Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարցազրույց հոգեբան, գրող Էլդա Գրինի հետ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարցազրույց հոգեբան, գրող Էլդա Գրինի հետ

    ԵՊՀ-ի պրոֆեսոր, մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ, դատական փորձագետ-հոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինը ծնվել է Թբիլիսիում: Մանկությունը եւ ուսումնառության առաջին տարիները անցել են Մոսկվայում: 1937 թ. հորը աքսորել են, իսկ իրենք տեղափոխվել են Երեւան: Սովորել եւ ավարտել է Ռուսական մանկավարժական ինստիտուտը (այժմ` Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ):

    Կա մի մասնագիտություն, որի տեր անձինք հաճախ ավելին են կարողանում պատմել քո մասին, քան դու ինքդ կարող ես ենթադրել: Դու նրանց հետ չես համաձայնում, հաճախ վիճում ես, անիմաստ համարում նրանց գործունեությունը, այնուամենայնիվ, հոգու ամենախոր անկյուններում զարմանում ես, թե ինչքան դիպուկ էր քեզ տրված բնորոշումը: Կանանց անվերջ թուլությունների ու կամակորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ճանաչված դատական հոգեբան եւ գրող Էլդա Գրինի հետ:

    -Տիկին Գրին, Ձեր գործունեության ընթացքում դժվար կացությունից դուրս եք բերել հարյուրավոր մարդկանց: Իսկ այս տարիների ընթացքում ո՞վ է եղել Ձեր հոգեբանը:


    -Երբ հարցը ինձ է վերաբերվում, իմ հոգեբանը ես եմ: Կյանքիս ընթացքում որեւէ մեկին չեմ դիմել իմ խնդիրներով եւ փորձել եմ դրանք ինքս լուծել: Եվ քանի որ ես տոկուն մարդ եմ, չափազանց հպարտ, բայց ոչ գոռոզ անձնավորություն, իմ հարցերը ինքս եմ լուծում: Իսկ այն պարագայում, երբ ընտանիքիս անդամներին է համապատասխան օգնություն պետք լինում, դիմում եմ գործընկերներիս, քանի որ կողքի աչքը կարող է ավելի ճիշտ բնորոշումներ տալ: Տնեցիներն ինձ ընկալում են ոչ այնքան որպես հոգեբան կամ գրող, այլ ավելի շուտ որպես մայր, տատիկ, հորաքույր:

    -Փորձե՞լ եք մտքում «հաշվել», թե քանի մարդու եք կարողացել օգնել կամ գուցե փորձել եք հետ նայել ու արժեւորել անցած ճանապարհը:

    -Անթիվ է այդ մարդկանց քանակը: Պարզապես ես միշտ առաջնորդվում եմ ներքին համոզմունքով: Երբ կա վստահություն, որ հարկավոր է մարդուն օգնել, միշտ օգնում եմ, իսկ արդյունքներն էլ լավ են լինում: Եթե հնարավորություն լիներ, ես նորից հետ կբերեի կյանքիս բոլոր շրջանները եւ ոչինչ չէի փոխի:

    -Համամի՞տ եք արդյոք կնոջը տրված «թույլ սեռի» ներկայացուցիչ բնորոշմանը:

    -Կինը ագրեսիվ էակ չէ, իսկ եթե կա դրա որեւիցե դրսեւորում, արտահայտվում է միայն խոսքի մեջ: Կինը ընտանեկան օջախի պահապանն է, ինքն է մեծացնում երեխաներին, նա իր էությամբ հեզ է, նուրբ: Բոլոր կանայք այդպիսին են: Իսկ ահա տղամարդը պաշտպանն է` անկախ նրանից` ընտանիքում ով է իշխում: Պատահական չէ, որ Մարքսը կնոջ մեջ գնահատում էր հենց թուլությունը:

    -Ճի՞շտ է, որ կանայք ավելի դեպրեսիվ են եւ կռվարար:

    -Կինը կռվարար է, որովհետեւ անհամբեր է, երբ խոսը գնում է իր ասածն առաջ տանելուն: Կինը սիրում է արտահայտվել` անգամ եթե սենյակում մարդ չկա: Տղամարդ-կին հարաբերոթյունների մեջ հետաքրքիր է, որ տղամարդը սիրում է, երբ խոսում են կոնկրետ, իսկ կինը միշտ հեռվից է սկսում: Առաջին հայացքից թվացող այս մանրուքից վեճ է առաջանում, որից հետո էլ կինը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ:

    -Ինչքանո՞վ կարելի է ընդհանրացնել հայ ընտնիքների համար տղամարդը տան գլուխն է, իսկ կինը նրա պարանոցը բանաձեւը:


    -Հայ ընտանիքն արտաքնապես հենց այդպիսին է: Բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով իրական է բոլորի համար: Այն պարագայում, երբ տղամարդու խոսքն է վճռական, օգտակար ու շահեկան է կնոջ համար: Փաստորեն կա մեկը, ում կարելի է դիմել ու առաջ տանել քո ցանկությունը: Եթե կինը խորամանկ է, հեռուն է նայում, դրանում թատերական կետ կա` նա ցույց է տալիս, որ հնազանդ է, բայց անում է այն, ինչ ճիշտ է գտնում:

    -Ինչքանո՞վ է փոխվում կանանց ինքնազգացողությունը տոն օրերին:

    -Տղամարդկանց համար պետք է ամեն օր տոն լինի, որ իրենց կողքին ապրում են կանայք: Նրանք տղամարդու համար անում են ամեն անհնարինն ու հնարավորը: Որոշ կանայք վիրավորվում են, որ տարվա ընթացքում մեկ օր են իրենց ամուսինները նվերներ անում: Այն, որ տոն կա, եւս մեկ անգամ առիթ է ընդգծելու կնոջ առավելությունները, դա հնարավորություն է տալիս տղամարդուն սթափվելու եւ հիշելու, որ պետք է ուշադիր լինել:

    -Ի՞նչ կմաղթեք հայ կնոջը:

    -Կմաղթեմ, որ նրանք տղամարդկանց այդքան էլ լուրջ չընդունեն: Այսօր տղամարդուն թվում է` ինչքան շատ կին ունենա իր կյանքում, այդքան լավ է, նա ավելի տղամարդ է դառնում: Իսկ այդ պարագայում նրանց լուրջ վերաբերվել չի կարելի: Ցանկանում եմ, որ ամեն մի կին իրեն հավանի եւ հավատա, որ ինքն է ամենագեղեցիկը. թող լինեն ամուր եւ ինքնավստահ:
    ԱՐՄԵՆՊՐԵՍ
    Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի
    Վերջին խմբագրողը՝ manush; 06-04-12, 13:23.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Դեպրեսիայի առաջացման ու կանխման հարցերին սիրով պատասխանեց դատական հոգեբան Էլդա Գրինը
    Ի՞նչ բան է դեպրեսիան

