաչե ջինջ ու վճիտ։—

          Comment


          • #6
            Չկա ինձ համար ավելի մեծ հաճույք, քան պառկել սենյակում, չմտածել ոչինչի մասին և կարդալ որևէ դասական հեղինակի... Ամենից ավելի սիրում եմ կարդալ Պուշկինին: Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուզում եմ ինձ վարձատրել մեծագույն հաճույքով, ես փակում եմ իմ տան դռները, պառկում և սկսում եմ կարդալ Պուշկինը - որ գրվածքն ուզում է լինի...
            Եղիշե Չարենց

            Comment


            • #7
              Ուշագրավ է նաև «Ես այն չեմ այլևս» բանաստեղծությունը, որ ունի «Պատասխան թշնամիներիս» ենթավերնագիրը: Այն պոետի անսանձ քնարի ճշմարիտ գովքն է։ Իր դեմ լարած դավերը ոչինչ են, որովհետև աննման ձիրքերով պոետը, «խոհով ծանրացած քնարը ձեռքին», նոր հուն է մտել։ Եվ որքան էլ ցավոտ լինեն հատվածները, որքան էլ արյունոտեն այլոց ժանիքները, պոետը խիզախ է, նրա երգը՝ անահ:
              (Ներբող լիրիքական)
              ՊԱՏԱՍԽԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՍ

              Եվ գիտես՛ ես հիմա, որ համա՛ռ է,
              Առօրյա աշխատանք է անդուլ—
              Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
              Որ գալու էր երգով ու խանդով...

              Ե. Չ.

              Օ, դո՛ւք, ասպետներ չնչի՛ն դավերի,
              Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.-
              Ես ոգով հիմա պի՛նդ եմ ավելի,
              Ավելի՛ տոկուն, քան էի առաջ։
              Եվ եթե երգով ես ասում եմ, թե
              Ես ա՛յլ եմ հիմա, այլևս այն չեմ -
              Նշանակում է՝ նոր հո՛ւն եմ մտել՝
              Ավելի՛ խորունկ, ավելի՛ անշեղ։

              Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
              Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,-
              Եվ ոգով այսօր չե՛մ փոխվել թեպետ,
              Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ։
              Իմ հոգին այսօր էլ չի՛ մանրանում,
              Չի՛ մսխում իրեն թռվռուն խոսքով -
              Այդպես ցողո՛ւնն է հանդում ծանրանում,
              Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով։

              Ես այն չեմ հիմա... Հույզերիս քամին,
              Որ քշում էր ինձ անկումից-անկում -
              Հանգստացել ու նստել է հիմի
              Եվ ամեն կանչի չի՛ արձագանքում։-
              Էլ չի՛ հռնդում սիրտս վայրենի,
              Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.-
              Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
              Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա։
              Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
              Մարդկային ծփուն ծովում հողմածեծ
              Միա՛յն երգերով ու անձև խանդով
              Օ, ո՛չ մի ցողուն դեռ չի՛ բարձրացել։
              Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
              Զգացմունքների հորձանքից անձև -
              Եվ աշխատանքի բոցը փրկարար
              Իմ անձրևածեծ երեսը խանձեց։
              ....
              Ու շռնդալով շինվում է հիմի։
              Առաջին անգամ իմ հայրենիքում,
              Ուր հոսում էին արնահուն գետեր-
              Այս այգաբացի երթը զրնգուն
              Իմ բարձրաշառաչ ե՛րգն է ավետել։
              Հիմա՝ վաստակած ու ձեռքիս քնար՝
              Ելնում եմ ահա կրկի՛ն ժպտադեմ,
              Որ սերունդների գործին անկոբար
              Խոտվ ծանրացած իմ երգը խառնեմ։

              Ես չե՛մ երգելու այժմ շառաչուն
              Գալիքի մասին, որ գալու է դեռ.
              Իմ նեոսում հիմա հուզվում են, աճում
              Ու շարժվում ուրի՛շ խոհերի գնդեր։-
              Ներկա՛ն է հիմա իմ դեմ աղմկում,
              Ինչպես կրքերի ամեհի մի ծով,-
              Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
              Այս հազարագույն օվկիանի միջով։
              Անցնում եմ՝ իմ նո՛ր խոհերին գերի -
              Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,-
              Անքուն կրքերի, զգացմունքների
              Լա՛յն, անծայրածի՛ր օվկիանն է եռում։

              Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
              Քնա՛րս է միայն ինձ հետ միասին,-
              Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
              Իմ պայծառացած խոհերի մասին։
              Դժվար կլինի իմ երթը հիմա,
              Դժվար ու դժնի, քան երբևիցե,
              Եվ ճամփիս գուցե օձերի նման
              Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,-
              Բայց պի՛նդ է ոգիս... Ու ո՛չ մի ժանիք
              Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,
              Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
              Իմ շռնդալից, պայծա՛ռ քնարից...

              Comment


              • #8
                Երգված գրքեր

                «Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր»
                Չարենցը հայտնի է նաև գրքի հանդեպ ունեցած իր՝ պաշտամունքի հասնող սիրով։ Նա բացառիկ ընթերցող էր, ուներ ընտիր գրադարան։ 1928-33թթ աշխատել էր Պետական հրատարակչության գեղարվեստական բաժնում, որտեղ դրսևորել էր անսպառ և անթերի ճաշակ։
                Չարենցի յուրաքանչյուր ժողովածուն գիրք է։ Բայց նա «Գիրք» հասկացությունը կարծես ավելի բարձր մի բան է ընդունում։ «Էպիքական լուսաբաց» շարքը այն իսկապես բարձր նիշն էր, որից հետո «եկած» գիրքը՝ «Գիրք ճանապարհին», ամբողջովին մտնում Չարենցի «գիրք» ընկալման մեջ։ Գիրքը «կայանում է» , եթե կայանում է հաղորդակցումը ընթերցողի հետ։ Ընթեցողը ոչ միայն գրքի արժեքը հասկացողն ու գնահատողն է, այլ նաև գրքի ձևավորման կաևորագույն նախապայմանն է։ Այդ տեսակետից ուշագրավ են «Ընթերցողին», «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո», «Մակագրություն գրքի վրա» բանաստեղծությունները․
                Չընդունե´ս, ընկե´ր, այս գիրքս այնպես,
                Ինչպես աղջիկն է նվեր ընդունում․——
                Սպասում է նա դրան անհամբեր,
                Իսկ ստանալիս — մի կողմ է դնում։ —

                Comment


                • #9
                  Գրքի հանդեպ Չարենցի պաշտամունքը ավելի ու ավելի է ուժգնանում ժամանակի ընթացքում: Գրիքի և համամարդկային գրականության արժեքը խորապես ընկալող բանաստեղծը իր վերջին գրքում՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուում, մի բարձրակարգ ներբող ընծայեց գրքերին: Խորազգաց իմաստասերի և իրատես գիտակի աչքով չափեց և գնահատեց գրքերի աշխարհը:

                  Comment


                  • #10
                    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
                    Արևների նման բազմապիսի,
                    Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
                    Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
                    Բարբառում են անձուկ ու մտերիմ:
                    Տարփանքով, ինչպես պատանին,
                    Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
                    Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
                    Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
                    Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
                    Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
                    Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
                    Իմ խոհերի վսեմ այրուձին:
                    Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
                    Ծնված զանազան դարերում ու երկրներում,
                    Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
                    Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
                    Մեր կյանքի երկար ճանապարհին
                    Հանդիպում են նրանք հետզհետե,
                    Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
                    Կամ մնում են անցած տարիների ետևը:
                    Ուղեկից են դառնում մինչև ի մահ
                    Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
                    Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
                    Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
                    Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
                    Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
                    Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
                    Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
                    Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
                    Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
                    Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
                    Որ համրերի նման անհաղո՛րդ են:
                    Աղջիկների նման սեթևեթ
                    Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
                    Հրապուրում, գերում - և մոռացվում հավետ…
                    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
                    Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
                    Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
                    Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
                    Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
                    Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
                    Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
                    Ասորական արքա Բալթասարը,
                    Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
                    Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
                    Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
                    Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
                    Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
                    Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
                    Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
                    Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
                    Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
                    Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
                    Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
                    Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
                    Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
                    Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
                    Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
                    Կան զեփյուռի նման, նման քամու՜,
                    Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
                    Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
                    Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
                    Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
                    Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
                    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
                    Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
                    Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
                    Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
                    Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
                    Արեգակի բոլո՛ր երանգների նման,
                    Տիեզերքի նման բազմալեզու-
                    Ես սիրում եմ նրանց երփներանգ
                    Այս հուրերը կիզուն
                    Եվ բնության բոլո՛ր ձայների,
                    Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
                    Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
                    Այս բույրը մշտահոլով:
                    Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
                    Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
                    Մեր տների փայտյա դարակներում բազմած`
                    Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
                    Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
                    Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
                    Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
                    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:

                    Comment


                    • #11
                      Անցյալի վերհուշն ու գալիքի խորհրդանիշ

                      «Էպիքական լուսաբաց» շարքում իրենց թեմատիկայով և ժանրային հատկանիշներով առանձնանում են չափածո նովելները։ Անցածն ու ապագան պատկերելու առումով «HomoSapiens» և «Գանգրահեր տղան» նովելները նոր մոտեցումներ են բերում, նոր չափանիշ գծում։ «HomoSapiens» նովելում Չարենցն ստեղծում է պատանեկան տարիների իր կերպարը։ Վերհուշի ձևով «կենդանանում է» գավառական քաղաքը՝ իր անկենդան լռությամբ, և այնտեղ ապրող պատանին՝ կենսաթրթիռ երազներով, թռիչքների պատրաստ։ Ահա նա՝ տասնվեցամյա պատանին, գլխահակ քայլում է նաիրյան քաղաքի փոշոտ մի փողոցով՝ կռնատակին մի գիրք։ Այդ գիրքը Ստանիսլավ Պշեբիշևսկու «Homo Sapiens» վեպն է։ Նա այգում նստած կարդում է գիրքը, աշխարհը չքանում է կարծես, ամեն ինչ դռնում է անիրական,ու մնում է միայն ինքը՝հարդագողի ճամփորդը, «հանճարեղ գերմարդը»։ Նրան շրջապատը չի հասկանում, բայց դա չի խանգարում նրան երազել․
                      Մի շարժումով կրկին իր ճակատը շոյեց —
                      Եվ որոշեց, որ ինքը դառնալու է կյանքում ․․․
                      Մի հանճարեղ պոետ ։—
                      «Գանգրահեր տղան» չափածո նովելում Չարենցը «կենդանացնում է» ապագան` գալիք մի գարուն, արևոտ ու պայծառ մի օր։ Այդ գալիքի խորհրդանիշը գանգրահեր տղան է։ Ապագան պայծառ է, քաղաքը բարեկարգ է , մարդիկ երջանիկ են՝ «դեմքերին ծիծաղ», խնդություն կա պիոներական վաշտի քայլերթում, «Նրանց ծիծաղում կյանքն է կարկաչում»։ Անցնում են նրանք զվարթ ու խնդուն, և նրանցից բաժանվում է մի կապուտաչյա գանգրահեր տղա։ Նա բարձր ճակատ ունի, ջինջ աչքեր, «հագին սպիտակ, կապտերիզ շապիկ»։Նայում է մի պահ պայծառ աչքերով և ապա գերեզմանատան քարերի կարծրացած փոշին է քերում․
                      Գրված է վրան - «Եղիշե Չարենց,
                      Բանաստեղծ , ծնված Մարկու քաղաքում»։
                      Տղան կարդում է, ժպտում, ինչ-որ բան հիշում և շարունակում է իր թողած ճամփան։ Լուսավոր ապագագայի արևոտ մի դրվագ է սա, հավիտյան երազած մի հուշ, պայծառ տեսիլք։
                      Իսկ վեջին տողերը անսահման տիեզերքում կյանքի հավերժությունն են խորհրդանշում։
                      Լսու՞մ ես՝ այստեղ իմ սի´րտն է թաղված,—
                      Կոխոտի´ր նրան քայլերով քո լույս,
                      Օ, դու´, գալիքի գանգրահե´ր տղա,
                      Մեր լա˜վ գալիքի ոսկեհե´ր մանուկ ․․
                      Ինչքա˜ն սեր ու լուսավոր հավատ կա այս նովելում ․․․
                      ( Պայծառ ապագայի երազանքը իրականանում է կարծես, իսկ շիրիմը ․․․)



                      Comment


                      • #12
                        Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ նաև «Եղիշե Չարենցի չափածո նովելեների ուսուցումը» թեման, որը զետեղված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ հետևյալ հղումով. https://lib.armedu.am/resource/28089
                        Ուրախ կլինեմ ձեր յուրաքանչյուր արձագանքի համար:

                        Comment


                        • #13
                          Ինչպես գիտենք, «Էպիքական լուսաբաց» շարքը Չարենցը նվիրել է վաղամեռիկ կնոջը՝ Արփենիկին: Ստորև ներկայացնում ենք պատմաբան Ռուբեն Շուխյանի փաստագրական ակնարկը՝ «Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն»:
                          Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:

                          Comment


                          • #14
                            Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

                            1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց, որը, սակայն, վատ ավարտվեց նրա համար: Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձ անելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիաննային:
                            Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել):

                            Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրում էր. «Դագաղը ներկայիս պրոսպեկտի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն՝ Չարենցի լացն էր դա… Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում…»։ Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր, հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։

                            Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում, խարույկի մեջ այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր 1924 թվականին եվրոպական շրջագայությունից: Հավանաբար դա արել է, որպեսզի այդ զգեստներն ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմացվի սիրելիի հիշատակը։ Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։

                            Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա.Չ.»: Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա կանվանի Արփենիկ:

                            Comment


                            • #15
                              1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։ Գրքում նաև Արփենիկին ձոնված երկու սոնետ կա: Նրանցից առաջինում Չարենցը գրում էր.

                              I

                              Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,
                              Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
                              Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,
                              Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել։

                              Ահա կրկին իմ դեմ ծաղիկներ ու կյանքեր՝
                              Քո գարունքին բացված ծաղիկների նման,
                              Կրկի՛ն ճիգեր անդուլ, անօրինակ ջանքեր՝
                              Մարդկային կյանքը մեր կառուցելու համար։—

                              Մշտահոլով, աննինջ, հավերժորեն հոսուն,
                              Օվկիանի անխոնջ ալիքների պես վեհ՝
                              Աղմկում է ահա հուզումների լեզուն։—

                              Եվ ինձ տալիս է թափ ու պայքարի թևեր
                              Այս առօրյան կրկին, որ եռանդից եռում
                              Ու մղում է դեպի անեզրական հեռուն։—

                              II

                              Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում,
                              Որ բյուրավոր մարդկանց խանդաղանքով ահա՛
                              Բարձրացել է որպես հաղթանակի վահան,
                              Մի վիթխարի մարդու այգանման անուն։—

                              Սեր սրտերում անդուռ մի ափսոսանք պահած՝
                              Մի օր ճամփա դրինք նրա դագաղը մենք,—
                              Եվ քարացել էին, ինչպես ռազմի պահակ,
                              Ճանապարհին՝ անթի՛վ բազմություններ։—

                              Դա թաղում չէ՛ր, ընկե՛ր, այլ շառաչուն մի այգ,
                              Որ բացվում էր այս հին մոլորակի վրա,—
                              Եվ ողջունում էինք մենք այգաբացը այդ։—

                              Եվ հառնելով արդեն կերպարանքը նրա
                              Հուրհուրում էր գալիք հրդեհների հրով՝
                              Արնանման, ինչպես հաղթանակի դրոշ...

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X