PDA

Դիտել ողջ տարբերակը : Ահազանգ



Artak1973
17.11.2011, 14:08
Այս քաղաքում մարդիկ այնքան մոտ են բնությանը, այնքան խաղաղ ու ստեղծագործ են ապրում: Արտասովոր հանգստություն, անդորր է այս քաղաքում, այստեղ ապրող մարդկանց մտքերում, հոգիներում:
Մարդիկ ներդաշնակ են բնության հետ: Քաղաքի և մարդկանց կյանքը հեռու է մայրաքաղաքային աշխուժությունից, ակտիվությունից, նաև՝ խնդիրներից ....
Միակ անհանգստությունը ապրում է «հանգիստ» քաղաքի «անհանգիստ» դպոցը...
Սխալվելու մասին հայտնի մոլորությունը՝ թե սխալվելու իրավունք ունեն բոլորը, բոլորս, այնուամենայնիվ, ոչ մեկին, ոչ մեկիս չի ազատում պատասխանատվությունից ամեն տեսակ, բոլոր սխալներից, սխալների հետևանքներից՝ ևս....
Արդյո՞ք պատասխանատվությունն է, թե աշխատանքային պարտականությունը, որ դասղեկը հետևողակն լինի դասերից հետո դասարանի մաքրությանը կամ ճանաչի ու հասկանա յուրաքանչյուր աշակերտի...Սրանք, իրոք, տարբեր «կարևորություններ» են...
Բայց առաջին «կարևորությունը» անմիջականորեն կապ ունի երկրորդի հետ...
Դասասենյակում ճմրթված ու աղբարկղում հայտնվելու խնդիրն ուներ այս օրագրի թերթը.../հետո միայն կպարզվի, որ ուներ ավելի կարևոր խնդիր.../
Դպրոցում երկար ու բուռն քննարկումներ են ծավալվել, որոնց վերջնական արդյունքում նորից ու նորից նույն հայտնի մոլորության ճշմարտացիությունն ենք ուզում ստուգել. թե սխալվելու իրավունք ունենք բոլորս.... Բոլոր «թեթևամիտ» դեռահասները, բոլոր «հոգսաշատ» ծնողները, բոլոր «բազմազբաղ» ուսուցիչները, բոլոր «հոգեբան» դասղեկները, բոլոր «սենտիմենտալ» աղջնակները.... Արդյո՞ք ....