    Լատիներենից,եթե թարգմանենք դեպրեսիան կնշանակի ճնշված վիճակ: Ընդհանրապես դեպրեսիան շատ բարդ հասկացություն է: Այն իր մեջ ներառում է և՛ բժշկական,և՛սոցոլոգիական,և՛ կենսաբանական, և՛հոգեբանական հասկացություններ: Դեպրեսիան ամենամարդկային ու հանելուկային հակազդման կերպ է` այսինքն մարդը հակազդում է արտաքին կամ ներքին աշխարհի կոնֆլիկտներին: Բովանդակությունը այնքան խորն է ու այնքան բազմանշանակ, որ պարզ ձևով հնարավոր չէ նկարագրել: Այս է պատճառը,որ դեպրեսիային անդրադարձել են և գրողները իրենց ստեղծագործություններում,և արվեստաբանները,և հոգեբանները և աշխատել են այդ հանելուկը բացահայտել: Կարելի է ասել, որ մինչև օրս էլ հնարավոր չէ ամբողջապես հասկանալ,թե ինչ բան է դեպրեսիան: Այն համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումներից : Եվ սովորաբար հոգեբույժները դեպրեսիան անվանում են հոգեբուժության մեջ <<մրսածություն>>, այսինքն մի հիվանդություն,որը հատուկ է բոլորին և կարող է նույնիսկ կրկնվել:
    Ովքե՞ր են հակված դեպրեսիայի
    Ամեն մարդ ենթակա է դեպրեսիայի: Այն կարող է անցնել և հետո դարձյալ կրկնվել մի քանի անգամ: Եվ որքան շուտ է մարդը հասկանում,որ տառապում է դեպրեսիայով, այնքան ավելի մեծ են բուժման հեռանկարները:
    Պետք է ասել,որ դեպրեսիայից,ոչ ոք պաշտպանված չէ: Առաջներում կարծում էին,որ դեպրեսիան հատուկ է 45-50 անց մարդկանց համար,բայց այսօր ապացուցվել է,որ դեպրեսիան ցանկացած տարիքում էլ կարող է լինել: Այն հաճախ լինում է դեռահասության շրջանում: Դեպրեսիային հակված են ավելի շատ կանայք,քան տղամարդիկ: Համարվում է,որ տղամարդկանց մինչև 15 տոկոսն է հակված դեպրեսիային և կանանց 30-35 տոկոսը: Բացատրությունները տարբեր են, բայց ամենաընդունելի բացատրությունն այն է,որ կինը զգացմունքային է և հաճախ է ստրեսային իրավիճակների մեջ ընկնում: Կինը մի քանի դերեր է ստանձնում,որոնք հաճախ լինում են իրարամերժ: Այսպես օրինակ կինը ինչ որ հիմնարկությունում տնօրեն է և բոլորը պետք է իրեն ենթարկվեն,իսկ տանը նա՛ է ենթարկվում ամուսնում: Տանը նա և՛ կին է, և՛ մայր, և՛ կարող է լինել սկեսույր,տատիկ,որը պահանջում է ինչ որ յուրահատուկ մոտեցում : Հաճախ,երբ կինն է աշխատում և տունը <<պահում>> դա նույնպես կարող է ազդել:
    Ի՞նչ հիվանդությունների պատճառով կարող է առաջանալ դեպրեսիան
    Ցանկացած խրոնիկական հիվանդությունները (ալկոհոլ,թմրամոլություն,պարկինսոն,քաղցկեղ,շաքարախտ,ինֆարկտ,ինսուլտ և այլն) կարող են զուգակցվել խորը դեպրեսիայով: Հիվանդությունը փոխում է մարդու բնավորությունը,մարդը դառնում է դյուրագրգիռ:
    Ու՞ մ է սպառնում դեպրեսիան
    Այսօր ավելի դժվար է ամուսնանալ` սոցիալական պայմաններից ելնելով,կամ ասում են. <<Այսպես հանգիստ մեզ համար ապրենք>>, բայց թող բոլորն իմանան,որ միայնակ,կամ բաժանված մարդիկ 3-5 անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի,քանի ամուսնացածները: Իսկ ահա բաժանված,կամ միայնակ տղամարդկանց մոտ դեպրեսիայի ռիսկը կանանց համեմատ ավելի շատ է:
    Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում դեպրեսիայի ժամանակ
    Դեպրեսիան աչքի է ընկնում տրամադրության անկումով, նվազում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը,կորչում է հաճույքի զգացումը,կորչում է մտածողության արդյունավետությունը,անուշադրություն է առաջ գալիս, իջնում է ինքնագնահատականը, հակառակ սեռի հանդեպ հետաքրքրության կորուստ և այլն : Մարդուն թվում է,որ ֆիզիկապես հիվանդ է,մոտ 80 տոկոսով ավելանում է տագնապը,մեղքի զգացում,ինքնասպանության մտքեր են առաջ գալիս:
    Մարդը չի գիտակցում,որ հիվանդ է:
    Դեպրեսիան հարկավոր է երկար բուժել,որպեսզի այն չկրկնվի:

    Հայաստանում հոգեբանի, կամ հոգեբույժի մոտ չեն գնում,որովհետև մարդը վախենում է,որ իր վրա կծիծաղեն ու չի հասկանում,որ հոգեբանը առողջ հոգեկանի մասնագետ է:
    Մարդը չի այցելում հոգեբանին սոցիալական վատ վիճակից:
    Մարդը կարող է և չգիտակցել ,որ նա հիվանդ է և շրջապատող մարդիկ էլ չհասկանալով վերագրում են,որ վատ բնավորություն ունի, ասում են .<<Ինչ դժվար մարդ է, ամեն ինչից դժգոհ է…>>,- էլ չեն հասկանում,որ այդ մարդը հիվանդ է: Մարդը կարող է այդպիսի բնավորության համար ասել,որ վատ սոցիալական պայմաններում է ապրում, կամ հարազատ մարդ է կորցրել, բայց չի հասկանում,որ այդ փոփոխությունները հիվանդության պատճառն են: Պատահում է, որ մարդը գիտակցում է, որ դեպրեսիայով հիվանդ է, բայց կարծում է, որ այն անբուժելի է:
    Փորձեք Ձեզ
    Դեպրեսիան անհատական հիվանդություն է և ամեն մարդ այն տանում է յուրովի:
    Ահա որոշ կետեր,եթե առաջադրված կետերից 4-5 համընկնում են ձեր հոգեվիճակին, ապա այնուամենայնիվ այցելեք հոգեբանին գոնե պարզապես խորհրդատվության համար:
    1.Եթե անընդհատ թախծում ես, կա տագնապ,կամ դատարկության զգացում
    2.Եթե կա անքնություն
    3.Քնկոտություն
    4.Ախորժակի անկում և հակառակը
    5.Անհանգստություն և դյուրագրգիռ վիճակ
    6.Ֆիզիկական անհանգստություն (թվում է գլուխդ է ցավում,փորդ է ցավում,վատ ես մարսում և այլն)
    7.Անուշադրություն
    8.Դժվարանում ես որոշում կայացնել
    9.Մտապահել ցանկացած բան
    10.Զգում ես էներգիայի սպառում,հոգնածության զգացում
    11.Մեղքի զգացում
    12.Հուսահատություն
    13.Մտքեր մահվան մասին և ինքնասպանության ցանկություն:
    Մարդն ինքնուրույն կարող է ազատվել դեպրեսիայից, եթե նա գիտակցաբար մոտենա դրան և եթե այն դեռ չի խորացել:

    Աղբյուր` http://msheci.wordpress.com/2011/12/...D%D5%AB%D5%A1/
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

