Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ

    Խոստովանություն, որը կարելի է դիտել նաեւ որպես բաց նամակ Հայաստանի կրթական համակարգի բոլոր պատասխանատուներին:


    Ես՝ Անի Հակոբյանս, 2008 թ. ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ներկայումս սովորում եմ Ֆրանսիայի Փարիզ-2 համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Հպարտ եմ, որ ՈՒՍԱՆՈՂ եմ, վստահ եմ, որ արհեստավարժ մասնագետ եմ լինելու, ուրախ եմ, որ մոռացվում է Երեւանում սովորելու ժամանակ ունեցած հիասթափությունս: Բայց խորանում է տարակուսանքս՝ ինչո՞ւ են այդքան տարբեր կրթական համակարգերը իմ Հայրենիքում եւ Ֆրանսիայում: Որոշեցի մտահոգություններս փոխանցել նաեւ ձեզ՝ համեմատելով երկու ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել եմ եւ հիմա սովորում եմ:
    Համեմատությունս, կարծես, տեղին է: Երկուսն էլ պետական բուհեր են, մերը «Մայր բուհ» պատվավոր կոչումն է կրում, Փարիզ-2-ը Ֆրանսիայում լավագույնն է իրավաբանության ոլորտում: Երկուսի դիպլոմներն էլ, ինչպես ընդունված է ասել՝ «հարգի են»: Սակայն, ցավոք, ընդհանրություններն այստեղ ավարտվում են: ԵՊՀ-ից հիշողությանս մեջ մնացել է մի երկար-անվերջ (երբեմն հետաքրքիր եւ պետքական, իսկ հաճախ՝ ոչ) դասախոսություն: Եվ ես հիմա էլ չեմ պատկերացնում, թե այդ երկար-անվերջ դասախոսությունների շնորհիվ ստացած տեսական գիտելիքները (ասենք՝ ազատագրական շարժումների դիվանագիտությունը) ինչպե՞ս պետք է կիրառեմ: Ճիշտ է, որոշ դասախոսներ, այսպես կոչված, «սեմինարներ» էին կազմակերպում, երբ մի ուսանող անգիր արած մի թեմա էր արտասանում, իսկ մյուսները հորանջում էին: Սա էր մեր ամբողջ ուսման պրոցեսը: Այնինչ Ֆրանսիայում դասախոսությանը պարտադիր հետեւում են գործնական պարապմունքներ՝ 20-25 հոգանոց խմբերով: Նաեւ պարբերաբար ռեֆերատներ ենք գրում, մասնագիտական վարժություններ կատարում: Փարիզում քննարկումներին մասնակցում ենք բոլորս. խոսիր, անգամ եթե ճիշտ չես, ոչինչ, քեզ կուղղեն, բայց լուռ նստելու իրավունք չունես: Չեմ ցանկանում վիրավորել ԵՊՀ-ի մեր ֆակուլտետի դասախոսներին (շնորհակալ եմ շատերից), բայց չեմ կարող չասել, որ ԵՊՀ-ում դասախոսների մի մեծ զանգվածը ընդամենը դասախոսություն կարդացող են, տեսականը ներկայացնող, ուրիշ ոչինչ: Փարիզ 2-ում դասախոսների ճնշող մեծամասնությունը տվյալ բնագավառի, իմ դեպքում՝ իրավաբանության գործող մասնագետներ են՝ իրավաբաններ, սենատորներ, դատավորներ, դասագրքերի հեղինակներ: Եվ նրանց տված գիտելիքն էլ էապես տարբերվում է մեր դասախոսի տված գիտելիքից, եւ նրանց պահանջներն են այլ: Այստեղ՝ անգիր արա եւ քննություններին վերարտադրի դասախոսիդ կամ ինչ-որ հեղինակի մտքերը (մտածելը պարտադիր չէ), «արտասահմանում»՝ հասկացիր, վերլուծիր, համեմատիր, զարգացրու, վիճաբանիր, կիրառիր: Այլապես դրական թվանշան չես ստանա:
    Փարիզում արդեն իսկ առաջին կիսամյակից հետո հասկացա, որ իսկապես իրավաբան եմ: Ինչո՞ւ: Որովհետեւ դասախոսներիս հետ ամիսը երկու անգամ այցելում եմ տարբեր դատավարությունների, ծանոթանում ընթացքին, դատապաշտպանի մարտավարությանը, օրենքի կիրառման օրինակներին: Իսկ Երեւանո՞ւմ: Չորս տարվա ընթացքում ոչ մի այց ԱԳՆ կամ որեւէ միջազգային կառույցի երեւանյան գրասենյակ: Ոչ մի դասախոսություն կամ գոնե հանդիպում նախարարության նույնիսկ բաժնի վարիչի հետ, էլ չեմ ասում գործող դեսպանի կամ փոխնախարարի: Մի՞թե դա զավեշտ չէ: Մի անգամ նույնիսկ իմ նախաձեռնությամբ գնացի ԱԳՆ՝ ցանկանալով այնտեղ պրակտիկա անցնել, եւ ստացա չոր պատասխան՝ ուսանողների համար որեւէ բան նախատեսված չէ: Փարիզ-2-ում առանց պրակտիկա անցնելու (3 ամսից ոչ պակաս) ուսանողը դիպլոմ չի կարող ստանալ:
    Համեմատեմ մեկ այլ ոլորտ: Սովորելու համար լավ գրականությունը պարտադիր է: Ցավոք, մեր համալսարանի գրադարանը աղքատիկ է, գրքերի մեծ մասը խորհրդային տարիների է եւ, բնականաբար՝ չթարգմանված: Այսինքն՝ նախ կատարում ես թարգմանչի տիտանական աշխատանք, իսկ հետո էլ հասկանում ես, որ գրվածը այսօրվա պահանջներին, իրավիճակին չի համապատասխանում: Միգուցե ամոթ է խոստովանել, բայց ԵՊՀ-ի գրադարանում եղել եմ երկու-երեք անգամ, քանի որ գրքերը պատվիրելու համակարգը շատ բարդ է, իմ մասնագիտության գրքերը հիմնականում բացակայում են, եւ երկար սպասելուց հետո, միեւնույն է, մերժում էի ստանում: Փարիզում համալսարանի գրքերով լեցուն գրադարան այցելում եմ գրեթե ամեն օր: Գիրք պատվիրելու կարիք չկա, գիրքը գտնում եմ ինքս, վերցնում ցանկացած պահին եւ աշխատում: Եթե անհրաժեշտություն կա գիրքը տուն տանելու, դա նույնպես անում եմ առանց որեւէ մեկի օգնության, ուսանողական պլաստիկ քարտի միջոցով:
    Սակայն միգուցե դա՞ չի կարեւորը: Ի վերջո, ժամանակի հետ գրադարանն էլ է կարելի տեխնիկապես վերազինել, դասավանդման հայեցակարգն էլ փոխել: Իսկ դասախոս-ուսանող հարաբերություննե՞րը: Որեւէ մեկը կվիճի՞ ինձ հետ, որ ԵՊՀ-ում կաշառքը, «շնորհակալությունը», «նվերը» սովորական, երբեմն անգամ բացահայտ երեւույթներ են: Ֆրանսիայում դա, իհարկե, անհնարին է: Մեր «մայր բուհում» դասախոսը կարող է մեկ-երկու ժամով ուշանալ ստուգարքից, ընդհանրապես չգալ դասախոսության եւ այդ մասին տեղյակ չպահել ուսանողին: Տարրական բան է կարծես, բայց շատ խորհրդանշական: Փարիզում իր ապագա բացակայության մասին դասախոսը զգուշացնում է մեկ շաբաթ առաջ, այդ մասին նույնիսկ հայտարարություն է փակցվում: Եվ ընդհանրապես դասախոսների հետ մեր ունեցած կապը էապես տարբերվում է այստեղ եւ այնտեղ: Փարիզում ես, օրինակ, կարող եմ ցանկացած պահի էլեկտրոնային նամակ ուղարկել դասախոսին եւ շատ կարճ ժամանակում ստանալ սպառիչ պատասխան: Դասախոսի վերաբերմունքը ուսանողին, որպես ազատ քաղաքացու, որպես ապագա գործընկերոջ, իսկապես ոգեշնչում է, պարտավորեցնում:
