Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ



    Վարպետ Բըզեզն ամռան մի օր
    Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
    Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
    Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ...



    — Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
    Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
    Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
    Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

    Պիտի սովրեք, սովրեք էնքան,


    Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
    Դե նըստեցեք հիմի հանդարտ,
    Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

    Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
    Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...


    Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
    Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

    Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
    Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
    Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.


    Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

    Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
    Էդպես աղմուկ, աղաղակ։
    Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
    Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։



    Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
    Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ...
    ― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
    Ինձ ասում է՝ սարի արջ։

    — Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։


    Տըզզան հիմար անասուն...
    Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
    Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

    Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
    Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։


    Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
    Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

    — Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
    Ողկույզը ես շատ եմ սիրում...
    — Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ...


    — Իսկ ես՝ ծիրան... — իսկ ես՝ կոտեմ...

    Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
    Քընաթաթախ՝ առտեհան։
    Չ. Չինարի, Պ. Պատատուկ
    Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։



    Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
    Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի...
    Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
    Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

    Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,


    Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
    Դե գնացեք, վաղը կգաք
    Անգիր արած ջըրի պես։—

    Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
    Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,


    Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
    Դաս էր տալիս մի ծառի տակ։



    Comment


    • Աստղերի հետ

      Էյ աստղեր, աստղե՜ր,
      Երկնքի աչքեր,
      Որ այդպես վառ-վառ
      Ժըպտում եք պայծառ․
      Ժըպտում էիք դուք,
      Երբ ես դեռ մանուկ
      Աշխույժ ու կայտառ,
      Ձեզ նման պայծառ
      Թըռվռում էի
      Ու ցավ չունեի․․․
      Ժըպտում եք այսօր,
      Երբ թույլ ու անզոր,
      Կորած հույսերիս
      Կըսկիծն եմ լալիս․․․
      Կըժպտաք նաև
      Շիրիմիս վերև․․․

      1891թ.Հ.Թումանյան

      Comment


      • Այսօր՝ 2020թ. փետրվարի 19-ին, «Հավերժի ճամփորդ», «Հանճարեղ լոռեցի», «Մեր նոր քերթության անհաս Արարատ», «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151֊ամյա հոբելյանն է՝ համայն հայության համար մի փառահեղ տոն, ինչու՞ միայն հայության, մարդկության տոն… Հովհաննես Թումանյան, Մարդ, Պոետ, ում կնունքին՝

        Իմ կնունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան,

        Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

        Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,

        Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

        Comment


        • ՎԱՅՐԷՋՔ



          Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
          Շիտակ, անվեհեր
          Գընում եմ ես վեր—
          Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։



          Քառասուն տարի ճամփովն ահարկու
          Անցել եմ էսպես
          Ու հասել եմ ես,
          Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

          Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,


          Ե՛վ փառքը, և՛ գանձ,
          Ե՛վ քեն, և՛ նախանձ—
          Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

          Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
          Տեսնում եմ նորից


          Իմ լերան ծերից—
          Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս...

          Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
          Անհոգ ծիծաղով,
          Երգով ու տաղով


          Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։



          1909 Հ. Թումանյան

          Comment


          • ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ



            Սիրում էի երբեմն քեզ...
            Այժմ ևս տակավին
            Իմ սրտումը դու ապրում ես,
            Բայց ոչ ուժով քո նախկին։



            Առաջ հնչում էիր մաքուր,
            Որպես աղոթք իմ հոգում,
            Որպես սիրո նախանձ ու հուր՝
            Տաք արյունս բորբոքում։

            Այժմ՝ որպես վաղուց մեռած


            Բարեկամի հիշատակ,
            Կամ մանկության օրով սիրած
            Մի հին երգի եղանակ...

            Եվ անունդ այժմ տալիս,
            Էլ «հոգյակ» չեմ ես ասում,


            Չեմ աշխատում քուն մտնելիս,
            Որ քեզ տեսնեմ երազում։

            Բայց զարմանքով երբեմնապես
            Մտածում եմ ակամա,
            Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,


            Ինչո՞ւ ես քեզ մոռացա...



            1892

            Comment


            • Հովհաննես Թումանյանին
              Լուսահրաշ քո հոգին բարձունքներում սավառնեց,
              Քո հանճարեղ պարզությամբ մերը եղար, եղար մեծ:

              Ազնիվ ու մեծ, վեհ սիրով սիրեց Սարոն Անուշին,
              Քեզ օջախը քո տարան կարոտները քո հուշի:

              Հայ գյուղացու տանջանքից քո մեծ հոգին հառաչեց,
              Քո շուրթերով Մարոյին անբախտ մայրը տուն կանչեց:

              Խեղճ Գիքորի արցունքը քար էր դարձել քո սրտին,
              Մեր պապերի օրհնանքը նվիրեցիր ամենքին:

              Լոռվա չքնաղ եզերքի անզուգակա՛ն բանաստեղծ,
              Հնչում է քո երգերում բառն ու բառը նախաստեղծ:

              Ժողովուրդը քեզ կոչեց ամենայն հայ բանաստեղծ,
              Քանզի օվկիան քո հոգին սեր արարեց, լույս երկնեց:


              Կարինե Արսենյան

              Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 21-03-20, 00:51.

