Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ՝ԲԱՐԻ ՀՍԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ի՛նչ չի սիրում և չի՛ կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: Բայց այս ամենը ջերմացած է սրտի այնպիսի մի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում:

    Պարույր Սևակ

    Comment


    • #17
      Զարմանալի շռայլ է Սարոյանը, ու ինձ թվում է, թե հսկայական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց:
      Քսանական թվականներուն էր, դեռ մանչ էի: Ազգական մը ունեինք` Կարապետ Սարոյան: Ունևոր մարդ էր: Օր մը բարեգործականի մարդիկ անոր քով եկան, թե «Կարապե՛տ, դրա՛մ տուր»: «Որու՞ն համար է», հարցուց: «Որբերուն համար է», ըսին: «Է, եթե որբերուն համար է, կուտամ»: Մարդը տվավ:
      Անցավ տասը, թե ավելի տարի, չեմ հիշեր: Բարեգործականի նույն մարդիկ դարձյալ եկան, թե` «Կարապե՛տ, դրամ տուր»: «Որու՞ն համար է»: «Որբերուն»: «Եղբա՛յր, այդ որբերը չմեծցա՞ն»: «Այս էլ որբերուս որբերուն համար է», ըսին:
      ատանկ է, մենք բոլորս մինչև հիմա ալ որբ ենք:
      Վիլյամ Սարոյան
      -Երբ Պոլիս իջա, ինքնաթիռին մեջ թուրք ժուռնալիստներ շրջապատեցին ինձի ու սկսեցին հարցերու տարափ տեղալ գլխուս: Գիտեին, անշուշտ, որ հայ եմ: Մեջները գեղեցիկ ժուռնալիստուհի մը կար ու ինձի հարցուց. «Գիտենք, որ դուն կնոջմեդ բաժնվեր ես, կրնայի՞ր արդյոք, թրքուհու մը հետ ամուսնանալ»․․․։ «Ինչո՞ւ չէ, ըսի, բայց պայմանով, որ թրքուհին ձեզի պես գեղեցիկ ըլլա ու նաև կեր ու կուտ գիտնա, եփել-թափել գիտնա»․․․։ Թրքուհին անուշ մը ծիծաղեց: Կսպասեին, անշուշտ, որ ըսեի՝ ոչ, չեմ կրնար, քանի որ մենք վրեժ ունինք ձեր դեմ․․․ Վահագն, վրեժ աղվոր զգացմունք չէ, վրեժ կթունավորե մարդու արյունը, ու ապրելը դժվար կըլլա․․․։
      Վիլյամ Սարոյան
      Մերը վրեժ չէ, վարպետ մերը արդարության պահանջ է: Եթե նույնիսկ հնարավորություն ունենայինք վրեժ լուծել, չպիտի կարողանայինք, հայի բնածին բարությունն ու խիղճը թույլ չպիտի տային. վկան՝ Նարեկացին, վկան՝ Անդրանիկը․․․ Ինքդ ճանաչել ես Անդրանիկին, գիտես, որ ամբողջովին բարություն ու խիղճ էր: Եվ վրեժ չէր լուծում Անդրանիկը, պատժելով չարին, իր ժողովրդի, խիղճն ու բարությունն էր պաշտպանում․․․ Վրիժառուները չեն նայում, մանուկ է, կին, ծերունի, սպանում են անխնա: Որևէ փաստ կա՞, որ Անդրանիկը ձեռք տված լինի կնոջ կամ երեխայի: Ոչ, չկա: Հակառակ փաստեր՝ ինչքան ուզեք․․․
      Վահագն Դավթյան
      -Պարո՛ն Սարոյան, Փարիզի կյանքեն ինչու՞ չեք գրեր:
      ։-Կյանքը ամեն տեղ նույնն է, քանի որ ինքդ նույնն ես: Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ և որտեղի մասին էլ որ գրեմ, նույնը պիտի գրեմ...

      Սարոյանի հետ շփվելը նման է արվեստի բարձր ոլորտների հետ շփվելու վայելքին։ Կավելացնեի, ավելի ճիշտ` կուղղեի, Սարոյան մարդը նման է արվեստի, բարձր արվեստի[1]։
      Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը սարոյանական զտարյուն պիես է, սարոյանական փիլիսոփայության, հոգեբանության, հարցադրումների ամբողջական մի աշխարհ, որ ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում ծավալվելով` հանդիսատեսի առաջ բացում է իր բարության, ազնվության, խորունկ ցավի ծալքերը, հնչեցնում ազնիվ բողոքի ձայնը[2]։
      Բռնություն գոյություն ունի։ Եվ դու, իհարկե, հիշեցրու՛ այդ մասին։ Հիշեցրու՛ այլանդակությունների մասին։ Բայց անգամ դա սիրով արա։ Եվ ամենից առաջ շեշտի՛ր կեցության չպարզ ճշմարտությունը

      Comment


      • #18
        ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

        «Խաղողի այգին» բեմադրելու ընթացքում ես ո՛չ փառքի և ո՛չ էլ տապալման զգացումով չեմ համակվել: Գուցե անհարմար է ասել, բայց ոչ մի շեշտ չի կլանել ինձ այդ օրերին, ուղղակի անդադար զգացել եմ մի մեծ մարդու շունչը՝ հուզառատ, կենդանի ու տաք շունչը մեծն Վիլյամ Սարոյանի: Ես չգիտեմ՝ մանուկը ո՞ր հասակում է լինում այնքան երեխա, որքան եղավ Սարոյանը, երբ մանուկ էր, երբ պատանի էր, երբ երիտասարդ էր ու երբ հասակավոր: Գուցե մեր բոլորիս դժբախտությունն էլ հենց այդ է, որ մենք շուտ ենք հասունանում, շուտ ենք հրաժեշտ տալիս մանկությանը:
        Համենայն դեպս ես յոթ տարեկան հասակում ինձ զգացի հասուն (և դժբախտ), երբ առաջին անգամ «2» գնահատական ստացա դպրոցում: Եվ հետո այդպես հասուն ապրեցի իմ պատանեկությունը, իմ առաջին սերը, առաջին հաջողությունը և հաջողությունների շարքը նույնպես: Եվ հիմա՝ հիսունից բավականին անցած տարիքում, կարծես թե նորից գտել եմ մանկություն տանող մի երանավետ արահետ և սրտի խորհրդավոր մի բաբախյունով ընթանում եմ նրանով:
        Գուցե և բոլոր մյուսներիս սխալն էլ հենց այն է, որ մենք՝ հենց քայլքի սկզբից մեր քայլերն ուղղում ենք մեզանից դուրս: Քայլում ենք՝ ամեն քայլի հեռանալով մեզանից: Ու դառնում մի քիչ ուրիշ: Չափազանց այլ: Չափազանց սովորական ու միանման:
        Սարոյանն այնքան էր հրապուրված իր շրջապատով, իր Թագուհի մայրիկով, իր քեռի Արամով, բակի ջրհորով, նռնենիների պուրակով, այնքան էր տարված իր մանկությամբ, որ ժամ չգտավ, պահ չգտավ մեծանալու, հասունանալու: Երիտասարդանալու... Ծերանալու... Այլ դառնալու... Եվ մնաց Արամ, մնաց Վիլյամ, մնաց Սարոյան: Երբ պատմեց իր մասին: Հորինեց եղելությունը: Հորինեց ճշմարտությունը:
        Վիլյամ Սարոյանի բոլոր պատմվածքների և բոլոր պիեսների հերոսը ինքն է՝ հեղինակը: Այդ պատճառով, անկախ գործողության այս կամ այն վիճակից, ամենակարևորը նրա բառն է, խոսքը, իմաստը:
        Սարոյանը տարիք չունի: Իր ստեղծագործություններում նա միաժամանակ և՛ վեց տարեկան է, և՛ հարյուր վաթսուն տարեկան. նրա սիրտը բաբախում է մանկական ամենաառաջին հայտնագործությունների անհանգիստ ռիթմով և միաժամանակ աշխարհի բոլոր ցավերն ու ուրախությունները ապրած, իմաստնացած ծերունու հանդարտ ու համաչափ ռիթմով: Նա սիրում է բոլոր մարդկանց՝ չար ու բարի, նրա վրա մարդկային արատները չեն թողնում ոչ մի հետք: Սարոյանը կարծես մի ինչ-որ հրաշագործ ալքիմիկոսի ստեղծած նյութից է, որն ի վիճակի չէ իր մեջ պահելու չարը, անմարդկայինը: Եվ եթե որոնենք նրա ստեղծագործության մեջ որևէ անմարդկային բան, բոլոր ցավերի ու դժբախտությունների ակունքն ու պատճառը, կպարզվի, որ դա Աստվածն է և կամ իրականությունը, այսինքն՝ մի ուժ, որ անհատի շրջագծից դուրս է, շատ է հեռու անհատից, մարդուց...
        Ես երջանիկ եմ, որ կյանքիս ինչ-որ հատվածում եղա Սարոյանի ընթերցողը: Ես հպարտ եմ, որ կյանքիս ինչ-որ հատվածներում եղել եմ բեմադրիչը նրա պիեսի, նրա հրաշալի պատմվածաշարի: Եվ հիմա՝ հենց այս պահին ինձ թվաց, որ ինչ էլ կոչեն ինձ, քեզ, մեր ծնողներին, մեր զավակներին, մենք բոլորս ինչ-որ չափով, այնուամենայնիվ, Սարոյան ենք, մանուկ ենք, երեխա և իմաստուն այր:
        Մեր բոլորի անունը Արամ է:

        Comment


        • #19
          ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

          26 մայիսի, 1982 թ.
          Ժամը 17-ին օդանավակայան հասանք։ Քամի էր, անձրև էր կաթկթում։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ դա կարող է խանգարել, ըստ նախնական տեղեկության, ևս 15 րոպե, և օդանավը պետք է տեղ հասնի։ Բայց… հայտնեցին՝ եղանակի պատճառով Մինվոդի քաղաքում վայրէջք է կատարէլ։ Երևանում էլ անձրևի կաթկթոցը փոխվեց տեղատարափի, ու պարզ չէր, թե Սարոյանը ե՞րբ է հասնելու իր բաղձայի հանգրվանը։
          Սպասում։ Տխրություն և անորոշություն։
          Եվ ծայր առան հուշերը, որտե՞ղ են հանդիպել, երբ, ի՞նչ ասաց: Ինչ էր հագել, ինչ կերավ, ուր գնաց, ի՞նչ լիաթոք ծիծաղեց… Եթե գաղտնի կինոխցիկով նկարահանվեր, դա կլիներ ամենաանմիջական, ամենաջերմ ու հուզիչ հուշ-երեկո, որին երբևէ արժանացել է աշխարհի որևէ գրող։
          Սպասասրահում Սարոյանի երկրպագուներն էին. նրանք, որ չդիմացան ու գնացին, պատճառը հոգնությունն էր ու խոնավ ցուրտը։ Գրողները, լրագրողները, ռադիոյի, հեռուստատեսության, Սփյուռքի կոմիտեի աշխատողները, հուշերով և սպասումներով լցված, ներս ու դուրս էին անում։ Հորդ անձրևը երկարեց. Երևանը օդանավ չէր ընդունում։ Իսկ երբ մեզ մոտ երկինքը պարզվեց, հայտնեցին, որ ամպրոպ է սկսվել Մինվոդի քաղաքում։ Եվ այդպես՝ ութը ժամ։
          Գիշերվա ժամը մեկին օդանավը վայրէջք կատարեց։
          Սարոյանին էին բերում։ Լուռ Սարոյանին։ Հիմա պետք է ժպտար ու թևը լայն տարուբերեր` «Այսքան սպասե՞լ կըլլա»։ Սպիտակ անձրևանոցը պետք է քամուց փողփողար ու բեղի տակից ծիծաղի հետ խառը` «Չեղա՜վ, չեղա՛վ, անհանգստություն ըրի…»։ Այդ ամենի փոխարեն օդանավից իջան չորս հայեր, թանկագին մասունքը պարանակող ճամպրուկով։
          Հենց օդանավի առաջ, լուսանկարչական սարքերի առաջ, դիմավորողների բազմության առաջ Օշին Քեշիշյանը սափորը հանձնեց Վարդգես Պետրոսյանին։ Հետո, ինքնաբերաբար սափորը անցավ ձեռքից ձեռք։ Եվ ողջագուրվելու այդ կերպը շատ էր անսովոր ու ցավալի։ Երբեք չեմ մոռանա այն սառն այրոցը, որ զգացի, երբ ձեռքերս հպվեցին սափորին։
          Ավտոշարասյան առջևից գնում էին Ամերիկայից ժամանածները։
          «Արմենիա» հյուրանոց. այնտեղ Օշին Քեշիշյանը պատմեց, թե ինչքան դժվարություններ է անցկացրել, մինչև որ կարողացել է բոլոր խնդիրները կարգադրել ու գալ։
          Վաղը, ժամը 14-ին աճյունասափորը պետք է տեղափոխվի գրողների միություն։
          Գիշերը երկար ժամանակ չէի կարողանում քնել։ Հուշերը գալիս անցնում էին աչքերիս առջևով։ Մտածում էի. ահա Սարոյանը Երևանում է, և այդ մասին գիտե ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ Մեծն Սարոյանը, ազնիվ հոգին, բարի մխիթարողը։ Մեր ընտանիքում ինչքա՜ն օրեր ու ժամեր են լցված եղել Սարոյանով։ Ով որ հիվանդ էր լինում, նրա համար բարձրաձայն Սարոյան էինք կարդում։ Հիվանդի վիճակը թեթևացնելու դրանից էլ լավ միջո՞ց։
          Մի՞թե ամեն ինչ վերջ ունի, ինչպես որ, ահա, անմահ թվացող Սարոյանը մի բուռ հող դարձած եկավ խառնվելու իր պապենական երկրին։ Գիշերը ես երկար խոսում էի Սարոյանի և մեր մյուս անցավորների հետ։ Վիշտը չի մարում։ Վիշտը թմրում է, որպեսզի մարդը կարողանա դիմանալ։
          Աչքիս առաջից չէր հեռանում օդանավակայանը, որտեղ մենք ինչ ոգեղեն արարողության մասնակից եղանք։
          Տուն էր դառնում հարազատ որդին, աշխարհը ոտի տակ տված, իրենով աշխարհը լցրած որդին, որի ամենամեծ բաղձանքը նախնիների հողին խառնվելն էր։
          Ազգերը այսպես են հարատևում։
          Օտարամոլները, ինչքան էլ մեծ լինեն, գիսաստղ են, աստղից պոկված բեկորներ, որ օտարության մեջ մոռացության են տրվելու ժամանակի ընթացքում։ Դեպի աստղը ձգվող ու նրան ձուլվող բեկորներն են՝ ողջ թե մահացած, որ պայծառացնում են աստղը ու երկարացնում նրա կյանքը։
          Հայրենիքը աստղ է։ Հայրենիքը երկրպագության ամենից առավել արժանավորն է։
          Վիլյամ Սարոյան՝ մեր աչքի լույս, մեր թանկ հարազատ, որ շիրիմ ես ունենալու մայր հայրենիքում։
          Խոնարհվում եմ քո մարդկային մեծ հոգու առաջ, քո գրականության առաջ, հայրենի հողը քեզնով հարստացնելու քո կտակի առաջ։

          27 մայիսի, 1982թ.
          Ժամը 14-ն է։ Գրողների միությունում ենք։ Աճյունասափորը դրված է ծաղիկների մեջ։ Այդպես հանգիստ կառնի մինչև մայիսի 31-ը, երկուշաբթի՝ հուղարկավորության օրը։
          Օշին Քեշիշյանը սրտառուչ մի բան ասաց.
          — Ճանապարհին մենք մտահոգ էինք, ինչպե՞ս անենք, որ առանց քերծվածքի Սարոյանի աճյունները հասցնենք Հայաստան։ Ահա անվնաս տուն ենք եկել, մեր պարտքը համարում ենք կատարած։

          31 մայիսի, 1982թ.
          Վիլյամ Սարոյանի աճյունի հանձնումը մայր հողին։
          Հիմա, որ ամեն ինչ ավարտված է, և մեծ մարդու կտակը ի կատար է ածված, նոր եմ հասկանում, թե ինչ վիթխարի երևույթի ականատես եղանք։
          Վիլյամ Սարոյանը կշեռքի թեթև նժարին դրեց իր՝ ամերիկյան-համաշխարհային-աշխարհի շատ լեզուներով թարգմանված գրականությունը, իսկ նժարի ծանր կողմում …իր աճյունը հայրենիք տեղափոխելու իրողությամբ՝ անլռելի ձայնով ոչ միայն այսօր, այլև ապագա դարերի համար խոսեց Հայկական դատի մասին։
          Արդար, գեղեցիկ և ճշմարիտ։
          Նա ամերիկյան գրող էր դարձել «իր կամքից անկախ», իր ժողովրդի ճակատագրի բերումով։ Բայց նա Հայկական դատը պաշտպանեց ի՛ր կամքով։ Նրա մեջ դրված աստվածային շնորհը ծլարձակեց օտար հողում, բայց նրա հայկական ոգին վերադարձավ իր ստեղծողների բնօրրանը՝ նրան ուժ ու ավյուն հաղորդելու։
          Կոմիտասի անվան զբոսայգու հանգստարանում արարողությունն ավարտվեց շատ գեղեցիկ կերպով։
          Երբ ծաղկեպսակները քնքշորեն գրկել էին հողաթումբը, Լուսինե Զաքարյանը մոտեցավ և երգեց ամենասքանչելի երգերը։ Հնչեցին հոգևոր երգեր։ Հնչեց Կոմիտաս։ Երգչուհու գեղեցիկ ձայնը ղողանջում էր հանգստարանում, և ժողովուրդը պատկառանքով անցնում էր շիրիմի կողքով։
          Եկա՜ն ու եկան։ Անցա՜ն ու անցան… Ձեռնափայտին հենված ծերունիներ, գեղանի պատանիներ ու աղջիկներ, սպիտակամազ կանայք, մանուկներին գրկած մայրեր և երիտասարդնե՜ր, երիտասարդնե՜ր։ Սարոյանի երկրպագուներին վերջ չկար։
          Լուսինեի կողքին կանգնած էր սևազգեստ հոգևորականը, և նրա ներկայությունը, երգի ելևէջներին խառնված, մեր ազգային ավանդական ծեսը եղավ, ընծայված մեծ Սարոյանին։
          Երկար երգեց Լուսինեն, մարդիկ հեռանում էին, իրենց հոգիներում տանելով այդ զուլալ ղողանջը, իբրև սպեղանի մեծ կորստի։ Սարոյանական մի գեղեցիկ, ինքնաբուխ պատկեր էր դա, որ մխիթարեց ու խաղաղեցրեց ներկաներին, ու մարդիկ հանգստացած, հոգեպես հարստացած, ցրվեցին տները։

          5 նոյեմբերի, 1987 թ.
          Այսօր ուշացումով ստացանք «Շիրակ» ամսագրի հունիսյան համարը։ Այ քեզ ուրախության։ Անձամբ ինձ «Շիրակը» մեծ անակնկալ է մատուցել, տպագրել է Սարոյանի անծանոթ երկու պատմվածք և Հովհաննես Շէօհմելյանի «Սերն ու բարին և հայն ու հայկականը Սարոյանի գործերուն մեջ» արժեքավոր հոդվածը։
          «Ա»-ով սկսող Արլենն ու Արմենիան»։
          «Մանուկներու մահը»։
          Նուրբ, գեղեցիկ, ազնիվ, ուրախ, բայց և միաժամանակ տխուր, սրամիտ, բայց և շա՜տ միամիտ Սարոյանն է եկել մեզ հյուր։
          Եվ «Շիրակը» ձեռքից ձեռք է անցնում։ Եվ շնորհակալ ենք անչափ, որ Սարոյանը իր մաքուր ձայնով խոսում է մեզ հետ, ասում է բաներ, որոնք վերաբերում են մեզ՝ բոլոր հայերիս, հայրենիքում թե սփյուռքում։
          «Հասկացա թե մեր երկրէն՝ հայրենիքէն եկած էր։ Տեսած էր ինչ-որ կատարուած էր հոն եւ այս բոլորով հանդերձ տակավին կապրէր։ Իր փրկութեամբ փրկուած էին մեր քաղաքները, սարերը, դաշտերը, գետերը, ծառերը, եկեղեցիները, մեր ծիծաղը, երգը, եւ անոր միջոցով էր, որ մենք կը դառնայինք ժողովուրդ, ազգ ամբողջական և անմահ»։
          Այո, ամբողջական և միասնական, այդ է միայն, որ կարող է ապահովել մեր անմահությանը։

          Մարգո ՂՈԻԿԱՍՅԱՆ

          Comment


          • #20
            Ժամանակին Վիլյամ Սարոյանը և նույն ժամանակների մեկ այլ նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյը միմյանց հետ բուռն վեճեր են ունեցել և նրանց կռիվների մասին կան բազմաթիվ պատմություններ: Երբեմն մարդիկ՝ հասարակությունը, գրաքննադատները, լագրողները իրենք եին Սարոյան-Հեմինգուեյ վեճերը արհեստականորեն ավելի թեժացրել: Իրականում երկու գրողների ու նրանց փոխհարաբերություների մասին ավելի շատ խոսվել է քան եղել է իրականում:

            Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սարոյանը նոր էր մուտք գործել գրական աշխարհ: Քննադատները միանգամից նրա գրելաոճը նմանեցրին Սթայնբեքին ու Ֆոլքներին: Շատերն էլ զուգահեռներ տարան Հեմինգուեյի հետ, վերջինս այդ փաստն ընդհանրապես չէր ընդունում: Պատճառը գուցե այն էր, որ հենց առաջին լույս տեսած գրքի, իր «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում Շեվուրդ Անդերոնի անվան կողքին Սարոյանը հիշատակել էր նաև Հեմինգուեյին՝ իրեն բնորոշ անչար հեգնանքով: Այդ առթիվ Հեմինգուեյը պատասխանել էր հանրահայտ «Esquire» ամսագրում և այդտեղ Սարոյանին բնութագրել որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրողի, որին թվում է թե ինքը կարող է ինչ-որ փոփոխութըուններ անել:

            Նույնիսկ գրականագետների և լրագրողների համեմատականները սկսեցին ոչ միշտ Հեմինգուեյի օգտին աշխատել, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում մի այսպիսի տող հայտնվեց. «Ճիշտ է, գուցեև Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ ե ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»:

            Այս խոսքերը մեծ ճանաչում ձեռք բերեցին այդ ժամանականերում և դա դարձավ պատճառ, որ Հեմինգուեյի, Սարոյանին ուղված, ուսուցողական տոնով հոդվածի մեջ մասնավորապես ասվեր. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քո համար»: Պատահական չէր նաև, որ այս դիտարկումը Հեմինգուեյը արել էր գրող-ստեղծագործություն փոխհարաբերություն տեսանկյունից:Թերևս երկու գրողների ընդհանրությունը միայն անձնապես՝ սեփական փորձով ստուգածի ու ապրածի մասին գրելն էր: Սակայն Հեմինգուեյի «Կորուսյալ սերնդի» հերոսին հակադրվում էր Սարոյանի գրական հերոսը:

            1939թ-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար 32-ամյա Սարոյանը արժանացավ գրականության ամենահեղինաավոր Պուլիցերյան մրցանակի, որը կազմում էր 10.000 դոլար (այդ ժամանակ ահռելի գումար էր) և որից Սարոյանը հրաժարվում է՝(այդ ժամանակ Սարոյաննը և իր ընտանիքը կարիքի մեջ էին) պատճառաբանելով, որ պետությունը չպետք է միջամտի գրականության գործերին: Սարոյանի այս արարքը առաջացնում է ոչ միայն իր հակառակորդների, այլև առաջին հերթին իր ընտանիքի անդամների ու բարեկամների դժգոհությունը:Դրան հետևեց Հեմինգուեյի հեգնանքը: «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը: Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հետո Նոբելյան մրցանակ են ստանում»: Սինկլեր Լյուիսը հրաժարվել է Պուլիցորյանից և 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի:Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ: Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ:

            Իսկ Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի խոսքերն իր արարքների վերաբերյալ, և նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքը` ասելով. «Իրականում այն (պատմվածքը) ինձ դուր է գալիս… անգամ եթե նա ( Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ թույլ չի տալիս, որ դեպքի արագությունն իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա, ինչ խոսք, մեծ նվաճում է»: Իսկ Հեմինգուեյը պատասխանւմ է. «Աստված վկա է, պարոն Սարոյան, եղել են մարդիկ՝ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել: Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են»:

            1943 թվականը հաջողակ դարձավ միայն Սարոյանի համար: 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար նա արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Նույն թվին էկրան էր բարձրացել նաեւ Հեմինգուեյի «Ու՞մ համար է ղողանջում զանգը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ, ի դեպ, խաղում էր ազգությամբ հայ Ակիմ Թամիրովը և այդ ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել էր մրցանակի: Ֆիլմն առաջադրված էր 7 տարբեր անվանակարգերում, որոնցից ոչ մեկում Հեմինգուեյը ներառված չէր: Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջև խոնարհվեց ողջ Հոլիվուդը: Առհասարակ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն իր հաջողությամբ, կինոթատրոններում հաճախելիությամբ եւ ստացված հասույթով մի քանի անգամ գերազանցեց «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմին: Ու թեև մասնագիտական հաջողությունների պակաս Հեմինգուեյը չուներ, սա ևս մեկ անգամ ակամա լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում:


            Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում
            Պատմություններ կան նաեւ այն մասին, որ իբրև նրանց վեճերը երբեմն անցել են անգամ ծեծի: Ամենահայտնի պատմությունն այն է, որ հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, բացականչում է. «Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը»: Եվ այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, ու բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են սոսկալի ծեծկռտուք` ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը: Նման պահվածք սպասելի էր երկուսից էլ, քանի որ երկուսն էլ խառնվածքով շատ տաքարյուն էին, և գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի շատ կարևոր բայց: Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ, եւ անհնար էր, որ Հեմինգուեյի և Սարոյանի մասին շատ անգամ կեղծ պատմություններ գրող, անվերջ սենսացիաներ փնտրող այդ թվականների մամուլը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու մեծերի կռվին: Այդ ժամանակների համար դա իսկապես ցնցող սենսացիա էր: Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում տող անգամ չի գրվում այդ մասին: Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը, եւ թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը:

