Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ

    _21.jpg

    Տողը հրաշալի հնչեց. «ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ, ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ, ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԴԱԼ Է ՊԵՏՔ»:

    Ու ես հիացած եմ, որ այս միտքն արտահայտում է իմ աշակերտուհին, ով իր շարադրանքում բնաբանի խոսք էր ընտրել Ցիցերոնի միտքը.

    «ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԳՐՔԵՐ ՉԿԱՆ, ՆՄԱՆ Է ՀՈԳՈՒՑ ԶՈՒՐԿ ՄԱՐՄՆԻ»:

    Գրքից հեռացած նոր սերնդի խոսք էր սա, որ լսեցի զարմացած ու մեծագույն բերկրանքով:

  • #2
    Քաղցր է շնչել հին գրքերի բույրը...

    Նա իր շարադրանքում բնաբանի խոսք էր ընտրել Ցիցերոնի միտքը.

    «ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԳՐՔԵՐ ՉԿԱՆ, ՆՄԱՆ Է ՀՈԳՈՒՑ ԶՈՒՐԿ ՄԱՐՄՆԻ»:

    Գրքից հեռացած նոր սերնդի խոսք էր սա, որ լսեցի զարմացած ու մեծագույն բերկրանքով:

    11-14....jpg

    Քաղցր է շնչել հին գրքերի բույրը...

    Մի պահ ընդհատում եմ նրան, հայացքս ուղղված է մյուսներին, որ պատրաստակամ եկել էին դասի՝ իրենց գրած տնային հանձնարարությունը կարդալու մեծ ցանկությամբ, որտեղ մեկը մյուսից հետաքրքիր կարծիքներ կային: Եվ Մերի Հակոբյանի տողի արձագանքը հոգումս՝ լսում եմ նրան, հետո մյուսներին, որ ընթերցում են իրենց շարադրանքը՝ ո՞րն է նախընտրելին՝ տպագիր գրքի՞, թե էլեկտրոնայինի ընթերցանությունը:

    «Շատ քչերն են գիրք ընթերցում, իսկ ես սիրում եմ արկածային գրքեր կարդալ: Քաղցր է շնչել հին գրքերի բույրը, առավել ևս, երբ դրանց արանքում հանգրվանել են չորացած ծաղիկների թերթիկները: Կարծես հիմա կարևորություն չեն տալիս տպագիր գրքերին, բայց դրանք պետք է հրատարակվեն, մարդիկ կլինեն այս աշխարհում, որ կկարդան լավ գրքերը հիացմունքով: Այն պետք չէ փոխարինել ոչնչով, երբ գրքի տողերը սովորեցնում են գթասրտություն, չարն ու բարին զանազանելու կարողություն, դարձնում մարդուն արդարամիտ, անաչառ, մաքրում հոգին, օգնում գնահատել մարդկային արժեքները»:

    http://www.usarmenianews.com/am-n-9941.html
    Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

    Comment


    • #3
      Նախընտրելի է գրքի էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր տարբերակը

      .11-14...jpg

      Այն հարցին, թե գրքի ո՛ր տարբերակն են նախընտրում, աշակերտները տարբեր կարծիքներ արտահայտեցին:

      «Իհարկե, գրքի էլեկտրոնային տարբերակը շատ մատչելի է, եթե ձեռքիդ տակ չկա տպագիր գիրքը, սակայն այն չի կարող զբաղեցնել գրքի պատվավոր տեղը: Իմ կարծիքով, գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ընտրել այն դեպքում, երբ շտապ անհաժեշտ է ինչ-որ կարևոր տեղեկություն ստանալ, այլապես ամբողջ գիրքն այդպես ընթերցել, համամիտ չեմ: Ինքս փորձել եմ կարդալ էլեկտրոնային տարբերակով, սակայն չէի կարողանում ինձ պատկերացնել գրքի հերոսների փոխարեն, ջերմություն չէի զգում և ոչ էլ՝ սրտի թրթիռ՝ կապված տագնապալի որևէ իրադարձության հետ: Ինձ համար այն միայն սառը տեղեկության աղբյուր էր, ուրիշ ոչինչ»: /Խաչատրյան Անի/

      http://www.usarmenianews.com/am-n-9941.html

      Comment


      • #4
        Ես կողմ եմ տպագիր և էլեկտրոնային գրքերի ընթերցանությանը

        -11-14.jpgԳրքից հեռացած նոր սերնդի խոսքերն են, որ լսեցի հոգուս խորքում ունեցած մեծագույն բերկրանքով, այն մեծ հույսով, որ ինչ տարբերակով էլ ընթերցելու լինեն, ողջունելի է, բայց երբևէ չպետք է թույլ տալ, որ հանուն այս նորի, վերացնենք այն հինը, որ գեղեցիկ է, ջերմությամբ լի:

        «Երբևէ այս հարցի շուրջ խորը չեմ մտածել, միգուցե պատճառն այն է, որ ես հեռացե՞լ եմ գիրք ընթերցելուց: Բայց երբ հարցի էությունն այդպիսին է, ապա ես ունեմ իմ սեփական և անփոփոխ կարծիքը: Թե որքանով է մատչելի էլեկտրոնային գրքի ընթերցումը, ապա կարող եմ սեփական փորձից ասել, որ պետք է ուղղակի մի փոքր համբերություն ունենալ և ուշադիր կարդալ մինչև վերջ:

        Ինձ թվում է՝ ես գերադասում եմ էլեկտրոնային տարբերակը, չնայած ժամանակ լինելու դեպքում նախընտրելի է ընթերցել տպագիր գրքի բնագիրը: Բայց կա այստեղ անհասկանալի հարց, թե ինչ կլինի գրադարանների վիճակը, այն կտանի դրանց գոյության ավելորդությանը, որին խստիվ դեմ եմ: Առանց այն էլ մարդը այս դարում հեռացել է բնականից ու իրականից և նախընտրում է «պատրաստին»: Ես կողմ եմ երկու տարբերակին՝ թե՛ տպագիր և թե՛ էլեկտրոնային գրքերի ընթերցանությանը, կարծում եմ դա չէ էականը, այլ կարևորը՝ ընթերցածը հասկանալն է»: /Գրիգորյան Նորա/

        http://www.usarmenianews.com/am-n-9941.html

        Comment


        • #5
          Այս հմուտ, հանճարեղ լոռեցին

          35ee.jpg [ATTACH=CONFIG]H]9466[/ATTACH]

          Թումանյանի ծննդյան օրը վաղուց հայտարարված է «Գիրք նվիրելու օր»: Նպատակը հասարակության ուշադրության սևեռումն է գրքի հանդեպ: Այդ օրը նպատակահարմար գտա իմ հեղինակային գրքերից՝ «Գրողն ու ուսուցիչը... Ժամանակի մեջ և անդին», նվիրել այդ օրվա միջոցառման մասնակիցներին:

          Միջոցառումը, որ կազմակերպվեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մամունցի կողմից, կրում էր «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» խորագիրը՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան տարեդարձին: 8-րդ բ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթն իր բնույթով տարբերվում էր նախորդներից, որն արժանացավ դպրոցականների և ուսուցիչների ուշադրությանը:

          Միջոցառման բացման խոսքը պատկանում էր դասավանդող ուսուցչուհուն: Հայկական տարազով աղջիկները մի նոր շուք հաղորդեցին միջոցառմանը, իսկ հաղորդավարների խոսքում ցերեկույթի մուտքն ազդարարվեց սևակյան հանրահայտ տողերով. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել: Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն, Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…»

          Նրանց իսկ խոսքով, իրոք, մենք «թափառեցինք» Թումանյանի ստեղծագործության քառուղիներում, մտանք նրա պոեզիայի հուզական աշխարհը, հիշեցինք Անուշին, Գիքորի հետ նրա տառապանքն ապրեցինք, եղանք Լոռվա հեքիաթային աշխարհում, Մարոյի հետ տխրեցինք, մեր անբախտ պապերի օրհնանքը լսեցինք, բանաստեղծի ներկայությունն զգացինք մեր կողքին, տեսանք նրա լուսավոր հայացքը դեպի լուսավոր ապագան...

          Իսահակյանական տողերով «Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե՛ քառյակ, հեքիաթ թե՛ պատմվածք, հովվերգություն թե՛ վիպերգություն», և այդ հրաշք ստեղծագործություններին մենք առնչվեցինք նորից, բայց այս անգամ մեր դպրոցականների խոսքով, որտեղ մեկտեղվել էին հայ ժողովրդի ձգտումներն ու երազանքները, իրական կյանքն ու սոցիալական անարդարությունը, բանաստեղծի խոհն ու կենսասիրությունը, որ արտահայտվեցին գրողի տարբեր ստեղծագործությունների ասմունքով:

          Ինչպիսի~ համեմատություն, նաև՝ հարազատություն կար նշանավոր անհատների ճակատագրերի միջև, որ հրաշալիորեն ներկայացրին նրանք...Երբ Խորենացին ապրել ու ստեղծագործել էր դառն մթնոլորտի մեջ, Նարեկացին համեստ կրոնավոր էր, Ֆրիկը՝ ընչազուրկ ու դժբախտ, Սայաթ-Նովան՝ ճորտ, Աբովյանը՝ հասարակ գյուղացի...Իսկ մեծատաղանդ Թումանյանը իր նախորդների պես ծնվել էր անշուք միջավայրում, բայց բազմանդամ ընտանիքում: Մի՞թե զարմանալի չէ, որ խոնավ ու փոքրիկ տան մեջ էր ծնվել մեծ բանաստեղծը` ընտանիքի անդրանիկ զավակը ութ երեխաների մեջ: Հիշենք նաև, որ Թումանյանի մայրը հարս է եղել նահապետական մեծ ընտանիքում` քառասուն-հիսուն հոգուց բաղկացած գերդաստանում:

          9-րդ բ դասարանի աշակերտուհի Աննա Կարապետյանն իր հմայիչ ձայնով զարմացրեց բոլորիս: Թումանյանական էին այդ երգերը, ազգային պարն էլ «Կարնո քոչարին» էր, փոքրիկ բեմականացում կար նաև «Թմկաբերդի առումից»: Ամեն ինչ հաճելիորեն ընկալվեց բոլորիս կողմից, միջոցառման ավարտին բուռն ծափահարությունները դրա վկայությունն էին:

          Ուսուցչուհի Գոհար Մամունցին, ով կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթը, նվիրեցի Լ. Ադյանի «Հեռացող եզերք» վեպը: Միջոցառումն ավարտվեց տնօրեն Լիդիա Պետրոսյանի և ուսուցչուհուս կողմից տրված բարձր գնահատանքով, երիտասարդ ուսուցչուհուն ու աշակերտներին ուղղված շնորհակալական խոսքով:

          http://www.usarmenianews.com/am-n-10260.html
          Կցված ֆայլեր
          Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

          Comment


          • #6
            Գիրք նվիրելու օր...

            Դպրոցում ավանդույթ է դարձել գրքի նվիրումը: Այսօր իմ հեղինակած «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքերից նվիրեցի Թումանյանի ծննդյան օրվա միջոցառման մասնակից աշակերտներին՝ հաշվի առնելով օրվա խորհուրդը:

            100.jpg 525448«77_364507947611082_8938625252842274816_n.jpg
            Կցված ֆայլեր
            Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

            Comment


            • #7
              Այս գրքերը դնում եմ կրծքիս, հետո՝ համբուրում

              2017-10-12...jpg
              «...Նատաշա՛, ես այս երկու գիրքը համարում եմ քո նորածին արու թոռները: Այս գրքերը դնում եմ կրծքիս, հետո՝ համբուրում, ապա համբուրում եմ քո ձեռքը, որ այս հրաշալի գործը կատարել ես»:

              Ակնածանքով ու երախտագիտությամբ լսեցի իմ գրքերի շնորհանդեսին արժանավոր մարդու խոսքը, այդ նույն զգացողությամբ տեսաերիզով այդ օրերին լսել եմ բազմիցս նրա ելույթից պատառիկներ, որ գիտության բարձունքին հասած մեծությունն է ասել այդ խոսքերը և հոգիս լցրել իր հանդեպ ունեցած պատկառանքով:

              Միշտ էլ ոգեշունչ է եղել իմ ուսանողական տարիների դասախոս, բոլորիս կողմից հարգված անհատականության՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքը, որ բազմիցս հնչել է Մարտակերտի հասարակության առջև իմ կազմակերպած միջոցառումներում՝ դա լինի դասական գրողներին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթներ թե շնորհանդեսներ, որոնց նա միշտ էլ պատրաստակամությամբ իր մասնակցությունն է ցուցաբերել՝ իր բազմակողմանի գիտական վերլուծություններով, հետաքրքիր խոսքով՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

              Ես նրան տեսնում եմ տարիների հեռվից դեռ այն ուսանողական օրերին՝ բոլորիս հետ այնքան մտերմական ու ազնիվ հարաբերությամբ: Նա ինձ երևում է հետուսանողական տարիներին ու միշտ՝ իր վառ հիշողությամբ, ուսանողուհուս հանդեպ ունեցած բարձր գնահատանքով: Ես նրան տեսնում եմ մայրաքաղաքում կայացած տարբեր միջոցառումների իմ մասանակցությամբ՝ մեր դասախոս, մեզ համար միշտ էլ «ընկեր Խանյան» մնացած հրաշալի մարդու հետ առերեսվելով:

              Նա ինձ երևում է 2013-ին՝ իմ առաջին գրքի՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսին՝ այդ գրքի մասին իր գիտական վերլուծությամբ, ու երբևէ չի մոռացվում գնահատանքը նրա, որ իր իսկ խոսքով՝ այն դարձավ «Օրինակելի «Թղթապանակ»՝ անհրաժեշտ բոլոր ուսուցիչներին» և բաժանվեց Արցախի դպրոցներին:

              «Մանկավարժի օրագրի» մասին քիչ է ասել, որ այստեղ զրույց կա, մեր աշակերտների խոսքը կա, այս գրքով Նատաշան ստեղծել է մեր ժամանակաշրջանի գեղարվեստական և վավերագրական պատկերը: Կանցնեն տասը, քսան, երեսուն տարիներ...Անպայման այս գրքով ճանաչվելու է մեր ապրած ժամանակաշրջանը: Այստեղ նա ոչ թե հանդես է գալիս ժամանակի օրագիր ստեղծող, այլ նա, պարզապես, որպես ինքնակենսագրական երկ, ստեղծել է հայ ուսուցչուհու կերպար: Նատաշա Պողոսյանն այստեղ հայ ուսուցչուհու գեղարվեստական կերպար է, նաև ստեղծել է աշակերտների կերպարներ: Այստեղ է այդ գրքի պատմական, արդիական նշանակությունը, առավելապես՝ նրա գործառնական նշանակությունը:

              ....Այսպիսի ոգի ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել, այսպիսի երեխաներից, որոնց մասին Նատաշա Պողոսյանն է գրել, ոչ ոք չի կարող Արցախ խլել... Արցախը Արցախ է, Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, և այդպես էլ լինելու է...