              Comment


              • Թումանյանի հետ

                Օրորոցից մինչև մեր մահ`
                Թումանյանը մեր անմահ
                Մեր շրթին է, մեր հոգում է,
                Մեր մասին անվերջ հոգում է:

                Մեզ խրատում ու ճշտում է,
                Միշտ որոնում ու գտնում է,
                Սուտը ճշտից միշտ զատում է,
                Բարուն չարից ազատում է:

                Երդիկից լույսը կաթում է,
                Խնոցում սերը հարվում է,
                Պղնձում ճաշը եփվում է,
                Ջահրեն բարակ ճռճռում է,
                Ժամանակն անխոս հալվում է
                Ու ժամի զանգը զնգում է:

                Հսկա կաղնին հառաչում է,
                Հորթը բակում բառաչում է,
                Ոգեղեն երգը թռչում է,
                Դեբեդն անուշ քչքչում է։



                Սվետլանա Քոչինյան

                Comment




                • Նա արվեստի իր ըմբռնողությունը ձևակերպել է մի կարճ, բայց կտրուկ խոսքով, որ անգիր գիտենք. ‹‹Աչքի նման պարզ ու բարդ››:

                  Այդպես կարող է խոսել լոկ նա, ով ինքն էլ, իբրև անհատականություն, աչքի նման պարզ էր, աչքի նման բարդ: Եվ իսկապես էլ` բնությունը ամեն ինչ տվել էր նրան, որպեսզի մենք իր անվանը ածական դարձնեինք ‹‹սուրբ››-ը: Բայց նա բնավ էլ սուրբ չէ այն իմաստով, որ տարբերակվի մեզնից, մեզնից օտարվի:

                  Նա որքան մշտական է և մշտակա` առավել ևս մշտապես մեզամոտ է և , եթե կարելի է ասել, մերամեջ: Ուստի և մենք երբ էլ, նայում ենք նրան, նա նույն վայրկյանին նայում է մեզ մի ներքնահայացքով, որ կարծես կոպեր չունի, ուրեմն և երբեք էլ չի ընդհատում` մինչևիսկ ակնթարթումի տևողությամբ:

                  Ինչ՞ու:

                  Որովհետև եթե կա ‹‹մեծություն իր մեջ››, ապա լինում է նաև ‹‹ինքնին մեծություն››:

                  Եվ Թումանյանը ինքնին մեծություն է, բայց ոչ երբեք մեծություն իր մեջ: Նա իր մեծությունը երբևէ չի ցուցադրում մեր առջև և մեզ չի ճնշում դրանով: Նա միշտ ինքնակամ հավասարվում է մեզ` կարծես ինքը ճնշվելով մեր փոքրությունից: Նա ինքնահոժար հավասարվում է մեզ ‹‹մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր›› կենսափիլիսոփայությամբ, որպեսզի մենք էլ մեզ չզգանք փոքր: Այսքան բարի ու նրբանկատ կարող է լինել նա, ում պատվիրանաց պատվիրանն է եղել. ‹‹Արևի նման նայեցե՛ք աշխարհքին››:

                  Օվկանոսագետները վաղուց են նկատել, որ օվկիանոսում կան ինչ-որ ցածր, բայց հզոր հնչյուններ: Այժմ արդեն պարզվել է, որ դրանք … կետ ձկան… սրտի զարկերն են. սրտի այնպիսի՛ զարկեր, որ հնչում են վիթխարի օվկիանոսի խորություններում, և զարկեր այնպիսի՛ սրտի, որ կշռում է… չեմ հիշում, թե քանի տոննա, բայց հիշում եմ, որ մեկ վայրկյանում մղում է 4 տոննա արյուն:

                  Թումանյանի սիրտն էլ այդպիսին է:

                  Եվ այդ վիթխարի սրտի զարկերը հնչել ու հնչելու են մեր ազգային կյանքի ծովում, որտեղ նաև ‹‹լող է տալիս իր հոգին››:

                  Իր անմա՛հ հոգին…



                  Պ. Սևակ, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ

                  Comment


                  • Ահա արդեն գրեթե մեկ դար է, ինչ հայ ժողովուրդը անդավաճան նվիրվածությամբ ու զարմանալի հետևողականությամբ ընթերցում և վերընթերցում է Հովհաննես Թումանյանին։ Եվ ահա գրեթե մեկ դար Ամենայն հայոց բանաստեղծը եղել և մնում է հայ ընթերցողի` թե' մեծերի, թե' փոքրերի, ոչ միայն ամենասիրված , այլև ամենաշատ ընթերցվող գրողը. նրա երկերի բազմահատոր տպաքանակները սպառվել և այսօր էլ սպառվում են <<մի շնչով>>։
                    Վերջերս լույս տեսավ Թումանյանի անմահ ստեղծագործությունների մի ամփոփ ընտրանի, որտեղ նույն <<տանիքի տակ>>տեղ են գտել նրա գրական հարուստ ժառանգության նմուշները` հեքիաթներ, պատմվածքներ, պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ։ Ինչ խոսք, գիրքը հասցեագրված է ոչ միայն դպրոցահասակ ընթերցողին...

