Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՄԵՐ ԿՈՄԻՏԱՍԸ
    (Գարեգին Լևոնյանի հուշերից)

    Անուններ կան, որ առանձնապես սիրելի են մեր մեջ, մեր կուլտուրական իրականության մեջ, մեր գրական-գեղարվեստական կյանքում, և սիրելի են, կարելի է ասել, ամենքին համահավասար, նույնիսկ մեր երեկի ու այսօրվա մեջ: Այդ անուններից մեկն է երաժշտագետ Կոմիտասի անունը:
    Սիրելի լինելը դժվար բան է. դու կարող ես հայտնի դառնալ, անուն հանել, բայց չունենալ սիրված անուն, ինչու՞ է այդպես, չգիտեմ. թերևս դա ունի իր գաղտնիքը: Այսքանը պարզ է, սակայն, որ լայն ժողովրդականություն վայելում են միայն սիրված անունները, իր խոշոր գործերի մեջ միշտ համեստ, բարեհամբույր և ոչ իրեն ցուցադրող, այլ անձն իր աշխատանքների ծալքերում թաքցնող հեղինակները:
    Այդպես էր Կոմիտասը:
    Տեսե՞լ եք նրան իր կյանքի ու գործի մեջ, լսե՞լ եք դուք երբևէ նրա երգեցիկ խմբի համերգը կամ իր` մեծ վարպետի մեներգը` «Մոկաց Միրզեն», «Սիրտս նման էր» և նման ժողովրդական սքանչելի ստեղծագործությունների կատարումը` երկարաշունչ, թախծալի, բայց և՛ թովիչ, և՛ հոգեզմայլ: Ո՛վ էլ որ լինեիր դու, չէիր կարող գոնե առժամ չկտրվել քո առօրյայից ու հոգով ու սրտով չտեղափոխվել այնտեղ, ուր երկրագործ աշխատավորի հանճարն է երկնել այդ երգերը...
    Իր գիտական ուսումնասիրությունների, իր երաժշտական ստեղծագործությունների պահերուն խոհուն, ծանր և զուսպ, ինչպես մի գերման գիտնական, իր դպրոցական-մանկավարժական պարապմունքների , իր համերգային փորձերի ժամանակ լուրջ, խիստ ու պահանջկոտ, որքան փոխվում էր այդ մարդը կյանքի մեջ, ազատ ու հանգստի ժամերին, ընկերական ու ընտանի շրջաններում: Զվարճախոս, սրախոս, կատակաբան, վառվռուն, նույնիսկ երբեմն թեթև: «Սա ի՞նչ մասխարա մարդ է, եղբայր, սա հո կատարյալ կոմիկ է, մի՞թե սա է Կոմիտասը»,_ կասեր, անկասկած, այդ պահերին անծանոթ հանդիպողը: Եվ նա հաճախ գործածական մի սիրած բառ ուներ, որով պատվում էր իր ամենամոտ ընկերներին` «Զուռնա՛չի»:
    _ Էյ, զուռնաչի, ու՞ր ես, քանի օր է չես երևում...
    Անձնական նկարագիրը._ Միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ոչ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված` վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես:
    Այդպես էր Կոմիտասը: Վանքում ապրում էր մի հին միաբանական խցերից մեկի մեջ` երկրորդ հարկը կազմող մի մեծ սենյակում: Դաշնամուրի տեղակ նա իր կաբինետային աշխատանքները կատարում էր ֆիզհարմոնի վրա:
    Չնայելով, որ նրա սենյակը զարդարուն էր գորգերով ու նկարներով, բայց ինքն` արվեստագետն, ապրում էր, կարելի ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա` առանց ներքնակի ու բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես, որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:
    Ընտանի շրջաններում._ Վաղարշապատը գյուղ էր: Ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային այն ժամանակ, և ճեմարանի ուսուցչական խումբը սովորություն էր դարձրել երկու շաբաթը գոնե մի անգամ հավաքվել ընկերներից սրա կամ նրա տանը` ուրախ ժամանցի համար: Եվ դուք պետք է տեսնեիք, թե Կոմիտասը ի՛նչ հազվագյուտ ուրախ անդամ էր այդպիսի հավաքույթների մեջ:
    _ Է՜յ, զուռնաչի, արի նարդի խաղանք,_ ասում էր նա իր պես նարդախաղի մեծ վարպետ, մաթեմատիկոս Կարապետ Տերյանին: Կոմիտասը միայն նրա հետ էր մրցում, մեզ պես թույլերի հետ չէր նստում խաղի: Նա խաղում էր արագ և միշտ երկու ձեռքով, իսկ խաղակիցը մաթեմատիակակն հաշիվներ էր անում ու դանդաղում:
    _ Դե գնա բաբայիդ բարև արա,_ գրեթե միշտ այդ էր ասում Կոմիտասը իր խաղակցին, երբ խաղը տանողը լինում էր ինքը: Իսկ տարվելիս ընդհատում էր, վեր էր թռչում ու գնում ընտանիքի երեխաների հետ վազվզելու:
    Կոմիտասը եկեղեցական._ Մեր երաժշտագետը եկեղեցական էր իր արվեստի սահմաններում միայն. նա վանքում իր երգեցիկ խմբի ղեկավարությունից դուրս գրեթե չէր մասնակցում եկեղեցական ընթացիկ արարողություններին. չեմ տեսել և չեմ հիշում նույնպես, որ նա պատարագչի զգեստ հագած լինի: Եթե չլիներ վանքի այն ժամանակվա ռեժիմը, Կոմիտասը թերևս Էջմիածնի պարիսպներից դուրս կերևար աշխարհիկ զգեստով, ինչպիսի նա հագնում էր արտասահմանում:

