PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտ. կոչումներ շնորհելու կարգ



Chuk
09.02.2012, 13:26
Հարգելի ֆորումցիներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳ

նախագիծը:

Նախագիծը կարող եք բեռնել այստեղից (http://edu.am/DownloadFile/5480arm-KGNAX3.pdf):

Հետազոտող մասնագետ
02.03.2012, 18:33
ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԲՈՀ-ի հարգարժան գործընկերներ և բուհերի դասախոսներ ու պատասխանատուներ,

ՀՀ կրթության և գիտության նախարարության ինտերնետ-կայքի “Հանրային քննարկումներ” բաժնում տեղադրված է “Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի” նոր նախագիծը:
Կարգի նախագծի երկրորդ մասի հինգերորդ հոդվածի երկրորդ կետում նշվում է, որ “դոցենտի գիտական կոչում կարող է շնորհվել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի 3 տարվա ստաժ` վերջին 3 տարում և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն առնվազն 3 հրատարակված գիտական (գիտամեթոդական) և 1 ուսումնամեթոդական աշխատանք”:

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ աշխարհի բազմաթիվ երկրների համալսարանների գիտական խորհուրդների և/կամ ԲՈՀ-երի կողմից դոցենտի կամ դրան համարժեք` ասոցիացված պրոֆեսորի (Associate Professor) կոչում կամ պաշտոն տրվում է անհամեմատ ավելի բարձր պահանջների բավարարման և ավելի մեծ գիտամանկավարժական ստաժի դեպքում:

Հայաստանի բուհերի պրակտիկան նույնպես ցույց է տալիս, որ կարիք կա բարձրացնելու դոցենտի գիտական կոչման համար ներկայացվող պահանջները, քանի որ ներկայում գործող կարգը և նաև կարգի առաջարկվող նոր նախագիծը նույնությամբ թույլ են տալիս թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, ընդամենը երեք տարվա ընթացքում ստանալ դոցենտի գիտական կոչում, հաճախ առանց դասավանդման համապատասխան փորձի և գիտական բավարար ձեռքբերումների: Նշենք, որ դոցենտներն առանցքային դեր են խաղում բուհերի դասախոսական համակազմի մեջ և նրանցով է զգալիորեն պայմանավորված դասավանդման որակը բուհերում:

Առաջարկում ենք “Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի” նոր նախագծում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը, վերաշարադրելով նախագծի երկրորդ մասի հինգերորդ հոդվածի երկրորդ կետը հետևյալ կերպ.
“Դոցենտի գիտական կոչում կարող է շնորհվել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր ունեն բուհերի հիմնական հաստիքացուցակով գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ` վերջին 5 տարում և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն առնվազն 10 հրատարակված գիտական (գիտամեթոդական), որից երկուսն այլ երկրների պարտադիր գրախոսվող գիտական ամսագրերում և 1 ուսումնամեթոդական աշխատանք (ուսումնական ձեռնարկ կամ դասագիրք կամ մենագրություն)` առանց համահեղինակների”:

Հավատացած ենք, որ կրթության և գիտության ոլորտներում որակի բարձրացման ճանապարհին վերը նշված դիտարկումները և առաջարկությունները անպայման կարժանանան ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԲՈՀ-ի և ՀՀ-ում գործող բուհերի ղեկավարության և աշխատակազմերի ուշադրությանը և նրանց կողմից այս դրույթները կառաջարկվեն ու կկիրառվեն վերը նշված կարգի նոր նախագծում, որը քննարկման փուլում է և շուտով պետք է հաստատվի:

Կանխավ շնորհակալություն:
Սպասում եմ ձեր պատասխաններին և արձագանքներին:

Հետազոտող մասնագետ
05.03.2012, 22:01
ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ-ում գործող բուհերի հարգարժան պատասխանատուներ, մասնագետներ և դասախոսներ !

2004 դեկտեմբերի 14-ին ընդունված “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի հոդված 19 կետով նշվում է, որ “Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են վարչական և գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ”:

Սակայն, նկատենք, որ ՀՀ -ում գործող շատ բուհերում` պետական և ոչ պետական, չի գործում ավագ դասախոսի պաշտոնը, որի արդյունքում դասախոսները և ասիստենտները, համաձայն գործող կարգի պահանջների, ընդամենը երեք տարվա գիտամանկավարժական ստաժ ունենալու դեպքում, միանգամից դիմում են դոցենտի գիտական կոչում ստանալու, իսկ դրանից անմիջապես հետո նաև դոցենտի պաշտոն զբաղեցնելու համար:

Հարց է առաջանում` արդյոք բավարար է երեք տարին, որպեսզի դասախոսը կուտակի դասավանդման համապատասխան փորձ և հրատարակի արժեքավոր գիտական ու մեթոդական աշխատանքներ գիտական կոչում ստանալու համար: Եվ տեսականորեն, և առավել ևս գործնականում, դա հնարավոր չէ:

Առաջարկում ենք բուհերում կիրառել “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի հոդված 19 կետով նախատեսված դրույթն ամբողջությամբ և բուհերում սահմանել ու կիրառել ավագ դասախոսի պաշտոնը: Դասախոսական այս պաշտոնը կլինի ավելի բարձր, քան դասախոսի և ասիստենտի պաշտոններն են և ավելի ցածր, քան դոցենտի պաշտոնն է: Ներկայումս այս պաշտոնը տարածված է աշխարհի շատ երկրների համալսարաններում (senior lecturer) և նաև հաջողությամբ գործել է խորհրդային կրթական համակարգում:

Պաշտոնը զբաղեցնելու պահանջները կարող են սահմանել բուհերը:
Ավագ դասախոսի պաշտոնին հավակնելու առավել տարածված պահանջ կարող է լինել բուհի հիմնական հաստիքացուցակով դասախոսի և/կամ ասիստենտի պաշտոնում առնվազն երեք տարվա գիտամանկավարժական ստաժ ունենալը և համապատասխան քանակի ու որակի հրատարակված գիտական և մեթոդական աշխատանքները:

Այսպիսով, քանի որ ավագ դասախոսների աշխատանքի փորձը, գիտելիքները, հմտությունները և կարողությունները կլինեն ավելի բարձր, քան դասախոսներինը և ասիստենտներինը, հետևաբար բուհերում կբարձրանան նաև դոցենտի գիտական կոչմանը և դոցենտի պաշտոնին հավակնելու պահանջները, որի արդյունքում, տրամաբանորեն, կբարձրանան բուհերի դասախոսական կազմի մեջ առանցքային նշանակություն ունեցող դոցենտների որակական հատկանիշները կրթական և գիտական աշխատանքներում:

Սա նաև հիմք կծառայի, որպեսզի “Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի” նոր նախագծում դոցենտի գիտական կոչում, և հետևաբար նաև բուհում դոցենտի պաշտոն ստանալու համար ներկայում գործող առնվազն երեք տարվա գիտամանկավարժական ստաժ ունենալու պահանջն ավելի բարձր սահմանվի. օրինակ` առնվազն հինգ տարվա գիտամանկավարժական ստաժի և առնվազն տասը հրատարակված գիտական աշխատանքների առկայությունը:

Հուսով եմ, որ այս դիտարկումներն ու առաջարկությունները կհետաքրքրեն կրթության ոլորտի աշխատողներին, մասնագետներին և բոլոր շահագրգիռ կողմերին:

Սպասում եմ ձեր պատասխաններին և արձագանքներին:

Գագիկ
06.03.2012, 16:22
Արագ ու հեշտ դոցենտ դառնալու հետ կապված մտահոգությունը հասկանալի է, բայց Հետազոտող մասնագետը միակողմանի է նայում հարցին:

Նախ, եթե թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, անձը 3 տարում հասցրել է տպագրել 3 գիտական (գիտամեթոդական) և 1 ուսումնամեթոդական աշխատանք, ապա դա բավականին ինտեսիվ աշխատանքի արդյունք է: Եթե նկատի ունենանք, որ հաճախ մանկավարժական գործունեությանը սկսում են ասպիրանտական տարիներից, ապա արդյունքում ստացվում է, որ այդպիսի մարդը արդեն ունի 5-6 տարվա մանկավարժական փորձ: Դոցենտի կոչումն էլ պետք չէ մի շատ մեծ բան համարել, այնպես, որ այդքանը լրիվ բավարար պիտի լինի այդ կոչումը շնորհելու համար:

Երկրորդ, պետք չէ մոռանալ, որ քիչ չեն դեպքերը, երբ գիտությունների թեկնածուի աստիճան ունեցողը մի քանի տարի շարունակում է աշխատել գիտահետազոտական լաբորատորայում կամ ինստիտուտում ու հետո է սկսում կամ զուգահեռաբար, կամ ամբողջությամբ զբաղվել դասախոսական գործունեությամբ:

Եվ երրորդ, կարծում եմ, սխալ է այն պահանջը, որ մարդը այդ ամենը պետք է անի նույն բնագավառում, ինչ բնագավառում թեկնածուական ատենախոսություն է գրել: Էնքան էլ պարզ չի նույն կամ տվյալ բնագավառ ձևակերպումը: Օրինակ, մարդը պաշտպանել է որպես տեսաբան ֆիզիկոս, հետագայում զբաղվում է փորձարարական ֆիզիկայով: Հիմա դրանք նույն բնագավառն ե՞ն, թե չէ: Ավելին, ենթադրենք պաշտպանել է դիֆերենցիալ հավասարումներից, հետագայում զբաղվում է տնտեսագիտությամբ: Էս դեպքում կասկած չունեմ, որ կասեն տվյալ բնագավառը չէ: Իմ համար գոնե անհասկանալի է այս պահանջը, ի՞նչ նշանակություն ունի, թե գիտության որ բնագավառին են վերաբերվում հետագա աշխատանքները: Այդ պահանջը դրվել է որպեսզի խրախուսեն մարդկանց, որ շարունական զբաղվել գիտությամբ, ու տարբերեն նրանցից, որ պաշտպանելուց հետո խաչ են քաշում գիտության վրա ու ասենք զբաղվում են միայն դասավանդելով կամ ասենք բիզնեսով: Այնպես, որ “տվյալ բնագավառում” բառակապակցությունը ավելնորդ է: