Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մարգարյան Նաիրա
    replied
    Թումանյանին հիշելիս ամենից առաջ պատկերանում է ինձ նրա ժպիտը, այն ճառագայթող ժպիտը, որ մշտապես լուսավորում էր մեր պոետի խորապես իմացական դեմքը: Նախագահելիս լիներ, թիկնոցն ուսերին բուկինիստների խանութները պտտելիս, մշակի հետ իր գնումները տուն տանելիս թե իր փութկոտ քայլերով այս կամ այն հիմնարկը գնալիս, այդ ժպիտը շարունակ ծաղկում էր նրա դեմքին և նրան տալիս արտակարգ բարեհամբույր ու սիրալիր արտահայտություն: Անծանոթն անգամ հազարի մեջ կջոկեր այդ ժպիտը և կզգար անմիջապես, որ դրա տերը հասարակ մեկը չի, այլ լայն խոհեր և «շնորհք ու սեր» ունեցող մի բացառիկ մարդ: Այդ ժպիտը այն զարմանալիորեն վարակիչ ժպիտներից էր, որ տեսնողը ուզում էր ինքն էլ ժպտար՝ առանց պատճառի մասին մտածելու:
    Միաժամանակ Թումանյանն այնքա՜ն պարզ էր, մատչելի. ամեն ոք ամեն տեղ կարող էր մոտենալ, ծանոթանալ, հարցեր տալ:
    Ինձ միշտ թվում էր, թե հայ ժողովուրդը իր դարավոր հոգևոր գանձերի շտեմարանի բանալիները և համով պատմելու շնորհքը կտակել էր նրան՝ իր ծոցից ելած արժանավորագույնին, և հայ ժողովրդի այդ իմաստուն, լայնահորիզոն ներկայացուցիչը հարազատորեն ու շռայլ գործադրում էր իր ստացած ժառանգությունը:
    Պատերազմը, տակնուվրա անելով հասարակական կյանքը, խանգարեց թե՛ գրողների, և թե՛ Գրողների ընկերության նորմալ գործունեությունը: Գրական ուժերը ցրվեցին, Թումանյանն էլ, իբրև Հայոց Ազգային Բյուրոյի անդամ, տարվեց ազգային-քաղաքական կյանքով: Այս շրջանին է վերաբերում այն ձեռնարկությունը, որ գլուխ բերեց Թումանյանը՝ կազմելով հայ-գերմանական ընկերության պես մի բան, որի նպատակն էր կուլտուրական մերձեցում և փոխադարձ ճանաչողություն: Ընկերության առաջին երեկույթին, ուր ներկա էր և գեներալ ֆոն Կռեսը՝ իր գլխավորած միսիայի անդամներով, Թումանյանը կարդաց առաջին դասախոսությունը Սայաթ-Նովայի մասին: Թումանյանը խոսում էր հայերեն, որ և մաս-մաս թարգմանվում էր գերմաներենի: Սայաթ-Նովայի մասին խոսելով՝ նա, իր ասելիքը հյուրերին հասկանալի դարձնելու համար, Սայաթ-Նովայի սիրո երգերը բաղդատում էր Հայնեի երգերի հետ և գտնում այնպիսի օրիգինալ մտքեր ու դարձվածքներ, որ գերմանացիները լարված հետևում էին նրան և հաճախ էլ ծափահարում: Իսկ երբ մեկ-մեկ թարգմանվում էին Սայաթ-Նովայի իմաստալի, պատկերավոր տողերն ու տները, գերմանացի կարգապահ զինվորականները ծափահարում էին հրճվանքով: Այդ երեկո ես առաջին անգամ տեսա ու հասկացա, թե ինչ բան է դիպլոմատիան: Կողմերի նպատակները պարզ էին. գերմանացիներին այդ ընկերությունը հարկավոր էր իրենց ազդեցությունը հայերի մեջ տարածելու, իսկ Թումանյանին հարկավոր էր նրանց համակրությունը՝ վերահաս աղետները կանխելու...
    Նա այդ օրերին գիրն ու գրականութունը և իր անձնական վիշտը (երկրորդ որդին անհետ կորել էր պատերազմի դաշտում) մոռացած՝ տարվել էր հասարակական-քաղաքական գործերով: Երբ սկսվեց հայ-վրացական դժբախտ պատերազմը՝ Թումանյանի անհանգստությունը կրկնապատկվեց: Իսկ երբ վրաց մենշևիկները գազազած բաց թողին իրենց ազգայնական վայրագ կրքերի սանձերը և Թիֆլիսի բոլոր հայ տղամարդկանց ու պատանիներին մի օրվա մեջ լցրին բանտերն ու աքսորեցին, ձերբակալվածների ազգականները հանգստ չէին տալիս Թումանյանին: Եվ Թումանյանը շարունակ դեսուդեն էր ընկնում՝ սրան-կամ նրան օգնելու, ազատելու: Մեծ անուն ուներ և վրաց հասարակության մեջ: Նա այդ անունը, դիրքը, համբավը օգտագործեց ու քանի-քանիսին ազատեց բանտից, աքսորի տանջանքներից ու անխուսափելի տիֆամահից: Այդ դժնի օրերին Թումանյանն ինձ հիշեցնում էր «Աղավնու վանքի» հայր Օհանին: Բայց դաժան իրականությունն ավելի զորավոր էր, քան նրա կամեցողությունը: Եվ նա տանջվում էր վշտացած:
    21 թվի մարտը Երևանում. ցուրտ, անհրապույր, տագնապալի օրեր: Ահա մի ցուրտ երեկո Աբովյանի վերևից բոժոժների զնգզնգոցով քաղաքամեջ է մտնում մի սահնակ: Մուշտակի վեր քաշած օձիքի միջից երևում է ինձ ծանոթ մի պրոֆիլ՝ փոքրիկ սպիտակ մորուքով: «Թումանյա՞նը»: Նույն օրը՝ ուշ երեկոյան իմանում եմ, որ Թումանյանը եկել է իսկապես ու գնացել Փրկության կոմիտե:
    ... Թումանյանը իր դստեր և փոքրիկ թոռան հետ եկավ մեր տուն՝ թրջված և սաստիկ հոգնած: Փոքր-ինչ հանգստանալուց հետո նա աշխուժացավ: Երեկոյան դեմ Թումանյանի իրերը բերին, և մենք ճանապարհ ընկանք դեպի Թիֆլիս: Կայարանում ստիպվեցինք երկար սպասել հայկական գնացքին. գնացքների կանոնավոր երթևեկություն չկար: Տաճկական գնացքը, որ Կարսից եկել էր Թիֆլիս մեկնելու, հյուրընկալեց մեզ: Տաճիկ մի զինվորական, իր վագոնի լուսամուտից տեսնելով կայարանում սպասող այդ պատկառելի մարդուն և իմանալով նրա ո՛վ լինելը, մարդ էր ուղարկել Թումանյանին և նրա ուղեկիցներին հրավիրելու: Մեզ հատկացրին մի մաքուր կուպե: Վագոնի առաջնորդը՝ մի տարիքավոր ռուս, ինքնաբերաբար թեյ բերեց մեզ՝ այնքան ցանկալի այդ րոպեին՝ կայարանում սպասելու հոգնությունից ու ձանձրույթից հետո: Երբ ուզեցինք թեյի արժեքը վճարել, ռուս վագոնապահը ոչինչ չուզեց վերցնել՝ հայտնելով, թե դա իր կողմից մի հյուրասիրություն է՝ ի պատիվ հայ բանաստեղծի: Այս երկու դեպքը խորապես հուզեցին Թումանյանին:
    _ Տեսնում ես՝ ամեն ազգի մեջ լավն էլ կա, վատն էլ: Իսկ մենք՝ հայերս, սիրում ենք առհասարակ քաղաքական երևույթներն ու մարդկանց նայել միշտ միակողմանի, երեխայի պես: Փոքր ազգերը մեծ ազգերի մոտ մանուկներ են՝ մենակ իրենց փոքրությամբ. բայց հայ ազգի նման հին ազգը, որ անթիվ-անհամար փորձանքներ է տեսել, պետք է որ մտքի երեխայական հասակից դուրս եկած լիներ և էդ փորձությունների մեջ իմաստուն դարձած: Իմաստուն ազգը չպետք է թողներ, որ էդպես մարդիկ խաղան իր բախտի հետ և ամենածանր աղետների դուռը հասցնեն իրեն:
    Նա հուզված լռեց՝ չկամենալով նորոգել հին վերքերը...
    Թումանյանը զարմանալի հավատում էր բնության հրաշագործ ուժին և օրինակ բերում իրեն, թե որքան էլ վատ տրամադրություն է ունենում, դա իսկույն չքանում է, երբ դաշտ է գնում կամ անտառ:
    _ Բնության մեջ նունիսկ ուզում ես սիրել ամեն մի արարածի...

