Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք

    Այստեղ ուզում եմ խոսել Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած գրական ստեղծագործության միջազգային մրցույթի մասին, որն արդեն 6 տարվա պատմություն ունի: Մրցույթի խորագիրն է` "Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք": Այն արդեն դարձել է ավանդական ու իր առաջ խնդիր է դրել Հայաստանի, Արցախի և հայկական Սփյուռքի, ինչպես նաև` այլ ազգերի երիտասարդ ներկայացուցիչներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, նպաստել նրանց կենսական ակտիվ դիրքորոշման ձևավորմանը այնպիսի հիմնարար արժեքների նկատմամբ, ինչպիսիք են Երկիր մոլորակի վրա խաղաղության պահպանումն ու բարեկամության հաստատումը:
    Մրցույթի այս տարվա թեման էր` "Հիշենք` ապրելու, արարելու համար", և նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին: Մասնակիցը կարող էր ներկայացնել գրական ստեղծագործություն իր նախընտրած ժանրով` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Մասնակցության աշխարհագրությունն էլ շատ լայն էր` Ամերիկա, Եվրոպա, Հայաստան... Մրցույթի մասին նախօրոք տեղեկացվել է ''Կրթություն'' թերթում:

    Շատ լավ կլինի այս մրցույթին ներկայացրած բոլոր լավագույն աշխատանքներն այստեղ տեղ գտնեն...

    Սիրով ներկայացնում եմ այս տարվա մրցույթի գլխավոր մրցանակը շահած` Արփինե Պետրոսյանի շարադրությունը, որը լույս է տեսել նաև "Գարուն" ամսագրում: Կարդում եմ Արփինեի գրածը ու նրա հավատով համակվում. Նա ու իր սերունդը (Աստված տա` մենք էլ) կգտնիիր հայրենիքը, ու լեգենդը մի օր իրականություն կդառնա: Մանավանդ որ` Արփինեն, դեռ Էրգիրը չտեսած, ականատեսի աչքերով է նկարագրում այն...
    Արփինեն համոզված է` տիրոջ իրավունքով Վան գնալու օրը գալու է, ու հավաքական Փոքր Մհերի վերադարձը` կայանալու է...
    Եվ թող եղիցի այդպես...
    Վերջին խմբագրողը՝ manush; 20-12-10, 17:46.
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  • #2
    Իմ մեծ տատի լեգենդը
    Կա մի իրական ու հրաշք երկիր, որ չես գտնի աշխարհի ոչ մի քարտեզի վրա: Արևագալի տեսարաններն այնտեղ առավել դյութիչ են, գունեղ, ու նրա լեռներում այսօր էլ դեռ արևորդիների պաշտամունքների բյուրհազարամյա հսկա վկաներ ու ժայռապատկերներ կան: Թանձր-կաթնագույն մշուշի միջից` փրփուր դարձած ջրվեժի տեսիլք ու շառաչ կա այնտեղ, ու սարերից իջնող, արդեն մի ողջ դար տիրոջը փնտրող ցողախառն զեփյուռ կա այնտեղ: Անտառի հառաչը ամեն օր վազում է սարերն ի վեր այդ երկրում, իր վիշտն հասկացող զրուցակից է փնտրում` տեսած արհավիրքը նրան պատմելու ու փոքր-ինչ սփոփվելու համար, բայց չգտնելով` ձորերն է իջնում ու Մհերի դռան քարանձավում պահվում:
    …Այդ երկրի անունը Էրգիր է: Ես այն միայն իմ երազներում եմ տեսել, որ եկել-խառնվել են տատիս երազներին ու դարձել հիշողության ու արյան կանչ.
    Ես դիմացի սարը ձգել եմ ուզում.
    Թող այն բարակի ու շղարշ դառնա,
    Որ վարագույրի միջից այդ քարե`
    Կորուսյալ Էրգրի պատկերը տեսնեմ,
    Այնտեղից եկող շնկշնկան հովով`
    Ամառվա տապի տագնապս ցրեմ:
    Աղոտ լույսն ու խամրող շղարշն էլ`
    Հոգուս աղոթքի վկան թող լինեն,
    Ու իմ խռովքի գերբնական ուժով`
    Խոնարհված վանքերի պատերը շարեմ…

    Տատս էլ չի տեսել իմ նախնյաց երկիրը: Նրան էլ ի՜ր տատն է պատմել իր մանկության հեքիաթն ու ջահելության մղձավանջը…
    Զոզան է եղել իմ մեծ տատի անունը: Վանա լճին նայող սարի անունը տալով իր աղջկան` վարժապետ ու վաճառական Ավդալ պապիկն ուզեցել է նրա լանջերին աճող ծաղիկների պես նուրբ ու քնքուշ տեսնել իր փոքրիկին: Ու մեծացել է Զոզանը` խաղալով Վանա ծովակի կապույտ ալիքների հետ, իր երեք քույրերի ու նույնքան հորեղբորորդիների հետ Այգեստանի իրենց այգում խնձոր է քաղել ու Ագռավաքարի բարձրությունից Աղթամարի վանքին նայել: Երբեմն էլ մոր հետ գնացել է մոտակա Կամուրջ գյուղ` մորաքրոջ տուն, ու զմայլվել լիճ թափվող ջրվեժի ծիածանով: Իսկ երբ իր հոր իջևանատանը հավաքվել են քաղաքի երևելիները` տառեխ ճաշակելու, լսել է նրանց իմաստուն զրույցներն ու տեսել նկարող Թերլեմեզյանին: Քաղաքում հայտնի Բոխչա Ավդալը Խանջյանների տոհմից էր, ու նրա տունը նաև մտավորականների հավաքատեղի էր: Ու երբ 1915թ. սև ամպերը աստիճանաբար թանձրացան ու ծանրացան հայոց երկրում, այդ նրա´նք էին, որ որոշեցին դիմել ինքնապաշտպանության: Այգեստանում ստեղծվեց Վանի ինքնապաշտպանության մարմինը, որը ապրիլ-մայիսի յուրաքանչյուր օրը նշանավորեց հայերի խենթացած հերոսությամբ: Վանեցիներն իրենց մեջ զգացին քաղաքի հիմնադիր Սարդուր արքայի, Մենուայի ու Արգիշտիի արյան եռքը, Երվանդյանների ու Արծրունիների հզոր ոգին: Իսկ Զոզանը, իր նման շատ աղջիկների ու պատանիների պես, զենք ու մթերք էր հասցնում դիրքերը, հաճախ լրացնում մարտական շարքերը: Իսկ հրադադարների հազվագյուտ րոպեներին շրջում էր թաղերում` իր երգով ու ասմունքով ոգևորելով վանեցիներին: Եվ միշտ` հայրիկի նվիրած հովանոցը ձեռքին...
    Ու եկա´վ հաղթանակը: Հետագայում Թերլեմեզյանը պիտի հիշեր, որ վանեցիներն անհավասար մարտերում ''կկռվեին եղունկներով, ատրճանակներով, որսի հրացաններով և կդիմադրեին Կրուպպի թնդանոթներուն, որովհետև հավատքն իրենց կուրծքերեն բրոնզե պատնեշներ կերտեց'':
    Բայց պատմական անարդարությունը այս անգամ ևս պետք է երևար իր ողջ նողկալիությամբ: Ու հուլիսյան մի օր Բոխչա Ավդալն իր այգու ընկուզենու տակ պետք է թաղեր օջախի խորհրդանիշը` պղնձե կաթսան ու շերեփը և Վառել է ոսկի հասկերը բռներ գաղթի ճամփան` մի օր վերադառնալու հաստատուն հույսով ու հավատով: Իսկ Զոզանը այդ ճանապարհին պետք է տեսներ այն դանթեականը, ինչը հետո ականատեսի աչքերով հանճարեղորեն նկարագրեց Չարենցը.
    …Սատանա´ն քրքջացել է այս
    Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,
    Փռել է կարմիր խորշակ ու երաշտ
    ,:
    Հայոց աշխարհում եղեռն էր եղել, Մեծ եղեռն, ու դրա տեսարաններն իմ մեծ տատն իր աչքերով հետը բերելու էր Արևելյան Հայաստան, նախ` Գյումրի, ապա` Արթիկի շրջան, գյուղ Մեղրաշեն: Այդ սարսափի տեսարաններն ու ձայները, ժամանակակից տեխնիկական հնարավորություններից շա՛տ առաջ, պետք է տեսագրվեին իմ տատի աչքերում, ու նրանից էլ պետք է անցնեին իմ աչքերին ու ականջներին. եղե՛ռն է եղել հայոց աշխարհում:
    Հինավուրց տոհմիկ մի ազգ
    Չմեռա՛վ, այլ…մահացա´վ.-
    Սևակի այս խոսքերը ես, թեև անթերի անգիր գիտեի, չպիտի կարողանայի մի օր արտասանել դպրոցում` եղեռնի զոհերի ոգեկոչման սգահանդեսին…
    Քաղաքակրթության պատմությունն ու հայ ժողովուրդը հասակակիցներ են: Այդ ժողովուրդը հազարամյակների միջով էր անցել, ավերիչ պատերազմներ էլ էր տեսել, մշակույթի, գիտության ու տնտեսության հզոր վերելքներ էլ: Մարդկային հանճարն այդ երկրում իր խորը դրոշմն էր թողել, այդ հողն էր Նարեկացի, Շիրակացի ու Տրդատ ճարտարապետ ծնել: Բայց այդ երկիրը դարձավ նաև արդեն 20-րդ դար մուտք գործած մարդկության ամենասոսկալի ոճրագործության թատերաբեմ: Մի ողջ ժողովուրդ մորթվեց, հոշոտվեց ու տեղահան եղավ, որովհետև հայ էր: Հայրենազրկությունը նրա աչքերին մի յուրօրինակ թախիծ դրեց, ու կարոտախտը դարձավ այդ ժողովրդի ցայսօր չբուժված հիվանդությունը: Աշխարհի հզորներից նրա վիշտը քչերը հասկացան, բայց քչերի մեջ էին ժամանակի խիղճը դարձած մեծերը` Անատոլ Ֆրանսն ու Ֆրանց Վերֆելը, Նանսենն ու Լեփսիուսը… Եղել են նույնիսկ օտարազգի միսիոներներ, որ խելագարվել են իրենց տեսածից…
    Այդ հետո պետք է Լեմկինը մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործությունը ՙգենոցիդ¦ եզրույթով բնորոշեր և որպես դրա առաջին ու այլանդակ դրսևորում` հայոց Մեծ եղեռնը դիտարկեր: Մեկ ուրիշը` արաբ իրավագետ Մետր Մուսա Պրենսը, հայերի կոտորածը կոչեց արմենոցիդ և այն որակեց որպես ցեղասպանությունների հայր: Ո՟վ գիտի, մոլագար մարդկանց թշվառ ուղեղում կծրագրավորվեին այլ գենոցիդներ, եթե ժամանակին բռնած լինեին թուրքի ձեռքը, կամ առնվազն դատապարտվեր Մեծ եղեռնն ու մտածեին հետևանքների վերացման մասին: Մի՟թե Հիտլերը չէր ոգեշնչում իր հրոսակներին. ''Հիմա ո?վ է հիշում հայերի մասին…'':
    Բայց իմ ժողովուրդը տոկաց ու ապրեց: Իր պատմական հայրենիքի հազիվ մեկ տասներորդ մասը կազմող մի հատվածում ստեղծեց պետականություն և վերածնվեց: Սակայն գոյացավ նաև աշխարհագրական-պատմական-էթնիկական մի հասկացություն ևս, որ Սփյուռք է կոչվում ու որը դարձյալ չես գտնի օտար ոչ մի քարտեզում…Հայի ստեղծագործ հանճարն իր նոր փայլատակումները տվեց, հայն արարեց, որտեղ էլ որ նրան կյանքի ալիքը նետեց… Նա Ֆրանսիայում դարձավ Ազնավուր ու Գառզու, ԱՄՆ-ում` Սարոյան ու Արշիլ Գորկի, Ռուսաստանում` Քոչարյանց ու Ալիխանով, նույնիսկ` ծիծաղի՛ արքա Ենգիբարով … Իսկ Հայաստանու՟մ:
    Իսկ թե կուզեք շատ խորանալ գիտելիքի, մտքի ծովում`
    Բարձրացեք լյառն Արագած, ու հյուրընկալվեք Բյուրականու´մ…
    Ես ինքս այսօր սովորում եմ Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Որոշել եմ դառնալ իրավաբան-միջազգայնագետ ու մեր երկրի նախագահի` մարտին արված հարցադրմանը` ''Իսկ ե?րբ և որտե?ղ է հայերի Նյուրնբերգը", մասնակցել որպես մասնագետ: Վստահ եմ, կգա արժանապատիվ լուծումների օրը, ինչի մասին մենք թուրք պատանիների հետ բանավիճում էինք դեռևս 2007թ. հուլիսին, Լոռվա միջազգային երիտասարդական ճամբարում, երբ ես դեռ 16 տարեկան էի…
    …Աշտարակից դեպի Գյումրի տանող ճանապարհի ձախ կողմում` Աշտարակից ոչ հեռու, մի բարձր կոթող կա կանգնած` ''Արծիվ Վասպուրականին'': Կոթողը կանգնեցված է ի հիշատակ Վանի հերոսամարտի մասնակիցների, որոնք խիզախեցին պաշտպանել իրենց քաղաքը և չհանձնեցին թուրք ջարդարարներին: Յուրաքանչյուր տարի` մայիսին, այդ կոթողի շուրջն են հավաքվում վանեցիների ժառանգները` իրենց հարգանքը մատուցելու հերոսամարտի մասնակիցների հիշատակին: Տատիկս ու ես էլ ենք այնտեղ լինում: Ես կիսով չափ վանեցի եմ ու կիսով չափ էլ` կարինցի: Ինձ համար Վանն ու Կարինը նույնչափ են հայրենիք, ինչքան որ Երևանն ու իմ ծննդավայր Արթիկը: Տատիկս ասում է, թե իրենց սերնդի կյանքի իմաստը, երևի թե, մարդկանց մեջ երազանք արթնացնելն էր: Իմ մեջ այդ երազանքն արթնացել է: Ես երբևէ կտեսնեմ այն քարտեզը, որտեղ գրված է Էրգրի իսկական անունը` Հայաստան, ու կգտնեմ այն ընկուզենին, որի տակ իմ մեծ պապը թաղել է իր օջախի պղնձե կաթսան ու շերեփը…Իսկ այսօր ես իմ հիշողության մեջ երկյուղածությամբ եմ ''պահում'' Էրգրից բերած լեգենդը մեծ տատիս հովանոցի (առաջի՛ն հովանոցը ողջ Արթիկի շրջանում) մասին, որի վրա վարպետ ձեռքով ասեղնագործված է եղել Վանա ծովակը…

    Արփինե Պետրոսյան
    Հայաստանում ֆրանսիական համալսարանի
    իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի
    Վերջին խմբագրողը՝ Զառա; 20-12-10, 16:12.
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

    Comment


    • #3
      Ամենահակասական և բարդ զգացումներով, բազմիցս ընթերցելով և չկարողանալով անգամ մեկ պարբերությամբ համառոտագրել Արփինեի մրցույթային աշխատանքը, լուսավոր խորհրդով թերթի ամանորյա համարում տպագրում ենք այն` մաղթելով, որ գալիք տարին և տարիները մեր երիտասարդության մեջ ալեկոծեն նույն այն խոհերը, ապրումներն ու զգացումները, որով ներկայացել է միջազգային մրցույթում Արփինեն և հաղթել: Ապրես, Արփինե, մենք ոչ միայն շնորհակալ, այլ հպարտ ենք քո հաղթանակի համար: Դա քո սերնդի հաղթանակն է` նետված գալիք ժամանակներին: Մենք հավատում ենք, որ մոտ է լինելու հայերի Նյուրնբերգը, և դու, և քո կերպարով մեր ազգի վաղվա սերունդը տեսնելու է այն: Իսկ դու, անտարակույս, մասնակցելու ես դրան որպես մասնագետ:
      "Տուֆաշխարհի առօրյա" շաբաթաբերթի
      գլխավոր խմբագիր Անահիտ Նահապետյան
      Զարուհի Պետրոսյան
      Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

      Comment


      • #4
        Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք
        Ավարտվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած գրական ստեղծագործության միջազգային 7-րդ մրցույթը : Մրցույթի այս տարվա թեման էր` "ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ":
        Սիրով ներկայացնում եմ գլխավոր մրցանակ ստացած աշակերտներից մեկի էսսեն:
        Զարուհի Պետրոսյան
        Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

        Comment


        • #5
          ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ

          Երկաթե հսկա մի դիսկի նման
          Բյու´ր եղբայրների կամքը մեր արի,
          Տիեզերական-
          Նետե´լ ենք արդեն թափով վիթխարի
          Դեպի հողմերը գալիք օրերի,
          Դեպի - Ապագան...
          (Ե. Չարենց, <<Դեպի ապագան>>)


          Ես ապրում եմ նաիրյան երկրում: Արևածագերն այստեղ ավելի պայծառ են, ամպրոպները` ավելի շռնդալից, իսկ ծաղիկներն` ավելի գունեղ: Քամին այստեղ ավելի է զովաբեր, ջերմուկներն այստեղ տաք են ավելի, ու ձյուներն էլ` սպիտակ ավելի:
          Դա այդպես է, որովհետև Հայաստանը` իմ հայրենիքն է :
          Կավե սալի վրա փորագրված բաբելոնյան աստղաձև քարտեզը հնագույններից մեկն է աշխարհում: Ու նրանում պատկերված վեց երկրներից մեկը` Հայաստանն է: Բացե´նք այդ երկրի պատմության քարտեզը և ճանապարհորդենք նրա շատ բան տեսած ճամփաներով:
          Դրանց վրա գուցե դեռ գտնենք հայոց հեթանոս աստվածների ու աստվածացված նախնիների` Արայի, Հայկի ու Արամի ոտնահետքերը, գուցե ինչ-որ տեղ` քարանձավում կամ ձորերում, դեռ արձագանքվում են Արգիշտիի ու Տիգրան Մեծի ռազմիկների հաղթական ձայները, ու կամ էլ` Տրդատի ու Մոմիկի մուրճերի հարվածները, վար անող շինականների հորովելներն ու հոգևոր շարականները...
          Սակայն տևական ժամանակներ իմ հայրենիքը եղել է նաև օտարի լծի տակ, կեղեքվել է ու անասելի տառապանքներ կրել: 20-րդ դարում, իր պատմական հայրենիքի հազիվ մեկ տասներորդ մասում, հայն ստեղծել է իր անկախ պետականությունը, ու այսօր Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկն է աշխարհում:
          Ես սովորում եմ դպրոցում: Ու թերթել եմ իմ երկրի պատմության հերոսական ու ողբեր•ական էջերը` հպարտության զգացումներով ու կորուստների ցավերով: Բայց եկել է ժամանակը, երբ ես ու իմ սերունդն ենք դառնում այս երկրի ներկայի ու ապա•այի պատասխանատուն: Ու ի~նչ քաղցր ու բարձր պարտականություն է դա` դառնալ սեփական երկրի կերտողը, արագացնել նրա զարգացման ընթացքն ու տեմպը: Ապրել ազատության շունչը, ուս-ուսի տված աշխարհասփյուռ ՙհայու բեկորներին՚` հզորացնել, շենացնել հայրենիքը, այն դարձնել աշխատելու և արարելու, մշակույթի ու գիտության երկիր: Հետևել մեծ բանաստեղծի` դժվար ժամանակներում գաղտնագրած պատգամին` <<Ո~վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը` քո հավաքական ուժի մեջ է>>:
          Նախորդ դարասկզբին հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երևանը նախագծել էր իբրև մի արևային քաղաք.
