Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Narine.
    replied
    Համո Սահյան

    Իմ կյանքը
    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ տիրություն անեմ,
    Ու ես անտեր մնամ:
    Ամեն, ամեն ինչ տամ,
    Տեղը ոչինչ չառնեմ,
    Ու քեզ ընկեր մնամ:

    Դու իմ արևն առար
    Եվ ուզեցիր, որ ես
    Շնորհակալ լինեմ,
    Ես անարև մնամ,
    Բայց քո բախտի համար
    Արևագալ լինեմ:

    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ թողնեմ ու գնամ,
    Բայց և քոնը լինեմ,
    Արցունքի մեջ մնամ
    Ու սգի մեջ մնամ,
    Եվ քո տոնը լինեմ:

    Դու ուզեցիր, որ ես
    Փոխվեմ հազար անգամ,
    Բայց և հինը լինեմ :
    Քեզ ուրիշին տվիր
    Եվ չուզեցիր անգամ,
    Որ ես իմը լինեմ:

    Դու ուզեցիր, որ ինձ
    Քո մեղքերով չափեմ
    Ու մեղքի տակ մնամ,
    Քո մեղքերի վրա
    Իմ աչքերը փակեմ
    Եվ անգիտակ մնամ:

    Գուշակեցեք, խնդրեմ,
    Մարգարեներ, հիմա,
    Ես ձեր ճորտը լինեմ,
    Թե մինչև երբ պիտի
    Ես իմ տան մեջ` միակ
    Ավելորդը լինեմ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մինասյան Նորա
    replied
    ՝Իմ չլինելուց ես չեմ վախենում,
    Ես չեմ վախենում իմ բաժին մահից:
    Սակայն ծնկներս դողում են անվերջ
    Մեր հոգնահանճար, բայց խեղճ ու անճար
    Մեր մոլորակի
    Անվախճանության վախճանի ահից:

    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Թողնել հաղորդագրություն:


  • Narine.
    replied
    Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում,
    Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն,
    Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ,
    Երբ մենք` հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանաց:

    Ու երբ գուսան- չալ կաքավն է ընկնում վանդակ,
    Իսկ երգ ասող,
    Նվագ հատող
    Մարդը դառնում... մեկենասի ձուլման քանդակ...

    Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ
    Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
    Պարույր Սևակ

    Թողնել հաղորդագրություն:


  • սուսան1965
    replied
    «....Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.

    — Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։

    — Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը։

    Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։

    Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։

    Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։

    Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո'ւց ճանաչում եմ քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…» /Ավ.Իս . /

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
    Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
    Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին.
    Բնի հաստությունն էլ իմաստ չունի....

    Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
    Հնում իր ուղին շեղած աշխարհում
    Իմաստունների թիվն այնքան է շատ,
    Որ իմաստությունն էլ իմաստ չունի:

    Համո Սահյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Վ. Հովհաննիսյան
    replied
    ԱՊՐԵԼ

    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
    ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
    թե ինքըդ քեզ արհամարհես
    ու համառես,
    քեզ հետ վիճի՛,
    քեզ չզիջի՛,
    համբերատար քեզ հետ խոսի՜,
    հակառակո՛ւմ քեզ համոզի
    ինքը... հզոր Հանրությունը...

    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ ուրիշի խինդով խնդաս,
    Որ ուրիշի ցնծությունով
    Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

    Լինես, մնաս ամենքի հետ,
    Նրանց կամքին հպատակվես,
    «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
    Նրանց ցավով լուռ տապակվես:

    Տրվես նրանց լույսի նման
    Եվ չխաբես՝ հույսի նման:
    Արշալույսի նման բացվես
    նրա՛նց համար,
    Վերջալույսի նման բացվես
    նրա՛նց համար:
    Թե լաց լինես՝ նրանց համար,
    Թե բաց լինես՝ նրանց համար:
    Եվ հա՜ց լինես նրանց համար՝
    հոգևոր հա՛ց,
    Քեզ նրանցով կյանքում զինես
    Եվ նրանցով կյանքում լինես
    ոգևորվա՜ծ:
    Եվ նրանցով կյանքում լինես
    թույլ կամ ուժեղ,
    Եվ նրանցով կյանքում լինես
    բույլ կամ մժեղ:
    Թշվառ՝ ինչպես անապաստան,
    Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
    Որ նրանց հետ մթնես - ամպես,
    Եվ նրանց հետ շանթարձակվես.
    Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
    Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
    Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
    Ինչպես նամակ և կամ բացիկ...

    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
    Կյանքդ խառնել նրանց կյանքին,
    Տառապանքդ՝ տառապանքին,
    Ջանքդ՝ ջանքին,
    Ցանքդ՝ ցանքին,
    Եվ ենթարկվել նրանց կամքին,
    Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
    Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...

