Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հատվածներ արձակ ստեղծագործություններից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հատվածներ արձակ ստեղծագործություններից

    Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել արձակ ստեղծագործություններից մեզ դուր եկած հատվածներ
    Վերջին խմբագրողը՝ Gago; 01-06-10, 19:48.

  • #2
    ......Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճքը է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան:......

    Ա. Բակունց, Ալպիական մանուշակ

    Comment


    • #3
      Գնա’, Պեպո, գ’եդինը լզե, խալխի վոտներուն պա’չ արա, նրանց վուտի ցի’խը լկե... Ո?վ իս դուն, ի?նչ իս դուն, ի?նչ մարթահեսաբումն իս դուն, ի?նչ անում ունիս դուն... Յիփոր գուզին, վուտի տակը կու գցին քիզ, վրետ կու ման գան, գեդբի հիդ կու հավսըրին... Ի?նչ հաջաթ, ջիանճվելի վրա ինչո?վ իս ավել... Դուն խո մարթ չիս, մարթկերանց ամա կերակուր է ստիղծի քիզ աստուձ... Գիշիր չարչըրվի, ցերեկ չարչըրվի, յիրգնքի տակը լուսացրու, անձրըվի ու քամու հիդ կռիվ տու, ձմեռը ցրտեմեն կոնկոռնա, ամառը արեգակի շուքումը էրվի ու խորովվի ... գնա էնենց մե թիքա հաց ճարե ու էն թիքա հացով դեդիտ ու քվիրդ պահե.....
      Մա?րթ էիր ուզում դառնա'. կէհեիր մարթիկ կու թալնեիր, գողութին կոնեիր, ինձ նման խղճերուն կու զբնեիր, քսանուհինգ հազար տիղ արեն արտըսունք կու թափիլ տէիր, էն արտըսունքնիրը փուղ կու շինեիր ու էն փուղով օսկե տնիր... Մեչը փառավոր ման գու քէիր... դրոշկա, կալասկա, ձիանիր կու սարքեիր, քսանուհինգ ինձպեսին գլխիդ ղարավաշ կու կանգնեցնեիր... Ա'յ էն չախը կոսեի քիզ` մարթ իս, Պեպո... Էն չախը դիփունքը քիզ գլուխ կու տէին, կու մեձրեին, պատիվ կու տէին ու մեկս մեկու գլուխ կու կոտրեին, վուր քու աճկը նրանց վրա քաղցր ըլի:

      Գ. Սունդուկյան

      Comment


      • #4
        Կինը վշտանում էր առանց զավակների: Դա նրա կյանքում մի խոշոր բաց էր, հավասար ամայության:
        Վեց-յոթ տարի հուսալուց հետո արդեն կորցրել էր հավատը: Ոչ մի բժշկություն, ոչ մի միջոց և ոչ մի աղոթք չօգնեց նրան:
        Այնինչ երջանիկ լինելու համար միայն զավակն էր պակասում: Այսպես էր մտածում Լիդիան: Եվ Գուրգենը հավատացնում էր, թե ինքն էլ այդպես է կարծում:
        ***
        ...Նա երեխային գյուղից քաղաք բերեց:
        Դա մի սևաչյա մանուկ էր, առողջ, կայտառ, ժպտուն, ինչպես գարնանային առավոտյան առաջին շողը:
        Նախանձի նման մի վատ զգացում վայրկենաբար պղտորեց Լիդիայի անդորրացած և թախծալի հոգին: Զգաց մի տեսակ անզոր ատելություն դեպի սպասուհին, նրա արգանդի առողջությունը: Ատելություն ամուլ կնոջ, որ շատ էր տառապել մի այդպիսի գանձ ունենալու տենչանքից:
        Եվ նույն վայրկյանին կայծակի արագությամբ միտք հղացավ տիրել օտար արգանդի բերքին: Նա զգաց, որ այդ միտքը հանցավոր է, դատապարտեց անմիջապես: Բայց և չկարողացավ հաղթել նրան:
        - Սիրո՞ւմ եք, - հարցրեց նա սպասուհուն, որ յուր զավակին այնպես էր պահում ձեռքերի վրա, ինչպես մի փխրուն ապակի և ոչ ինչպես յուր հոգու հատոր:
        - Խղճում եմ, անմեղ է, - պատասխանեց Զինան և յուր մտքում ավելացրեց. - երանի ազատեիք ինձ այս բեռից:
        - Չեք սիրում, այդ երևում է:
        - Ահ, տիրուհի, աղքատների համար երեխաները միայն տանջանք են: Ողորմած եղեք...
        - Ողորմա՛ծ... բայց ինչո՞ւ նրա հայրը չի ուզում ողորմած լինել...
        - Հայրը, - կրկնեց սպասուհին և գլուխը թեքեց կրծքին:
        - Լավ, լավ, մի՛ ասեք, ես չեմ ուզում նրա ով լինելը իմանալ: Թող նա անհայտ մնա, դա ձեր գաղտնիքն է...
        Եվ Լիդիան նայեց սիրալիր հայացքով փոքրիկին, որ մոր գրկից մտիկ էր անում հավատով, ակնկալությամբ: Կարծես այդ անլեզու էակն զգում էր, որ յուր ճակատագիրն այլևս կախված է այդ շքեղ հագնված, բարձրահասակ, գեղեցիկ, փարթամ կնոջ բարի կամքից...
        Զինան շարունակ խույս էր տալիս տիրուհու հայացքներից, որ մերթ դառնում էին դեպի զավակը, մերթ դեպի մայրը: Պարզ էր, որ մի միտք տանջում էր նրան: Մի միտք, որից կկամենար ազատվել և չէր կարողանում:
        - Թողեք երեխան այստեղ մնա, - ասաց Լիդիան քիչ խորհելուց հետո: - Ուզո՞ւմ եք:
        Զինայի աչքերն ուրախությունից փայլեցին: Եթե նրան ապտակեին և դուրս ձգեին երեխայի հետ, կհամարեր յուր արժանի վարձը:
        - Չպիտի ունենայիք, - շարունակեց Լիդիան, - բայց որ ունիք, պետք է պահպանել:
        - Տիրուհի, շնորհակալ եմ, ա՛հ, չեք իմանում, որքան շնորհակալ եմ, - գոչեց Զինան և արտասվեց:
        - Առանց շնորհակալության: Մարդիկ երբեք չեն անում այն, ինչ որ իրենց համար հաճելի չէ:

        ՇԻՐՎԱՆԶԱԴԵ, Ո՞ՐՆ Է ՄԱՅՐԸ

        Comment


        • #5
          ԺՈՐԺ ՍԱՆԴԻ ՆԱՄԱԿԸ ԴՈԿՏՈՐ ՊԵԳԱԼՈՅԻՆ

          Մենք տարբեր ենք, քանի որ ծնվել ենք տարբեր երկինքների տակ, և այլ են ոչ միայն մեր լեզուները, այլև մտքերը, բայց գոնե մեր սրտերը նման են: Իմ հայրենիքի խոնավ օդը ինձ վրա մելամաղձոտ ու քնքուշ հետք է թողել, իսկ ինչ կրքեր է քեզ նվիրել քո ջերմաշնորհ արևը` ոսկեգունելով ճակատդ: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել ու տառապել, իսկ դու ինչ ես հասկանում սիրուց: Քո հուր հայացքը, քո խենթ գրկախառնումները, քո հանդուգն ցանկությունները հմայում են ինձ, միևնույն ժամանակ վախ ներշնչում: Չեմ կարողանում ոչ հաղթահարել քո կիրքը, ոչ էլ բաժանել: Իմ երկրում այդպես չեն սիրում, քո կողքին ես կարծես անգույն արձան լինեմ, նայում եմ քեզ զարմանքով, ցանկահարույց տագնապով: Չեմ հասկանում, իսկապես սիրում ես: Եվ երբեք չեմ իմանա... Իմ թույլ էությունը ու քո վառ խառնվածքը ծնում են բոլորովին տարբեր հասկացություններ: Հազար ու մի դառնություն, որ վշտացնում է ինձ, քեզ համար գոյություն չունի, իսկ ինձ հուզում է: Կամ էլ, գուցե դու չգիտես ինչ է արցունքը: Ինչ եմ գտնելու քո մեջ` բարեկամի, թե բռնակալի: Կմխիթարես դու ինձ իմ տառապանքներում, որ տարել եմ մինչ քեզ հանդիպելը: Կիմանաս` ինչու եմ տխուր: Դու գիտես` ինչ են կարեկցանքը, համբերությունն ու բարեկամությունը: Գուցե քեզ դաստիարակել են այնպես, որ կինը հոգի չունի...
          ...Չեմ ուզում իմանալ, թե ինչ ես մտադիր անելու հետագայում և ինչ համարում ունես մարդկանց մեջ: Գոց պահիր ինձնից քո հոգին, որպեսզի ես այն գեղեցիկ պատկերացնեմ:

          Comment


          • #6
            ԴԵՂԱՏՈՄՍ

            Մի մարդ հարցնում է քահանային.
            -Կա՞ արդյոք մեղքի դեմ դեղատոմս:
            Քահանան պատասխանում է.
            -Իհարկե կա: Գնա’ վանք և այնտեղից հանիր հաշտության արմատները, քաղիր համբերության տերևները, հավաքիր անշահ հավատքի պտուղները: Այս ամենը խառնիր իրար և անցկացրու դատողության մաղով: Դիր բարի գործերի ամանի մեջ, ավելացրու մի քիչ ջուր` հավաքված ապաշխարանքի արցունքներից: Ստացվածը տաքացրու մեծահոգության և սիրո կրակով, ավելացրու նաև եղբայրասիրության աղ և խառնիր զղջումի գդալով, թող որ հովանա Աստծո ողորմությամբ:
            Օգտագործիր Աստծուն աղոթելով` օրը 3 գդալ և դու կազատվես մեղքերից…

            ՍԱԹ ԱԼԵՔՍ
            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ; 04-07-10, 19:26.

            Comment


            • #7
              ……
              Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ և «Հայրենյաց բարերարը» օրըստօրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն:
              Երբ նա մոտ զգաց յուր վախճանը, կանչեց յուր մոտ Գոռ որդուն և Շահանդուխտ հարսին, որոնք արդեն զավակներ ունեին և տվավ նրանց վերջին պատվերը.
              — Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, — ասաց ծերունին, — զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող` հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը: Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, աստուծո երկյուղը:
              Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքան ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք: Ձեզ օրինակ Աշոտ-Երկաթի ընտանիքը... որքա՛ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում և որքա՛ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին...
              Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ, այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. «Սիրեցե՛ք միմյանց»:
              Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին: Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և աստուծո օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք...
              Ծերունին լռեց: Գոռն ու Շահանդուխտը ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը:
              ……
              Աբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ, իմանալու համար, թե ո՞ւր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին:
              — Իմ երդումն արգելում է ինձ թաղվել Գառնիում, — ասաց իշխանը, — թաղեցեք իմ հայրենիքի ո՞ր անկյունում որ կկամենաք:
              — Կցանկանայի քո մարմինը տանել Բագարան և թաղել Բագրատունյաց պայազատների դամբարանում, — ասաց թագավորը:
              — Բագարա՞ն... այո՛, տա՛ր ինձ այնտեղ, բայց մի՛ թաղիր քո հարց դամբարանում: Այնտեղ, այո՛, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը, կցանկանայի հանգչել դրանց մոտ: Բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը: Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից, մահը չպիտի միացնե:
              — Ո՞ւր կցանկանաս ուրեմն, — հարցրեց թագավորը:
              — Ամփոփի՛ր ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրմին... որպեսզի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե... — պատասխանեց իշխանը նվաղած ձայնով:
              Մի քանի օրից հետ «Հայրենիքի բարերարը» յուր արդար հոգին ավանդեց:
              Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և Արարատյան երկրները սգացին նրա մահը, իսկ Աբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց «Մեծ հայրենասերի» համար:
              Մարզպետունի իշխանի մարմինն ամփոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները` հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավառ դյուցազնի սխրագործությանց համար:
              Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև «Մեծ հայրենասերի» արժանավոր որդուն, իսկ Մարզպետունու շիրմի վրա հրամայեց կառուցանել սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր:

              Մուրացան, Գևորգ Մարզպետունի
              Վերջին խմբագրողը՝ Լիլիթ; 21-06-10, 12:53.

              Comment


              • #8
                Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                ԴԵՂԱՏՈՄՍ

                Մի մարդ հարցնում է քահանային.
                -Կա՞ արդյոք մեղքի դեմ դեղատոմս:
                Էն բանն արա, վուր Աստըծու շարքումն է,
                Խըրատնիրըն գըրած Հարանց վանքումն է.
                Յիրիք բան կա՝ հոգու, մարմնու կարքումն է՝
                Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե:

                Comment


                • #9
                  …Սամվելը թախծալի աչքերով նայեց կրակի վրա, նայեց և մոգերի վրա: Փոփոխությունը չափազանց անմխիթարական էր: Մտաբերեց, որ այժմյան ատրուշանը այն եկեղեցին էր, որտեղ աղոթել էին յուր նախնիքը, և որի սուրբ ավազանից ինքը ծնունդ էր առել:
                  — Մա՜յր, — ասաց նա խռովյալ ձայնով, — ես ինձ բոլորովին դժբախտ եմ համարում, որ վերադառնալով իմ հայրենական ամրոցը, ամեն կարգ, ամեն սրբություն խանգարված եմ գտնում: Եթե ցանկանում ես, որ ես քո որդին լինեմ, հանգցրո՛ւ այդ կրակը:
                  Մոր աչքերը վառվեցան բարկության բոցով:
                  — Ես աստվածասպան լինել կարող չեմ, Սամվել, — պատասխանեց նա, զայրացած կերպով հրաժարվելով: — Եթե դու իմ որդին ես, պետք է երկրպագություն տաս այն սրբությանը, որ պաշտում է քո մայրը:
                  — Ուրեմն, ես կսպանեմ քո աստծուն, մա՜յր:
                  — Չե՜ս համարձակվի, Սամվել:
                  Մոգերն ու մոգպետը երկյուղից մի կողմ քաշվեցան: Սամվելի մարդիկը շրջապատեցին նրանց: Բազմությունը ապշած կերպով նայում էր, թե ի՜նչով կվերջանա մոր և որդու կռիվը: Տիկնոջ դրանիկներից մի քանիսը իրանց ձեռքը տարան դեպի սրերը և զայրացած դեմքով սպասում էին նրա հրամանին: Սամվելի մարդիկը նկատեցին այդ, իրանք նույնպես ձեռքները տարան դեպի սրերը: Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ որդուն: Նրա սպառնական դեմքը այդ րոպեում ահռելի էր: Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով.
                  — Կրկնում եմ, մայր, հանգցրո՜ւ այդ կրակը...
                  — Անկարելի է, Սա՜մվել...
                  — Կրկնում եմ, հանգցրո՜ւ այդ պղծությունը, եթե ոչ...
                  — Եթե ոչ, ի՞նչ կանես...
                  — Քո արյունով կհանգցնեմ...
                  — Անիրա՛վ...

                  — Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թո՜ղ մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜ այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը...

                  Վերջին խոսքերի հետ` նա ձեռքը տարավ դեպի մոր գլուխը, բռնեց երկար գիսակներից, քարշ տվեց կրակի սեղանի մոտ: Սուրը շողաց, տաք արյունը թափվեցավ սեղանի վրա...
                  Բազմության միջից լսելի եղան ուրախաձայն աղաղակներ.
                  — Արժանի՛ էր...