              Նատաշա Պողոսյանը շատ բարձր մակարդակով գիրք է ստեղծել: Ես ծանոթացել եմ նաև Լևոն Ադյանի մասին գրած նրա «Գրողն ու ուսուցիչը...» գրքի էջերին: Այս գիրքը ևս նրա խիզախություններից մեկն է: Այս գրքերով և նրա տաղանդով ես հիանում եմ, հիանում եմ և շնորհավորում նրան, նաև հպարտ եմ, որ նա եղել է ուսանողական տարիների իմ գերազանցիկ ուսանողուհին...»:

              http://www.usarmenianews.com/am-n-9769.html[
              Կցված ֆայլեր
              Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

              Comment


              • #8
                Մարտակերտում գրել այսպիսի գիրք, իսկապես հերոսություն է

                201.jpg

                «Մարտակերտում գրել այսպիսի գիրք, իսկապես հերոսություն է...Ժամանակ եմ ունեցել թերթելու Պողոսյանի «Մանկավարժի օրագիրը»: Գրքում բավականին հուզիչ էջեր կան, բավականին հետաքրքիր պատմություններ: Թող ների Աստված ինձ, որ ասում եմ՝ հետաքրքիր.... Գրքում ես հանդիպեցի ցնցող տողերի, երբ երեխան մատներ չունի, ձեռք է բարձրացնում, սկզբում թաքցնում է այդ ձեռքը, որ մատներ չունի, հետո վարժվում է դրան...Սա գեղարվեստական մի ամբողջ երկի համար բավականին հետաքրքիր նյութ է: Եվ այսպես է ստեղծել այս գիրքը Նատաշա Պողոսյանը, նաև ուրախ եմ, որ դեռ պիտի ծնվի այս գրքի երկրորդ մասը»:

                Ձեռքիս Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի երկերի ժողովածուն է, որը նվիրեց ուսուցչուհուս օրեր առաջ: Գրքում թողած նրա գրառումը բազմիցս ընթերցել եմ, այդ մի քանի տողում կարծես հայտնաբերում եմ այն նոր բառը, որ թևեր է տալիս մարդուն, տանում դեպի բարձունքներ...Ու այդ իսկ բարձունքի պատվանդանից կամաց-կամաց իջնում եմ կարծես ու համեստորեն ընթերցում նրա տողերը՝ գրքում թողած, որ հասանելի դարձան հանդիսատեսին իմ գրքերի շնորհանդեսի օրը՝ գրողի ընթերցմամբ:

                «Մեր հող ու ջրի ուսուցչական բարձունքուհուն՝ տիկին Նատաշային...Նրա գործի, կրակների առաջին գծում գրված տողի երկրպագումով՝ Վարդան Հակոբյան...»:

                202.jpg

                Ինձ ուղարկված շնորհանդեսի տեսաերիզն եմ դիտում: Բառ առ բառ փորձում եմ լսելիք դառնալ ու վերարտադրել յուրաքանչյուր ելույթ ունեցողի խոսք, որ կարծես դեռ նոր եմ լսում, նորովի ընկալում: Ու նորից Վարդան Հակոբյան գրողի կողմից ուսուցչուհուս ուղղված մեծարանքի խոսք, որ արձագանք էր տալիս դահլիճում, կերպավորում մտավորականիս: Բայց ի պատասխան այդ գնահատանքի՝ խոսքերս սպառվում են կարծես ու մեջբերում եմ տողերը նրա, որոնք ակնածանքով շարում եմ մեկընդմեջ:

                Նման խոսքերից հետո, որ ուղղված էր ուսուցչուհուս ու իմ աշակերտներին, մնում է խորին երախտագիտություն հայտնել Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, մեր շատ հարգելի Վարդան Հակոբյանին:

                «...Այսօր մենք շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այստեղ, և առիթը մեզ տվեց մեր սիրելի տիկին Նատաշան: Չշտապեմ ասել, որ նա Արցախ աշխարհի, հայոց աշխարհի մտավորականության լավագույն կերպարն է: Երբ ես վերջերս ստացա նրա կողմից «Մանկավարժի օրագիր» և «Գրողն ու ուսուցիչը...» գրքերը, ճիշտն ասած, իմ աչքերի առջև կանգնեց մի բավականին երանելի մարդ մեր իրականության, մեր գրականության, գիտության համար...Շուշեցի ուսուցիչ Ա. Բահրաթյանը գրել էր հայոց հին տաղաչափական արվեստի մասին, որը մինչ այսօր իր այժմեականությունը չի կորցրել, և Չարենցը, կարդալով այդ գիրքը, լուսանցքում գրել էր. «Գիրք հանճարեղ և զարմանալի»:

                ...Մենք՝ Արցախի գրողներս, մտավորականներս, այսօր գտնվում ենք հերոսական Մարտակերտում, իսկապես հերոսական ժողովուրդ, հերոս զինվորներ, և այս հերոսականը շատ է պատշաճում մեր ուսուցչուհի Նատաշա Պողոսյանին: Նա ոչ միայն ուսուցչուհի է, այլև՝ հերոսուհի, որովհետև նա դպրոց է պահում, վաղվա զինվորին է կրթում մի դպրոցում, որը գտնվում է կրակի առաջին գծում բառի ամենաուղղակի իմաստով: Եվ կրակի առաջին գծում գրել այդպիսի գիրք, սա իսկապես հերոսություն է:

                Այն սպասված գիրք է ընթերցողի համար, այս գիրքն առանձնանում է իր գործառական նշանակությամբ: Ասում են՝ գիրքն օտարվել է, այս գիրքը չի օտարվի, այս գիրքն ունի իր ֆունկցիոնալ դերակատարությունը ոչ միայն Մարտակերտում, այլ, ընդհանրապես, հայ իրականության մեջ: Այս գրքում ոչ միայն մեր հոգսերն ու ցավերն են, այլ այս գիրքը սպեղանի է, ուղեցույց, թե ինչպես պետք է պահել Մարտակերտը, Արցախը, Հայաստանը, ինչպես ընդունել բոլոր արկերը, հարվածները, ինչպես Սարոյանն է ասում, բայց չմեռնել, չզոհվել, չընկնել, ապրել հողի վրա և այդ հողը քեզանով ապրեցնել:

                Այս գրքի մեծագույն խորհուրդը հենց սա է, որի համար շնորհակալություն եմ հայտնում Նատաշա Պողոսյանին, ով այսպիսի գիրք է ստեղծել: Սա բացառիկ է, բացառիկ է իր նշանակությամբ, իր ծննդով, բացառիկ է իր ծննդյան միջավայրով, իր աշակերտներով...

                Իմացա նաև, որ գրքի կազմի վրա նկարներ տեղադրելու մտահղացումը խմբագիր Լուսինե Ղարախանյանի կողմից է. այն ինձ բավականին շատ դուր եկավ: Թվում է՝ սովորական նկարներ են, բայց նրանք Պողոսյանի աշակերտներն են, որ կարծես Սևակի խոսքերով ասում են՝ մենք կանք, կլինենք ու դեռ կշատանանք... Շնորհակալություն եմ հայտնում մեր աշակերտներին, որ հանդես եկան, շնորհալություն նրանց, ովքեր այնքան լավ պարել գիտեն, երբ ուրիշ բան է պարելը կրակների տակ...»:

                http://www.usarmenianews.com/am-n-9766.html
                Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

                Comment


                • #9
                  Եթե գրքերն օվկիանոս են, ես պատրաստ էի խորտակվել այդ օվկիանոսում

                  «Եթե գրքերն օվկիանոս են, ես պատրաստ էի խորտակվել այդ օվկիանոսում»:

                  Աշակերտուհու անկեղծ խոսք, որ ընթերցեցի սիրով, ջերմությամբ:

                  Ասում են՝ գրքից հեռացել է սերունդը: Երբեմն ես էլ համամիտ եմ լինում նման կարծիքին, որ մեր օրերում աշակերտը չի սիրում գիրք ընթերցել, բայց նաև առերեսվում եմ այսպիսի դպրոցականների:
                  11-06.jpg
                  Այդ օրը նա դասի չէր եկել: Մատյանի առաջին համարի՝ նրա անվան բաց վանդակում «բացակա» նշանակեցի՝ մյուս աշակերտներին ուղղված իմ հարցումով, թե ինչու է բացակայում Ալլա Աղասյանը: Իմ ձեռքին օրեր առաջ նրա գրած տողերն էին, որ դեռահասի անկեղծ խոսք էր՝ դեռ այս ուսումնականից 11-րդ գ դասարանում դասավանդող իր ուսուցչուհուն մասին, որ կարդացի ջերմությամբ, շնորհակալական զգացումով:

                  «Տիկի՛ն Պողոսյան, անչափ շնորհակալ եմ, նաև շատ սիրում եմ Ձեզ: Դուք սրբություն եք դարձել մեզ համար, մեր հոգու հարազատ մասնիկը: Դուք կարճ ժամանակահատվածում դարձաք մեր սիրելին: Չգիտեմ՝ ինչ խոսքեր ուղղեմ Ձեզ, որովհետև հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ, միևնույն է, չասված բառեր մնալու են... Մտածում էի երկար, բայց չէի կարողանում բարձրաձայնել: Կաշկանդվում էի փոքր-ինչ, բայց ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունեցա մտքերս հանձնել թղթին և Ձեզ փոխանցել խոսքերս»:

                  Սա ինձ համար անակնկալ էր, չնայած այդ դասարան մտնելու առաջին օրվանից զգացել էի բոլոր աշակերտների՝ ինձ սևեռած հիացական հայացքները, որ այնքան դուրեկան էին, մեղմ, հետաքրքրասիրությամբ լեցուն, և որքա~ն հաճելի էր այդ հայացքների ներքո խոսել: «Ես ուրախ եմ, որ ունեմ նրա նման ուսուցչուհի: Ամեն անգամ ուշադիր նայում եմ նրան և զգում, թե ինչպես են բառերը մեղրի պես ծորում նրա շուրթերից: Եվ ինձ թվում է՝ հայտնվել եմ նրա կերտած գրքերի զարմանահրաշ աշխարհում»:

                  Չնայած այդ դասարանի աշակերտները տեղ չէին գտել իմ հրատարակած գրքերում, բայց օրեր առաջ նրանց էլ նվիրեցի: «Ես աշխարհի չափ ուրախացա, քանի որ վաղուց հետաքրքրված էի, թե ինչ կլինի գրված նրա գրքերում մեսրոպյան սրբատառերով: Երբ նվիրեց, ես սկսեցի թերթել էջերը՝ նայելով վերնագրերին: Շտապում էի՝ շուտափույթ հասնել տուն և ընթերցել գիրքը: Ճանապարհին դանդաղ քայլում էի ու կարդում ուսուցչուհուս կենսագրությունը, որ գրված էր գրքի շապիկին: Իսկ երբ հասա տուն, անմիջապես զանգեցի տատիկիս ու ասացի, որ ինձ էլ ունեմ այդ գրքից: Իմ ուրախությամբ կիսվեցի նաև մորս հետ: Չէի պատկերացնում, որ նման զգացողություն կունենայի...

                  Հաջորդ օրը դասին դեռ գրքի ազդեցության տակ էի: Ես ուշադիր նայում էի նրան: Հայտնվել էի նրա կերտած գրքերի զարմանահրաշ աշխարհում: Ինձ ուղեկցում էին նրա մտքերը, խանդաղատանքով էի լցվում՝ ամեն խոսք ընթերցելիս: Հասկացա, որ գիրքը լոկ տառերի և բառերի կապակցված ամբողջություն չէր, նրա տողերում տեսա սեր, տեսա անմնացորդ նվիրվածություն, ես ջերմություն զգացի՝ այն ընթերցելով: Գիրքը կարծես օվկիանոս լիներ, իսկ ես մեկը, ով լողալ չգիտեր, բայց խորասուզվում էր այդ օվկիանոսում: Օվկիանոսն անհատակ էր, զգում էի, որ գնալով ավելի ու ավելի խորանում եմ՝ շունչս պահած: Բայց եթե այդ գրքերն էին օվկիանոսը, ապա ես պատրաստ էի խորտակվել»:

                  Ասում են՝ պետք չէ գրքեր հրատարակել, երբ գոյություն ունի էլեկտրոնային տարբերակը: Բայց վերջերս, երբ ցանկացա գիրք նվիրելու և այն թերթելու բերկրանքը քարացնել, որ նրանք հայացքները հառեն համացանցում տեղադրված սառը գրքերին, այդ դեռահասների դժգոհությունն էի լսում:

                  http://www.usarmenianews.com/am-n-9895.html
                  Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

                  Comment


                  • #10
                    Հեռուստասերիալներում լեզվական աղավաղումնե՞ր...

                    ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ...

                    Հեռուստասերիալներում լեզվական աղավաղումնե՞ր, թե՞ մեր
                    խոսակցությանը համահունչ արտահայտություններ....


                    Այս թեմայի շուրջ աշակերտներին առաջարկեցի կարծիքներ հայտնել: Եղան տարաձայնություններ, բայց մեծ էր նաև անակնկալը, երբ այսպես արտահայտվողը համեստ աշակերտուհի էր. «Դպրոցում որքան էլ գրական լեզուն պարտադիր լինի, որպես այս հասարակության անդամ և հեռուստադիտող, իմ ականջները կամաց-կամաց սովորում են «Էս ի՞նչ ցենտր շոր ես հագել» արտահայտությանը: Նույնքան հարազատ են դարձել նաև «Էրեխե´ք, գնանք մի քիչ տժժանք, ի՞նչ եք թթվել» կամ «Չգնա՞նք մի քիչ լռվենք» արտահայտությունները, չէ՞ որ այդ նույն ժարգոնով են խոսում նաև մեր շրջապատում շատ-շատերը, նույնիսկ՝ որոշ հեռուստասերիալների տարբեր հերոսներ»:
                    Դպրոցում գրական լեզվի անաղարտության համար մաքառող ուսուցիչներս անելանելի վիճակում ենք հայտնվում: Հանրության մեծամասնության համար ախորժելի է հնչում շրջապատի և հեռուստասերիալների (խոսքը բոլորի մասին չէ) կերպարային լեզուն, նույնիսկ այսօրվա դպրոցականը փորձում է նմանվել այս կամ այն հերոսին՝ վերջինիս խոսակցական արտահայտություններով.
                    Իմ ախմախ սանիկներին տեսե´ք:
                    Ջհանդամը, թե տանում են:
                    Չենք զռռում:
                    Էլ զահլես չտանես:
                    Այդտեղ հնչող կերպարային լեզուն, որ գրական լեզվի հետ չի կարելի նույնացնել, իր մեջ է առնում և´բարբառներ, և´ժարգոններ, և´օտարաբանություններ, նույնիսկ՝ գռեհկաբանություններ:
                    Խոսակցական լեզվում ևս օգտագործվում են բառեր և արտահայտություններ, որոնք կոպիտ, գռեհիկ իմաստ ունեն: Կարելի է ասել, դրանք ընկալվում են որպես այդպիսին, բայց առանձին դեպքերում թափանցում են նաև գրական հայերենի, նույնիսկ գեղարվեստական գրականության մեջ, որտեղ իրենց բացասական ոճական ուժեղ երանգի պատճառով օգտագործվում են հերոսների խոսքի անհատականացման համար: Այդպիսի արտահայտությունները համարվում են գռեհկաբանություններ, որոնց գործածության հարցում կարող է լինեն տարբեր կարծիքներ, բայց իրականում դրա´նք էլ աղավաղում են մեր անաղարտ մայրենին: Որքանո՞վ են հաճելի հնչում այսպիսի արտահայտությունները:
                    Շան թուլա, հերդ եմ անիծել:
                    Մեր լակոտները էդտե՞ղ են:
                    Հորդ քյալլեն, բա որ ասու՞մ էի:
                    Էս փչացածի պատճառով մեր տունը քանդվեց:
                    Այսպիսի բառերը հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված արտահայտություններ են, որոնք սովորաբար հասարակության մեջ հատկապես անկիրթ մարդկանց կողմից են հնչում:
                    Ղարաբաղցու համար էլ իր բարբառը, որ մի ուրույն երաժշտություն ունի` համ ու հոտով, մեղեդայնությամբ, գրավում է բոլորին որպես ժողովրդական ստեղծագործություն: Այն գրական լեզվի հզոր ակունքներից է: Բայց գրական լեզվի մեջ տեղ չունեն հայերենի բառապաշարի որոշ շերտեր, այդ թվում նաև բարբառները: Գրական լեզուն պարտադիր է դպրոցում, մամուլում, ինչու՞ չէ, նաև` եթերում, իսկ գրականության լեզուն անհամեմատ լայն շրջանակներ ունի: Քանի որ գրականությունը կյանքի արտացոլումն է մարդկային ամենատարբեր բնավորություններով, ապա այդ արվեստի ճշմարտությանը դավաճանած կլինեին գրողները, եթե իրենց ստեղծած կերպարներին նրանց հարազատ լեզվով չխոսեցնեին: Գեղարվեստական խոսքի մեջ գրողները երբեմն դիմում են բարբառային բառերի և արտահայտությունների կամ որևէ խոսվածքի` տվյալ վայրի կենցաղային, ընտանեկան և այլ կարգի առանձնահատկություններն ավելի ցայտուն կերպով արտահայտելու, ինչպես նաև հերոսների խոսքը ավելի բնական, ընթերցողի համար ավելի համոզիչ դարձնելու նպատակով: Այսինքն, գեղարվեստական խոսքում գրական լեզվով չխոսող անձանց կերպավորելու և անհատականացնելու նպատակով են օգտագործվում բարբառային բառերն ու արտահայտությունները, որոնք, ցավոք, այսօր հանդիպում ենք նույնիսկ լուրջ սյուժեներով հագեցած որոշ հեռուստասերիալների ճանաչված և հայտնի դերասանների խոսքում, անկախ նրանից` նա գրական լեզվին է տիրապետու՞մ, թե՞ որևէ բարբառի:
                    Էրեխես չեկավ:
                    Սենց չի լինի, ախպե´ր:
                    Եքա մարդիկ են դարձել:
                    Ինադու եմ թողել նրան մենակ:
                    Մայրենի լեզվում անհարկի հաճախ գործածվում են այլալեզվյան բառեր, արտահայտություններ և խոսքային կառույցներ, որոնց համարժեքները գոյություն ունեն: Դրանք օտարաբանություններ են, որոնք դժվարացնում են խոսքի հասկանալիությունը, խախտում ոճի միասնությունը և լեզվի մաքրությունը: Այդ հերոսների մոտ չափազանց շատ են նման արտահայտությունները:
                    Կակրազ ես ու դու գնում ենք Մոսկվա (հենց, իսկապես):
                    Մալադեց, տղա´ս (ապրես, կեցցես):
                    Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը (մասնավորապես, հատկապես):
                    Համարդ ֆիքսել եմ (նշել, արձանագրել, գրանցել):
                    Այսպիսի բառեր սովորաբար գործածում են մարդիկ, ովքեր կրթություն են ստացել ոչ մայրենի լեզվով, լավ չեն տիրապետում հարազատ լեզվին կամ չգիտեն օտար բառերի ու արտահայտությունների հայերեն համարժեքները:
                    Դարմայեդների պես ապրում են (պորտաբույծ, ձրիակեր):
                    Էս պերիոդում դու իրավունք չունես այդպես անելու (շրջան, փուլ):
                    Ռազվետկիա գնացել, ասում են (հետախուզություն):
                    Նրան ազատելու օպերացիային պետք է մասնակցեինք (ռազմական գործողություն):
                    Եթե ուշադրություն դարձնենք վերոնշյալ օտար բառերին, նկատելի է, որ դրանք հայերենի նման հոլովվել են: Օտարաբանությունները հաճախ հանդիպում ենք ոչ միայն առօրյա խոսակցականում, այլև գեղարվեստական գրականության մեջ` խոսքի ոճավորման նպատակով: Բայց յուրաքանչյուր ոք պետք է հատուկ հոգածության առարկա դարձնի իր խոսքը, հետևի նրա մաքրությանը, հրաժարվի դրանց գործածությունից: Պետք է հիշել, որ մարդ ինչպես խոսում, այնպես էլ մտածում է:
                    Չափազանց շատ են նաև քերականական անճշտությունները, հատկապես բայի խոնարհման հետ կապված աղավաղումները: Խոսքն այստեղ հումորային կերպարների մասին չէ:
                    Չկատաղացնաս ինձ (չկատաղեցնես):
                    Դու մի´ խոսա (մի´ խոսիր):
                    Պա´պ ջան, չլսա՞ր (չլսեցի՞ր):
                    Տղերքին զգուշացրա՛(զգուշացրու´):
                    Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մայր Հայաստանի սրտում ապրող և խոսող որոշ հերոսների մոտ է առօրյա-խոսակցական ոճը: Հետաքրքիր է, այդ ու՞մ են կերպավորում կամ ո՞ր բնակավայրի բարբառային խոսակցությունն է անհատականացվում նույն հարկի տակ ապրող հերոսների` հայերենի տարբեր խոսակցություններով:
                    Տղու համար եմ ասում (տղայի):
                    Արագի մեջ էրեխու թղթերը դասավորում ես (արագ, երեխայի):
                    Ես տունն եմ (տանն եմ):
                    Դու ինձ մահու չափ վախեցրիր (մահվան):
                    Շատ են նաև դերանունների աղավաղված արտահայտությունները:
                    Քավորն ինձ ընդեղ մենակ չէր թողնի (այնտեղ):
                    Չի կարող տենց բան լինի (այդպիսի):
                    Արի ստեղ (այստեղ):
                    Սհենց որ մնա (այսպես):
                    Ե՞րբ են իրանք գնում (իրենք):
                    Հետևենք «կարող» բառի գործածություններին:
                    Կարողա ինչ-որ բան սխալա (կարող է):
                    Չեմ կարա նստեմ (չեմ կարող):
                    Կարա՞մ վերցնեմ (կարո՞ղ եմ):
                    Հերոսների խոսակցություններում մի նոր ոճական երանգ է նկատվում ա ձայնավորի գործածության մեջ, որը նրանց խոսքում փոխարինում է եմ օժանդակ բայի եզակի թվի 3-րդ դեմքին:
                    Ամեն ինչ լավա լինելու (լավ է լինելու):
                    Ձեր հիվանդանոց գնալն անիմաստա (անիմաստ է):
                    Էդ հարցնա, որ ինձ տանջումա (հարցն է, տանջում է):
                    Աղջիկդ թոռա պարգևել ինձ (թոռ է պարգևել):
                    Նա վերևումա (վերևում է):
                    Հայերենում «լինել» բայը գործածվում է որպես օժանդակ բայ: Սակայն այս բայն ունի եմ օժանդակ բայից տարբեր մի դեր ևս, այսինքն` կազմում է հարադիր բայեր` լաց լինել, բաց լինել... Այն ունի բոլոր եղանակաժամանակային ձևերը, անկանոն բայ է, որոշ դեպքերում դառնում է եղել:
                    Լսում ենք որոշ հերոսների խոսքեր, ուղղակի զարմանք են պատճառում այսպիսի արտահայտությունները:
                    Պիտի կանգնած ըլենք իրար թիկունքի (լինենք):
                    Այդ հարցը ճակատագրական կըլնի (կլինի):
                    Ինչքա՞ն նստեմ պատի տակ, լաց ըլեմ (լինեմ):
                    Ազատ ըլնեմ, կմտնեմ (լինեմ):
                    Հնարավոր է ինչ-որ բանով պետք ըլեմ (լինեմ):
                    Մտորելու տեղիք է տալիս այսպիսի խոսակցությունը: Ո՞րն է պատճառը: Գուցե գրական հայերենի երկու տարբերակներն էլ (արևելահայերեն և արևմտահայերեն) ստեղծվել են բարբառային հիմքի վրա և դժվա՞ր է հեռանալ արմատներից:
                    Բալե´ս, ես քեզ համար միշտ էլ ժամանակ ունեմ (բալաս):
                    Տղես չեկավ (տղաս):
                    Մինչև մամայի ոտի հելնելը ... (ելնելը):