    Comment


    • ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԵՂԵՌՆԸ

      Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։
      Ֆիզիկական և հոգեկան ցնցումներ, ճնշվածություն. այսպիսին էր տիրող վիճակն աքսորավայրում։
      Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով ուզում էր ընկերներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Հանկարծ ոստիկանի սահմռկեցուցիչ հարվածն ընդհատեց նրա երգը։ Անսպասելի հարվածի ուժգնությունից Կոմիտասը սփրթնեց և չկարողացավ շարժվել...
      Մեկ ուրիշ անգամ, անցնելով դիակների և մահացող մարդկանց միջով՝ կոմպոզիտորն ականատես եղավ մի աղեկեզ տեսարանի. թուրք ոստիկանն աննկարագրելի դաժանությամբ ու հաճույքով պատռեց երկունքի ցավով տառապող կնոջ փորը, իսկ նորածնի ճիչը խեղդեց իր ուժգին հարվածով։ Մոր և որդու դժոխային տառապանքն ու դաժան մահը մինչև հոգու խորքը ցնցեցին Կոմիտասին. այդ պահին նա ի վիճակի չէր նույնիսկ խոսել...
      ...Չանգրի ճանապարհին տեղի ունեցած դեպքը նույնպես անջնջելի հետք թողեց կոմպոզիտորի հիշողության մեջ։ Այն աքսորյալները, որոնց մեջ դեռ մի փոքր ուժ կար, գնացել էին խմելու ջուր հայթայթելու։ Բաժակ չլինելու պատճառով պետք է խմեին դույլից։ Տեղյակ լինելով Կոմիտասի նրբանկատությանն ու խիստ մաքրասիրությանը՝ նրա ընկերները՝ Սիամանթոն եւ Դանիել Վարուժանը, խմելու հնարավորությունն առաջինն ընձեռեցին նրան։ Սակայն, Կոմիտասը դեռ չէր հասցրել մի կում անել, երբ անգութ ոստիկանը խլեց նրա ձեռքից ջրով լի դույլն ու շպրտեց այն...Կոմպոզիտորն անկենդան հայացքով մտավ իր վրանը. նրա գունատությունը վախեցրեց այնտեղ եղած բժիշկներին։ Մեկ ժամ անց Կոմիտասը դուրս եկավ, միացավ ընկերներին։ Վերջիններս նրան ջուր առաջարկեցին, սակայն, թախծոտ ժպիտը դեմքին՝ նա հրաժարվեց։ Կոմպոզիտորը սկսեց խոսել ինքն իր հետ՝ արտասանելով ինչ-որ անհասկանալի բառեր։ Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց...
      Հաջորդ օրը, շարունակելով Չանգր տանող ճանապարհը, Կոմիտասը մի զառամյալ, կեղտոտ էշ տեսավ բլրի լանջին։ Հավաքելով իր փարաջայի փեշերը՝ նա հարգանքով խոնարհվեց, ողջունեց էշին և բացականչեց. «Մի՛ շտապեք, ընկերնե՛ր, թույլ տվեք, որ ոստիկանն անցնի»։
      Շատերն այս խոսքերը որպես հումոր ընդունեցին, սակայն բժիշկներ Թորգոմյանն ու Սեւակը, լավ իմանալով Կոմիտասին, հոգեկան խանգարվածության տարրեր նկատեցին։
      Վերջիններիս առկայության մասին է վկայում նաև հետևյալ դեպքը։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորը հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան...
      Երեք ամսվա տանջանքներից հետո հրաման եկավ կոմպոզիտորին վերադարձնել աքսորավայրից, և ազդեցիկ անձանց միջնորդությամբ հրաշքով փրկված իր երկու ընկերների՝ բժիշկ Թորգոմյանի և խմբագիր Քեչյանի հետ Կոմիտասին բերեցին Կոստանդնուպոլիս։
      Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն...Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...
      Սիրտս փլած է...»։
      Կոմիտասի հետ կայացած հանդիպումից հետո այսպես է հիշում կոմպոզիտորին նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը. «Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ։
      «Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...»։
      Ապա նետվելով Քեչյանի մահճակալի վրա ու խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրեց. «Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն»։
      Ճակատագրի բերումով այդպես էլ եղավ։ Կոմիտասը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնի ականատեսն ու հրաշքով փրկված «զոհը»։
      Հայ ժողովրդի ողբերգությունը կանխորոշեց երաժշտության հանճարի դաժան կյանքի հետագա 20 տարիների ընթացքը...