                  Րաֆֆի, Սամվել

                  Comment


                  • #10
                    ՀԱՅԸ

                    Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: < …>
                    Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն: Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն: Ապա՞ տար տունդ ծառա: < … > Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե: Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ: Ազգը տա, ինքը ուտի: Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրու: Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած` հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում: Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ: Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե: Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է: Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից:
                    Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…
                    Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում: Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին: «Ապա ճշմարտությո՞ւնը»,– մտահոգվում է նա:
                    Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող` նրա պես <…> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր, ր կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական` անմիաբան է, անտանելի, խռովարար:
                    Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն: Բայց իբրև «ական»` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց: < … >
                    Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <…> անչափելի` իր վեհ թռիչքներում:
                    Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… < … > «Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և իմ վրեժը»: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը:
                    Այսպե՛ս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր:
                    Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից:
                    «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…»:

                    Դ. Դեմիրճյան

                    Comment


                    • #11
                      Ի՞ՆՉ է ԽԱՉԱԳՈՂԸ

                      Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ այդ խաչագողի գործն է։

                      Խաչագողը ունի իր արհեստին վերաբերյալ բոլոր հմտությունները։ Այլևայլ երկրներում թափառելու համար նա գիտե զանազան ազգերի լեզուներ, ծանոթ է նրանց սովորություններին և ի՛նչ ազգի մեջ որ մտնում է, խոսում է այն քան վարժ, որ դժվար է որոշել, թե նա այն ազգին չէ պատկանում։ Նա իր ընկերների հետ խոսում է մի առանձին լեզվով, որը ոչ ոք հասկանալ կարող չէ, եթե խաչագողների հասարակությանը չէ պատկանում։ Դա մի խորհրդավոր, պայմանական լեզու է. դա ավազակների արգոն է։

                      Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։ Ես տեսա մի խաչագող, որ ավանակի նման շարժեցնում էր իր ականջները։ Մի այլը իր քիթը զարմանալի կերպով ծռմռում էր այս կողմ և այն կողմ:

                      Խաչագողը խաչագողի ձեռքը բռնելով, առանց մի բառ արտասանելու, հայտնում է իր միտքը։

                      Հարկը պահանջած ժամանակ խաչագողը միայն անորոշ ձայներ է արձակում, կամ թռչունների ու գազանների բարբառով ազդարարություններ է կարգում։ Այդ նրանց գիշերային լեզուն է, մանավանդ այն ժամանակ, երբ մինը մյուսից հեռու է գտնվում։ Նրանց բոլոր նշանախոսությունները այն աստիճան ճշտությամբ պայմանավորված են իրանց մեջ, որ երբեք չեն վրիպում նպատակից։

                      Կերպարանափոխության մեջ խաչագողը սատանայական հնարագիտություն ունի։ Ծպտիլ, այլակերպվիլ այնպես, որ բոլորովին ուրիշ մարդ երևալ, դրանք նրա համար այնպիսի խաղեր են, որոնց մեջ ոչ ոք կարող է նրա հետ մրցություն անել։ Խաչագողին չէ կարելի տեսնել իր բուն պատկերի մեջ, այլևայլ երկրներում, գործի և հանգամանքների այլևայլ պայմանների համեմատ, նա միշտ նոր ձև և նոր կերպարանք է ընդունում։

                      Խաչագողը բովանդակում է իր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է։ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր՝ խավար: Մի օր բարի է, մյուս օր՝ չար:

                      Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։

                      Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:

                      Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։

                      Խաչագողը չափազանց առաձգական է և. դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։

                      Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել։ Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նքա հետքերը հետազոտել։ Նա անհայտանում է որպես դև և հայտնվում է որպես հրեշտակ։ Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան, բանտը իր պապենական օթեվանն է։ Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում իր պարանոցը։

                      Խաչագողը նայում է տիեզերքի վրա որպես իր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չէ ցանում, բայց հնձում է։ Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է։ Նա ապրում է ուրիշի վաստակով։ Իսկ այդ նպատակին հասնելու համար գործ է դնում իր հնարագիտության ամենակարող հմտությունները։ Ուր չի հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ, այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը...

                      Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողջ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չի կարողանում։ Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր՝ քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր` աղքատ:

                      Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը

                      Comment


                      • #12
                        ՈՂԲ

                        Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

                        Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

                        Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։

                        Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն (իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է։ Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուեին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր։ Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը։ Ի՜նչպես դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի և սնունդի փոխարեն։ Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ–շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։

                        Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։

                        Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

                        Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։

                        Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը իսրայելացիների համար։

                        Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

                        Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

                        Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

                        Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

                        Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

                        Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

                        Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

                        Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

                        Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

                        Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

                        Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

                        Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

                        Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։

                        Comment


                        • #13
                          ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ»

                          Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
                          Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
                          Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
                          – Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, – ասաց առաջինը, - և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
                          – Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
                          – Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, – ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
                          Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
                          Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին:
                          Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
                          Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:


                          Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

                          Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
                          Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
                          Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
                          Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
                          Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
                          Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
                          Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:


                          Թարգմանությունը` Արտակ Վարդանյանի


                          Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոն ծնվել է 1947թ. Ռիո Դե Ժանեյրոյում: Նախքան հանրաճանաչ արձակագիր դառնալը աշխատել է որպես հեռուստալրագրող, սցենարիստ, դրամատուրգ, թատերական բեմադրիչ, երգերի տեքստեր է գրել բրազիլական պոպ երաժշտության աստղերի համար:
                          Մեր օրերի ամենակարդացվող գրողներից մեկն է: Ստեղծագործություններից հայտնի են «Մոգի օրագիրը» (1986), «Ալքիմիկոսը» (1998), «Բրիդա» (1990), «Վալկիրիա» (1992), «Մակտուբ» (1994), «Պյեդրա գետի մոտ նստեցի, արտասվեցի» (1994), այլ բեստսելերներ: Թարգմանվել է աշխարհի ավելի քան 120 երկրներում` 45 լեզուներով: Ամենանշանավոր երկերից մեկի` «Ալքիմիկոսի» հիման վրա ֆիլմ է նկարահանում «Ուորներ Բրադերս» հայտնի կինոընկերությունը:
                          Պաուլո Կոելյոն վերջին տարիներին ընթերցողին է ներկայանում նաեւ իր սուրբծննդյան հեքիաթ-առակներով, որոնք տպագրվում են աշխարհի առաջատար թերթերում ու հանդեսներում:
                          Մանուշակ Ավետիսյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                          Comment


                          • #14
                            ԻՆՉՈՒ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԽՄՈՒՄ ...

                            ՋՈ - Օրն ունի քսանչորս ժամ: Այդ քսանչորս ժամից առնվազն 23,5 ժամը,- Աստված իմ, չգիտեմ ինչու,- տխրում են, մեռած, տաղտկալի, դատարկ ու հոգեմաշ ժամեր են: Րոպեներ են ժամացույցի վրա, ոչ թե կյանքի ժամեր: Կարևոր չի դու ով ես և ինչով ես զբաղվում. միևնույնն է 24 ժամից 23,5 վատնում ես սպասելով:
                            Եվ ինչքան շատ ես սպասում, այնքան քիչ բան է մնում ասպասելու:
                            Այսպես անցնում են օրեր: Անցնում են շաբաթներ, ամիսներ, անցնում են տարիներ: Եվ դու հասկանում ես, որ բոլոր տարիները մեռած են: Էլ սպասելու ոչ մի բան չունես: Ոչ մի բան բացի ժամացույցի րոպեներից ու բթացումից://Դադար//: -Ես պատասխանեցի? ձեր հարցին:
                            .............................
                            ՆԻՔ - ինչ հրաշալի են մարդիկ, Ջո: Տեսա?ր էդ ճստոյին:
                            ՋՈ - Իհարկե հրաշալի են: Ով էլ լինի հրաշք Է:
                            ..................................
                            ՋՈ - Կյանքը արվեստ է ոչ թե հաշվապահություն: Մարդ իրեն գտնելու համար պիտի շատ ու շատ խաղափորձեր անի:

                            Վիլյամ Սարոյան
                            "Քո կյանքի ժամերը" պիեսից
                            Վերջին խմբագրողը՝ Tatev*; 21-09-10, 12:31.
                            Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

                            Comment


                            • #15
                              «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եւ այդ հայրենիքի հմայքը այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եւ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով` հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:

                              Վանո Սիրադեղյան

                              Comment

                              Working...
                              X