    Պարույր Սևակ

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    ՏԱՐԻՆԵՐՍ
    Տարինե՜րս,տարինե՜րս,
    Ո՞ւր մնացին տարիներս,
    Կանաչ- կարմիր,
    Սև-սպիտակ տարիներս,
    Իմ սառն ու տաք,
    Ծուռ ու շիտակ
    Տարինե՜րս,տարինե՜րս:
    Ո՞ւր գնացին խեղճ ու կրակ,
    Ոտաբոբիկ տարիներս,
    Իմ թևավոր,իմ թևաբեկ
    Տարիներս
    Իմ սիրավոր,
    Իմ ձիավոր
    Տարիներս ու՞ր մնացին:
    Որքան ցավեր տվին, առան,,
    Որքան սևե՛ր,սևե՛ր,սևե՛ր,
    Տարինե՜րս,տարինե՜րս:
    Որքա՜ն չասված խոսքեր տարան,
    Որքա՜ն չասվածսերե՜ր,սերե՜ր,
    Տարիներս:
    Ո՞ւր գնացին,ինչպե՞ս անցան
    Քար քրքրող,երկինք խմթղ
    Տարինե՜րս,տարինե՜րս,
    Այս ինչքան շուտ վրա հասան
    Իմ ցուպավոր,
    Ասուպավոր տարիներս:
    Մեն մի օրով հավաքվեին
    Գային,գային
    Եվ աճյունիս վրա լային
    Իմ բախտավոր,
    Աղետավոր տարիներս,
    Կանաչ-կարմիր,սև, սպիտակ
    Ապրած բոլոր
    Տարինե՜րս,տարինե՜րս:
    Համո Սահյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԵՍ ԼՈԿ ՀԻՄԱ
    Դու ասում ես, թե սառել եմ,
    Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ
    Ու հիմա էլ... մթան մեջ եմ ես խարխափում։
    Իսկ ես կասեմ. ես քայլել եմ,
    Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,
    Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։

    Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
    Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
    Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,
    Երկու հարկով բարձր եմ ապրել,
    Ցած եմ իջել երկու հարկով,
    Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։

    Թե երբևէ խարխափել եմ՝
    Խարխափում եմ ես լոկ հիմա,
    Թե երբևէ սարսափել եմ՝
    Սարսափում եմ ես լոկ հիմա,
    Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝
    Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,
    Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ,
    Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ,
    Թե առանց քեզ, իմ կորա՜ծըս,
    Այս աշխարհի ինչն է պակաս...

    Պարույր Սևակ

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    Բուդդիստական առակ

    Աշակերտներից մեկը հարցրեց Բուդդային.
    -Եթե ինչ-որ մեկն ինձ խփի, ես ի՞նչ պետք է անեմ։
    Բուդդան պատասխանեց.
    -Եթե ծառի չոր ճյուղը ընկնի և հարվածի ձեզ, դուք ի՞նչ պետք է անեք։
    Աշակերտն ասաց.
    -Ես ի՞նչ պետք է անեմ։ Դա պարզ պատահականություն է, սոսկ համընկնում, որ ես ծառի տակ այն պահին հայտնվեցի, երբ նրանից ճյուղ էր ընկնում։
    Բուդդան ասաց.
    -Դե, ուրեմն, նույն բանն արեք։ Ինչ-որ մեկը խելագարված էր, զայրացած էր և խփեց ձեզ։ Դա նույնն է, թե ծառից ճյուղ ընկավ ձեզ վրա։ Թող դա ձեզ չհուզի, պարզապես գնացեք ձեր ճանապարհով, ասես ոչինչ էլ չի պատահել։

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    Հովհաննես Թումանյան
    ՏՐՏՈՒՆՋ



    Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
    Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
    Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
    Գերեզմանների շարքերի միջով։


    Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
    Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
    Օտար ու մենակ անցվորի նըման,
    Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։

    Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
    Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
    Անտարբեր գալիք երջանիկ օրին,
    Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

    Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ,
    Անսիրտ, փոքրոգի, գըծծի ու կոպիտ.
    Մեռնում են, մարում նըրանց հայացքից
    Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։

    Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
    Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
    Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
    Էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...

    Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
    Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
    Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
    Գերեզմանների շարքերի միջով։

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    Որքան քամած քնքշություն,
    Քամած քրտինք տվի քեզ,
    Եվ օրհնեցի քեզ թաքուն,
    Եվ նախատինք տվի քեզ։
    Հիմա նստել ծանրացած,
    Ծանր ու թեթև եմ անում,
    Թե քո բուռ-բուռ տվածից
    Քանի՞ հատիկ տվի քեզ։

    Համո Սահյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    ԱՌԱԿ
    Մի մեծահարուստ մարդ Սենգային խնդրեց ինչ-որ բան գրել, որ նրա ընտանիքի բարգավաճումը շարունակվի սերնդից սերունդ։ Սենգայը մեծ թուղթ վերցրեց ու գրեց.
    <Հայրը մեռավ, որդին մեռավ, թոռը մեռավ>։
    Մեծահարուստը զարմացավ.
    -Ես քեզ խնդրեցի իմ ընտանիքի երջանկության համար ինչ-որ բան գրել։ Ինչու՞ ես դու այսպիսի հիմար ձևով կատակում։
    -Ես չեմ պատրաստվում կատակել,- բացատրեց Սենգայտ։ -Եթե քո որդին քեզանից շուտ մեռնի, դա քեզ շատ կվշտացնի։ Եթե քո թոռը քո որդուց շուտ մեռնի, ապա դա կկոտրի ձեր երկուսի սիրտը։ Եթե քո ընտանիքում սերնդից սերունդ մեռնեն այն հաջորդականությամբ, որը ես եմ գրել, ապա դա կյանքի բնական ընթացք կլինի։ Ես դրան իսկական բարգավաճում եմ անվանում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Բարձրից

    Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
    Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
    Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
    Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։

    Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
    Մարդկային ամեն հընարքներից վեր,
    Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
    Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

    Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
    Անչար,անաչառ,անդորր ու անհույզ՝
    Պարզ,ամենատես հայացքովը նա
    Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

    Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ,անվե՜րջ,
    Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
    Եվ աստվածները նըրանց զանազան,
    Եվ սուրբերը խիստ,խըտրող ու դաժան։

    Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
    Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
    Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
    Եվ կյանքը տանջանք,ցավ համատարած։

    Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու—
    Խոր,արարչական հանգիստն անխըռով,
    Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
    Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...

    Անպատում վըշտով վերըստին նայեց
    Իմ էս մեծ սըրտին՝աշխարհքից էլ մեծ,—
    Անսահմա՜ն աշխարհք,և սեր ընդհանուր
    Եվ մարդը ուրախ,և երգ ամենուր...

    Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—
    Խոր,արարչական հանգիստն անխըռով,
    Էնտեղ հանգչելու,էնտեղ շընչելու
    Էն մեծ խոհերով,էն անվերջ սիրով...

    Հ․Թումանյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    Կյանքիս կեսը հավատով,
    Կեսն` անհավատ ապրեցի,
    Մի օր բախտի մեջ կորած,
    Մի օր վհատ ապրեցի:
    Ինչ որ նվեր էր բերել,
    Հիմա տուգանք է տանում,
    Աստված մեղք է համարում,
    Որ այսքան շատ ապրեցի:
    Համո Սահյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Լ ի ա
    replied
    Այս աշխարհում ես ապրեցի
    Աշխարհի հետ
    Եվ ինքս ինձ հետ կռիվ տալով,
    Ինչ ունեի ցրիվ տալով,
    Բեռ-բեռ, բուռ-բուռ լրիվ տալով
    Մինչև անգամ նրանց, ովքեր
    Հետո պիտի ուրանային...
    Այս աշխարհում ես ապրեցի,
    Ավաղ, քարին քացի տալով,
    Աչքս հազար լացի տալով,
    Հոգի տալով հազար անգամ,
    Հազար անգամ դարձի գալով,
    Դարձի գալով ես ապրեցի:
    Ինձ կշռելով ու չափելով,
    Իմ անբաժան անքնությամբ
    Գիշերներս կրճատելով,
    Խարույկի պես ճարճատելով,
    Ծուխը բոցից,
    Բոցը մոխրից անջատելով,
    Իմ ջանքերով գերերկրային
    Գերերկրային տանջանքներով,
    Տանջանքներով ես ապրեցի:
    Այս աշխարհում ես ապրեցի
    Այս աշխարհի մեղքի համար
    Ինձ մեղավոր ճանաչելով,
    Եվ իմ չարած, բայց ինչ արած,
    Հնարավոր մեղքի համար
    Ինքս ինձանից ամաչելով,
    Ամաչելով ես ապրեցի:
    Այս աշխարհում ես ապրեցի
    Ամեն տեսակ
    Տաք ու պաղից ճաքճքելով,
    Ամեն ինչից ինձ զրկելով,
    Ինձ ժխտելով ու լքելով,
    Բայց վերջնական կործանումից
    Ու կորուստից ինձ փրկելով,
    Ինձ փրկելով ես ապրեցի...
    Այս աշխարհում ես ապրեցի
    Այս աշխարհի բախտի համար
    Իմ մատները մոմ անելով
    Ու վառելով,
    Չարածներիս համար անվերջ
    Ես ինքս ինձ չարչարելով,
    Ինձ կորցնելով ու ճարելով,
    Մեկին հազար վճարելով,
    Վճարելով ես ապրեցի:
    Այս աշխարհում ես ապրեցի
    Պարտք առնելով ու մարելով,
    Ցավը ցավին գումարելով,
    Լավը լավին գումարելով,
    Գլուխս կախ, առամց ճառի...
    Եվ ինչ էլ որ արի չարի,
    Իմ անճարակ, խեղճ ու կրակ
    Լուսահոգի պապիս ասած,
    <Գալս եղավ ճարահատյալ,
    Եվ մնալս վայնաչարի>...
    Եվ վերջապես
    Իմ ուժերի ներածի չափ,
    Այս աշխարհում ապրեցի ես
    Ինքս ինձ պես, ինքս ինձ պես:


    Համո Սահյան

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X