Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Մահացողների հինգ հիմնական ափսոսանքները»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Մահացողների հինգ հիմնական ափսոսանքները»

    Պալիատիվ (ցավամոքող-Լ.Հ.) բուժքույրը, որ մահացողներին խորհուրդներ է տվել նրանց կյանքի վերջին օրերին, բացահայտել է ամենատարածված ափսոսանքները, որ մենք ունենում ենք մեր կյանքի վերջին օրերին: Եվ ամենահիմնական ափսոսանքներից է եղել, նամանավանդ տղամարդկանց մոտ` «Երանի այդքան շատ չաշխատեի»:

    Բրոննի Ուերը ավստրալիացի բուժքույր է, մի քանի տարի աշխատել է պալիատիվ խնամքի ոլորտում` խնամելով հիվանդների նրանց կյանքի վերջին 12 շաբաթների ընթացքում: Նրանց պայծառատեսումները Բրոննի Ուերը հրապարակել էր մի բլոգում, որը կոչվում էր «Ներշնչանք եւ թեյ» (Inspiration and Chai): Վերջինս արժանացավ այնպիսի ուշադրության, որ Բրոննին իր դիտարկումները ամփոփեց մի գրքում եւ անվանեց «Մահացողների հինգ հիմնական ափսոսանքները»:

    Ուերը գրում է այն բացառիկ խորաթափանցության մասին, որը մարդիկ ձեռք են բերում իրենց կյանքի վերջում, եւ թե մենք ինչ պետք է սովորենք նրանց իմաստությունից: «Երբ նրանց հարցնում էի զղջման կամ որեւէ բանի մասին, որը նրանք կուզենային այլ կերպ անել,- ասում է Բրոննին,- ամենահասարակ թեմաներն էին առաջ գալիս»:

    Ստորեւ ներկայացնում ենք մահացողների հինգ հիմնական զղջումներն ու ափսոսանքները` ըստ Ուեր Բրոննիի.

    - Կուզենայի քաջություն ունենալ` ապրելու մի կյանք, որը ճիշտ էր ինձ համար, եւ ոչ թե այն կյանքը, որն ակնկալվում էր ինձանից:

    - «Սա առավել տարածված ափսոսանքն է, որ բոլորն են արտահայտել: Երբ մարդիկ հասկանում են, որ իրենց կյանքը գրեթե ավարտված է եւ հետ են նայում, հեշտ է տեսնել, թե ինչքան երազանքներ են մնացել անկատար: Մարդկանց մեծ մասը չէին իրականացրել նույնիսկ իրենց երազանքների կեսը` իմանալով, որ դա պայմանավորված էր եղել այն ընտրություններով, որ նրանք արել էին կամ չէին արել: Շատ քչերն են հասկանում, որ առողջությունն է ազատության գրավականը, մինչեւ որ այն չեն կորցնում»:

    - Երանի այդքան շատ չաշխատեի:

    - «Սա ասում էին բոլոր այն տղամարդիկ, ում ես խնամել եմ: Նրանք բաց էին թողել իրենց երեխաների մանկությունն ու ընկերների ընկերակցությունը: Կանայք նույնպես այսպիսի ափսոսանք էին արտահայտում, բայց` քչերը, քանի որ նրանց մեծ մասը ավագ սերնդի ներկայացուցիչներ էին եւ չէին զբաղվել իրենց ընտանիքների հացը վաստակելով: Այն բոլոր տղամարդիկ, ում ես խնամել եմ, խորապես զղջում էին, որ այդքան շատ ժամանակ են հատկացրել աշխատանքային վազքին»:

    - Կցանկանայի քաջություն ունենալ` արտահայտելու զգացմունքներս:

    - «Շատերը ճնշում են իրենց զգացմունքները, որպեսզի խաղաղություն պահպանեն այլոց հետ: Նրանք միջակ գոյություն են պահպանում եւ երբեք չեն դառնում այն, ինչ իրականում կարող էին դառնալ: Եվ այն դառնություններն ու վրդովմունքները, որ նրանք կրում են, բազմաթիվ հիվանդությունների պատճառ են դառնում»:

    - Կուզենայի մշտապես կապ ունենալ ընկերներիս հետ:

    - «Նրանք հաճախ չեն հասկանում հին ընկերների իրական արժեքը, մինչեւ որ չեն մոտենում իրենց վերջին շաբաթներին: Շատերն այնքան խրված էին եղել իրենց սեփական կյանքի մեջ, որ թողել էին իրական ընկերությունը տարիների մյուս կողմում: Շատերն էին խոր ափսոսանք ապրում, որ այնքան ժամանակ եւ ջանքեր չէին տրամադրել ընկերությանը, որքան արժանի էր: Յուրաքանչյուր ոք, ով մահանում է, կարոտում է իր ընկերներին»:

    - Կուզենայի, որ ինքս ինձ թույլ տայի երջանիկ լինել:

    - «Սա, զարմանալիորեն, ամենատարածված արտահայտություններից է: Շատերը մինչեւ վերջին պահը չեն գիտակցում, որ երջանկությունը ընտրություն է: Նրանք այդպես էլ չեն կարողացել դուրս գալ հին կաղապարներից ու սովորություններից; Այսպես կոչված «հարմարավետությունը», որին նրանք վարժվել էին, ամբողջովին պարուրել էր նրանց զգացմունքները, ինչպես նաեւ նրանց ֆիզիկական կյանքը: Փոփոխության վախը ստիպել էր նրանց, որ բոլորին եւ նույնիսկ իրենք իրենց համոզեին, որ բավարարված են, չնայած իրենց ներսում նրանք իսկապես կուզենային մի լավ ծիծաղել եւ կյանքում նորից որեւէ հիմարություն անել»:

    Իսկ ո՞րն է ձեր ամենամեծ ափսոսանքը, եւ ինչ եք ձեռնարկում դրան հասնելու կամ որեւէ բան փոխելու համար` մինչ ձեր վերջին օրը:



    guardian.co.uk, թարգմ.` ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

    Աղբյուր՝ «ԱԶԳ», http://www.azg.am/AM/2012021518
    Վերջին խմբագրողը՝ manush; 21-06-12, 12:25.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ
Working...
X