Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Հայաստանը ես եմ»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

    Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
    Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
    Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
    Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
    Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
    Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
    Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
    Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
    Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
    Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
    Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
    Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

    Comment


    • #47
      Շնորհակալություն, հարգելի գործընկերներ,անչափ ուրախանում եմ, երբ կարդում եմ ձեր գրածները և տեսնում, որ մեր հավատն ապագայի հանդեպ,որն է գեղեցիկ ու ծաղկուն հայրենիք ունենալը, շատ ավելի մեծ է, քան իրականությունը...<<Հույսը ամոթով չի թողնում>> և մեր հույսը Աստված է: Ունենանք հույս, հավատ և սեր: Եվ ինչպես ասում է Ալեքսանդր Դյուման իր <<Կոմս Մոնտե Քրիստո>> վեպում` << Մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ` սպասել և հուսալ>>...

      Comment


      • #48
        Շնորհակալություն, հարգելի Սիրանուշ, հայրենիքը մեզ միավորող ամենակարևոր նախապայմանն է, մեզ արժևորող հենասյունը և մեզանւց յուրաքանչուրս հայ լինելու ժառանգականությամբ ենք միմյանց արժևորում: Ուզում եմ, որ յուրաքանչյուր հայորդի արժանապատիվ պահի իր հայեցի կերպարը, լինի հայրենասեր, ազգասեր, մարդկային ամենագեղեցիկ հատկանիշներ կրող...

        Comment


        • #49
          «Մեր հայրենիք ազատ, անկախ…»: Բառեր, որոնք արժեք ունեն, բառեր, որոնք ձգվում են դեպի երկինք, դեպի լեռները հայոց, փաթաթվում ամեն քարի ու թփի, խոսու ամեն ընկածի ու խեղվածի հետ, թափված արյունից ոգի առնում

          Comment


          • #50
            — Ո՞ՐՆ Է ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՃԱՄՓՈՐԴ...

            Բայց ճամփորդն իսկույն չէր ասի, թե իր երկիրը Հայաստանն է. այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։

            Նա ուշադիր կնայեր հարց տվող երիտասարդին, կլսեր նվագախմբի ու երգչախմբի խռովահույզ ձայներն ու կասեր.—

            «Իմ երկիրն այն է, որ գտնվել է Բիբլիական Արարատ լեռան ստորոտում, առասպելական դրախտի տեղում, և որտեղ կյանքը դարերով դժոխքի էր նման...

            Այն երկիրը, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու աղետ է ներմուծվել և արտահանվել որբ ու գաղթական, ներմուծվել ոճիր ու խավար՝ լույս ու հանճար արտահանվելով, և գազանություն ու բռնություն ներմուծվելով՝ բարություն և ազատության տենչ արտահանվել...

            Քարաշատ այն երկիրը, որտեղ քարե տուն ուներ միայն Հիսուսը, և որը հաճախ չէր կարողանում մի կտոր քար դնել իր ամենից սիրելի զավակների շիրիմներին...

            Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշը ժայռերին են խփել, անգործությունից գազազել ու պղտորվել՝ ծարավ թողնելով մի քայլ հեռու ընկած հողերը, և նո՜ր են միայն լույս ու կանաչ դառնում...

            Այն երկիրը, որի հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը քրտինքով և նոր է միայն մարդուն տալիս դարերով կուտակած իր քաղցրությունը...

            Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից և նոր է միայն ջերմանում գործարանների ու հնոցների բարի հուրերից...

            Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին...

            Այն երկիրը, որի, սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա՝ օտար ափերում կռունկի պես թևածող երգը հիմա հասնում է արար աշխարհին...»։

            Այսպես կասեր թավ ձայնը, կպատմեր իր մասին ջութակների, շեփորների ու թմբուկների նվագակցությամբ, և երգչախումբ֊ամբոխը կլսեր նրան ու կմտածեր՝ «գուցե Հայաստա՞նն է սա, հայ ժողովո՞ւրդը...»։

            Բայց նա դեռ համոզված չէր լինի, և մի կանացի ձայն նորից հարց կտար.—

            — ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ, ՃԱՄՓՈՐԴ...

            Բայց ճամփորդն անմիջապես չէր ասի, թե որտեղից է ինքը գալիս և ինչ է տեսել իր դարավոր ճամփին։

            Այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։

            Նա կժպտար, կօրորեր գլուխը, կնայեր հարց տվող կնոջը և, նվագախմբի ու երգչախմբի հանդիսավոր հնչյունների տակ, կասեր.—

            — Հայասա երկրից եմ ես գալիս, որն ինձ պատգամեց, թե «ինքդ քեզ հա՛յ ասա», և որը մարդկության հնագույն օրրաններից մեկն է աշխարհում...