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Հովհաննես Թումանյան - 1869-1923

    97 տարի առաջ` մարտի 23֊ին աշխարհը զրկվեց հանճարեղ ՄԱՐԴՈՒՑ

    ***
    «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
    Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
    Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն...»

    1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Որոշվում է նրան Մոսկվայով ուղարկել Բեռլին` վիրահատվելու և բուժվելու:
    «1922 թ. դեկտեմբերի 23-ին, մեկնելու օրը հայրիկը մի վերջին անգամ իր առանձնասենյակը մտավ, նայեց գրասեղանի արկղներն ու պահարանները»,- մտաբերում է Նվարդ Թումանյանն իր «Հուշեր և զրույցներ» գրքում:

    Խորացած ու սրված հիվանդությունը թույլ չի տալիս Թումանյանին հասնել Բեռլին: Ծանր ու անհույս երեք ամիսներ անց կացրեց բանաստեղծը Մոսկվայի Օստրոումովի անվան հիվանդանոցում:
    «Մահի հետ էլ եմ հաշտվել... »,- ասում էր նա, բայց նրան տանջում էր այն միտքը, որ անկատար են մնալու իր մտահղացումները, անավարտ են մնալու կիսատ թողած գրվածքները:
    «Խանգարեցին, չթողեցին մարդ նստի իրեն գործով կենա: Ի՜նչ եմ գրել մինչև հիմա - մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա...Ա՜խ, թե մի առողջանայի... Գարունքի հետ հենց, որ աչքերս բացվեն, ինչե՜ր եմ թափելու, ինչե՜ր եմ թափելու... հեքիաթների, լեգենդների հեղեղ...»:
    Թումանյանն իր բոլոր տենչանքները տարավ իր հետ:
    «Ղոչաղ կացեք...». սրանք եղան բանաստեղծի արտաբերած վերջին բառերը, որ ասաց իր երեխաներին:
    1923 թվականի մարտի 23-ին, առավոտյան ժամը 9:10 րոպեին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Իմ Թումանյանը

    Այնքան շատ ասելիք կա այս Մեծն բանաստեղծի մասին, մեր ազգի հպարտության մասին, որ չեմ կարող արտահայտել այն ինչ զգում եմ ես Թումանյան կարդալիս:

    Թումանյան կարդալիս անկախ ինձնից դեմքիս հայտնվում է ժպիտ, նա այնքան գեղեցիկ, այնքան հիասքանչ է ամեն ինչ գրում, որ չես կարող չժպտալ, չմտածել: Թումանյանի հեքիաթները կարդալիս չես կարող չվերադառնալ քո մանկություն, չես կարող չհիշել ,թե ինչպես էր մայրիկդ քեզ պատմում <<Շունն ու կատուն>> և սովորեցնում, որ պետք չէ երբեք խաբել, չես կարող չհիշել ,թե ինչպես էիր լսում <<Բարեկենդանը>> և ծիծաղում մարդկանց միամտության վրա: Չես կարող կարդալ <<Սուտասանը>> հեքիաթը և չուրախանալ գյուղացիների ասած ստերից: Եվ այս ամենը գրել է հենց մեր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Սիրում եմ կարդալ Թումանյան` սիրում եմ,երբ նրա ամեն մի տողի մեջ ես ինձ եմ գտնում, հայտնվելով Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ խելագարված Անուշի կողքին, Լոռվա միամիտ գյուղացիների շրջապատում, և վերջապես այն Սուրբ հողում, որը ծնել է մեծն բանաստեղծ Թումանյանին: Սիրում եմ, երբ կարդալով Թումանյան, սովորում եմ ,թե ինչպես ապրել ։Ինչպես կասեր Թումանյանը՝ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք… Իմ սիրելի բանստեղծությունը չեմ կարող ասել, որն է, քանի որ այնքան լավն են բոլորը, այնքան հարազատ են դարձել ինձ, որ չեմ կարող առանձնացել որևիցէ մեկը, բայց ուզում եմ միայն բոլորին մի խորհուրդ տալ, որպեսզի բոլորը կարդան Թումանյան, սիրեն,ճ քանի որ հենց Թումանյանն է ճանաչվել ամենայն հայոց բանաստեղծ:


    Աղավնի Սահակյան
    Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 24-03-20, 21:33.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Ահա արդեն գրեթե մեկ դար է, ինչ հայ ժողովուրդը անդավաճան նվիրվածությամբ ու զարմանալի հետևողականությամբ ընթերցում և վերընթերցում է Հովհաննես Թումանյանին։ Եվ ահա գրեթե մեկ դար Ամենայն հայոց բանաստեղծը եղել և մնում է հայ ընթերցողի` թե' մեծերի, թե' փոքրերի, ոչ միայն ամենասիրված , այլև ամենաշատ ընթերցվող գրողը. նրա երկերի բազմահատոր տպաքանակները սպառվել և այսօր էլ սպառվում են <<մի շնչով>>։
    Վերջերս լույս տեսավ Թումանյանի անմահ ստեղծագործությունների մի ամփոփ ընտրանի, որտեղ նույն <<տանիքի տակ>>տեղ են գտել նրա գրական հարուստ ժառանգության նմուշները` հեքիաթներ, պատմվածքներ, պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ։ Ինչ խոսք, գիրքը հասցեագրված է ոչ միայն դպրոցահասակ ընթերցողին...

