Հայտարարություն

Collapse
No announcement yet.

50-ամյա դպրոցը` 15-ամյա աշակերտուհու աչքերով

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • 50-ամյա դպրոցը` 15-ամյա աշակերտուհու աչքերով

    Երբ որպես առաջին դասարանցի` ծաղկեփնջով ու զարմացած աչքերով մտա հ.87 դպրոց, մտքովս չէր անցնում, որ դա Ավանի առաջին դպրոցն է: Հիմա, երբ արդեն տասնմեկերորդ դասարանցի եմ ու նոր եմ դարձել տասնհինգ տարեկան, իմ դպրոցն արդեն բոլորում է իր հիսուն տարին: Այդ պատվարժան տարիքը մեր` աշակերտներիս կողմից միգուցե հարկ եղած լրջությամբ չի ընկալվում, որովհետև յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցը հենց իր տարեկիցն է ու մեծանում է իր հետ:
    Տասներկուամյա, հիսնամյա ու միաժամանակ հազարհինգհարյուրամյա մեր մաշտոցյան դպրոցը տարին տարու վրա գեղեցկանում է, թարմանում, նորոգման ընթացքի հետ զգեստափոխվում ու ժամանակակից տեսք ստանում: Տասներկուամյա կրթահամակարգի պահանջներին համապատասխան կրտսեր, միջին ու ավագ դպրոցներ պարունակող մեր կրթօջախը հարազատ օջախ է և սովորողների, և ուսուցիչների համար:
    Լավ կլինի, իհարկե, եթե ավելի շուտ վրա հասնեն այն ժամանակները, երբ յուրաքանչյուր աշակերտի սեղանին համակարգիչ կլինի, լաբորատորիաները հագեցած կլինեն անհրաժեշտ տեխնիկայով ու նյութերով, մարզասրահն ու դահլիճը ապահովված կլինեն ոչ միայն առաջնահերթ գույքով, այլև աչք շոյող տեսքով ու հաջողության հասնելու տրամադրություն հաղորդող հարդարանքով: Այդ ամենին, հուսով եմ, դպրոցը մոտ ապագայում է հասնելու, և մենք` ավագ դպրոցի առաջին շրջանավարտներս, բարի նախանձով ենք նայելու դպրոցական նոր միջավայրում սովորող մեր կրտսեր ընկերներին:
    Ճիշտն ասած` մեզ համար այնքան էլ հեշտ չէ կողմնորոշվել անընդհատ փոփոխվող կրթահամակարգի պայմաններում: Մենք` այսօրվա տասնմեկերորդցիներս, տարին տարու վրա ամենատարբեր փորձարկումներ, ծրագրային փոփոխություններ, դասագրքային ու գնահատման խառնաշփոթ ենք հաղթահարել և դեռ հաղթահարում ենք: Ու հասկանում ենք, որ մեզ համար շատ ավելի դժվար կլիներ, եթե մեր ոտքերի տակ սիրելի դպրոցի հուսալի հենարանը, խորացած արմատը չլիներ, եթե մեր դպրոցը` հ.87-ը` իր հմուտ, հոգատար ուսուցիչներով, մեր թիկունքը չապահովեր ու մեզ թևեր չպարգևեր:
    Մեր դպրոցում միայն դասաժամերի քառասունհինգրոպեանոց հերթագայությունը չէ, որ առօրյա է դառնում: Պարբերաբար կազմակերպվում են այնպիսի միջոցառումներ, որոնք ձևական չեն, շատ հետաքրքիր են, երկար ժամանակ չեն մոռացվում, մասնակից աշակերտներին կամք ու եռանդ են հաղորդում` ավելի լավ սովորելու, մասնագիտություն ընտրելու, ֆիզիկապես կոփվելու, մեր պատմությանն ու արվեստին հաղորդակցվելու համար:
    Ինձ և գրականության նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցող մյուս աշակերտների վրա, որոնց թիվը մեր դպրոցում, հավատացեք, բոլորովին էլ քիչ չէ, շատ ուժեղ տպավորություն գործեց գրող Ռազմիկ Դավոյանի հետ հանդիպումը: Հեռուստաեթերից գրողների խոսքը լսելը հետաքրքիր է, սակայն այդ խոսքի ազդեցությունն անհամեմատ մեծ է, երբ գրողը գալիս է քո դպրոցը, կանգնում է կողքիդ, նայում է քեզ իր գրողական աչքերով ու ժպտում իր տողերը հիշեցնող ժպիտով: Նման հանդիպումները ընթերցանության նկատմամբ դեռևս անտարբեր շատ աշակերտների կարող են <<հավատափոխ>> անել, բերել մեր` գրքասերներիս <<ճամբարը>>, հաղորդակից դարձնել գեղարվեստական խոսքի կախարդանքին ու մեծ ազդեցությանը:
    Ռազմիկ Դավոյանը մեզ հետ զրուցում էր և որպես գրող, և որպես հայր, և որպես տարեկից, մի քիչ չարաճճի տղա: Նա պատմեց ստեղծագործական ճանապարհի դժվարությունների, ստեղծագործողի կամքի ու համառության, արժանապատվության ու պատասխանատվության մասին: Հիշեց զվարճալի դրվագներ իր մանկությունից, պատանեկությունից, միասին ծիծաղեցինք ու մի քիչ տխրեցինք, և նա դարձավ մեզնից մեկը: Աշակերտներից ոմանք մտածեցին` բանաստեղծ դառնալը կարծես այնքան էլ անհասանելի բան չէ, իսկ Ռազմիկ Դավոյանն էլ, միգուցե, մտածեց` այս երեխաների աչքերի մեջ իմ մանկությունն եմ տեսնում, ինձ` տարիների հեռվում:
    Այդ երեկո ես մեկ անգամ էլ թերթեցի Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների ժողովածուն, նորից կարդացի իմ սիրած տողերը. <<Բաց քո կեղևը, ծառ...>>: Իրոք, ինչ գաղտնիքներ ունի ծառը: Իսկ մարդը: Իսկ կյանքը: Դեռ այնքան բան կա սովորելու...
    Մեր դպրոցը հայտնի է նաև միջհամայնքային, միջքաղաքային միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ: Հատկապես մեծ ոգևորություն էր առաջացրել <<Երաժշտական դասամիջոց>> միջհամայնքային երգի մրցույթը: Աշակերտները ցուցադրում էին բեմից ելույթ ունենալու, հանդիսատեսին գրավելու, ընտրած ստեղծագործությունը ճիշտ կատարելու իրենց կարողությունները: Մեր դպրոցի ներկայացրած <<Բուրատինո>> բեմադրությունն արժանացավ մրցատյանի բարձր գնահատականին:
    Հատիկ-հատիկ բոլոր միջոցառումները թվարկելը երկար, շատ երկար ժամանակ կպահանջի: Եվ կարևորը միջոցառումների թվարկումը չէ, իմ կարծիքով: Կարևորը այն դասն է, որ աշակերտները քաղում են կազմակերպված միջոցառումներից: Դրանք չպետք է ինքնանպատակ լինեն, միայն ցուցադրելու, արտաքին փայլն ապահովելու համար կազմակերպվեն: Միջոցառումները պետք է խոսեն աշակերտների սրտից, աշակերտների սրտի լեզվով, ոչ թե արհեստական ճոռոմաբանությամբ վանեն ու անհասկանալի մնան: Միջոցառումները մի ամբողջություն պիտի կազմեն դասաժամերի, դպրոցական կյանքի մյուս դրսևորումների հետ ու դառնան աշակերտին և դպրոցը միմյանց կապող կարևոր օղակ:
    Մեր դպրոցը` հ.87-ը, վստահ ու արժանապատվորեն է կանգնել բարեփոխումների դժվարին ճանապարհին: Մենք` այդ բարեփոխումների փորձարկումն իրենց վրա կրած ու կրող առաջիկա շրջանավարտներս հավատում ենք մեր դպրոցի վաղվա օրվան, վստահաբար հավատում ենք. մեզ այնքան գիտելիքներ է տվել, որ մի օր էլ մենք ենք կանգնելու դպրոցի թիկունքին, ու մենք ենք բռնելու կյանքի բարեփոխումների ղեկը:

    ԼԻԼԻԹ ՔԱԼԱՇՅԱՆ

    Երևանի հ.87 դպրոցի 11-րդ <<ա>>դասարանի աշակերտուհի
Working...
X

Debug Information