            Նաիրի երկրից եմ ես գալիս, անսանձ գետերի ինքնիշխան երկրից, և Բիայնա երկրից, որտեղ բերդեր էի կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը...

            Ծուինիայից՝ Սևանա լճից եմ գալիս, որտեղ Արգիշտի արքայի խնջույքների համար որսում էի այն արքայական ձուկը, որի վրա, հենց էն գլխից, իմ ցեղի արյան հետքերը կային...

            Տիգրանակերտից եմ գալիս, որտեղ ամուր դրի երեք ծովի ջրերով ողողվող իմ հզոր պետության գահը և Արտաշատից,— «Հայոց Կարթագենից»,— որտեղ մի օր բեմ դուրս բերի հռոմեացի գոռոզ զորավար Մարկոս Կրասոսի կտրված գլուխը։

            Ավարայրից եմ ես գալիս, որտեղ իմ թեթև հեծելազորը թեև տրորվեց պարսկական ծանր փղերի տակ, սակայն բռնակալ Հազկերտն իր հողը քաշվեց՝ սարսափած իմ ապրելու և տևելու զորեղ հավատից...

            Սասնա բանձրիկ սարերից եմ գալիս, որտեղ, հույսս կտրած և՛ թագավորից, և՛ աստծուց, ապավինեցի հեքիաթին ու հրաշքին՝ գառնարած Դավթի սրով դուրս քշելով իմ հողից Մըսրա անհամար զորքը։

            Որտե՜ղ ասես, որ չեմ եղել ես և որտեղի՜ց ասես, որ չեմ գալիս... Արտաշատից մինչև Տիգրանակերտ և Վաղարշապատից մինչև Դվին ու Անի ես դար ու դարեր ազատամարտ եմ մղել հռոմեացու և պարսիկի, բյուզանդացու և արաբի, սելջուկի ու մոնղոլի, թաթարի ու թուրքի դեմ, հանուն իմ՝ մի թիզ դարձած հողի ու մի բուռ մնացած ժողովրդի գոյության...

            Անի մայր քաղաքից եմ ես գալիս,— գերված ու ավեր Անիից, որը հարություն է առնում Նոր Երևանի կոթողների մեջ։

            Կապույտ ծովի ալիքներով ողողված չքնաղ Կիլիկիայից եմ ես գալիս, որտեղ մի օր, ավա՜ղ, դագաղ դրին իմ անկախության վերջին հույսը...

            Սյունիքի բարձր ու անառիկ լեռներից եմ ես գալիս, որտեղ, ահեղ հողմերի խաչմերուկում, անմա՜ր եմ պահել իմ պետականության անթեղը, և Սարդարի բերդից, որտեղ եղբայրացան հայոց սուրն ու ռուսաց թնդանոթը...

            Պարսից հարկահաններից փրկված գյուղերից ու քաղաքներից եմ գալիս և Սուլթանի լծի տակ հեծող գյուղերից ու քաղաքներից, որտեղ ամեն Զեյթուն՝ պայթյո՜ւն էր և ամեն Սասուն՝ ցասո՜ւմ..

            Տեր֊Զորից եմ ես գալիս, Մեսքենեից ու Ռաս֊ուլ֊այնից, որտեղ խոշտանգեցին ինձ, բայց ես չմեռա, ջարդեցին մեջքս, բայց ես նորից շտկվեցի, սպանեցին ինձ, բայց ես վերստին հարություն առա...

            Մուշից եմ գալիս և Շատախից, Անդոկ սարից ու Վանա այգեստանից, Ուրֆայից ու Շապին֊Գարահիսարից, Հաճընից ու Մուսա լեռան կատարից, որտեղ զենքը ձեռքիս պաշտպանել եմ իմ տան պատիվը, իսկ ապա, ավա՜ղ, ցուպը ձեռքիս ցրվել աշխարհով մեկ...

            Սարդարապատից եմ ես գալիս, որը նոր Ավարա՛յր դարձավ ինձ համար և որտեղ ես, թեև արյունաքամ, կասեցրի թուրք դահիճների զավթարշավը և իմ սեփական հողում մի թիզ հող նվաճեցի մի բուռ որբերիս ու գաղթականներիս համար...

            Ղափանի ու Ալավերդու հանքերից եմ գալիս, Ալեքպոլի կայարանից ու Երևանի այգիներից, որտեղ ընդվզել եմ հանուն Հեղափոխության և հանուն նոր կյանքի...

            Հրազդանի ձորից եմ գալիս, որտեղ առաջին անգամ բաբախեց նոր Հայաստանի էլեկտրական սիրտը, և Շիրակի ջրանցքի ափից, որն իր մի բուռ ջրով ոռոգում էր իմ վերածնության դեռ մատղաշ շիվը...

            Արագածի լանջերից եմ գալիս, որտեղից մի օր սանձեցի տիեզերական ճառագայթների կապույտ նժույգը, և Բյուրականից, որտեղ զրույցի եմ նստում հեռավոր մոլորակների ու աստղերի հետ...

            Երևանից եմ ես գալիս, դարավոր ու նոր Երևանից, որն իմ նոր Տիգրանակերտն է, Արտաշատը, Դվինը, Անին ու Սիսը միաժամանակ, և որը սուրբ ուխտավայր է դարձել աշխարհում ցրված բոլոր հայ պանդուխտների համար...»։

            ... Եվ կլսի այս ամենը երգչախումբ֊ամբոխը, կլսի, կհպարտանա ու կզարմանա...

            Comment


            • #51
              «Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես, որ դար ու դարեր, միայնակ կամ գայլերով շրջապատված, այսօր ապրում եմ եղբայր ժողովուրդների համերաշխ ընտանիքում։

              Հավերժի ճամփորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած, դեպի դարերն է գնում և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...

              Comment


              • #52
                Դավիթ Հովհաննես 《Հավերժական հայը》
                Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
                Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից,
                Բայց ես չեմ վերջանում,
                Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
                Բայց ես Հայաստանն եմ, և ինձ սպանել հնարավոր չէ, որովհետև ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան,–
                Զավակ եմ փլատակված, մայր եմ խելագարված, հայր եմ չթաղված, դագաղ եմ չճարված, մատնամնացուկ եմ ջարդոտված, հող եմ սառած, անուն եմ մոռացված, հավատք եմ հալածված, երկինք եմ մթնած, քար եմ պատռված, գիր եմ ջնջված, ջուր եմ պղտորված, ծիծաղ եմ լռած, երգ եմ ընդհատված, սիրտ եմ կոտրված, հույս եմ կտրված, հոգի եմ ուրացած, մարմին եմ նյութացած, երկիր եմ փեռեկված, օրենք եմ մեռած, միտք եմ ըմբոստացած, Ադամ եմ արտաքսված, դրախտ եմ կորուսված, դժոխք եմ բացված, ընդերք եմ գազանացած, լավա եմ ժայթքած, ինքնաթիռ եմ խորտակված, խոյակ եմ խախտված, հաց եմ տրորված, գինի եմ թափված, Խոսք եմ բանտարկված, Բանաստեղծ եմ խաչված ու Աստվա՜ծ եմ եսացած,
                Եվ Ահեղ Դատաստանի օրը ե՛ս պիտի նստեմ Աստծո փոխարեն,– և պիտի շնչա-վորեմ ու մխիթարեմ, հուղարկավորեմ ու հայթայթեմ, վերականգնեմ ու ջերմացնեմ, հիշեցնեմ ու դիմակայեմ, լուսավորեմ ու հարակցեմ, վերծանեմ ու պարզեմ, ձայնավո-րեմ ու շարունակեմ, ամոքեմ ու կեցուցանեմ, ընդունեմ ու ոգեղինանամ, միավորեմ ու սահմանեմ, հավատամ ու վերադառնամ, գտանեմ ու գոցեմ, խաղաղեցնեմ ու հունավորեմ, փրկեմ ու հաստատեմ, բարձրացնեմ ու հավաքեմ, ազատեմ, իջնեմ ու աստվածանա՜մ,
                – ԱՍՏՎԱԾԱՆԱ՜Մ,–
                Որովհետև Աշխարհի սկզբից ի վեր իմ մարմինն է հաց, և արյունս է գինի, և իմ խոսքն է Աստված, և Աստված եմ ես,
                Եվ չեմ վերջանում,
                Եվ նա, ով կերավ իմ հացն ու չկշտացավ, խմեց իմ գինին ու չհագեցավ, լսեց իմ Աստծուն ու չհավատաց, տեսավ ինձ ու չճանաչեց,–
                Տարերք լինի թե Աստված, թշնամի թե բարեկամ, Արևմուտք թե Արևելք –
                Ցա՛ծր է իմ առաջ, և պիտի պատասխա՜ն տա ինձ՝ Ահեղ Դատաստանի օրը,
                Որովհետև ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը,
                Որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն:

                Comment

                Working...
                X

                Debug Information