                    Մ.Կիրակոսյան 2020թ.

                    Comment


                    • Իմ Թումանյանը

                      Այնքան շատ ասելիք կա այս Մեծն բանաստեղծի մասին, մեր ազգի հպարտության մասին, որ չեմ կարող արտահայտել այն ինչ զգում եմ ես Թումանյան կարդալիս:

                      Թումանյան կարդալիս անկախ ինձնից դեմքիս հայտնվում է ժպիտ, նա այնքան գեղեցիկ, այնքան հիասքանչ է ամեն ինչ գրում, որ չես կարող չժպտալ, չմտածել: Թումանյանի հեքիաթները կարդալիս չես կարող չվերադառնալ քո մանկություն, չես կարող չհիշել ,թե ինչպես էր մայրիկդ քեզ պատմում <<Շունն ու կատուն>> և սովորեցնում, որ պետք չէ երբեք խաբել, չես կարող չհիշել ,թե ինչպես էիր լսում <<Բարեկենդանը>> և ծիծաղում մարդկանց միամտության վրա: Չես կարող կարդալ <<Սուտասանը>> հեքիաթը և չուրախանալ գյուղացիների ասած ստերից: Եվ այս ամենը գրել է հենց մեր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Սիրում եմ կարդալ Թումանյան` սիրում եմ,երբ նրա ամեն մի տողի մեջ ես ինձ եմ գտնում, հայտնվելով Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ խելագարված Անուշի կողքին, Լոռվա միամիտ գյուղացիների շրջապատում, և վերջապես այն Սուրբ հողում, որը ծնել է մեծն բանաստեղծ Թումանյանին: Սիրում եմ, երբ կարդալով Թումանյան, սովորում եմ ,թե ինչպես ապրել ։Ինչպես կասեր Թումանյանը՝ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք… Իմ սիրելի բանստեղծությունը չեմ կարող ասել, որն է, քանի որ այնքան լավն են բոլորը, այնքան հարազատ են դարձել ինձ, որ չեմ կարող առանձնացել որևիցէ մեկը, բայց ուզում եմ միայն բոլորին մի խորհուրդ տալ, որպեսզի բոլորը կարդան Թումանյան, սիրեն,ճ քանի որ հենց Թումանյանն է ճանաչվել ամենայն հայոց բանաստեղծ:


                      Աղավնի Սահակյան
                      Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 24-03-20, 21:33.

                      Comment


                      • Հովհաննես Թումանյան - 1869-1923

                        97 տարի առաջ` մարտի 23֊ին աշխարհը զրկվեց հանճարեղ ՄԱՐԴՈՒՑ

                        ***
                        «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
                        Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
                        Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
                        Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն...»

                        1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Որոշվում է նրան Մոսկվայով ուղարկել Բեռլին` վիրահատվելու և բուժվելու:
                        «1922 թ. դեկտեմբերի 23-ին, մեկնելու օրը հայրիկը մի վերջին անգամ իր առանձնասենյակը մտավ, նայեց գրասեղանի արկղներն ու պահարանները»,- մտաբերում է Նվարդ Թումանյանն իր «Հուշեր և զրույցներ» գրքում:

                        Խորացած ու սրված հիվանդությունը թույլ չի տալիս Թումանյանին հասնել Բեռլին: Ծանր ու անհույս երեք ամիսներ անց կացրեց բանաստեղծը Մոսկվայի Օստրոումովի անվան հիվանդանոցում:
                        «Մահի հետ էլ եմ հաշտվել... »,- ասում էր նա, բայց նրան տանջում էր այն միտքը, որ անկատար են մնալու իր մտահղացումները, անավարտ են մնալու կիսատ թողած գրվածքները:
                        «Խանգարեցին, չթողեցին մարդ նստի իրեն գործով կենա: Ի՜նչ եմ գրել մինչև հիմա - մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա...Ա՜խ, թե մի առողջանայի... Գարունքի հետ հենց, որ աչքերս բացվեն, ինչե՜ր եմ թափելու, ինչե՜ր եմ թափելու... հեքիաթների, լեգենդների հեղեղ...»:
                        Թումանյանն իր բոլոր տենչանքները տարավ իր հետ:
                        «Ղոչաղ կացեք...». սրանք եղան բանաստեղծի արտաբերած վերջին բառերը, որ ասաց իր երեխաներին:
                        1923 թվականի մարտի 23-ին, առավոտյան ժամը 9:10 րոպեին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:

                        Comment

                        Working...
                        X