                    Չնայած փորձում եմ մի կողմից արդարացնել այդպիսի խոսակցական արտահայտությունները, որ գուցե արևելահայ գրական լեզվի համար հիմք է ծառայել Արարատյան բարբառը և հատկապես Երևանի խոսվածքը, և ա՞յդ պատճառով են այդպես արտահայտվում: Արդյո՞ք արցախցու համար էլ սովորական չեն այդպիսի բառերի գործածությունները, չէ՞ որ նա էլ իր բարբառին ամուր կառչած է, ինչպես իր արմատներին: Բայց նորից գալիս եմ այն համոզման, որ եթե խոսքը վերաբերում է մեր և´ լեզվի, և´ մտքերի ու զգացմունքների գեղեցկությանը, ապա պայքարենք լեզվական խաթարումների դեմ: Կարծում եմ կարիք չկա փնտրել, թե խոսքս որ մի սերիալի մասին է` այս օրերին ցուցադրվո՞ղ, թե՞ արդեն մի քանի անգամ նախկինում ցուցադրված, փաստն այն է, որ այս մեջբերումները, նույնիսկ ավելին, գրի եմ առել` ընդամենը մի քանի սերիաներ նայելով: Ըմբռնումով մոտենանք իրողությանը. լեզվական անկարգությունն ամենուր է, չմոռանանք, որ լեզուն աղավաղում են ոչ միայն օտարամուտ, այլ նաև մայրենի լեզվի բառերը, երբ դրանք ձևախեղման են ենթարկվում: Որքան էլ ախորժալուր հնչեն գրական հայերենից շեղված բառերն ու արտահայտությունները, միևնույն է. <<Եթե վաղ թե ուշ մարդ չազատվի լեզվական կեղտից, վերջիվերջո դա կկեղտոտի նրա հոգին ևս>> : (Լ. Կասիլ)


                    http://usarmenianews.com/am-n-1467.html

                    Comment


                    • #11
                      Նվիրումի շարքն ավելացնենք ու պահպանենք մեր սրբասուրբ լեզուն

                      123.jpg

                      Գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր Մայրենիի միջազգային օրվան, որ ավանդույթ է դարձել դպրոցում: Այն կազմակերպել էի 6-րդ ա և 8-րդ ա դասարանների 50 դպրոցականի մասնակցությամբ, ովքեր հավերժացրին մայրենին՝ իրենց խոսքով, մեր դասականների՝ լեզվին նվիրած բանաստեղծություններով, հայոց մեծերի մտքերով, մայրենիին նվիրած երգերով: Դահլիճը լեփ-լեցուն էր. միջոցառմանը մասնակցում էին միջին և ավագ դասարանների աշակերտներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ:

                      Բեմահարթակից հայ ժողովրդի դաժան փորձությունների ճանապարհն էր լուսարձակում, որ գոյատևեց հայոց լեզուն իր ժողովրդի հետ ու հասավ նոր օրերին: Հայոց լեզվի ճոխությունն էր փառաբանվում, դյուրահնչությունը, կանոնավորությունն ու հստակությունը, որ չկա մեկ ուրիշ լեզվում: Դա մայր լեզվի հանդեպ ունեցած սիրո գագաթնակետն էր, երբ Դեր-Զորի ավազների վրա մայրն իր մանկանը հայերեն տառերն էր սովորեցնում: Այդ ոգին հասավ մեզ՝ արցախցիներիս, որպեսզի շարունակենք մեր նախնիների ավանդը ու նվիրումի շարքը ավելացնենք, որ պահպանվի մեր սրբասուրբ լեզուն:
                      122.jpg
                      Այս դեռահասների խոսքում լեզվի մաքրության կոչն էր հնչում, որ չաղավաղենք մեր սրբասուրբ լեզուն, խուսափենք օտար բառերի գործածությունից, արժանավայել վարվենք, հարգենք ու մեծարենք մեր մայրենին. «Մեսրոպատա՛ռ մեր ոսկեղենիկ, մենք ելանք ազգովի, բռնեցինք Դեր-Զորի ահեղ ճամփան, մեր կեսը տվինք, բայց չզիջեցինք, քանզի գիտեինք քեզ սրբորեն կոչել Մայրենի»: «Հայո՛ց տառեր, հա՛յ այբուբեն, մեծ գյուտարարի արարման շնորհիվ, դուք լույս դարձաք ու մագաղաթ, անմար կանթեղը մեր դպրության, անկործան հիմքը մեր հինավուրց տան...»: «Չմոռանանք մեր լեզուն, պատերազմ թե անդորր, անկում թե վերելք, գաղթ թե եղեռն, հնչեցնենք մեր ձայնը, մեր մաքրամաքուր հայերենը»:

                      Երգի հոգեպարար ելևէջները մեզ տարան դեպի 5-րդ դար, որտեղ մեծ ուսուցիչն անկոտրում կամք էր կտակել մեր ժողովրդին ու անմահացել իր հավերժական գոյությամբ: «...Աշխարհ անցավ մեղվի նման Ու տուն բերեց նեկտարն անգին՝ Իբրև աղբյուր անմահական Եվ իմաստուն խորհուրդ կյանքին: Մեսրոպաշունչ, երկաթագիր, հայո՛ց տառեր, Դուք մեր կյանքի, դուք մեր փառքի Մասիս սարեր, Ջրեր անցաք, հրեր անցաք, դարձաք արև, Ձեզնով մենք կանք ու կմնանք դար ու դարեր»:

                      Միջոցառման վերջում բեմ բարձրացած ուսուցչուհիս ամփոփեց պատի թերթերի, շարադրությունների, լավագույն ձեռագրերի մրցույթի արդյունքները: Տարբեր անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին դպրոցականներ, ովքեր տնօրենի կողմից պարգևատրվեցին գովասանագրերով: Ամփոփվեցին նաև հայոց լեզվի և գրականության առարկայական օլիմպիադայի ներդպրոցական և շրջանային փուլի արդյունքները:

                      http://www.usarmenianews.com/am-n-10263.html

                      Comment


                      • #12
                        -image.jpg

                        Մայրենիի միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպված էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մամունցի կողմից, 9-րդ բ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Վերջում իմ կողմից ամփոփվեցին հայոց լեզվի և գրականության առարկայական օլիմպիադայի դպրոցական և շրջանային փուլերի, հայերենը բոլորի համար, միամսյակի շրջանակներում պատի թերթերի և շարադրությունների մրցույթների արդյունքները, գրքեր նվիրեցի աշակերտներին:

                        52712924_290738151600132_2606846347520770048_n.jpg 52720949_1640287162783419_9015571735138795520_n.jpg
                        Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

                        Comment


                        • #13
                          2017-11-11.jpg

                          Դեռահասի հարցում. «Ավելի հաճելի է շփվել մարդկա՞նց, թե՞ ռոբոտների հետ»:

                          11-րդ գ դասարանում Տաթևիկ Ղահրամանյանի պատրաստակամ հայացքը՝ տնային հանձնարարությունը կարդալու ցանկությամբ էր համակված, որի առաջին իսկ տողերն ինձ անակնկալի բերեցին: Սպասողական վիճակում էի, իսկ նա ընթերցում էր իր գրածը մեղմ, հոգեպարար ձայնով՝ կարծես ուզում էր թմբիրից հանել այն զգայացունցը, որն իր տեղը զիջել էր վաղուց նորին, որ սառն է, առանց ջերմության:

                          «Հարցս ուղղված է բոլորին. «Ավելի հաճելի է շփվել մարդկա՞նց հետ, թե՞ ռոբոտների»: Կասեք՝ անհեթեթ հարց է, բայց այստեղ իրականում ոչ մի արտասովոր բան չկա: Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան են զարգացած, որ հավատացե՛ք, երբեմն մարդկանց ու ռոբոտների հետ շփման մեջ զանազանություն կարող է չնկատվել: Նրանք էլ մարդկանց պես խելացի են, ընկալում են տարբեր ինֆորմացիաներ, կարողանում են արձագանքել, շարժվում են, բայց մի՞թե դրանք ունեն ջերմություն, մի՞թե կզգանք այն, ինչ զգում ենք մարդկանց հետ շփվելիս: Իհարկե, ո՛չ: Նույն ձևով էլ տպագիր գրքերն ու էլեկտրոնային տարբերակներն են: Այն հոգեպարար զգացումը, որ կզգանք գիրք ընթերցելիս, երբևէ չենք կարող զգալ էլեկտրոնայինով ընթերցելիս: Գրքի մեջ կենդանություն կա, շունչ, այնտեղ թափառող մի ոգի կա, որ անընդհատ մեզ հետ է, որ երբեմն հակադրվում է մեզ, երբեմն՝ համաձայնվում... Իսկ էլեկտրոնային տարբերակով կարծես ինչ-որ բան խանգարում է՝ նույն ջերմ շփումը ստեղծելու համար: Միգուցե էկրա՞նն է պատճառը կամ գուցե ճառագայթնե՞րն են խանգարում այդ ջերմ շփմանը, բայց սա դեռ հարցի տեսանելի մասն է:

                          Էլեկտրոնային տարբերակով կարո՞ղ եք թերթել գիրքը, կարո՞ղ եք արագ ետ ու առաջ տանել ու փակ աչքերով անգամ գտնել քեզ անհրաժեշտ տողերը: Գիրքը լոկ թղթերի կանոնավոր համակցություն չէ, այն հոգի ունի, շունչ, լեզու: Այո՛, այն խոսել գիտի, բայց նրա ձայնը ոչ բոլորին է հասու: Եվ անգամ կարելի է գրքերի ձայնի հերցը սահմանել, մի ուժգնություն, որ լոկ թվերով չես կարող տալ, բայց կա այդ ձայնի ուժգնությունը, որը, ցավոք, չի ընկալվում այնպես, ինչպես մարդը չի ընկալում անդրաձայները:

                          Գիրքը մի աշխարհ է, որտեղ ներթափանցելու համար ո՛չ ժամանակը, ո՛չ էլ տարածությունը չեն կարող խթան լինել: Այն թղթից է, թուղթն էլ՝ փայտից, բայց ո՞ր փայտը կարող է արցունքներ քամել մեր աչքերից, փորփրել մեր հոգին, կայծեր բռնկել մեր մեջ: Ինչքա~ն զորեղ է գիրքը, երբ ստիպում է մարդուն դրսևորել իր բոլոր զգացումները, մինչ մարդիկ ի զորու չեն ստիպել մեկը մյուսին դրանք արտահայտել: Մարդը կարո՞ղ է միաժամանակ ժպտալ ու ակնածել, լացել ու զայրանալ, ըմբոստանալ և դողալ, իսկ գիրքը կարող է, նույնիսկ երբեմն մոռանում ենք, որ հենց մարդիկ են գրել գրքերը, որոնք դարձել են հոգու թարգմաններ:

                          Մի՞թե կարելի է անտարբերությամբ նայել սեղանին դրված որևէ գրքի, առավել ևս՝ արհամարհանքով կամ դժկամությամբ: Ես մարդկանց ճանաչում եմ գրքերի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Եթե ակնածում են գրքով, ապա որքան ակնածելի են իրենք, իսկ երբ գնահատում են, ապա մեղք է՝ չգնահատել այդպիսի մարդկանց: Միգուցե մարդկային շփումն արդեն իսկ փոխարինվել է էլեկտրոնայինո՞վ, բայց երբեք գիրքը չեմ փոխարինի էլեկտրոնային տարբերակով: Ես ջերմ շփման կողմնակից եմ, ամենից առաջ կարևորում եմ մարդկայինը և մարդկանց չեմ փոխարինի անգամ ամենախելացի ռոբոտների հետ: Աշխարհի բոլոր «ամենա- ամենաները»՝ սերը, ընկերությունը, անկեղծությունը, ընտանիքը, վստահությունը վերացական գոյականներ են, մինչ գիրքը ինձ համար ամենաշոշափելի «ամենա-ամենան» է»: /Տաթևիկ Ղահրամանյան/

                          Հպարտությամբ է լցվում հոգիս դեպի իմ աշակերտուհին, ում համար գիրքը «ամենա-ամենան է», ու այդ իսկ հպարտությամբ այս շարադրանքը տեսանելի դարձրի՝ հաշվի առնելով, որ այս օրերին քննարկման է դրված հարց, որը տարակարծությունների առիթ է տվել:

                          http://www.usarmenianews.com/am-n-9930.html

                          Comment


                          • #14
                            «Մանկավարժի օրագիր»

                            2017-09-07.....jpg 45..jpg

                            2017-ին հրատարակվեց իմ գիրքը՝ «Մանկավարժի օրագիր» /մաս 1-ին/՝ նվիրված մանկավարժ դստերս՝ Սոֆյա Պետրոսյանին: 2-րդ մասը հրատարակվեց 2018-ին:

                            Գրքերի նյութերը սոցկայքերից տեսանելի են եղել շատ ընթերցողների, արժանացել տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ գնահատողական խոսքերի: Այդ նյութերը տեղադրվել են Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքում, առանձնապես այնտեղ գործող «Մանկավարժի անկյուն» բաժնում, որտեղ տեսանելի դարձան մանկավարժիս նյութերի նկատմամբ բազմաթիվ ընթերցողների համակրանքն ու հետաքրքրասիրությունը: Այդ հոդվածների մի մասը տեղ գտան նաև Հայաստանի Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, Արցախի և Սփյուռքի տարբեր մամուլներում, որոնք նույնպես նկատելի էին շատերին ու ողջունելի: «Մանկավարժի օրագիրն» ունի ընթացք ու շարունակություն, և դեռ անհայտ է այդ շարունակականության ավարտը, քանի դեռ մանկավարժիս համար տեսանելի են իմ դպրոցն ու այնտեղ դասավանդվող աշակերտները, ուսուցիչներն ու նրանց վարած դասերը, հայրենի սահմանակից բնակավայրիս ապրումներն ու մանկավարժիս անհանգիստ տվայտանքները...

                            «Մանկավարժի օրագիրը» դեռ պիտի գրվի, քանի դեռ հնարավորություն ունեմ իմ գրիչը ծառայեցնելու հանրությանը, ովքեր էլ նրանք լինեն, դա լինի իմ շրջապատում, իմ դպրոցում, իմ հայրենիքում, թե հայրենիքից դուրս՝ Սփյուռքում:

                            «Մանկավարժի օրագիրը» դարձավ ինձ հարազատ ու շատ մտերիմ: Իմ կողքին զգալով նրա իսկ գոյությունը՝ ես սկսեցի լրացնել այդ օրագիրը, որ օր օրի ստվարանում էր, բացահայտում մանկավարժիս աշխատանքային գործունեությունը, իմ աշակերտների մտորումները, մեր անհանգիստ ապրումները, որ ուղեկցվում էին սահմանից եկող կրակոցների արձագանքներով, ապրիլյան պատերազմական օրերի սարսափներով, հայրենասիրական այն բոլոր դասերով, որ ոգեղեն էին դարձել՝ հաստատակամորեն մեզ գամելով այս հողին, որ այսքան սուրբ է, նահատակների արյամբ ներկված:

                            Այս օրագիրն ինձ հարազատ դարձած դպրոցի նորօրյա կյանքն է, դասարանից դասարան մտնող ուսուցչի աշխատանքային գործունեությունը, ով մտահոգ է սերնդի վաղվա օրով, ընդհանրապես՝ նրա ճակատագրով: Լավատեսությունը փայլում է այս օրագրում, որ միտված է նոր սերնդին տանելու դեպի լուսավոր ապագա: Սա գիրք է, որ հպարտության և ուրախության նրբերանգներով տեսանելի է դարձնում մեր դպրոցականների և ուսուցչուհուս մանկավարժական կյանքը, որ ինչքան ուսանելի, նույնքան դաստիարակչական է: Այս օրագիրը բացահայտում է աշակերտի և ուսուցչի մի նոր հարաբերություն, որ շատ մտերմական է, փոխադարձ հասկացվածության բարձր մակարդակով, դեռահասների անձնական հույզերի անհանգիստ վայրիվերումներով, մանկավարժի ուղղորդող խորհուրդներով:

                            Այդտեղ գործող անձերը դպրոցականներն են, ովքեր տեսանելի են իրենց շարադրություններով, ունեցած մտքերով, տարբեր կարծիքներով, ապրած անհանգստությամբ, միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքով, ուսուցչի ու նրա աշխատանքի նկատմամբ ունեցած ակնածանքով:

                            http://www.usarmenianews.com/am-n-9569.html
                            Կցված ֆայլեր
                            Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

                            Comment


                            • #15
                              «ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՕՐԱԳՐԻՆ» ՀԸՆԹԱՑՍ

                              imyage.jpg jpցg.jpg

                              Ասում են՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի դպրոց: Տարածության ու ժամանակի բոլոր հանգուցակետերում ծագող խնդիրները բեկվում են դպրոցի և ուսուցչի աշխատանքի միջով: Եթե դիվանագիտության ու քաղաքականության մեջ հաղթանակներ են կերտվում, եթե սահմանում կանգնած զինվորը հաղթել է, եթե տնտեսությունը շահեկան վիճակում է, եթե մշակույթը տեսակ է պահպանում, ուրեմն դպրոցի ուսուցիչը հաղթել է: Ժամանակը, դրանից ածանցվող դեպքերն ու իրադարձությունները բեկվում են մանկավարժի մասնագիտության, համոզմունքների ու աշխարհայացքի, նրա գործունեության արդյունքների՝ աշակերտների բոլոր ստեղծագործությունների միջով և դառնում մանկավարժի օրագիր:

                              Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանը վաղուց հասցրել է նվաճել Արցախի, ինչու չէ, նաև հայկական ուսուցչական հանրույթի սերն ու հարգանքը: Ընթերցողներն արդեն ծանոթ են նրա «Ուսուցչի իմ թղթապանակը» ուսումնամեթոդական ձեռնարկին, իսկ այսօր, հիրավի, ուրախությամբ կարող ենք խոսել նրա ստեղծագործական եռանդուն աշխատանքի պտուղը դարձած ևս մեկ աշխատանքի՝ «Ուսուցչի օրագրի» մասին, որը յուրօրինակ ու եզակի է իր ձևի ու բովանդակության մեջ:

                              Ակնառու է ուսուցչուհու գեղարվեստական խոսքի բովանդակային կառույցի ինքնությունը, որի հասունացումը երևում է նրա մանկավարժական գործունեության ստեղծագործական աշխատանքին զուգընթաց: Ուշագրավ է թերևս այն, որ մանկավարժը սոսկ կրթադաստիարակչական աշխատանք իրականացնող չէ: Նա հասարակական ակտիվ կենսադիրք ունեցող մտավորական է, որը բնավ չի մեկուսանում հանրային նշանակության խնդիրներից: Ավելին՝ նա դրանց յուրատիպ լուծման մասնակիցն է դարձնում նաև աշակերտներին:

                              Նրա գեղարվեստական մտահղացումների ու ստեղծագործելու ջանքերը հանրայինից վեր են ածվում ազգայինի՝ արտածելով մարդկային հոգու խորքային բոլոր ճշմարտությունները: Սա է մանկավարժի գեղարվեստական խոսքի օրինաչափությունը: Փնտրել ու գտնել ճշմարիտը ամենուր, ամեն տեղ՝ դպրոցում, բակում, աշակերտների ու գործընկերների, փողոցում քայլող մարդկանց մեջ ու նաև՝ անդին: Ու նրա ներքին խոսքի պայքարը հանգեցնում է ցանկալի իրողությունների. նրա բոլոր աշակերտներն էլ զինվորագրվելուն պատրաստ հայրենասերներ են: Սա պայքարի օրագիր է՝ միտված հայեցողականության, կրավորականության ու անտարբերության համընդհանուր դարձած ախտին: Այստեղ կա համընդհանուր բարոյական սկզբունքների պահպանման գաղափարը, որը բնորոշ է ուսուցչուհու հումանիստական ըմբռնմանն ու աշխարհընկալմանը:

                              Ուսուցչուհին ժամերի ու օրերի միջով կերտած օրագրի մեջ փորձում է լուծել, կանխել ժամանակի արժեքների անտեսման, աշակերտների ինքնաորոնման և ինքնադրսևորման խնդիրը, կյանքի ու գոյության իմաստը: Գեղարվեստական զարգացման տրամաբանությամբ են կառուցված օրագրի բոլոր ստեղծագործությունները, որոնցում կան մտավորականի մտահոգությունից ծնված հարցադրումներ, որոնք նրա հմուտ գրչով հետաքրքիր լուծումներ են ստանում:

                              Պետք է արժանին մատուցել Լոս Անջելոսի «USArmenianews.com» լրատվական կայքին, որի «Մանկավարժի անկյուն» խորագիրը դարձել է ուսուցչուհու ինքնաարտահայտման հարթակը: Լեզվական միջոցների ընտրության գեղագիտական նրբանկատությամբ նա կառուցել է օրագրի բոլոր էջերը: Եվ դա հաջողվել է նրան իր հարուստ ու զգայական մեծ ներաշխարհ ունենալու միջոցով: Ուսուցչուհին մանկավարժի հմտությամբ խթանում է իր սաների հետաքրքրությունը՝ բարձրացնելով նրանց բանականության ու բարոյականության սանդուղքներով: Նրան հաջողվում է աշակերտների մտքում ու հոգում վառ պահել կատարելության հասնելու կրակը: Մանկավարժական ոգևորություն ու էնտուզիազմ, խորը մարդասիրություն ու ալտրուիզմ, հոգևոր արժեքներ...

                              Թերևս սա է ուսուցչուհու ասելիքի հոգեբանական խորքը, ինքնաճանաչման ու ինքնահաստատման, հոգևոր դիլեմայի հանգրվանը: Համոզված ենք, որ «Մանկավարժի օրագիրը» տաղանդավոր ուսուցչուհու ստեղծագործական աշխատանքի հերթական արդյունքն է, և որ նա բոլորին կշարունակի հաճելիորեն զարմացնել իր մտքի ու երևակայության փայլատակումներով:

                              Լուսինե Ղարախանյան

                              Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ

                              http://www.usarmenianews.com/am-n-9148.html
                              Last edited by Նատաշա Պողոսյան; d.m.Y, H:i.

                              Comment

                              Working...
                              X