            Կա ծեծկռտուքի ևս մի պատմություն, որը շատերի կարծիքով նույնպես հորինված է: Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում ինչ-որ գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում բոհեմական հայտնի բարերից մեկում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով Հեմինգուեյը բացականչում է. «Ի˜նչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը»: Եվ իբրև դրանից հետո Սարոյանը սկսում է բռունցքներով հարվածել Հեմինգուեյին: Ըստ էության, այս պատմությունը ևս քիչ հավանական է․ Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ կնոջ հետ գտնվում էր Փարիզում: Սակայն Հայաստանում տված հարցազրույցներից մեկում Սարոյանն ամեն դեպքում խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ և ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ ազգային արժանապատվությունս վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Հեմինգուեյին Սարոյանը, եւ հետո հավելել, - բայց նա հարբած էր»:

            Ասում են նաև, որ Փարիզի սրճարաններից մեկում մինչև հիմա մի ցուցանակ է կախված, որի վրա գրված է․ «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»:

            Comment


            • #21
              ՀԱՅԻ ՍՐՏՈՎ ՀԱՎԵՐԺԱԽՈՍ ՍԱՐՈՅԱՆԸ

              Սարոյանի յուրաքանչյուր այցելություն Հայաստան տոն էր ժողովրդի համար: 1935-ին, արյան կանչով, առաջին անգամ եկավ Հայաստան, հենց որ «ճանապարհին համար դրամ» ունեցավ: 1978 թ. աշնանը Սարոյանը եկավ չորրորդ և, ավաղ, վերջին անգամ:
              Տողերիս հեղինակը երջանկություն է ունեցել գոնե հպանցիկ շփվելու Սարոյանի հետ:
              Սիրով թանկագին մասունքի պես պահում եմ այն ծոցատետրն ու գրիչը, որին Սարոյանի ձեռքն է դիպել:
              1978 թ. հոկտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի դահլիճը նման էր աշխույժ մեղվափեթակի: Սարոյանի ոգին ու ձայնն էր տիրաբար թևում դահլիճում: Հպարտությամբ էր խոսում ճշմարիտ հայերի ոգեղեն հարստությունների` խղճի, ազնվության, խիզախության, մաքրության ու բարության մասին: Ուսանողներին նա իր մտերիմ բարեկամները համարեց, մանավանդ որ «ինքս ալ երիտասարդ կզգամ ինձի…»:
              - Ձեր ամենաբարձր գրական հաճույքը,-հարցրին:
              - Աղվոր գիրք կարդալը,-պատասխանեց:
              Իր գրական ազդեցությունների և համակրությունների մասին տրված հարցերին պատասխանելիս նշեց Մարկ Տվենին, Դիկենսին, Ջեկ Լոնդոնին, Մոպասանին, Ուոլթ Ուիթմենին, Ջոյսին, Չեխովին, Գոգոլին:
              -Իսկ Շեքսպիր ու Տոլստոյ հետս կլինեն մինչև կյանքիս վերջը: Շատ ընդգծված ասաց նաև, որ «աշխարհը պիտի Նարեկացի իմանա…»:
              Հարցրին.
              -Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը:
              -Շատ կուզեի, որ աստված ըլլար,-ասաց, ձեռքերը վերև կարկառելով: Ես նրան կուզեմ մարդկանց շարքին մեջ տեսնիլ: Ու թե հանդիպեմ անոր, կըսեմ` «Բարև»:
              Վերջում ուսանող երիտասարդներին պատգամեց` երբեք չենթարկվեք հուսահատությանն ու հիասթափությանը:
              Քիչ անց ռեկտորատում հյուրընկալեցին Սարոյանին: Չուզեցի ձեռքից բաց թողնել բարեպատեհ առիթը և ինքս էլ ծանոթ լրագրողների հետ ներս մտա:
              Այստեղ դրության տերը կրկին Սարոյանն էր: Հրճվալի աղմուկով էլ լցվել ընդարձակ սրահը: Մանկան պես բերկրում էր Սարոյանը: Մեծ ախորժակով էր ճաշակում «հիանալի, պատվական» գինին ու մրգերը, այնպիսի ախորժակով, որ «աստվածն էլ տեսնի, զարմանա»: Աշխույժ, սրամիտ պատասխաններ էր տալիս իրեն շրջապատող պրոֆեսորների հարցերին, մակագրում նրանց ներկայացրած գրքերը:
              Սեղանից բաժանվելիս, մանկական անհոգությամբ, նա այդ պատկառելի մարդը, բոլոր գրպանները լցրեց շողշողուն տանձերով ու խնձորներով, ասելով.