Նոյեմբերի 9, չորեքշաբթի
Որոշել եմ, էլ դպրոց չեմ գնա....
Հաստատ որոշել եմ ու վերջ...
Երկար եմ մտածել, որոշումս հաստատ է: Վաղվանից դպրոց չեմ գնա:
Կքնեմ տաքուկ անկողնումս /չնայած, որ ցուրտ է իմ սրտում.../
Ուզում եմ մենակ մնալ:
Էլ չեմ ուզում ամեն օր նույն անարդար ու դաժան վերաբերմունքին արժանանալ: Էլ չեմ կարող լռել, համբերել, կամ լավատեսորեն մտածել, որ վաղն ամեն ինչ կփոխվի, կլինի բարի ու լուսավոր /մութ է, տխուր է իմ հոգում.../
Ինձ դուր չի գալիս մեր դասարանի տղաների վերաբերմունքը: Նրանց բնութագրող ամենավատ բառերն եմ մտածում, նույնիսկ չեմ կարող գրել մտածածս: Չեմ հարգում նրանց, նույնիս՝ ատում եմ, որովհետև էլ չեմ կարողանում ամեն օր լսել նրանց վիրավորանքները, նրանց արհամարհական արտահայտությունները, նույնիսկ արդեն ձեռք են բարձրացնում ինձ վրա, թեկուզ, որ ես միակը չեմ, բայց մյուսների անունից չեմ կարող խոսել: Պատկերացրեք՝ ոչ այնքան ցավից ու կոպտությունից եմ լաց լինում, այլ վիրավորանքից, որ խեղդում է կոկորդս, այլ անզորությունից, որ չեմ կարողանում նրանց արժանի պատասխան տալ, չեմ կարողանում կռվել ու պայքարել նրանց դեմ, ես ուժեղ չեմ ...
Շատ կուզենայի ուժեղ լինել ու նույն կերպ ցավեցնել նրանց /նրանց հոգին.../Բայց ես թույլ եմ, փոքրամարմին, ու ամեն օր ես կարծես պատրաստվում եմ այս նույն վիճակին, նույնիսկ զարմանում եմ, ինչպե՞ս եմ կարողանում դիմանալ... / Էլ չեմ ուզում դիմանալ, ուզում եմ, որ այս ամենը վերջանա վերջապես.../
Նեղացած եմ նաև աղջիկներից: Նրանք էլ են վատը...
Նրանք չգիտեմ ինչու չեն շփվում ինձ հետ / նրանք գեղեցիկ են, լավ հագնված...Միթե՞ դա է պատճառը.../ Ես չեմ համարձակվում դասամիջոցներին անգամ մոտենալ նրանց, խոսել, զրուցել տարբեր թեմաներից, ուրախ ու անհոգ վազվզել, թռչկոտել: Հաճախ նույնիսկ ես ատում եմ երկար դասամիջոցը, որն ինձ համար այնքան դժվար ու տանջալի է անցնում...
Նրանք ինձ չեն նկատում, նրանք նույնիսկ չգիտեն իմ ծննդյան օրը, որը միշտ անցնում է աննկատ ու տխուր: Նրանք չեն էլ նկատում իմ նոր զգեստը կամ մազերիս նոր հերակալը...
Ուսուցիչներն էլ են անարդարացի... Նրանք էլ են անտարբեր ու անուշադիր իմ նկատմամբ: Նրանք ինձ միշտ անտեսում են, նրանք սիրում են լավ սովորողներին, նրանց ժպտում են, հետաքրքրվում են նրանց խնդիրներով, իսկ ինձ....
Նրանք երեսիս են շպրտում, թե դպրոց եմ գալիս միայն ժամանակը վատնելու համար, բայց թեկուզ այդպես... Ես դպրոց եմ գալիս տանը մենակ չմնալու համար: Ատում եմ մենակությունը: Տանը շատ եմ չարչարվում դասերիս վրա, կարդում եմ մի քանի անգամ, բայց մեղավոր չեմ, որ չեմ կարողանում վարժ ու գեղեցիկ պատմել, կամ շփոթվում եմ պատասխանելիս, որի պատճառով միշտ լսում եմ անվայելուչ արտահայտություններ ընկերներիս կողմից :
Վաղուց է ինչ ուսուցիչները ինձ էլ դաս չեն հարցնում, գիտեն, որ միշտ անպատրաստ եմ, ժամանակ չեն ծախսում ինձ վրա, ես վատ սովորող եմ...
Իսկապես, ես դպրոց էի գալիս ոչ այքան սովորելու համար, այլ ընկերներ ունենալու համար ...
Բայց արդեն այդ նպատակն էլ չունեմ, ես՝ առհասարակ նպատակներ չունեմ...
Էլ չեմ գնալու դպրոց: Պետք է, որ ես հաշտվեմ մենակության հետ, ես այսպիսին եմ, չեմ կարող նմանվել մյուսներին:
Հաստատ գիտեմ, որ երբ էլ դպրոց չգնամ, ոչ մեկն էլ չի նկատի, որ իրենց կողքին չեմ /տեսնես քանի ՞ օր հետո կնկատեն, որ դասերից բացակայում եմ, քանի՞ օր անց ուսուցիչներս ու ընկերներս կհետաքրքվեն, արդյո՞ք հիվանդ չեմ կամ գուցե որևէ բան է պատահել.../
Արդյո՞ք կհասկանան, որ իրենք են մեղավորը իմ դպրոցից հեռանալու համար...
Ես շատ եմ ուզում, որ հենց վաղը մեր դասղեկը զանգի ու հետաքրքրվի, թե ինչու չեմ դպրոց գալիս...
Ես նրան ամեն ինչ կպատմեմ....

Աննա Բաղդասարյան