PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՊՐԻԼԻ 22-ը <<ՄՈԼՈՐԱԿԻ ՕՐՆ>> Է. միանա՛նք աշխարհին



Լուսինե Ալեքսանյան
26.02.2013, 14:05
Հարգելի գործընկերներ, մոտենում է գարունը և բոլորս շունչներս պահած սպասում ենք բնության արթնալուն: Հրճվանքով, սիրով, հույսով ու նոր ակնկալիքներով: Բնությունը միակն է, որ մեր այդ սպասումներն արդարացնում է. միևնույն է ծառերը ծաղկում են, ծաղիկները բուրում են, թռչունները վերադառնում են... Այդուհանդերձ, այսօր ամենաշատը մեր հոգածության կարիքն ունի հենց բնությունը՝ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ:

Մարդկային հասարակության և բնության փոխհարաբերություններն իրենց բնույթով էապես տարբերվում են կենդանիների տեսակների և շրջակա միջավայրի փոխհարաբերություններից: Այդ տարբերությունը կայանում է նրանում, որ միայն մարդն է, որ իր գործունեությամբ կարող է խաթարել բնության հավասարակշռությունը:
Այսօր մենք կորցրել ենք այն գիտակցումը, որ բնության հնարավորություններն անսահմանափակ չեն:Մենք կտրվել ենք բնությունից. անտառներ ենք ոչնչացնում, չհասկանալով, որ դրանից տուժում է հովիտներում ջրի բաշխումը, թունավոր թափոններ ենք նետում և կարծում ենք, թե դրանք, գետնի տակն անցնելով, կանհետանան, անխնա շահագործում ենք մեր երկրի ընդերքը, կարծելով թե այն անսպառ է, բույսեր ու կենդանիներ ենք ոչնչացնում, առանց գիտակցելու, թե նման գործելակերպն ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Մարդկության ապագան մեր մոլորակի վրա, ինչպես նաև հենց իր` մոլորակի ապագան կախված է այն բանից, թե ինչպիսին կլինեն մեր վերաբերմունքն ու վարքագիծն այսօր:
Աշակերտներին օգնելով, որպեսզի աշխարհն ընկալեն որպես փոխկապակցված համակարգ, մենք կարող ենք նպաստել, որպեսզի նրանք հասկանան, որ մարդը ոչ թե վեր է բնությունից, այլ նրա մասնիկն է, որ մեզ վրա պատասխանատվություն է դրված՝ ապրել մեր մոլորակի բնահամակարգի և պաշարների սահմաններում:

Այս կարևորագույն խնդիրներից մեկին է նվիրված <<Մոլորակի օրը>>:

Խնդրում ենք միանալ աշխարհին և մեր գործողություններով <<Ո՛Չ>> ասել բնության հանդեպ ամեն մի շահագործող գործելակերպին և բնությունը պահպանող ու վերականգնող գործողություններով արտահայտել մեր սերը և հոգատարությունը մոլորակին:

Իրականում իմ նպատակը բնության հանդեպ երեխաների վերաբերմունքը փոխելն է, որովհետև Երկիրն է այն տեղը, ուր նրանք ապրում են, և ուրիշ Երկիր չի տրվելու իրենց: Նրանք են, որ մեծանալով պիտի կարողանան պայքարել Երկիրն աղտոտելու և դանդաղ ոչնչացնելու այսօրվա գործելակերպի դեմ: Եթե կարողանանք նրանց սովորեցնել ծառ տնկել, հոգ տանել կենդանիների մասին և հիանալ դաշտային ծաղիկներով, փայփայել թռչուններին, այլ ոչ՝ պարսատիկով հալածել, ուրեմն, այս պահից սկսած, մենք ընթանում ենք դեպի հաղթանակ:

Մի դպրոցի տնօրեն

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների համայնքի խորհուրդն իր ժողովներն այսպես էր սկսում.
<<Որոշում կայացնելիս եկեք մտածենք, թե մեր այսօրվա որոշումներն ինչպես են անդրադառնալու հաջորդ յոթ սերունդների վրա>>:
Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ հաշվի էին առնվում նաև բոլոր նրանց շահերը, ովքեր ապրելու էին իրենցից երկու հարյուր տարի հետո:

Փորձենք սովորել արդեն վերացած քաղաքակրթությունների թողած իմաստուն ուղերձներից.

ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ:

Լուսինե Ալեքսանյան
26.02.2013, 15:44
Հարգելի գործընկերներ, հայտնում ենք Ձեզ, որ <<Մոլորակի օրվա>> կապակցությամբ, ԿԱԻ աշխատակիցները, այդ թվում նաև ես, պատրաստում են բաց դասերի, միջոցառումների և արտադպրոցական բնապահպանական նախաձեռնությունների անցկացման օրինակներ, որոնք Ձեզ հնարավորություն կտան բովանդակալից և նպատակային գործունեություն ծավալելու դպրոցում: Այդ դասերի և միջոցառումների օրինակները կդրվեն ԿԱԻ կայքում, որի վերաբերյալ ես Ձեզ խոստանում եմ նախապես տեղեկացնել և հղումներ տալ:

1990 թվականից <<Մոլորակի օրը>> միջազգային տոն է: Այսօր արդեն ավելի քան մեկ միլիարդ մարդ է մասնակցում Երկրի օրվան նվիրված միջոցառումներին` դարձնելով այն ամենամեծ համաշխարհային տոներից մեկը:


www.youtube.com/watch?v=S7z_w83fSjM
www.youtube.com/watch?v=VPVaFvFfAyk


Հիշեցնեմ նաև, որ մարտի 23-ին ողջ աշխարհում անցկացվում է <<Մոլորակի ժամ>> ակցիան:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անց է կացվել 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում. երկու մլն մարդ անջատել են բնակարանների լույսերը։ Ակցիան նպատակ ունի նման ձևով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Այժմ այս ակցիային մասնակցում են ավելի քան մեկ մլրդ մարդ:
Փորձենք մենք էլ ՄԱՐՏԻ 23-ին Ժամը 20:30-21:30 անջատել բնակարանների լույսերն ու, եթե հնարավոր է՝ էլեկտրական սարքավորումները:

Հարգանքներով՝ Լուսինե

manush
01.03.2013, 16:04
Հարգելի բարեկամներ,
մեկնարկում է «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման ֆորումը Հայաստանում:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, հանդիսանալով «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման պաշտանական ներկայացուցիչը Հայաստանում, կազմակերպում և իրականացնում է «Կանաչ մոլորակ» ֆորումի մրցույթների ազգային փուլը:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հայտարարությունը՝ http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1434 :

Աղբյուր՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալ (http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1434)

Լուսինե Ալեքսանյան
19.03.2013, 12:21
Ուշադրություն... Հարգելի գործընկերներ, ինչպես խոստացել էի, Մոլորակի օրվա կապակցությամբ միջոցառումների, բաց դասերի, դասերի և խաղերի օրինակներ կարող եք գտնել և բեռնել ԿԱԻ կայքից՝ հանրակրթություն-դաստիարակություն- էկոլոգիական կրթություն, http://WWW.aniedu.am/school/nuture-page.html:

Լուսինե Ալեքսանյան
25.03.2013, 10:16
Հարգելի գործընկերներ, ես միացա Մոլորակի ժամ ակցիային: 1 ժամվա փոխարեն 2 ժամ՝ իմ տան լույսերը հանգցրած էին:


Իսկ դու՞ք:

Լուսինե Ալեքսանյան
22.04.2013, 12:52
Բարև Ձեզ, հարգելի ուսուցիչներ:
Հիշեցնում եմ, որ այսօր Մոլորակի օրն է: Ցավում եմ, որ մինչև հիմա ակտիվ քննարկումներ չեղան: Սակայն հույս ունեմ, որ այսօրվան նվիրված Ձեր միջոցառումների մասին կկիսվեք տպավորություններով: Սպասում եմ Ձեր արձագանքին...

manush
22.04.2013, 15:42
Երկրի օրը 2013. Earth Day 2013
Google Doodle



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=JjODqwW9h1M

սուսան1965
22.04.2013, 17:20
Մենք մեր մոլորակը ժառանգել ենք մեր պապերից` մաքուր ու անվնաս:Մենք էլ պիտի ժառանգություն թողնենք մեր սերունդներին` պայքարելով մեր իսկ վաղվա մոլորակի անվտանգության ու մաքրության համար: