Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ.

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍԻՐՏԸ

    Տասը տարի շարունակ ընկերություն եմ արել Պարույր Սևակի հետ: Միշտ հրապուրված եմ եղել Պարույրի ստեղծագործությամբ: Պարույրի մահով մեծ կորուստ ունեցանք մենք ազգովին: Երբ արդեն գիտեի, որ Կենտկոմի բյուրոյի երեք նիստ է գումարվել և որոշել, որ Սևակի դին հողին պիտի հանձնվի հարազատ գյուղում, վճիռ կայացրի անպայման ձեռք բերել Սևակի սիրտը Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի շիրիմի կողքին տեսնելու հույսով:
    Նպատակս իրագործելու համար երեք օր ու գիշեր արթուն մնացի. հերձման արարողությունը կատարում էին երեք բժիշկ: Դուռը անընդհատ բացվում-փակվում էր, և սավանի տակից ես հետևում էի նրանց գործողություններին: Մի պահ նկատեցի, որ բժիշկը սիրտը կտրել էր, կարել և պատրաստվում էր տեղադրել նրա որովայնում: Այդ պահին, օգտվելով դատավորի իմ հեղինակությունից, ներկա գտնվողներին խնդրեցի դուրս գալ նախասրահից և մոտեցա Պարույրի սիրտը իր ձեռքին պահած բժշկին: Նրան հայտնեցի մտադրությունս: Նա պատասխանեց, որ, լինելով դատավոր, ինչպես կարող եմ պահանջել նրա սիրտը: Բժշկի կարծիքով՝ դրա համար նրան կարող են դատի տալ: Ես ընկա բժշկի ոտքերը, խնդրեցի և աղաչեցի, չօգնեց: Այդժամ գրկեցի Պարույրին և լացելով ներողություն էի խնդրում, որ չեմ կարողանում ձեռք բերել ինձ համար թանկագին մասունքը: Բժիշկը տեղի տվեց: Փաթաթեց մի հարմար կտորի մեջ ու ինձ տվեց: Ես անմիջապես գնացի տուն: Պարույրի սիրտը տասը տարի պահեցի իմ տանը, այնուհետև տեղափոխեցի աշխատասենյակս և պահում էի չհրկիզվող պահարանում:
    ... Մեծ բանաստեղծի սիրտը մի քանի տեղից կտրատված ու կարված է:
    1998 թվականին բանասատեղծի սիրտը հանձնեցի Չարենցի անվան գրականության թանգարան՝ ի պահ: Բանաստեղծի անհանգիստ սիրտը
    կարոտ է հանգստի և նրա իրական հանգրվանը Կոմիտասի կողքին է՝
    Կոմիտասի պանթեոնում:

    ԱՇՈՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

    Պարույր Սևակի սիրտը հայ ժողովրդի սեփականությունն է: Այդ սիրտը տրոփել է հանուն ժողովրդի՝ նրա ուրախության և տխրության, հայրենիքի հաջողությունների և անհաջողությունների օրերին, ոչ միայն հանուն ներկայի, այլև ապագայի: Նրանում մարմնավորվել է այն ամենը, ինչը իր ժողովրդին և հողին նվիրված մարդը կարող է կրել իր մեջ, իր սրտում: Ես երջանկություն եմ ունեցել պատկերազարդել ոչ միայն Սևակի «Անլռելի զանգակատունը», այլև շփվել նրա հետ, խորհրդակցել, կիսվել մտահղացումներով: Այո, աճող սերունդը կարող է նախանձել: Ես ճանաչել եմ ողջ և առողջ բանաստեղծին, զգացել նրա սրտի տրոփյունը, այն հրճվանքն ու զմայլանքը, որով նա ապրում էր մեր ընդհանուր մտահղացման ժամանակ:

    ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

    Comment


    • #77
      Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

      Comment


      • #78
        ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
        (Նախերգանքի փոխարեն)

        Բոլոր օրերից գուցե առավել անգույն-տարտամը
        Այս օրն էր, որ կար,
        Իսկակա՛ն միջակ ու տափակ մի օր,
        Բայց նա ինձ համար
        Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ.
        Ոչ այն է կարծես նորից ծնվեցի,
        Ոչ այն է հանկարծ
        (Առաջի՜ն անգամ)
        Գտա ինքս ինձ.-
        Խորամուխ եղա
        Ստվերի բազում երանգների մեջ,
        Ե՛վ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի,
        Ե՛վ ծաղիկների ներկերի հյութը ինձ հայտնի դարձավ.
        Դարձա ընդերքի մրափող ապար,
        Ժայռի քարաքոս,
        Որ արթուն է միշտ,
        Դարձա երազկոտ՝
        Ջրհորի նման,
        Եվ մտամոլոր՝
        Որպես արահետ.
        Ես ըմբռնեցի,
        Որ եթե ունես թռցնող թևեր՝
        Չես զգա երբեք ծանրությունը քո.
        Եվ ա՛յն հասկացա,
        Որ դրամի պես
        Մաշվել են արդեն բառերը բոլոր.
        Հասկացա նաև,
        Որ մինչև անգամ լավ է ավելի
        Բառերն իրար հետ կապ իսկ չունենան,
        Քան թե չունենան կշիռ ու արժեք...

        Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
        Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
        Եվ կամ անհեթեթ,
        Եվ կամ խելագար,
        Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
        Որքա՛ն էլ ջանաս...

        14.X.1959թ.
        Չանախչի

        Comment


        • #79
          Իր հասակի համեմատությամբ Պարույրը շատ բան գիտեր: Բայց այդ իմանալը ստացական բան է. շատ կարդացիր, մի քիչ էլ հիշողությունդ լավ եղավ, կիմանաս: Ինձ հետաքրքրողը միշտ այն է եղել, թե բնությունը երիտասարդի մեջ ոսկու հատիկ է դրե՞լ, թե՞ ոչ: Եթե ասածս ոսկու հատիկը կա, ապա գրքերից առածդ հոգուդ բովով անցնում է մի ճանապարհ, մերվում և ձուլվում էությանդ այնպես, որից հետո դժվար է գտնել այն սահմանը, թե երբ ու որտեղ հարստացրեց քեզ գրքից քաղվածը կամ թե գրքից առնվածը ինչքանո՞վ հարստացավ քեզանով:
          Հենց այդ օրերին երևաց, որ Պարույրը աշխարհ է եկել ոսկու հատիկով: Այսինքն՝ աստվածային կայծով:
          Հանգամանքների բերումով իմ շուրջը երիտասարդ հեղինակներ շատ են եղել: Մեկը մյուսից շնորհալի, երբեմն՝ տաղանդավոր: Ամեն մեկն իր անհատականությունն ուներ դեռ երիտասարդ տարիներին, իր մտածելակերպը: Հետո մեծացան նրանք ու նշանավոր անուններ դարձան: Ու երբ նրանցից մեկնումեկը, խոսքս այն ժամանակների մասին է, որևէ հարցի շուրջը վեճ էր սկսում, մոտավորապես կռահում էի, թե ինչպիսին են լինելու դատողության ընթացքն ու վախճանը: Պարույրն ուրիշ էր:
          Երբեմն նա ընկերների հետ վեճի էր բռնվում, հետևում էի նրա մտքի լարված ընթացքին, անսպասելի առատ շեղումներին ու անակնկալ վերադարձին, բայց ոչ դեպի այն կետը, որից հեռացել էր, ու երբեք չէիր իմանա, թե կեռմաններով հարուստ այդ խենթ տրամաբանությունն ուր կտանի-կհասցնի նրան: Պարույրին գրական աշխարհ բերելու «ծրագիր» կազմեցի: Չկասկածելով, թե ընթերցողի վրա միանգամից ինչ տպավորություն է գործելու, որոշեցի ճաշակ տալու համար նախ մեկ ոտանավոր տպագրել: Հաջորդ իսկ համարում՝ միանգամից երեք ոտանավոր, համոզված, որ դրանք խորացնելու են տպավորությունն այնքան, որ ընթերցողը հետևյալ համարը բացելիս առաջին հերթին փնտրելու է նոր բանաստեղծի չափածո տողերը:
          Խորհուրդ տվեցի հանդես չգալ իր ազգանունով՝ համարելով Ղազարյանը ո՛չ բարեհնչուն, ո՛չ էլ բանաստեղծական: Հետո ասացի, թե մեր գրականության մեջ ընդունված ավանդ է մի այլ անունով ներկայանալ ընթերցողին, քան սեփականն է, և շարեցի հետևից՝ Րաֆֆի, Մուրացան, Նար-Դոս, Տերյան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո, Չարենց... Ես առաջարկեցի Սևակ ազգանունը: Ու լավ հիշում եմ՝ երկու անգամ կրկնեցի:
          _Պարույր Սևակ:
          Ասաց, թե համաձայն է, և ընկալելու թե հաշտվելու համար քթի տակ կամացուկ կրկնեց.
          _Պարույր Սևակ:
          Այդ ծածկանվան վրա կանգ առավ ընտրությունս, որովհետև Պարույրը իսկապես սև ակն էր: Բայց գլխավոր պատճառը դա չէր: Ինձ դեպի այդ անունը մղողը Ռուբեն Սևակի կյանքի տխուր պատմությունն էր, որ երկու անգամ արել էր Ավետիք Իսահակյանը, ու ես երկար ժամանակ դրա տպավորության տակ էի: Ես պատմեցի նրան Վարպետից լսած պատմությունը: Ազդվեց: Թախծալի աչքերն ավելի թախծոտ դարձան:
          Ես չասացի նրան, բայց մտածում էի, որ մի Սևակի ընդհատված կյանքը կշարունակվի մի ուրիշ Սևակի մեջ:
          Պատերազմի տարիներն էին, և մեր տան սեղանը, ինչպես ամենքինը, աղքատիկ էր, հաց, խաշած կարտոֆիլ, կծովի թեյ: Պանիր եղած օրը սեղանը համարվում էր ճոխ: Շատ բան կտայի, որ վերադառնային այդ աղքատիկ, բայց ռոմանտիկ օրերը, առանց, իհարկե, այն մղձավանջի, որի անունն է պատերազմ: Երազողներ էինք: Բոլորս էլ երիտասարդ էինք, նոր միայն ճանապարհ դուրս եկած, և մեր կոշիկների վրա դեռ չէր նստել ճանապարհի փոշին, որից, ավա՜ղ, շատերս խուսափել չկարողացանք: Դեռևս այն օրերից ինձ այնպես էր թվում, թե Դանիայի արքայազնը նման է եղել այս նորահայտ պատանի բանաստեղծին, ոչ այնքան գեղեցիկ, որքան ներքին հմայքից լուսավորված: Այդ զուգորդությունը երբեք ինձ չլքեց, ու, թեև դեռ այն տարիներին մտքովս անցածը խորացավ, ամրացավ, երբ նա տարիք առավ, մեծացավ իբրև անհատականություն, կրելով իր մեջ վիշտ, տառապանք, ըմբոստացում, կամ, ինչպես ինքը կասեր՝ «սիրողի հույսով, կորածի դառնությամբ և վեհությամբ Աստծո»: Եվ դեռ չեմ հանդիպել այդպիսի աչքերի, որոնք պահպանում էին իրենց թախծալի արտահայտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հաստ շրթունքների վրա գծվում էր մանկական անմեղություն ունեցող մաքուրից մաքուր ժպիտ: Եվ հիմա, այս տողերը գրելիս, երբ միտք եմ անում, թե ինչ դարձավ Չանախչի գյուղից մայրաքաղաք եկած պատանին, չգիտեմ՝ հպարտությո՞ւնս է ավելի խոր մարդկային ճակատագրի վեհության հանդեպ, թե՞ վիշտս՝ նույն այդ ճակատագրի դաժանության նկատմամբ, որ այնքան անժամանակ տարավ նրան այս աշխարհից՝ իր երկու մեծ նախորդների նման:

          Ռ. ԶԱՐՅԱՆ

          Comment


          • #80
            <<Ժողովուրդը քեզ (Սևակին) ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից...>>

            Մարտիրոս Սարյան


            _Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:
            ___Սեվակ թանկ է հային համար:
            Վիլյամ Սարոյան


            Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...Նա գիտեր, որ որիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը...Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...

            Միխայել Դուդին

            Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
            ___Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:

            Համո Սահյան

            Comment


            • #81
              ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

              Գիշերն ունի ամե~ն բանի թույլտրվոլթյուն:
              Իսկ ես չունե՞մ

              Ու ջնջում եմ
              էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
              Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
              (Փող ունենամ՝
              Կհասկանամ
              Առանց և այդ լամպագրի)...

              ... Ու բացում եմ
              Փակ դռները գիշերային խանութների.
              Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
              Որ կուզեյի ինձ վաճառեր
              Ա՛յն աղջիկը,
              Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
              Որի անունն անհայտ է ինձ,
              Որի սիրտը փակ է իմ դեմ`
              Ինչպես խանութն այս լեփլեցուն,
              Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
              Ես չգիտեմ,
              Բայց կուզեի,
              Շա~տ կուզեի,
              Որ նա սիրել կարողանար
              Նաև... տգեղ տղամարդու...

              Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
              Իսկ ես չունե՞մ

              ... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
              Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...
              ... Բաց եմ անում
              Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`
              Իրենց թաքուն պոեզիայով,
              Որ կուտակվել Է դարեդար...

              ... Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
              Որ միշտ փակ են եղել իմ դեմ
              Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
              Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
              Բայց լեմ ասի նաև այսօր,
              Այսօ՛ր,
              Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...
              ... Ներս եմ մտնում
              Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
              Որ կինն ունի՝
              Երբ այդ կինը
              Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,
              Այլև շա~տ լավ է հասկացել,
              Թե չի սիրում ինչի՛ համար:
              Ա՛յն կինը, որ գիտի մի բան
              Եվ չգիտե ևս մի բան.
              Նա չգիտի,
              Որ աշխարվում
              Կարելի է ապրել նաև առանց սիրո,
              Եվ լա՛վ գիտի,
              Որ երբևէ,
              Ի~նչ էլ լինի ու չլինի՝
              Անկարող է դավաճանել...

              Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
              Իսկ ես չունե~մ...

              Comment


              • #82
                ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

                1955 թվականի աշնանը գրականության ինստիտուտի միջանցքում, որտեղ այդ պահին բանաստեղծական ուժգին ժխոր էր տիրում, իրեն հատուկ քնարական հուզումնալից նրբերանգներով և հավակնությունների ահեղ ճակատամարտով, ավագ կուրսեցիներից ինչ-որ մեկն ինձ ասաց.
                _ Տես, այ այնտեղ` լուսամուտի գոգին, նստած է հայ հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը: Նա անհատականություն է:
                Ես նայեցի նրան, և ինձ շատ նման թվաց եթովպացու` նիհար, գանգրահեր, մեծ այտոսկրերով, աչքերում` սև բոց, և քիթը` լայն, կարծես անտեսանելի պատի դեմ առած կամ աշխարհի ամենամեծ պատուհանին կպած: Երբ դու տասնութ տարեկան ես, ապա քեզ համար տարեց մարդը նա է, ով երեսունից անց է: Երեկոյան այդ «տարեց եթովպացին» եկավ մեզ մոտ` հանրակացարան, և բոլոր շատ գեղեցիկ, և բոլոր շատ տգեղ աղջիկները սկսեցին խելքներին զոռ տալ, իմաստակել, եթերայնորեն ճախրել ու լույս արձակել, իսկ նա բոլորի հետ կատակում էր և նրանցից յուրաքանչյուրի հետ քնքուշ էր , անբռնազբոսիկ ու առանց կեցվածքի: Իր անսահման հմայքով նա գեղեցկացնում էր ամենաանգույն, տաղտուկ մթնլորտն անգամ: Իր ներքին տագնապները ոչ մեկի վզին չէր փաթաթում և յուրմով ոսկերանգ լույս էր թողնում: Նա սրտակցության այնպիսի շնորհ, հոգևոր գաղտնատեսություն, այնպիսի տաղանդ ուներ, որ այդ երեկո յուրաքանչյուրը, ով ներկա էր հանրակացարանի այդ սենյակում, կարող էր ասել. «Ինձ մոտ էր եկել Պարույրը»:
                Պարույր Սևակը Ամուրի նետերով չէր խոցվում միայն այն ժամանակ, երբ լողում էր իր Պոեզիայի ծովում: Նա Պոետ էր` այդ բառի նախասկզբնական իմաստով... Նա մի ոգի էր և նա բոցավառում էր` իրենով իսկ ստեղծելով իր պոետիկական գալակտիկան: Մեր բարեկամությունը լի էր հույսերով ու տագնապներով, կատակներով ու միջանցիկ մոտիվներով, երբեք միմյանցից չէինք գանգատվում և ուրիշների լավն ու վատն էլ չէինք քննարկում: Ինչ-որ գերբնական նրբությունը, բնածին տակտն ու հոգու քնքշանքը այդ բռնկվող ու անհաշտ մարդու հատուկ տաղանդն էին: Իսկ նրա հմայքը, արտիստականությունը, կրակոտ խառնվածքը, պոեզիայով արբենալը, օրգանական իմաստությունն ու պարզատեսությունը, այս բոլորը մի՞թե հնարավոր է փոխանցել թարգմանությամբ` պատճենահանելով տները, տողերի չափերն ու քանակը: Երբ Պարույրն առաջին անգամ ինձ խնդրեց թարգմանել իր երեք բանաստեղծություններն ու բերեց դրանց տողացի թարգմանությունները, նա ասաց. «Ինձ թարգմանում են շատ միջին մակարդակով: Կարծես ես ապրել եմ շատ միջին դարերում, որպեսզի ինձ սիրեն շատ միջին քննդադատներն ու խմբագիրները: Բնագրում ամեն ինչ այլ կերպ է»:
                ... Ավելի թեթև ու հեշտ է սիրել բանաստեղծին, որն այլևս կենդանի չէ: Բայց Պ. Սևակն իր ողջ ստեղծագործական բախտով վաստակել է, որ իրեն սիրեն դժվար ու բարդ սիրով, որովհետև ինչպես բոլոր սքանչելի բանաստեղծները, նա դժվա՛ր է ու բարդ: Նրա պոեզիայի խորհրդանիշերը բազմիմաստ են, հուզական շերտերը` բազմապլան, ոճական փոթորիկները` յուրաքանչյուր քայլում, տրամադրությունները` ամենահակասական, հողը խարխլվում է, ինչպես մարդկային կյանքում, աշխարհն ու աշխարհայացքը միմյանց հետ ողբերգական գժտության մեջ են, բայց այս ամենը ամբողջության մեջ` Պ. Սևակի պոեզիայի ներդաշնակությունն է:

                ՅՈՒՆՆԱ ՄՈՐԻՑ

                Comment

                Working...
                X