    Comment


    • #3
      ,,Օրեր,,ի գլխավոր խմբագրի զրույցը հայտնի հոգեբան, գրող Էլդա Գրինի հետ
      – Տիկին Էլդա, դուք երկար ճանապարհ եք անցել իբրեւ հոգեբան եւ արձակագիր։ Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում Ձեր անցած ուղին։
      -Բանն այն է, որ ես մի կողմից լուրջ եմ ընդունել, որ գրում եմ, միեւնույն ժամանակ ինձ թվում էր, որ ամեն ինչ կատարվում է ինքնաբուխ, եւ ես կարողանում էի մի փոքր ժամանակ հատկացնել իմ ստեղծագործությանը։ Ես ունեցել եւ դաստիարակել եմ չորս երեխա, որոնց շատ էի սիրում, միաժամանակ աշխատում էի եւ իբրեւ հոգեբան նվիրված էի իմ գործին ու միշտ կատակով ասում էի, որ աշխատում եմ երկու ամանների արանքում։ Այսինքն գործի հետ մեկտեղ հանկարծ իմ մեջ ինչ որ բան արթնանում էր եւ ես գրում էի։ Ստեղծագործական պահերը լինում էին բոլորից աննկատ։ Ամեն մի մարդ ունի իր դրական ու բացասական կողմերը եւ կյանքում չի եղել, որ հյուր գար տուն, եւ ես ասեի զբաղված եմ ինչ որ գրական երկ գրելով, եւ մարդ չընդունեի։ Միշտ ժպիտով եմ ընդունում։ Երբեք ոչ ոք չի զգացել, թե ես ինչպես եմ գրում։ Դրա համար է միգուցե, որ ես չեմ կարողացել գրել վեպեր, այլ գրել եմ փոքրիկ պատմվածքներ, որովհետեւ ժամանակս սուղ է եղել։ Ես գրում էի արագ, կարճ, եւ հետո չէի էլ խմբագրում, որովհետեւ ժամանակ չունեի։ Մյուս կողմից դեռ փոքր հասակից հայրս ինձ ներշնչել էր, որ ես գրող եմ։ Կար մի հոյակապ ամերիկացի հոգեբան Էրիկ Բեռն, որն ասում էր, թե ամեն մարդ ունի տարբեր բախտ, եւ դա կախված է նաեւ նրանից, թե փոքր ժամանակ իրենց ծնողներն իրենց համար ինչ կյանքի սցենար են ստեղծել, երբեմն նույնիսկ չգիտակցված։ Հայրս որոշել էր, որ ես գրող կդառնամ, քանի որ փոքր հասակից բանաստեղծություններ էի գրում։ Դրանք միամիտ բանաստեղծություններ էին, բայց բոլորին դուր էին գալիս։ Երբ ես Մոսկվայի Բոտկինի անվան սուր վարակիչ հիվանդանոցում պառկած էի, իմ ,,Երեք ճանճ,, բանստեղծությունը շրջանակի մեջ էին դրել եւ փակցրել պատից։ Ու ես արդեն ինձ պատկերացնում էի գրող։ Սակայն այդ վիճակը կարճ տեւեց, քանի որ 1937-ին Մոսկվայում հորս ձերբակալեցին իբրեւ ժողովրդի թշնամի, եւ մենք տեղափոխվեցինք Երեւան։
      -Դուք Մոսկվայո՞ւմ եք ծնվել։
      – Ես ծնվել եմ Թիֆլիսում, քանի որ մորս ծնողներն այնտեղ էին ապրում եւ միշտ ծննդաբերության ժամանակ նա գնում էր Թիֆլիս, որ ծնողները օգնեն։ Հետո նորից մեկ ամսից վերադառնում էր Մոսկվա։ Իմ մանկությունն ու ուսումնական առաջին տարիներն ապրեցի Մոսկվայում՝ մինչեւ հորս ձերբակալությունը։
      -Իսկ ի՞նչ էր աշխատում ձեր հայրը։
      – Հայրս՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը բարձր պաշտոններ է ունեցել։ Գիտնական էր՝ նավթի խոշոր մասնագետ։ Նա նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր եւ Լեռնային ակադեմիայի պրոֆեսոր, դասավանդում էր նաեւ քաղաքատնտեսություն։ Նրա ձերբակալությունից հետո մորաքույրս համոզեց, որ տեղափոխվենք Հայաստան։ Երեւանում էլ մորս կուսակցությունից հանեցին։ Բայց ինչպես ասում են՝ չկար չարիք, առանց բարիքի։ Այլապես ես հայ չէի լինի։ Մոսկվայում մենք լրիվ ռուս էինք մեծանում՝ ես եւ եղբայրս։
      – Բայց դուք հայ եք, չէ՞։
      -Այո, մենք մաքուր հայ ենք։ Միայն մորս կողմից տատիկիս ազգության մեջ կա վրացական ու իտալական արյուն։ Մի խոսքով, Երեւանում մենք սովորեցինք հայերեն, ինչի համար ես շատ ուրախ եմ, քանզի շատ եմ սիրում մեր լեզուն եւ գնահատում նրա յուրահատուկ առանձնահատկությունները։ Ես երջանիկ եմ, որ հասկացա, թե հայն իրենից ի՞նչ է ներկայացնում, հայի լավն ու վատը որն են։ Հայի լավը բարձր եմ գնահատում, նաեւ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ մեր ավանդույթներից շատերը անհետանում են։ Մենք չգիտեմ ինչու փորձում ենք ընդօրինակել Ամերիկային կամ Եվրոպային
      -Օրինակ ի՞նչ ավանդույթներ են անհետանում։
      -Ասեմ։ Օրինակ, հայ ազգը հնագույն ազգերից մեկն է եւ գոյատեւել է հազարամյակներ, որովհետեւ ընտանեկան ավանդույթները շատ հստակ էին եւ կուռ։ Ավանդույթները շատ դրական կողմեր էին բերում իրենց հետ, հատկապես գոյատեւման համար։ Այսօր մենք այդ ամենը ջուրն ենք գցել եւ ընդօրինակում ենք կամ ավելի թեթեւ ենք վերաբերում ընտանեկան հարաբերություններին, ավելի ազատ, առանց հանդուրժողականության ու փոխըմբռման, առանց պատասխանատվության։ Մարում են նաեւ հայ կնոջ նկատմամբ ունեցած պահանջները։ Առաջ հայ կինը պետք է լիներ լավ տնտեսող, լավ տան տիրուհի, նա պետք է ունենար ոսկե ձեռքեր, ամեն ինչ պետք է կարողանար անել։ Ճգնաժամային տարիներին հենց հայ կանայք կարողացան փրկել մեր ընտանիքները, որովհետեւ տղամարդիկ զրկվեցին աշխատանքից, զրկվեցին հույսից եւ հայտնվեցին դեպրեսիվ վիճակում։ Ժամերով կարող էին նարդի խաղալ։ Իսկ կանայք, որ ուսուցիչներ էին կամ բժիշկներ, թխվածք էին թխում, վաճառում էին, գուլպա էին գործում, մի խոսքով հազար ու մի ելք էին փնտրում, եւ ինչ որ հույս էին տալիս իրենց ամուսիններին։ Հայ կնոջ ներքին ուժը, օջախը պահպանելու բնազդն ուժեղ էր։ Իսկ հիմա իր ժամանցն ուրախ անցկացնելու համար հայ կինը երեխային տանում է եւ հանձնում մանկատուն։ Նախկինում դա անհանդուրժելի էր։ Ես հիշում եմ պատերազմի ժամանակ մայրս նույնիկս մի փոքր հացը կիսում էր եւ տալիս ինձ ու եղբորս, բայց նրա մտքով չէր անցնի մեզ մանկատուն հանձնել։ Այսօր մանկատան երեխաների 50 տոկոսը ծնողներ ունեն, որոնք չեն ուզում պահել։ Դժվար է պահել, բան չունեմ ասելու։ Բայց պետք է նաեւ երեխաների մասին մտածել։

