PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես քո զավակն եմ, Հայաստա´ն



Տաթև ջան
04.10.2011, 21:20
Մի´հարցրու, թե ինչ է արել հայրենիքդ քեզ համար,
Հարցրու´, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար
Ջ. Ֆ. Քեննեդի

Մեզնից յուրաքանչյուրը բազմիցս մտածել է այս բառերի շուրջ ու միշտ հանգել այն եզրակացությանը, որ իրենից է կախված իր հայրենիքի խաղաղությունն ու հզորությունը: Իսկ եթե մտովի ետ գնանք դեպի ոչ այնքան հեռու անցյալ և հիշենք մեր ազգային ազատագրական պայքարի ճակատագրական պահերը, այդ ժամ կհասկանանք, թե ինչպիսի թանկ գնով է ձեռք բերվել մեր երկրի ազատությունը:
… Մայիս էր: Ի՞նչ էր մտածում հայ զինվորը ճակատամարտից առաջ: Միգուցե նա հիշում էր իր ընտանիքը, ընկերներին… Այս հարցին դժվար է պատասխանել, եթե այնտեղ չես:
…Արցախն ազատագրելու պատրաստ նվիրյալների շարքերն օր օրի համալրվում էին: Հայաստանի տարբեր ծայրերից հերոսական պայքարի էին գնում թե´ մեծահասակներ, թե´ դպրոցն ավարտած տղաներ, ովքեր դեռ չէին հասցրել զգալ կյանքի քաղցրությունը: Այս ճակատամարտն ավելին էր քան ազգային ոգու ուժի փորձությունը: Սա այն դեպքերից միակն էր, երբ նժարի երկու կողմերը հավասար էին ու նույն նպատակն ունեին` հայրենիքի ազատությունն ու անկախությունը:
…Առավոտյան ժամը չորսն էր: Ի՞նչ էր մտածում զինվորը ճակատամարտի պահին: Ո´չ, նա չէր մտածում, նա կռվում էր, դիմադրում էր թշնամու կատաղի հարձակումներին: Արյունը առվի պես էր հոսում: Պատերազմը մարդկային կորուստների թանկ գին է պահանջում:
Զինվորի ավտոմատը լռեց, փամփուշտները վերջացան: Նա արագ վերցրեց իր կողքին անկենդան ընկած զինվորի զենքը: Բայց այն նունպես չկրակեց. արնաթաթախ զենքը կրակելու ուժ չուներ: Զիվորն կորցրեց գիտակցությունը…
Կրակոցները կարճ ժամանակով դադարում էին ու վերսկսվում նոր ուժով: Այդ ամենը նման էր շախմատային պարտիայի` հարձակումը հանդիպում էր մտածված պաշտպանության և կրկին կազմակերպվում էր նոր գրոհ: Այս պարտիան պետք է ավարտվեր միայն հայի հաղթանակով: Այլընտրանք չկար:
Ի՞նչ էր երազել զինվորը. «Եթե ոչ ես, ապա իմ զավակները պետք է ապրեն անկախ հայրենիքում»:
Իրականացավ զինվորի երազանքը: Ես ծնվեցի ազատ ու աստվածային այն հողի վրա, որ կոչվում է Հայաստան:
Ես խրամատում սուրբ հայրենիքի համար կյանքը զոհած հայ զինվորի երազանքն եմ, մահին հաղթած այն զինվորի, որն ինձ անկախ հայրենիք ունենալու հնարավորություն տվեց: Հավերժ է հնչելու քո անունը` զինվո´ր, ինչպես հավերժ կանգուն է մնալու քո ազատագրած հայենի հողը:
Ես այն հողի զավակն եմ, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիի սմբակների տակ, բայց ծնկի չի իջել:
Ես զավակն եմ հայ շինարարի ու գյուղացու, ով քարը քարին դրել տուն է շինել, քրտինքով ու արցունքով արտ է ոռոգել, որպեսզի ինձ բերք ու բարիք հասցնի:
Ես հնավորց գրեր ունեցող երկրի զավակն եմ, որի անգին մագաղաթներով պարծենում եմ այսօր:
Ես այն ժողովրդի զավակ եմ, որ դարերի ավերում է տեսել, որ կոտորածից մազապուրծ հասել է մեր օրեր, որ երկրաշարժի ժամանակ կորցրել է իր զավակներին, բայց ազատագրական պայքարի է կոչել ողջերին:
Ես քո զավակն եմ հեռու և մոտ ապրող, իմ հայ ժողովուրդ: Դու մաքառել ես դարերով, դու սփռվել ես աշխարհով մեկ, բայց դու մի բռունցք ես, մի զարկ ես ինձ համար: Ես հպարտ եմ, որ քո զավակն եմ:
Ես հայ եմ: Ես հին ու նոր Հայաստանի վաղվա օրն եմ: Ես նրա բարձրությունն ու քաղցրությունն եմ, նրա հզորությունն ու լուսաշող ապագան եմ:
Ես սիրում եմ քեզ, աշխարհ իմ հայոց: Ես սիրում եմ քեզ, իմ հա´յ ժողովուրդ: Այդ սերը մաքուր է ու անսահման, քանի որ չկա ավելի վսեմ զգացմունք քան հայրենասիրությունը:
Ես քո զավակն եմ, Հայաստա´ն:


Տաթև ԴԵՐԶՅԱՆ
Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան
derzyan@mail.ru

vastonsmith
14.05.2015, 17:35
Հուսով եմ այս մրցույթը կլինի շարունական և այդ ժամանակ ես ներկա կգտնվեմ այդ մրցանակաբշխությանը, որպեսզի ոչ թե համացանցով շնորհավորեմ իմ ընկերներին, այլ դեմ դիմաց կանգնած իմ շնորհավորական խոսքերն ուղղեմ իմ ընկերներին:

Արփինե Մ
25.09.2017, 00:53
Մի´հարցրու, թե ինչ է արել հայրենիքդ քեզ համար,
Հարցրու´, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար
Ջ. Ֆ. Քեննեդի
Որքան լավ է ասված...

petros59
25.09.2017, 13:44
Մի´հարցրու, թե ինչ է արել հայրենիքդ քեզ համար,
Հարցրու´, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար
Ջ. Ֆ. Քեննեդի
Որքան լավ է ասված...

Ասել է և արել: Մերոնք էլ են ասում,
շատ ավելի լավ են ասում:

Արսենյան
25.10.2017, 10:47
Հրաշալի է, երբ պատանի սերունդը իր մեջ կրում է արյան կանչը, սերունդների չխամրող հիշողությունը, բարությունն ու հայրենասիրությունը: Բարի՛ երթ: