Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Շնորհավորում եմ հայ ժողովրդին...Նրա հավաքական կերպարում ես եմ, դու ես, մենք՝ բոլոր

    Շնորհավորում եմ մեր փառավոր ժողովրդի այն խինդն ու բերկրանքը, որ ապրում է այս օրերին, այն հաղթանակները բոլոր, որ կռեց մայիսին ու աշխարհին պարզեց դարերից եկած իր համառ կամքն ու ապրելու անսասան ոգին: Այսպիսի հաղթական տրամադրություն, մեծագույն ցնծություն չեմ տեսել երբևէ, որ նկատելի է հայ ժողովրդի կյանքում: Սա միայն եռատոնի հաղթանակ չէ մայիսին, այլ մարդկանց բարեկեցիկ ապրելու ուղեծիր, սա այն է, ինչ տարիներ շարունակ այլ երկրներում չեն կարողացել իրագործել, բայց այս ժողովուրդն իրականացրեց օրերի ընթացքում:

    Միշտ էլ հայոց երկրի սերուցքն եմ համարել հայ ժողովրդին՝ ապավինելով այն մեծ ճշմարտությանը, որ առանց ժողովուրդ երկիր չկա: Բայց ո՞վ է հայ ժողովուրդը, որ երբեմն սարդոստայնի զոհ է դարձել, սադրանքների մեջ ներքաշվել, նույնիսկ այն դեպքում, երբ նա վաղուց աշխարհին էր պարզել իր հավաքական կերպարը: Այդ ժողովրդին ես տեսնում եմ Ավարայրի դաշտավայրում, ովքեր, Վարդանի հետ հզոր ուժ դարձած, նահատակվեցին հանուն հայրենյաց՝ ամրագրելով այն միասնությունը, որ Դեմիրճյան գրողին իրավունք վերապահեց կոչելու նրանց Վարդանանք:

    Այդ ժողովրդին ես տեսնում եմ Մարզպետունի զորավարի փոքրաթիվ զինվորների, նրանց կողքին կանգնած այն չարքաշ գյուղացիների համառ կամքի մեջ, որ «մի ծաղկով գարուն» բերեցին ու դեռևս դարեր առաջ պատգամեցին սերունդներին, որ իմանան այդ ժողովրդի ուժը ու հասկանան, որ «ժողովուրդ կանգնի, թումբեր կկործանի»:

    Այս ժողովուրդն ինձ երևում է չարենցյան տողերում, ով նրա փրկությունն այդ ժողովրդի հավաքական ուժի մեջ էր տեսնում, բայց ինքնազոհության պատրաստ լինելով՝ իր պարանոցն էր մոտեցրել այն երկնուղեշ փայտերին ամրացված կախաղանին, որ փրկի իր ժողովրդին:

    Այս ժողովուրդն իր ապրելու բանաձևը գտավ Արցախյան շարժման օրերից, որ հասավ ազատամարտի ու կերտեց իր հաղթանակը: Այն հազարավորներն են այս ժողովուրդը, որ ամեն մեկն իր հետևում թողեց մի հերոսապատում՝ իր արյունը խառնելով մայր հողին: Այս ժողովուրդն է, որ իր սերնդին տարավ նոր սխրանքների այն ոչ հեռավոր ապրիլյան պատերազմական օրերին, ու ծնվեցին նոր անուններ հավերժության ճանապարհին:

    Մենք բոլորս տեսանք սերունդ, ով դուրս եկավ հրապարակ՝ բարձրաձայնելու այն խնդիրներից, որոնց մասին շատ վաղուց լսելի էր եղել նրանց ունկերին, բայց տան մեծերի կորսված հավատն այս սերունդը փորձեց վերականգնել ու վերականգնեց: Հավատ ու հույս ծնվեց բոլորի հոգում, երբ այս «պայքարը» արտաքին թշնամու դեմ չէր, այլ, ցավոք, նույն երկրի ներսում, երբ հայը հային արդար ու բարվոք ապրելու իր կամքն էր թելադրում՝ հուսով, որ տարբեր բևեռներում լինելով հանդերձ՝ իրար կհասկանան:

    Հիշենք, որ ժամանակը կանգ չի առնում, փոխվում է ժամանակը, դրա հետ՝ իշխանությունը, բայց ժողովուրդը ծնունդ է առել դարերի խորքից, հասել մեր օրերին և գալիքին է հառել իր հավաքական կերպարը՝ խաղաղ ու բարեկեցիկ ապրելու պատգամով:

    Հիշենք, որ մեր հայրենիքն սկսվում է սահմանից, իսկ սահմանը պահողն այս ժողովրդի զավակներն են, ովքեր մեր նախնիներից մեզ հասած այն ապրելու բանաձևը գիտեն ու նաև երջանիկ կյանք են երազում:

    Հիշենք, որ այս ժողովուրդն այն սգավոր մայրերն են, բոլոր նրանք, ովքեր հերոսներին վայել իրենց զավակներին կարողանում են փառավոր հողին հանձնել...Հիշենք, թե որքա~ն մաքրամաքուր, բայց կիսատված երազանքներով զավակներ կորցրինք, որ այս ժողովրդից են ծնվել...

    Այս ժողովուրդն է իրեն առաջնորդ ընտրում, երկիրը շեն պահում, մի ժողովուրդ, որի թերություններն անգամ կարողանում ենք ներել, սխալները՝ ուղղել, փոթորիկներից հեռու պահել...Այս ժողովուրդը ես եմ, դու ես, մենք՝ բոլորս, որ հավաքական ուժ ենք ու կերպար, որ միշտ էլ խաղաղ ու երջանիկ կյանք ենք երազում:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-10528.html

    Comment


    • Սահմանին եմ

      Մայիսյան եռատոնին նվիրված շարադրությունների մրցույթի Մարտակերտի շրջանային փուլում դպրոցի 12-րդ ա դասարանի աշակերտուհի Քրիստինե Կարապետյանի ստեղծագործական մտորումները երրորդ մրցանակային տեղ զբաղեցրին: Այն ընթերցողին տեսանելի է դառնում «Սահմանին եմ» վերնագրով, որը դեռահասի ապրիլյան պատերազմական օրերի ծանր ապրումների հիշողություն է, որով նորօրյա սերունդը, անցնելով հոգու երկփեղկված ճանապարհով, կարողացել է դիմադրել անխուսափելի տագնապին՝ դրան հակադրելով սահմանին կանգնած զինվորին ու իր ապրելու կամքը:

      014.jpg

      Սահմանին եմ...

      Ո՞րն է տարբերությունը՝ առաջնագծում ես, թե՞ սահմանից այն կողմ՝ որոշ հեռավորության վրա, բայց մեկ է, սահմանի մոտ ես։ Անբացատրելի զգացում ունեմ այստեղ, հպարտություն, երբեմն՝ շփոթմունք, անհանգստություն, բայց ո՛չ երբեք վախ... Ամեն ինչ իրար է խառնվում, ես չեմ հասկանում ի՞մ, թե՞ նրանց համար եմ մտածում։ Միգուցե մե՞զ համար։ Մեզ՝ իմ ու նրանց, որ առաջնագիծ ենք ու սահման։

      Աչքերիս առաջ մշուշ է, իսկ երկնքում՝ տարբերվող կարմիր արև։ Արևը վաղ առավոտվանից պարզ հասկացնում է օրվա ոչ սովորական լինելը։ Կարծես երազ լինի, ամենն այնքա՜ն արագ է փոխվում։ Երազ է՝ իրական, ոչ ցանկալի, «սահմանային»: Տագնապ կա, բայց խուճապի չեմ մատնվում։ Ուզում եմ հեռու վազել ու տեսնել, թե ինչ է կատարվում, որտեղից են ձայները։ Ու կա մի պարզ պատասխան՝ սահմանից է:

      Հայտվում եմ մեքենայի մեջ։ Ձայները չեն դադարում, ավելին, ուժեղանում են, բայց չեմ ցանկանում ականջներս փակել։ Ես պետք է լսեմ դրանք, պիտի լսեմ, որ ինձ մեղավոր չզգամ առաջնագծում կանգնածների առաջ։ Ձայներին դիմանալն ամենաքիչն է, որը կարող եմ ու պիտի անեմ այս պահին։ Փողոցում կանգնած եմ, զինտեխնիկան շարժվում է իմ կողքով։ Այդ պահին միայն մի բան էր մտքովս անցնում՝ամեն ինչին ուշադրություն դարձնել։

      Փորձում էի չմտածել, այլ ուշադիր նրանց նայել։ Նորից տեսա նրան այնպես, ինչպես բազում անգամներ տեսել եմ երազում։ Նորից տեսա նրա խոսող աչքերը։ Մի հարց եմ ինքս ինձ տալիս ամեն անգամ նրան հիշելիս՝ տեսնես ո՞ղջ է։ Եվ պատասխանում հարցիս՝ իհարկե, ողջ է ու անվնաս։ Հետո հաջորդում է աղոթքս։ Այդ վայրկենական հայացքը շատ բան ինձ հասկացնել տվեց։ Հասկացրեց, որ ամեն անգամ զինվորական համազգեստ տեսնելիս հպարտությամբ եմ լցվելու։ Հասկացրեց, որ ամեն անգամ դողալու եմ այդ նույն համազգեստը տեսնելիս։ Հասկացրեց, որ արդեն հաղթել ենք պատերազմը...

      Միշտ առանց բացառությունների աղոթում եմ նրան հիշելիս, բայց ոչ միայն նրա համար, այլ բոլորի։ Հենց նրա հայացքն ինձ ամեն ինչ հասկացրեց։ Երա՞զ էր, թե՞ իրականություն։ Ես իսկապես տեսել եմ այդ զինվորին։ Հարազատ է դարձել իր խոսող աչքերի, իր հպարտություն առաջացնող համազգեստի, հայ զինվոր լինելու շնորհիվ։ Արդյո՞ք կհասկանայի այս ամենը, եթե սահմանին մոտ չապրեի։ Արդյո՞ք ինքս ինձ այդ հարցը կտայի, եթե իսկապես հասկացած չլինեի... Հասկացել եմ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հասկացրել են։ Անծանոթը մի քանի վայրկյանում դարձավ եղբայր՝ իր հետ եղբայր դարձնելով բոլոր զինվորներին։

      Այսօր թերթում էի օրագրիս էջերը, երբ աչքովս ընկավ գրառումներիցս մեկը. «Կավարտվի այնպես, ինչպես Աստված է կամենում»: Խոսքս պատերազմին էր վերաբերում, և դա կարող էր գրել մեկը, ով սահմանին է ապրում։ Եվ, առհասարակ, կյանքին ուրիշ աչքերով ես նայում, երբ սահմանին մոտ ես ապրում։ Այստեղ ավելի խորն ենք զգում, որ հաղթեցինք, բայց չշահեցինք։

      Ուր էլ գնամ, որտեղ էլ բնակվեմ, մեկ է, ամեն գիշեր հիշելու եմ, թե ոնց էի պատուհանիս վրա հենվում ու զինվորների նվագի ու քայլքի ձայնը լսում։ Ու ակամա շշնջում. «Աստված ձեզ հետ»։ Եթե ենթարկվեմ առաջին տպավորությանը, թե ինչն է պատճառը ամեն անգամ առ Աստված աղոթելու, ուրեմն դա վախն է։ Վախը մեր զինվորներից գեթ մեկի մասին վատ լուր ստանալու վախը։ Դեպի նրանց անսահման վստահություն կա, անսահմանից էլ շատ: Տղերք ենք կորցրել, ու, դժբախտաբար, շարունակում ենք կորցնել։ Ի՞նչ եք անում, տղե՛րք։ Ինչու՞ եք այդքան հեռու գնացել, ու այն էլ՝ անվերադարձ։ Որքա՜ն վերադարձի խոստումներ չկատարվեցին։

      Խոստացել եք, տղե՛րք, բայց չեք վերադառնում։ Ախր, ուշանում եք, տղե՛րք, ուշանում։ Պարտական ենք մեր անմահացած տղաներին...Փա~ռք նրանց։ Նաև փա~ռք նրանց, ովքեր հիմա են կանգնած, ովքեր պիտի կանգնեն դեռ: Հենց նրանցով է ազգս կանգուն։ Ազգս հպարտ է, որ ունի հայ զինվոր։ Ահա ևս մեկն այն ամենից, ինչ հասկացել եմ սահմանին ապրելուց։ Սահմանին ապրելն էլ առավելություն ունի, երբ կյանք ենք մտնում հասունացած ու գիտակից։ Սահմանային ձեռքբերումներիցս ամենամեծը «զինվոր» բառի էությունը հասկանալն է։

      Ազգիս ամենամեծ գանձն ու հպարտությունը դու ես, հա՛յ զինվոր։ Զգու՛յշ ծառայիր, որ ողջ ու առողջ տուն վերադառնաս։ Մենք ձեզ հետ ենք մեր աղոթքներով ու մտքերով։

      Փա~ռք քեզ, հա՛յ զինվոր...Դու իմացի՛ր, քո թիկունքում քեզանով հպարտացող ժողովուրդն է, որ այս օրերին ազգիս պատմության մեջ ոսկեգույն տառերով գրված մայիսն է տոնում: Սիրտս բերկրանքով է լցվում մեր ազգի եռակի հաղթանակներից։ Հայրենական պատերազմում պայքարեցինք, Շուշին ազատագրեցինք ու կայուն բանակ ստեղծեցինք։ Պայքարել ենք։ Ինչու՞ անցյալ ժամանակով խոսեմ, եթե հիմա էլ պայքարում ենք։ Սահմանին ենք։ Ամուր֊-ամուր երկու ոտքով և մեր խորը արմատներով կառչել ենք մեր հողից։ Տեսնես՝ հո՞ղն է մեզ պահում, թե մե՞նք՝ իրեն։ Մեր Շուշին ազատագրած ու հզոր բանակ ստեղծած հայի արյունով ներծծված հողն է պահում մեզ։ Ի՞նչ զիջենք։ Սիրտը զիջե՞լ կլինի։ Երակները առանց սրտի ի՞նչ արյունով պիտի լցվեն։ Մեր սիրտը չենք տա։

      Մայի՛ս, արժե սիրել քեզ որպես հաղթական ամիս։ Դու՝ հաղթական ու հայկական, եռագույնն է քեզ սազական։ Բանակն է իմ առջև, ապրիլից հետո մայիս տեսած բանակը։ Շուշիի ձորերից խուլ ձայներ են ականջիս հասնում։ Խոսում են...

      Հենց դա է մեր ազգի առավելությունը, մեր քարերը, լեռները, ձորերը, նահատակների հուշաքարերը խոսում են։ Նորից ծանոթ է հայտնվում իմ դիմաց։ Մենակ չէ, մի ազգ կանք կողքին, երկու հայկական պետություն։ Մեր ձորերն են խոսում, ուրեմն մենք ինչպե՞ս լռենք։ Մայիսը եռագույնով օծել է պետք։ Անպարտելի է այն ազգը, որը սրտով հողից կառչել գիտի։ Անպարտելի ենք, դրա մասին խոսել պետք չէ։ Ցեղակրոն Նժդեհի կողքին հպարտ կանգնած ենք մեր պապերի ազատագրած Շուշիի պես։ Մայիսում տարած հաղթանակները մեր ուժի գրավականներից են։ Մենք ուժեղ ենք ինձանով, քեզանով, հայի մեր տեսակով, մեր պանծալի մայիսով։

      http://www.usarmenianews.com/am-n-12012.html

      Comment


      • Արցախյան պատերազմի օրերին հայրենիքը պաշտպանելու համար ոչ մեկը մյուսին չհրավիրեց: Յուրաքանչյուրը գնաց իր սրտի թելադրանքով, կիսատ թողնելով իր առօրեական գործը՝ բանվորը, գյուղացին, մտավորական-գիտնականը, մշակույթի հավատավոր ծառաներ նկարիչ քանդակագործը, երժիշտը, գրողը: Գնացին ուսուցիչն ու բժիշկը:
        Այդպես նրանք հաղթեցին՝ ազատագրելով Արցախի գյուղերը, շեները, սրբավայրերը, քաղաքները...

        Comment


        • Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Արցախյան պատերազմի օրերին հայրենիքը պաշտպանելու համար ոչ մեկը մյուսին չհրավիրեց: Յուրաքանչյուրը գնաց իր սրտի թելադրանքով, կիսատ թողնելով իր առօրեական գործը՝ բանվորը, գյուղացին, մտավորական-գիտնականը, մշակույթի հավատավոր ծառաներ նկարիչ քանդակագործը, երժիշտը, գրողը: Գնացին ուսուցիչն ու բժիշկը:
          Այդպես նրանք հաղթեցին՝ ազատագրելով Արցախի գյուղերը, շեները, սրբավայրերը, քաղաքները...
          Ձեզ արձագանքում եմ իմ աշակերտուհու խոսքերով, տիկի՛ն Աթանեսյան:

          «Հայրենիքի սահմանների պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է...

          Ես ծնվել եմ Արցախում, 21-րդ դարի` իմ քաղաքի առաջին ծնունդն եմ ես` 01.01.2001 «ոսկյա» տարեթվով: Ուսուցչուհիս հարցրեց, թե ո՞ր երկրում կցանկանայի մեծանալ, առանց վարանելու մտածեցի` եթե հարցը ինձ մի քանի տարի առաջ տրվեր, ես վստահությամբ կասեի, որ ցանկանում եմ ապրել Վանաձորում, որտեղ գտնվում են բոլոր հարազատներս: Իսկ հիմա, երբ արդեն քիչ թե շատ մեծացել եմ ու նորովի եմ ճանաչում աշխարհը, փորձում եմ իմ մեջ գտնել այն առավել թանկ վայրը, որին ես «Հայրենիք» կանվանեմ: Այն հանգամանքը, որ ես ծնվել եմ Մարտակերտում դարասկիզբ խորհրդանշող այդ հրաշալի օրը, ինձ ավելի է կապում այս հող ու ջրին, և կարծում եմ, որ պատահական այս կյանքում ոչինչ չի լինում: Ծնողներս Արցախից չեն, բայց արդեն քսան տարի է, ինչ հայրս պաշտպանում է հայրենի քաղաքիս սահմանը: Ու հիմա ես մտածում եմ` ո՛րը նախընտրեմ` իմ հարազատների բնօրրան Վանաձո՞րը` այդ խաղաղ ու գեղեցիկ քաղաքը, որտեղ հիմա միակ եղբայրս է ապրում ու սովորում, թե՞ Մարտակերտը` այս կիսավեր, փոշոտ, իր բնակիչներին միշտ լարված պահող քաղաքը, որտեղ իմ մանկությունն է, հիշողություններս ու մեր տունը:

          Դեռ դպրոց գնալուց առաջ ես անգիր գիտեի ու կարծես հասկանում էի Թումանյանի «Ամենից լավ տունը»: Հիմա եմ հասկանում, որ մեծ ու շքեղ քաղաքներում հոգիս ճնշվում է և ուզում եմ ժամ առաջ վերադառնալ «մեր հին խրճիթը»: Ես սիրում եմ իմ ծննդավայրը և ուզում եմ, որ իմ Արցախը վերջնականապես ազատվի պատերազմի հետքերից ու նոր պատերազմի վտանգներից: Ես ուզում եմ մեծանալ այս հողի վրա, որտեղ բոլորը, ինչպես իմ շքեղ քաղաքում, հայերեն են խոսում ու մտածում հայերեն: Ուզում եմ նաև դառնալ լավ մասնագետ ու իմ հնարավորությունները ծառայեցնել հայրենի Արցախիս: Հայոց միասնական հողում իմ ապրելու համար ընտրում եմ սահմանի մոտ գտնվող այն աշխարհը, որտեղ տագնապ կա ամենուր ու մահվան սարսուռ, սեր կա անչափելի ու միասնական ոգի...»: /Գրիգորյան Սեդա, 10-րդ դասարան/

          Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

          Comment


          • 60028575_2314163425514819_1879433399026843648_n.jpg59900160_2314167372181091_1752025698156937216_n.jpg

            Արթուն պահենք մեր հիշողությունը հաղթական ճանապարհն անցած բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այսօր ապրում և արարում են, սերտենք նաև այդ ճանապարհն անցած նահատակ հերոսների և կենդանի լեգենդների հաղթական դասերը:

            Թո՛ղ անկոտրում լինի կամքը մեր սահմանները պահող բոլոր զինվորների, ովքեր հաստատուն կերպով պաշտպանում են հայրենի երկրի անվտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը:
            Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 13-05-19, 18:06.

            Comment


            • Հայրենյաց դաս. «Ես մի զարկն եմ քո բազկի»

              5708310425f7c3d86.jpg 4d5e52e4d9b5ccc.jpg f3383826cd5.jpg

              Դպրոցի 4-րդ ա դասարանի միջոցառումը՝ դասվար Լիանա Ստեփանյանի նախաձեռնությամբ, հայրենասիրության դաս էր, որ իր շուրջն էր հավաքել դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին: Գրական-երաժշտական ցերեկույթին հրավիրված էին նաև զինվորներ: Խորագիրը՝ «Ես մի զարկն եմ քո բազկի» պարտավորեցնող էր, չորրորդցիների համար մի-մի խոստովանություն, որ հայրենիքն ամենուր իրենց հետ է, իրենց հոգում և շուրթերին:

              «Հայրենիքն այն օդն է, որը մենք շնչում ենք, ու այդ օդը մենք պետք է միշտ մաքուր պահենք» /Նարեկ/: «Հայրենիքն այն ծաղիկն է, որին չի կարելի քաղել ու անզգուշաբար դեն նետել, որովհետև կամաց-կամաց կվերանան նրա նման նուրբ ու բազմերանգ շատ ու շատ ծաղիկներ» /Մոնիկա/: «Հայրենիքն այն աղբյուրն է, որից ջուր ես խմում, իսկ հայտնի առածն ասում է. «Այն աղբյուրը, որտեղից ջուր ես խմում, քար մի՛ գցիր, մի՛ պղտորիր» » /Աննա/: «Հայրենիքն այն քարն է, որն ընկած է ճամփի եզրին, ցանկապատի մոտ, և ամեն անգամ նայելիս, թվում է, թե քար չէ, այլ՝ անմատչելի ծերպերից պոկված եղնիկ» /Աստղիկ/: «Վերջապես՝ հայրենիքն այն է, որի փրկության համար քաջարի որդիները զոհվեցին և հուշարձաններ դարձան, որ հավերժ ապրի ու ծաղկի մեր երկիրը» /Կարեն/:

              Միջոցառման բացման խոսքը պատկանում էր դասվար Լիանա Ստեփանյանին: Մեր ժողովրդի անցած ճանապարհն էր ներկայացվում, այն բոլոր հաղթանակները, որ կռեց արցախցին, ընդհանրապես՝ մի ամբողջ հայոց ազգ: Տարրական դասարանի այն չորս տարիների համատեղ աշխատանքի քննարկում չէր և ոչ էլ՝ հրաժեշտի խոսք՝ ուղղված իր աշակերտներին, երբ հաջորդ ուսումնականից այլևս նրանց չէր դասավանդելու: Հայրենասեր սերունդ էր փոխանցվում, մի սերունդ, ով պատերազմ էր տեսել, ով կոփվել էր այն ապրիլյան հրետակոծությունների տակ, ու իր հայրենապաշտությամբ և ազատ ու խաղաղ ապրելու իրավունքով բեմ էր բարձրացել՝ ի ցույց դնելով այն սերը, որ ունի մեր հողի, մեր սուրբ հայրենիքի հանդեպ:

              Տղաների թե աղջիկների զինվորական համազգեստն իսկ ցուցադրում էր այն ոգին ու հպարտությունը, որ կրում էին իրենց մեջ այս փոքրիկները: Նրանց հոգուց բխած երգն էր հնչում. «Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, Նոր օր է արթնացել, Վե՛ր կաց, Եղբա՛յր իմ, Նոր կյանք է շունչ առել...»: Երգին զուգահեռ տեսանյութ էր ցուցադրվում էկրանին, իսկ բեմականացված փոքրիկ դրվագը հուզիչ էր, երբ վիրավոր զինվորին փրկելու համար նրա ընկերներն իրենց կյանքը վտանգելով՝ օգնում են նրան, հանում հրետակոծվող գոտուց: Ու երգը հնչում էր՝ որպես պատգամ. «Բարձրացրու՛ գլուխդ, զինվո՛ր, Բա՛ց արա հոգնած կոպերդ, Քո սխրանքն անմահ է, Քո անունը՝ մեր սրտերում»:

              Աղջիկների պարը, փոքրիկ զինվորների քայլերգը՝ երգի հնչյուններին միահյուսված, նրանց ասմունքը հայրենի երկրի, հայ ժողովրդի փառաբանում էր, որոնք ուղեկցվեցին հանդիսատեսի բուռն ծափահարություններով: Միջոցառման վերջում չորրորդ դասարանցիների կողմից քաղցրեղենով, մրգերով ու նամակներով ծանրոց փոխանցվեց զինվորներին, դասվար Լ. Ստեփանյանին ծաղիկներ նվիրեցին, դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանի կողմից շնորհակալական խոսք ուղղվեց աշակերտներին ու դասվարին:

              Եզրափակիչ խոսքը պատկանում էր մանկավարժիս, ով ելույթ ունեցավ ծնողների անունից՝ որպես այդ դասարանի աշակերտ Նարեկ Բեջանյանի տատիկ: Թոռնիկս հպարտությամբ նորից Մարտակերտի մասին ասմունքել էր: Այս տողերը դեռ նոր սովորած՝ առաջին անգամ արտասվախառն հնչեցրել էր նա դեռևս 2016-ի ապրիլի 2-ի առավոտյան, երբ Մարտակերտը հրետակոծվում էր:

              Իմ մա՛յր հայրենիք, սիրում եմ ես քեզ,

              Սիրում եմ հոգով, սիրում եմ սրտով,

              Սիրում եմ` ինչպես հարազատ մորն իմ,

              Ու եթե հանկարծ թշնամին վայրագ հարձակվի վրադ,

              Իմ կյանքը կտամ, իմ շունչը կտամ,

              Իմ Մարտակե՛րտ, օտարին քեզ չեմ տա:

              Հիացմունքի խոսք հնչեցրի այս փոքրիկ զինվորների մասին, ովքեր բեմն իրենցը դարձրին երգ ու պարով, ասմունքով... Այն ձայնի ելևէջների, ճկուն շարժումների, արտահայտիչ արտասանությունների, բեմականացված հերոսական դրվագների ցուցադրում էր՝ էկրանին հաջորդաբար երևացող զոհված հայորդիների դիմանկարներով, հայրենի Արցախի հիշարժան վայրերի, հոգևոր կառույցների տեսանելիությամբ: Դա ծնողների անունից երախտագիտության խոսք էր բոլոր երեխաներին, դասվար Լիանա Ստեփանյանին, ով հայրենիքի սիրո վեհ գաղափարի սերմերն էր ցանել այդ փոքրիկների հոգում, սերունդ, ով այդ սերը պիտի իր հետ տանի դեպի ապագան, այն լուսավոր գալիքը, որտեղ խաղաղ ապրելու երազանքներ կան, նոր արշալույսներ:

              Միջոցառման ավարտից հետո չորրորդցիների շփումը զինվորների հետ ավելի մտերմիկ էր՝ հյուրընկալ սեղանի շուրջ, ծնողների մասնակցությամբ: Նրանք զինվորների կողմից հուշանվեր ստացան: Ամրագրվեց նրանց միջև հարազատ ու ջերմ հարաբերություն, մի հայրենյաց դաս, որ երախտիք էր ու սեր հայրենիքի, մեր հող ու ջրի, սահմանը պաշտպանող զինվորների ու սերնդի հանդեպ:

              Նատաշա Պողոսյան

              http://www.usarmenianews.com/am-n-10564.html
              Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 13-05-19, 18:15.

              Comment


              • Դպրոցական «Վերջին զանգ»

                Ինչպես միշտ, դպրոցում «Վերջին զանգը» Մարտակերտի հասարակությանն էր հավաքել: Սրտի թրթիռ կար, սպասում, իրարամերժ հույզեր, տոնական տրամադրություն: Հանդիսության բացումը շրջանավարտ աղջիկներին էր վերապահված, ամեն մեկի ձեռքին գիրք կար, ազատ ու հետաքրքիր երկխոսություն, երբ մեկը մյուսին հարցեր էին ուղղում, թե ինչ գրքեր են ընթերցել, ինչ շարադրություններ գրել, ու այսպես տարբեր առարկաների շուրջ մտերմիկ զրույց, ու հաջողված բեմականացումը հանդիսատեսին առողջ ծիծաղի, ժպիտների պահեր է պարգևում: Երաժշտական հնչյունների ներքո աղջիկների պարը հյութեղ է դարձնում միջոցառման սկիզբը, որը նաև հրավեր էր պատանի շրջանավարտներին, որ միանան այդ տոնական հանդիսությանը:

                60795880_2324881054443056_5590588474836123648_n.jpg61049635_2324897237774771_4766999539158614016_o.jpg

                60812875_2324878194443342_5280156545147994112_n.jpg60858499_2324897484441413_6632131319860035584_o.jpg60857601_2324885471109281_2152103413607825408_n.jpg
                Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 25-05-19, 16:05.

                Comment


                • ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ...

                  Վերջին զանգ, վերջին ղողանջներ, որ միշտ հիշվում են...

                  Հյուրերին, դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին, ծնողներին ուղղված ողջույնի խոսքերն իրենց արձագանքն են տարածում շուրջբոլորը: Դասղեկների խոսքում ամեն մի շրջանավարտ երևում էր իր առանձնահատուկ ձիրքով, իսկ նրանց մեջ կան հաղորդավարին հատուկ խոսքի առոգանությամբ, նկարելու տաղանդով, պարելու շնորհով, սպորտի հանդեպ ունեցած առանձնակի հետաքրքրությամբ օժտված շրջանավարտներ: Երեք դասարանների դասղեկները ներկայացնում են շրջանավարտներին, նրանց մեջ նաև իրենց հետաքրքրությամբ առանձնանում են ոմանք՝ յուրահատուկ համուհոտով, կատակախառն բնավորություններով:

                  61265186_325192508377173_4542882716814671872_n.jpg 60736276_430600351104704_4196820258129969152_n.jpgimage.jpg60856499_406966196701366_2371973677232160768_n.jpg61014714_1569707896497465_1658181027811557376_n.jpg
                  Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 25-05-19, 16:15.

                  Comment


                  • ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ: Շրջանավարտների սրտաբուխ խոսքեր և լիքը բաժակներ, վառ կենացներ կան, շնորհակալական խոսքեր՝ ուղղված ուսուցիչներին: Մայրերին մատուցածն էլ գեղեցիկ անակնկալ էր, երբ շրջանավարտները շռայլ, անկեղծ ու հյութալի խոսքեր ուղղեցին նրանց: Եվ այդ ամենն ուղեկցվում էին ուսուցիչներին ու մայրերին նվիրվող վարդերի երփներանգ բույրերով: Երգերն ու պարերը միաձույլ էին, որ հիացմունքի զգացում էին փոխանցում, և մեկընդմեջ ընդհատվում ելույթներով:

                    Ապա հնչում է հայրենյաց դասը, որ յուրահատուկ երդում էր նրանց շուրթերին. «Հայրենիքն սկսվում է սահմանից: Մեր տունն էլ սկսվում է սահմանից...»: Մեկ րոպե լռությունն ու թախծախառն երգը նահատակների հիշատակի հարգանք էր՝ հայրենյաց նվիրյալի հուշակոթողին ծաղիկների խոնարհումով:

                    60956597_2324900684441093_3295693646497579008_o.jpg60813303_2324878371109991_8286618860480626688_o.jpg61182605_2324898247774670_1677892595532955648_o.jpg61423074_2324882467776248_4995019498932142080_n.jpg
                    Կցված ֆայլեր
                    Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 25-05-19, 16:24.

                    Comment


                    • Հավերժությանը հառած լուսե կերպար

                      6570.jpg

                      Ցնցված հոգիս շատ-շատերի նման չի ցանկանում հավատալ մեր կողքին կատարված դժբախտ պատահարին: Ինչու՞ Խաչենի ալիքները գտան նրան...

                      Իմ հարցն անպատասխան է մնում, երբ մտորումներիս ճեղքվածքում սկսեցի փնտրել նրան՝ Մարտակերտի Վ. Մինասյանի անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Հրանտ Առաքելյանին: Ու բազմաթիվ խմբանկարներում նրան տեսնում եմ լուսավոր, շատ լուրջ, լայնախոհ հայացքով: Նրան տեսնում եմ իր համադասարանցիների, դասավանդող ուսուցչուհու հետ, շրջվարչակազմի ղեկավարի և դպրոցի տնօրենի կողմից պարգևատրվելիս, նրա մասին ընթերցում եմ, որ դպրոցի շրջանավարտ Հրանտ Առաքելյանը ՆԶՊ առարկայից /կրակային վարժանք/ գրավել է առաջնակարգ տեղ, օրեր առաջ Արցախի ԿԳՍ նախարարության կողմից պարգևատրվել:

                      Ինչու՞ է մահը հավասարեցնում բոլորին...Այն տարիք չի հարցնում, գալիս է աննկատ, երբեմն՝ հանկարծակի...Ցնցվում է մարդը, կծկվում վշտից, ալեկոծվում է հոգին, հայացքը հառում Աստծուն: Ինչպե՞ս, ե՞րբ, ինչու՞...Ու անհաստատ քայլերով, առանց հասկանալու, թե որտեղից եկավ այդ վերահաս աղետը, բոլորս մեկ ենք դառնում ու բախվում իրականությանը, որ ամեն ինչ չէ այս կյանքում ամենքին հասանելի, բայց չարաղետ մահը բոլորին է բաժին հասնում՝ առանց տարիքի, առանց սեռի, առանց լավ ու վատ ապրած կյանքի: Մա՞հն է գտնում մարդուն, թե մարդը՝ մահվանը, որ տարակուսում ենք, նաև ձգտում չհավատալ իրականությանը, որ մեր կողքին էր, ապրում, արարում էր նա, սովորում դպրոցում ու հանկարծ վերջ, ամեն ինչ անցյալ է դառնում, ներկան շղարշվում տառապանքով:

                      Ես գիտեմ, որ յուրաքանչյուրն իր կսկիծն է ապրում, առավել շատ նրանք, ովքեր նրան ճանաչում են, թող սփոփանք լինեն այս տողերը, զորակցությունս նրա բոլոր հարազատներին, Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոցի տնօրենությանը, մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին, հեռու և մոտիկ այն բոլոր անձանց, ովքեր այս օրերին մեծ վիշտ են ապրում, և թող բոլորիս խոսքերով ամբողջանա Հրանտ Առաքելյան դպրոցականի հավերժությանը հառած լուսե կերպարը:
                      Ն. Պողոսյան

                      Comment


                      • Փորձում եմ քաղաքական դաշտում չլինել, բայց Հայաստանից եկած սոցհարցում կատարող աղջիկն ինձ տարավ այդ ոլորտը: Ապշած լսում էին նաև այդ նույն ժամանակ ինձ այցելության եկած աշակերտուհիներս:
                        Վերջիններս ինձ մեկ այլ տեսանկյունով բացահայտեցին, իսկ անծանոթ աղջիկը, իմ ճշմարտությունից անակնկալի եկած, հիացմունքը չթաքցրեց...
                        Նկատեցի, որ լսողություն դարձած՝ նա նույնիսկ մոռացել էր նշումներ կատարել և գնաց՝ նորից ինձ այցելելու ցանկությամբ:
                        Բայց ինչքա~ն շատ ասելիք կա, որ խուսափում ենք բարձրաձայնել, և ինչքա~ն շատ խնդիրներ կան, որ մեր երկրում են կուտակված:

                        Comment


                        • Հունիսի 22-ին Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մեղու», «Ռուսական արջուկ» և «Կենգուրու» մրցույթներում հաղթող աշակերտների պարգևատրությունը հավաստագրերով և նվերներով: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող այս մրցույթները դպրոցներում ավանդույթ են դարձել, որոնք անցկացվել էին ամիսներ առաջ:

                          «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթում հատուկ մրցանակի արժանացած իմ աշակերտուհին՝ Տաթևիկ Ղահրամանյանը, այցելեց ինձ: Իմ զրույցը նրա հետ որքան մտերմական, նույնքան «մեծավարի» էր, ով արդեն բուհական ընդունելության քննությունները բարեհաջող հանձնել, ընդունվել է Արցախի պետական համալսարանի բանասիրական բաժինը:

                          Շնորհավորում եմ նրան և բոլոր մրցանակակիրներին, այդ թվում «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում հաջողություն արձանագրած մեր դպրոցի երեք աշակերտներին: Շնորհավորանքս նաև բոլոր այն դիմորդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:

                          741.jpg651.jpg
                          Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 23-06-19, 11:24.

                          Comment


                          • 65717..jpg
                            Հունիսի 28-ին նշվում է Մարտակերտի ազատագրման օրը: Ակնածանքով ենք այցելում հուշահամալիր, այնտեղ անբաժան ցավի ու տառապանքի հիշողություններ կան, ծաղիկների խոնարհում, զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք, պատերազմի փորձություններ տեսած և կենդանի լեգենդներ դարձած ազատամարտիկների անցած ճանապարհի արթնացում ու պատկառանք:

                            93-ին հայության համար Մարտակերտի ազատագրումը մի նոր նվաճում էր, բայց զոհողությունների գնով: Անցանք փորձությունների երկար ուղի՝ բռնագաղթի խորդուբորդ ճանապարհների ահուսարսափ ու ողբ, սառն օտարություն, հայրենի հողի կարոտ...Տեղահան եղած ժողովրդի մի բեկորը բնակավայրի ազատագրումից հետո կամաց-կամաց վերադարձավ: Եկավ իր ավերված տունը, իր օջախը վերականգնեց, իր որդիների շիրիմների կողքին նոր աղոթք մրմնջաց՝ հայացքն Աստծուն ու երկնքին: Տարիների ընթացքում պատերազմը գալիք սերունդների համար, թվաց, դարձել է հեռավոր հուշ, բայց նորից ապրիլին անմահացան հերոսներ, հավերժության ուղին բռնած մեր ժողովուրդը հասկացավ, որ խաղաղ ապրելու երաշխիքը այստեղ քիչ է, բայց ամուր պիտի կանգնի իր հողին՝ դարերին պատգամելով մեր ապրելու անսասան կամքը: Երկու պատերազմ տեսած մարտակերտցին այսօր արարում է, նորից ապրում: Գիտենք, որ դեռևս վաղ է պատերազմի վերջնական ավարտի մասին խոսելը, բայց նահատակների անցած ուղին հավերժ մեզ հետ է, մեր սրտերում:

                            Անվերծանելի զգացումով ողբերգություն ապրած ժողովրդիս ցանկանում եմ խաղաղ լուսաբացներ, սահմանում կանգնած զինվորին անվրդով ծառայություն: Ջերմեռանդորեն ու նվիրումով շնորհավորում եմ մարտակերցիներիս տոնը, հուսով, որ մի օր կվերականգնվի նաև մեր վաղեմի փառքը: Ցանկանում եմ բոլորիս միասնականություն, հայրենասիրական գաղափարների ամրապնդում, ամուր ու հերոսական կամք: Անձնական ու անանձնական համամարդկային ջերմ ապրումներ եմ ցանկանում բոլորին, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
                            http://www.usarmenianews.com/am-n-9153.html

                            Comment


                            • 656210.jpg

                              Այս անգամ մի նոր հաղթանակ Բարսելոնայում:
                              Սահմանի մոտ ապրողի համար խաղաղ պայմաններում մեր ամեն մի հաղթանակը մի նոր հավատ է ծնում, որ ավելի ամուր կառչենք այս հողին: Այս անգամ ապրիլյան պատերազմի ականատես մեր դպրոցի աշակերտուհու մասին է խոսքս:

                              Աննա Խաչատրյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի է, մեր դպրոցի 2017-ի շրջանավարտ, ում տարիներ շարունակ դասավանդել եմ: Շնորհավորանքս բազմերանգ է, երբ այս օրերին նա շատ բարձր հաղթանակ է արձանագրել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում՝ երգչուհու իր տաղանդով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Կրկնակի հաղթանակ... Նրա հետ զրույցից իմացա, որ պարգևատրվել է հաղթության գավաթով, նաև՝ երկուական դիպլոմով ու մեդալով և՛ առաջին տեղի, և՛ հատուկ մրցանակի համար՝ որպես տաղանդավոր երգչուհի: Նրա խոսքով՝ շուտով վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք համերգին, իսկ այս ձեռքբերումների համար մեծ դեր են խաղացել իր դասախոս Լիանա Վարդանյանը և նվագակցող Մարգարիտա Սարգսյանը:

                              Վերջերս՝ դեռևս մայիսին, նա Երևանում մասնակցեց վոկալ երաժշտական համերգին: Այն նոր ասպարեզ բացեց, ավելի մեծ բեմեր բարձրանալու մի նոր ճանապարհ, որը շատ ավելի կատարելագործված էր՝ իր հզոր, հմայիչ ու հոգեպարար ձայնի ելևէջներով: Հայտնի երգչուհի դառնալու նրա դպրոցական երազանքը կամաց-կամաց իրագործվում է, երբ դեռևս Մարտակերտի Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում սովորելիս նա բազմաթիվ հաջողությունների էր հասել: Ու մի հետադարձ հայացք եմ ձգում անցած օրերին, երբ դեռևս 2012-ին մասնակցել է Գյումրիի «Երգի մրցույթ» փառատոնին, արժանացել դիպլոմի` որպես հոգևոր մրցույթի լավագույն կատարող: 2013-ին Ստեփանակերտում հանրապետական մրցույթի մասնակից էր, նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Որպես լավագույն կատարող` 2013-ին մեկնել է Հունաստան` այնտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցելու, որտեղ երգելու իր տաղանդով տեսանելի է դարձել նույնիսկ այդ երկրի ազգային թերթերից մեկում:

                              Համոզված եմ, որ Աննան դեռ շատ բարձունքներ է հաղթահարելու, նրա անցնելիք կանաչ ուղին մեզ ուղեկցելու է միշտ, ու հպարտորեն հնչելու է նրա անունը, իսկ մարտակերտցիները միշտ մնալու են հրաշք հայուհու արվեստի առաջին երկրպագուները՝ նրա հաղթանակներն ազդարարող ցնծագին ողջույններով: Ն. Պողոսյան

                              Comment


                              • Անչափելի մեծ կարոտ

                                1204,3.jpg

                                Նկարում իմ թոռնիկի՝ Նարեկի հետ եմ: Տատիկի հետ գրկախառնությունը, որ շատ բուռն էր, անչափելի մեծ սիրով, դա բնական էր, զարմանալի ոչինչ չկար մի քանի օրվա բացակայությունից հետո: Նա մտավ տուն, դեռ միջանցքում ամուր հպվեց պատին... Համբուրում էր... Համբուրում էր տան պատերն անչափելի մեծ կարոտով: Ես, ինձ կորցրած, վայելում էի այդ մեծ գեղեցկությունը, որ ինձ երևում էր աներևակայելի հրաշք պատկերով...

                                Մեկընդմեջ այն փոքրիկ ձեռքերը պատին էր մեկնում, որ ամբողջությամբ գրկելու անհնարինությանն էր առերեսվում: Այտերը քնքշորեն մոտեցնում, շուրթերը ջերմորեն հպում էր պատերին...

                                Այս օրերի իմ ապրումների մեջ տեղ գտավ այս փոքրիկ դրվագը, իրողություն, որ հիացնում է ինձ, այն փոքր է, բայց իմաստալից, հոգիս լի է գոհունակությամբ, ափեափ լցված հպարտությամբ այս փոքրիկ արցախցու հանդեպ, բայց հարազատական զգացումը չէ, որ ինձ առիթ է տալիս գրելու այս տողերը:

                                Տան քարե որմերը կարծես զրնգում էին Նարեկի կենսուրախ ձայներից: Նա թռչկոտում էր, ձեռքերը մեկնած՝ գրկում էր տան այս կամ այն իրը, շոշափում դրանք, սենյակից սենյակ մտնում ու բացականչում. «Ես արցախցի եմ, սա իմ տունն է, ես այստեղ պիտի ապրեմ...Ամենալավ տունը, ամենալավ քաղաքը, մեր Մարտակերտը...»:

                                Ամեն անգամ ես հպարտությամբ եմ լսել նրա խոսքը, որ ինքը արցախցի է ու այստեղ էլ ապրելու է միշտ: Երբեմն մտորումներիս մեջ ինչ-որ երկփեղկվածություն է եղել, որ փոքր է, դեռ ուրիշ քաղաքներում չի եղել, ինչ տեսել է այս տարիներին, այն էլ սիրելի է դարձել, բայց կյանքը կփոխի նրան: Նրա բացակայությունը Արցախից, երբ ծնողների հետ շատ ավելի մեծ քաղաքում էր մի քանի օր, համարեցի երեխայի համար խաղաղ ու երջանիկ ապրելու վայելք, որ կգա ու ափսոսանք կունենա, թե ինչու է ինքը ապրում այս փոքրիկ սահմանամերձ բնակավայրում: Այո՛, կարծում էի՝ երազանքը թևին տալով՝ նա կմտածի նորից հայտնվել մեկ ուրիշ շքեղ քաղաքում:

                                Ես փորձում եմ վերհիշել՝ այդ ե՞րբ ենք նրան սովորեցրել, որ պիտի հայրենիքը սիրել: Այդ սերը ներարկելու կարիք չկար: Այն դաս չէր, որ պիտի սերտեր, սահմանումների ամբողջություն չէր, որ պիտի մտապահեր... Ու իմ հարցին, թե որտեղ կցանկանար ապրել իր ամբողջ կյանքում, նա հաստատակամ էր՝ միայն Արցախում:

                                Ես խաղաղված եմ, սիրտս բերկրանքով լեցուն, որ Նարեկիս կերպարով այս սերունդը ապրեցնելու է մեր հայրենիքը, որը հավերժ է իր լինելությամբ, անմնացորդ սիրով, այն մեծ կարոտով, որ գրկած ունենք մեր հոգում:

                                Նատաշա Պողոսյան

                                http://www.usarmenianews.com/am-n-12106.html

                                Comment

                                Working...
                                X