    Մ.Կիրակոսյան 2020թ.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied


    Նա արվեստի իր ըմբռնողությունը ձևակերպել է մի կարճ, բայց կտրուկ խոսքով, որ անգիր գիտենք. ‹‹Աչքի նման պարզ ու բարդ››:

    Այդպես կարող է խոսել լոկ նա, ով ինքն էլ, իբրև անհատականություն, աչքի նման պարզ էր, աչքի նման բարդ: Եվ իսկապես էլ` բնությունը ամեն ինչ տվել էր նրան, որպեսզի մենք իր անվանը ածական դարձնեինք ‹‹սուրբ››-ը: Բայց նա բնավ էլ սուրբ չէ այն իմաստով, որ տարբերակվի մեզնից, մեզնից օտարվի:

    Նա որքան մշտական է և մշտակա` առավել ևս մշտապես մեզամոտ է և , եթե կարելի է ասել, մերամեջ: Ուստի և մենք երբ էլ, նայում ենք նրան, նա նույն վայրկյանին նայում է մեզ մի ներքնահայացքով, որ կարծես կոպեր չունի, ուրեմն և երբեք էլ չի ընդհատում` մինչևիսկ ակնթարթումի տևողությամբ:

    Ինչ՞ու:

    Որովհետև եթե կա ‹‹մեծություն իր մեջ››, ապա լինում է նաև ‹‹ինքնին մեծություն››:

    Եվ Թումանյանը ինքնին մեծություն է, բայց ոչ երբեք մեծություն իր մեջ: Նա իր մեծությունը երբևէ չի ցուցադրում մեր առջև և մեզ չի ճնշում դրանով: Նա միշտ ինքնակամ հավասարվում է մեզ` կարծես ինքը ճնշվելով մեր փոքրությունից: Նա ինքնահոժար հավասարվում է մեզ ‹‹մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր›› կենսափիլիսոփայությամբ, որպեսզի մենք էլ մեզ չզգանք փոքր: Այսքան բարի ու նրբանկատ կարող է լինել նա, ում պատվիրանաց պատվիրանն է եղել. ‹‹Արևի նման նայեցե՛ք աշխարհքին››:

    Օվկանոսագետները վաղուց են նկատել, որ օվկիանոսում կան ինչ-որ ցածր, բայց հզոր հնչյուններ: Այժմ արդեն պարզվել է, որ դրանք … կետ ձկան… սրտի զարկերն են. սրտի այնպիսի՛ զարկեր, որ հնչում են վիթխարի օվկիանոսի խորություններում, և զարկեր այնպիսի՛ սրտի, որ կշռում է… չեմ հիշում, թե քանի տոննա, բայց հիշում եմ, որ մեկ վայրկյանում մղում է 4 տոննա արյուն:

    Թումանյանի սիրտն էլ այդպիսին է:

    Եվ այդ վիթխարի սրտի զարկերը հնչել ու հնչելու են մեր ազգային կյանքի ծովում, որտեղ նաև ‹‹լող է տալիս իր հոգին››:

    Իր անմա՛հ հոգին…



    Պ. Սևակ, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Թումանյանի հետ

    Օրորոցից մինչև մեր մահ`
    Թումանյանը մեր անմահ
    Մեր շրթին է, մեր հոգում է,
    Մեր մասին անվերջ հոգում է:

    Մեզ խրատում ու ճշտում է,
    Միշտ որոնում ու գտնում է,
    Սուտը ճշտից միշտ զատում է,
    Բարուն չարից ազատում է:

    Երդիկից լույսը կաթում է,
    Խնոցում սերը հարվում է,
    Պղնձում ճաշը եփվում է,
    Ջահրեն բարակ ճռճռում է,
    Ժամանակն անխոս հալվում է
    Ու ժամի զանգը զնգում է:

    Հսկա կաղնին հառաչում է,
    Հորթը բակում բառաչում է,
    Ոգեղեն երգը թռչում է,
    Դեբեդն անուշ քչքչում է։



    Սվետլանա Քոչինյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Հովհաննես Թումանյանին
    Լուսահրաշ քո հոգին բարձունքներում սավառնեց,
    Քո հանճարեղ պարզությամբ մերը եղար, եղար մեծ:

    Ազնիվ ու մեծ, վեհ սիրով սիրեց Սարոն Անուշին,
    Քեզ օջախը քո տարան կարոտները քո հուշի:

    Հայ գյուղացու տանջանքից քո մեծ հոգին հառաչեց,
    Քո շուրթերով Մարոյին անբախտ մայրը տուն կանչեց:

    Խեղճ Գիքորի արցունքը քար էր դարձել քո սրտին,
    Մեր պապերի օրհնանքը նվիրեցիր ամենքին:

    Լոռվա չքնաղ եզերքի անզուգակա՛ն բանաստեղծ,
    Հնչում է քո երգերում բառն ու բառը նախաստեղծ:

    Ժողովուրդը քեզ կոչեց ամենայն հայ բանաստեղծ,
    Քանզի օվկիան քո հոգին սեր արարեց, լույս երկնեց:


    Կարինե Արսենյան

    Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 21-03-20, 00:51.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ



    Սիրում էի երբեմն քեզ...
    Այժմ ևս տակավին
    Իմ սրտումը դու ապրում ես,
    Բայց ոչ ուժով քո նախկին։



    Առաջ հնչում էիր մաքուր,
    Որպես աղոթք իմ հոգում,
    Որպես սիրո նախանձ ու հուր՝
    Տաք արյունս բորբոքում։

    Այժմ՝ որպես վաղուց մեռած


    Բարեկամի հիշատակ,
    Կամ մանկության օրով սիրած
    Մի հին երգի եղանակ...