    Եվս մի տհաճ բուհական «ավանդույթի» մասին, որը Ֆրանսիայում պատկերացնել հնարավոր չէ: Նկատի ունեմ, որ մեր երկրում իշխանամետ քաղաքական ուժերի կողմնակից լինելը, նրանց նախընտրական շտաբներում աշխատելը նույնիսկ կասկածելի մտավոր ունակությունների տեր ուսանողին կարող է առավելություն տալ՝ դասից բացակայել, բարձր գնահատական ստանալ եւ այլն: Ֆրանսիայում ազատ ես քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու հարցում, սակայն դա որեւէ ազդեցություն քո համալսարանական կյանքի վրա ունենալ չի կարող: Ազատ ես՝ համալսարանի պատերից դուրս: Իսկ պատերի ներսում դու ընդամենը ուսանող ես, անկախ նրանից՝ պատգամավորի որդի ես եւ զտարյուն ֆրանսիացի՞, թե՞ Թունիսից եկած ոչ շատ ապահով ընտանիքից արաբուհի (ի դեպ, Սորբոնի իրավաբանական ֆակուլտետում սովորում է նախագահ Սարկոզիի կրտսեր որդին, որն անցյալ տարի նույն կուրսում էր մնացել): Իսկ ուսանողական կազմակերպությունները զբաղվում են միմիայն ուսանողների շահերի պաշտպանությամբ:
    Ուսանողն այստեղ արժեք է, արտոնյալ խավ, օգտվում է բազմաթիվ զեղչերից՝ տրանսպորտի, թատրոնի, թանգարանի, նույնիսկ որոշ ռեստորանների: Իսկ մեզ մոտ ամոթ է նույնիսկ վերհիշել, որ պատճենահանումը համալսարանի շենքում ավելի թանկ էր, քան դրսի «քսերոքսի կետերում»: Ավելորդ չէ նաեւ հիշեցնել, որ Փարիզ-2-ում ուսումն անվճար է, սակայն ընդունվածների միայն մոտ 25 տոկոսն է ավարտում բակալավրիատը: Ոչ արժանին այստեղ դիպլոմ չի ստանում: ԵՊՀ-ում հակառակն էր՝ ուսումը մեծամասնության համար վճարովի է, բայց դու տես, որ առաջին կուրսում մենք 75 ուսանող էինք, իսկ դիպլոմ ստացավ 100-ից ավելի «միջազգային հարաբերությունների մասնագետ»: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
    Ասում են, Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է: Միգուցե, բայց առայժմ ոչ ինձ համար: Դասախոսություններ, վարժություններ, գրադարան, տրանսպորտ, որում եւս ստիպված ես կարդալ, իսկ երեկոյան պիտի հասցնես խանութ մտնել (արդեն գիտես, թե որոնք են ամենաէժանը), հետո ընթրիք պատրաստել, ռեֆերատը վերջացնել, ինտերնետով անգլերենի ստուգարքը հանձնել, շաբաթը երկու-երեք անգամ էլ տանտիրուհու (ում մոտ փոքրիկ սենյակ եմ վարձակալում) դպրոցական թոռնիկին օգնել, որ իր տնային աշխատանքները կատարի (բախտս բերել է, որ այդպիսի գործ է «կպել», ամեն պարապմունքի համար 10 եվրո եմ տատիկից ստանում), հետո գոնե մի քանի ժամ քնել, որովհետեւ 6-ին պետք է արթնանաս եւ 7.45-ին արդեն դասասենյակում լինես: Բայց ես երջանիկ եմ ու հպարտ, որովհետեւ ՈՒՍԱՆՈՂ եմ, ապագա մասնագետ, պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ միակն եմ Հայաստանից այս ֆակուլտետում, ուրախ եմ, որ մոռացել եմ Երեւանում սովորելու ժամանակ ունեցած հիասթափությունս: Բայց, միաժամանակ, տխուր եմ: Եվ գրածիցս հետո, կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչու:


    ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
    Երեւան-Փարիզ


    Հարգելի բարեկամներ, Անի Հակոբյանի մտորումները կարդացի «Առավոտ» օրաթերթում։ Կարդացի ու շատ տխրեցի, քանի որ ես էլ մայր բուհի շրջանավարտ եմ և միշտ հպարտացել եմ իմ համալսարանական կրթությամբ։ Անիի համեմատությունները, ցավոք սրտի, ի վնաս Երևանի պետական համալսարանի են։ Իսկապես, մեծ բարեփոխումների անհրաժեշտություն կա, որոնք իրականացնելու համար շատ դժվար ճանապարհ պետք է անցնենք ...
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Լավ հոդված է:
    Կարծում եմ, որ ինչքան էլ ցավալի է, համեմատությունն օբյեկտիվ է:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #3
      Ե՞րբ ենք մենք հասնելու այդ մակարդակի գոնե կեսին:

      Comment


      • #4
        Չենք հասնելու, քանի դեռ եղածից գոհ ենք, ու, ասենք, ԵՊՀ-ի թերությունների մասին գրելիս, մյուսը ասելու է. բա մանկավարժականի կամ պոլիտեխնիկի թերություննե՞րը:
        Last edited by Գագիկ; d.m.Y, H:i.
        Գ.Աղեկյան
        www.MathNet.am

        Comment


        • #5
          Իրոք շատ լավ հոդված է, համեմատություններն էլ տեղին են և դիպուկ:
          Սա կոչ է մեր կրթական համակարգին առնչվող յուրաքանչյուր մարդու, կառավարությանը, Կրթության և գիտության նախարարությանը, և լավ կլինի, որ մենք խորհենք այս մասին, և բարձրաձայնենք մեր մտորումները:
          Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ չափով առնչվել է այս հարցերին, մտածել և լռել...ինչքան լավ կլիներ, եթե մենք էլ վախ չունենանք մեր վաղվա օրվա մասնագետների համար:

          Շատ ապրես Անի, քո նմանները պետք են հայրենիքին:
          Նարինե Վարդանյան
          Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
          Շիրակի մարզի համակարգող

          Comment


          • #6
            Իրինա-ի խոսքերից Նայել գրառումը
            Ե՞րբ ենք մենք հասնելու այդ մակարդակի գոնե կեսին:
            Չենք հասնելու, քանի հիմնական խնդիրները թողած թատրոն ենք խաղում ....

            «Շատ ապրես Անի, քո նմանները պետք են հայրենիքին: »
            Հարգելի Նարինե Դուք ինձնից լավ գիտեք, որ Անին չի վերադառնա հայրենիք:
            Last edited by petros59; d.m.Y, H:i.

            Comment


            • #7
              Նարինե-ի խոսքերից Նայել գրառումը
              Իրոք շատ լավ հոդված է, համեմատություններն էլ տեղին են և դիպուկ:
              Սա կոչ է մեր կրթական համակարգին առնչվող յուրաքանչյուր մարդու, կառավարությանը, Կրթության և գիտության նախարարությանը, և լավ կլինի, որ մենք խորհենք այս մասին, և բարձրաձայնենք մեր մտորումները:
              Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ չափով առնչվել է այս հարցերին, մտածել և լռել...ինչքան լավ կլիներ, եթե մենք էլ վախ չունենանք մեր վաղվա օրվա մասնագետների համար:

              Շատ ապրես Անի, քո նմանները պետք են հայրենիքին:
              Այո', իրոք շատ են պետք, բայց ցավոք սրտի հայրենիքն Անիին լավագույն դեպքում միայն ամառային արձակուրդներին կհետաքրքրի: Եթե վերադառնար էլ, նա այստեղ շատ հեշտությամբ կընկճվեր: Հայաստանում մարդ միայն պիտի բախտ ունենա, ուրիշ ոչինչ նրան չի փրկի:
              Ինչևէ, մենք խոսում ենք-խոսում, իսկ այսօր սեպտեմբերի մեկն է, ճիշտ այնպիսին ինչպիսին և մինչև մեր խոսելը: Ցավոք սրտի խոսքերով ու խոհերով, որքան էլ ճշմարտացի ու ի սրտե լինեն, մեր համալսարանի վերքերը չես բուժի:
              Ախր ես ինչու չեմ Փարիզում ծնվե~լ:
              Կյանքն ընդհանրապես ափսուրդ է, իսկ Հայաստանում այն առեղծվածային է, ու ոչ մի տրամաբանության չի ենթարկվում
              Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

              Comment


              • #8
                Ցավում եմ, որ երիտասարդ մասնագետը խորը հիասթափություն է ապրել:

                Comment

                Working...
                X