Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հով եմ արել

    Հով եմ արել սրան-նրան,
    Հով լինելս չեմ զգացել,
    Ինձ ասել են,
    Չեմ ճանաչել հուն ու սահման,
    Ծով լինելս չեմ զգացել,
    Ինձ ասել են։

    Բախտն ինձ շատ է խփել քարի,
    Բայց այնքան եմ եղել բարի,
    Որ նրա հետ այսքան տարի
    Խոով լինելս չեմ զգացել,
    Ինձ ասել են։

    Մեկն իմ աչքի փուշն է հանել,
    Մեկն իմ խոսքից մեղր է քամել…
    Մեկն էլ անվերջ միսս ծամել,
    Համով լինելս չեմ զգացել,
    Ինձ ասել են։

    Փոխս չեմ ընկել, ինչքան որ կամ,
    Ոչ ոքի հետ ոչ մի անգամ,
    Բայց, ի՞նչ արած, մինչև անգամ
    Ով լինելս չեմ զգացել,
    Ինձ ասել են։
    Համո Սահյան

    Comment


    • #17
      ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

      Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
      Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
      Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
      Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

      Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
      Մանուկներն էլի կխաղան բակում,
      Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
      Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

      Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
      Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
      Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
      Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
      Համո Սահյան

      Comment


      • #18
        Ինչ արած, մարդ եմ

        Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
        Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
        Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
        Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

        Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
        Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
        Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
        Դեռ թիապարտ եմ։

        Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
        Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
        Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
        Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

        Հավիտենության լծորդն եմ անդուլ,
        Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
        Փոթորիկներ են եռում հատակիս,
        Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

        Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
        Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
        Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
        Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
        Համո Սահյան

        Comment


        • #19
          Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ

          Ի՞նչ պատահեց, այս ո՞ւր հասար,
          Ասա, ես ի՞նչ անեմ:
          Բեր ցավերդ, հոգնած աշխարհ,
          Դիր շալակիս, տանեմ:

          Աստված բախտի տունն ավերի…
          Հատիկները գարու
          Ասում են, թե ավելի
          Սեւ օրեր են գալու:

          Խեղճուկրակ իմ երեխա,
          Աչքս աչքիդ հառեմ,
          Նստեցնեմ ծնկիս վրա,
          Մատիդ փուշը հանեմ:

          Իմ ալեհեր-ալեւորիկ,
          Ոտքերն ընկնեմ սրբիդ…
          Պահիր, դու իմ միամորիկ,
          Հանեմ փուշը սրտիդ…

          Ինչքան էլ որ փշերն անլուր
          Տանջեն քեզ չարաչար,
          Դու աչքի փուշ չես դառնալու,
          Աչքիս լույսն ես, աշխարհ:

          Փշեր, գարի, սեւեր… նրանց
          Ո՞վ է շան տեղ դնում:
          Սեւի միջով ուղիդ բռնած
          Դեպի լույսն ես գնում:

          Ի՞նչ պատահեց, այդ ո՞ւր հասար,
          Ասա, ես ի՞նչ անեմ:
          Բեր ցավերդ, հոգնած աշխարհ,
          Դիր շալակիս, տանեմ…
          Համո Սահյան

          Comment


          • #20
            Ախ, իմ խոնարհ, խելոք,
            Խելացնոր աշխարհ,
            Միշտ երեխա, միշտ ծեր,
            Միշտ հին ու նոր աշխարհ:
            Հանճարներ ես ծնում
            Եվ մնում ես էլի
            Ապաշնորհների
            Մենաշնորհ, աշխա՛րհ:
            Համո Սահյան

            Comment


            • #21
              ԻՄ ՔԱՐԱՓՆԵՐՆ ՈՒ ԵՍ

              Ձեր լռությունը զնգում,
              Զրնգում է ձորով մեկ,
              Ձեր լռության համերգում
              Ինձ բացակա չդնեք:

              Համբերություն եմ ասում,
              Ակնարկներս կրկնեք,
              Համբերության հանդեսում
              Ինձ բացակա չդնեք:

              Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
              Քնով չանցնեք, չքնեք:
              Քնեցիք էլ, արթնացաք,
              Ինձ բացակա չդնեք:

              Թվում է, թե կամենաք,
              Մի օր երկինք կթռնեք…
              Ձեր թռիչքի ժամանակ
              Ինձ բացակա չդնեք:

              Ձեր պնդության պաշարով
              Դուք աշխարհներ կսնեք,
              Իմ մեղմության պատճառով
              Ինձ բացակա չդնեք:

              Ես եմ քարե պատարագ
              Ձեզնից սերված, ընդունեք,
              Դուք, ձեր կամքին հակառակ,
              Ինձ բացակա չդնեք:

              Ոչ խոստումներ, ոչ երդում,
              Չսպասեք ու չքննեք…
              Անվերջ, անշարժ ձեր երթում
              Ինձ բացակա չդնեք:
              Համո Սահյան

              Comment


              • #22
                ԱՂՈԹԵՄ

                Ինձ համար ամեն ինչ կորած է,
                Էլ ոչ ոք եւ ոչինչ ես չունեմ:
                Ծամում եմ իմ բաժին չոր հացը,
                Եվ քունս չի տանում, որ քնեմ:

                -Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
                Երեւի հոգեւարք է ապրում:-
                Ասում են.- Այդքանը դեռ քիչ է,
                Արժանի պատիժը չի կրում:

                Փոխվել են դերերն ու տեղերը,
                Բայց նույնն է երախը վիշապի…
                Սրա՞նք են այս երկրի տերերը,
                Աղոթեմ, որ մահս շտապի…

                Որքան հող կա, որքան երկինք
                Ցորենի մեջ այս մի հատիկ:
                Այս մի հատիկ ցորենի մեջ՝
                Քանի հազար սկիզբ ու վերջ:
                Համո Սահյան

                Comment


                • #23
                  Մերոնք նստել են իրիկնահացի:
                  Տատս շերեփով բոլորին հերթով
                  Վարձն է հատուցում օրվա արածի:
                  Նստել են նրանք լուռ, առանց բառի
                  Եվ փչում են, որ ապուրը սառի:
                  Նստել են… մենակ ես եմ բացակա:
                  Եվ տատն ասում է.
                  -Ուշացավ: Ոչինչ: Ուր որ է կգա:
                  Եվ պապն ասում է.
                  -Օրհնվի ճամփան, օրհնանքս վկա,
                  Լավ կանի՝ չգա,
                  Մեր գերդաստանի պատվիրակն է նա
                  Լույս աշխարհի մեջ,
                  Ուր սիրտը կուզի, թող այնտեղ գնա,
                  Նա էլ որ եկավ, նորից կմեռնենք,
                  Լույս աշխարհում մեզ հիշող չի մնա:
                  Համո Սահյան

                  Comment


                  • #24
                    Երեխայի պես

                    Հացից խռոված երեխայի պես,
                    Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
                    Քունս թռցրել, բայց արի ու տես,
                    Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

                    Ամենքի համար ամեն ինչ արել,
                    Նստել արածիս վարձին եմ նայում.
                    Գժված գլուխս ափիս մեջ առել,
                    Անցած օրերիս դարձին եմ նայում:
                    Համո Սահյան

                    Comment


                    • #25
                      ՎԱԽԸ

                      Ես ընկել եմ յաթաղանից,
                      Բայց ապրում եմ ու կամ,
                      Չեմ վախենում կախաղանից,
                      Քառատումից անգամ:

                      Կուզեք, տարեք թաղեք ողջ-ողջ,
                      Չեմ վախենում մահից,
                      Վախենում եմ խանդից կնոջ
                      ԵՎ ընկերոջ դավից:

                      Չեմ վախենում հուր ու ծխից,
                      Հեղեղներից հորդուն,
                      Վախենում եմ պարապ գլխից
                      ԵՎ պարապից հոգու:

                      Վախենում եմ ես նրանից,
                      Վախից սիրտս է մարում,
                      Ով ուշացած վարձս տալիս,
                      Ու վարձք է համարում:

                      Վախենում եմ, երբ մեկն, ավաղ,
                      Չի ամաչում հորից,
                      Ամաչում է, երբ խոսում են
                      Իրեն ծնող հողից...