      Comment


      • map_genocide0s.jpgԱնվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ` զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

        ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ ներառել նաև այդ կետը:Նշանավոր ցեղասպանագետ և սոցիոլոգ Լեո Կուպերը գտնում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «Պոլիտիցիդ» տերմինը:
        Քարտեզում ներկայացված են 1909 թվականի ջարդերը Կիլիկիայում և Ադանայում

        Comment


        • Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
          [ATTACH=CONFIG]10615[/ATTACH]Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ` զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

          ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ ներառել նաև այդ կետը:Նշանավոր ցեղասպանագետ և սոցիոլոգ Լեո Կուպերը գտնում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «Պոլիտիցիդ» տերմինը:
          Քարտեզում ներկայացված են 1909 թվականի ջարդերը Կիլիկիայում և Ադանայում
          1915—23 թվականների հայոց մեծ եղեռնի յուրատեսակ նախերգանքն Օսմանյան կայսրության կողմից 1909 թվականի ապրիլին իրականացված՝ Ադանայի հայության կոտորածն էր։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

          Comment


          • Կոմիտասի մանկության ընկերոջ հուշերը. Ն. Միլիտոնյան
            <<Մենք ապրում էինք իրարից ոչ հեռու: Ամեն օր առավոտյան Սողոմոնը իրենց դռան առաջ սպասում էր ինձ, և մենք միասին դպրոց էինք գնում: Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի: Նա վատ էր հագնվում, առանձնապես ձմեռը, երբ սառնամանիքին դպրոց էր գալիս՝ ցրտից կապտած էր ու սառած էր... Մենք մեր տակ բարձեր էինք դնում, բայց Սողոմոնը, բոլորովին մերկ տախտակի վրա ոտքերը տակն առած, դողալով կարդում էր և միշտ իր շնչով տաքացնում սառած ձեռքերը: Երբեմն պատահում էր, որ փողոցային տղաները Սողոմոնին նեղացնում էին: Բայց նա ուներ ինքնապաշտպանության մի հիանալի միջոց. երգում էր: Շուտով Սողոմոնի դուրեկան ձայնը նվաճեց իր<<թշնամիների>> սրտերը: Նրանք այլևս չէին ծեծում Սողոմոնին... <<Փողոցների թափառական փոքրիկ երգիչ>>,- այդպես էին հիշում Քյոթահիայի բնակիչները>>:

            Comment


            • Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:

              Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր... Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:

              Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում: Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...:
              Հրաչյա Աճառյան

              Comment


              • ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

                Հուշ 1. Կոմիտասի աննման համերգները և բովանդակալից դասախոսությունները Պոլսո առաջադեմ տարրերին ոչ միայն ուրախացնում ու հիացնում էին, այլև ոգևորում: Այդ օտար գաղութավայրում եղած մտավորականության ազնիվ և հայրենասեր մասը սկսեց փառավորվել և պարծենալ, որ ինքը հայ է: Սկսեց գիտակցել, որ իրենց արհամարհած խռո և խըմպըլ գավառացի հայը, որ մեր դարավոր կուլտուրայից մի սաղմնային ժառանգություն ունի իր մեջ, նրա ստեղծագործական միտքն ու զգայնությունն է կերտել նման նուրբ և հուզիչ երաժշտությունը: Քանի գիտակցությունը խորանում էր, այնքան ավելանում էր նրանց զարմանքը նրա համար, որ «վայրի դասակարգի» անգետ գյուղացիներն էին ստեղծած այդ հրաշալիքները և ոչ թե վերի խոժոռ ու շահագործող դասակարգի մարդիկ:
                Իսկ մեծատաղանդ Կոմիտասը իր գիտության և խոր զգայնության աջակցությամբ այդ տաղերը նրբորեն ներդաշնակում ու մատչելի էր դարձնում հասարակությանը: Հաճախ նա հում նյութերից, ինչպես եզի բառաչը, շղթաների ձայները, ջրերի անկումը, ոտների դոփյունը և այլն, նրանցից ստեղծագործում էր մոնումենտալ երաժշտական գեղեցկություններ:
                Բայց Կոմիտասի գործը առանց պայքարի և միշտ սահուն չէր անցնում, որովհետև հոգևորականության մեծ մասը, որոնց կյանքը անօգուտ էր անցնում և նույնիսկ հասարակության համար վնասակար, այդ ողբալիները չէին հանդուրժում, որ մի ուրիշը մեծ հոգեկան շինարարություն տանի, պայծառանա և բարձրացնի մասսաների կուլտուրական մակարդակը:
                Կոմիտասի առաջին կոնցերտը չսկսած` նա մի պաշտոնական գրություն է ստանում պատրիարքական փոխանորդ Ղևոնդ ծայրագույն վարդապետ Դուրյանից, որ ահա. «Կցավինք ի տեղեկություն հաղորդել Ձեր գերապատվության, որ հայոց եկեղեցո սրբազան օրինաց և կարգաց բացարձակ հակառակ է եկեղեցու պատարագի սուրբ երգեցողությունը աշխարհիկ թատերաբեմի վրայից, որպիսին է «Պըտի-Շան»-ի (թատրոն) բեմը երգել: Հետևաբար կարգիլենք ձեր հայտագրի այդ մասը ի գործ դնել և այլն»:
                Կրոնական ժողովն էլ որոշումներ է հանում Կոմիտասին «կարգի բերելու» և նույնիսկ ոստիկանության է դիմում, որ արգելվեն այդ գրամաֆոնի պլաստինկաները, որոնց համար երգած էր նշանավոր երգիչ Արմենակ Շահմուրադյանը` Կոմիտասի ընկերակցությամբ և ցուցումով: Կրոնական թերթի խմբագիրը` Զարմայր քահանան, և ուրիշ մի կարգ թերթերի ուղեղազուրկ խմբագիրները ամեն օր զրպարտում էին Կոմիտասին, թե նա «եկեղեցու սեղանը փոխելով թատրոնների բեմերի հետ` անպատվություն է բերում», թե «նա պղծում է կրոնական սքեմը»: Չարժեր ավելի գրել այն զազիր բամբասանքների մասին, որոնք ուղղված էին հայ տոհմիկ երաժշտության և Կոմիտասի դեմ:
                Վերև հիշված այս անատամ խածնումների հակառակ` մի կարգ ինտելիգենտներ զայրույթ և բողոք էին հայտնում թերթերի էջերում այդ ստոր բամբասանքների առթիվ:
                Կոմիտասը գնում է Իզմիր և Եգիպտոս ու համերգներ տալիս: Այդ տեղերի եվրոպական ու արաբական թերթերը նույնպես մեծամեծ գովասանքներով էին խոսումու պանծացնում հայ երաժշտությունը: Ամերիկյան դեսպաատան մեծ ընդունելության ժամանակ Կոմիտասի համերգն էր փայլ տալիս:

                Comment


                • Հուշ 2. Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցումն էի, խոհարարը եկավ, թե ոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը, և քեզ են հարցնում: Վար իջա, տեսնեմ` կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլտվություն խնդրեց նկարներս տեսնելու:
                  Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշիուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի, որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին ծանոթանալ: Նա պատասխանեց. «Կուզեի, բայց կրնա ըլլալ, որ խանգարեմ»: Ասացի. «Բնավ չեք խանգարի», և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի: Նրանք ծանոթացան, և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ. «Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել»:
                  Կոմիտասը, լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքն իրեն ակորդներ վերցնելով` երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ այնչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը, ինքն իրեն չկարողանալով զսպել, ձեռքը սեղանին խփեց և ասաց. «Sapristi! (գրողը տանի), ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ մի այսպիսի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»:
                  Այդ սուլթանական գործեր վարող դիվանագետը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց հետո ես շնորհավորեցի Կոմիտասին նրա հաղթանակի համար, և վերկացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:
                  Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլադ գյուղում` ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:

                  Comment


                  • Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբախտ և հերոսական ազգի մասին, որն աշխարհին զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:
                    ՖԱՅԵՋ ԷԼ ՀՈՒՍԵՅՆ, 1917թ.:

                    Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր, որպեսզի քողարկվեր դարի հանցագրոծությունը՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
                    ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ 1919թ.

                    Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
                    ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

                    Comment


                    • http://genocide-museum.am/arm/rememb..._genocide1.php

                      Comment


                      • Կոմիտասը, վերադառնալով Կոստանդնուպոլիս 300 մարդուց բաղկացած «Գուսան» անունով երկսեռ երգչախումբ հիմնեց և սկսեց համերգներ տալ մայրաքաղաքում:
                        Կոստանդնուպոլսի թերթերը գրեցին.
                        «Ըլլա կրոնական, ըլլա ժողովրդական, արվեստագետ վարդապետին երաժշտությունը տակնուվրա կընե մեր սրտերը. անոր մեջ այնպիսի պարզ, հոգեբուխ, անուշ, գգվող բան մը կա:
                        ...Կամիտաս վարդապետի հոգին ներդաշնակության հետ կապված է այնպես, ինչպես աշխարհի վրա քիչ անգամ կպատահի. իր երաժշտությամբ մարդկային ամենագաղտնի և ամենավսեմ զգացումները բացատրելու հազվագյուտ ձիրք ունի...»:

                        Comment


                        • Արաբական թերթերը Կոմիտասին հռչակեցին որպես «Միջազգային երաժշտության ամենից համբավավոր վարպետը»:
                          Հունական թերթերը գրեցին.
                          «Ե՞րբ է հույն ժողովրդի մեջ Աստված հարուցանելու մի Կոմիտաս, որ հին հելլենական երաժշտությունը փրկեր կորստից...»:

                          Comment


                          • Վարդան Պետոյանի հուշը Կոմիտասի մասին

                            Փարիզի մի մեծ թատերասրահում բազմահազար հանդիսատեսների ներկայությամբ շռայլ դեկորացիա ունեցող մի բեմի վրա, ուր ամեն երաժիշտ իր ցանկացած պեյզաժում` «աղբյուրի եզերքին կամ ծովի ափին» նստած կամ ժայռին կանգնած կարող էր իր ելույթն ունենալ, հաջորդաբար բեմ էին բարձրանում ըստ երաժշտական «առաջնության» իտալական, ֆրանսիական և այլ երաժիշտներ` իրենց սեփական գործիքներով նվագելու կամ երգելու երկու կտոր միայն:
                            Բեմ բարձրանալու հրավերի հերթը հասնում է Կոմիտասին: Բազմահազար հանդիսականների ներկայությամբ բեմ է բարձրանում մի մարդ` փարաջայով, որ հասնում է մինչև ոտքերը, գդակը գլխին, առանց որևէ մի գործիք ունենալու իր ձեռքին: Ընդհանուր հիասթափություն է տիրում, թե «եվրոպական» երաժիշտների հետ ի՛նչ մրցում կարող է ունենալ մի սևազգեստ հայ` Փարիզի հսկա թատրոնի շռայլ դեկորացիա ունեցող այդ բեմի վրա` առանց գործիքի:
                            Կոմիտասը հասարակությանը հայտնում է, թե ինչ երկու
                            երաժշտական կտորներ է կատարելու և բարձրանում «սարի լանջին», նստում մի ժայռի վրա «առանց գործիքի»: Մարդիկ շնչակտուր սպասում են, թե ինչ է լինելու: Կոմիտասը ֆարաջայի տակից ` ծոցից, հանում է Բյուրականի իր 1909 թվի սրինգը, որն այժմ գտնվում է ԳԱ Գրականության և Արվեստի թանգարանում, դնում է բերանին և «Ոչխարը ջրին կանչելու» մեղեդին նվագում: Բարդ և քաղցրաձայն այդ եղանակը զմայլեցնում է լսողներին: Նրանք քար լռության մեջ լսում են հայկական սրինգը, որի միջից Կոմիտասի սիրտն էր հոսում, և հա՛ նվագում: Կոմիտասը սրինգը դնում է ծոցը և ոտքի կանգնում ժայռի գլխին ու պատրաստվում կատարելու երկրորդ մասը` «առանց գործիքի»:
                            Աուդիտորիան քարացած սպասում է:
                            Կոմիտասն սկսում է «Մոկաց Միրզան» և «հալվում-էրվում», իր հերթին էլ «հալում», «էրում» լսողներին, որոնց հագեցնելու համար հա՛ երգում է «Մոկաց Միրզայի» մի քանի տները: Բուռն ծափահարությունների տակ Կոմիտասն «իջնում է սարից» հաղթական և ժյուրիի որոշմամբ ստանում առաջին մրցանակ` ոսկյա ժամացույց, որ իբրև թանկագին նվեր` պահում էր իր մոտ: Հաջորդ կիրակի օրը, երբ իմանում են փարիզեցիները, թե հայկական գաղութի եկեղեցում պատարագի ժամանակ Կոմիտասն է երգելու, գնում են լսելու Կոմիտասին, բայց փոքրիկ եկեղեցական շենքը չի կարող ընդունել բոլորին, և նրանք, եկեղեցին շրջապատած, դրսում են լսում քառաձայն մեղեդիները:
                            ... 1916-18 թվերին հիվանդ և ապրուստից զուրկ մնալով` ստիպված ծախել ու գրավ է դրել իր գույքը և նույնիսկ 1906 թվին Փարիզի համերգում մրցանակ ստացած իր ոսկյա ժամացույցը, որ այնքան թանկագին էր իր համար:

                            Comment


                            • Կոմիտասի համերգներից հետո ֆրանսիական թերթերը գրում էին.
                              «...Հայ ժողովրդի հոգին էր, որ ամբողջովին թրթռաց. մի հոգի, որն համակ եռանդ է, որին ոչ մի ուժ չի կարող բանտել կամ մարել: Գիշերային սարսուռի մեջ ներդաշնակ խոսքեր, ժողովրդի զգացմունքներով արյունած ու շառագույն` իջնում են խազ առ խազ, մի ժողովրդի, որն իր հպարտությունը պահում էր և իր փոքրիկ համայնքից իսկ`ճոխություններ էր պարգևում մարդկությանը...»

