Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թատրոնի հայ անվանի ներկայացուցիչներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    «Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր…

    Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն… մրցանակներ շահես ազգիդ համար…
    Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ…»:

    Սոս Սարգսյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին

    Comment


    • #32
      ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ

      Տաթևիկ Սազանդարյանը հայ օպերային բեմի զարդերից է: Ձայնային ու դերասանական հիանալի տվյալները, բեմական գերազանց կուլտուրան ու ճաշակը, բարձր պրոֆեսիոնալիզմը իրավունք են տալիս նրան կոչել Վարպետ` բառի իսկական իմաստով: Տաթևիկ Սազանդարյանի փայլուն արվեստը վաղուց արդեն դարձել է մեր մշակույթի տարեգրության գեղեցիկ էջերից մեկը:
      Մարտիրոս ՍԱՐՅԱՆ

      Ինձ վիճակվեց աշխատել դրամատիկական և երաժշտական մեր թատրոնների բոլոր նշանավոր արտիստների հետ: Այդ համաստեղության մեջ Տաթևիկ Սազանդարյանը փայլել է իր ուրույն և ինքնուրույն շողարձակումով:
      Ինձ համար, իբրև ռեժիսորի, մեծ բավականություն է եղել տաղանդավոր արտիստուհու հետ աշխատելը: Բնությունը նրան պարգևել է թովիչ ձայն, անբասիր երաժշտականություն, հուզական և վարակիչ ներքին, խոսքի հստակ արտաբերման ունակություն: Նա նվաճել է վոկալ արվեստի նուրբ տեխնիկան խոր ընկալման հետ` կատարողական բարձր արվեստի հետ:
      Փայլուն երգչուհին միաժամանակ փայլուն դերասանուհի է... և կարողանում է երաժշտական ու դրամատիկական արվեստները համադրել:
      Տաթևիկ Սազանդարյանն ունի ստեղծագործական վառ երևակայություն և կերպարային մտածողություն, ակտիվ ենթագիտակցական աշխարհ և զարմանալի աշխատասիրություն, գիտե մանրամասն ուսումնասիրել կերպարի հետ առնչվող տարբեր հարցերն ու պատմական միջավայրը, մտածող է, որոնող և խստապահանջ իր նկատմամբ: Այս ջանքերը նա ուղղում է բեմական կերպարի առավել ճշգրիտ մեկնաբանման նպատակին: Պրոֆեսիոնալ այս բարեմասնությունների հետ մեկտեղ Սազանդարյանը սքանչելի տիրապետում է իր մարմնին, ճկուն է, պլաստիկ, խորեգրաֆիկ բարդ ձևերին հարմարվող: Բեմի վրա նա բացարձակ անկաշկանդ է, հմայիչ: Հարգարժան դերասանուհին ունի և հումորի սուր զգացողություն, կոմիկական բնավորություններ գծագրելու վարպետություն, որը վկայում է նրա տաղանդի բազմերանգության մասին: Սազանդարյանը իրարից բոլորովին տարբեր բնավորությունների կերտելու վարպետ է: Նրա կերտած կերպարները կմնան իբրև մեր օպերային արվեստի հարստություններ: Երեսունհինգ տարի շարունակ Տաթևիկ Սազանդարյանը փայլել է մեր օպերային արվեստի երկնակամարում իբրև նրա ամենապայծառ աստղերից մեկը, որի շողարձակումները հասել են մեր միության բոլոր ծայրերը և դեռ ավելի հեռուները:

      Վարդան ԱՃԵՄՅԱՆ

      Comment


      • #33
        Գալյա Նովենց
        1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Խորհրդային Միությունը մրցութային ցուցադրության է ներկայացրել Վ. Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդես» եւ Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը: «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին:




        Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին։ «Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր /Գալյա Նովենցի մորաքույրը հայ բեմի եւ կինոյի նշանավոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Լյուսյա Հովհաննիսյանն էր` Խորեն Աբրահամյանի կինը, նրա երկու զավակների` Բաբկենի եւ Թամարի մայրը:/ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցը, ուր սովորում էին նաև Արմեն Ջիգարխանյանը, այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը, եւ դերասանուհու ապագա ամուսին՝ Երվանդ Ղազանչյանը եւ ուրիշներ։ 54 տարի Նովենցի հետ ապրած ու իր կյանքի ընկերուհուն կորցրած Երվանդ Ղազանչյանը հետագայում կասի․ «...Ես էլի եմ ասել, որ Գալյան նվեր է եղել մեզ, մեր ընտանիքին... (մեր ժողովրդին)»։



        Դերասանուհու առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը։ Այս ֆիլմին հաջորդեցին ««Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», եւ վերջին դերը՝ զուգադիպությամբ, թե ճակատագրի բերումով նույնպես Ֆրունզե Դավլաթյանի «Կարոտ» ֆիլմում էր։ Այնուամենայնիվ դերասանուհին հետագայում կառանձնացնի Սիրանուշի դերը, /«Մեր մանկության տանգո»/ որը իրեն մեծ ճանաչում ու հանդիսատեսի շատ մեծ սեր բերեց։ Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ցանկացել էր այս դերը տալ վրացուհի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին։ Երբ այդ մասին հայտնում է Գալյա Նովենցին, վերջինս, որ արդեն ծանոթացել էր սցենարին ու շատ էր ուզում հենց ինքը խաղար Սիրանուշի դերը, այնպիսի էմոցիոնալ պոռթքում է ունենում, որ Ալբերտ Մկրտչյանը հիանում ու դերը տալիս է Նովենցին։ Հետագայում Գալյա Նովենցը կհիշի․ «Գիտեք ինձ ինչը շատ օգնեց, նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, պարզ է, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ։ Ամեն մի դրվագում, ես կարծես․․․պատահական անուններ եմ տալիս տեսնում է Հասմիկին, մյուսում՝ Սուսանին․․․ Սա ոնցվոր Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով»։ Իսկ Սոֆիկո Ճիաուրելին «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո ասել է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:



        Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծու~ռ․․․
        Որդու՝ տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի մահից հետո, դերասանուհին, որ ոչ միայն հայկական կինոյում կերտեց հայ կնոջ ընտանիքին ու զավակներին նվիրված մոր կերպար, այլեւ՝ ճիշտ այդպիսին էր ընտանիքում, մեկնում է ԱՄՆ՝ թոռների մոտ։ Օտարությունը, սակայն, Գալյա Նովենցի համար չէր․ «Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում»:



        Վերջին տարիներին նա ընդամենը 3 դեր կերտեց բեմում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 2012 թվականի, հուլիսի 22-ին դերասանուհին մահանում է։



        ՀԳ․ «Ես խոսելու եմ առանց գերադրական մակդիրների, դրանք կարող են նսեմացնել արժեքը: Նաեւ չեմ կարող երկար խոսել, որովհետեւ ես կողքի մարդ չեմ, ճառ ասել չեմ կարող: Գալյան թե´ իր անձով, թե´ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր 50 եւ ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր»։ -Հենրիկ Հովհաննիսյան

        Comment


        • #34
          Ռաֆայել Արտյոմի Քոթանջյան (սեպտեմբերի 9, 1942, Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ։
          Ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

          1980 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը
          2003 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի
          2008 թվականից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է:
          2009 թ. ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան։
          Երևանի պատվավոր քաղաքացի (2016)
          «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017
          Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների

          Comment


          • #35
            ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ

            Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան՝ Թաթիկ Սարյան, ի ծնե շնորհված մի մարդ, որը, թատրոնում մեկից ավելի գործ բռնելով, իր կյանքն արվեստում իմաստավորել է, իր ինքնությունը հաստատել ստեղծագործական տառապանքով ու տքնությամբ: Եվ ինչպես ճշմարիտ մեծերի մոտ է լինում, նրա արվեստն էլ նման էր լեռնային այն վճիտ աղբյուրին, որ առաջին պահ թվացնել է տալիս, թե մատով կհասնես հատակին, բայց մտցնում ես ողջ դաստակդ ու չես հասնում:
            Մեր շրջապատում որքան հաճախ ենք լսում, թե չկա լավ պիես, լավ դեր: Տրտնջում են ու սպասում: Թադևոս Սարյանը այդօրինակ տրտնջացողներից չէր. նա չէր սպասում մեծ դերի, թեև, ինչ խոսք, լավ, նշանակալից դեր խաղալու փափագը նրան էլ «օտար» չէր: Բայց նա չէր խորշում «փոքրից», եթե դրա մեջ տեսնում էր գեթ այն նվազագույնը, որ արժանի էր արվեստագետի ուշադրության: Պակասը լրացնում էր իր ունեցածով: Ստեղծագործական կենդանի, ամենօրյա ընթացքից չկտրվելով, թեժ պահելով արարման կրակը՝ նա հատիկ-հատիկ հավաքում էր այն արժեքավորը, որ հարկավոր էր իրեն ու հանդիսականին, հարկավոր էր թատրոնին, արվեստին:
            Կապված էր նաև կինոյի հետ. խաղացել է մեծ ու փոքր դերեր՝ միշտ նկատվելով ու հիշվելով: Ամենավերջին դերը էկրանում «Տերն ու ծառան» ֆիլմում տիրոջ կերպարն էր: Թադևոս Սարյանը փնտրված արվեստագետ էր նաև ռադիոյում, համերգային-հրապարակային բեմերոմ: Իր դերացանկը նա այդ կերպ հարստացրել էր Ֆալստաֆի, Ժուրդենի, Ռասպլյուևի, Զիմզիմովի, Միկիտան Սաքոյի կերպարներով:
            Արվեստագետի մտերիմներից մեկը ճիշտ է նկատել, թե բավական է, որ Սարյանը կուլիսներից առաջանա մինչև բեմի կենտրոն և ոչինչ չանելով նույն կերպ ետ գնա, որպեսզի դահլիճում գտնվողները մեծագույն բավականություն ստանան, պոռթկան ծիծաղից:
            Ոչի՜նչ չանելով... Սարյանը, իհարկե անում էր, ինչ որ պետք է: Միայն թե նրա կոմիկական հնարներն այնքան օրգանական էին ու արտաքուստ «չերևացող», որ հանդիսականը ծիծաղում էր՝ հաճախ չիմանալով, թե ինչի՞ վրա և ի՞նչ մղումով է ծիծաղում: Անչափ նուրբ և փափուկ էր Թադևոս Սարյանի կոմիկական արվեստը. հազիվ նկատելի մի ժեշտ, և քո առաջ կանգնում էր կյանքում հանդիպող մի բնորոշ երևույթ, վիճակ, մարդկային բնավորություն: Բնական անկեղծ ինտոնացիաների վարպետ Թադևոս Սարյանը ինչ էլ աներ բեմում, համոզիչ էր թվում, հանդիաստեսին սրտամոտ, հարազատ: Եվ անսպասելի: Այս վերջին հատկանիշը Սարյանի մեծ առավելութունն էր, որին նա հասնում էր ոչ թե բեմում շարունակ «գյուտեր» անելով, այլ ներկայացվող մարդ-երևույթի ինքնօրինակ բացահայտումով: Նրա ստեղծած կերպարները աչքի էին ընկնում ներկայացման ոգուն, ռիթմին, բանավիճակների կառուցման կերպին, ներկայացման մյուս բաղադրիչների հետ իրենց օրգանական աղերսով:
            _ Հիացմունքից փայլող աչքեր, ուր առկայծի խելք, զգացմունք, կիրք ու ապրում, քո սրտին համընթաց տրոփող սիրտ, ինքնամոռացության հասնող ոգևորություն,_ այսպիսի հանդիսատես էր տենչում Թադևոս Սարյանը և հաճախ տեսավ, ունեցավ այդպիսին:

            Խաչատուր Ավագյան

            Comment


            • #36
              ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
              (1983թ. մայիսի 30-ին ՀԹԸ Դերասանի տանը տեղի ունեցած երեկույթին արտասանած ելույթից)

              Երբ խոսում ենք Բաբկեն Ներսիսյանի մասին, լեզուս մի քիչ բռնվում է: Թատրոնին մոտ լինելով՝ բախտ եմ ունեցել տեսնելու նրա բոլոր կատարումները, իբրև արվեստաբան՝ ամբարել եմ իմ մեջ խոսք՝ ելնելով նաև նրա մասին եղած գրականությունից, ալբոմներից, վերջապես՝ Բաբկեն Ներսիսյանի ստեղծագործական խառնվածքից:
              Բաբկեն Ներսիսյանը, քիչ կոպիտ ասած, իրոք, դերասան է: Երբ բեմ է մտնում, զգում ես, որ պայքարի է ելել: Թող խաղա ստահակի դեր, նա իսկապես խաղում է քանդված հոգեբանություն, երբ գաղափար տարածող մարդու դեր է խաղում, պայքարում է, որ այդ գաղափարը լսարան նվաճի: Երբ նա եկավ մեր թատրոն, եկավ լավ համբավով: Ու իր հետ բերեց իր հանդիսականի կորիզը:
              Նրա առաջին դերերից մեկը գնահատել էի միանգամայն դրական, բայց մի քանիսը դժգոհ մնացին: Ինչու՞ դու Բաբկենին լավ չես գովում, ասում էին: Բաբկենի շուրջը մթնոլոտ կար, և այդ մթնոլորտը Թբիլիսիից էր ներմուծվել: Երբ պատանի հանդիսատեսի թատրոնում էր, իր մթնոլորտն էր ստեղծել, նույնն էր եղել Թբիլիսիի դրամատիկական թատրոնում աշխատած տարիներին, նույնը տեղի ունեցավ նաև մեզ մոտ: Բաբկենը մթնոլորտ ստեղծող դերասան է: Երբ 1956-ին նրան մտցրին ներկայացման մեջ, որն իրենը չէր՝ «Ժայռը», պարզվեց, որ նա ներմուծվողներից չէ: Նա պետք է ներկայացման հետ աճի, ոչ թե ներմուծվի: Գ. Բորյանի «Նույն հարկի տակ» ներկայացման մեջ նա մարմնավորեց Գևորգին, և արդեն զգացինք, որ Բաբկենն այլ ձևի մեջ է: Աճեմյանին ասացի՝ հիանալի է Գևորգի դերակատարը, որտեղի՞ց գտաք, ասաց՝ Բաբկենը թանկ է ինձ համար, իմ խաղացանկում երկու խոշոր դերակատարների պետք է փոխարինի նա՝ Հրաչյային և Գուրգեն Գաբրիելյանին:
              Ինչպես ասացի՝ Բաբկենը բերել էր իր հանդիսականին, և այդ հանդիսականը նրան թիկունք կազմեց, բայց նրա կողքին ծնվեց մի նոր հանդիսական՝ որն արդեն երևանցի էր, լենինականցի... Բաբկենի տաղանդում իմպրովիզացիայի շնորհք կա: Նա խաղացել է այն ժամանակ, երբ նրա կողքին կար Հրաչյա Ներսիսյան, Դավիթ Մալյան, բայց նա բարձրանալով՝ գութանի պես է առաջ գնացել ու երբեմն էլ չի նկատել, որ բավականաչափ դերասանների թողել է ետևում, որովհետև նրա արագությունը մեծ է, և դա նրա խառնվածքն է: Բաբկենը խաղաց Պեպո, եղավ Սայաթ-Նովա: Եթե հարկ լինի, նա Սունդուկյանի մասին կարող է 2-3 ժամ ճառ ասել ակադեմիկոսների առաջ, բացատրել անհասկանալի բառերը, պարսկական դարձվածքները, որովհետև ոչ միայն հիանալի կարդացել է նրան, այլև միջից է գալիս և սրտով է զգում: Բաբկեն Ներսիսյանը գրական շրջանակին շատ մոտ կանգնած մարդ է: Այնպես, ինչպես նա է կարդում Չարենց, Սայաթ-Նովա, Վ. Տերյան, քիչ կպատահեք: Բաբկենը դերասան է, ունի նաև հռետորական, հասարակական-քննադատական պաթոս, ունի ամենակրքոտ վերաբերմուք դեպի սոցիակալան հարցերը:
              Բաբկեն Ներսիսյանը իր դերակատարումներով ցույց տվեց, որ նա մեր թատրոնում իր տեսակի մեջ հատուկ դերասան է, որին պետք է պահել, փայփայել:

              Լևոն Խալաթյան

              Comment


              • #37
                ՀԱՍՄԻԿ

                Հասմիկն օժտված էր զարմանալի դիտողականությամբ: Նրա աչքերից ոչինչ չէր վրիպում, չտեսածն ու չգիտցածը իսկույն ընկալում և դարձնում էր իր սեփականությունը: Մանավանդ արտառոց բնավորության տեր մարդկանց առանձնահատուկ գծերը: Նա փնտրում էր այդպիսիք՝ բնորոշ շարժուձև, խոսելու հատուկ եղանակ, դիմախաղի յուրօրինակություն և այլն: Երբ մեկնում էինք շրջաններն ու գյուղերը, մինչ ներկայացման սկսվելը Հասմիկին կտեսնեինք գյուղի կանանցով շրջապատված, հետները քաղցր զրույցի բռնված: Զարմանալի արագ էր յուրացնում տեղի բարբառը, այնպես էր համեմում իր խոսքը հենց նոր լսած ու հավանած դարձվածքներով, որ խոսակիցներին թվում էր, թե ծագումով նա իրենց հայրենակիցն է: Հաճախ էր ելույթներ ունենում առանց բեմական զգեստ հագնելու և դիմահարդարվելու, զվարճալի պատմություններ ու «տնազներ» էր անում: Դիտողները, առանձնապես կանայք, զարմացած իրար էին նայում.
                _ Բա, աղջի... Էդա իմալ կխոսա, իմալ կծծղա...
                _ Մերոնցից էղնի ասես...
                _ Ինչ լավ էլ մեր տնազը կանա...
                _ Բա, պզտի երեխի պես իմա՜լ ձեներ կխանա...
                _ Այ ոչ ու փուչ էղնի... Էրնե՛կ դրա տիրոջը...
                Եվ ներկայացման ժամանակ նրանք արդեն մի առանձին հետաքրքրությամբ էին դիտում Հասմիկի դերախաղը: Վարագույրի փակվելուն պես գյուղի հանդիսականը խմբվում էր դրսում, սպասում, որ Հասմիկը դուրս գար: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր գիշերելու տանել նրան իր տուն:
                Լավատեսությունը և բարությունը Հասմիկի բնավորության անփոփոխ գծերն էին: Նա մեր թատերական կոլեկտիվի ամենասիրված անդամն էր: Փորձի ժամանակ լիներ, թե ուրիշ մի պարագայում՝ հենց որ հայտնվեր, բոլորը սկսում էին ժպտալ, հերթով առնում նրան իրենց գիրկն ու ջերմորեն համբուրում: Մի տեսակ ասես վարակում էր մարդկանց իր սրտամոտ ընկերասիրությամբ ու մշտաժպիտ հայացքով:
                Գուլակյանը պատերազմի տարիներին բեմադրեց Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ» մելոդրաման: Գլխավոր դերերում հանդես եկանք Հասմիկն ու ես: Ամուսիններ էինք խաղում: Ներկայացումը մեծ հաջողություն ուներ: Պիեսն այնքան էլ որակյալ չէր գրական առումով, սյուժեն ու կերպարները, ինչպես ասում են, առնված էին կյանքի մակերեսից: Բայց և այնպես, հանդիսականին հուզում, հոգեպես կաշառում էր այդ ներկայացումը: Եվ մեծ մասամբ շնորհիվ Հասմիկի դերակատարության: Բեմի վրա նա այնքան մեղմաբարո ու ազնիվ կին էր, այնպիսի մայր, որ ես էլ իբրև խաղընկեր հաճախ հիանում էի իրենով: Հիշում եմ, երբ տևական հիվանդություններից հետո նա կրկին խաղաց նույն ներկայացման մեջ (մինչ այդ նրան տվյալ դերում փոխարինում էր Անահիտ Մաշչյանը), ես իսկույն նկատեցի, որ դիմացս այն կենսալից ու մեծահմուտ դերասանուհին չէ այլևս: Հիվանդությունն, ասես, խաթարել էր նրա հենց բեմական ինքնազգացողությունը՝ շարունակ մոռանում էր իր ռեպլիկները, շփոթում բեմավիճակները, անհարկի պաուզաներ անում: Հետո միայն գլխի ընկա, որ Հասմիկի արվեստն առհասարակ նրա մարդկային բնության անաղարտ անդրադարձն էր: Եվ երբ այդ բնությունը խեղվում էր, չքանում էր դրա նաև բեմական հրաշալի արտացոլքը...
                Դա Հասմիկի վերջին ներկայացումը եղավ:

                Գուրգեն ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

                Comment


                • #38
                  Գուրգեն Ջանիբեկյանը 1917 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան։ 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետին, 1920 թվականին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին։

                  1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի Արմեն Արմենյանի թատերախմբում, Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում։ 1924 թվականից Երևանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965-1967 թվականներին՝ նաև տնօրեն)։ 1940-1949 թթ. եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը։ 1947-1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։

                  Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը։

                  Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր։

                  Comment


                  • #39
                    Սիմոնյան Մետաքսյա

                    Սիմոնյան Մետաքսյա
                    1926 թ., Աշխաբադ, Թուրքմենիա
                    1987 թ., Երևան

                    Մետաքսյա Սիմոնյանի դերերից

                    Մետաքսյա Սիմոնյանը Կատրին Լեֆևրի դերում (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»)
                    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանը
                    հայ թատրոնի ինքնատիպ և ամենառոմանտիկ դերասանուհիներից է:
                    Նրա ստեղծագործության հիմնական թեման կնոջ արժանապատվության և իրավունքների պաշտպանությունն էր:

                    Մետաքսյա Սիմոնյանը 1933 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1948 թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը (ղեկավար՝ Վարդան Աճեմյան): Նույն թվականին հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն: 1968 թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1983 թ-ից):
                    Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է զվարթ ու կենսախինդ Կատերինայի (Ֆեոդոր Սոլոգուբի «Քնքույշ սրտից պատուհաս»), խոհուն և սիրառատ Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը: Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թ.), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Արբենինի դերում՝ Վահրամ Փափազյան): Նինայի դերակատարումն աչքի է ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ:
                    Նախընտրելով ճակատագրական կնոջ և նրա իրավունքների թեման՝ Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները: Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուս, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել և՜ կատակերգական, և՜ ողբերգական դերեր: Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ. Շուրա (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ»), Դեզդեմոնա, Ջուլիետ, Կորդելիա (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա»), Սուսան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նուարդ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կատրին Լեֆևր (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Մարթա (Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից», վերջին դերը) և այլն:
                    Ստեղծագործական կյանքի բարձունքին Սիմոնյանը խաղացել է Նաստասյա Ֆիլիպովնայի (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի) դերը, որն իր հոգեկերտվածքով բացառիկ անհատականություն է համաշխարհային գրականության կանանց կերպարների շարքում: Դերասանուհու մարմնավորած Նաստասյա Ֆիլիպովնան հակասությունների շիկացած հանգույց էր. նրա կերպարում շեշտված էին սերն ու ատելությունը, հոգու վսեմությունն ու խռովքը, հաշտվողականությունն ու ընդվզումը, ազնվությունն ու անառակությունը: «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում»,– ասել է ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը:
                    Սիմոնյանը նկարահանվել է կինոյում («Անահիտ», 1947 թ., «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թ., «Ո՞ւմ է ժպտում կյանքը», 1957 թ., «Թռիչք անդունդի վրայով», 1959 թ., «Ջրերը բարձրանում են», 1962 թ., «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թ., բոլորը՝ Հայֆիլմ, «Սայաթ-Նովա», 1960 թ., հեռուստաֆիլմ, և այլն): Հանդես է եկել նաև ասմունքով. ունեցել է հարուստ երկացանկ՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործություններից: Խաղացել է ռադիո- և հեռուստատեսային ներկայացումներում: Սիմոնյանը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր:

                    «Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, բայց լավագույնը, ըստ իս, ձայնային տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շրթներում ոչ միայն բազմերանգ է և ախորժալուր, այլև հասնում է սրահին դերասանուհու ներաշխարհի լրիվ ամբողջությամբ»:
                    Վահրամ Փափազյան,
                    դերասան

                    «Մետաքսյա Սիմոնյանին բնությունը պարգևել է հմայիչ արտաքին, նազանք, բեմական ուժեղ զգացողություն, լիրիկականություն: Նրա կատարած դերերը հմայիչ են, աչք շոյող»:
                    Գուրգեն Ջանիբեկյան,
                    դերասան

                    Comment


                    • #40
                      ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «Արժե ապրել, ինչ էլ լինի...»

                      _ Դե արի ու մի հավատա ճակատագրին: Նախախնամությանն եմ պարտական լույս աշխարհ գալուս համար: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բերեց ինձ, կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, որովհետև անունս չկար հայրենադարձների ցուցակում, բայց դարձա հայրենիք: Կարող էի 1949-ին բռնել Սիբիրի ճամփան, քանի որ անունս աքսորյալների ցուցակում էր հայտնվել, բայց չաքսորվեցի,_ պատմում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:
                      Ամեն տարի` մարտի 19-ին, նրա փոքրիկ բնակարանը լցվում է գունեղ ու բազմապիսի ծաղկեփնջերով: Արտիստուհու ծննդյան օրը շնորհավորում են երկրպագուներն ու բեմընկերները, պետական գործիչներն ու հարևանները: Բեմի մարդ է. ծաղիկների շրջապատում է անցել ամբողջ կյանքը: Դերասանուհին նստած է բազկաթոռին, թվում է` նիրհում է, բայց ավելի շուտ կկոցած աչքերով նայում է մի կետի` ցուցամատը քունքին:
                      _ Իմ լավ բարեկամ ու խաղընկեր Ժան Էլոյանը տարիներ հետո միայն, երբ նորից խոսակցություն բացվեց, թեթևակի ակնարկեց, որ ինքն է ինձ փրկել անդառնալի աքսորից: Սև ցուցակում անունս աչքովն է ընկել, անմիջապես բարեխոսել-միջնորդել է, թե` շատ օժտված աղջիկ է, լավ դերասանուհի կդառնա: Ժանի խոսքը տեղ է հասել. օրգանի աշխատողներն անունս հանել են ցուցակից: Պատահականություններ, դիպվածներ ու, մեծ մասամբ, երջանիկ. նրանց եմ պարտական հենց այս օրվա համար: Թե չէ անհետ կորած կլինեի Սիբիրներում. էլ ի՜նչ թատրոն, ի՜նչ բեմ, ի՜նչ ընտանիք ու թոռներ: Մի կարգին կրթություն էլ չեմ ստացել: Հիշում եմ` Արմեն Գուլակյանը խորհուրդ տվեց թատերական ինստիտուտ ընդունվել, հետո միայն` Մայր թատրոն: Պահանջը տարօրինակ էր. Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանն ինստիտո՞ւտ էին ավարտել: Օժտված դերասանն ինստիտուտի կարիք չունի, նա պիտի բեմում լինի ու վերջ: Իսկ եթե բեմում ես ու չես կարող առանց բեմի, հանդիսատեսն ընդունում, սիրում է քեզ, ուրեմն ինստիտուտը քեզ պետք չէ: Ու բեմը դառնում է անհրաժեշտություն: Ես ինձ կիսել եմ ընտանիքիս ու բեմի միջև՝ վստահ, որ առանց նրանց չեմ կարող ապրել: Ես ինձ կիսեցի որդիներիս ու Ջոնիիս միջև:
                      Արտիստուհին, աչքերը կիսաբաց, ժպտաց: Աջ ձեռքի քնքուշ շարժումով մազափունջը հետ տարավ ճակատից: Տեր Աստված, ի՜նչ նազանք. 20-ամյա օրիորդն անգամ կերազեր այսքան կանացի ու նրբակիրթ լինել: Դերասանուհիները չեն ծերանում, չեն կորցնում իրենց հմայքը, նրանց շարժուձևը, դիմախաղը մշտարթուն են ու հավերժ երիտասարդ, իսկ տասնամյակներն ուղղակի ընդգծում են, բյուրեղացնում նրանց հմայքն ու արտիստական շարժուձևը : Իշխանուհու կեցվածքով այս կինը 15-ամյա Ջոնի է խաղացել:
                      _ Ջոնի, իմ խեղճ Ջոնի: Այդ մանչուկին միշտ խեղճ եմ ասում, որովհետև ինչե՜ր քաշեց իմ ձեռքին: Սպասեց մինչև տղաս ծնվեց, մի քիչ մեծացրի, որ իրեն բեմ հանեմ, գլուխկոնծի տամ, կլոր-կլոր աչքերով զարմանամ աշխարհի ու մարդկանց վրա: 33 տարեկան էի, երբ առաջին անգամ Ջոնիի կերպարանքով բեմ մտա: Ու 17 տարի անբաժան էինք իրարից: Աճեմյանն անընդհատ զգուշացնում էր. «Վարդուհի, տես, հա, չգիրանաս»: Բայց մի օր ստիպված էի ընդմիշտ հրաժեշտ տալ իմ Ջոնիին, որովհետև արդեն հասուն կին էի՝ 50 տարեկան: Ու չնայած էլի ճարպիկ շարժումով գլուխկոնծի էի տալիս, բայց մեծացել էի, իսկ իմ Ջոնին կար և մնաց 15 տարեկան՝ իմաստուն, բարի, պայծառ, չծերացող մանչուկ: Սարսափելի ծանր էր իմ ու Ջոնիի հրաժեշտը: Մայրն անդարձ հրաժեշտ է տալիս իր հոգու զավակին: Ջոնին իմ երրորդ որդին էր: Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսով Վարդան Աճեմյանը Ջոնիին Մայր թատրոնի բեմ հանեց 1961-ին: Դու մի ասա, դահլիճում է նաև Մարտիրոս Սարյանը: Ջոնիիս հավանել էր: Որդուն ուղարկեց ինձ մոտ, թե՝ հայրիկն ուզում է քեզ նկարել: Հիմարություն արեցի, զբաղվածության պատճառով այդպես էլ չգնացի Վարպետի մոտ: Հիմա հպարտանալու մի ծանրակշիռ առիթ կունենայի: Ցույց կտայի դիմանկարս՝ արված Մարտիրոս Սարյանի ձեռքով: Ջոնիս ասում էր. «Ես ոչ ոքի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Ջոնին ինձ հնարավորություն տվեց երկու հսկաների հետ բեմ բարձրանալ՝ սարոյանական երկու Մեք Գրեգորների. Հրաչյա Ներսիսյան ու Վահրամ Փափազյան: Երկուսի համար էլ Մեք Գրեգորը եղավ վերջին դերը: Փափազյանը երազում էր բեմի վրա մեռնել՝ բեմական հանդերձանքով, հանդիսատեսի աչքի առաջ: Բայց առաջին անգամ չկարողացավ իր կամքը թելադրել մարմնավորած կերպարին: Մեք Գրեգորի դերում նա փուլ եկավ բեմի վրա, բայց դեռ սիրտը բաբախում էր: 1967-ի տարեվերջյան այդ օրը Ջոնին ավելի ահասարսուռ արտասանեց. «Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Փափազյանն այլևս բեմ չբարձրացավ:
                      Դերասանուհին դանդաղ վեր կացավ բազկաթոռից, մոտեցավ պահարանին, փեղկը բացեց ու այնտեղից հանեց լուսանկարների ալբոմը: Նրբորեն բացեց էջերը. փակցված նկարներից զատ, իրար վրա դարսված էին սև-սպիտակ ու գունավոր լուսանկարներ, ներքևում՝ տարեթվեր: Ժամանակը ոչ միայն մեր թատրոնի ու կինոյի պատմության, այլև արտիստուհու ինքնակենսագրական էջերում ճշգրտորեն ամրագրել էր տիկին Սևիջին, Մարիամ իշխանուհուն, Յոթծովիմերանին, Սաթենին, Նաստասիա Ֆիլիպովնային, Ռանևսկայային, Ջոնիին: Նրանք երբեք չեն հարցրել՝ տիկին Վարդուհի, այսօր տրամադրություն ունե՞ք մեզ մարմնավորելու, երեկոյան բեմ հանելու: Հո հիվա՞նդ չեք, կամ արդյո՞ք առողջ են Ձեր զավակները, թե՞ նրանց բարձր ջերմությամբ տանը պառկեցրել ու եկել եք թատրոն: Դերերին աշխարհիկ ոչ մի բան չի հետաքրքրում՝ ոչ մի հոգս ու պատճառ: Եթե որոշել ես նրանց որդեգրել, ուրեմն անդավաճան պիտի լինես մինչև վերջ:
                      Վարդուհի Վարդերեսյանը լուսանկարների տրցակից հանեց մեկը: Ինքն էր՝ լույսերի մեջ ողողված, ժպտերես, մորթեզր դեկոլտեով:
                      _ Գյումրու թատրոնից Արմեն Արմենյանն ինձ տեսնելիս բացականչում էր՝ Шоколад с ликером: Այս նկարում, չեմ թաքցնում, իսկապես Шоколад եմ с ликером: Ինչքան էլ տարիներն անցնեն ու կյանքիս մայրամուտին մոտենամ, միևնույն է, սիրում եմ կյանքն ու աշխատում ամեն օրս լիարժեք ապրել: ...Արժե ապրել, ինչ էլ լինի:

                      Comment


                      • #41
                        ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

                        Ավետը բեմական իմպրովիզացիայի վարպետ էր: Մեկ էլ բեմում հանկարծ մի բան կաներ, որ փորձով նախատեսված չէր, բայց այնպիսի բան, որ փայլ կտար ներկայացմանը: «Խաթաբալայի» 1944-ի բեմադրությունն էր: Ավետը խաղում էր Զամբախով, Գուրգեն Գաբրիելյանը` Իսայի: Արմեն Գուլակյանը ներկայացման բեմավիճակները մշակելիս Սունդուկյանի աշխարհն ու այդ աշխահի մարդկանց զգացողությունն ունեցող դերասաններին ազատություն էր տվել, միայն թե չխախտվի ամեն մեկի բնավորության ամբողջությունը: «Խաթաբալայում» կա մի այսպիսի տեսարան: Իսային Զամբախովին հայտնում է, որ Խամփերին փող է ուզում, եթե չտան, Մարքրիտի ամուսնության համարյա գլուխ եկած գործը կքանդի: Երկար-բարակ սակարկելուց հետո Զամբախովը վերջապես խոստանում է տալ տասը թուման:
                        _ Էս մեկ, էս երկու,_ հաշվում է Ավետիսյան-Զամբախովը ու մի-մի թուման տալիս է Իսայի-Գաբրիելյանին:
                        Ներկայացումներից մեկի ժամանակ Ավետը հինգերորդ թումանը տալիս ավելի շուտ ձեռքը թողեց, քան Գաբրիելյանը կհասցներ վերցնել, ու թղթադրամն ընկավ: Իսայի-Գաբրիելյանը վերցրեց գետնից և փոխանակ միացնելու ձախ ձեռքում եղած թումաններին, դրեց գրպանը, կարծես ասելիս լիներ. «Սա էլ` իմ վարձը»:
                        Ավետը հանգիստ շարունակում էր հաշվել:
                        _ Էս հինգ, էս վեց,_ ու երբ հասավ տասին, ասաց,_ էս էլ... _ ու դրամը չտվեց, ձեռքով մի խոսուն շարժում արեց դեպի գետինը, հետո Իսայու գրպանը և ասաց,_ էդ էլ տասը...
                        Մեկի իմպրովիզացիային մյուսը պատասխանեց իմպրովիզացիայով:
                        Ես սովորություն չունեմ նոր ներկայացման ընթացքում կուլիսները գնալու, բայց այս անգամ չհամբերեցի, գնացի, տեսնեմ` դերասանները շրջապատել են Զամբախովին և Իսայուն ու շնորհավորում են նրանց անակնկալ հաջողությունը: Մի պահ հետո երևաց Գուլակյանը:
                        _ Կեցցե՛ք, ֆիքսեցեք և կրկնեք սրանից հետո:
                        Բավականին ժամանակ անց գնացի տեսնելու անակնկալ ֆիքսացիան: Ու ինչ ասեմ. այնպես վարպետ խաղացին երկուսն էլ, որ մի պահ կարծեցի, թե այս անգամ էլ պատահմամբ ընկավ թումանը:

                        Ռուբեն Զարյան

                        Comment


                        • #42
                          Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Մհեր Մկրտչյան
                          [ATTACH=CONFIG]5212[/ATTACH]
                          ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի (4.7. 1930, Լենինական – 28.12.1993, Երևան), դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) ժողովրդական արտիստ: Ալբերտ Մուշեղի Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1956): 1947–53-ին՝ Լենինականի դրամատիկական, 1953–88-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասան, 1988-ից՝ Վ. Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992–93-ին՝ Արտիստական, 2004-ից` Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն) գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

                          Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
                          Մհեր Մկրտչյան. խոսքեր, մտքեր, աֆորիզմներ


                          Մհեր Մկրտչյանի մտքերից


                          Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։

                          Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

                          Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

                          Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

                          Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

                          Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է։

                          Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա։

                          Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

                          Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

                          Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։

                          Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։

                          Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

                          Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։

                          Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։

                          Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքեր։
                          Պարզապես հնարավոր չէ չսիրել Մհեր Մկրտչյանին, չէ՞ որ նա այդքան տաղանդավոր, ինքնատիպ ու հմայիչ է: Նրան պաշտում էին ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, նրան էին սիրահարվում բոլոր գեղեցիկ աղջիկները, իսկ լավագույն ռեժիսորները խնդրում էին նրան նկարահանվել իրենց ֆիլմերում:

                          Բայց երբ նա լույս աշխարհ եկավ (իսկ դա 1930թ.-ին էր), նրա ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց Ֆրունզը մի օր հանրահայտ դերասան է դառնալու: Մհեր Մկրտչյանին հենց այդպես կոչեցին նրանք՝ ի պատիվ Խորհրդային Հայաստանի զորավար Ֆրունզեի: Մուշեղ և Սանամ Մկրտչյանները մանկատանն էին մեծացել ու դժվար մանկություն էին ունեցել: Ծանր եղավ նաև նրանց առաջնեկի մանկությունը: Ֆրունզիկի հայրիկը շատ խիստ էր և անգամ ծեծում էր նրան: Ֆրունզիկը լավ ծաղրանկարներ էր նկարում, և նրա հայրն ուզում էր, որ իր տղան նկարիչ դառնա: Նա ստիպում էր Ֆրունզիկին պարապել ամեն օր մի քանի ժամ: Փոխարենը մայրիկն էր չափազանց ուշադիր նրա հանդեպ ու միշտ պաշտպանում էր նրան:

                          Ֆրունզիկը անգամ բակ չէր իջնում, իրեն միշտ միայնակ էր զգում, շատ չշփվող էր ու վախենում էր, որ իրեն կրկին կսկսեն ծաղրել մեծ քթի պատճառով: Հետո նա արդեն սովորեց ամեն ինչին հումորով վերաբերվել ու ինքն էլ էր հաճախ կատակներ անում սեփական քթի վերաբերյալ. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»:

                          Մեծ քթից բացի ճակատագիրը Ֆրունզիկին օժտել էր նաև մեծ տաղանդով, և շուտով նա ծնողներից գաղտնի գրանցվեց մի փոքրիկ թատերական խմբակի ու այնտեղ տեսավ, որ միայն երեխաները չեն խաղում, այլ նաև մեծերը: «Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»,– պատմում էր նա: Հայրը դեմ էր, որ իր տղան դերասան լինի. «Դերասա՞ն. դա ի՜նչ մասնագիտություն է»,-ասում էր նա: Բայց մի օր Մուշեղ Մկրտչյանն այնուամենայնիվ եկավ Ֆրունզիկի ներկայացումներից մեկին: Ֆրունզիկը հուզվել էր հոր ներկայությունից: Հայրն այդ օրը ուշ եկավ տուն, նստեց, երկար նայեց քնած Ֆրունզիկին, իսկ առավոտյան ասաց. «Ապրես տղաս, շատ լավ խաղացիր: Գլխավորը՝ շատ համոզիչ»:

                          Comment


                          • #43
                            Ազատ Գասպարյան
                            Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական
                            արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր,
                            Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի
                            ակադեմիկոս:
                            Ծնվել է 1943թ. Երևանում:
                            1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի № 1 միջն. դպրոցը,
                            1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի
                            դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի
                            արվեստանոցում:
                            1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.`
                            Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում»,
                            «Մետրո» թատրոնում:
                            1986թ.-ից ի վեր եղել է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան:
                            Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում`
                            «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ»
                            (1978թ.), «Համր վկան›› (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն»(1981թ.), «Երջանկության
                            մեխանիկա»(1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված
                            վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.),
                            «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985թ.), ‹‹Բառը›› (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ,
                            ինչո՞ւ» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный
                            концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) և այլն: Նկարահանվել է նաև 30 և ավելի
                            հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:
                            Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում` ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա,
                            Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն: Հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ
                            չկա» (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-ձայնասկավառակներ:

                            Comment

                            Working...
                            X