Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՅՈՀԱՆ ՔՐԻՍՏՈՖ ՖՐԻԴՐԻԽ ՖՈՆ ՇԻԼԼԵՐ (Կանայք Շիլլերի կյանքում)

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ֆ. Շիլլեր
    Երաշխիք
    (Դամոն և Ֆինտիաս)

    Դիոնիսիոս բռնավորի մոտ գընաց
    Դամոնն՝ առած հանդերձի տակ մի դաշույն.
    Նրան կապեցին թիկնապահներն իսկույն։
    «Ասա՛, վերադ ինչո՞ւ էիր սուր պահած»։–
    Եվ նա մռայլ պատասխանեց կատաղած.
    — Ուզում էի քեզնից քաղաքն ազատել։
    «Խաչի վերա՛ կարող ես լոկ այդ քավել»։

    Դամոնն ասաց. «Պատրաստ եմ ես մեռնելու,
    Կյանքիս խնայել ես չեմ խնդրում քեզանից.
    Սակայն թե շնորհ պիտի անես երբեք ինձ,
    Գեթ երեք օր ժամանակ եմ հայցելու,
    Գընամ քրոջս յուր փեսային հանձնելու։
    Բարեկամիս թողնում եմ քեզ գրավական,—
    Թե չըդառնամ՝ իմ տեղ սպանի՛ր դու նորան»։

    Եվ գոռ արքան մի նենգ ժպիտ երեսին
    Փոքր-ինչ խորհեց, ապա դարձավ ու ասաց։
    «Ես քեզ կըտամ երեք օրն այդ քո խնդրած,
    Բայց պայմանի եթե օրերըն անցնին,
    Եվ ետ եկած դեռ չըլինիս դու կրկին,
    Նա, իմացի՛ր, քո փոխարեն կըմեռնի,
    Իսկ քո պատիժն՝ այնուհետև կըներվի»։

    Եվ նա եկավ յուր մտերմին. «Ինձ արքան
    Հըրամայեց, որ իմ մահվամբ խաչի վրա
    Քավեմ հանդուգն այն խորհուրդն որ հղացա.
    Բայց շընորհեց երեք ավուր ինձ պայման,
    Որ կատարեմ քրոջս հանդեսն հարսնեկան։
    Արդ դու մնա՛ որպես պատանդ արքային,
    Մինչև ես գամ և վերջ տամ քո կապանքին»։

    Հավատարիմ ընկերն նորան լուռ գրկեց
    Եվ գնաց, հանձնեց բռնակալին նա իրան.
    Մյուսն այնտեղից իսկույն բռնեց յուր ճամփան։
    Եվ հենց երրորդ արշալույսը կարմըրեց
    Շտապով քըրոջն յուր փեսային հասցըրեց
    Ու շուտ ընկավ, տագնապ սրտում, նա ուղի,
    Որ պայմանով որոշված ժամը չանցնի։

    Տեղատարափ ահա անձրև երկնքից.
    Եվ թափվում են սարից ջըրեր հորդառատ,
    Մըռնչում են վըտակներ ու հեղեղատ։
    Նա ցուպ ձեռին հասավ գետը փրփրալից,–
    Հորձանքն ահեղ պոկեց կամուրջն ափերից,
    Եվ ալիքներն որոտընդոստ փշրեցին
    Մեծ ճայթյունով կամարները կամրջին։

    Եվ հուսահատ կանգնած է նա գետափին.
    Հեռո՛ւ, հեռո՛ւ աչք է ձըգում անձկալից,
    Եվ օգնության ճիչեր թռչում են կուրծքից։
    Բայց նավակներն անշարժ անքույթ եզերքին,
    Եվ նայում է նա ցանկալի ցամաքին.
    Նավավարներն անցնելու սիրտ չեն անում–
    Ալիքները կատաղում են, ծովանում։

    Գետեզերքին կանգնած կոծում է մենակ.
    Աղաչում է Զևսին ձեռները մեկնած.
    «Ո՜վ, սանձիր դու ալիքները մոլեգնած.
    Ժամերն անցնում, ճաշին մոտ է արեգակ —
    Եվ եթե նա մտնի, ու ես դեռ քաղաք
    Չըժամանեմ՝ տըրված խոստմանս համաձայն,
    Բարեկամիս էլ հույս չըկա փըրկության»։

    Սակայն հեղեղն հորդանում է ամեհի,
    Կոհակն ահեղ զարնըվում է կոհակին,
    Ժամերն անցնում, հաջորդում են մեկ մյուսին
    Երկյուղից նա սիրտ է առնում ու հոգի,
    Եվ փըրփրադեզ հոսանքի մեջ գետակի
    Նետվում, պատռում է հորձանքն այն մոլեգին.
    Աստվածներից մեկը գըթաց խեղճուկին։

    Հասավ մյուս ափն, հառաջ գընաց այնտեղից.
    Շընորհակալ իրեն փրկող աստուծուն.
    Բայց ահա տե՛ս, նորա հանդեպն են ելնում
    Ավազակներ խիտ անտառի մութ խորքից
    Եվ կտրում են նորա ճամփան. աչքներից
    Մահ է թավտւմ, և սպառնալից լախտերով
    Ուղևորի զսպում են գնացքն հապճեպով։