                              Comment


                              • ԿՈՄԻՏԱՍ - ԵԿՄԱԼՅԱՆ

                                Կոմիտասը հայ երաժշտության քարոզիչն էր՝ հայ երգի առաքյալն ինչպես օտարների, այնպես էլ հենց հայերի համար: Նրա կյանքի նպատակներից էր համոզել աշխարհին, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը: Եվ ճշմարտության
                                որոնման ճանապարհին Կոմիտասն անկոտրում էր. նա անգամ վտանգեց իր հարաբերությունները թանկագին ուսուցչի` Մակար Եկմալյանի հետ:
                                Բանն այն է, որ Եկմալյանը հայ երաժշտությունը համարում էր պարսկա-արաբական երաժշտության մի ճյուղը՝ բացառելով նրա ինքնուրույնությունը: 1898-ին «Արարատ» հանդեսի
                                Գ. և Դ. համարներում տպագրվում է Կոմիտասի` Բեռլինից ուղարկած գրախոսականը` «Երգեցողութիւնք Ս. Պատարագի: Փոխադրեալ Ի Խաղս Եւրոպականս Եւ Ներդաշնակեալ Ի Ձեռն Մ. Եկմալեան, Տպագրեալօ Պ. Գ. Մեղուինեան: Լայպցիկ -
                                Բրեյտկոպֆ եւ Հերտել, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1896» վերնագրով: Կոմիտասը, շատ բարձր գնահատելով Եկմալյանի նորերս լույս տեսած «Պատարագը», գրում է. «Հարգելի Պրն Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց:Սրտանց ուրախ ենք, որ Հայերս այժմ կարող ենք պարծել, թե մենք էլ հետ չենք մնացել վսեմ գեղարվեստի և կատարելագույն երաժշտության զարգացումից»:
                                Սակայն, միևնույն ժամանակ, նա նկատում է. «...մեր երաժշտությունն էլ, յուր ամբողջ ազգային ոգվովն ու ոճով նույնքան արևելյան է, որքան պարսիկ-արաբացին. բայց ոչ պարսիկ-արաբականը մերն է և ոչ էլ մերը նորա մի մասն է. այլ խնդիր է, թե նոցա ազդեցությանն է ենթարկվել. ճիշդ այնպես, որպես մեր լեզուն Հինդ-եվրոպականի մի ճյուղն է, այսպես են և պարսկերենը, քրդերենը, գերմաներենը և այլն, բայց մեր լեզուն ո՛չ գերմաներեն, ո՛չ քրդերեն և ո՛չ էլ պարսկերեն է»:
                                Կոմիտասն անում է իր հայտնագործությունն առ այն, որ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության հիմքում ընկած են շղթայված տետրախորդները, և դրանով իսկ այն տարբերվում է եվրոպական մաժորից ու մինորից: «Քառյակների դրությամբ են հորինված մեր թե՛ ժողովրդական, թե՛ եկեղեցական եղանակները, որոնք քույր եղբայր են և նույն կազմությունն
                                ունին: Քառյակների դրության չենթարկվողներն օտարամուտ են: Ուրեմն պարզ է մեր եղանակների կազմության գաղտնիքը.այսպես զուր ջանք կլիներ, եթե եվրոպական Majeur, Mineur կամ Dur, Moll ձևերին համապատասխանող ելևէջներ որոնեինք մեր երաժշտության մեջն էլ. չենք գտնի, որովհետև չկան»,– փաստում է Կոմիտասը:
                                Գրախոսականին հաջորդում է վիրավորված Եկմալյանի պատասխանը` նույն «Արարատում»: Չնայած Եկմալյանի հանդեպ տածած իր խորին պատկառանքին ու երախտագիտությանը՝ Կոմիտասը, որպես ճշմարիտ գիտնական ու երաժիշտ, չէր կարող մեղանչել ճշմարտության դեմ՝ հանուն սիրելի ուսուցչի հետ իր բարեկամության.մարդկային խառնվածքի հատկանիշ, որն այսօր էլ, ավաղ, հանդիպում է սակավադեպ:
                                51-ամյա Մ. Եկմալյանը կյանքից հեռացավ 1905-ի մարտի 6-ին, Թիֆլիսում` այդպես էլ չներելով Կոմիտասին ու չհաշտվելով նրա հետ…
                                Օրեր անց` մարտի 20-ին, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երգեցիկ խումբը Կոմիտասի ղեկավարությամբ ելույթ ունեցավ եկեղեցում` Մ. Եկմալյանի հիշատակին
                                կատարվող հոգեհանգստի ժամանակ:

                                Մ. Մազմանյան

                                Comment

                                Working...
                                X