Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

    148.jpg

    Մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սահմանն է, իսկ մենք երբեմն զինվորական դիրքերից մեզ հասնող կրակահերթերի արձագանքների տակ ենք...

    «Ես հիմա քմծիծաղով եմ տեղեկանում «քաղքենի» աշխարհի խնդիրներին ու ձգտումներին, երբ սահմանին այնքան մոտ եմ»,- ընթերցում եմ փոքրահասակ, բյուրեղյա մաքրությունն իր հոգում կրող, մի անսովոր հեզիկ կերպարի մեջ ամփոփված իմ աշակերտուհու գրած տողերը:

    Սա մարտահրավե՞ր էր` ուղղված ամբողջ աշխարհին, թե՞ արցախադստեր հոգում ծնված հպարտության զգացումն էր թև առել` գիտակցելով, որ սահմանին այնքան մոտ ապրողին քաջություն է պետք և միահամուռ աղոթք: «Սահմանին այսքան մոտ ապրելով` մենք ուրիշ ենք դառնում: Մեր կենդանի պատվար լինելու գիտակցումը վախի հետ նաև հպարտության գիտակցում է ծնում: Մենք ավելի ենք արժևորում մեր ամեն մի խաղաղ լուսաբացը և հասկանում, թե մեզ շրջապատող օդի պես որքան կարևոր է խաղաղությունը»:

    Տեսնես` աշխարհի մարդիկ գիտե՞ն, որ հայի համար կյանքը հավերժական տոն չէ: Սա սահմանն է, իսկ սահմանի մոտ մեզ համար մահվան խորհուրդը բեկվում է հավերժության ու անմահության հաղթանակով և առ Աստված ուղղված մեր աղոթք-մրմունջներով:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

    104.jpg
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 21-03-19, 22:45.

  • #2
    Մեր քաջարի զինվորները չեն միայն պահում սահմանը: Սահմանը պահում եք նաև Դուք և Ձեր նման նվիրյալ ուսուցիչները: Դուք եք շատերին սովորեցնում սիրել հող հայրենիի ամեն մի թիզն ու կրակոցների ձայնի ներքո էլ շարունակել ստեղծել ու արարել:

    Comment


    • #3
      Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Մեր քաջարի զինվորները չեն միայն պահում սահմանը: Սահմանը պահում եք նաև Դուք և Ձեր նման նվիրյալ ուսուցիչները: Դուք եք շատերին սովորեցնում սիրել հող հայրենիի ամեն մի թիզն ու կրակոցների ձայնի ներքո էլ շարունակել ստեղծել ու արարել:
      Արթուն անցկացրած գիշերներից ու մեկընդմեջ կրկնվող ցավալի լուրերից հետո յուրաքանչյուր դասարանում ասելիք եմ ունենում` դառը հույզերով շաղախված: Երբեմն ցավը հոգումս ճչում է աղիողորմ, և անցյալի հուշերիս երկարատև շղթան հրետակոծությունների ծանր շղարշով է պատվում, նկուղային ծանր կյանքի պատկերներն են ուրվագծվում իմ հայացքում, գիշերվա կեսին հարազատ բնակավայրից հեռացած և հայրենի գյուղում փրկության հույս փայփայող փախստականի տեսքով եմ երևում աշակերտներիս:

      Comment


      • #4
        92-ի պատերազմական օրերի հիշողությունների մեջ եմ...Տարբեր գյուղերից մեզ միացած բռնագաղթվածներիս քարավանը ձգվում էր դեպի մայրաքաղաք տանող անտառային արահետներով, ուր ոտնահետքեր էի փնտրում բոբիկ ոտքերիս համար` դեռ թարմ հիշողությանս մեջ ունենալով ժամ առաջ հրետակոծությունից մշուշապատված հայրենի գյուղս և վիրավորների հառաչանքները: Փախստականներիս մեջ սովի մատնված փոքրիկ դստերս համար ճանապարհին մի կտոր հաց հայթայթեցի մի կնոջից` կես բռանս չափ, այն նորից կիսեցի: «Սա էլ մեզ սպասվող ավելի վատ պահի համար, որ ավելի շատ սովածանաս, այն ժամանակ»,-ասացի ես, բայց երեխայիս աչքը իմ թաքցրած հացի երկրորդ կեսի վրա էր:

        Անցանք փորձությունների երկար ուղի՝ բռնագաղթի խորդուբորդ ճանապարհների ահուսարսափ ու ողբ, սառն օտարություն, հայրենի հողի կարոտ...Տեղահան եղած ժողովրդի մի բեկորը բնակավայրի ազատագրումից հետո կամաց-կամաց վերադարձավ: Եկավ իր ավերված տունը, իր օջախը վերականգնեց, իր որդիների շիրիմների կողքին նոր աղոթք մրմնջաց՝ հայացքն Աստծուն ու երկնքին:

        Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

        Comment


        • #5
          93-ին հայության համար Մարտակերտի ազատագրումը մի նոր նվաճում էր, բայց զոհողությունների գնով. հանգան բազմաթիվ ճրագներ, արյուն հեղվեց, որբացան մանուկներ... Մարտական գործողությունների կիզակետում խոնավ հողաթմբեր բարձրացան, փոքրիկ շիրմաքարեր՝ կարճ, համառոտ մակագրություններով...Ամուսնական մահիճ չտեսած շատ պատանիներ զոհվեցին, կորստի ցավից կուչ եկավ հայի սիրտը, զոհվածների արյամբ ցողվեց հինավուրց հողը արցախյան: Սրբացած հողը ճաքճքեց ցավից, անմահացան հերոսներ...

          Տարիների ընթացքում պատերազմը գալիք սերունդների համար, թվաց՝ դարձել է հեռավոր հուշ, բայց նորից Ապրիլյան պատերազմ ու նորից անմահացան հերոսներ, հավերժության ուղին բռնած մեր ժողովուրդը հասկացավ, որ խաղաղ ապրելու երաշխիքը այստեղ քիչ է, բայց ամուր պիտի կանգնի իր հողին՝ դարերին պատգամելով մեր ապրելու անսասան կամքը:

          Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

          Comment


          • #6
            Աշխարհը լռում է

            142.jpg

            Իմ ժողովրդի, առավելապես սերնդի ճակատագրի համար մտահոգ եմ շատ, երբ ապրում եմ Արցախում, սահմանամերձ Մարտակերտ քաղաքում դասավանդում նոր սերնդին:

            Այստեղ մտորումներս անխոս են դառնում, երբեմն՝ անձայն, երբ կողքիս օրոցքի կարոտ հայոց երկրիս զավակներն են զոհվում, մեր արշալույսները ներկում արյամբ... Երեխաներ են որբանում..., երազանքներ են թևատվում այստեղ, մահվան դեմ մարդու անզորությունն է թևածում ու սահմանի մոտ ոգեղեն է դառնում անմահանալուն դիմադարձ լինելու անխուսափելիութունը...

            Բայց աշխարհը լռում է... Լռում է, երբ հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք միայն Աստծո պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակում ենք հավատալ գալիք լավ օրերի` մեր բոլորիս երազանքների իրականացմանը:

            Աշխարհը լռում է, երբ անմահների անցած ճանապարհի մասին հիշողություն կա այստեղ, երբ սգավոր մի մեղեդի ժողովրդիս անցյալի հուշերն ամեն օր թարմացնում է՝ հոգու մի խոր կսկիծով ներկայում իմաստավորելով հավերժացած կյանքեր:

            Լռում է աշխարհը, երբ մեր հայրենին դարձել է հավերժորեն բաց մի ընծայարան, ուր ամեն ոք անցնում է ընծայաբերման իր ճամփան և արժանանում երկնային անդաստաններին: Բայց մենք ամեն օր ավելի ամուր ենք կառչում այս հողին, երբ զգում ենք մեր հոգում օր օրի սաստկացող այս հողի քաղցրությունը, երբ տեսնում ենք այս հողին նվիրված կենդանի լեգենդներին ու նրանց անցած մարտական ուղին...

            Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

            Comment


            • #7
              Ընթերցում եմ նյութեր հայրենիքից հեռացող հայերի մասին և չեմ համարձակվում մարտահրավեր ուղղել նրանց, ովքեր հեռանում են, բայց ցավով եմ արձանագրում և գիտեմ, որ օրեր, ամիսներ, տարիներ հետո ուծացման, ձուլման ճանապարհով քայլող վաղվա սերունդն այլևս հայ չի լինելու: Սա է մեծագույն ողբերգությունը, և այդ մտահոգությունն ինձ համար չափազանց շոշափելի է, քանի որ Արցախյան ազատամարտի տարիներին` բռնագաղթից հետո, օտար ափերում ապաստանած տարագիր հայուհու ճակատագրի դառնությունն եմ ճաշակել:

              Ամեն անգամ օտար երկնքի տակ բախտ որոնող «փախստականի» մեր կյանքն եմ հիշում, և առայսօր էլ իմ հիշողության մեջ ամեն օր ուրվագծվում է բռնագաղթի ճանապարհը ու հայրենիքից հեռու` «օտար ամայի ճամփեքի վրա» ապաստան գտած ընտանեկան խմբանկարից պակասած իմ հարազատների կորուստն եմ հիշում, որ դառնակսկիծ ու անվերադարձ նրանց պահ տվինք օտար հողում:

              Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

              Comment


              • #8
                Օտարվելու տագնապն զգացի նաև ես, Արցախյան պատերազմական օրերի բռնագաղթից հետո հեռավոր ափերում ռուսական դպրոցի 2-րդ դասարան հաճախող դստերս փորձում էի հայ ու հայալեզու դաստիարակել` հեռու պահելով օտարալեզվության վտանգից: Սարսափելի էր, երբ տեսա, որ երկու տարի Արցախում հայկական դպրոց հաճախող երեխան, անցնելով ռուսական կրթության, ժամանակի ընթացքում մոռացել էր հայերեն տառերը: Մանկական փոքրիկ հայերեն բանաստեղծությունների գիրքը նա փակեց՝ չկարողանալով կարդալ տողերը: Ու նորից անհանգիստ սրտի տրոփյունով սկսեցի մեսրոպյան այբուբենի ուսուցումը: Եվ երբ շուտով վերադարձանք հայրենիք, չնայած ռուսերենով ուսուցմամբ դասարանում էր սովորում, բայց հաջորդ ուսումնական տարում նա հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի շրջանային փուլում ամենաբարձր միավոր վաստակած մրցանակակիրն էր:

                Համարձակվում եմ ասել նաև, որ խարտյաշ և բարձրասրունք գեղեցկուհիների հմայքը շատ էր մեծ, և ավանդապաշտ հայ ընտանիքների որոշ զավակներ իրենց մեջ ուժ չէին կարողանում գտնել` դիմադրելու այդ հմայքին, չմոռանանք, որ այսօր էլ առկա է այդ մտահոգությունը: Փաստը ցավալի է, բայց հուսով եմ, որ հայը չի թողնի իր սերունդը մոռացության տա մեր ոսկեղենիկ հայերենը, չնայած նաև ականատեսն եմ եղել հակառակ երևույթին, երբ ոմանք ձեռ են թափ տվել, որ իրենց երեխաները մոռացել են հայերենը, բայց հպարտացել են նրանց օտար լեզվի իմացության համար: Համոզված եմ, որ օտարության մեջ գտնվող հայը միշտ էլ հոգեպես մնում է հայրենի հողի հետ, հնչեցնում է իր վշտամորմոք հայրենաբաղձության ճիչը, երազում իր երկիրը, հույս փայփայում, որ մի օր «եղեգան փողը» կհնչեցնի դեպ հայրենիք վերադարձի կոչը:

                Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                Comment


                • #9
                  Պատերազմական գոտում ապրող, մեծացող երեխաների հոգեբանության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Նախ՝ մարդիկ տագնապային ու ավելի զգուշավոր են դառնում: Սակայն, դեռ պարզ չէ, թե ինչպիսի իրական ազդեցություն են թողնում պատերազմները երեխաների հոգեբանության վրա, այս ուղղությամբ ուսումնասիրությունները արդեն սկսված են, բայց, հիմնականում նման գոտիներում ապրող երեխաների շրջանում արված նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մեջ տագնապի զգացումն ավելանում է, սակայն ավելանում է նաև սթրեսադիմացկունությունը:

                  Comment


                  • #10
                    Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Պատերազմական գոտում ապրող, մեծացող երեխաների հոգեբանության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Նախ՝ մարդիկ տագնապային ու ավելի զգուշավոր են դառնում: Սակայն, դեռ պարզ չէ, թե ինչպիսի իրական ազդեցություն են թողնում պատերազմները երեխաների հոգեբանության վրա, այս ուղղությամբ ուսումնասիրությունները արդեն սկսված են, բայց, հիմնականում նման գոտիներում ապրող երեխաների շրջանում արված նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մեջ տագնապի զգացումն ավելանում է, սակայն ավելանում է նաև սթրեսադիմացկունությունը:
                    Այստեղ իմ աշակերտուհու խոսքն է, որը կարծես իր սերնդակիցների կոչն է՝ թերթին հանձնած. «Ցանկանում եմ գոռալ, դիմել աշխարհի բոլոր մարդկանց` մի՛ փակեք ձեր աչքերը ուրիշի ցավի վրա, անտարբեր մի՛ եղեք անմեղ կյանքերի կորստյան հանդեպ: Գուցե կգտնվեն մարդիկ, որ կդատապարտե՞ն ինձ, որ մեղադրանքի խոսք եմ ուղղում անտարբեր դարձած աշխարհին:

                    Իսկ դուք գիտե՞ք ես ինչպես եմ ապրում: Ամեն օր տագնապած սպասում եմ վատ լուրերի: Եվ շատ անգամ գույժը մեզ սպասեցնել չի տալիս: Ավելի հաճախակի են դարձել փոքրիկ երկրիս` սահմանից մեզ հասնող կրակոցները: Ամենաահավորն այն է, որ դրանք մեզ համար սովորական են դարձել, և մենք շատ ժամանակ դրանց չլսելուց ենք տագնապում և ապրում մեծածավալ հարձակումի սպասումով: Ամեն մի կրակոց լսելով` միտքս բթանում է, հոգիս` տակնուվրա լինում: Բայց իմ մտահոգությունը միայն մեր փոքրիկ Արցախում ապրողներիս մասին չէ: Ամբողջ աշխարհը բախվել է մահվանը, ամեն տեղ ահաբեկություն, պատերազմ, անմեղ զոհեր....Նույնիսկ սովորական լրահոսն է միայն տխուր լուրեր հաղորդում: Մեր կապույտ մոլորակը էլ չի կարող տանել չարիքի այս բեռը, ու մարդիկ ծանրացնու~մ, ծանրացնու~մ են մոլորակի սիրտը»:
                    Ս ե դ ա Գ ր ի գ ո ր յ ա ն

                    Comment


                    • #11
                      Հնարավոր չէ ջնջել այն հիշողությունը, որ պատերազմի հետքեր ունի՝ ծանր կորուստների, ավերածությունների, բռնագաղթի տեսքով, ու հաղթանակներ՝ ազատամարտի նվիրյալների մարտական ուղու հավերժացմամբ, ամահության հերոսական դրվագներով...

                      Մեկ տարվա գերությունից հետո ազատագրվեց Մարտակերտը, վերադարձանք մեր օջախը, որ ապրեցնենք այս փոքրիկ քաղաքը, որ արտաքուստ քաղաքի նման չէ, բայց հոգի կա այստեղ, սեր անմնացորդ, նվիրում, արյան հետքեր կան, հող կա սրբացված, հին ավերակներ՝ անցած պատերազմական օրերի դրոշմով:

                      Ակնածանքով ենք այցելում հուշահամալիր, այնտեղ անբաժան ցավի ու տառապանքի հիշողություններ կան, ծաղիկների խոնարհում, զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք, պատերազմի փորձություններ տեսած և կենդանի լեգենդներ դարձած ազատամարտիկների անցած ճանապարհի արթնացում ու պատկառանք:

                      Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                      216.jpg217.jpg215.jpg
                      Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 22-03-19, 22:58.

                      Comment


                      • #12
                        ՄԻ՛ ԹՈՂԵՔ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ՄԻ ԿՏՈՐ ԱՐԵՎ ՈՒՆԵՔ

                        Թվում է՝ ոչինչ չի եղել, արկերն այստեղ չեն թափվել ահեղագոչ…

                        Արևածագին իմ բնակարանի պատուհանից ներս մտնող շողերի հետ մտովի հոգիս պար է բռնում, կարոտներս թևին տալով թռչում են ամենուր, օրս շնչավորվում է, իմաստավորվում մի նոր կյանք: Միտքս դայլայլում է թռչունների ճռվողյունի հետ՝ ծաղիկների ավանդական սիրավեպին ու ապրելու հրճվանքին ունկնդիր:

                        Հոգիս հողի ու հայրենիքի երգն է երգում՝ անցած օրերի տխուր մեղեդայնությամբ ու հավերժական սիրով օծված: Ներկայի ու գալիքի մասին խոհերս հուզական մի նոր աշխարհ են բացում: Ու ես մտորում եմ՝ այո՛, հայրենիքը միայն տարածքը չէ, այն գոյություն ունի նաև մարդու ներսում, ու ես այս մի կտոր հայրենիքը տեսնում եմ իմ մեջ:

                        Մեր ժպիտն է դառնում մեր հայրենիքը, մեր անհանգիստ ապրումները, ճաք տված սիրտը մեր, որ իր ներսում ցավ ունի դառնացած: Մեր հայրենիքն արյունով հեղված ու արկերի հարվածից գունատված հողն է մեր, մեր հայրենիքը դառնում է այն տունը, որտեղ ապրում ենք, այն ճամփան, որով անցնում ենք ամեն օր, այն բակը, որտեղ անհոգ մանկություն կա՝ աշխարհի դավերին անտեղյակ:
                        Մի՛ թողեք մեր հայրենիքը, որտեղ մի կտոր արև ունեք, ուր էլ լինեք, կարոտը թևին է տալու, բայց չի մեռնելու երբեք, մի՛ թողեք այն հայրենիքը, որտեղ ցավատանջ հառաչանքներ կան՝ մեր տագնապած հողին պահ տված:

                        Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                        Comment


                        • #13
                          150.jpg

                          Սահմանի մոտ մանկավարժիս աշխարհը լրացնում են ոչ միայն աշակերտները, այլ նաև իմ գործընկերները` տարբեր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր տեղ գտան իմ գրքում: Աշխատանքային օրս նաև նրանց հետ է` երբեմն` հասկացված, երբեմն` գուցե չհասկացված, երբեմն` սրտաբուխ խոսքերով, ժպիտներով առատ, երբեմն` մտքերի մեջ, հուզական խռովքով…

                          Սա մի ուրիշ աշխարհ է, որտեղ համարյա բոլորս էլ Արցախյան պատերազմ ենք տեսել, բռնագաղթի ճանապարհ անցել, վերադարձել ենք հայրենիք, նոր աշխատանքի կցվել, սերունդներ դաստիարակել, նորից ապրիլյան ահուսարսափ ապրել, մի նոր տարհանում տեսել, բայց նորից մնացել այս հողին կառչած: Եվ հենց այս հողի նկատմամբ ունեցած սիրուց էլ ծնվել են իմ խոսքերը յուրաքանչյուրի մասին, ովքեր նաև կորուստներ ունեն իրենց հոգում, հարազատների անմահ հիշատակ:

                          Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
                          Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 23-03-19, 11:10.

                          Comment


                          • #14
                            Անշուք, բայց ջերմությամբ լեցուն մեր հարազատ դպրոցը

                            231.jpg

                            Սա մեր դպրոցն է, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցը, երկու պատերազմ տեսած, արտաքուստ անշուք մեր հարազատ կրթօջախը: Տխուր հետքեր կան այստեղ, անցյալի հուշեր, լռված զանգի հիշողություն կա այստեղ, երկնքում թառած ամպի քուլաներ…Արկերի հարվածներից դողացող սրտեր կան այստեղ, առ երկինք հառած հայացքներ, հառաչանքներ կան շատ, բայց դրանց հակադարձված ժպիտների անսահմանություն, կենսուրախ մի կյանք, ջերմությամբ լեցուն մաքուր հոգիներ:

                            Այս անշուք դպրոցի պատերի ներսում երբևէ չէի լսել, որ մեր աշակերտները դժգոհեին, թե այս անմխիթար պայմանների պատճառով դաս չեն սովորել: Տարբեր արդարացումների կողքին անտեսվում էր այդ հանգամանքը, և իմ հիշողության մեջ այն աշակերտներն են, որոնց հիմա չեմ դասավանդում:

                            Տնային աշխատանքը, որ հանձնարարել էի 7-րդ դասարանում. «Արդյո՞ք շենքային անմխիթար պայմանները խանգարում են մեր դաս սովորելուն», այդ օրը զուգահեռվեց հայոց լեզվի «Ածական» թեմային: Աշակերտները չնայած առատ ածականներ էին օգտագործել իրենց ձևավորած նախադասություններում, բայց մի կողմից ինձ հետաքրքրեց այդ առաջադրանքի իմաստային կողմը, թե ինչպիսի զգացողություն ունեն մեր դպրոցականները, երբ այսպիսի պայմաններում են սովորում:

                            «Ես նույնպես կցանկանայի սովորել հարմարավետ, կահավորված դպրոցում, լավ կլիներ ունենայինք նորմալ մարզադահլիճ... Կարծում եմ` լավ, կայուն գիտելիքներ ստանալու համար դպրոցի շքեղ տեսքը այդքան էլ էական չէ, բայց ցանկալի է»/Ստեփանյան Արեգ/: «Ճիշտ է, մենք ձգտում ենք ուշադրություն չդարձնել մեր դպրոցի վատթարագույն պայմաններին, բայց երբ հիշում ենք, որ դրսում արդեն 21-րդ դարն է թևակոխել, զարմանում ենք, նաև զգում, որ մենք անզոր ենք դիմակայելու այս ճնշող պայմաններին, առանձնապես մեր խղճուկ պատերին» /Հակոբջանյան Մերի/:

                            «Դպրոցի կիսաքանդ պատերն ու ճաք տված հատակներն ամեն օր «վերանորոգում» են կանչում, այդ պահանջն առավելապես ցայտուն երևում է աշնան ու ձմռան ցուրտ ամիսներին: Դեռ տարիներ առաջ էի լսել, որ պիտի վերանորոգվի, բայց այն մնաց մեզ համար ցանկալի երազանք» /Պետրոսյան Կարինե/: «Սովորող երեխան ամեն վիճակի էլ հարմարվում է, բայց բոլորս էլ ցանկանում ենք սովորել հարմարավետ դպրոցում: Ճիշտն ասած, հույս չունեմ, որ ես կտեսնեմ, թեկուզ ամաչելով եմ ասում, կուզեի տարիներ հետո գոնե իմ երեխաները լավ պայմաններում սովորեին» /Մակյան Դավիթ/:

                            «Այս ամիսներին ծխապատ դասարանում դաս վարելը մեզ համար սովորական երևույթ է դարձել, դրան էլ ենք հարմարվել, միայն զոհեր չլինեն: Իմ դաս սովորելն ամենևին կապ չունի ոչ հարմարավետ պայմանների հետ, միշտ էլ սիրով եմ դպրոց հաճախում» /Մարտիրոսյան Արմո/: «Ես էլ եմ ուզում մեր դպրոցը տեսնել վերանորոգված, դասասենյակները` կահավորված ու ջեռուցված: Մայրիկիս պատմելով` այս դպրոցը մինչև պատերազմը բարեկարգ էր, այն Արցախի լավագույն կրթօջախներից մեկն էր» /Հարությունյան Հարություն/: «Թեև դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, բայց դա մեզ համար դաս չսովորելու պատճառ չի հանդիսանում, միայն թե պատերազմ չլինի» /Այվազյան Դարիկո/:

                            Հիշողությանս մեջ այս երեխաների ճշմարտացի խոսքերն են, և իմ անհանգիստ մտորումները... Երանի թե խաղաղ երկնքի տակ կարողանայինք վերանորոգված դպրոցի մասին երազել, բայց նաև դժգոհ չեմ, որ անշուք, բայց ջերմությամբ լեցուն` ինձ շատ հարազատ դպրոցում եմ դասավանդում:

                            http://usarmenianews.com/am-n-7828.html
                            232.jpg

                            Comment


                            • #15
                              Նրա լեգենդ դարձած հայրը ապրում է մեր հուշերում

                              235.jpg

                              Ամեն օր Վլադիմիր Բալայանի անվան դպրոցն եմ մտնում, ամեն անգամ դպրոցում ես անցնում եմ նրա քարե հուշարձանի կողքով, ամեն օր ես տեսնում եմ նրա ավագ դստերը` Նաիրուհի Բալայանին, մի հմայիչ ու գեղեցիկ անձնավորություն, ով իր մասնագիտության հմուտ գիտակն է և իմ կողքին ամեն օր դասարան է մտնում, դասավանդում անգլերեն: Նա իր ընտանիքով ապրում է իմ հարևանությամբ, ես ամեն օր տեսնում եմ իմ կողքին ապրող Վլադիմիրի երկու թոռնիկներին, ովքեր նույնպես դպրոց մտնելիս անցնում են իրենց երիտասարդ պապիկի` քար դարձած հուշարձանի կողքով:

                              Եվ իմ ամեն օրերը կրկնվում են այսպես, ու ես ամեն օր մտովի խոնարհվում եմ նրա հուշարձանի առջև, ես ամեն օր մտովի բարևում եմ նրան, ով իմ հասակակիցն է, և նա այսօր չկա, բայց ապրում է բոլորիս սրտերում ու այդպես էլ կապրի հավերժ:Ես ամեն օր այդ հուշարձանին նայելիս մեր ապրած օրերն եմ հիշում, տարիներ առաջվա մեր նկուղային կյանքը, այն մեծ հավատի մասին եմ հիշում, որ մարտակերտցիներիս ապրելու կամքն այն պատերազմական տարիներին նրանից էր կախված, մեր շնչելու օդը լցված էր Վլադիմիրով, մենք բոլորս ապրում էինք նրանով` անկախ նրանից, մեր կողքով քայլող ազատամարտիկին ճանաչում էինք, թե չէ...

                              Եվ մենք` նկուղներում ամիսներ շարունակ պատսպարվածներս, դեռևս 92-ին, չնայած վախից կծկված` ամեն օր լուրերի էինք սպասում, երբևէ չէինք մտածում, որ թշնամու գնդակը հասու կլիներ նաև մեր ազատամարտիկ նվիրյալին, ում անունը տալիս էինք ու հանգիստ շնչում: 


                              Ես նրան երկու անգամ եմ տեսել, երբ քաղաքս հրետակոծվում էր, հուսահատված փրկության ճանապարհ էի փնտրում, նա կողքովս համարյա վազելով անցավ, կողքիս ձայներ լսեցի, նրա անունն էին տալիս, հետ նայեցի, որ կենդանի լեգենդին տեսնեմ, նա արդեն չէր երևում: Նրան չտեսա, բայց մի նոր հավատ ծնվեց հոգումս, որ մենք կապրենք դեռ, քանի մեր կողքին քայլող վլադիմիրներ կան: Նրա հետ իմ երկրորդ հանդիպումն արտասվախառն էր, Աղաբեկալինջ գյուղում մասնակցում էի նրա հուղարկավորությանը...

                              Այդ օրը քաղաքս սգի մեջ ընկավ, չէինք հավատում, այդ բոթաբեր լուրը ալիք-ալիք տարածվեց, հորձանք տվեց ու բոլորիս հանեց նկուղներից: Մոռացանք ահ ու սարսափ, համատարած սուգը բոլորիս տարավ դեպի Վլադիմիրի հարազատ գյուղը: Հրամանատարը չկար, սև գլխաշորերով նրա զինակից ընկերներն էին խրոխտ կանգնած, Լեոնիդ Ազգալդյանի ելույթը արձագանք տվեց ու տարածվեց ամենուր` ձուլված բազմության հեկեկոցին: Այդ ոգեղեն ելույթը մի նոր հավատ ներշնչեց մեզ, հոգու խորքում համոզվեցինք` մենք պիտի ապրենք, որ Վլադիմիրի և բոլոր մյուս ազատամարտիկների անցած մարտական ճանապարհը հավերժացնենք: Բայց երբ սգո թափորը շարժվեց դեպի գերեզմանոց, նրա հետ թվաց` հողին հանձնեցինք մեր հավատն ու հույսը:

                              Օրեր հետո կորցրինք Մարտակերտը, բայց տարի անցավ, վերագտանք այն նորից, վերածնվեցինք, նորից փլատակներից վեր հառանք, օջախ ստեղծեցինք, նորից դպրոցի զանգը հնչեց, այդ ղողանջները հասան ամենուր, որ նրա կանչից մեր զավակները վերադառնան տուն:

                              Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                              287.jpg
                              Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 23-03-19, 17:03.

                              Comment

                              Working...
                              X