    «Ի՜նչ եք ուզում» սարսափահար գոչեց նա,
    «Ա՜հ, ես չունիմ ոչինչ բացի իմ կյանքից.
    Այն էլ արքան պիտի առնե ինձանից»։
    Եվ խըլում է մեկի ձեռից լախտն ահա.
    «Ի սեր մտերմիս, ո՛հ. գըթացեք ինձ վերա»։
    Եվ երեքին գլորում է նա գետին
    Հըզոր բազկով և փախցընում մյուսներին։

    Կիզիչ արևն արդեն խանձում է երկիր,—
    Եվ ուժասպառ, ճանապարհից ջարդըված.
    Կանգ է առնում ու կանչում է նա աստված.
    «Ո՛հ դո՛ւ, որ ինձ չար ձեռներից փրկեցիր
    Եվ կատադի այն հեղեղիցն հանեցիր,
    Ո՛հ դու և այժմ ինձ մի մատնիլ կորստյան.
    Բարեկամիս պատճառ չլինիմ թող մահվան»

    Բայց ականջ դի՛ր, ահա բխում է վըտակ
    Այնտեղ մոտիկ, մեղմ կարկաչով արծաթի,
    Եվ նա կանգնում, լսում է ձայնն անձկալի,
    Եվ տե՛ս, ժայռից խոխոջելով ու արագ
    Թափվում է ջինջ մի կենսատու աղբերակ.
    Եվ նա ուրախ խոնարհում է դեպի ցած,
    Զովացընում է յուր մարմինը թալկացած։

    Արեգակը սաղարթների ետևից
    Խիտ ծառերի հսկա ստվերներն է սփռում
    Սարերի վրա կանաչափայլ, վառվռուն։
    Երկու ճամփորդ գնում են նորա առաջից,
    Եվ ըշտապով կամի անցնել նոցանից
    Ու լըսում է, որ խոսում են յուր առաջ.
    «Այժըմ արդեն նորան պիտի հանեն խաչ»։

    Եվ երկյուղից արագ փոխում է քայլեր
    Եվ անհանգիստ հառաչում է տագնապով.
    Լուսավորված վերջալույսի շողերով
    Սիրակուսան ցուցնում է յուր կատարներ.
    Ֆիլոստրատոս, որ Դամոնի տընպահն էր
    Հավատարիմ. ահա ելավ նրա դիմաց
    Եվ յուր տիրոջը ճանաչեց սարսափած։

    «Դարձի՛ր դու ետ. չես ազատիլ ընկերիդ.
    Հոգ տա՛ր ուրեմն դու քո՛ անձի փրկության.
    Նա հիմա իսկ զոհ կըլինի չար մահվան։
    Ամեն մի ժամ նա սպասում էր քո դարձիդ.
    Եվ հավատով վստահ էր միշտ խոստմունքիդ.
    Եվ աննըկուն նորա այն սերտ հավատքին
    Բռնակալի ծաղրը չհաղթեց դառնագին»։

    «Եթե արդեն ուշ է և էլ չեմ հասնի,
    Որ ես նորան իբր ազատիչ մոտենամ,
    Կերթամ, որ գեթ մահով նորան միանամ։
    Եվ արյունռուշտ բռնավորը չըպարծի,
    Թե դրժող եմ ընկերական ես ուխտի.
    Արդ նա երկո՛ւ կյանքի դահիճ թող դառնա
    Ուխտանըվեր լոկ թող սիրո հավատա»։

    Արեգակը մայր է մտնում, և ահա
    Խաչը արդեն նշմարում է նա կանգնած,
    Նորա շուրջն էլ խուռն ամբոխը բերան բաց —
    Բարեկամին բարձրացնում են խաչի վրա,
    Պատառում է խուժանը նա շրջակա
    Եվ որոտում. «Ի՜նձ, ո՛վ դահիճ, դու կախի՛ր.
    Այստեղ եմ ես, իմ պատանդիս արձակի՛ր»։

    Եվ բազմությունն ապշեց, մընաց հիացած.
    Եվ գրկախառն ընկերներն են համբուրվում
    Ու վշտից ու բերկրությունից արտասվում։
    Արցունքներից և ամբոխի աչքն է թաց,
    Արքային էլ անցքն հայտնեցին չըլսված.
    Մի մարդկային զգացմունք նորան համակեց,—
    Յուր մոտ գալու նոցա հրաման արձակեց։

    Եվ սքանչացած արքան նայում երկուսին
    Ու ասում է. «Հաղթությունը դուք տարաք,
    Դուք՝ որ հիմա իմ սրտին էլ տիրացաք.
    Հավատարմությունն ահա չէ՛ ցընորք սին,
    Եվ թե հավան կլինիք իմ աղերսին,
    Ձեր մեջ նաև ինձ բարեկամ դուք առե՛ք —
    Երկու էիք, այժըմ լինինք մենք երեք»։

    Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյանի
    Թարգմանության տարի՝ 1895

    Comment

    Working...
    X