    Եվ անունդ այժմ տալիս,
    Էլ «հոգյակ» չեմ ես ասում,


    Չեմ աշխատում քուն մտնելիս,
    Որ քեզ տեսնեմ երազում։

    Բայց զարմանքով երբեմնապես
    Մտածում եմ ակամա,
    Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,


    Ինչո՞ւ ես քեզ մոռացա...



    1892

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    ՎԱՅՐԷՋՔ



    Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
    Շիտակ, անվեհեր
    Գընում եմ ես վեր—
    Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։



    Քառասուն տարի ճամփովն ահարկու
    Անցել եմ էսպես
    Ու հասել եմ ես,
    Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

    Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,


    Ե՛վ փառքը, և՛ գանձ,
    Ե՛վ քեն, և՛ նախանձ—
    Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

    Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
    Տեսնում եմ նորից


    Իմ լերան ծերից—
    Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս...

    Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
    Անհոգ ծիծաղով,
    Երգով ու տաղով


    Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։



    1909 Հ. Թումանյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Այսօր՝ 2020թ. փետրվարի 19-ին, «Հավերժի ճամփորդ», «Հանճարեղ լոռեցի», «Մեր նոր քերթության անհաս Արարատ», «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151֊ամյա հոբելյանն է՝ համայն հայության համար մի փառահեղ տոն, ինչու՞ միայն հայության, մարդկության տոն… Հովհաննես Թումանյան, Մարդ, Պոետ, ում կնունքին՝

    Իմ կնունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան,

    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

    Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,

    Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Աստղերի հետ

    Էյ աստղեր, աստղե՜ր,
    Երկնքի աչքեր,
    Որ այդպես վառ-վառ
    Ժըպտում եք պայծառ․
    Ժըպտում էիք դուք,
    Երբ ես դեռ մանուկ
    Աշխույժ ու կայտառ,
    Ձեզ նման պայծառ
    Թըռվռում էի
    Ու ցավ չունեի․․․
    Ժըպտում եք այսօր,
    Երբ թույլ ու անզոր,
    Կորած հույսերիս
    Կըսկիծն եմ լալիս․․․
    Կըժպտաք նաև
    Շիրիմիս վերև․․․

    1891թ.Հ.Թումանյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ



    Վարպետ Բըզեզն ամռան մի օր
    Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
    Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
    Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ...



    — Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
    Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
    Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
    Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

    Պիտի սովրեք, սովրեք էնքան,


    Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
    Դե նըստեցեք հիմի հանդարտ,
    Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

    Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
    Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...


    Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
    Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

    Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
    Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
    Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.


    Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

    Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
    Էդպես աղմուկ, աղաղակ։
    Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
    Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։



    Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
    Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ...
    ― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
    Ինձ ասում է՝ սարի արջ։

    — Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։


    Տըզզան հիմար անասուն...
    Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
    Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

    Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
    Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։


    Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
    Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

    — Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
    Ողկույզը ես շատ եմ սիրում...
    — Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ...


    — Իսկ ես՝ ծիրան... — իսկ ես՝ կոտեմ...

    Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
    Քընաթաթախ՝ առտեհան։
    Չ. Չինարի, Պ. Պատատուկ
    Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։



    Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
    Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի...
    Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
    Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

    Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,


    Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
    Դե գնացեք, վաղը կգաք
    Անգիր արած ջըրի պես։—

    Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
    Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,


    Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
    Դաս էր տալիս մի ծառի տակ։



    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Վարշավայում՝ հայ-լեհական հիմնադրամի կենտրոնական գրասենյակում Fundacja Polsko-Ormiańska Լեհ - Հայկական Հիմնադրամ տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի լեհերեն թարգմանությամբ (թարգմ. Կալինա Իզաբելա Զիոոլայի) գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմ, ինչպես նաև բանաստեղծի երևանյան թանգարանի աջակցությամբ բացվեց «Հովհաննես Թումանյան. Մեծ հայը» ցուցահանդես:

    Միջոցառումը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարինե Զիլֆիմյան
    replied
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    (Վահան Թոթովենցի հուշերից)

    Առաջին անգամ ես պոետին տեսա էջմիածնի վանքի բակում: Երկարահասակ էր, նիհար, սպիտակ մորթով և սպիտակ մազերով. ուներ լայն ճակատ, ժպտուն, ոչ խորը, բայց իմաստուն աչքեր: Վանքի բակում հավաքվել էր տասնյակ հազարավոր գաղթականություն: Թումանյանը վազում էր մի կետից կետ, մի մեռնողից մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մեռնում էր մի ամբողջ ժողովուրդ...
    Թիֆլիսում 1916 թվականին ես անձնապես ծանոթացա Թումանյանին: Նրա Արտավազդ որդին դարձավ իմ մտերիմ ընկերներից մեկը:
    Թումանյանը սրամիտ էր, անզուգական պատմող: Նրա բանավոր խոսքը թաթախված էր ամենանրբին հումորով: Բանավոր Թումանյանը մի քանի հասակով ավելի բարձր էր, քան գրավոր Թումանյանը: Այն, ինչ իբրև գրական ժառանգություն մեզ թողել է նա, միայն փոքրիկ մասնիկն էր մեծ տաղանդի: Նրա բանավոր խոսքը ավելի հարուստ էր, ավելի գույնզգույն, խոր, սրամիտ, արագաթռիչ ու հատու: Նրա տված պատասխանները թրի նման կտրում էին: Ո՛չ ոք իր ժամանակակիցների մեջ չէր իմանում այնքան տեղին խոսել, որքան Թումանյանը: Առհասարակ այն կարծիքը կար, որ Թումանյանը շատախոս է: Ճիշտ է. նա սիրում էր նստել և ժամերով, մինչև անգամ օրերով, եթե հնար լիներ, խոսեր, իսկ նրան տարիներով լսողը չէր լսի կրկնություն, խոսքի միջակություն և գույների դժգունություն: Սա շատախոսություն չէ: Նրա ֆրազն ընտիր էր և պարզ, այնքան պարզ, որ կարող էր հիմարների վրա ազդեցություն չթողնել: Նա երկար խոսում էր, բայց նախադասույթյունները կարճ էին:
    Թումանյանը գինի էր խմում էպիկական հանդիսավորությամբ: Նրա համար գինու բաժակը բերանը տանելը մի սրբազան արարողություն էր: Սովորություն ուներ, որ խոսքն սկսելիս բաժակը ցած էր դնում միայն այն դեպքում, երբ երկու ձեռքերն էլ հարկավոր էին խոսքն ուժեղացնելու համար: Գինին նրա համար հոմերական ըմպելիք էր, դրա հետ կապված էր էպիկական բովանդակ պոեզիայով:
    Թումանյանը գրեթե միակն էր հայ գրողների մեջ, որ ընդարձակ կապեր ուներ վրաց գրողների հետ, իսկ չէր եղել ոչ մի ռուս գրող, որ այցելեր Կովկաս և նրա տանը հյուր չլիներ:
    Ես տեսել եմ Թումանյանի արցունքը երկու անգամ. խաղաղ, դանդաղորեն գլորվող արցունքները, որ այրում են կոպերը: Ինձ այնպես էր թվում, որ ահա տապալվել է հսկան, որ ահա դարավոր կաղնին չի դիմացել ահեղ մի փոթորկի: Առաջին անգամ նրա արցունքը տեսա Մամբրե Մատենճյանի դագաղի մոտ: Շատ էր զգացվել երիտասարդ ու տաղանդավոր Մատենճյանի մահվամբ: Երկրորդ անգամ՝ իր որդու՝ Արտավազդի մահվան առթիվ: Մինչև հիմա էլ հիշում եմ նրա արցունքները, մեծ բանաստեղծի արցունքի վճիտ կաթիլները, այնպես վճիտ, ինչպես գարնանային ցողը և այնպես այրող, ինչպես արծաթի հալած կաթիլը:
    ... Նա գիտեր առատությամբ ուրախանալ, առատությամբ ծիծաղել: Նրա ժպիտն ու ծիծաղը համապարփակ էին: Ժպտալիս միայն շրթունքները և աչքերը չէին, որ մասնակցում էին, այլև նրա ձեռքերը: Ուրախությունը և տխրությունը հոգու թևերն են: Մեծ բանաստեղծը շարժում էր այդ թևերը մեծաթռիչ. այդ թևերի մի ծայրը դիպչում էր խորխորատի հատակը, իսկ մյուս ծայրը՝ երկնքի կապույտ մարմարին: Թախծում էր խորը, այնպիսի թախծություն, որի մոտ կանգնելիս զգում էիր տխրության խոնավությունը: Ես այդ խոնավության մոտ կանգնել եմ, երբ Զապել Եսայանը հաղորդում էր Թումանյանին Գրիգոր Զոհրապի մահվան մանրամասները: Նստած երկուսի դիմաց՝ ես զգացի հարազատ քրոջ և հարազատ եղբոր մեծ վիշտը: Եվ Թումանյանի պոեզիան ուրախության և թախծի թևերի ուժգին բախումն է:
    Թումանյանն ուներ գրական բարձր կուլտուրա: Այդ կուլտուրան հանդես էր գալիս մանավանդ նրա թարգմանությունների մեջ: Երբ նա ձեռնարկում էր որևէ գրական հանճարի գործը թարգմանել, նրա թարգմանությունը մրցում էր տեքստի հետ: Բանաստեղծ Թումանյանը ուներ նաև կենցաղի բարձր կուլտուրա. նրա խոսքը փափկանկատ էր, չափված (մի մոռացեք, որ նա շատ խոսող մարդ էր, և դժվար էր այդ բոլորը կիրառել): Չի լինի որևէ երիտասարդ գրող, որ դուրս գա և ասի, թե Թումանյանը ժամանակին իրեն հուսահատեցրել է, բայց ժամանակին եղել են մարդիկ, որ բացարձակ ասել են, թե Թումանյանից բան դուրս չի գա: Նա ընդունում էր երիտասարդ գրողներին անսահման գուրգուրանքով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Կարինե Զիլֆիմյան
    replied
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    Թումանյանին հիշելիս ամենից առաջ պատկերանում է ինձ նրա ժպիտը, այն ճառագայթող ժպիտը, որ մշտապես լուսավորում էր մեր պոետի խորապես իմացական դեմքը: Նախագահելիս լիներ, թիկնոցն ուսերին բուկինիստների խանութները պտտելիս, մշակի հետ իր գնումները տուն տանելիս թե իր փութկոտ քայլերով այս կամ այն հիմնարկը գնալիս, այդ ժպիտը շարունակ ծաղկում էր նրա դեմքին և նրան տալիս արտակարգ բարեհամբույր ու սիրալիր արտահայտություն: Անծանոթն անգամ հազարի մեջ կջոկեր այդ ժպիտը և կզգար անմիջապես, որ դրա տերը հասարակ մեկը չի, այլ լայն խոհեր և «շնորհք ու սեր» ունեցող մի բացառիկ մարդ: Այդ ժպիտը այն զարմանալիորեն վարակիչ ժպիտներից էր, որ տեսնողը ուզում էր ինքն էլ ժպտար՝ առանց պատճառի մասին մտածելու:
    Միաժամանակ Թումանյանն այնքա՜ն պարզ էր, մատչելի. ամեն ոք ամեն տեղ կարող էր մոտենալ, ծանոթանալ, հարցեր տալ:
    Ինձ միշտ թվում էր, թե հայ ժողովուրդը իր դարավոր հոգևոր գանձերի շտեմարանի բանալիները և համով պատմելու շնորհքը կտակել էր նրան՝ իր ծոցից ելած արժանավորագույնին, և հայ ժողովրդի այդ իմաստուն, լայնահորիզոն ներկայացուցիչը հարազատորեն ու շռայլ գործադրում էր իր ստացած ժառանգությունը:
    Պատերազմը, տակնուվրա անելով հասարակական կյանքը, խանգարեց թե՛ գրողների, և թե՛ Գրողների ընկերության նորմալ գործունեությունը: Գրական ուժերը ցրվեցին, Թումանյանն էլ, իբրև Հայոց Ազգային Բյուրոյի անդամ, տարվեց ազգային-քաղաքական կյանքով: Այս շրջանին է վերաբերում այն ձեռնարկությունը, որ գլուխ բերեց Թումանյանը՝ կազմելով հայ-գերմանական ընկերության պես մի բան, որի նպատակն էր կուլտուրական մերձեցում և փոխադարձ ճանաչողություն: Ընկերության առաջին երեկույթին, ուր ներկա էր և գեներալ ֆոն Կռեսը՝ իր գլխավորած միսիայի անդամներով, Թումանյանը կարդաց առաջին դասախոսությունը Սայաթ-Նովայի մասին: Թումանյանը խոսում էր հայերեն, որ և մաս-մաս թարգմանվում էր գերմաներենի: Սայաթ-Նովայի մասին խոսելով՝ նա, իր ասելիքը հյուրերին հասկանալի դարձնելու համար, Սայաթ-Նովայի սիրո երգերը բաղդատում էր Հայնեի երգերի հետ և գտնում այնպիսի օրիգինալ մտքեր ու դարձվածքներ, որ գերմանացիները լարված հետևում էին նրան և հաճախ էլ ծափահարում: Իսկ երբ մեկ-մեկ թարգմանվում էին Սայաթ-Նովայի իմաստալի, պատկերավոր տողերն ու տները, գերմանացի կարգապահ զինվորականները ծափահարում էին հրճվանքով: Այդ երեկո ես առաջին անգամ տեսա ու հասկացա, թե ինչ բան է դիպլոմատիան: Կողմերի նպատակները պարզ էին. գերմանացիներին այդ ընկերությունը հարկավոր էր իրենց ազդեցությունը հայերի մեջ տարածելու, իսկ Թումանյանին հարկավոր էր նրանց համակրությունը՝ վերահաս աղետները կանխելու...
    Նա այդ օրերին գիրն ու գրականութունը և իր անձնական վիշտը (երկրորդ որդին անհետ կորել էր պատերազմի դաշտում) մոռացած՝ տարվել էր հասարակական-քաղաքական գործերով: Երբ սկսվեց հայ-վրացական դժբախտ պատերազմը՝ Թումանյանի անհանգստությունը կրկնապատկվեց: Իսկ երբ վրաց մենշևիկները գազազած բաց թողին իրենց ազգայնական վայրագ կրքերի սանձերը և Թիֆլիսի բոլոր հայ տղամարդկանց ու պատանիներին մի օրվա մեջ լցրին բանտերն ու աքսորեցին, ձերբակալվածների ազգականները հանգստ չէին տալիս Թումանյանին: Եվ Թումանյանը շարունակ դեսուդեն էր ընկնում՝ սրան-կամ նրան օգնելու, ազատելու: Մեծ անուն ուներ և վրաց հասարակության մեջ: Նա այդ անունը, դիրքը, համբավը օգտագործեց ու քանի-քանիսին ազատեց բանտից, աքսորի տանջանքներից ու անխուսափելի տիֆամահից: Այդ դժնի օրերին Թումանյանն ինձ հիշեցնում էր «Աղավնու վանքի» հայր Օհանին: Բայց դաժան իրականությունն ավելի զորավոր էր, քան նրա կամեցողությունը: Եվ նա տանջվում էր վշտացած:
    21 թվի մարտը Երևանում. ցուրտ, անհրապույր, տագնապալի օրեր: Ահա մի ցուրտ երեկո Աբովյանի վերևից բոժոժների զնգզնգոցով քաղաքամեջ է մտնում մի սահնակ: Մուշտակի վեր քաշած օձիքի միջից երևում է ինձ ծանոթ մի պրոֆիլ՝ փոքրիկ սպիտակ մորուքով: «Թումանյա՞նը»: Նույն օրը՝ ուշ երեկոյան իմանում եմ, որ Թումանյանը եկել է իսկապես ու գնացել Փրկության կոմիտե:
    ... Թումանյանը իր դստեր և փոքրիկ թոռան հետ եկավ մեր տուն՝ թրջված և սաստիկ հոգնած: Փոքր-ինչ հանգստանալուց հետո նա աշխուժացավ: Երեկոյան դեմ Թումանյանի իրերը բերին, և մենք ճանապարհ ընկանք դեպի Թիֆլիս: Կայարանում ստիպվեցինք երկար սպասել հայկական գնացքին. գնացքների կանոնավոր երթևեկություն չկար: Տաճկական գնացքը, որ Կարսից եկել էր Թիֆլիս մեկնելու, հյուրընկալեց մեզ: Տաճիկ մի զինվորական, իր վագոնի լուսամուտից տեսնելով կայարանում սպասող այդ պատկառելի մարդուն և իմանալով նրա ո՛վ լինելը, մարդ էր ուղարկել Թումանյանին և նրա ուղեկիցներին հրավիրելու: Մեզ հատկացրին մի մաքուր կուպե: Վագոնի առաջնորդը՝ մի տարիքավոր ռուս, ինքնաբերաբար թեյ բերեց մեզ՝ այնքան ցանկալի այդ րոպեին՝ կայարանում սպասելու հոգնությունից ու ձանձրույթից հետո: Երբ ուզեցինք թեյի արժեքը վճարել, ռուս վագոնապահը ոչինչ չուզեց վերցնել՝ հայտնելով, թե դա իր կողմից մի հյուրասիրություն է՝ ի պատիվ հայ բանաստեղծի: Այս երկու դեպքը խորապես հուզեցին Թումանյանին:
    _ Տեսնում ես՝ ամեն ազգի մեջ լավն էլ կա, վատն էլ: Իսկ մենք՝ հայերս, սիրում ենք առհասարակ քաղաքական երևույթներն ու մարդկանց նայել միշտ միակողմանի, երեխայի պես: Փոքր ազգերը մեծ ազգերի մոտ մանուկներ են՝ մենակ իրենց փոքրությամբ. բայց հայ ազգի նման հին ազգը, որ անթիվ-անհամար փորձանքներ է տեսել, պետք է որ մտքի երեխայական հասակից դուրս եկած լիներ և էդ փորձությունների մեջ իմաստուն դարձած: Իմաստուն ազգը չպետք է թողներ, որ էդպես մարդիկ խաղան իր բախտի հետ և ամենածանր աղետների դուռը հասցնեն իրեն:
    Նա հուզված լռեց՝ չկամենալով նորոգել հին վերքերը...
    Թումանյանը զարմանալի հավատում էր բնության հրաշագործ ուժին և օրինակ բերում իրեն, թե որքան էլ վատ տրամադրություն է ունենում, դա իսկույն չքանում է, երբ դաշտ է գնում կամ անտառ:
    _ Բնության մեջ նունիսկ ուզում ես սիրել ամեն մի արարածի...

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X

Debug Information