          -Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
          Արևային ժամացույց` քարտե´զն ահա քաղաքի...,
          բայց նրանից հետո ողջ հանրապետությունն են <<արևային>> տեսնում արդեն նոր սերնդի հայ գիտնականները` Հերունին, Համազասպյանն ու նրանց երիտասարդ աշակերտները:
          Արևային մարտկոցներով էներգիա ստացող Հայաստանը կդառնա այդ ոլորտի համաշխարհային առաջատարը, ու <<Արփինե>>պայմանական անունով <<արևային>> արտադրանքը մեր երկիրը տեսանելի կդարձնի աշխարհում այնպես, ինչպես բժշկությունը` Գերմանիային, էլեկտրոնիկան` Ճապոնիային, ժամացույցը` Շվեյցարիային ու տուրիզմը` Իտալիային... Տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի մշակումը նաև Հայաստանի´ առանձնաշնորհը կդառնա:
          Բազմադարյան պատմությունը ու հայ ժողովրդի ստեղծագործ հանճարը մեր երկիրը դարձրել է յուրօրինակ թանգարան` բաց երկնքի տակ: Դա մեծապես պայմանվորված է նաև Հայաստանի բնապայմանների առանձնահատկություններով ու ազգային ուրույն մտածելակերպով: Մեր հայրենի բնաշխարհով մեկ` կիսավեր, թե կանգուն, սփռված են մեծաթիվ տաճարներ ու վանքեր, մատուռներ ու դամբարաններ, քարակերտ հուշասյուներ ու խաչքարեր, կարավանատներ ու կամուրջներ, քաղաքների, ամրոցների ու պալատների ավերակներ: Նոր ժամանակներում ևս հայ ճարտարապետները ստեղծեցին երևելի նոր կառույցներ:
          Ու զբոսաշրջիկը կգա´ Հայաստան` Գառնիի հեթանոսական տաճարը և ժայռերի սիմֆոնիան տեսնելու, Տաթևի ճոպանուղով ամպերից վար իջնելու ու երկրայի~ն հրաշքը ըմբոշխնելու, <<Հայաստանի փոքրիկ երգիչների>> համերգը լսելու, ծիրան ու Արագածի անմահական ջուրը վայելելու համար... Մարդկանց Արենի կտանի ոչ միայն ու ոչ այնքան նրա հանրահայտ գինին, այլև հազարամյակների խորքը տանող նորահայտ քարանձավների մշակույթը: Մարդկանց կհետաքրքրի` ովքեր են Արևմտյան Հայաստանի Պորտասարն ու Արևելյան Հայաստանի Քարահունջն ստեղծող ժողովրդի նախնիները: Այդ ի~նչ հզոր հանճար են ունեցել նրանք: Ու արդեն չեն զարմանա, երբ թերթերում կկարդան, որ հայ գիտնական Վահագն Գուրզադյանն ու նրա ջահել օգնականներն են մշակել տիեզերքների առաջացման նոր տեսությունը, որ մոսկովյան բուհերից մեկում սովորող քսաներկուամյա Հայկ Իշխանյանն է ֆիզիկական բարդ տեսության առաջարկողը, որ երաժշտական աշխարհը նվաճողը երիտասարդ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է, որ շախմատային օլիմպոսը նվաճողները մեր պատանիներն են... Սակայն նոր, ավելի փառավոր նվաճումները դեռ լինելու´ են: Հայաստանը դառնալու է հաղթանակների´ երկիր, ու լրահոսները դրանք ավետելու են ամեն օր` սովորական դարձած լուրերի տոնայնությամբ: Եվ դրա կերտողների առաջին շարքերում երիտասարդներն են լինելու` մեծերից ժառանգած պատվախնդրությամբ ու տարիքին բնորոշ ավյունով: Նրանք են դառնալու երկրի շարժիչ ուժը, միջազգային մրցակցային դաշտում առաջին հերթին դրսևորվելով որպես միտք ու գիտելիք արտադրող: Այդ միջավայրում ավելի է արժևորվելու մարդու անհատականությունը և ազգային միասնությունը:
          Իսկ մինչ այդ` Շիրակի մարզի Նոր Կյանքի դպրոցականների 2010-2011 թվականներին գյուղի մոտակա բլրալանջին տնկած շուրջ 3000 ծառերից անտառ •ոյացած կլինի, ու նրա սոսափը կհիշեցնի այդ մեծ գործի ոգևորությունը... Եվ արդեն իրենք` նորկյանքցիները չեն զարմանալու, թե ինչպես է մոտ 1700 տարի առաջ Խոսրով արքային հաջողվել անտառ տնկել, որի մնացորդներն են միայն մեզ հասել...Իսկ նոր սերնդի աշակերտները հավանաբար կմտածեն անտառն ընդարձակելու, մեծ աշխարհի իրե´նց գողտրիկ անկյունն ունենալու, այդ մասին երկրին ու հասակակիցներին տարիներ առաջ հիմնադրած <<Բռնկվող աստղեր>> պարբերաթերթով պատմելու մասին...
          Ինձ ու այդ ծառատունկն իրականացրած ընկերներիս 2009թ. ամռանը հայրենասիրության ու հպարտության դաս տվեց Արցախի լեգենդար հրամանատար Մովսես Հակոբյանը, երբ <<Հայ Ասպետ>> հեռուստախաղի մի մեծ խումբ հաղթողների հետ հանդիպում ունեցավ աղմկոտ Թարթառի անտառածածկ ափին:
          __Դու´ք եք այս երկրի տերն ու ժառանգորդը: Ճանաչեք ու սիրեք ձեր հայրենիքը. նրա յուրաքանչյուր անկյունը հերոսության ու մաքառումի իր պատմությունն ունի: Յուրաքանչյուր տաճարում ու եկեղեցում հայի միտքն ու ոգին է դրված, ու շինականի քարացած երաժշտությունը կա Դադիվանքի մամռակալած քարերի մեջ...
          Հրամանատարի մի ուրիշ խոսքը հիշեցինք Ամարասում, երբ սրահներից մեկի առաստաղին փնտրեցինք ու նշմարեցինք նրա հուշում-հանձնարարականը` հայոց այբուբենի տառերը` մեր պատմության մեծ երթի ամենաքաջ զինվորները: Եվ հուզվեցինք, որ այդքան զգայուն ու ռոմանտիկ սիրտ ուներ մեր ժամանակների հերոսը... Կանցնեն օրեր, ու մե´նք էլ հպարտությամբ կկրենք Հայրենիքի ու Քո զինվորը լինելու պատիվը, հրամանատա´ր: Ու երբ հայը` շիրակցի թե արցախցի, սփյուռքահայ թե երևանաբնակ – կերգեն Կռունկն ու Մարտիկի երգը Գանձասարի բարձունքում, այն իր արձագանքները կունենա մեր լեռներում, կիրճերի մեջ ու մարդկանց սրտերում...
          Չարենցավան քաղաքի մուտքի մոտ վերածնունդ խորհրդանշող մի հուշահամալիր կա: Արևային լույսով ողողված, ձեռքերը վեր պարզած պատանին ճախրում է առաջ` դեպի ապագան: Թռչող, ցնծացող երիտասարդը վաղվա Հայաստանն է, ու ապագայի նրա տեսլականն էլ` որքան բանաստեղծական, նույնքան էլ տեսանելի – համոզիչ:

          Տիգրան Պետրոսյան
          Շիրակի մարզ, Նոր Կյանքի միջնակարգ դպրոց
          Վերջին խմբագրողը՝ Զառա; 19-10-11, 11:21.
          Զարուհի Պետրոսյան
          Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

          Comment


          • #6
            Հարգելի Զառա, Արփինեի աշխատանքը գովելի է, հրաշալի: Նույնիսկ հայրենիքից հեռու ապրող յուրաքանչյուր հայ, կարդալով շարադրանքը, առանց վարանելու կճանաչի իր հայրենիքը, նրա անառիկ ամրոցներն ու բարձր սարերը, պատմամշակութային հուշարձաններն ու արարող ու ստեղծագործող մարդկանց: Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Արփինեին:

            Comment

            Working...
            X