      -Իսկ որո՞նք են պատճառները՝ գլոբալիզացիան, եվրոպական կյանքի մուտքը Հայաստան, բարքերի փոփոխությունը։
      -Պատճառներն ավելի խորն են։ Մեր ընտանիքն էլ տուժել էր եւ հայրս աքսորում 12 տարի է անցկացրել։ Մեր նման հազարավոր ընտանիքներ են տուժել։ Բայց Խորհրդային Միությունը այնպիսի պայմաններ էր ստեղծում, որ դու պայքարես եւ դիմանաս։ Այսօր էլ, գնացեք կանանց գաղութ։ Մեր ազգային ավանդույթները նույնիսկ հանցագործ կանանց մոտ են պահպանվում։ Մյուս կողմից մի զարմանալի տենչ կա, որ մենք լինենք Եվրոպայի մասնիկը։ Անընդհատ մեր գլուխը թեքված է դեպի Եվրոպա։
      – Իբրեւ հոգեբան ինչպես կբացատրեք, որ Երեւանի մեջ, Բանգլադեշ թաղամասում կարող է թուրք գործարար ապրել եւ տանը հարեմի պես պահել երեք հայ կնոջ։ Դա ինձ համար անբացատրելի է։ Եթե դա Թուրքիայում լիներ, գոնե ինչ-որ կերպ հասկանալի կլիներ։ Բայց Հայաստանո՞ւմ։ Հոգեբանության տեսակետից ի՞նչ է կատարվում հայ կանանց հետ։
      – Կատարվում է այն, որ իրենց մոտ լրիվ դեֆորմացվել է հայ լինելու հպարտությունը, զգացողությունը, թե ի՞նչ է նշանակում հայ լինելը։ Դուք թուրքի օրինակն եք բերում, բայց նույն ձեւով բազմաթիվ հայ կանայք ամուսնանում են պարսիկների ու արաբների հետ եւ երեխաներ ունենում։ Եվ չի կարելի դա բացատրել միայն այն հանգամանքով, որ նրանք վատ են ապրում։ Նրանց մոտ տեղի է ունենում սոցիալական ՍՊԻԴ։ Այսինքն նրանք կորցնում են դիմադրողականությունը եւ սկսում են ընդունել այն, ինչը մերը չէ եւ ավանդական չէ, օտար է։ Նրանք արդեն կորցրել են այդ դիմադրողականությունը, դրա համար էլ զարհուրելի բաներ են տեղի ունենում։ Իրենք չեն գիտակցում իրենց հայ լինելը, եւ իբրեւ ժամանակակից էակներ իրենց ամեն ինչ թույլ են տալիս։ Այդ վիճակին հասցրեցին անկախության սկզբնական տարիները։ Ճգնաժամի պատճառով մարդիկ կորցրեցին միմյանց, իրենց ունեցվածքը, տարիներով կուտակածը, մարդկանց բանկերը թալանեցին, ծառերը հատեցին առանց խղճի։ Նայեք, այսօր Վանաձորում անտառներ չեն մնացել։ Այդ ժամանակ սկսվեց ամենաթողությունը եւ մարդու հոգեբանությունը դեֆորմացվեց։
      -Ձեր գրականության մեջ ո՞ր կնոջ կերպարն է գերիշխում՝ իդեալական, թե՞…
      – Իդեալական այդքան չէ։ Ուղղակի կան մի քանի պատմվածքներ, որոնցում տալիս եմ, որ կա ուժեղ սեր, որը չի անցնում։ Օրինակ, ,,Պարուրակ,, պատմվածքի հերոսուհին կորցնում է ամուսնուն եւ դրանից հետո դառնում է անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Հիմնականում ինձ հուզում է ժամանակակից կինը, եթե դա կենսագրական տարրեր չունի եւ եթե չեմ գալիս հնուց։ Դա կախված է, թե տվյալ պահին ի՞նչն է ինձ հուզում։
      -Դուք Ձեզ համարում ե՞ք երջանիկ։
      -Այո՛, թեեւ իմ կյանքը շատ ողբերգական է եղել, շատ դժվար օրեր ենք ունեցել։ Տեսել եմ հորս ձերբակալությունը, ամեն ինչ թողել ենք Մոսկվայում եւ Հայաստանում զրոյից նոր կյանք ենք սկսել։ Երեւանում իմացանք, թե ինչ բան է սովը։ Դրանից հետո իմ հարազատների մահը, կորուստները շատ են ազդել, իսկ թոռնիկիս՝ Էդգարչիկի մահը ահավոր մի բան էր։ Բայց չնայած այդ ամենին, ես ինձ երջանիկ կին եմ համարում։ Նախ ես կարծում եմ, որ եթե ծնվել ես այս երկնքի տակ, դա արդեն երջանկություն է, եւ եթե դժվար օրեր ես ապրում, դա էլ երջանկություն է եւ հասկանում ես, թե դժվարությունն ինչ է։ Ես օրինակ չէի ուզենա ապրել լրիվ անհոգ, առանց հոգսերի։ Որովհետեւ կյանքն իր հետ բերում է ամեն ինչ։ Եվ հետո ես երջանիկ եմ, որ ունեմ հոյակապ երեխաներ, որոնք օգուտ են բերում մեր ժողովրդին։ Դա շատ մեծ բան է ինձ համար։ Երջանիկ եմ, որ երեւի մեր ցեղում ստեղծագործական գործունեության գեն կա, որն ազնվացնում ու հարստացնում է մարդուն։ Այդպիսով, ես երջանիկ եմ։
      -Իբրեւ հոգեբան ի՞նչ կանխատեսում ունեք, մոտ ապագայում հայ կնոջ կերպարը ինչպիսի ձեւափոխումների կարող է ենթարկվել։
      -Ես մտահոգված եմ, որ գնալով հայ կինը արտաքնապես միգուցե ավելի գրավիչ է դառնում, բայց ներքուստ կորցնում է իր հեզությունը, համեստությունը եւ կանացիությունը։ Եթե առաջներում աղջիկը սպասում էր, որ իր դուռը գան ուզելու, ապա այժմ աղջիկներն իրենք են ակտիվորեն ընտրում։
      -Ձեր հարցազրույցներից մեկում այդ հարցում մեղադրում եք նաեւ տղամարդկանց։
      -Միգուցե տղամարդիկ էլ իրենց մեղքի բաժինն ունեն։ Բայց բոլոր դեպքերում հայ կինն առաջ ավելի հեզ էր ու ավելի կանացի։ Վարվելաձեւը եւ ներքնաշխարհն ավելի ուրիշ էր։ Այժմ միայն սեքսն է հետաքրքրում, մոռացել են սիրո մասին։ Սիրող մարդիկ վեր են ամեն ինչից։ Այդ զգացումը պետք է մեկ անգամ ապրել։ Ավելի լավ է դու սիրես, քեզ չսիրեն, քան բոլորը քեզ սիրեն եւ դու ոչ մեկի չսիրես։ Մարդ պետք է անպայման սիրո զգացմունքը ապրի։ Իսկ հիմա ամեն ինչը վերածել են վուլգար հարաբերությունների կամ սեքսի։ Ես խղճում եմ այդ մարդկանց։ Կարծես իրենք իրենց կողոպտում են։ Մարդը չի կարող միայն կենդանական բնազդներով ապրել։ Ցավոք, հեռուստատեսությամբ, ամեն տեղ այդ քաղաքականությունը հետեւողականորեն տանում են։ Դա ճնշում է նույնիսկ երեխաների վրա։
      -Ձեր անցած ճանապարհի հանրագումարից ելնելով,ինչպիսի՞ն կլինի ձեր խորհուրդը նոր սերնդին։
      -Անկախ նրանից թե ի՞նչ ազգի ներկայացուցիչ է, նա իր մեջ պետք է պահպանի մարդկայինը եւ դրա հետ չմոռանա իր հայ լինելը։ Գորկին էր ասել՝ ,,Մարդ բառը հնչում է հպարտ,,։ Այդ հպարտությունը զգացողն իրեն թույլ չի տա նսեմացնող քայլեր անել։ Այն, որ ինքը հայ է, երբեք չպետք է մոռանա։
      Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը
      Աղբյուրը՝http://orer.eu/hy/%D5%A7%D5%AC%D5%A4...-%D5%A6%D5%A3/
      Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 14-10-17, 23:08.
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment

      Working...
      X