Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց լեզվին նվիրված տողեր

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայոց լեզվին նվիրված տողեր

    Քանի որ արդեն չափից ավելի արծարծվեց ՀԱՅ երեխային օտար լեզվով կրթելու հարցը, առաջարկում եմ այս թեմայի շրջանակներում գրել մեր ոսկեղենիկ լեզվին նվիրված բանաստեղծություններ, ասույթներ, նշանավոր մարդկանց խոսքեր . . .։ Կարծում եմ, որ սովորական քաղաքացիներ և կարևոր պաշտոնյաներ, որոնք դպրոցում առիթ կամ հնարավորություն չեն ունեցել հաղորդակցվել մեր ազգի սրբության սրբոց լեզվին՝ կկարդան և համապատասխան հետևություններ կանեն։

  • #2
    Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։

    Խ. Աբովյան

    Comment


    • #3
      ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

      Դու մեր մեծ երթի գավազանակիր
      Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,
      Մեր ազնըվության գովասանագիր,
      Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։
      Անցյալին պարզված դու մեր լսափող,
      Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։
      Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
      Նարեկացիով օծված ու յուղված։

      Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
      Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։

      Բարդելով վերքին վերք ու անարգանք,
      Հեծության վրա մի նոր հեծություն՝
      Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
      Խլել է մեզնից փառք ու մեծություն,
      Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ
      Մեր հո՛ղը, հո՛ղը,
      Մեր սուրբ հայրենի՜ն։

      Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։
      Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
      Բայց և... դարավոր բնիկ վայրերի
      Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
      Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
      Արցո՛ւնքը, սակայն... և արյո՛ւնը սև,
      Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից.
      -Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
      Մեր մայրենահամ անուշ բարբառով։

      Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։
      Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
      Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
      Աչքեր է հանել դաշույնով իր սուր,
      Կտրել է նաև արմատից լեզուն,
      Եվ սակայն... իզո՜ւր.
      Չի՛ հատվել լեզուն,
      Մնացել է նա՝ հավատո՜վ անգամ...

      Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
      Չկարողացան քեզ խլել մեզնից
      Ո՛չ խարդավանքով արամեական,
      Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
      Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
      Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
      Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով.
      Ո՜չ ճշմարտությամբ,
      Ո՜չ էլ ստերով։
      Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։
      Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
      Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
      Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
      Որ հազարամյա դաժան մարտերում
      Փողփողացել է միշտ էլ... սրտերո՜ւմ։

      Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող.
      Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։
      Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
      Ինչպես երկինքը երբեք չի փլվում։
      Չե՜ս խլվի երբեք,
      Չե՜ս փլվի երբեք,
      Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում...
      Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
      Որ քեզ կամենա գողանալ մեզնից.
      (Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)
      Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,
      Այլև մասո՜ւնք ես,
      Մասո՜ւնք ես մի սուրբ,
      Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝
      Դարերի խորքից դարերին հասած։

      Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասո՜ւնքս ո՜րն է։
      Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։
      Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
      Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
      Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
      Շատերի մեջ ես, բայց պետական ես,
      Եվ դրանով իսկ դու պետքական ես
      Այն պետությանը, որ վաղը պիտի
      Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

      Պ.Սևակ

      Comment


      • #4
        Հայոց քաղցր և ճոխ լեզու
        Անուշիկ բառերուդ մատաղ.
        Թե հին, թե նոր, լավ պտղատու
        Քու տնկած ծառերուդ մատաղ։

        Թեև ունես ոխակալող,
        Բայց դու կաս, չես մաշող, հալող,
        Ամեն լեզվի հարմար գալող
        Մեսրովբա տառերուդ մատաղ։

        Ադամա լեզու ես հաստատ,
        Ծլի՛ր, ծաղկի՛ր, գցե արմատ։
        Ունես փայլուն ճրագներ շատ,
        Մշտապես վառերուդ մատաղ։

        Խրթին մեր Նարեկի նման,
        Գիրք ես տվել մեզ պատվական,
        Խորախորհուրդ, ճիշտ գերբնական
        Մութ, մռայլ մասերուդ մատաղ։

        Ջիվանի

        Comment


        • #5
          Ռուս մեծ մանկավարժ Կ. Ուշինսկին ասում է. <<Ուսումնասիրելով մայրենի լեզուն` միայն պատմական հնչյուններ չէ, որ սովորում է երեխան, այլև հոգևոր կյանք և ուժ է ըմպում մայրենի լեզվի մայրական կրծքից... Եթե մի լեզու, որով սկսում է խոսել երեխան, հակասում է նրա ազգային` բնածին բնավորությանը, ապա այդ լեզուն երբեք այն ուժեղ ազդեցությունը չի գործի նրա հոգևոր զարգացման վրա, ինչպիսին կգործեր նրան հարազատ լեզուն, երբեք չի ներթափանցի նրա հոգու և մարմնի մեջ, երբեք չի արձակի այնպիսի խոր, փարթամ, առատ զարգացում խոստացող առողջ արմատներ>>: Ուստի, յուրաքանչյուրիս պարտքն է պահել ու պահպանել մայրենին:
          Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

          Comment


          • #6
            ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

            Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
            Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
            Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
            Վառված հրով անշեջ դարերում հին։–

            Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
            Հղկել են այն դարեր, որպես մարմար,
            Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
            Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

            Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,–
            Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ–
            Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
            Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։–

            Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
            Այլևս չի կարող լինել պատյան
            Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
            Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։–

            Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
            Թումանյանի բարբառը գեղջկական,–
            Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի
            Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ…

            Ե. Չարենց

            Comment


            • #7
              ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

              Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
              Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
              Շառաչել ես դու հին հողում Արարատյան
              Մինչև հնչյունը քո դարձել է գիր։

              Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
              Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…
              Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
              Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։

              Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։
              Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝
              Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ
              Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։

              Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,
              Եվ զրահ ես եղել և զորավիգ,
              Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,
              Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։

              Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,
              Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ,
              Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,
              Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։

              Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ,
              Ճախարակի թելն ես մերթ ոլորել,
              Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,
              Անտունիներ անտուն և հորովել...

              Մաքրությունն ես առել արեգական շողի,
              Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,
              Արձագանքն ես եղել մեր մարտական փողի
              Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։

              Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում
              Շրթունքների վրա իմ սերնդի,
              Եղբայրական բոլոր լեզուների երթում
              Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։

              Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,
              Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,
              Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,
              էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։

              Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,
              Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,
              Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի
              Հավիտենից ի վեր և առհավետ։
              Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

              Comment


              • #8
                ... «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» ...

                Վիկտոր Համբարձումյանի կտակից
                29.08.1994
                Մանուշակ Ավետիսյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                Comment


                • #9
                  Հայ ժողովրդի մշակութային ժառանգության գանձարանում ամենամեծ ու թանկագին հրաշալիքը հայոց լեզուն է։ Նա ծառայում է մեզ այսօր նույն հաջողությամբ, ինչպես ծառայում էր երկու հազար տարի սրանից առաջ։ Սովետական ժամանաաշրջանում նա ոչ միայն դարձավ պետական լեզու, այլև սկսեց կիրառվել բազմաթիվ գիտությունների բնագավառում։ Եվ ահա այսօր մենք համոզվում ենք, որ իր ներքին խիստ տրամաբանական կառուցվածքի շնորհիվ նա կարող է գնահատվել որպես գիտական լեզու, հեշտությամբ ու հակիրճ ձևով արտահայտելով ժամանակակից գիտության ամենաբարդ գաղափարները։ Ես լի եմ հավատով, որ հայոց լեզվիր կիրառությունը գիտության մեջ դարեր անընդհատ կպսակվի նորանոր հաջողություններով։

                  Վիկտոր Համբարձումյան

                  Comment


                  • #10
                    Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

                    Ղ. Աղայան

                    Comment


                    • #11
                      Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
                      Ուր կը մտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ,
                      Կստանա սեր ու սնունդ, սրտի հպարտ ցնծություն,
                      Եվ բորյանեն ու բուքեն հոն կը մնա միշտ ազատ։

                      Քանի՜ դարեր և քանի՜ ճարտարապետ հանճարներ
                      Աշխատեցան անոր տալ վեհություն, գեղ ու պերճանք,
                      Քանի՜ գեղջուկ բանվորներ տքնեցան տիվ ու գիշեր,
                      Որոնք թաղված են հիմա մոռացության մութի տակ։

                      Մշտանորոգ ու միշտ հին՝ ան կը տևե դարե դար,
                      Իր ճրագները՝ միշտ լույս, իր օջախին հուրը՝ վա՛ռ,
                      Բարիքներով անսպառ լեցուն ամբարն ու մառան։

                      Հո՛ն է միայն, որ կրնա գտնել ամեն հայ կրկին
                      Խաժամուժի մեջ օտար կորսնցուցած իր հոգին,
                      Անցյալն անհուն և ներկան, նույնիսկ մթի՜ն ապագան…

                      Մուշեղ Իշխան

                      Comment


                      • #12
                        Քանի աշխարհում կա Արարատ սար,
                        Ճակատին՝ հայոց փառքն արևատառ,
                        Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի,
                        Մեր սրտից կերտված բարբառ մայրենի։

                        Քանի կա հողը մեր հայրենական,
                        Կան ծաղկունքն անշեջ, ժպիտը մանկան,
                        Պիտ շողա՝ նման վառ ծիածանի.
                        Բյուրեղյա քերթվածք՝ բարբառ մայրենի։

                        Քանի Արաքսը կերթա դեպի ծով՝
                        Մերթ ծիծաղելով, մերթ լուռ թախիծով,
                        պիտի բարկ պահես հույսն Հայաստանի,
                        Մեր արյամբ զոդված բարբառ մայրենի։

                        Քանի աստղերի թարթիչների տակ
                        Կծփա Վանա խովը կապուտակ,
                        Պիտի ղողանջես ջերմ ու կենդանի
                        Զորացած, զտված բարբառ մայրենի։

                        Քանի մեր երգը հնչում է հզոր,
                        Եվ հայ մայրերը երգում են օրոր,
                        Քո ամենազոր լույսը չի հատնի,
                        Մեր հոգում ջահված բարբառ մայրենի։

                        Քանի Դավթի պես՝ կայծակը ձեռին՝
                        Պաշտպան ենք կանգնել հայոց լեռներին,
                        Դու երբեք, երբեք, երբեք չես մեռնի,
                        Մեր հույս, մեր աստված՝ բարբառ մայրենի։


                        Սարմեն

                        Comment


                        • #13
                          ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

                          Իմ պատուհանից ցնծությունն ասես
                          Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.
                          Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն
                          Դպրոցից եկել, ա տառն է սերտում:
                          Ա տառն է գրում մանրիկ մատներով,
                          Տառեր է շարում խնամքով, սիրով:
                          Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր
                          Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:
                          Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն
                          Զգացել են այս հրճվանքը մաքուր:
                          Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,
                          Մոր գգվանքի պես միշտ նվիրական,
                          Նման ծլվլուն ծիծառի կանչին,
                          Հայրենի հողի կենարար շնչին:
                          Ամեն օջախի կրակն է անշեջ,
                          Ամե'ն հարկի տակ, ամե'ն սրտի մեջ,
                          Մեր ժողովրդի ոգին հրկիզուն
                          Եվ երկու բառով` մայրենի լեզու:

                          ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

                          Comment


                          • #14
                            ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ

                            Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
                            Այս թռչնակի, այս առվակի,
                            Հետն այս երգի ու զարթոնքի
                            Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
                            ՈՒ թոթովեց բառ մի անգին
                            Հայկյան լեզվից մեր սրբազան,
                            Ասես մասունք հաղորդության
                            Դիպավ մանկանս շրթունքին...
                            - Լսի'ր, որդիս, պատգամ որպես
                            Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
                            Այսօրվանից հանձնում եմ քեզ
                            Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
                            Կտրել է նա, հանց աստղալույս,
                            Երկինքները ժամանակի,
                            Շառաչել է խռովահույզ
                            Սլացքի հետ հայկյան նետի,
                            ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
                            Դարձել է գիր ու մագաղաթ,
                            Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
                            Պահել երթը մեր անաղարտ...
                            Նրանո'վ է մրմրնջացել
                            Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
                            Նրանո'վ է որորտացել
                            Կռվի երգն իմ ժողովրդի,
                            Նրանո'վ է մայրս ջահել
                            Ինձ օրորոց դրել մի օր,
                            Հիմա եկել, քե՜զ է հասել
                            Նրա կարկաչը դարավոր...
                            Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,
                            Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
                            Թող մանկանա' քո շուրթերին
                            Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
                            Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
                            Արարատի սուրբ ձյունի պես,
                            Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,
                            Քո պապերի աճյունի պես,
                            ՈՒ ոսոխի զարկիցը սև
                            Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
                            Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
                            Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
                            ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
                            Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
                            Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
                            Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

                            Ս. Կապուտիկյան

                            Comment


                            • #15
                              Ամեն մի աշակերտ, անկախ իր հակումներից, պետք է խորապես, կատարելապես տիրապետի մայրենի լեզվին, զգա նրա ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, սովորի ճիշտ, հստակ շարադրել իր մտքերը…

                              Կ.Ս. Դեմիրճյան

                              Comment

                              Working...
                              X