              - Է՞, ես ձեզի նման չեմ ամչնար:
              Համալսարանի միջանցքով քայլում էր բոլորից արագ: Ու կրկին, կրկին տիրաբար որոտում էր նրա թավ ձայնը:
              Ելքի մոտ մի տարիքավոր մարդ Սարոյանին հարցրեց, թե ճի՞շտ է, որ տեսել է զորավար Անդրանիկին:
              -Այո, Ամերիկա սրճարանին մեջ նստած եմ: Սափրիչին մոտ ալ: Այն ատեն 14-15 տարեկան էի: Հետը զրուցել եմ: Զորավոր մարդ էր Անդրանիկ, սակայն կցավիմ, որ տխուր էր, քանզի հարցերուն միշտ լուրջ կպատասխաներ: Անդրանիկին մասին գրություն ունիմ:
              Ես խնդրեցի ինքնագիր թողնել ծոցատետրում: Սիրով կատարեց: Մի ուսանողուհի մոտեցավ, խնդրեց, որ Սարոյանը մակագրի հենց պայուսակի վրա: Սարոյանի ամերիկյան նրբագեղ գրիչը առաջին իսկ տառի վրա թաղվեց պայուսակի փափուկ կաշվի մեջ և որքան էլ փորձեց, այլևս առաջ չգնաց: Ես գրողին մեկնեցի իմ խորհրդային արտադրության կոպիտ ու հասարակ «երեք կոպեկանոց» գրիչը: Իմ գրիչը Սարոյանի ձեռքում ակոսելով այնպես սահուն գրեց, որ գրողը բարձրաձայնեց հիացմունքը:
              -Օ, սա ինչ աղվոր գրիչ է,-ասաց ու վերադարձրեց ինձ, իսկ պայուսակը` աղջկան:
              - Հիմա իմն է աշխարհի թանկ պայուսակը,-հուզված բացականչեց ուսանողուհին:
              -Աղվոր աղջիկս, անունդ ի՞նչ է, հո՞ս կսովրիս: Անգլերեն: Ու սկսեցին խոսել անգլերենով:
              -Հավնեցա քո անգլերեն, բայց խոսինք մեր մայրենի հայերենով: Ապա.
              -Անուշ աղջիկս, հոր իրավունքով կուզիմ համբուրել այտդ… -Խնդրեմ,-ասաց աղջիկը սիրահոժար: Սարոյանը համբուրեց աղջկա այտերն ու ներողություն խնդրեց, որ «սա բեղեր քիչ մը կխանգարին»:
              Շրջապատողներս ցնցված և հիացած էինք «մեծ երեխայի» հոգեկան այդ զեղումից: Աղջիկը վերջում, իր հերթին զգացված համբուրեց Սարոյանի աջ ձեռքը:
              - Օհ, – զարմանքով նայեց շուրջը,- Հայաստանի մեջ ալ վարդապետ եղանք:
              Մեքենա նստելուց առաջ Սարոյանին մոտեցավ բանաստեղծ Գևորգ Էմինը, ասաց.
              -Պարոն Սարոյան, այս երիտասարդները պոլիտեխնիկ քոլեջից (ինստիտուտից) են: Ձեզ հրավիրում են իրենց մոտ հանդիպման: Պոլիտեխնիկը իմ քոլեջն է: Հետո, պարոն Սարոյան, սրանք կարգին, լուրջ մարդիկ, ինժեներներ են, էս համալսարանի բանասերների նման զավզակ չեն:
              -Ես մարդու զեվզեկը կսիրեմ:

              ***
              «Փնտրիր բարին ամենուրեք… արթնացրու առաքինություն, ու սրտում էլ որ աշխարհի սարսափներից ու ամոթից գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի… Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ»: Սարոյանի խոսքերն են:
              Գեղարվեստական ճշմարտությամբ, վեհ մարդասիրությամբ ոգեշնչված, լույսով է լցված նրա վիթխարածավալ գրականությունը, որով էլ Մեծ Հայը շարունակելու է ժպտալ «Կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ», հավերժի ու անմահության հանդեպ:

              ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

              Comment


              • #22
                Уильям Сароян — один из самых известных американских писателей начала XX века. Он рассказывал о буднях и радостях провинциальной Америки, а его героями были жители Калифорнийской долины. Сароян был удостоен Пулитцеровской премии, «Оскара» и Circle Award – премии театральных критиков Нью-Йорка.
                Уильям Сароян родился в городе Фресно в 1908 году. Его родители эмигрировали из турецкого города Битлис еще до Геноцида 1915 года. После смерти отца Уильям вместе с сестрами и братом попал в сиротский приют в Окленде, Калифорния. Лишь спустя пять лет дети смогли воссоединиться со своей матерью.

                Comment

                Working...
                X