                      Դողում եմ, երբ մեկը խոսում
                      Իր հայրական «բաղից»,
                      ԵՎ մոր կաթի համ չի առնում
                      Իր մայրենի բառից:

                      Չեմ վախենում կախաղանից,
                      Քառատումից անգամ,
                      Ես ընկել եմ յաթաղանից
                      ԵՎ ապրում եմ ու կամ:

                      Համո Սահյան

                      Comment


                      • #26
                        Ոտքս տալով հազար սարի,
                        Տալով հազար սար ու քարի,
                        Հող ու երկինք իրար տալով,
                        Ամեն մեկին հավատալով,
                        Հարցրել եմ ում պատահի.
                        -Որտե՞ղ փնտրեմ բախտս բարի,
                        Ծովով գնամ, թե անտառով,
                        Մի հի՞ն, թե նոր ճանապարհով։
                        Պատասխանը մեկն է եղել.
                        -Գնա, որտեղ միտքդ տանի,
                        Մեկ է, թե որ ճանապարհով. . .
                        Շտապել ես հազար տարի,
                        Ուշացել ես հազար տարով։
                        Համո Սահյան

                        Comment


                        • #27
                          Ինձ հաճախ այնպես է թվում,
                          Որ կյանքս տանուլ եմ տվել,
                          Օրերս քամուն եմ տվել,
                          Սերերս տվել եմ ջրին...
                          Նայում եմ սրտին իմ լցված,
                          Նայում եմ դատարկ իմ բռին,
                          Եվ հաճախ այնպես է թվում,
                          Թե կյանքս տանուլ եմ տվել։
                          Կռվելիս կռվել եմ սրտով,
                          Տրվելիս սրտով եմ տրվել,
                          Տաղերս ցրիվ եմ տվել,
                          Տարել եմ ցավերս լռին...
                          Բայց հաճախ այնպես է թվում,
                          Թե կյանքս տանուլ եմ տվել,
                          Օրերս քամուն եմ տվել,
                          Սերերս տվել եմ ջրին...
                          Համո Սահյան

                          Comment


                          • #28
                            Գերզգայուն եմ վերջերս մի քիչ,
                            Սիրտ է, մեկ-մեկ էլ բարակ է մանում,
                            Կայծեր է տալիս, կրակ է հանում,
                            Գերզգայուն եմ վերջերս մի քիչ։
                            Արցունք եմ տեսնում, լսում եմ մի ճիչ,
                            Արցունքս պահել չեմ կարողանում...
                            Գերզգայուն եմ վերջերս մի քիչ.
                            Սիրտ է, մեկ-մեկ էլ բարակ է մանում։
                            Համո Սահյան

                            Comment


                            • #29
                              Լույսը դռանն է մնում,
                              Ներս չի մտնում առանց քեզ։
                              Ման եմ գալիս ինձ գտնեմ,
                              Եվ չեմ գտնում առանց քեզ։
                              Երբ որ հեռու ես այդքան,
                              Դու ավելի ես ինձ մոտ,
                              Ոչ մի օրս չի բացվում
                              Ու չի մթնում առանց քեզ։
                              Համո Սահյան

                              Comment


                              • #30
                                ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

                                Շուրթերիս վրա դեռ չի դողացել
                                Ոչ մի սուտ երդում։
                                Սուտ երդումները միայն մեղավոր
                                Շուրթերն են սերտում։
                                Իմ երգերի մեջ խոսքերն եմ հյուսել
                                Ես ճշմարտության,
                                Այնպես եմ հյուսել, ինչպես իմ համեստ
                                Շնորհքն է ներում,
                                Դրա համար էլ կուրծքս չեմ ծեծել,
                                Որ ինձ հավատան,
                                Դրա համար էլ երդում չեմ կերել
                                Ես իմ երգերում։
                                Ինչ որ գրել եմ, ես իմ կրակված
                                Սրտով եմ գրել,
                                Կրակված սրտով փառաբանել եմ
                                Արդարն ու բարին։
                                Ոչ ոք աշխարհում ինձ ոչ մի անգամ
                                Չի հարկադրել, որ իմ երգերում
                                Ես ուրախանամ տխրության պահին։
                                Ոչ, չեմ մեղանչի ես իմ խղճի դեմ,
                                Ես իմ խղճին եմ պատասխանատու,
                                Իմ երգերի մեջ խոսքեր եմ հյուսում
                                Ես ճշմարտության։
                                Եվ դրա համար կուրծքս չեմ ծեծում,
                                Որ ինձ հավատան։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information